Սեղմել Esc փակելու համար:
2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾ ...

 

 

020.0859.220110

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-ԻՆ ՔԻՇՆԵՎՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 22 հունվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի (զեկուցող), Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գ. Եգանյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 10.12.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՈՒսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Կոնվենցիան ստորագրվել է 2008 թվականի նոյեմբերի 14-ին` Քիշնևում: Կոնվենցիան բաղկացած է 5 բաժիններից, որոնցում ներառված են 32 հոդվածներ:

2. Կոնվենցիայի նպատակն է օրենսդրությամբ և միջազգային պարտավորություններով կանոնակարգվող նորմերի սահմաններում հավասար վերաբերմունք ապահովելու համար պայմաններ ստեղծել աշխատող միգրանտների, նրանց ընտանիքների անդամների և ընդունող Կողմի քաղաքացիների նկատմամբ:

Կոնվենցիան, ներառելով նպատակային տերմինների սահմանումը, նշելով գործողության տարածական սահմանները`

ա) մերժում է խտրականությունը` անկախ սեռից, ռասայից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային, էթնիկական կամ սոցիալական ծագումից, կողմերի քաղաքացիությունից, տարիքից, տնտեսական, գույքային, ընտանեկան դրությունից կամ ցանկացած այլ հատկանիշից,

բ) թվարկում է աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների հիմնական իրավունքները` ընդունող Կողմի տարածք մուտք գործելու, այնտեղ մնալու, տեղաշարժվելու և այնտեղից մեկնելու, համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունից օգտվելու, բնակարանի անձեռնմխելիության նկատմամբ անօրինական ոտնձգությունից պաշտպանվելու, կրթություն ստանալու,

գ) առանձնացնում է սահմանամերձ և սեզոնային աշխատողների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ կիրառվող դրույթները:

3. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան` ապահովել, որպեսզի աշխատող միգրանտներն օգտվեն այնպիսի իրավունքներից, որպիսիք են` անվտանգ աշխատանքային պայմանները, համարժեք աշխատանքի դիմաց հավասար վարձատրությունը, ներառյալ լրավճարումները, փոխհատուցման հիմունքով բնակարանից օգտվելու, սոցիալական ապահովության (սոցիալական ապահովագրության)` բացառությամբ կենսաթոշակային, արտադրությունում դժբախտ պատահարի կամ մասնագիտական հիվանդության արդյունքում կյանքին և առողջությանը հասցված վնասի փոխհատուցման, աշխատանքային գործունեության դիմաց ստացած վարձատրության բանկային դրամական փոխանցման իրավունքները,

- աշխատող միգրանտների ընտանիքների անդամներին (բացառությամբ սահմանամերձ և սեզոնային աշխատողների) տրամադրել հավասար իրավունքներ` ստանալու կրթություն և լրացուցիչ մասնագիտական կրթություն, և կազմել հայոց լեզվի ուսումնասիրման ծրագրեր և աջակցել այդ ծրագրերի իրականացմանը:

Կոնվենցիան գործում է ուժի մեջ մտնելու օրվանից հինգ տարվա ընթացքում, ժամկետը լրանալուց հետո այն ինքնաբերաբար երկարաձգվում է` հերթական հնգամյա ժամկետով, եթե Կողմերն այլ որոշում չեն ընդունում:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնևում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների և նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

22 հունվարի 2010 թվականի

ՍԴՈ-859

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
22.01.2010
N ՍԴՈ-859
Որոշում