Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻ ...

 

 

020.0865.100210

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

ՔԱՂԱՔԱՑԻ ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ԵՎ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ, «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 9-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՐՐՈՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 10 փետրվարի 2010թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի (զեկուցող), Հ. Դանիելյանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` դիմող Ս. Հովհաննիսյանի, գործով որպես պատասխանող ներգրավված` ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ա. Խաչատրյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Քաղաքացի Սամվել Հովհաննիսյանի դիմումի հիման վրա` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը քաղաքացի Ս. Հովհաննիսյանի` 15.10.2009թ. ՀՀ սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի 2009 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6 և 8-րդ հոդվածների, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի և 52-րդ հոդվածի 1-ին մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ Ս. Հովհաննիսյանի դիմումը քննության է ընդունվել մասնակի. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի վերաբերյալ դիմումի քննությունը մերժվել է` վիճարկվող դրույթը դիմողի նկատմամբ կիրառված չլինելու պատճառաբանությամբ:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, դիմող և պատասխանող կողմերի գրավոր բացատրությունները, հետազոտելով «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքները և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի հոկտեմբերի 27-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի նոյեմբերի 25-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի նոյեմբերի 30-ին:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2002 թվականի նոյեմբերի 19-ին, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել` 2003 թվականի մարտի 31-ին և ուժի մեջ է մտել 2003 թվականի ապրիլի 10-ին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 6. Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

Զինծառայողներին նշանակվում են պետական կենսաթոշակներ`

ա) երկարամյա ծառայության համար.

բ) հաշմանդամության համար:

Զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին նշանակվում է սոցիալական կենսաթոշակ` կերակրողին կորցնելու դեպքում»:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է.

«Հոդված 8. Կենսաթոշակի ընտրության իրավունքը

Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ»:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին իր ընտրությամբ նշանակվում է մեկ կենսաթոշակ»:

2. Քննության առարկա գործի դատավարական նախապատմությունը հանգում է նրան, որ դիմողը 1978 թվականի օգոստոսի 31-ից մինչև 1996 թվականի նոյեմբերի 2-ը ծառայել է ՀՀ ոստիկանության համակարգում: 1998 թվականի հունվարի 7-ից մինչև 2007 թվականի հուլիսի 23-ն աշխատել է ՀՀ դատախազության համակարգում և զբաղեցրել ՀՀ զինվորական դատախազության ՀԿԳ քննիչի պաշտոն: 2007 թվականի հուլիսի 23-ին սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից և նույն օրն էլ ծառայության է անցել ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչությունում` որպես ՀԿԳ ավագ քննիչ:

2008 թվականի մարտի 18-ին ազատվել է աշխատանքից և անցել երկարամյա ծառայության կենսաթոշակի: 2008 թվականի ապրիլի 18-ին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` ոստիկանության երկարամյա ծառայության կենսաթոշակից հրաժարվելու և դատախազության երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով, ինչը մերժվել է այն հիմնավորմամբ, որ ինչպես ոստիկանության ծառայողների, այնպես էլ դատախազության աշխատողների թոշակավորումը կատարվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքով, և հիմքեր չկան ՀՀ դատախազության համակարգից կենսաթոշակի անցնելու համար:

Դիմողը 2008 թվականի հունիսի 2-ին դիմել է ՀՀ վարչական դատարան` ի թիվս այլոց, ՀՀ դատախազության անգործությունը վիճարկելու և ՀՀ դատախազությանը ոստիկանության երկարամյա ծառայության կենսաթոշակը դատախազության երկարամյա ծառայության կենսաթոշակով փոխելուն պարտավորեցնելու պահանջով, ինչը ՀՀ վարչական դատարանի 02.06.2009թ. վճռով մերժվել է: Վարչական դատարանը ՀՀ դատախազությանը ոստիկանության երկարամյա ծառայության կենսաթոշակը դատախազության երկարամյա ծառայության կենսաթոշակով փոխելուն պարտավորեցնելու պահանջի մասով մերժումը պատճառաբանել է նրանով, որ կենսաթոշակների տեսակները սահմանված են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով, հայցվորի պահանջը վերաբերում է ոչ թե կենսաթոշակի տեսակը փոխելուն, այլ մեկ համակարգի փոխարեն մյուս համակարգից նույն տեսակի կենսաթոշակ նշանակելուն, և կենսաթոշակը մեկ համակարգից մյուս համակարգ տեղափոխելը չի նշանակում կենսաթոշակի տեսակը փոխել:

Վերը նշված վճռի դեմ դիմողը վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան: Վերջինս, վերահաստատելով ՀՀ վարչական դատարանի եզրահանգումները, իր` 29.07.2009թ. որոշմամբ վերադարձրել է վճռաբեկ բողոքը:

3. Դիմողը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների համակարգի ծառայողների համար սահմանված երկարամյա ծառայության համար կենսաթոշակը երկարամյա ծառայության համար կենսաթոշակի տարբեր տեսակներ են: Միաժամանակ դիմողը ՀՀ և ՌԴ կենսաթոշակային ապահովության բնագավառը կարգավորող օրենսդրական ակտերի համեմատական վերլուծության արդյունքում գտնում է, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6 և 8-րդ հոդվածները, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջներին, ինչը հնարավորություն է ընձեռում, որպեսզի վարչական և դատական մարմիններն օրենքի մեկնաբանման և կիրառման հարցում ցուցաբերեն կամայական մոտեցում:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված հոդվածը երկարամյա ծառայության համար կենսաթոշակ ստանալու իրավունքը վերապահել է բացառապես զինծառայողներին, ինչի կապակցությամբ այն ներքին հակասության մեջ է գտնվում նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի հետ, որը երկարամյա ծառայության համար կենսաթոշակ ստանալու իրավունքը վերապահել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների ծառայողներին: Դրա հետևանքով, ըստ դիմողի, առկա է օրենսդրական բաց, որը դրսևորվում է նրանում, որ «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը հնարավորություն չի ընձեռում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության, արտակարգ իրավիճակների հանրապետական գործադիր մարմինների համակարգի ծառայողների համար սահմանված երկարամյա ծառայության համար կենսաթոշակն առանձին-առանձին, ըստ համապատասխան համակարգերի, դիտարկել որպես երկարամյա ծառայության կենսաթոշակի տարբեր տեսակներ:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի առնչությամբ դիմողը գտնում է, որ նշված դրույթների իրավական անորոշության հետևանքով հնարավոր չէ կանխատեսել, թե պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձին երբ է տրվում պետական տարբեր կենսաթոշակների միջև ընտրություն կատարելու իրավունք` կենսաթոշակ նշանակելիս, թե՞ նաև կենսաթոշակ նշանակվելուց հետո, եթե կենսաթոշակի անցնելուց հետո անձը շարունակում է աշխատել և այդ ընթացքում ձեռք է բերում մեկ այլ տեսակի կենսաթոշակի իրավունք: Դիմողը գտնում է, որ տարբեր կենսաթոշակի միջև ընտրություն կատարելու իրավունքը պետք է տարածվի վերը նշված բոլոր դեպքերի վրա:

Որպես իրավակիրառական պրակտիկայում վիճարկվող նորմերի իրավական անորոշության հետևանքով դրանց կամայական մեկնաբանության առկայության ապացույց դիմողը վկայակոչում է իր գործով ՀՀ վարչական դատարանի 02.06.2009թ. կայացրած վճիռը և նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.07.2009թ.` «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, որով ՀՀ վճռաբեկ դատարանը վերահաստատել է վարչական դատարանի եզրահանգումները:

4. Պատասխանող կողմը` առարկելով դիմողի փաստարկների դեմ, գտնում է, որ դիմողի բարձրացրած հարցերը հիմնականում վերաբերում են իրավական ակտերի մեկնաբանության հետ կապված խնդիրների, և պետք է դիտարկվեն այդ տեսանկյունից: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ է և դրանում` «պետական տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձ» հասկացությունը վկայում է, որ խոսքը վերաբերում է այն դեպքին, երբ անձը դեռ չի իրացրել իր պետական կենսաթոշակ ստանալու իրավունքը:

Կենսաթոշակի իրավունքը հանդիսանում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերած անձի գույքային իրավունք: Այդ գույքային իրավունքի իրացման դեպքում անձը կորցնում է այդ` արդեն իրացրած իրավունքը, «...փոխարենը ձեռք բերում այլ իրավունք` գույք»: Դիմողը նշված գույքային իրավունքն իրացրել է կենսաթոշակ ստանալու համար ներկայացրած դիմումի բավարարմամբ:

Հիմք ընդունելով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` կենսաթոշակի տեսակները` պատասխանողը գտնում է, որ կենսաթոշակի տեսակի փոփոխումը ենթադրում է նշված հոդվածով սահմանված կենսաթոշակի մեկ տեսակի փոխարինումը նույն հոդվածով նախատեսված կենսաթոշակի այլ տեսակով: Մինչդեռ խնդրո առարկա դեպքում խոսքը վերաբերում է նույն տեսակի` երկարամյա ծառայության պետական կենսաթոշակի փոփոխման պահանջին, ինչն օրենքով չի սահմանվում:

Պատասխանողը գտնում է, որ վիճարկվող դրույթները սահմանում են պետական կենսաթոշակների տեսակները և պետական կենսաթոշակի տեսակը փոխելու քաղաքացու իրավունքը, հետևաբար` այդ առումով այդ դրույթները չեն կարող հակասել ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածի պահանջներին:

5. Սույն գործի քննության շրջանակներում անհրաժեշտություն է առաջանում պարզել «պետական կենսաթոշակների տեսակներ» դրույթի իմաստը, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում օգտագործված` «զինվորական ծառայություն» հասկացության բովանդակությունը, «կենսաթոշակի ընտրության իրավունք» և «կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունք» հասկացությունների բովանդակությունը, «դատախազների թոշակավորում» և «զինծառայողների թոշակավորում» հասկացությունների բովանդակային ընդհանրություններն ու տարբերությունները: Այդ կապակցությամբ հարկ է վիճարկվող հոդվածները դիտարկել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքների տարբեր հոդվածների, ինչպես նաև կենսաթոշակային հարաբերությունները կարգավորող այլ իրավական ակտերի համատեքստում:

6. «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է պետական կենսաթոշակների տեսակները: Նշված հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը սահմանել է պետական կենսաթոշակների երկու տեսակ` ապահովագրական և սոցիալական: Այդ տեսակներից յուրաքանչյուրի համար նույն հոդվածով սահմանվել են նաև պետական կենսաթոշակների ենթատեսակներ: Մասնավորապես, ըստ դիտարկվող հոդվածի` պետական կենսաթոշակի «ապահովագրական» անվանումը կրող տեսակը ստորաբաժանված է «տարիքային», «արտոնյալ պայմաններով», «երկարամյա ծառայության», «հաշմանդամության», «կերակրողին կորցնելու դեպքում» ու «մասնակի» ենթատեսակների: Պետական կենսաթոշակի` «սոցիալական» անվանումը կրող տեսակն ստորաբաժանված է «ծերության», «հաշմանդամության», «կերակրողին կորցնելու դեպքում» ենթատեսակների: Նույն օրենքի 52-րդ հոդվածի ուսումնասիրությունից բխում է, որ պետական կենսաթոշակների վերը նշված ենթատեսակները ևս հանդիսանում են պետական կենսաթոշակի տեսակներ:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական կենսաթոշակների նշված երկու տեսակների տարբերակման հիմքում դրված են աշխատանքային հարաբերությունները: Այսինքն` ապահովագրական կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է կա՛մ կենսաթոշակառուի աշխատանքային (ապահովագրական) ստաժով, կա՛մ, կախված ապահովագրական կենսաթոշակի տարատեսակների բնույթից, աշխատանքային խեղմամբ կամ մասնագիտական հիվանդությամբ կամ դրանց հետևանքով կերակրողին կորցնելով: Իսկ սոցիալական կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է անձի` աշխատանքային հարաբերությունների հետևանք չհանդիսացող հիվանդությամբ կամ դրա հետևանքով կերակրողին կորցնելով, ինչպես նաև անձի տարիքով, ինչի հետևանքով նա անկարող է դառնում իրեն ապահովել ինքնուրույն աշխատանքով և, միևնույն ժամանակ, նրա աշխատանքային ստաժը չի բավարարում նրան նշանակել տարիքային ապահովագրական կենսաթոշակ:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է նաև, որ երկարամյա ծառայության կենսաթոշակի վերաբերյալ նույն օրենքով սահմանված իրավակարգավորումը չի վերաբերում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում նշված սուբյեկտներին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը զինծառայող է համարում Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, «Հայաստանի փրկարար ծառայության»` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում` հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողներին:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի վիճարկվող 6-րդ հոդվածը զինծառայողների, այն է` Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, «Հայաստանի փրկարար ծառայության»` «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 112-րդ հոդվածով սահմանված դեպքերում` հանրապետական գործադիր մարմինների համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողների և դրանց հավասարեցված անձանց համար սահմանում է պետական կենսաթոշակների հետևյալ երկու տեսակները` երկարամյա ծառայության համար և հաշմանդամության համար:

Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ զինծառայողների համար սահմանված պետական կենսաթոշակների նշված երկու տեսակները, ի տարբերություն «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական կենսաթոշակի «ապահովագրական» և «սոցիալական» անվանումը կրող տեսակների, ունեն նաև ընդհանրություններ: Բոլոր դեպքերում, նշված ընդհանրության հիմքում դրված են միայն աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները: Տվյալ դեպքում օրենսդիրը հաշվի է առել միայն ծառայողական պարտականությունների ոչ ստանդարտ, արտակարգ, կյանքի համար վտանգավոր պայմաններում կատարման հանգամանքը` այս առումով հավասար և միասնական մոտեցում ցուցաբերելով նմանատիպ ծառայություններ իրականացնող Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, Հայաստանի փրկարար ծառայության համակարգերին: Այսինքն` թե' երկարամյա ծառայության համար, թե՛ հաշմանդամության համար կենսաթոշակի իրավունքը պայմանավորված է միայն կենսաթոշակառուի աշխատանքային (ապահովագրական) ստաժով, կա՛մ, հաշմանդամության համար կենսաթոշակի դեպքում` ծառայության ընթացքում ձեռք բերված խեղմամբ կամ հիվանդությամբ կամ դրանց հետևանքով կերակրողին կորցնելով:

Նկատի ունենալով տարբեր համակարգերում երկարամյա ծառայության համար կենսաթոշակի բնույթի, նշանակման ու վճարման կարգի համասեռությունը, օրենսդիրն առանձին-առանձին` ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, Հայաստանի փրկարար ծառայության հանրապետական գործադիր մարմինների համակարգի, չի տարբերակել երկարամյա ծառայության համար կենսաթոշակի ենթատեսակներ:

7. Կենսաթոշակային ապահովության վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը քաղաքացիներին վերապահելով կենսաթոշակի ընտրության իրավունք, միաժամանակ վերջիններիս վերապահել է նաև կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունք: Այդ իրավունքը սահմանված է, մասնավորապես, «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներով: Օրենսդրության մեջ նշված երկու ինստիտուտների տարբերակումն ինքնանպատակ չէ: «Կենսաթոշակի տեսակ փոխել» հասկացության մեջ «փոխել» բառի առկայությունից բխում է, որ կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունքն անձի մոտ ծագում է այն ժամանակ, երբ տվյալ անձի նկատմամբ արդեն իսկ նշանակվել է կենսաթոշակ:

Ի կատարումն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 20 և 26-րդ հոդվածների, ՀՀ կառավարությունը 12.05.2005 թվականին ընդունել է «Կենսաթոշակ ստանալու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակ փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգը հաստատելու մասին» թիվ 930-Ն որոշումը, որը, ի թիվս այլոց, պետք է սահմաներ կենսաթոշակի տեսակը փոխելու կարգը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ կառավարության տվյալ որոշումը լիարժեք չի իրացրել օրենքի պահանջը, քանի որ գործնականում հստակ չէ կենսաթոշակի տեսակը փոխելու կարգը: Նման վիճակը հետևանք է նաև այն բանի, որ օրենքով հստակ սահմանված չեն «կենսաթոշակի ընտրության իրավունք», «կենսաթոշակի տեսակը փոխելու իրավունք», «կենսաթոշակի տեսակ», «կենսաթոշակի ենթատեսակ» հասկացությունները:

Առաջացել է լուրջ շփոթ նաև այն պատճառով, որ համակարգային մոտեցում չցուցաբերելով, «Դատախազության մասին» 22.02.2007թ. օրենքն ընդունելուց հետո պահպանվել է ՀՀ 1998թ. օրենքի 40-րդ հոդվածի այն դրույթի իրավաբանական ուժը, համաձայն որի` «Դատախազների և քննիչների թոշակավորում իրականացվում է ներքին գործերի մարմիններում ծառայություն անցնող ղեկավար կազմի անձանց համար կիրառվող պայմաններով, նորմերով և կարգով»: «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքների` քննության առարկա նորմերի գործողության պայմաններում «Դատախազության մասին» ՀՀ օրենքի տվյալ նորմն իրավաչափ կարող էր լինել միայն սույն որոշման 6-րդ կետում հիշատակված համասեռության պայմաններում: Իրականում այդ պայմանը չի գործում: Գործնականում առկա են երկու տարբեր համակարգեր, որոնցում համադրելի չեն աշխատանքի ստաժը և կենսաթոշակի չափը, և որոնցից յուրաքանչյուրից դիմողը հավասար իրավունք ունի ստանալու երկարամյա ծառայության համար կենսաթոշակ:

i

ՀՀ սահմանադրական դատարանն իր` 4 հոկտեմբերի 2006թ. ՍԴՈ-649 որոշման մեջ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է»: Նույն որոշման մեջ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ «Կենսաթոշակը սոցիալական ապահովության միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի»: Հետևաբար, պատասխանող կողմի, ինչպես նաև ՀՀ վարչական դատարանում պատասխանողի ներկայացուցիչների բոլոր դատողություններն առ այն, որ անձը միայն մեկ անգամ իրավունք ունի կենսաթոշակի տեսակ ընտրել և այն հետագայում փոփոխման ենթակա չէ, սահմանադրական դատարանը համարում է ոչ հիմնավոր` դիմումատուի հայցապահանջը մերժելու տեսանկյունից: Դիմողի բարձրացրած հիմնախնդիրն ամենևին չի առնչվում վեճի առարկա հոդվածների դրույթներին, որոնք իրենց իրավակարգավորման շրջանակներում սահմանադրականության խնդիր չեն առաջացնում: Այն վերաբերում է կենսաթոշակների նշանակման հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից երկու ոչ միասեռ համակարգերն արհեստական ձևով միմյանց կապակցելուն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմողի սահմանադրական իրավունքն է պահանջել ու ստանալ իր հասանելիք երկարամյա ծառայության կենսաթոշակը` իր իսկ կողմից ընտրված համակարգից` նաև իր որոշումը վերանայելու հիմքով: ՀՀ որևէ օրենքով տվյալ հարցով անձի որոշումը փոխելու իրավունքը սահմանափակված չէ: ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ մի շարք միջազգային իրավական պարտավորություններով միանշանակ պահանջ է առաջադրված, որ իրավունքի սահմանափակումը պետք է նախատեսված լինի միայն օրենքով, լինի համաչափ, չաղավաղի իրավունքի էությունը:

Հաշվի առնելով, որ պատասխանող կողմը, ինչպես նաև վարչական դատարանը, վարչական դատարանում պատասխանողի ներկայացուցիչը և երրորդ անձինք դիմողի իրավունքի սահմանափակումը բխեցնում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի մեկնաբանությունից, սահմանադրական դատարանը գտնում է, որ նման մեկնաբանությունը հիմնավոր չէ, չի բխում ՀՀ Սահմանադրության 1, 3, 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներից:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 1-ին կետով, 102-րդ հոդվածով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

i

2. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

i

3. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի երրորդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակության մասով, որով սահմանափակվում է անձի իրավունքը կենսաթոշակը նշանակելուց հետո կատարել վերընտրություն, ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 31 և 83.5-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

4. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

10 փետրվարի 2010 թվականի

ՍԴՈ-865

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
10.02.2010
N ՍԴՈ-865
Որոշում