Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱ ...

 

 

040.0051.020210

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հունվարի 2010 թվականի N 51-Ն

 

ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԲԱՑ ԵՂԱՆԱԿՈՎ ՄՇԱԿՎՈՂ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ

(2-րդ մաս)

 

4. ԺԱՊԱՎԵՆԱՅԻՆ ՓՈԽԱԿՐԻՉՆԵՐԸ

 

131. Ժապավենային փոխակրիչային սարքավորումը պետք է ունենա`

1) փոխակրիչի ամբողջ երկարությամբ դրա ցանկացած կետից վթարային կանգնեցման հարմարանք.

2) սարքավորման գործարկումն սկսելու մասին ազդանշանող սարք.

3) փոխակրիչի անջատումից հետո դրանց հեռամիացումը բացառող բլոկավորման հարմարանքներ.

4) ժապավենի կանգառի դեպքում` փոխակրիչն անջատող հարմարանք.

5) բազրիքներով ցանկապատված անցումային կամրջակներ.

6) հարմարանքներ, որոնք խոչընդոտում են ժապավենի կողքից դուրս ընկնելը.

7) պաշտպանիչ սարքավորումներ` փոխակրիչների տակով մարդկանց անցման տեղերում.

8) ժապավենի ձգման սարքավորումներ.

9) սարքավորումներ` ժապավենը և թմբուկը կպչուն նյութերից մեխանիկական մաքրման համար:

132. Օրվա մութ ժամերին փոխակրիչի բոլոր աշխատատեղերն ու անցատեղերը պետք է լուսավորվեն էլեկտրական լուսավորությամբ, սրահի մութ մասերը` նաև ցերեկը:

133. Փոխակրիչային սրահներում փոխակրիչի և պատի միջև մարդկանց անցնելու համար պետք է լինի առնվազն 0,7 մ լայնությամբ անցատեղ, իսկ երկու փոխակրիչների միջև` ոչ պակաս 1 մ լայնությամբ անցատեղ:

134. Այն հատվածներում, որտեղ չի կատարվում մարդկանց տեղաշարժ, փոխակրիչի և պատի միջև բացակը պետք է լինի 0,4 մ-ից ոչ պակաս, փոխակրիչի ամենաբարձր մասի և առաստաղի միջև` 0,6 մ-ից ոչ պակաս:

135. Ժապավենային փոխակրիչների շարժաբերային, ձգման, ծայրային և թեքման կայանները պետք է ունենան փոխակրիչի աշխատանքի ժամանակ թմբուկների տակ թափված մանրուքը ձեռքով մաքրելու հնարավորությունը բացառող ցանկապատեր` բլոկավորված փոխակրիչի շարժաբերի հետ, որպեսզի բացառվի վերջինիս գործարկումը, եթե ցանկապատերը հանված են: Փոխակրիչների վրա պետք է տեղակայվեն ժապավենը մաքրող հարմարանքներ, որոնց սարքինությունը յուրաքանչյուր հերթափոխում պետք է ստուգվի տեխնիկական պատասխանատու անձի կողմից: Արգելվում է փոխակրիչների աշխատանքը, եթե դրանց ժապավենները պատված են ապարների մանրուքների նստվածքներով:

136. Փոխակրիչի վերանորոգման, յուղման և մաքրման աշխատանքները պետք է կատարվեն միայն այն դեպքում, երբ այն կանգնեցված է, իսկ գործարկման հարմարանքը` բլոկավորված:

137. 8o-ից ավելի թեքությամբ տեղակայված ժապավենային փոխակրիչները շարժիչի կանգառի դեպքում պետք է ունենան ավտոմատ կարգով գործող արգելակային համակարգ:

138. Արգելվում է`

1) մարդկանց տեղափոխումն այդ նպատակի համար չսարքավորված փոխակրիչով.

2) փոխակրիչով տեղափոխել սարքավորումներ.

3) ժապավենի տեղապտույտը վերացնելու նպատակով շարժաբեր թմբկագլանի տակ բևեկնախեժ (կանիֆոլ) կամ այլ նյութեր լցնելը.

4) շարժվող ժապավենը ձեռքով ուղղելը.

5) փոխակրիչի աշխատանքի ժամանակ դրա տակից թափված ապարը ձեռքով հավաքելը:

139. Զետեղարան (բունկեր) մարդկանց իջնելը թույլատրվում է բարձող փոխակրիչը կանգնեցնելուց հետո` բունկերի պատին ամրացված սանդուղքով: Գործարկման սարքի անջատումների բռնակների վրա պետք է փակցվի «Չմիացնել, մարդիկ են աշխատում» ազդագիր: Զետեղարան իջնող անձինք պետք է լինեն հրահանգավորված, ունենան պաշտպանիչ գոտիներ: Զետեղարանում կախվածքները և խցանումները վերացնելու համար դրանք պետք է սարքավորվեն հատուկ հարմարանքներով: Բունկերի լուսավորման համար պետք է կիրառվեն հանքային կատարմամբ լամպեր:

140. Ժապավենային փոխակրիչների աշխատանքները պետք է անհապաղ դադարեցվեն`

1) անսովոր աղմուկի և պտույտափոխանցչի (ռեդուկտոր) շարժաբերի խփոցների դեպքում.

2) ժապավենի կամ դրա կցվածքային միացումների վնասվածքի դեպքում.

3) շարժաբերների վրա ժապավենի տեղապտույտ առաջանալու դեպքում.

4) ժապավենի ձգվածությունը թուլանալու դեպքում.

5) գլանիկահիմքերից ժապավենի լայնակի դուրս ընկնելու դեպքում.

6) սեղմիչ թմբուկներից և շարժաբերներից երեսապատվածքների պոկման դեպքում.

7) բեռնաթափման ջրհորդանի և ժապավենի միջև նյութի կտորների խցանումների դեպքում.

8) պարսպապատը վնասվելու դեպքում:

141. Փոխակրիչի երկարաժամկետ կանգնեցման դեպքում (առանձնապես ձմռանը) պետք է թուլացվի դրա ձգողականությունը և ամբողջովին ազատվի փոխադրվող նյութից: Փոխակրիչի գործարկման ժամանակ ժապավենը 2-3 րոպե տևողությամբ չպետք է բեռնավորվի նյութերով:

142. Փոխակրիչի շարժաբերների արգելակները պետք է ստուգվեն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, և արդյունքները գրանցվեն մատյանում:

143. Գազանման նյութեր անջատող լեռնային զանգվածով լցավորված բունկեր մարդկանց իջնելուց առաջ բունկերում պետք է կատարվի օդի նմուշի հետազոտում:

144. Ձեռքով ապարաջոկման ժամանակ փոխակրիչի ժապավենի շարժման արագությունը չպետք է գերազանցի 0,5 մ/վրկ-ն, ապարաջոկման տեղում ժապավենը պետք է լինի ցանկապատված:

 

5. ԴՐԱԳԱՆԵՐԸ ԵՎ ՀՈՂԱԾՈՒԾ ՍԱՐՔԵՐԸ

 

145. Դրագաների ու հողածուծ սարքերի կազմահավաքումը, վերակառուցումը, հիդրոտեխնիկական կառույցների շինարարությունն ու լեռնանախապատրաստական աշխատանքները պետք է կատարվեն` համաձայն հաստատված նախագծի: Արգելվում է դրագայի, հողածուծի վրա նախագծով չնախատեսված սարքավորումներ և նյութեր պահելը:

146. Ջրաչափերը, ամբարտակները և ամբողջ ջրատեխնիկական տնտեսությունը պետք է նախօրոք նախապատրաստվի ձմռան ժամանակաշրջանին:

147. Յուրաքանչյուր ամբարտակի մոտ, ինչպես նաև դրագայի և հողածուծ սարքի վրա որոշակի տեղերում, ըստ հաստատված անվանացանկի, պետք է լինի հակավթարային սարքավորման նյութերի և գույքի պաշար:

148. Շահագործվող տեղամասը պետք է մաքրվի փայտանյութերից և սառույցից:

149. Դրագաների աշխատանքների ժամանակ արգելվում է մաքրման աշխատանքներ կատարել դրանց գլխավոր և կողային ճոպանների տակ գտնվող տեղամասում:

150. Հանքարանի վերջրյա կողի սահմանային թույլատրելի բարձրությունը, ինչպես նաև հեռավորությունը կամրջանավի տակի և հանքարանի հողաշերտի միջև, որոշվում են նախագծով:

151. Սառած տորֆի շերտի կամ ամուր ցեմենտացված ապարների առկայության դեպքում արգելվում է հանքախորշի մշակումը ճակատային շեպի ներքնամշակմամբ:

152. Կամրջանավի բոլոր ելանցքերը պետք է ունենան 400 մմ-ից ոչ պակաս բարձրությամբ ջրապաշտպան կողեր և հերմետիկորեն փակվող կափարիչ: Արգելվում է դրագայի և հողածուծ սարքի աշխատանքը բաց ելանցքով և կամրջանավի այլ չփակված անցքերով` բացառությամբ ապասառեցման դեպքերի:

153. Դրագայի և հողածուծ սարքի տախտակամածը, հատականցքը (տրապ), կամրջակները, անցումները և սանդուղքները պետք է պատրաստվեն ակոսված կամ մակահալված մետաղից, պաշտպանվեն բազրիքով և պահվեն մաքուր վիճակում: Կամրջանավի տախտակամածի և վերին շինության տանիքի ձյունն ու սառույցը միշտ պետք է մաքրվեն:

154. Դրագայի և հողածուծ սարքի վրա շոգետարներին մոտենալու մատչելի տեղերը պետք է մեկուսացվեն կամ ցանկապատվեն:

155. Դրագայի և հողածուծ սարքի վրա կիրառվող ճոպանները պետք է համապատասխանեն դրանց տեխնիկական անձնագրերին:

156. Շերեփման հենոցի ճոպանը չպետք է ունենա կտրված փունջ կամ զուգակապվածք: Բոլոր ճոպանները, պաշտպանիչ և ճոպանային հոլովակները, ինչպես նաև այլ շարժվող մասեր, չպետք է ձևախախտեն կամրջանավը, իսկ մարդկանց անցնելու տեղերը պետք է լինեն պաշտպանված:

157. Դրագայի և հողածուծ սարքի տախտակամածի վերին մասի աշխատատեղերի լուսավորման համար պետք է կիրառվեն 220 Վ-ն չգերազանցող լարում: Կամրջանավի ներսի լուսավորության համար լարումը չպետք է գերազանցի 12 Վ-ն: Էլեկտրական լամպերը կամրջանավի հատակից առնվազն 2,5 մ բարձրությամբ կախելու դեպքում թույլատրվում է 127 Վ լարում:

158. Տեղափոխվող լապտերների, էլեկտրական ձեռքի գործիքների (զոդիչ, էլեկտրասղոց) սնման լարումը չպետք է գերազանցի 36 Վ-ն: Դրագաների և հողածուծ սարքերի վրա պետք է լինի վթարային լուսավորություն, արգելվում է իջնել կամրջանավ, եթե այն լուսավորված չէ:

159. Դրագան և հողածուծ սարքը պետք է ունենան երկկողմանի ձայնային կապ նավախցիկային շինության և մեքենասարքավորումների միջև: Դրագան վարողի և մեքենասարքավորումներն սպասարկող անձնակազմի միջև, ձայնային ազդարարումներից բացի, պետք է լինի երկկողմանի խոսակցական կապ` հատուկ խողովակների միջոցով:

160. Ներլցման անցք մարդկանց իջնելը թույլատրվում է միայն շերեփման շղթան կանգնեցնելուց և շերեփների վերին շերեփային թմբուկի դիրքն ստուգելուց հետո: Արգելվում է մարդկանց իջնել ներլցման անցք առանց պաշտպանիչ գոտու, առանց դրագան վարողի թույլտվության լողալ կամ լողամիջոցներով մոտենալ մանրևային ճոպանին կամ մալուխին:

161. Դրագաների աշխատանքի ժամանակ շրջակայքի ճանապարհներն ու արահետները պետք է փակվեն, իսկ ճոպանների շարժման գոտու եզրերին տեղադրվեն նախազգուշական նշաններ:

162. Դրագայի և հողածուծ սարքի երևացող և մատչելի տեղերում (կամրջանավի կողերին և տախտակամածի վերին շինության արտաքին մասում) պետք է հավասարաչափ դրված լինեն փրկարար պիտույքներ, փրկաշրջանակներ, պարանի կտորներ` տախտակամածի երկարության յուրաքանչյուր 20 մ-ի վրա: Փրկաշրջանակները պետք է ունենան առնվազն 30 մ երկարությամբ պարան:

163. Յուրաքանչյուր դրագա և հողածուծ սարք պետք է ունենա կամրջանավի շուրջն անցկացված ճոպան` ամրացված այն բարձրության վրա, որ ջուրն ընկած մարդը կարողանա դրանից բռնել: Ջրի վրա պետք է լինեն երկու թիավոր նավակ, այդ թվում` մեկը կամրջանավի մոտ: Կամրջանավի վրա մարդկանց` դեպի նավակ անցնելու տեղում պետք է լինեն բազրիքով հետծալովի կամրջակ-ելարաններ և շղթայով ցանկապատված որմնանցքեր:

164. Նավակի բեռնատարողությունը և միաժամանակ տեղափոխվող մարդկանց թույլատրելի քանակը պետք է հստակ նշված լինեն նավակի իրանի վրա: Յուրաքանչյուր նավակի վրա պետք է լինեն փրկարար պիտույքներ (փրկաշրջանակներ, պարանի կտորներ), առնվազն երկու կեռաձող, մեկ պահուստային թիակ, երկու լապտեր: Արգելվում է գերբեռնել նավակը:

165. Էլեկտրաէներգիան դրագային և հողածուծ սարքին պետք է տրվի ափում տեղակայված բաշխիչ սարքվածքից` հողաշերտի վրայով անցնող և նախազգուշական նշաններով պաշտպանված մալուխով, որը կարող է նաև կախվել ճոպանից կամ դրվել ամուր հենարանների վրա: Մալուխը ջրով պետք է անցկացվի լաստերի վրայով: Արգելվում է տեղափոխել առափնյա, լարման տակ գտնվող մալուխը կամ դրանց վրայով անցնել առանց հատուկ հարմարանքների, ինչպես նաև մալուխ հավաքել խրձով:

166. Հանքարանի կողմն ավազ և այլ հանքանյութեր տեղափոխելու համար խյուսամուղով սարքավորված դրագաների ու հողածուծ սարքերի աշխատանքի ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) լողացող խյուսամուղերի երկայնքով պետք է սարքավորվեն առնվազն 1 մ բարձրությամբ բազրիքով կամրջակներ.

2) օրվա մութ ժամերին խյուսամուղը պետք է լուսավորվի էլեկտրական լուսավորությամբ:

167. Նոր կառուցվող և վերակառուցվող դրագաների ու հողածուծ սարքերի վրա հենոցավերհան կարապիկը պետք է սարքավորված լինի երկու արգելակով` աշխատանքային և պաշտպանիչ, ավազ տեղափոխող փոխակրիչները պետք է սարքավորվեն «Կանգ» սեղմիչով: 3 մ-ից ավելի բարձրությամբ և 75o-ից ավելի թեքման անկյունով սանդուղքները պետք է ունենան թունելանման պաշտպանակ, 75o-ից ցածր թեքման անկյունով սանդուղքները` ամուր բազրիքներ, հարթ, սայթաքելը բացառող աստիճաններ: Կամրջանավում պետք է տեղակայվի ջրի առկայության ազդանշանիչ` միացված կառավարման վահանակի հետ` ջուրը վթարային պոմպեր դուրս մղելու համար:

168. Դրագայի և հողածուծ սարքի վրա նախատեսվում է ունենալ հակահրդեհային սարքավորում և գույք (դույլ, կեռաձող, կրակմարիչ, շարժական պոմպեր): Հակահրդեհային ջրատարը պոմպից պետք է անցնի ամբողջ դրագայով կամ հողածուծով և հրշեջ ճկափողը միացնելու համար ունենա բավարար քանակի ծորակներ:

169. Քսանյութերը, պահեստամասերը, հակահրդեհային և փրկարարական գույքը պետք է պահվեն դրագայի և հողածուծ սարքի տախտամածների վրա` հատուկ առանձնացված տեղերում:

170. Շերեփներից նմուշ վերցնելը և շերեփային հենոցն սպասարկելը պետք է կատարվեն ամուր ցանկապատված, լավ պաշտպանված հարթակների անվտանգ տեղերից: Շերեփային հենոցի վերանորոգումը պետք է կատարվի դրագայի ոչ աշխատանքային վիճակում` ապահովիչ գոտիներ օգտագործելով: Ապահովիչ գոտին ամրացնելու համար հենոցի երկարությամբ պետք է լինի ձգված ճոպան: Արգելվում է դրագայի աշխատանքի ժամանակ գտնվել շերեփային հենոցի վրա, անցնել կամրջակի վրայով, ընթացքի ժամանակ յուղել ենթահենոցային հոլովակների առանցքակալները, շերեփից հանել տիղմ, կոճղեր և այլ առարկաներ, ինչպես նաև բարձրացնել կամ իջեցնել շերեփային հենոցը դրա և կամրջանավի արանքը կողմնակի առարկաներ ընկնելու դեպքում:

171. Սառույցի վրա դրագայի և հողածուծ սարքի աշխատանքի ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) մեքենասարքավորումների աշխատանքը սառույցի վրա պետք է կատարվի սառույցի հաստությունը չափելուց և ամրությունն ստուգելուց հետո.

2) սառույցի վրայով մարդկանց և մեքենաների շարժման համար թույլատրված տեղերը պետք է ցույց տրվեն նշաններով և մութ ժամանակ լուսավորվեն.

3) սառույցի մաքրման ժամանակ աշխատատեղում պետք է լինի նավակ և 30 մ-ից ոչ կարճ պարանով փրկիչ շրջաններ.

4) սառույցամաքրման աշխատանքները պետք է կատարվեն ըստ աշխատանքների կատարման ծրագրի և ժամանակացույցի` տեխնիկական պատասխանատու անձի ներկայությամբ:

172. Դրագայի և հողածուծ սարքի վրա շինարարական-հավաքակցման, վերանորոգման, ճոպանասարքային և այլ աշխատանքների ժամանակ պետք է օգտագործվեն բեռներն անվտանգ բարձրացնող ու տեղափոխող մեքենասարքավորումներ ու հարմարանքներ:

173. Դրագայի և հողածուծ սարքի շրջադարձի ժամանակ պետք է մանրամասն ստուգվեն գլխավոր կամ թիթեռաշարժիչային խարսխի գործարկման ճշտությունը, ինչպես նաև գլխավոր և թիթեռաշարժիչային ճոպանների ամրացումը:

174. Արգելվում է նավակների և լաստերի վրա գտնվող մարդկանց հողածուծ սարքի աշխատանքի ժամանակ լողալ դեպի ներծծվող գետնահողատարները:

175. Լողացող գետնահողատարի խողովակների և գետնահողային հորի ճաղացանցի մաքրումը պետք է կատարվի հողածուծ սարքը լրիվ կանգնեցնելուց հետո:

176. Դրագայի կամ հողածուծ սարքի վրա պետք է լինի անխափան աշխատող հեռախոսային և ռադիոկապ կամ կապի այլ միջոցներ:

177. Արգելվում է ճոպանների գործողության գոտում մարդկանց գտնվելը դրագայի կամ հողածուծ սարքի աշխատանքի ժամանակ:

178. Արգելվում է հողածուծ սարքի աշխատանքի ժամանակ նորոգել փխրիչը և նավակները կանգնեցնել դրա սլաքի տակ:

179. Դրագա մտնելու և դուրս գալու ելքումուտքերի համար պահանջվում է ունենալ փակվող-բացվող բազրիքավոր կամրջակներ: Կամրջակը կարելի է ափ իջեցնել հանքախորշի կախված հովարներ չունեցող կողի վրա` հարթեցված տեղերում: Արգելվում է մարդկանց հետ միասին բարձրացնել կամ իջեցնել կամրջակը:

 

6. ՄԵՔԵՆԱՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

 

180. Բացահանքի լեռնային, տրանսպորտային, ճանապարհաշինական մեքենաները և սարքավորումները պետք է վերանորոգվեն կազմակերպության կողմից հաստատված պլանային նախազգուշական վերանորոգումների ժամանակացույցով:

181. Արգելվում է վերանորոգման և հավաքակցման աշխատանքները կատարել մեխանիկական սարքավորումների բաց շարժվող մասերին անմիջապես մոտ, ինչպես նաև լարման տակ գտնվող էլեկտրասարքավորումների մոտակայքում` առանց վերջիններիս հուսալի վնասազերծման: Էլեկտրասարքավորումների վերանորոգման գործառույթներում ընդգրկված անձինք պետք է ունենան որակավորման խումբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 23-ի N 1939-Ն որոշմամբ հաստատված` «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխան:

182. Մեքենասարքավորումների վերանորոգումն ու դրանց մասերի փոխարինումը թույլատրվում է միայն մեքենաները լրիվ կանգնեցնելուց, պնևմատիկ և հիդրավլիկ համակարգերից ճնշումը հանելուց, վերանորոգվող մեխանիզմների գործարկող ապարատների մեկուսացումից հետո:

183. Մեքենասարքավորումների վերանորոգման ժամանակ կրակային աշխատանքներ (գազազոդում, գազակտրում, էլեկտրազոդում) կատարելու դեպքում պետք է պահպանվեն հրդեհային անվտանգության պահանջները:

184. Մեքենասարքավորումների հիմնական մետաղակառուցվածքների խախտման հետ կապված բոլոր վերանորոգման աշխատանքները պետք է կատարվեն կազմակերպության ղեկավարության գրավոր թույլտվությամբ` տեխնիկական պատասխանատու անձի անմիջական ներկայությամբ:

185. Մեքենասարքավորումների վերանորոգման աշխատանքների կատարման համար կազմակերպության ղեկավարության կողմից պետք է կազմվեն հրահանգներ, աշխատանքի կազմակերպման օրացուցային պլաններ, որոնցով որոշվում են աշխատանքների կատարման կարգն ու հերթականությունը, դրանց անվտանգությունն ապահովող հարմարանքներն ու գործիքները: Աշխատանքներն սկսելուց առաջ աշխատողները պետք է ծանոթացվեն նշված հրահանգներին:

186. Հիմնական վերանորոգումից և կազմահավաքումից հետո լեռնատրանսպորտային սարքավորման ընդունումը պետք է կատարվի կազմակերպության ղեկավարի հրամանով նշանակված մասնագիտական հանձնախմբի միջոցով:

187. Էքսկավատորների և հորատման հաստոցների վերանորոգումը թույլատրվում է կատարել հանքաստիճանների աշխատանքային հրապարակներում` հնարավոր փլուզման գոտուց դուրս: Վերանորոգման հրապարակները պետք է լինեն համահարթեցված և ունենան մերձատար ուղիներ:

 

VI. ՀԱՏՔԱՐԻ ԵՎ ԽՈՇՈՐ ԲԼՈԿՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ

 

188. Խոշոր բլոկների և հատքարի արդյունահանումը բացահանքերում պետք է կատարվի հանքաստիճաններով` վերևից ներքև յուրաքանչյուր հանքաստիճանը հաջորդաբար մշակելով: Հանքաստիճանները կարող են բաժանվել ենթաաստիճանների:

189. Հանքաստիճանների բարձրությունը որոշվում է նախագծով` հաշվի առնելով`

1) հանքավայրի լեռնաերկրաբանական պայմանները, արդյունահանվող քարի կարծրությունը և կիրառվող սարքավորումների տեսակները.

2) քարհատ մեքենաների միջոցով բլոկների արդյունահանման ժամանակ քարի մեքենայացված հավաքման դեպքում կիրառվող քարհատ սարքավորման տեխնոլոգիական հնարավորությունները.

3) ձեռքով հավաքման դեպքում հանքաստիճանի բարձրությունը պետք է լինի 2,35 մ, գրանիտի խմբի ապարներ ձեռքով մշակելիս և փոքր մեքենայացման միջոցներ կիրառելու դեպքում` 6 մ:

190. Հանքաստիճանի աշխատանքային հրապարակի լայնությունը պետք է լինի 3 մ-ից ոչ պակաս և ապահովի սարքավորումների, լեռնային զանգվածի, նյութերի անհրաժեշտ քանակի տեղավորումը, ունենա 1 մ-ից ոչ պակաս լայնությամբ ազատ անցատեղեր:

191. Հանքաստիճանների մարման ժամանակ դրանցից յուրաքանչյուրում պետք է թողնվեն ապահովիչ առափներ, որոնց լայնությունը պետք է ընդունվի` ելնելով առափի մարման ընդհանուր անկյունից` հաստատված նախագծով: Հանքաստիճանի (ենթաստիճանի) շեպի անկյունը թույլատրվում է մինչև 90o-ը:

192. Հանքավայրն առանց խրամի բացման ժամանակ պարտադիր է բացահանքն ապահովել սանդուղքներով` սարքավորված երկու ելքերով, որոնցից մեկում սանդուղքի անկյան թեքությունը պետք է լինի 40o-ից ոչ ավելի:

193. Սեպաճեղքմամբ քարի արդյունահանման ժամանակ`

1) հանքաստիճանի (ենթաստիճանի) բարձրությունը չպետք է գերազանցի 1,5 մ-ն.

2) հատքարը զանգվածից պետք է պոկել և հանել վերևից ներքև.

3) հանքախորշային յուրաքանչյուր աշխատողի աշխատատեղը պետք է լինի 10 մ-ից ոչ պակաս, իսկ քարահատների միջև հեռավորությունը` 4 մ-ից ոչ պակաս.

4) բլոկը պետք է պոկել և գցել քարամանրուքից սարքված փափուկ հիմքի վրա: Այդ դեպքում աշխատողը պետք է գտնվի շրջվող քարի ուղղությունից վերև կամ գլորվող քարի անկման ուղղությունից մի կողմ:

194. Լանջի վրա քարհատ մեքենայով կիսախրամ անցկացնելիս, լանջի կողի ռելսուղիները պետք է դրվեն փայտակոճերի կամ ամուր քարից հենարանների վրա` իրագործելով հենարանների փլվելը կամ ռելսերից մեքենայի ընկնելը բացառող միջոցառումներ: Քարի բլոկների հենարանի բարձրությունը չպետք է գերազանցի իրար վրա տափակակողով դրված երկու բլոկի բարձրությանը:

195. Ձեռքով սեպաձև քարերի պոկման ժամանակ, որոնք գոյացել են մեքենայի առաջին փորանցքից հետո, քարեր պոկող աշխատողները պետք է գտնվեն աշխատող մեքենայից առնվազն 4 մ հեռավորության վրա:

196. Հանքաստիճանի շեպի վրա ձեռքի աշխատանքի անհրաժեշտության դեպքում պետք է կառուցվի 1 մ լայնությամբ ամուր տախտամածով լաստակ, կամ աշխատանքը պետք է կատարվի աշխատողների համար հատուկ խցիկով սարքավորված սլաքավոր մեխանիկական ամբարձիչ մեխանիզմներով:

197. Կիրառվող քարհատ մեքենաների արտադրատեսակը պետք է համապատասխանի հանքավայրի լեռնատեխնիկական պայմաններին և ապահովի աշխատանքների անվտանգ կատարումը:

198. Քարհատ մեքենաների կիրառման ժամանակ դրանք սպասարկող անձնակազմը պետք է պաշտպանված լինի մեքենայի կտրող մասից արտանետվող բեկորներից` ապահովիչ վահանակներ և փակ խցիկներ տեղադրելու միջոցով: Մեքենաների, ճոպանասղոցների և ամբարձիչ սարքերի աշխատանքի ժամանակ աշխատողները չպետք է գտնվեն հակաբեռի տակ:

199. Հորիզոնական և սակավաթեք հանքավայրի առաջին խրամուղու ուղղաձիգ շերտերը հանող աշխատողները պետք է գտնվեն միմյանցից առնվազն 4 մ հեռավորության վրա:

200. Հատքարի և խոշոր բլոկների արդյունահանման ժամանակ բացահանքերում նախատեսվում է կիրառել բարձր հանքաստիճանային և ցածր հանքաստիճանային քարհատ մեքենաներ: Բարձր հանքաստիճանային մեքենաները կիրառվում են այն դեպքերում, երբ հանքաստիճանի բարձրությունն ավելի է 1,05 մ-ից, ցածր հանքաստիճանային մեքենաները` հանքաստիճանի նշվածից պակաս բարձրության դեպքերում:

201. Քարհատ մեքենաների սղոցները պետք է տեղադրվեն ու փոխվեն միայն այդ նպատակի համար նախատեսված հարմարանքներով ու գործիքներով, և աշխատանքները պետք է սկսել միայն սղոցները սնող էլեկտրաշարժիչների թողարկիչն անջատելուց հետո: Մինչև սպասարկող անձնակազմի հեռանալը` մեքենաների էլեկտրասնուցումը պետք է անջատվի, իսկ ներքին սայլակի անիվները` դիմհարով ամրացվեն ռելսուղիներին:

202. Բարձրհանքաստիճանային քարահար մեքենաների սղոցների փոխելը թույլատրվում է կատարել կտրող գլխիկների վրա, վերջիններիս 1,2 մ բարձրությունից ոչ ավելի իջեցված վիճակում: Սղոցները մեքենայի լիսեռին շարելն ու բարձրացնելը պետք է կատարվեն կտրող գլխիկի տակ մինչև 1 մ բարձրությամբ տեղակայված փայտե տակդիրներից:

203. Արգելվում է`

1) մեքենան կանգնեցնել հոսանքի հաղորդաշղթայով (կոնտրտոկ).

2) մեքենան միացնել, եթե կառավարման վահանակի դռները բաց են.

3) անցնել մեքենայի կտրող իրանի տակով.

4) աշխատել առանց անդրադարձիչ վահանակի կամ առանց էկրանային ապակու, ինչպես նաև առանց փոշեկլանիչ հարմարանքների:

204. Քարհատ մեքենայով թերակտրված, կախված բոլոր քարերը կամ դրանց կտորները պետք է անմիջապես պոկվեն ու հեռացվեն: Դրանք կարելի է հեռացնել երկար լինգով` քարի անկման ուղղություններից մի կողմ կանգնած:

205. Արգելվում է մեքենայի շարժման ժամանակ թուլացնել կամ ամրացնել ֆիքսող հեղույսները, ինչպես նաև պտտել կտրող գլխիկը:

206. Քարհատ մեքենաներով խոշոր բլոկներ հանելու ժամանակ օղակային բազմակտրիչը (ֆրեզը) տեղադրելու համար անհրաժեշտ է կիրառել հատուկ տակդիրներ: Արգելվում է այդ նպատակի համար օգտագործել լինգեր և տախտակի կտորներ: Օղակային բազմակտրիչների ապահավաքակցման ժամանակ անհրաժեշտ է օգտագործել փափուկ տակդիրներ:

207. Արգելվում է քարհատ մեքենայի աշխատանքի ժամանակ դրա առջևում անձնակազմի կամ կողմնակի մարդկանց գտնվելը` մեքենայի շարժման ուղղությամբ 10 մ-ից պակաս հեռավորության վրա:

208. Քարհատ մեքենայի լռված բազմակտրիչի, սկավառակային սղոցի կամ կտրիչաշղթայի լարի փոխումը կամ ազատումը պետք է կատարվեն միայն մեքենան կանգնեցնելուց և շարժիչներն անջատելուց հետո:

209. Քարհատ մեքենայի տեղափոխման կամ քարի բլոկը ճոպանով քաշելու ժամանակ աշխատողները պետք է ձգված ճոպանից գտնվեն ապահով հեռավորության վրա:

210. Հանքախորշի երկայնքով հատքարի տեղափոխման համար շարժական ժապավենային փոխակրիչներ կիրառելու դեպքում փոխակրիչի պահաշրջանակի և քար կտրող մեքենայի միջև թույլատրելի հեռավորությունը պետք է լինի առնվազն 1 մ:

211. Ավտոբեռնիչով բեռի փոխադրումը թույլատրվում է այն երկայնական առավելագույն թեքությամբ, որը չի գերազանցում մեքենայի տեխնիկական անձնագրում նշված հենոցի` դեպի հետ թեքման սահմանային անկյունը` 3o-ը:

212. Ամբարձիչ մեխանիզմներով բեռի բարձրացման դեպքում մեխանիզմի ծայրային անջատիչը պետք է բեռնիչ մարմինն առանց բեռի կանգնեցնի դիմահարից 50 մմ հեռավորության վրա` էլեկտրաշարժիչով աշխատող մեքենայի համար և 200 մմ հեռավորության վրա` ներքին այրման շարժիչով աշխատող մեքենայի համար:

213. 50 կգ-ից ավելի քաշով բլոկները 60 մ-ից ավելի հեռավորության վրա, և 80 կգ-ից ավելի քաշով բլոկները` 3 մ-ից ավելի բարձրությամբ տեղափոխումը` պետք է կատարվեն մեքենայացված եղանակով:

214. Քարհատ մեքենայով հանքախորշում կտրված հատաքարի հանույթը պետք է կատարվի` սկսած վերևի շարքից: Եթե հանքախորշը 1,8 մ-ից բարձր է` հանութային աշխատանքները պետք է մեքենայացվեն:

215. Խոշոր բլոկների հանումը հանքախորշից պետք է կատարվի հուսալի բռնիչային հարմարանքով և մեխանիզմներով:

216. Խոշոր բլոկները սղոցելու և մշակելու ժամանակ պետք է միջոցներ ձեռնարկվեն դեպի աշխատողները դրանց շուռ գալը կանխելու համար: Արգելվում է աշխատողների կողմից բլոկը ձեռքով դեպի իրենց շրջելը:

217. Քարհատ մեքենաների տեղափոխումը թույլատրվում է կատարել միայն հատուկ քարշակներով` կազմակերպության կողմից հաստատված տեխնոլոգիական քարտերին համապատասխան: Քարհատ մեքենաների տեղափոխման ժամանակ պետք է պահպանվեն հետևյալ պահանջները`

1) մեքենան տեղափոխող քարշակի արագությունը հորիզոնական տեղամասերում չպետք է գերազանցի 5 կմ/ժ-ն, թեք տեղամասերում` 0,5-1 կմ/ժ-ն.

2) քարհատ մեքենայի կտրող մասը պետք է իջեցված լինի ամենացածր դիրքի և ամրացված.

3) մեքենաների տեղափոխումը պետք է կատարվի միայն տեխնիկական պատասխանատու անձի ղեկավարությամբ:

218. Մեծ բլոկների տեղափոխման ժամանակ դրանք պետք է ամրացնել այնպես, որ բացառվի մեքենայից ընկնելը կամ շրջվելը:

219. Հանքախորշի երկայնքով հատքար տեղափոխելու համար շարժական ժապավենային փոխակրիչ կիրառելու դեպքում դրա արանքի և քար կտրող մեքենայի միջև հեռավորությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

220. Քար տեղափոխող միջոցներից քարեր վերցնող աշխատողի աշխատանքային տեղում պետք է լինի մեքենայի սնուցումն անջատող «Կանգ» կոճակ:

221. Հանքաստիճանի աշխատանքային հրապարակում հատքարի դարսակների բարձրությունը չպետք է գերազանցի 1,8 մ-ն, խոշոր բլոկները` 2,5 մ-ն: Բլոկները դարսակներում պետք է տեղադրվեն տափակակողով:

222. Արգելվում է բլոկներն ավտոմեքենայի թափքը բարձելիս անցկացնել խցիկի վրայով, վարորդին և սպասարկող անձնակազմին գտնվել մեքենայի խցիկում և ոտնատեղի վրա, ինչպես նաև զբաղվել ավտոմեքենայի զննմամբ, կանգնել կամ քայլել տեղափոխվող բեռի տակ:

223. Քարհատ մեքենաների ռելսուղիները պետք է վերջանան ապահովիչ դիմահարով, բաղկացած լինեն նույնատիպ ռելսերից և ունենան միացում տեղական հողանցման հետ: Քարհատ մեքենայի ռելսուղիների` սարալանջ դուրս գալու դեպքում, դրանց վերջնամասում պետք է դրվեն միայն հատուկ տակդիրներ: Արգելվում է այդ նպատակների համար օգտագործել սղոցված քար:

224. Ռելսուղու վրա միաժամանակ երկու և ավելի քարհատ մեքենաների աշխատանքի դեպքում դրանց հեռավորությունը միմյանցից պետք է լինի 15 մ-ից ոչ պակաս և սարքավորված լինեն հուսալի թափարգելքներով:

225. Վերևի հանքաստիճանի տանիքը, եզրից ոչ պակաս 2 մ հեռավորության վրա, պետք է մաքրված լինի քարի թափոններից:

226. Հանքավայրերի բաց եղանակով մշակման դեպքում խոշոր բլոկների արդյունահանման ժամանակ բացի «Նադեժդա» ալմաստաճոպանային, «Վիկտորիա-MKԲ-Բ» կտրիչաշղթայավոր և «CMP-026» քարհատ մեքենաներից կարող են օգտագործվել նաև արտասահմանյան ֆիրմաների արտադրության ժամանակակից ալմաստաճոպանավոր և «GSM-960» մակնիշի կտրիչաշղթայավոր քարհատ մեքենաներ:

227. Ժամանակակից քարհատ մեքենաներով բլոկների սղոցումը լեռնային զանգվածից կատարելու համար`

1) ալմաստե ճոպանը լեռնային զանգվածին թելելու (փաթաթելու) նպատակով պետք է հորատել 24-150 մմ (կախված կտրվող զանգվածի երկարությունից) տրամագծով միմյանց փոխհատող ուղղաձիգ և հորիզոնական հորատանցքեր, որի համար պետք է օգտագործվեն օդաճնշական կամ էլեկտրահիդրավլիկ հորատող հաստոցներ.

2) ալմաստաճոպանավոր քարհատ մեքենայով պետք է կատարվեն միմյանց փոխուղղահայաց, ընդերկլայնական և հորիզոնական ընդլայնական կտրվածքներ, որոնք հնարավորություն կտան սղոցված զանգվածն անջատելու լեռնային զանգվածից` կիրառելով հատուկ այդ նպատակի համար նախատեսված հիդրավլիկ մղիչներ կամ հիդրոբարձիչներ.

3) ձեռքի հորատասեպային մեթոդով բացված առաջնային հանքաստիճանի վերնահարթակից օդաճնշական հորատող հաստոցով պետք է հորատվեն ուղղահայաց, իսկ հանքաստիճանից` հանդիպակաց հորիզոնական հորատանցքեր, որոնց միջոցով թելված ալմաստե ճոպանի շրջապտույտների և հաստոցի ձգման միջոցով պետք է սղոցվի լեռնային զանգվածը.

4) կտրող ճոպանի հովացումը պետք է կատարվի տեխնիկական ջրով.

5) արդյունահանման ընթացքում հորատանցքերը հորիզոնական հարթությամբ պետք է ամրապնդվեն ցանցով.

6) շղթայավոր քարհատ մեքենան պետք է աշխատի հանքաստիճանի վերին կամ ստորին հարթակում` ապահովելով ուղղահայաց և հորիզոնական ընդլայնական կտրվածքների ստացումը:

 

VII. ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

228. Յուրաքանչյուր բացահանքում պետք է լինի`

1) լեռնային աշխատանքների զարգացման պլանների վրա գծանշված էլեկտրամատակարարման սխեմա, որի վրա նշվում է ուժային և քարշային ցանցերի, էլեկտրատեղակայանքների (տրանսֆորմատորային ենթակայան, բաշխող սարքեր և այլն) տեղաբաշխումը.

2) միացությունների միագիծ սխեմա` ուժային ցանցերի, էլեկտրատեղակայանքների, ինչպես նաև հոսանքի տեսակի, մալուխների և հաղորդալարերի կտրվածքի, դրանց երկարության, մակնիշի, յուրաքանչյուր տեղակայման լարման ու հզորության, հողանցման բոլոր տեղերի, պաշտպանական և հաղորդակցման սարքերի տեղաբաշխական նշումով: Էլեկտրատեղակայանքների վրա կատարվող փոփոխությունները պետք է ցույց տրվեն սխեմայի վրա առնվազն հաջորդ օրը:

229. Յուրաքանչյուր գործարկող սարքի վրա պետք է լինի հստակ գրառում, որով նշվում է դրանով միացվող կայանքը:

230. Հոսանքագծերում մարդկանց աշխատելու դեպքում անջատված գործարկիչների, ավտոմատների և բարձրավոլտ բաշխիչ սարքերի բռնակին պետք է փակցվի ազդագիր` «Չմիացնել, մարդիկ են աշխատում» գրառությամբ:

231. Էլեկտրատեղակայանքների սպասարկման աշխատանքների անվտանգ կատարման համար, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 11-ի «Անհատական պաշտպանության միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1631-Ն որոշման պահանջների, պետք է օգտագործվեն պաշտպանական միջոցներ` դիէլեկտրիկ ձեռնոցներ, կրկնակոշիկներ (բոտեր), մեկուսիչ գորգեր, օպերատիվ ձողեր, ակնոցներ և այլն, որոնց վրա պետք է առկա լինեն դրանց փորձարկման տվյալները և պիտանելիության ժամանակը:

232. Պաշտպանական միջոցները, որոնք կիրառվում են էլեկտրատեղակայանքների սպասարկման համար, պարբերաբար պետք է ենթարկվեն էլեկտրական փորձարկումների: Արգելվում է օգտվել ժամկետանց պաշտպանական միջոցներից:

233. Բացահանքում աշխատող ամբողջ անձնակազմը պետք է անցնի հրահանգավորում` էլեկտրահարումից տուժած անձանց առաջին օգնություն ցույց տալու մասին:

234. Էլեկտրատեղակայանքների մերկ հոսանքահաղորդամասերը, մերկ հաղորդալարերը և հաղորդաթիթեղները, անջատիչների հպատեղերն ու էլեկտրամեքենաների սեղմիչները պատահական կպումներից պետք է պաշտպանված լինեն հուսալի պաշտպանակներով: Էլեկտրացանցի չգործող տեղամասերը պետք է անջատվեն սնող ցանցից:

235. Շարժական էլեկտրատեղակայանքների սնման համար օգտագործվող լարումը չպետք է գերազանցի 35 կՎ-ն:

236. Մինչև 35 կՎ լարման էլեկտրատեղակայանքները պետք է ունենան մեկուսացված չեզոքացում:

237. Ապահովիչների հալուն ներդիրներն արտադրող գործարանի կամ հավաստագրված էլեկտրալաբորատորիայի կողմից պետք է լինեն չափաբերված` դրոշմի վրա դրանց նոմինալ հոսանքի նշումով: Չափաբերման չենթարկված հալուն ներդիրների օգտագործումն արգելվում է: Դրանց փոխելը պետք է կատարվի անջատված լարման դեպքում և ոչ ամպրոպի ժամանակ:

238. Մինչև 1000 Վ լարմամբ էլեկտրատեղակայանքներում մարդկանց էլեկտրահարումից պաշտպանելու համար պետք է կիրառվեն հոսանքի վտանգավոր արտահոսքի ժամանակ ցանցն ավտոմատ կարգով անջատող սարքեր (կորստի ռելե): Վնասված ցանցի անջատման ընդհանուր ժամանակը չպետք է գերազանցի 200 մ/վրկ-ն: Կորստի ռելեի աշխատանքը պետք է ստուգվի ամեն հերթափոխից առաջ, իսկ համալիր ստուգումը` 6 ամիսը մեկ անգամ, կամ այն տեղափոխելիս: Մինչև 60 Վ լարումով շղթաներում թույլատրվում է աշխատել առանց հոսանքի կորստի պաշտպանության:

239. Էքսկավատորների, հորատման մեքենաների, փոխակրիչների, պոմպերի բոլոր էլեկտրահաղորդակները պետք է սարքավորվեն էլեկտրական բլոկավորմամբ, որը կբացառի մեխանիզմների ինքնագործարկումը` լարման սնուցում տալուց հետո:

240. Էլեկտրաշարժաբերներով աշխատող լեռնահանքային և տրանսպորտային միջոցներ շահագործող անձինք, որոնց աշխատանքը կապված է մեքենաների և էլեկտրասարքավորումների սպասարկման հետ, պետք է անցնեն ուսուցում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Սպառողների էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1939-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան:

 

2. ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔՎԱԾՔՆԵՐԸ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԸ

 

241. Բացահանքի անշարժ էլեկտրական ենթակայանների և բաշխիչ սարքվածքների շինություններում պետք է փակված լինեն էլեկտրատնտեսության առաջնային և երկրորդական փոխակերպման օդային ու մալուխային գծերի սխեմաները, սպասարկող անձնակազմի համար հրահանգները, տուժածներին առաջին օգնություն ցույց տալու կանոնները, դեղատուփը, օպերատիվ գրանցումների մատյանը, տեղադրված լինեն անվտանգության փոխադրովի նախազգուշական նշաններ և վահանակներ:

242. Էլեկտրատեղակայանքներում կամ ենթակայաններում 1000 Վ-ից ավելի լարում ունեցող դուրս եկող սնող գծերը (ֆիդեր), որոնք սնում են բացահանքի շարժական էլեկտրատեղակայանքները, պետք է ունենան սարքավորումներ, որոնք ավտոմատ կարգով կանջատեն էլեկտրահաղորդման գծերը` հողի հետ մեկ ֆազի միակցման դեպքում: Հողի հետ միակցման պաշտպանությունը պետք է կատարվի երկաստիճան: Հողի հետ մեկ ֆազի միակցման պաշտպանության 1-ին աստիճանի ստուգումն ու կարգաբերումը պետք է կատարվի առնվազն 6 ամիսը մեկ անգամ, 2-րդ աստիճանինը` տարին մեկ անգամ:

243. Շարժական մեքենաների և տրանսֆորմատորային ենթակայանների միացումը բացահանքը սնող գծերի հետ պետք է կատարվի լեռնային աշխատանքների համար պիտանի, գործարանային արտադրանքի հատուկ շարժական միակցման կետերի միջոցով: Արգելվում է մալուխի ուղղակի միացումն օդային գծերին առանց միակցման կետի: Միակցման կետերն աշխատող լեռնահանքային մեքենաների հետ պետք է տեղակայվեն նույն հորիզոնի (հանքաստիճանի) վրա: Առանձին դեպքերում իջատեղ կառուցելու և վերաբեռնման կետերում աշխատելու ժամանակ միակցման կետը և աշխատող էքսկավատորը կարող են գտնվել տարբեր հորիզոններում (հանքաստիճաններում): Այդ դեպքում պետք է ստեղծվեն անվտանգ պայմաններ մալուխները զննելու համար:

244. Շարժական ենթակայանների, բաշխիչ սարքվածքների և միակցման կետերի բոլոր դռները պետք է ունենան հուսալի փականային հարմարանքներ, մեխանիկական բլոկավորում` յուղային գործարկիչների, զատիչների և խցերի դռների միջև, որը կարգելակի սխալ գործողությունների կատարումը յուղային գործարկիչների և զատիչների հետ, կբացառի դռները բացելու հնարավորությունը, եթե միացված է զատիչը և զատիչի միացնելը, եթե բաց են դռները:

245. Շարժական տրանսֆորմատորային ենթակայանների և բաշխիչ կետերի շինությունները պետք է պատրաստվեն չհրկիզվող նյութից, ունենան ամուր կառուցվածք, տեղափոխման համար` դիմացկուն կցորդիչներ:

246. Անշարժ և շարժական տրանսֆորմատորային ենթակայաններում տրանսֆորմատորները պետք է լինեն փակ տիպի` յուղընդարձակիչի յուղը փոշուց կեղտոտվելուց պաշտպանված լինելու համար:

 

3. ՀՈՂԱՆՑՈՒՄԸ

 

247. Հողանցման ենթակա են`

1) էլեկտրատեղակայանքների լարման տակ չգտնվող մետաղե մասերը, որոնք կարող են մեկուսապատվածքի վնասվածքի դեպքում ընկնել լարման տակ.

2) էլեկտրական էքսկավատորների, հորատող հաստոցների, պոմպերի, փոխակրիչների և այլ մեքենաների իրանները, էլեկտրական մեքենաների, տրանսֆորմատորների, անջատիչների հենոցները և պատյանները, այլ էլեկտրասարքավորումներ և ապարատներ.

3) էլեկտրական ապարատների շարժաբերները.

4) չափիչ տրանսֆորմատորների երկրորդական փաթույթները.

5) ղեկավարման և բաշխման վահանների հիմնակմախքները (կարկաս).

6) անշարժ և շարժական տրանսֆորմատորային ենթակայանների, բաշխիչ սարքերի և միակցման կետերի մետաղե և երկաթբետոնե կցորդիչներն ու պատյանները.

7) մալուխային կցորդիչների մետաղե իրանները, մալուխների մետաղե պատյանները և հաղորդալարերը, էլեկտրահաղորդման պողպատե խողովակները.

8) էլեկտրահաղորդման գծերի մետաղե և երկաթբետոնե հենասյուներն ու շինվածքները.

9) լուսարձակների և լուսավորման արմատուրների հենամարմինները.

10) լարման տակ գտնվող մասերի արգելապատերը, մետաղե ճաղաշարային և հոծ պաշտպանակները, մետաղե կոնստրուկտիվ տարրերը (ֆերմա), հեծանները, հարթակները և այլ մետաղե մասեր, որոնք կարող են հայտնվել լարման տակ:

248. Հողանցման ենթակա չեն`

1) կախովի մեկուսիչների արմատուրները, հենարանային մեկուսիչների ցցաձողերը, բարձակները (կալունակ) ու լուսավորման արմատուրները` էլեկտրահաղորդման գծերի փայտե հենարանների կամ բաց ենթակայանների փայտե շինվածքների վրա տեղադրելու դեպքում.

2) հողանցված մետաղե սարքվածքների վրա տեղակայված սարքավորումները, ընդ որում, դրանց հենման մակերեսների վրա պետք է նախատեսված լինեն մաքրված և չներկված տեղեր` էլեկտրական հպումն ապահովելու համար.

3) էլեկտրաչափիչ սարքերի հենամարմինները, ռելեները և այլն` տեղակայված վահանների, պահարանների, ինչպես նաև բաշխիչ սարքերի խցի պատի վրա.

4) մալուխային շինվածքները, որոնց վրա անցկացված են մետաղե թաղանթով ցանկացած լարումով մալուխներ` հողանցված գծի երկու ծայրերում.

5) էլեկտրակայանների, ենթակայանների, բաշխիչ սարքերի տարածքից դուրս գտնվող ռելսուղիները:

249. Բացահանքում տեղակայված անշարժ և շարժական 1000 Վ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների հողանցումը պետք է լինի ընդհանուր:

250. Անշարժ և շարժական մեքենաների ու մեխանիզմների հողակցման ընդհանուր ցանցը պետք է իրականացվի հողանցվող հաղորդալարերը և հողանցվող ճկուն մալուխների ջղերը միմյանց հետ անընդհատ էլեկտրական միացման միջոցով:

251. Բացահանքի ընդհանուր հողանցման ցանցը պետք է բաղկացած լինի կենտրոնական հաղորդաշղթայից և տեղական հողանցվող սարքվածքներից: Թույլատրվում է շարժական միակցման կետերի, շարժական տրանսֆորմատորային ենթակայանների աշխատանքը` առանց տեղական հողանցման լրացուցիչ հողանցչի առկայության, պայմանով, որ կենտրոնական հողանցման սարքը միացված լինի այնպես, որ հողանցվող սարքի յուրաքանչյուր տարրի շարքից դուրս գալու դեպքում ցանցի ցանկացած հողանցման դիմադրությունը չգերազանցի 4 Օհմ-ը: Հողանցվող հաղորդալարի երկարությունը մինչև կենտրոնական հողանցող սարքերից որևէ մեկը չպետք է գերազանցի 2,5 կմ-ն: Կենտրոնական հողանցման սարքը կատարվում է 110-35/6-10 կՎ լարումով ենթակայանի մոտ` ընդհանուր հողակցման հաղորդաշղթայի տեսքով կամ բացահանքում` առանձին հողանցման սարքի տեսքով: Տեղական հողանցումների սարքերը կատարվում են հողանցչի տեսքով` կառուցված շարժական միակցման կետերի, 6-10/0,4 կՎ շարժական լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանների մոտ:

252. Հողանցող ճոպանը հենասյուների վրա պետք է անցկացվի էլեկտրահաղորդման գծերի լարերից ցածր: Հեռավորությունն էլեկտրահաղորդման գծի ներքևի հաղորդալարից մինչև ճոպանն ուղղագծով պետք է լինի 0,5 մ-ից ոչ պակաս:

253. Միակցման կետի մոտ տեղական հողանցում անցկացնելու դեպքում դրանից սնվող շարժական մեքենաների և սարքավորումների լրացուցիչ հողանցում չի պահանջվում:

254. Բացահանքերում ամսական առնվազն մեկ անգամ պետք է կատարվի հողանցման ցանցի արտաքին զննում, ինչպես նաև ընդհանուր հողանցման ցանցի դիմադրության չափում: Ընդհանուր հողանցման ցանցի դիմադրությունը պետք է լինի 4 Օհմ-ից ոչ պակաս:

255. Հողանցվող հաղորդալարերի բոլոր միացումները մեքենաների, էլեկտրասարքավորումների և ապարատների հենամարմիններին, ինչպես նաև հողանցչի հետ պետք է կատարվեն զոդումով կամ հուսալի հեղույսային միացմամբ:

256. Նոր տեղակայված կամ տեղափոխված էլեկտրասարքավորման միացումից առաջ պետք է չափվի հողանցման դիմադրությունը, չափման արդյունքները գրանցվեն հատուկ մատյանում:

257. Պայթեցման աշխատանքների կատարումից հետո այդ գոտում գտնվող հողանցման ցանցը պետք է ենթարկվի պարտադիր զննման:

 

4. ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԵՎ ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԸ

 

258. Էլեկտրահաղորդման օդային գծերի տակ չպետք է լինեն ապարի, հանքաքարի հենակոճղի, ռելսերի և այլ նյութերի դարսակներ:

259. Հանքաստիճանի վրա հեռավորությունն էլեկտրահաղորդման օդային գծերի ներքևի ֆազի հաղորդալարից մինչև գետնի մակերևույթը հաղորդալարերի առավելագույն կախվածքի դեպքում պետք է լինի ոչ պակաս N 1 աղյուսակում բերված մեծություններից:

 

Աղյուսակ N 1

._________________________________________________________________.

|           Գծի անցման շրջանը           | Ֆազի լարից մինչև  գետին |

|                                       |հեռավորությունը, մ լարման|

|                                       |       դեպքում` կՎ       |

|                                       |_________________________|

|                                       |մինչև  1 կՎ|1-10 կՎ|35 կՎ|

|_______________________________________|___________|_______|_____|

|Բացահանքի և  ապարային լցակույտի տարածք |     6     |  6    |  6  |

|_______________________________________|___________|_______|_____|

|Մարդկանց համար դժվարամատչելի և         |     5     |  5    |  5  |

|տրանսպորտի համար անմատչելի տեղեր       |           |       |     |

|_______________________________________|___________|_______|_____|

|Հանքաստիճանի շեպեր                     |     3     |  3    |  3  |

._________________________________________________________________.

 

260. Հորիզոնական հեռավորությունն էլեկտրահաղորդման գծերի եզրային հաղորդալարերից դրանց ամենամեծ շեղման դեպքում շենքերի ու շինությունների մերձակա ցցված մասերի միջև պետք է լինի ոչ պակաս 2 մ-ից` գծի` մինչև 10 կՎ լարման դեպքում և 4 մ` գծի` մինչև 35 և 110 կՎ-ի լարման դեպքում:

261. Հանքաստիճանի վրա հորիզոնական հեռավորությունը 10 կՎ լարմամբ էլեկտրահաղորդման (անշարժ կամ շարժական) գծի եզրային հաղորդալարից պետք է լինի ոչ պակաս ստորև բերված մեծություններից`

1) չշեղված դիրքում` մինչև հպման ցանցի եզրային հաղորդալարը 2,5 մ.

2) չշեղված դիրքում` մինչև ավտոճանապարհի հողային ծածկույթի եզրը 2 մ:

262. Լարման տակ գտնվող օդային էլեկտրահաղորդման գծերի տակ էքսկավատորների, ամբարձիչների, հորատման մեքենաների, ավտոմեքենաների և այլ մեքենասարքավորումների աշխատանքը թույլատրվում է, եթե օդով այդ մեքենասարքավորումների բարձրացնող սարքերի հեռավորությունը բարձրացված վիճակում մինչև լարման տակ գտնվող մոտակա հաղորդալարը կազմում է ոչ պակաս`

1) մինչև 1-20 կՎ լարման դեպքում` 2 մ.

2) մինչև 35 կՎ լարման դեպքում` 4 մ: Ավտոմոբիլային ճանապարհների հետ հատման դեպքում հեռավորությունը հաղորդալարի ներքևի ֆազից մինչև մեքենայի վերևի կետը կամ բեռը պետք է լինի ոչ պակաս.

3) մինչև 20 կՎ լարման դեպքում` 2 մ.

4) մինչև 35 կՎ լարման դեպքում` 2,5 մ:

263. Մինչև 35 կՎ էլեկտրահաղորդման գծերում թույլատրվում է օգտագործել շարժական հենասյուներ, որոնց հեռավորությունը միմյանցից պետք է լինի 50 մ-ից ոչ ավելի:

264. Պայթեցման աշխատանքների կատարման ժամանակ վտանգավոր գոտում գտնվող բոլոր օդային և մալուխային էլեկտրահաղորդման գծերը պետք է անջատվեն, պայթյունից հետո գծերը միացնելուց առաջ զննվեն և բացահայտված թերությունները վերացվեն:

265. Արգելվում է էլեկտրահաղորդման գծերի վրա աշխատանքներ կատարել ամպրոպի ժամանակ:

266. Ճկուն մալուխների միացումը պետք է կատարվի ռետինացման (վուլկանացում) միջոցով: Մալուխի ջղի մեկուսապատվածքը ռետինացման միջոցով վերականգնելուց հետո պետք է փորձարկվի դրա դիէլեկտրիկ ամրությունը: Հոսանքի փորձարկման լարման մեծությունը նոմինալից (անվանականից) պետք է մեծ լինի առնվազն 2 անգամ, փորձարկման տևողությունը սահմանվում է 5 րոպե:

267. Շարժական մեքենաները սնող ճկուն մալուխը պետք է անցկացնել այնպես, որպեսզի բացառվի դրա վնասվելու, սառչելու, կպչելու, ապարի տակ մնալու, դրա վրայով մեքենաների և սարքավորումների անցման հնարավորությունը: Ջրավորված տեղանքով մալուխը պետք է անցկացվի հենարանների վրայով: Հերթափոխի սկզբում և աշխատանքի ընթացքում ճկուն մալուխները պետք է զննվեն տվյալ կայանքն սպասարկող անձնակազմի կողմից:

268. Ճկուն մալուխի տեղափոխումը պետք է կատարվի մեխանիզմների օգնությամբ` կիրառելով մալուխների ծալվածքների շառավղի սահմանափակումն ապահովող հատուկ հարմարանքներ: Մալուխի նորոգումը պետք է կատարվի սնող կետից անջատելուց և մնացորդային էլեկտրական լիցքից լիցքաթափելուց հետո:

269. Լարման տակ գտնվող էլեկտրական մալուխն էքսկավատորին մոտեցնելու համար սպասարկող անձնակազմը պետք է օգտվի դիէլեկտրիկ ձեռնոցներից (թաթմաններից) կամ մեկուսացված բռնակով հատուկ հարմարանքից:

270. Ավտոճանապարհի հետ հատման մասերում, մալուխը պետք է վնասումից պաշտպանված լինի խողովակներով, պատյանով և կիսախողովակով:

271. Մինչև 1000 Վ լարումով ճկուն մալուխները, որոնց աշխատանքը պահանջում է հաճախակի անջատումներ, պետք է միացվեն խրոցակային ագույցներով, իսկ վարդակը` (հորիզոնական) պետք է տեղադրվի սնման աղբյուրի կողմից:

272. Ներհանքային 1000 Վ և ավելի լարում ունեցող շարժական ցանցերի հենաթռիչքներում հաղորդալարերի, հողանցվող ճոպանների միացումը պետք է կատարվի հատուկ սեղմակներով: Յուրաքանչյուր հենաթռիչքում մեկ հաղորդալարի կամ ճոպանի վրա նախատեսվում է ունենալ 3-ից ոչ ավելի միացումներ:

273. Արգելվում է մեկից ավելի միացում կամ արտուղղում գործարկիչների և տրանսֆորմատորների սեղմակներից, եթե դա նախատեսված չէ սեղմակի կամ միացման արմատուրի կառուցվածքով:

 

5. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

274. Բացահանքերի էլեկտրական լուսավորման ցանցերում, ինչպես նաև շարժական մեքենաների ու սարքավորումների հիմնական էլեկտրական լուսավորության կետերում պետք է կիրառվի 220 Վ-ից ոչ ավելի մեկուսացված չեզոք կետով և գծային լարումով էլեկտրական համակարգ: Լուսավորման հատուկ տեսակներ կիրառելու դեպքերում թույլատրվում է 220 Վ-ից բարձր լարում:

275. Ձեռքի շարժական լամպերի սնուցման համար պետք է օգտագործվեն փոփոխական հոսանքի 36 Վ-ից ոչ բարձր գծային լարում և հաստատուն հոսանքի` մինչև 50 Վ լարում:

276. Առանձին տրանսֆորմատորային ենթակայաններից սնվելու դեպքում բացահանքից դուրս գտնվող լցակույտերի ու ավտոճանապարհների լուսավորման համար թույլատրվում է օգտագործել 380/220 Վ լարում:

277. Մինչև 1650 Վ ներառյալ լարումով հաստատուն հոսանքի հպացանցի շարժական և անշարժ հենասյուներից թույլատրվում է հպման լարից բարձր հենարանի վրա կախել էլեկտրական լուսավորության հաղորդալարեր և լամպեր: Հպման լարի և լուսավորման հաղորդալարերի միջև հեռավորությունն ուղղաձիգով պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս: Լուսավորության ցանցի մեկուսիչները կիրառվում են 1650 Վ-ից բարձր լարման համար: Կողային կախման դեպքում հեռավորությունը հպման լարից մինչև հենասյունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

278. Արգելվում է հենասյուներից հպման լարերի և կապի լարերի համատեղ կախելը:

279. Լուսավորության հաղորդալարերից ցածր փայտե հենասյուների վրա կախված լամպերի և լուսատուների փոխելը պետք է կատարվի հպման լարը հոսանքից անջատելուց հետո:

280. Լուսավորման ցանցի նորոգումը (կեռերի, ցցաձողերի և մեկուսիչների փոխելը, հաղորդալարերի ձգումը) պետք է կատարվի հպման և լուսավորման ցանցերի լարումը հանելուց հետո:

281. Բացահանքի աշխատանքային տեղերի լուսավորությունը պետք է կատարվի համաձայն N 2 աղյուսակով սահմանված նորմերի:

 

Աղյուսակ N 2

.__________________________________________________________________.

|     Բացահանքի     |Նվազագույն|Հարթությունը,|Ծանոթագրություն      |

|    օբյեկտները     | լուսավո- |որում        |                     |

|                   |րությունը,|նորմավորվում |                     |

|                   |    լկ    |է            |                     |

|                   |          |լուսավորու-  |                     |

|                   |          |թյունը       |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|         1         |    2     |      3      |          4          |

|___________________|__________|_____________|_____________________|

|Աշխատանքների       |   0,2    |լուսավորվող  |լուսավորման ենթակա   |

|կատարման վայրի     |          |մակերևույթի  |վայրը սահմանվում է   |

|տարածքը            |          |մակարդակով   |բացահանքի            |

|                   |          |             |ղեկավարության կողմից |

|___________________|__________|_____________|_____________________|

|Մեքենայի աշխատելու |    5     |հորիզոնական  |լուսավորությունը պետք|

|տեղեր`             |          |             |է ապահովի աշխատող    |

|բացահանքերում,     |    8     |ուղղաձիգ     |մեքենասարքավորումների|

|ապարների           |          |             |գործողությունն ամբողջ|

|լցակույտում և  այլ |          |             |խորությամբ և         |

|տեղամասերում       |          |             |բարձրությամբ         |

|___________________|__________|_____________|_____________________|

|Ձեռքի աշխատանքի    |    5     |հորիզոնական  |                     |

|տեղեր              |          |             |լուսավորությունը     |

|___________________|          |             |ապահովվում է         |

|Ավտոմեքենաների     |    10    |ուղղաձիգ     |լուսավորվող          |

|(ավտոգնացքների)    |          |             |մակերևույթի          |

|բեռնաթափման տեղեր` |    3     |հորիզոնական  |մակարդակով           |

|լցակույտերում,     |          |             |                     |

|փոխաբեռնման        |          |             |                     |

|կետերում           |          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Բուլդոզերի կամ այլ |    10    |տրակտորի     |                     |

|տրակտորային        |          |թրթուրի      |                     |

|մեքենայի աշխատելու |          |մակերևույթի  |                     |

|վայրը              |          |մակարդակով   |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Հորատման           |    10    |ուղղաձիգ     |լուսավորությունը     |

|աշխատանքների       |          |             |ապահովվում է հորատման|

|կատարման տեղեր     |          |             |հաստոցի բարձրությամբ |

|___________________|__________|_____________|_____________________|

|Մեքենաների և       |    30    |հորիզոնական  |հատակից 0,8 մ        |

|մեխանիզմների       |          |             |բարձրությամբ         |

|խցիկներ            |          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Հողածուծ սարքի սրահ|    10    |հորիզոնական  |հողածուծային սարքի   |

|և  հողածուծային    |          |             |սրահներում` հատակից  |

|խյուսափոսի (զումֆ) |          |             |0,8 մ բարձրությամբ   |

|վայրը              |          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Փոխակրիչային       |    5     |փոխակրիչի    |                     |

|հոսքային գծեր      |          |մակերևույթի  |                     |

|                   |          |վրա          |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Փոխակրիչային       |    10    |հորիզոնական  |                     |

|թմբուկների         |          |             |                     |

|սպասարկման գոտի    |          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Փոխակրիչային       |    50    |փոխակրիչային |ապարատեսակավորման    |

|ժապավենների        |          |ժապավենի     |տեղից 1,5 մ-ից ոչ    |

|ապարների ձեռքով    |          |մակերևույթի  |ավելի հեռավորության  |

|ջոկման տեղեր       |          |վրա          |վրա` փոխարկիչային    |

|                   |          |             |ժապավենի շարժման     |

|                   |          |             |հակառակ ուղղությամբ  |

|___________________|__________|_____________|_____________________|

|Տեղամասերում       |    10    |հորիզոնական  |                     |

|աշխատողների        |          |             |                     |

|տաքացման           |          |             |                     |

|շինություններ      |          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Բացահանքի          |    3     |հորիզոնական  |                     |

|հանքաստիճանների    |          |             |                     |

|սանդուղքներ և      |          |             |                     |

|իջնելու տեղեր      |          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Բացահանքում        |    1     |հորիզոնական  |                     |

|աշխատողների մշտական|          |             |                     |

|տեղաշարժման ուղիներ|          |             |                     |

|___________________|__________|_____________|_____________________|

|Ավտոճանապարհներ    |  0,5-3   |հորիզոնական  |լուսավորությունն     |

|բացահանքի շրջագծում|          |             |ապահովվում է         |

|(կախված            |          |             |ավտոմեքենաների       |

|երթևեկության       |          |             |երթևեկության         |

|ինտեսիվությունից)  |          |             |մակարդակով           |

.__________________________________________________________________.

 

------------------------------------------------------

ԻՐՏԵԿ- շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.01.2010
N 51-Ն
Որոշում