ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
21 հունվարի 2010 թվականի N 2
13. ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի հատուկ համալիր փորձաքննության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու մասին» N 1199-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողովի ամփոփ եզրակացությանը` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. հունվարի 21-ի նիստի
N 2 արձանագրային որոշման
ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆԻ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՇՈԳԵԳԱԶԱՅԻՆ ՑԻԿԼՈՎ ԷՆԵՐԳԱԲԼՈԿԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի հատուկ համալիր փորձաքննության իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 15-ի «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու մասին» N 1199-Ա որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվել են իր կողմից հաստատված աշխատակազմի համաձայն:
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի 5 նիստ: 2009 թվականի նոյեմբերի 6-ին կազմակերպվել է հանձնաժողովի արտագնա նիստ, որի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են ծրագրի իրականացման տարածք և ծանոթացել աշխատանքների ընթացքին:
Հանձնաժողովի եզրակացությունը կազմվել է նախագծի առանձին բաժինների վերաբերյալ` համապատասխան լիազորված կազմակերպությունների փորձաքննության եզրակացությունների, «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի համալիր փորձաքննության վերաբերյալ եզրակացության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցություն» պետական փորձաքննության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների արդյունքների հիման վրա:
II. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության և ՄՀՃԲ-ի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ARM-P2 փոխառության համաձայնագիրը.
2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 13-ի «Երևանի ջերմաէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության տեխնիկական վերակառուցման ծրագրին հավանություն տալու մասին» N 124-Ա որոշումը.
3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ARM-P2 փոխառության համաձայնագրի շրջանակներում իրականացված խորհրդատուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները հաստատելու մասին» N 2297-Ա որոշումը.
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրված «Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագիծ» ARM-P2 փոխառության համաձայնագրի շրջանակներում իրականացված գլխավոր կապալառուի ընտրության միջազգային մրցույթի արդյունքները հաստատելու մասին» N 1388-Ա որոշումը.
5) Երևանի քաղաքապետի 2004 թվականի հունիսի 23-ի «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը նոր համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկ կառուցելու նպատակով հողամաս տրամադրելու և վարձակալության պայմանագիր կնքելու մասին» N 1147-Ա որոշումը.
6) 2006 թվականի հունիսի 23-ի N 2049-2006 հողամասի գլխավոր հատակագիծը (սխեմա).
7) անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման 2007 թվականի փետրվարի 5-ի N 2321987 վկայականը.
8) Երևանի քաղաքապետարանի կողմից 2007 թվականի մարտի 27-ին տրամադրված N 18-08/2-4502-201 ճարտարապետահատակագծային առաջադրանքը.
9) «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի և Tokyo Electric Power Services Co., Ltd.-ի միջև 2005 թվականի դեկտեմբերի 12-ին ստորագրված Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի համար խորհրդատվական ծառայությունների մատուցման N YCCPP C/S 01 պայմանագիրը.
10) «Երևան ՋԷԿ» ՓԲԸ-ի և Mitsui & Co., LTD and GS Engineering & Construction համատեղ ձեռնարկության միջև 2007 թվականի սեպտեմբերի 30-ին ստորագրված Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի (էներգաբլոկ) նախագծի գլխավոր կապալի N YCCPP ARM-P2 TK/C06001 CA պայմանագիրը.
11) «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ի կողմից կատարված տարածքի ինժեներաերկրաբանական հետազոտության և տոպոգեոդեզիական աշխատանքների արդյունքները.
12) Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության կողմից ծրագրի տեխնիկատնտեսական ցուցանիշների և նախագծի արդյունավետության վերաբերյալ 2007 թվականի նոյեմբերի 5-ին N 01-22/6-1310 գրությամբ տրված դրական գնահատականը:
III. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ ԵՎ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
1) էլեկտրակայանի դրվածքային ընդհանուր հզորությունը` 271.7 ՄՎտ.
2) էլեկտրակայանի դրվածքային էլեկտրական հզորությունը` 242 ՄՎտ.
3) էլեկտրակայանի ջերմային հզորությունը` 434.9 ԳՋ/Ժ.
Էլեկտրակայանի երաշխավորված տեխնիկական ցուցանիշները` Երևան քաղաքի համար, ծովի մակերևույթից 930 մետր բարձրության, արտաքին օդի 12 oC, 912 մբար բարոմետրային ճնշման և 56% օդի հարաբերական խոնավության պայմաններում`
1) էլեկտրակայանի էլեկտրական հզորությունը` 189.01 ՄՎտ` 100% ջերմային էներգիայի առաքման պայմաններում (ջերմային էներգիայի առաքումը` 434.9 ԳՋ/Ժ).
2) օգտակար գործողության գործակիցը 100% ջերմաֆիկացիոն ռեժիմում` 69.5%.
3) օգտակար գործողության գործակիցը 100% կոնդենսացիոն ռեժիմում` 49.1%:
Էլեկտրակայանի հիմնական սարքավորումներն են`
1) գազատուրբինը և օժանդակ սարքավորումները` «Alstom» ընկերության արտադրության, GT-13E2 MXL/MCL տիպի, 179.9 ՄՎտ դրվածքային հզորությամբ.
2) շոգետուրբինը և օժանդակ սարքավորումները` «Fuji» ընկերության արտադրության, 63.3 ՄՎտ էլեկտրական դրվածքային հզորությամբ և 434.9 ԳՋ/Ժ ջերմային էներգիայի առաքմամբ.
3) ջերմության վերականգնիչ կաթսան` «SEC» ընկերության արտադրության:
Նոր էլեկտրակայանի էլեկտրական համակարգը բաղկացած է շոգետուրբինի և գազատուրբինի բլոկային բարձրացնող տրանսֆորմատորներից` իրենց ավտոմատ և պաշտպանիչ համակարգերով:
Արտադրված էլեկտրաէներգիան երկու բարձրացնող տրանսֆորմատորներից 110 կՎ լարմամբ տրվում է գոյություն ունեցող 110 կՎ լարման ենթակայան:
Արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասը սեփական կարիքների տրանսֆորմատորների միջոցով փոխանցվում է 6.3 կՎ սեփական կարիքների սեկցիաներին` էներգաբլոկի օժանդակ մեխանիզմների սնուցման համար:
Նոր էներգաբլոկն ունի նաև 0.4 կՎ լարման երկու սեկցիա` համապատասխան մեխանիզմների էլեկտրասնուցման համար: Նոր էներգաբլոկի կարևորագույն հանգույցների վթարային սնուցման համար տեղադրված է դիզել գեներատոր, իսկ կառավարման, ավտոմատիկայի պաշտպանության համակարգերի սնուցման համար նախատեսված են DC և UPS հաստատուն հոսանքի աղբյուրներ:
Էներգաբլոկի համար վառելիքը բնական գազն է: Բնական գազը 350 մմ տրամաչափի մեկ խողովակագծով 0.8-1.2 ՄՊա ճնշման տակ տրվում է էներգաբլոկի գազի կոմպրեսորային կայանին:
Կենտրոնական կառավարման սենյակը (ԿԿՍ) տեղակայված է էներգաբլոկի կառավարման շենքի 2-րդ հարկում: Այն բաշխված կառավարման համակարգ է, որն ինտերֆեյսերով կապված կլինի գազատուրբինի, շոգետուրբինի, ջերմության վերականգնիչ կաթսայի և ընդհանուր կայանային սարքավորումների կենտրոնացված կառավարման համակարգերի հետ: Նոր էներգաբլոկի տարածքի և տուրբինների շենքի հսկման համար նախատեսված է հեռուստավերահսկման համակարգ: Էներգաբլոկի գործարկումը կկատարվի ԿԿՍ-ից` գլխավոր օպերատորի ընտրությամբ, ըստ անհրաժեշտության` ձեռքով կամ լիովին ավտոմատ:
Նոր համակցված շոգեգազային ցիկլով աշխատող էներգաբլոկ կառուցելու նպատակով հատկացված 18.0 հեկտար մակերեսով հողատարածքը գտնվում է Երևանի հարավ-արևելյան արդյունաբերական հանգույցի` Արցախի փողոցին հարող ութերորդ գոտում, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ի տարածքին կից:
Տարածքի երկրաբանալիթոլոգիական կտրվածքը ներկայացված է հետևյալ գրունտներով`
1) կավ, ավազակավ.
2) ավազ.
3) կոպճաճալաքարային գրունտ.
4) գիպսաաղակալված կավ:
Գրունտային ջրերն ի հայտ են եկել 1.5-5.3 մետր խորության վրա, աղակալված են և ցուցաբերում են սուլֆատային ագրեսիվություն պորտլանդ ցեմենտից բետոնի նկատմամբ: Բոլոր հիմքերն իրականացված են սուլֆատակայուն բետոնով միաձույլ սալի տեսքով, որոնց տակ նախատեսված են լրացուցիչ խճային շերտ և տոփանված գրունտ:
Շինարարության շրջանը գտնվում է 3-րդ սեյսմիկ գոտում:
Տարածքում նախատեսվում է կառուցել հետևյալ շենքերը և կառույցները`
1) տուրբինի և գեներատորի մասնաշենք (բաղկացած է 2 մասից` տուրբինի և գեներատորի մաս ու կենտրոնական կարգավորման մաս, որոնք անջատված են հակասեյսմիկ կարանով).
2) ջրերի և կեղտաջրերի մաքրման մասնաշենք.
3) կաթսային սնուցման ջրի պոմպակայան.
4) համակցված վերանորոգման արտադրամաս և պահեստ.
5) տրանսֆորմատորների հանգույց.
6) գազի կոմպրեսորային կայան.
7) չմշակված ջրի բաք.
8) շոգեկաթսայի պոմպերով մասնաշենք.
9) աղազերծված ջրի բաք.
10) պոմպակայան.
11) հովացման աշտարակ.
12) պահակատուն.
13) հիմնական պարիսպ:
Տարածքում նախատեսված ստորգետնյա խրամուղիների և վերգետնյա խողովակաշարերի համակարգերի միջոցով ապահովվում են շենքերի ու շինությունների միջև անհրաժեշտ ինժեներական և տեխնոլոգիական կապերը:
Շենքերի և շինությունների կոնստրուկտիվ կրող համակարգն ընդունված է մետաղական հիմնակմախքով, արտաքին պատերը «սանդվիչ» տիպի ջերմամեկուսացված պանելներ են, իսկ հովացման աշտարակի լուծումը նախատեսված է պլաստիկ կրող տարրերից:
Նախագծով շինարարության համար օգտագործվող տարածքի ցուցանիշներն են`
1) օգտագործվող տարածքի մակերեսը` 35655 քառ. մ
2) կառուցապատման մակերեսը` 8740 քառ. մ
3) ինժեներական և տեխնոլոգիական ցանցերի խրամուղիները` 460 քառ. մ
4) վերգետնյա ինժեներական և տեխնոլոգիական ցանցերը` 280 քառ. մ
5) անջրանցիկ ծածկույթը (ասֆալտապատ ճանապարհներ, ավազ)` 16990 քառ. մ
6) կանաչապատման մակերեսը` 9185 քառ. մ
7) կառուցապատման տոկոսը` 26.6%
8) կանաչապատման տոկոսը` 25.8%
9) անջրանցիկ ծածկույթի տոկոսը` 47.6%
Նախագծով նախատեսված են ինժեներական ապահովման հետևյալ հիմնական լուծումները`
1) արտաքին գազատար.
2) շոգետարներ` 2.5 ՄՊա, 1.3 ՄՊա, 0.18 ՄՊա ճնշմամբ.
3) ազոտատար.
4) տեխնիկական, խմելու-տնտեսական սառն ու տաք և շրջադարձ ջրամատակարարում.
5) կենցաղային, հեղեղատար կոյուղի և մաքրված ջրերի հեռացման համակարգ.
6) ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգեր.
7) հեռուստավերահսկման համակարգ.
8) հրդեհաշիջման ավտոմատ համակարգեր:
Նախագծային մշակումները կատարված են` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի դրույթները և պահանջները: Ընդ որում, ապահովված են Հայաստանի Հանրապետությունում սեյսմակայուն շինարարությանը ներկայացվող պահանջները, բետոնե, երկաթբետոնե և մետաղական կոնստրուկցիաների նախագծային նորմերը:
Համեմատելով գոյություն ունեցող Երևանի ՋԷԿ-ի և նոր` համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի ազդեցությունները շրջակա միջավայրի վրա` կարելի է եզրակացնել որ`
1) բնական գազի ծախսը նոր էներգաբլոկում նվազում է 1.8 անգամ: Տարեկան կտրվածքով տնտեսվում է 290228 հազ. խոր. մ գազ.
2) նոր էներգաբլոկի ՕԳԳ-ն գերազանցում է գործողներինը` 1.2-2.4 անգամ.
3) նոր էներգաբլոկի շահագործման արդյունքում երկու անգամ (տարեկան 618686 տոննայով) կրճատվում է մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը, այդ թվում`
ա. ազոտի օքսիդներ (NOx)` մոտավորապես 9 անգամ պակաս,
բ. ածխաթթու գազ (CO2)` մոտավորապես 2 անգամ պակաս,
գ. ածխածնի օքսիդ (CO)` մոտավորապես 39 անգամ պակաս.
4) նոր էներգաբլոկի շահագործման արդյունքում տնտեսվում է 718.72 խոր. մ/ժ ջուր, այդ թվում` 89.62 խոր մ/ժ` խմելու որակի: Ջրօգտագործումը նվազում է 3.6 անգամ.
5) զգալիորեն կրճատվում են ջրի կորուստները` 2.6%-ից դառնալով 1.97%.
6) նախագծով նախատեսվում է ջրերի և կեղտաջրերի մաքրման համակարգ, ինչպես նաև` շրջանառու ջրի համակարգ:
Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի շահագործման ընթացքում աշխատատեղերում աղմուկի, թրթռման, էլեկտրամագնիսական դաշտի, էլեկտրաստատիկ դաշտի և միկրոկլիմայի նախագծային հաշվարկների տվյալները համապատասխանում են Հայաստանի Հանրապետությունում գործող սանիտարահիգիենիկ նորմերին:
Էլեկտրակայանի բոլոր հանգույցները հագեցված են հրդեհաշիջման ավտոմատ համակարգերով (արտադրող գործարանների ստանդարտներով), ընդ որում, աշխատատեղերի հրդեհաշիջման համակարգը ջրով է, կենտրոնական կառավարման սենյակի համար` FM-200 տիպի մաքուր նյութով, իսկ սարքավորումների տեղադրման տարածքներում (գազատուրբինը և այլն), որտեղ չկան մշտական աշխատատեղեր` CO2 գազով:
Ստորև ներկայացվում են նախագծի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները.
._____________________________________________________________________.
|Ելքային էլեկտրական հզորությունը 100% ջերմաֆիկացիոն | | |
|ռեժիմում` | ՄՎտ | 189.01 |
|Ելքային էլեկտրական հզորությունը 100% կոնդենսացիոն | | |
|ռեժիմում` | ՄՎտ | 223.0 |
|Ջերմային էներգիայի առաքում` | | |
|- ամառ | ԳՋ/Ժ | 379.1 |
|- ձմեռ | ԳՋ/Ժ | 434.9 |
|Կայանի ՕԳԳ` | | |
|- լրիվ ջերմաֆիկացիոն ռեժիմ | % | 69.5 |
|- լրիվ կոնդենսացիոն ռեժիմ | % | 49.1 |
|___________________________________________________|________|________|
|Կայանի շահագործման ժամերը | ժ/տարի | 7600 |
|___________________________________________________|________|________|
|Վառելիք գազի ծախսը երաշխավորված տեխնիկական | | |
|ցուցանիշների պայմաններում և ջերմաֆիկացիոն ռեժիմում| կգ/վ | 9.76 |
|Վառելիք գազի տարեկան ծախսը | տ/տարի | 267034 |
|___________________________________________________|________|________|
|Շինարարության ժամկետը | ամիս | 28 |
|___________________________________________________|________|________|
|Շահագործման ժամկետը | տարի | 30 |
._____________________________________________________________________.
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հանձնաժողովը, քննության առնելով Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագիծը և հիմք ընդունելով դրա վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության պետական հրդեհային տեսչության, ծրագրի խորհրդատու Tokyo Electric Power Services Co., Ltd.-ի կողմից տրված դրական եզրակացությունները և համաձայնությունները, երաշխավորում է, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկի նախագծային փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պարտադիր պահանջներին: