Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 70-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԱՐԴ/0117/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԱՐԴ/0117/01/08

Նախագահող դատավոր`  Ա. Դանիելյան

    Դատավորներ`          Մ. Ռեհանյան

                         Ա. Հովհաննիսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

    քարտուղարությամբ`                         Կ. Աբրահամյանի

 

    2 հունիսի 2009 թվական                                     ք. Երևան

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Ռուբեն Գվիդոնի Հովակիմյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2008 թվականի հոկտեմբերի 28-ին հարուցվել է թիվ 58209708 քրեական գործը:

2. 2008 թվականի նոյեմբերի 3-ին Ռուբեն Գվիդոնի Հովակիմյանը ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

3. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճռով դատական քննության արագացված կարգի կիրառմամբ Ռ. Հովակիմյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է ազատազրկման 6 (վեց) ամիս ժամկետով:

4. Ամբաստանյալ Ռ. Հովակիմյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշմամբ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 24-ի դատավճիռը թողնվել է օրինական ուժի մեջ, իսկ ամբաստանյալի վերաքննիչ բողոքը մերժվել է:

5. Վճռաբեկ բողոքը բերվել է դատապարտյալ Ռ. Հովակիմյանի կողմից:

2009 թվականի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ») բողոքն ընդունել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական

հանգամանքները

 

6. Ռ. Հովակիմյանը դատապարտվել է այն բանի համար, որ 1989-90 թվականներին ապօրինի կերպով ձեռք է բերել և մինչև 2008 թվականի հոկտեմբերի 27-ն իր սեփական տանը պահել է 5.6 մմ տրամաչափի թմբուկավոր ինքնաշեն ատրճանակ և 5.6 մմ տրամաչափի «6868» համարի TՕ3-8 տեսակի ակոսափող հրացան, որոնք 2008 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արմավիրի աշխատակիցների կողմից օպերատիվ տվյալներն ստուգելիս զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Նա նշում է, որ հաշվի չառնելով գործի փաստական հանգամանքները` մասնավորապես այն, որ 2007 թվականին ինքը ենթարկվել է սրտի բարդ վիրահատության, տառապում է շաքարախտով, նախկինում արատավորված չի եղել, ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժման մարտերին, Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարաններն իր նկատմամբ նշանակել են անարդարացի` հանցագործության ծանրությանը և իր անձին չհամապատասխանող պատիժ` դրանով թույլ տալով նյութական իրավունքի խախտում, որը կարող է ծանր հետևանքներ առաջացնել իր համար: Բողոքաբերի կարծիքով, դատարանները վերոնշյալ պայմաններում պետք է կիրառեին ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները, ուստի նա խնդրում է մասնակիորեն բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը, և իր նկատմամբ կիրառելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

 

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.

8. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն արդյոք պետք է Ռ. Հովակիմյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեր:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Վերոնշյալ հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտել, որ եթե դատարանը, կայացնելով մեղադրական դատավճիռ ամբաստանյալի նկատմամբ նշանակում է քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում թվարկված պատժատեսակներից (կալանք, ազատազրկում, կարգապահական գումարտակում պահելը) որևէ մեկը` սահմանելով դրա չափը, այնուհետև համոզված լինելով, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը փաստացի կրելու` որոշում է դատապարտյալի վրա որոշակի պարտականություններ դնելով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել (տես Վճռաբեկ դատարանի Գ. Մարտիրոսյանի վերաբերյալ 2008 թվականի փետրվարի 1-ի ՎԲ-01/08 որոշումը):

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման հիմնական պայմանը պատճառաբանված լինելն է: Նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը պետք է հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

Այդ հոդվածի կիրառումը հանցագործության տեսակի հետ կապված որևէ սահմանափակման չի ենթարկվում: Դրա կիրառումը սահմանափակված չէ նաև հանցավոր արարքի վտանգավորության աստիճանով ու բնույթով, ինչպես նաև անձանց շրջանակով, որոնց նկատմամբ այն չի կարող կիրառվել: (Տե՛ս նաև Ս. Ներսիսյանի գործով 2007 թվականի հունիսի 12-ի Վճռաբեկ դատարանի ՎԲ-124/07 որոշումը):

9. Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի` դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը` (...)

6. ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7. ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.

8. ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը:

Նշված իրավադրույթից երևում է, որ կոնկրետ պատժաչափով կոնկրետ պատժատեսակի նշանակումը և արդեն իսկ նշանակված պատիժը կրելու անհրաժեշտության հարցի լուծումն իրենցից ներկայացնում են պատժի հարցերի դատական լուծման գործընթացի ինքնուրույն և հաջորդական փուլեր: Այսինքն` դատարանը նախ և առաջ որոշում է ամբաստանյալի պատժի ենթակա լինելու հարցը, այնուհետև` դրա տեսակը և չափը, որից հետո որոշում` ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը, թե ոչ` հաշվի առնելով նշանակված պատիժն առանց փաստացի կրելու պատժի նպատակներին հասնելու հնարավորության հանգամանքը:

Վերը հիշատակված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի մի շարք դրույթներով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է հանցանքի ծանրությանը, դրա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով նույն օրենսգրքի ընդհանուր մասի դրույթները:

Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով` դրանք բնութագրում են ինչպես կատարած հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով պատժաչափը: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

10. Համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի` պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը հաշվի է առնում հանցավորի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով ամրագրված` պատիժը պայմանականորեն չկիրառելու չափանիշները սպառիչ չեն: Պատիժը պայմանականորեն չկիրառելու իրավական հիմքերը բացահայտելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածում սահմանված իրավադրույթներն անհրաժեշտ է մեկնաբանել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված պատժի նպատակների համատեքստում, համաձայն որի` պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Այլ կերպ` պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում կայացնելիս իրավասու դատարանը յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկի նաև պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը:

Սոցիալական արդարությունը վերականգնելու և պատժի ենթարկված անձի ուղղվելու մասին կարող է վկայել հանցագործությունից հետո հանցավորի դրսևորած վարքագիծը:

11. Գործի տվյալներով հիմնավորված է, որ Ռ. Հովակիմյանը նախկինում արատավորված չի եղել, բնութագրվել է դրական, 2007 թվականին տարել է սրտի բարդ վիրահատություն, տառապում է շաքարախտով, ակտիվ մասնակցություն է ունեցել Ղարաբաղյան շարժման մարտերին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման առումով վերը նշված հանգամանքները ենթակա են գնահատման և դրանց գնահատված չլինելը հիմք է տալիս բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 27-ի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

12. Բողոքարկված դատական ակտի բեկանումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռ. Հովակիմյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին որոշում ընդունելիս ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը չի քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցը, գործի քննության ընթացքում թույլ է տրվել առերևույթ դատական սխալ, որի արդյունքում ընդունված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը, խախտում է սահմանադրորեն պաշտպանվող շահերի անհրաժեշտ հավասարակշռությունը:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ռուբեն Գվիդոնի Հովակիմյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.06.2009
N ԱՐԴ/0117/01/08
Որոշում