Սեղմել Esc փակելու համար:
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

12 նոյեմբերի 2009 թվականի N 47

 

6. ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգին` համաձայն հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2009 թվականի նոյեմբերի 12-ի

նիստի N 47 արձանագրային

որոշման

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ

 

I. Ներածություն

 

Հայաստանի Հանրապետությունում ծավալված տնտեսական բարեփոխումները և միջազգային բնապահպանական համագործակցության շրջանակների ընդլայնումը նպաստեցին նոր էկոլոգիական քաղաքականության ձևավորմանը, որը ներկա և ապագա սերունդների համար կստեղծի կայուն երաշխիքներ էկոլոգիապես անվտանգ շրջակա միջավայրում առողջ և բարեկեցիկ կյանքով ապրելու համար: Նման նպատակի իրագործումը բարդ և կարևոր խնդիր է և անհնար է առանց բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման զարգացման:

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության ակտիվ ներգրավումը մի շարք միջազգային բնապահպանական, կրթական և տեղեկատվական կոնվենցիաներին, ինչպես նաև ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության գործընթացներին որոշակի պարտավորություններ է դրել մեր երկրի վրա` պահանջելով ուշադրության կենտրոնում պահել բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման զարգացման գործընթացը:

Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական միասնական ազգային համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և հրատապությունը պայմանավորված է նաև երկրում ստեղծված անբարենպաստ էկոլոգիական իրավիճակով, որի պայմաններում դիտվում է զգալի տարբերություն տնտեսական աճի և շրջակա միջավայրի որակի, հասարակական էկոլոգիական գիտակցության ու բնապահպանական վարվելաձևի միջև:

Սույն հայեցակարգի շրջանակներում բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական միասնական ազգային համակարգը դիտվում է որպես անընդհատ գործընթաց, որն ընդգրկում է հասարակության լայն խավերը:

Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ազգային համակարգի տակ պետք է հասկանալ կրթական տարբեր մակարդակներում իրականացվող գործողությունների ամբողջություն, որը հասարակության էկոլոգիական գիտակցության, գիտելիքների և պատասխանատվության բարձրացման միջոցով բնակչության համար ստեղծում է էկոլոգիապես անվտանգ և առողջ շրջակա միջավայր: Նշված ազգային համակարգի հաջողության երաշխիքն է` բնապահպանական կրթության և դաստիարակության խնդիրներով զբաղված բոլոր գերատեսչությունների ու հասարակության լայն շրջանակների միասնական համակարգված աշխատանքը:

 

II. Հայեցակարգի նպատակն ու խնդիրները

 

Սույն հայեցակարգի նպատակն է` ստեղծել նախադրյալներ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության և դաստիարակության որակի բարելավման, հասարակության էկոլոգիական գիտակցության և մտածելակերպի կայացման և էկոլոգիական խնդիրների մասին իրազեկության մակարդակի բարձրացման համար:

Հայեցակարգի խնդիրներն են`

1. ՄԱԿ-ի ԵՏՀ-ի «Կրթությունը հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքներին համահունչ` ՀՀ ազգային կրթական համակարգում բնապահպանական կրթության և դաստիարակության դերի և նշանակության ուժեղացում.

2. Բնապահպանական կրթության և դաստիարակության իրավական ու կազմակերպչական հիմքերի կատարելագործում և միջազգային կրթական ստանդարտներին ու պահանջներին համապատասխանեցում.

3. Էկոլոգիական կրթության և դաստիարակության բոլոր մակարդակներում Հայաստանի բնապահպանական հիմնախնդիրների պարտադիր արտացոլում ու համապատասխան հայալեզու կրթական նյութերի մշակում և կիրառում:

3. Ոլորտի գիտական և մեթոդական ապահովվածության բարելավում` ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության ծրագրերի, ուսումնական ձեռնարկների մեջ կայուն զարգացման գաղափարախոսության սկզբունքների ինտեգրմամբ:

4. Պարտադիր կառույցների, հասարակական կազմակերպությունների և ազգաբնակչության լայն շրջանակներում բնության հանդեպ հոգատար վերաբերմունքի և դրա մշտական պահպանության անհրաժեշտության վերաբերյալ գիտակցության ձևավորում, բնապահպանական իրազեկության ուժեղացում:

 

III. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ներկա

վիճակի վերլուծությունը

 

Բնապահպանական կրթությունը ՀՀ ազգային կրթական համակարգի բաղադրիչն է, որի կառուցվածքը համաձայն «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքի /այնուհետ, Օրենք/ ընդգրկում է հետևյալ մակարդակները` նախադպրոցական, միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական, հետբուհական, հասարակության լայն խավերի էկոլոգիական կրթություն և դաստիարակություն:

2001 թ-ին նշված Օրենքի ընդունումը, խթանելով բնապահպանական կրթության գաղափարախոսության ձևավորումը և արմատավորումը, ստեղծեց իրավական հիմքեր մեր երկրում այդ գործընթացի համակարգված իրականացման համար: Օրենքը կարգավորում է էկոլոգիական անընդմեջ կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները, իրավական, կազմակերպական և ֆինանսատնտեսական հիմքերը: Սակայն նրա գործնական արդյունավետությունը մնում է ցածր, որի պատճառները, հաշվի առնելով բնապահպանական ոլորտի առանձնահատկությունները ամբողջ կրթական համակարգի կատարելագործման համատեքստում, խորը ուսումնասիրության և վերլուծման կարիք ունեն: Բնապահպանական կրթությունը պետք է ունենա ոչ միայն կրթական, դաստիարակչական և իրազեկման նշանակություն, այլ նաև, որը ներկայումս չափազանց կարևոր է, պետք է ապահովի մասնագիտական կադրերի պատրաստման համապատասխան մակարդակ:

Դատելով այս տեսանկյունից և հաշվի առնելով երկրում ստեղծված նոր սոցիալ-տնտեսական հարաբերությունները, կրթական ընդհանուր համակարգում մշտապես կատարվող փոփոխությունները, ինչպես նաև նոր էկոլոգիական հիմնախնդիրների առաջացման միտումները, հրատապ է դարձել Օրենքի լրամշակման և արդիականացման խնդիրը: Միանշանակ անհրաժեշտ է նաև սահմանել կոնկրետ մեխանիզմներ /նորմատիվներ/ բնապահպանական կրթության և դաստիարակության սկզբունքները կրթական համակարգի տարբեր մակարդակներում արմատավորելու համար:

Բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգի կառավարումը իրականացվում է ՀՀ կառավարության լիազորված պետական մարմինների կողմից` ի դեմս ՀՀ բնապահպանության և ՀՀ կրթության և գիտության նախարարությունների: Նշված պետական մարմինների հիմնական խնդիրը այդ ոլորտում միասնական կրթական քաղաքականության մշակումն է, դրա կենսագործման գիտակրթական և մեթոդական հիմքերի ստեղծումը, տեղեկատվական, կադրային և ֆինանսական ապահովումը, կրթական բոլոր մակարդակներում բնապահպանական կրթության և դաստիարակության կազմակերպումը և օրենսդրաիրավական դաշտի կարգավորումը:

Անկախ դրական միտումներից` ոլորտում դեռևս առկա է օրենքների սկզբունքների ներդաշնակ կիրառման պակաս, որը պայմանավորված է բնապահպանական կրթության համակարգի պետական լիազոր մարմինների ոչ արդյունավետ փոխհամագործակցությամբ: Դրանից բացի բնապահպանական կրթության և դաստիարակության կառավարման համակարգում առկա բացթողումները էապես պայմանավորված են նաև ՀՀ բնապահպանության նախարարության կառուցվածքում գիտակրթական ռազմավարության հիմնախնդիրներով զբաղվող ինքնուրույն ստորաբաժանման բացակայությամբ:

Կառավարման կարևոր օղակ են հանդիսանում նաև ՀՀ մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմինները /համայնքները/, որոնք տեղական մակարդակում են իրականացնում բնապահպանական կրթության և դաստիարակության հետ կապված գործառույթները:

Հատուկ իրավասություններով է օժտված նաև ՀՀ վարչապետի 1998 թ. օգոստոսի 3-ի «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշմամբ ստեղծված էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողովը, որի կարևոր գործառույթը էկոլոգիական կրթության համակարգի սուբյեկտների փոխհամագործակցության ապահովումը և համապատասխան գիտականորեն հիմնավորված առաջարկությունների ներկայացումն է ՀՀ կառավարությանը: Սակայն տվյալ հանձնաժողովը, որպես ոլորտը համակարգող մարմին, չի գործում իր ամբողջ ներուժով, հետևաբար հրատապ է հանձնաժողովի գործունեության ակտիվացումը` ի օգուտ բնապահպանական կրթության դերի և նշանակության բարձրացմանը ընդհանուր կրթական համակարգում:

1. Նախադպրոցական բնապահպանական կրթություն և դաստիարակություն: Նախադպրոցական բնապահպանական կրթության և դաստիարակության համակարգը գտնվում է բարեփոխումների փուլում, ուղղված կրթության և դաստիարակության որակական ցուցանիշների բարելավմանը: Այս գործում առավել նշանակալից են ՀՀ կրթության և գիտության նախարարության նախաձեռնությունները: 2005 թ. ընդունվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ ինչպես նաև «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքում կարևորվում են նախադպրոցական էկոլոգիական կրթությունն ու դաստիարակությունը և դրանց ներդաշնակեցումը կրթական այլ մակարդակների հետ:

Նախադպրոցական կրթության համակարգում 2000 թ-ից իրականացվում են մի շարք ազգային և միջազգային ծրագրեր, որոնք նպատակաուղղված են հայրենի բնության և նրա բնամշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը:

Վերը նշված դրական տեղաշարժերով հանդերձ, այնուամենայնիվ, բավական անելիքներ կան Նախադպրոցական բնապահպանական կրթության ոլորտի կատարելագործման առումով: Չեն մշակվել «Նախադպրոցական կրթության մասին», «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքներից բխող ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է սահմանեն նախադպրոցական մակարդակում բնապահպանական կրթության և դաստիարակության ներդրման մեխանիզմները, ինչը կլուծի ոլորտի առաջնահերթ խնդիրները:

Մեթոդական ձեռնարկների տպաքանակը քիչ է, և դրանք չեն կարող բավարարել մանկապարտեզների պահանջարկը: Նորացման կարիք ունեն կրթադաստիարակչական ծրագրերը, մեթոդաբանությունը:

Բավարար չափով ուշադրություն չի դարձվում ընտանեկան և նախադպրոցական հաստատություններում էկոլոգիական դաստիարակության ներդաշնակության վրա, ինչը բնապահպանական մտածելակերպի և կուլտուրայի ձևավորման կարևոր երաշխիքներից մեկն է:

2. Միջնակարգ բնապահպանական կրթություն: Միջնակարգ բնապահպանական կրթությունը կարգավորվում և իրականացվում է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներով, կառավարության որոշումներով և այլ նորմատիվային ակտերով: «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» ՀՀ օրենքով նախատեսված է ստեղծել էկոլոգիական կրթության և դաստիարակության ազգային միասնական համակարգ, ապահովելով ներդաշնակ գործունեություն ընտանեկան, նախադպրոցական և դպրոցական կրթության և դաստիարակության աստիճաններում` անցում կատարելով միջին մասնագիտական և բարձրագույն մասնագիտական կրթական մակարդակներին:

Միջնակարգ կրթության համակարգը 2004 թվականից բարեփոխումների փուլում է: Բարեփոխման փաթեթը իր մեջ ներառում է նոր գլոբալ բնապահպանական հարցերի ներմուծում միջնակարգ կրթության եռաստիճան համակարգ` Հանրակրթության պետական կրթակարգի, Միջնակարգ կրթության պետական չափորոշիչի, առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերի մակարդակով: Առարկայական չափորոշիչներում և ծրագրերում ընդգրկվել են ՄԱԿ-ի ԵՏՀ «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության 2.1 Ցուցիչին համապատասխան հետևյալ առանցքային ուղղությունները և բնապահպանական թեմաները. կենսաբանական և լանդշաֆտային բազմազանություն, շրջակա միջավայրի պահպանություն, էկոլոգիական համակարգեր, բնական ռեսուրսների կառավարում, կլիմայի փոփոխություն:

2004 թվականից իրականացվող կրթական բարեփոխումների գործընթացի /12-ամյա կրթական համակարգի ներդրումը/ տեմպերը սակայն գերազանցում են այս համակարգի նորմատիվաիրավական, գիտամեթոդական և ծրագրային ապահովումը:

Եթե տարրական և միջին դպրոցներում բնապահպանական կրթությունը իրականացվում է բնագիտական առարկաներին ինտեգրման սկզբունքի հիման վրա, ապա ավագ դպրոցում, որը դեռևս ձևավորման փուլում է բնապահպանական կրթության մեթոդաբանությունը և համապատասխան ուսուցման ծրագրերի և ձեռնարկների մշակումը և ներդրումը մնում է կրթական գործողությունների օրակարգում: Միջնակարգ դպրոցում տրվող տեսական գիտելիքներից բացի անհրաժեշտ է կազմակերպել գործնական դասընթացներ` բնության բաղադրիչները ճանաչելու, բնության մեջ վարվելակերպի կանոններին ծանոթանալու, ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում կիրառելու համար:

Արդիական է նաև ուսուցիչների վերապատրաստման իրականացումը, ինչպես էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, այնպես էլ կայուն զարգացման խնդիրների հետ կապված:

3. Նախնական և միջին մասնագիտական բնապահպանական կրթություն: Հանրապետությունում գործում են պետական և ոչ պետական միջին մասնագիտական /քոլեջ/ և նախնական մասնագիտական /արհեստագործական ուսումնարան/ ուսումնական հաստատություններ:

Անցումային տարիներին Հայաստանում նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունները, իրենց կրթական ծրագրերը իրականացնելիս, հաշվի չէին առել տեղական աշխատաշուկայի պահանջները և էկոլոգիական խնդիրները: Առկա էին կադրային հիմնախնդիրներ, ինչպես նաև ուսումնական ծրագրերի, պլանների և մեթոդաբանական գրականության պակաս` «Էկոլոգիա» առարկան դասավանդելու համար:

Ներկայումս իրականացվում են ոլորտին ուղղված բարեփոխումներ, մասնավորապես ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը» և «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում է նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության սկզբունքները և խնդիրները: Մասնագետների պատրաստման առաջնային և կարևոր բնագավառների շարքում ընդգրկված է նաև բնապահպանության բնագավառը: Բոլոր պետական միջին մասնագիտական հաստատություններում դասավանդվում է «Էկոլոգիայի հիմունքներ» առարկան:

Ներկայումս ուսանողի ստացած գիտելիքների որակը բարելավելու համար արդիականացման կարիք ունեն ուսումնական ծրագրերը և մեթոդաբանությունը: Կարևոր խնդիր է նաև հայալեզու ուսումնական ձեռնարկների ստեղծումը: Անհրաժեշտ է, նաև, որ միջին մասնագիտական կրթության համակարգը ճիշտ արձագանքի տնտեսության արագ զարգացող որոշ ճյուղերի պահանջներին և էկոլոգիական խնդիրներին:

4. Բարձրագույն մասնագիտական բնապահպանական կրթություն: Ներկայումս բնապահպանական կրթությունը իրականացվում է Հայաստանում գործող բոլոր պետական և մասնավոր ԲՈՒՀ-երում: Կրթական գործընթացը ծավալված է բուհական կրթական համակարգում գործող սկզբունքների և չափորոշիչների համապատասխան, հիմնված է ժամանակակից էկոլոգիական առարկայական ընտրության, ծրագրային, մեթոդաբանական և կադրային ապահովման վրա: Նման իրավիճակը բնութագրական է մեծամասնությամբ պետական ԲՈՒՀերին, որտեղ վերջին տարիներին դիտվում է բնապահպանական կրթության ուսումնական պլանների առարկայական նորացում, մասնագիտացման գործընթացի միջազգային պահանջներին համապատասխանեցում, ոլորտին առնչվող նոր ամբիոնների ստեղծում և ուսանողության բնապահպանական գիտահետազոտական գործունեության խրախուսում:

Բնապահպանական կրթության զարգացմանն առավել նպաստում է Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Հայաստանի պետական ագրարային համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, ինչպես նաև Սյունիքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Շիրակի և այլ մարզերի բարձրագույն ուսումնական հաստատությունների գործունեությունը: ՈՒսուցման պրակտիկայում հաստատվել և հաջողությամբ իրագործվում են ժամանակակից և միջազգային կրթական համակարգերում լայն ճանաչում ստացած էկոլոգիայի, բնօգտագործման տնտեսագիտության, էկոլոգիական իրավունքի, էկոլոգիական ռիսկի և անվտանգության, բնապահպանական ճարտարագիտության, բժշկական էկոլոգիայի, էկոլոգիական փորձաքննության, ագրոէկոլոգիայի, կայուն զարգացման և այլ էկոլոգաբնապահպանական մասնագիտական դասընթացներ: Մեծ հեռանկարներ ունի Երևանի պետական համալսարանում գործող էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը, որն իր գործունեության բովանդակությամբ և ուղղվածությամբ հանրապետության կրթական համակարգում միակ կառույցն է, որը հաջողությամբ իրականացնում է շրջակա միջավայրի պահպանության իրավական հիմքերի ուսուցումը, էկոլոգիական իրազեկումը:

Դրական գնահատելով ՀՀ բարձրագույն բնապահպանական կրթության զարգացման միտումները` այնուամենայնիվ կարելի է փաստել, որ համակարգում դեռևս առկա են հրատապ լուծում պահանջող խնդիրներ: Միջազգային, տարածաշրջանային և ազգային բնապահպանական հիմնախնդիրների սրացումը և միաժամանակ դրանց լուծմանը նպատակաուղղված միջազգային ջանքերը պահանջում են բարձր մասնագիտական կարողություններ այդ գործընթացներում արդյունավետ մասնակցելու համար: Հետևաբար, որպես բնապահպանական կրթության կարևորագույն ուղղություն պետք է համարել ժամանակակից պահանջներին բավարարող կադրերի պատրաստումը:

Վերանայման, նորացման և արդիականացման կարիք ունեն ուսումնական ծրագրերը և մեթոդաբանությունը, որպեսզի ուսանողի համար ապահովվի որակյալ էկոկրթական մակարդակ, իսկ դասավանդման մեթոդիկան կառուցված լինի «ուսանող-դասախոս» ակտիվ երկխոսության, գիտական բանավեճերի, գործնական խաղերի, հիմնահարցերի լուծման լավագույն տարբերակի ընտրության, անհատական ստեղծագործական ունակությունների բացահայտման վրա:

Խոր մասնագիտական փորձաքննության անցկացման կարիք ունեն վերջին 5-7 տարվա հրատարակված հայալեզու ուսումնական ձեռնարկները, որոնց որակը, բովանդակությունը և կիրառման հասցեագրումը շատ դեպքերում չեն համապատասխանում ժամանակակից պահանջներին: Սակավաթիվ են բնապահպանական տեղեկատվության մատչելի աղբյուրները:

5. Հետբուհական բնապահպանական կրթություն: Կրթության այս մակարդակում իրականացվող գործունեությունը, ըստ էության, կադրերի որակավորման բարձրացմանը և վերապատրաստմանը կողմնորոշված գործընթաց է: Հիմնական նպատակը` մասնագիտական կրթություն ստացած օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչների, տնտեսվարող սուբյեկտների, ձեռներեցների, ուսուցիչների և այլ մասնագետների բնապահպանական գիտելիքների ձեռք բերումն է կամ խորացումը, որոնք անհրաժեշտ են շրջակա միջավայրի պահպանության, ռացիոնալ բնօգտագործման, էկոլոգիական անվտանգության ապահովման արհեստավարժ գործունեության իրականացման համար: Հետբուհական կրթության գործընթացին մասնակցությունը հեռանկարային է հատկապես տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների համար` հաշվի առնելով նրանց դերը էկոլոգիապես գրագետ և տնտեսապես շահավետ որոշումների ընդունման գործընթացներում:

6. Հասարակական լայն շերտերի բնապահպանական կրթություն և դաստիարակություն: Կրթական այս ոլորտի զարգացումը XXI դարի էկոլոգիական քաղաքականության ռազմավարական նշանակություն ունեցող գերակայություններից է: Նպատակաուղղված է հասարակության լայն շերտերի (մասնագիտացված կրթություն ստացած և չստացած) բնապահպանական գիտելիքների ստացմանը, գիտակցության ձևավորմանը, բնությունը չխաթարող գործունեության ծավալմանը և սոցիալական ակտիվության բարձրացմանը: Այս ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է հիմնականում ՀՀ գործող բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ջանքերով: Առավել խրախուսելի է դրանց կրթադաստիարակչական գործունեությունը` ուղղված մատաղ սերնդի էկոլոգիական աշխարհայացքի ձևավորմանը, հայրենի բնության և նրա բնամշակութային ժառանգության ճանաչմանը և պահպանմանը: ՈՒշագրավ է հասարակական էկոլոգիական կազմակերպությունների կրթադաստիարակչական գործունեության ծավալումը Երևանում, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և այլ մարզերում, տարածաշրջանային և միջազգային բնապահպանական կազմակերպությունների հետ համագործակցությունը` կապված ջրերի կառավարման, կենսաբազմազանության պահպանության, էկոտուրիզմի զարգացման և այլ հարցերի հետ:

Հասարակական բնապահպանական կրթության և իրազեկման կազմակերպմանը նպաստում է Հայաստանում Օրհուս կենտրոնի, ինչպես նաև նրա տարածքային ենթակառույցների գործունեությունը:

Դրական միտումների հետ մեկտեղ տվյալ կրթական մակարդակին բնորոշ են կազմակերպչական և մեթոդական բացթողումներ: Անհրաժեշտ է ընդլայնել ունկնդիրների տարիքային շրջանակները, բազմազանել բնապահպանական միջոցառումները: Հասարակական բնապահպանական կրթություն իրականացնելիս շատ կարևոր է հատուկ ուշադրության արժանացնել ընտանեկան էկոլոգիայի և առողջ ապրելակերպի գաղափարները: Հեռանկարային է հասարակական էկոլոգիական կրթության կազմակերպումը զինված ուժերում:

7. Բնապահպանական իրազեկում: 2001 թ. Հայաստանը վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը սահմանում է քաղաքացիների իրավունքները երեք կարևոր ասպարեզներում` բնապահպանական տեղեկատվություն ստանալու իրավունքը, բնապահպանական հարցերով որոշումների ընդունմանը հասարակայնության մասնակցության իրավունքը և արդարադատության մատչելիությունը` երբ խախտվել են հասարակության իրավունքները մասնակցելու բնապահպանական հարցերի քննարկմանն ու որոշումների ընդունմանը: Ելնելով Օրհուսի կոնվենցիայի դրույթներից Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական տեղեկատվությունը պետք է մատչելի լինի հասարակության լայն խավերի համար: Դրա համար իրավական շրջանակները բավարար են, սակայն արդյունավետ չեն օգտագործվում այն մեխանիզմները, որոնց միջոցով տեղեկատվությունը հասցվում է հասարակությանը:

Միաժամանակ անհրաժեշտ է նշել այն փաստը, որ հասարակության մեջ չի ձևավորված բնապահպանական տեղեկատվության նկատմամբ պահանջարկ, որի պատճառը այդ բնագավառում հասարակության անբավարար իրազեկվածությունը, դաստիարակվածությունը ու կրթվածությունն է: Մարդկանց մոտ պատմականորեն ձևավորվել է բնությունը նվաճելու և նրա ռեսուրսները անխնա օգտագործելու գերիշխող հոգեբանությունը:

Հետևաբար անհրաժեշտ է բնապահպանական տեղեկատվության տրամադրումը և դրա մատչելիությունը դիտարկել դաստիարակության ու կրթության և վերջինիս հետ միարժեքորեն կապված կադրերի պատրաստման ենթատեքստում: ՈՒշադրության արժանի են Երևանի Օրհուս կենտրոնում և դրա տարածքային ենթակառույցներում կազմակերպված մի շարք միջոցառումներ` նվիրված գլոբալ տարածաշրջանային և ազգային ժամանակակից հիմնախնդիրներին, որոնց մասնակցում են Երևանի, Գյումրու, Կապանի, Դիլիջանի մի շարք ԲՈՒՀ-երի ուսանողներ, նախարարությունների, մարզպետարանների, ՀԿ-րի ներկայացուցիչներ, դպրոցների ուսուցիչներ և այլն:

Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի աջակցությամբ իրականացվել և իրականացվում են լրատվամիջոցների հետ երկխոսությունների զարգացման ծրագրեր: Այս խնդրին աջակցում է նաև ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակը:

Բնապահպանական իրազեկման գործընթացի իրականացմանը նպաստում են նաև հասարակական կազմակերպությունները, որոնք իրենց հրատարակումներով ու ուսուցողական ծրագրերով զգալի դեր են խաղում հասարակության շրջանում բնապահպանական տեղեկատվության տարածման և էկոլոգիական հիմնախնդիրների մասին իրազեկման բարելավման գործում:

Բնապահպանական հիմնախնդիրների լուսաբանման, դրանց վերաբերյալ հասարակական կարծիքի ձևավորման, ինչպես նաև հանրային իրազեկման խնդրում մեծ դեր կարող են ունենալ նաև զանգվածային լրատվական միջոցները` հեռուստատեսությունը, ռադիոն, մամուլը: 1998-2000 թթ. ՀՀ բնապահպանության նախարարությունը հրատարակել է «Բնություն» շաբաթաթերթը, իսկ 2001-2005 թթ. «Բնություն» մամուլի տեղեկատուն: Ներկայումս «Կենտրոն» հեռուստաընկերության կողմից եթեր է հեռարձակվում «Բնապահպանի օրագիր» ծրագիրը, որը միակ բնապահպանական ուղղվածության ծրագիրն է հայկական հեռուստաեթերում: Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ լրագրողների շրջանում և կարիք կա կատարել շարունակական իրազեկում և որոշակի մասնագիտական ուսուցում` երկրի բնապահպանական հիմնախնդիրներին և ազգային ու միջազգային գործընթացներին դրանց ծանոթացնելու համար:

Հասարակական բնապահպանական իրազեկման կազմակերպման գործում իր ուրույն տեղն ունի նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նախարարության կազմում գործում է Հասարակայնության հետ կապերի վարչություն, որը իրականացնում է նախարարության գործունեության վերաբերյալ հասարակության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, տեսա-ֆոտո և այլ տեղեկատվական նյութեր պատրաստելու և տարածելու միջոցով, ինչպես նաև նախարարի, այլ պաշտոնատար անձանց ու զանգվածային լրատվության միջոցների միջև համագործակցության ապահովումը, հայտարարությունների, հարցազրույցների, մամուլի ասուլիսների, ճեպազրույցների կազմակերպումը և անցկացումը:

Նախարարությունը ունի նաև ինտերնետային կայք, որտեղ տեղադրվում են բազմաթիվ նյութեր էկոլոգիական խնդիրների և բնապահպանական միջոցառումների մասին հասարակայնության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու համար:

Հասարակական բնապահպանական իրազեկման և դաստիարակության իրականացման գործում մեծ դեր ունի նաև Հայաստանի բնության պետական թանգարանը: Այն իր ստեղծման առաջին իսկ օրվանից նպաստել է մատաղ սերնդի բնապահպանական դաստիարակության և բնակչության իրազեկման գործընթացին` բնապահպանական միջոցառումների, ցուցահանդեսների միջոցով:

Սակայն այս ամենը բավարար չի կարելի համարել բնապահպանական իրազեկման պատշաճ մակարդակը ապահովելու համար: Բնապահպանական տեղեկատվությունը պետք է ընդգրկի հարցերի այնպիսի շրջանակ, որը կապահովվի և հնարավորություն կտա հասարակությանը ցանկության դեպքում մասնակցել որոշումների ընդունման ընթացակարգում: Բնակչությունը նաև հնարավորինս իրազեկված պետք է լինի բնապահպանական տեղեկատվության սահմանափակումներին և տեղեկատվության ստացման կարգին, որպեսզի կարողանա գնահատել այդ սահմանափակումների համապատասխանությունը իր իրավունքներին և մասնավորապես ՀՀ սահմանադրությանը ու ՀՀ օրենքների պահանջներին:

Դեռևս հստակ չի գործում տեղեկատվության տրամադրման մեխանիզմը, սահմանափակ են դրա տրամադրման ձևերը: Հասարակությունը հաճախ իրազեկ չէ տեղեկատվության մատչելիության սկզբունքին: Լիարժեք օգտագործված չեն ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները: Շատ քիչ են եթեր հեռարձակվում բնապահպանական թեմաներով հեռուստառադիոհաղորդումները: Թերի է բնապահպանական իրազեկության մակարդակը օրենսդիր, գործադիր, տարածքային կառավարման մարմինների, գիտության, կրթության, առողջապահության, մշակույթի ներկայացուցիչների, տնտեսվարող սուբյեկտների շրջանակներում:

Բնապահպանական կրթության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով անհրաժեշտ է հաղթահարել կրթական և բնապահպանական տվյալների բազաների գերատեսչական մեկուսացվածությունը և ընդլայնել տեղեկատվական ապահովման նոր աղբյուրների կիրառման հնարավորությունները: Առավել հրատապ և հեռանկարային է բնապահպանական կրթության բոլոր մակարդակներում էկոլոգիական գրադարանների փոխկապակցված ցանցի ստեղծումը` օգտագործելով ժամանակակից էլեկտրոնային աուդիո-տեսանյութերը և ինտերնետ կապի ծառայությունները: Կարևոր դեր կարող է խաղալ նաև ՀՀ բնության թանգարանի, բնության հատուկ պահպանվող տարածքների, բնամշակութային համալիրների և հոգևոր կրթական կենտրոնների տեղեկատվական ապահովման և փոխանակման կարգավորումը:

 

IV. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտի

արդի հիմնախնդիրները

 

Ինչպես ցույց է տալիս բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ոլորտի ներկա վիճակի վերլուծությունը բնագավառում առկա են մի շարք հիմնախնդիրներ, որոնցից կարելի է նշել.

1. Բնապահպանական կրթության ոլորտում «Կրթությունը հանուն կայուն զարգացման» ռազմավարության գաղափարների և սկզբունքների ինտեգրման անհրաժեշտություն:

2. Ոլորտի օրենսդրական բազայի կատարելագործման անհրաժեշտություն:

3. Պետական կառավարման մարմինների լիազորությունների վերանայման և հստակեցման, տարվող աշխատանքների համակարգման և ՀՀ վարչապետի 1998 թ. օգոստոսի 3-ի «Էկոլոգիական կրթության միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 464 որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքների բարելավման անհրաժեշտություն:

4. Էկոլոգ մասնագետների պատրաստման համար հիմնավորված պահանջարկի բացակայություն, այդ մասնագետներին կրթող բարձր որակավորում ունեցող կադրային ներուժի սակավություն:

5. Ժամանակակից պահանջներին համահունչ բնապահպանական կրթության մեթոդաբանության կատարելագործման անհրաժեշտություն, հաշվի առնելով նաև բնապահպանական նշանակության գործնական պարապմունքների /միջոցառումների անցկացման կարևորությունը:

6. Բնապահպանական կրթության բոլոր մակարդակների համար հայալեզու ուսումնական և մեթոդական ձեռնարկների, դիդակտիկ ուսուցողական, աուդիո, վիդեո նյութերի սակավություն:

7. Բնապահպանական կրթության և դաստիարակության միջազգային փորձի տեղայնացման և ազգային առաջատար փորձի փոխանակման բացակայություն:

8. ԶԼՄ-ներում բնապահպանական կրթությանը և իրազեկմանն ուղղված տպագրությունների, հաղորդումների սակավություն:

 

V. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման

ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման սկզբունքները

 

Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ազգային համակարգը պետք է ընդգրկի ինչպես պետական կառույցներ` պետական կառավարումն իրականացնող լիազորված մարմիններ, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններ /իրենց համաձայնությամբ/, միջգերատեսչական համակարգող հանձնաժողով, այդպես էլ հասարակական կազմակերպություններ, ազգաբնակչության լայն շրջանակներ:

Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման սկզբունքներն են.

1. Բնապահպանական կրթության անընդհատության ապահովում:

2. Ոլորտի կառավարման օպտիմալացում:

3. Պետական կառավարման մարմինների միջև սերտ համագործակցություն, միասնական քաղաքականության իրականացում:

4. Հասարակության լայն խավերի համար բնապահպանական կրթության և իրազեկման մատչելիության ապահովում:

5. Միջազգային համագործակցության ընդլայնում:

6. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ազգային համակարգի գործունեության նկատմամբ հսկողություն:

7. Որոշումներ կայացնելու գործընթացում բազմակողմանի համագործակցություն, փոխադարձ հարգանք:

 

VI. Համակարգի կայացմանը նպաստող քայլերը

 

Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ազգային համակարգի ստեղծման` պետական ծրագրերի մշակման, օրենսդրական և մեթոդական նորմերի կատարելագործման, ոլորտի զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ քայլերն են.

1. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման պետական քաղաքականության գերակայությունների սահմանում ՀՀ տնտեսական և կրթական բարեփոխումներին ներդաշնակ և «Կրթությունը հանուն կայուն զարգացման» ռազմավարության սկզբունքներին համահունչ:

2. ԵՄ կրթական համակարգին ինտեգրման գործընթացի շրջանակներում ոլորտի օրենսդրական, գիտամեթոդական, կադրային, տեղեկատվական ներուժի զարգացմանն նպաստող պետական և հասարակական աջակցում:

3. Բնապահպանական կրթության և դաստիարակության բոլոր մակարդակներում իրականացվող բարեփոխումների համապատասխանեցում միջազգային կրթական պահանջներին:

4. Նոր սերնդի էկոլոգ-մասնագետների պատրաստման պետական օժանդակում, ապահովելով միջազգային գիտակրթական շուկայում նրանց մրցունակության և հեղինակության բարձրացումը:

5. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ազգային համակարգի ֆինանսական ապահովման բարելավում` օգտագործելով պետական բյուջեի, բնապահպանական հիմնադրամների, միջազգային դոնոր-կազմակերպությունների հնարավորությունները:

6. Բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ազգային համակարգի ինստիտուցիոնալ ամրապնդում` միջգերատեսչական հանձնաժողովի վերստեղծման, դրա գործունեության ակտիվացման միջոցով:

 

VII. Ակնկալվող արդյունքները

 

Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական կրթության, դաստիարակության և իրազեկման ամբողջական և միասնական ազգային համակարգի ստեղծման հայեցակարգի ընդունումը կնպաստի ազգային ընդհանուր կրթական համակարգում բնապահպանական կրթության և դաստիարակության դերի բարձրացմանը, որակական ցուցանիշների բարելավմանը և միջազգային չափանիշներին աստիճանաբար համապատասխանեցմանը, ՀՀ ազգաբնակչության և մատաղ սերնդի էկոլոգիական գիտակցության, մտածելակերպի և հայրենի բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վերաբերմունքի ձևավորմանը, միջազգային մակարդակում հայ էկոլոգ մասնագետների մրցունակության ու հեղինակության բարձրացմանը, հասարակական կարծիքի ինստիտուտի ձևավորմանը և հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Այս ամենը հիմք կստեղծի Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի պայմաններում շրջակա միջավայրի բարենպաստ էկոլոգիական վիճակի և երկրի սոցիալական կայունության ապահովման համար:

 

 

pin
ՀՀ կառավարություն
12.11.2009
N 47
Արձանագրային որոշում