Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ, 12...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1225-ՐԴ, 1236-ՐԴ, 1245-ՐԴ, 1246-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վճռաբեկ դատարանի որոշում              Քաղաքացիական գործ թիվ 3-123(ՎԴ)

    Քաղաքացիական գործ թիվ 3-728 (ՎԴ)                              2009 թ.

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Նելլի և Վիգեն Ֆլջյանների ընդդեմ Գայանե, Արմեն, Անահիտ, Հովհաննես Բադալյանների, Երևանի «Կենտրոն» նոտարական տարածքի նոտարի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Կենտրոն տարածքային ստորաբաժանման` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները, գույքի բաժանման պայմանագիրն անվավեր ճանաչելու և համատեղ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների վերաբերյալ, քաղաքացիական գործով Վիգեն Ֆլջյանի իրավահաջորդ Սերինե Ֆլջյանի բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» և 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վիգեն և Նելլի Ֆլջյանները պահանջել են անվավեր ճանաչել 29.01.1979 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, Գայանե, Արմեն, Անահիտ Բադալյանների և իրենց միջև 02.10.2001 թվականին նոտարական վավերացմամբ կնքված անշարժ գույքի բաժանման պայմանագիրը, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականները և ժառանգությունն ընդունելու հիմքով ճանաչել իրենց համատեղ սեփականության իրավունքը Երևանի Պուշկինի 46 հասցեում գտնվող, Սերինե Բադալյանին իրականում հասանելիք շինությունների նկատմամբ և այդ հասցեում գտնվող հողամասի 1/3 մասի նկատմամբ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 04.07.2006 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.09.2006 թվականի վճռով Նելլի և Վիգեն Ֆլջյանների հայցը մերժվել է:

Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ Վիգեն Ֆլջյանի իրավահաջորդ Սերինե Ֆլջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի որոշմամբ Սերինե Ֆլջյանի բողոքը` նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշումը վերանայելու մասին, փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարան:

Երևանի քաղաքացիական դատարանի 19.03.2008 թվականի որոշմամբ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթի հարուցումը մերժվել է:

Սերինե Ֆլջյանը ներկայացրել է բողոք` նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի որոշումը վերանայելու մասին:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» և 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումները նոր հանգամանքով վերանայելու հիմք են ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի և 09.09.2008 թվականի որոշումները, Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածները, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1236-րդ, 1245-րդ, 1246-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ Վիգեն Ֆլջյանի իրավահաջորդ Սերինե Ֆլջյանը 05.11.2007 թվականին ներկայացրել է վճռաբեկ բողոք: ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշմամբ վճռաբեկ բողոքը վերադարձվել է: Գտնելով, որ նշված որոշումն անհրաժեշտ չափով պատճառաբանված չէ` ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշման հիման վրա Սերինե Ֆլջյանը ներկայացրել է դիմում` նոր հանգամանքների հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշումը վերանայելու մասին: ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի որոշմամբ նշված դիմումը փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարան` հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 4-րդ կետը: ՀՀ սահմանադրական դատարանի 09.09.2008 թվականի որոշմամբ «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 5-րդ մասը` իրավակիրառական պրակտիկայի կողմից դրան տրված բովանդակությամբ հանդերձ, ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և 42-րդ հոդվածների պահանջներին հակասող և անվավեր: ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր են ճանաչվել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 2-րդ մասը և 204.26-րդ հոդվածը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճիռը կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներով:

Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1236-րդ, 1245-րդ, 1246-րդ հոդվածները, որոնք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 5-րդ հոդվածի ուժով սույն գործով կիրառելի չեն, քանի որ տվյալ իրավահարաբերությունը ծագել է մինչև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի ուժի մեջ մտնելը` 01.01.1999 թվականը:

Արուսյակ Բադալյանի մահից հետո Պուշկինի 46 տունն ամբողջությամբ չէր կարող ժառանգական գույք լինել, ինչպես նշված է վիճարկվող ժառանգության վկայագրում, ուստի Վերաքննիչ դատարանը պետք է կիրառեր վիճելի իրավահարաբերության ծագման ժամանակ գործող քաղաքացիական օրենսգրքի դրույթները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 218-րդ հոդվածների հիման վրա լուծեր վկայագիրն անվավեր ճանաչելու հարցը:

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել այն հանգամանքին, որ վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրում չեն ներառվել օրինականացված ինքնակամ կառույցները, ինչի արդյունքում թեև Վիգեն և Նելլի Ֆլջյանների իրավանախորդ Սերինե Բադալյանը, նրանից հետո նաև Վիգեն և Նելլի Ֆլջյաններն ընդունել են ամբողջ ժառանգական գույքի 1/3 մասը և երբևէ դրանից կամ դրա մի մասից չեն հրաժարվել, սակայն 02.10.2001 թվականի գույքի բաժանման պայմանագրի համաձայն` նրանց անցել է 1/8 մասից էլ պակաս գույք:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը Երևանի քաղաքացիական դատարան փոխանցելու մասին» որոշումը և ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը, փոփոխել դրանք և Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ բերված Սերինե Ֆլջյանի վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ Սերինե Ֆլջյանը վճռաբեկ բողոք է բերել 05.11.2007 թվականին:

2) Նշված բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է բողոքը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230-րդ և 231.2-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:

3) ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշումը նոր հանգամանքների հիմքով վերանայելու մասին Սերինե Ֆլջյանը 29.12.2007 թվականին ներկայացրել է բողոք:

4) ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի որոշմամբ բողոքը փոխանցվել է Երևանի քաղաքացիական դատարան:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.20-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման հիմք է ՀՀ սահմանադրական դատարանի ուժի մեջ մտած որոշումը, որով ամբողջությամբ կամ մի մասով հակասահմանադրական է ճանաչվել այն օրենքը կամ այլ իրավական ակտը, որը կիրառել է դատարանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշմամբ վերադարձվել է Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ բերված Սերինե Ֆլջյանի վճռաբեկ բողոքը:

ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.1-րդ հոդվածի 2-րդ կետը (2006 թվականի հուլիսի 7-ի խմբագրությամբ) վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման պատճառաբանման պարտադիր պայման չնախատեսելու, հետևաբար նաև` արդարադատության արդյունավետության բավարար մատչելիության իրավական երաշխիքներ չապահովելու առումով ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 3-րդ, 6-րդ (1-ին և 2-րդ մասեր), 18-րդ (1-ին մաս) և 19-րդ (1-ին մաս) հոդվածների պահանջներին հակասող և անվավեր:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշումը նոր հանգամանք է ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշման վերանայման համար, հետևաբար այն պետք է վերանայել:

Վերանայելով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում նույն օրենսգրքի 231-րդ հոդվածի և 234-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված է համարել, որ Հովհաննես Բադալյանի մահից հետո պետական նոտարի 1940 թվականի հունիսի 7-ի թիվ 5894 ժառանգության վկայականի համաձայն` նրա օրինական ժառանգներն են կինը` Արուսյակ Բադալյանը, որդիները` Գուրգեն և Լևոն Բադալյանները, դուստրը` Սերինե Բադալյանը: 20.06.1978 թվականին մահացել է Արուսյակ Բադալյանը: 29.01.1979 թվականին Սպանդարյանի շրջանի պետական նոտարական գրասենյակի նոտար Ռ. Սահակյանի կողմից տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, որի համաձայն` Արուսյակ Բադալյանի ժառանգներն են Գուրգեն, Լևոն, Սերինե Բադալյանները: Այդ ժառանգության իրավունքի վկայագրում, որպես ժառանգական գույք, նոտարի կողմից նշվել է Երևանի Պուշկինի 46 հասցեում գտնվող բնակելի տունն ամբողջությամբ: Ընդ որում, վկայականի համաձայն` Սերինե Բադալյանին է անցել կիսանկուղային հարկի 15,4 քմ, 13,6 քմ, 6,7 քմ և 5,6 քմ մակերեսներով տարածքները, Լևոն Բադալյանին` 1-ին հարկից 23,5 քմ, 12,5 քմ մակերեսներով տարածքները, իսկ Գուրգեն Բադալյանին` մնացած բաժինների 1-ին հարկից 35,4 քմ, 19,2 քմ, 16,2 քմ, 4,9 քմ մակերեսներով տարածքները: 29.01.1979 թվականին Գուրգեն, Լևոն, Սերինե Բադալյանները դիմում են ներկայացրել նոտարական գրասենյակ` ժառանգությունն ընդունելու վերաբերյալ: Հետագայում, 07.07.1982 թվականին Սերինե Բադալյանի մահից հետո նրա ժառանգությունը փոխանցվել է զավակներին` Վիգեն և Նելլի Ֆլջյաններին:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ Վիգեն և Նելլի Ֆլջյանների մայրը` Սերինե Բադալյանը, երբևէ չի վիճարկել ժառանգական գույքի չափը, ըստ ժառանգության իրավունքի վկայականի և դրա հիման վրա տրված սեփականության վկայականի փաստացի տիրապետել, օգտագործել և տնօրինել է ժառանգության իրեն հասանելիք մասը, երբևէ որևէ գործողություն չի կատարել իր իրավունքների պաշտպանության ուղղությամբ, և նրա մահից հետո էլ ժառանգական զանգվածն անցել է նրա զավակներին, իսկ 02.10.2001 թվականին կողմերը կնքել են գույքի բաժանման պայմանագիր, որը վավերացվել է նոտարական գրասենյակում և գրանցվել անշարժ գույքի կադաստրում, որից հետո կողմերն առանձնացրել են հողամասը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող վճռի կայացման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հիմնվելով դատարան ներկայացված ապացույցների վրա, գործի կրկնակի քննության արդյունքներով իրավացիորեն հայցը մերժել է:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերանայվող դատական ակտը ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած 01.08.2007 թվականի թիվ 3-1179(ՎԴ) որոշմանն առերևույթ հակասելու մասին վճռաբեկ բողոքի փաստարկն անհիմն է, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած նշված որոշմամբ և սույն գործով Վերաքննիչ դատարանի վերանայվող վճռով կարգավորված իրավահարաբերությունները և գործի փաստական հանգամանքները նույնական չեն:

ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի որոշման կայացման ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վճռաբեկ բողոք բերելու հիմք է գործին մասնակցող անձանց նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի դեմ բերված վճռաբեկ բողոքը քննության ընդունելու վերաբերյալ Սերինե Ֆլջյանի հիմնավորումները` դատական սխալի առկայության, վճռաբեկ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ բողոքում նշված դրույթների միատեսակ կիրառության համար Վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու, ինչպես նաև վերանայվող դատական ակտն առերևույթ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում ընդունած որոշմանը հակասելու մասին, անհիմն են, քանի որ տվյալ դեպքում հիմնավորված չէ նյութական կամ դատավարական իրավունքի խախտման առկայությունը, որը կարող էր ազդել գործի ելքի վրա:

Վերը նշվածի հիման վրա` ՀՀ վճռաբեկ դատարանը 30.11.2007 թվականի որոշմամբ վերադարձրել է Վերաքննիչ դատարանի 28.09.2006 թվականի վճռի դեմ բերված Սերինե Ֆլջյանի վճռաբեկ բողոքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքներով դատական ակտը վերանայելու արդյունքում դատարանն իրավասու է նախորդ դատական ակտը թողնել ուժի մեջ, բողոքը` առանց բավարարման:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշմամբ արձանագրված պատճառաբանություններով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը պետք է թողնել ուժի մեջ, իսկ Սերինե Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման:

Ինչ վերաբերում է նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.01.2008 թվականի որոշումը վերանայելու մասին Սերինե Ֆլջյանի բողոքի պահանջին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն ըստ էության բավարարվել է Վճռաբեկ դատարանի 29.05.2009 թվականի «Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին» որոշման կայացմամբ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.28-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2007 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը թողնել ուժի մեջ, իսկ Սերինե Ֆլջյանի բողոքը` առանց բավարարման:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյանի

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N 3-123(ՎԴ)
Որոշում