041.0514.260898
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
26 օգոստոսի 1998 թվականի թիվ 514
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՕՐԵՐ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1998 թվականի սեպտեմբերի 2-9-ը «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև մշակութային համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայկական մշակույթի օրեր կազմակերպելու կապակցությամբ`
1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` միջոցներ ձեռնարկել հայկական մշակույթի օրերի ծրագրով նախատեսված միջոցառումների անցկացումն ապահովելու համար:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին (Մատենադարան) հայկական մշակույթի օրերի ծրագրով նախատեսված ցուցանմուշների ժամանակավորապես արտահանումը:
3. Հայաստանի Հանրապետության մաքսային վարչությանը` ժամանակավորապես արտահանող թանգարանային ցուցանմուշների մաքսային ստուգումներն արտահանման և ներմուծման ժամանակ կատարել թանգարաններում` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած հայտերի:
4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարությանը` ապահովել ցուցանմուշների անվտանգ փոխադրումը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան և վերադարձը թանգարաններ:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` ապահովել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում հայկական մշակույթի օրերի անցկացման հետ կապված ծախսերի ֆինանսավորումը` համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ներկայացրած նախահաշվին և նրա միջոցների հաշվին:
6. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի պատվիրակության Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը, ինչպես նաև արտահանվող ցուցանմուշների ապահովագրությունը հոգալու է գերմանական կողմը: