ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ 3-90(ՎԴ)
Քաղաքացիական գործ թիվ 08-1913 2009 թ.
Նախագահող դատավոր` Տ. Նազարյան
Դատավորներ` Կ. Հակոբյան
Տ. Սահակյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Վ. Աբելյանի
մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Շահումյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ «Ռազմիկ Ասատրյան և որդի» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումարի բռնագանձման պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 1.941.300 ՀՀ դրամ:
ՀՀ տնտեսական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.11.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 08.11.2007 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել. Տեսչության հայցը մերժվել է: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը, սխալմամբ սույն գործով կիրառելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը, հայցը մերժել է` պատճառաբանելով, որ 1.941.300 ՀՀ դրամի` որպես հարկային տեսչության նյութական խրախուսման և սոցիալական զարգացման ֆոնդի գումարի չվճարման վերաբերյալ խախտումը կատարելուց հետո միայն յոթ տարի անց է Տեսչությունը դիմել դատարան:
Մինչդեռ, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը սույն գործով կիրառելի չէ, քանի որ այն վերաբերում է խախտումներ հայտնաբերելու և ոչ թե դատարան դիմելու ժամկետին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 08.11.2007 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) 19.05.1999 թվականից մինչև 04.06.1999 թվականը Ընկերությունում իրականացվել է 01.12.1998-01.04.1999 թվականներն ընկած ժամանակաշրջանն ընդգրկող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում, որի արդյունքում կազմված թիվ 520-Տ ակտով (այսուհետ` ակտ) արձանագրվել է 19.420.800 ՀՀ դրամ պարտավորություն, որից 1.941.300 ՀՀ դրամը` որպես հարկային մարմնի զարգացման ֆոնդի գումար (հատոր 1-ին, գ.թ. 6-8):
2) Վերոնշյալ հարկային պարտավորության կատարման համար ակտով սահմանվել է 10-օրյա ժամկետ (հատոր 1-ին, գ.թ. 8):
3) Ընկերության կողմից հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը վճարված լինելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց գործում առկա չէ:
4) Տեսչությունը հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը բռնագանձելու պահանջով դատարան է դիմել 02.08.2006 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 4):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն` հարկային պարտավորությունների գծով գումարների մուծումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում հարկային տեսչությունն իրավունք ունի սահմանված կարգով դատարան ներկայացնել հայցադիմում` հարկ վճարողի գույքի բռնագանձման համար:
«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:
Սույն գործով Տնտեսական դատարանը հայցը բավարարելիս հիմք է ընդունել, այն հանգամանքը, որ չի ապացուցվել Տեսչության թիվ 520-Տ ակտով հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին Ընկերությանն առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը վճարված լինելու կամ գերավճարից հաշվանցում կատարված լինելու հանգամանքը:
Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելիս և այն փոփոխելիս կիրառել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածը և հանգել այն հետևության, որ Տեսչությունը պարտավոր էր առաջադրված հարկային պարտավորությունը չկատարելու հանգամանքը հայտնաբերելուց հետո երեք տարվա ընթացքում դիմել դատարան:
Վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի իրավական վերլուծությանը:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ նշված հոդվածով սահմանված ժամկետը վերաբերում է հարկային օրենսդրության խախտման փաստի և դրա` հարկային մարմնի կողմից հայտնաբերման միջև ընկած ժամանակահատվածին:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դրույթը վերաբերում է հարկային պարտավորությունների հայտնաբերման բոլոր դեպքերին` առանց բացառության (տես` ՀՀ ԿԱ ՀՊԾ Սպիտակի տարածքային հարկային տեսչության հայցն ընդդեմ «Աբելյան Դ/Ձ» ԲԲԸ-ի` գումարի բռնագանձման պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի թիվ 3-1586 (ՏԴ)):
Սույն գործի փաստերի համաձայն` Տեսչության թիվ 520-Տ ակտով Ընկերությանը առաջադրվել է 19.420.800 ՀՀ դրամ պարտավորություն, որից 1.941.300 ՀՀ դրամը` որպես հարկային մարմնի զարգացման ֆոնդի գումար, հարկային պարտավորության կատարման համար նշված ակտով սահմանվել է 10-օրյա ժամկետ, գործում առկա չէ Ընկերության կողմից հարկային մարմնի զարգացման ֆոնդի օգտին առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը վճարված լինելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Հիմք ընդունելով վերոգրյալը, Վճռաբեկ դատարանը արձանագրում է, Ընկերությունը Տեսչության թիվ 520-Տ ակտով առաջադրված 1.941.300 ՀՀ դրամը սահմանված 10-օրյա ժամկետում չի վճարել հարկային մարմնի զարգացման ֆոնդին, որի հետևանքով Տեսչությունը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի ուժով գումարի բռնագանձման պահանջով հայց է ներկայացրել դատարան:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից:
Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ տնտեսական դատարանի 08.11.2007 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. Աբելյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան