Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ԿԵՏԵՐԻ ԵՎ 278-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ Կ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0090/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.    

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ1/0090/02/08

Նախագահող դատավոր`  Ն. Հովսեփյան

    Դատավորներ`          Կ. Հակոբյան

                         Ա. Մկրտչյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Յուրիկ Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Յուրիկ Սարգսյանի ընդդեմ Արամ, Կարինե, Հրաչուհի, Կարեն Պողոսյանների, Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի, ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցումը մասնակիորեն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Յուրիկ Սարգսյանը պահանջել է մասնակիորեն` 100 քմ մակերեսով տնամերձ հողամասի և դրա վրա կառուցված խոհանոցի և սանհանգույցի մասով անվավեր ճանաչել Կադաստրի կողմից գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական 03093-4-8 մատյանի թիվ 000025 համարի տակ Արամ, Կարինե, Հրաչուհի և Կարեն Պողոսյանների անվամբ 17.07.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը և դրանց նկատմամբ ճանաչել իր սեփականության իրավունքը:

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 02.06.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2008 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 02.06.2008 թվականի վճիռը` 100 քմ մակերեսով հողատարածքից 81.72 քմ մակերեսով հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասով, բեկանվել է և փոփոխվել` հայցն այդ մասով մերժվել է: Վճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Յուրիկ Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 278-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի կողմից չեն գնահատվել Արարատի մարզի Տափերականի գյուղապետարանի երեք տեղեկանքները, որոնք հաստատում են, որ բնակելի տան տնամերձ 100 քմ մակերեսով հողամասը 30 տարի շարունակ տիրապետվել և օգտագործվել է Սաթիկ Սարգսյանի և Յուրիկ Սարգսյանի կողմից որպես սեփականություն:

Մասնավորապես, 17.08.2007 թվականի գրությամբ հաստատվում է, որ Սաթիկ Սարգսյանը 1976 թվականից անընդմեջ բնակվել է Տափերական գյուղի Այվազովսկու թիվ 11 հասցեում գտնվող երկհարկանի տան 2-րդ հարկում և օգտագործել է տնամերձ հողամասի 100 քմ մակերեսով բաժինը, իսկ Տափերականի գյուղապետարանի 2007 թվականի թիվ 030 տեղեկանքի համաձայն` Տափերականի գյուղի բնակիչ Յուրիկ Սարգսյանը գյուղապետարանի հետ պարտք ու պահանջ չունի և բնակելի տան տնամերձ 100 քմ հողամասը (առկա շինություններով) 30 տարի շարունակ փաստացի օգտագործում և տնօրինում է որպես սեփականություն:

Բացի այդ, 1994 թվականից Սաթիկ Սարգսյանի բնակարանում բնակություն է հաստատել վերջինիս եղբորորդի Յուրիկ Սարգսյանն իր ընտանիքով: Սաթիկ Սարգսյանի մահից հետո Յուրիկ Սարգսյանը շարունակել է իր ընտանիքի հետ բնակվել նշված բնակելի տանը և փաստացի տիրապետել և օգտագործել է տնամերձ 100 քմ մակերեսով հողամասը և դրա վրա կառուցված խոհանոցն ու սանհանգույցը:

Փաստորեն, բնակելի տան կից 100 քմ մակերեսով հողամասը շուրջ 30 տարի տիրապետվել և օգտագործվել է Սաթիկ Սարգսյանի, այնուհետև նրա եղբորորդի Յուրիկ Սարգսյանի կողմից որպես սեփականություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է հայցի մերժման մասով բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2008 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 02.06.2008 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. 1976 թվականին տեղական իշխանությունների որոշմամբ Սաթիկ Սարգսյանին հատկացվել է Արարատի մարզի Տափերական գյուղի Այվազովսկու թիվ 11 հասցեում գտնվող երկհարկանի տան 2-րդ հարկը (գ. թ. 91):

2. 09.08.1994 թվականի սեփականության վկայագրի համաձայն` Սաթիկ Սարգսյանը և Արամ Պողոսյանը Արարատի մարզի Տափերական գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի համասեփականատերեր են (գ.թ. 4-5):

3. 1994 թվականից Սաթիկ Սարգսյանի բնակարանում բնակություն է հաստատել վերջինիս եղբորորդի Յուրիկ Սարգսյանն իր ընտանիքով (գ. թ. 92):

4. 24.09.2006 թվականին մահացել է Սաթիկ Սարգսյանը (գ. թ. 15):

5. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Յուրիկ Սարգսյանը Սաթիկ Սարգսյանի ժառանգն է (գ. թ. 6):

6. Տափերականի գյուղապետարանի 24.10.2007 թվականի թիվ 030 տեղեկանքի համաձայն` Տափերական գյուղի բնակիչ Յուրիկ Սարգսյանը գյուղապետարանի հետ պարտք ու պահանջ չունի, ի լրացումն 100 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը 30 տարի շարունակ փաստացի օգտագործում և տնօրինում են որպես սեփականություն (գ. թ. 14):

7. Տափերականի գյուղապետի ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի Վեդու տարածքային ստորաբաժանման ղեկավարին ուղղված 17.08.2007 թվականի թիվ 58 գրության համաձայն` Սաթիկ Սարգսյանի բնակելի տանը կից 100 քմ մակերեսով հողամասը շուրջ 30 տարի փաստացի օգտագործվում է նրա կողմից, որտեղ առկա են տնտեսական շինություններ (գ. թ. 17):

8. Տափերականի գյուղապետարանի 06.12.2007 թվականի թիվ 030 տեղեկանքի համաձայն` Յուրիկ Սարգսյանն իր կնոջ և դստեր հետ 06.10.2005 թվականին հաշվառվել է Սաթիկ Սարգսյանի ծխում (գ. թ. 64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1. Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածների համադրումից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն,

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում,

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն,

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տես օրինակ` Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ ընդդեմ Մանվել, Սոֆիկ, Մելանյա, Սամվել Սարիբեկյաններ և Քնարիկ Աղազարյան, Մանվել Սարիբեկյան և Քնարիկ Աղազարյան ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններ` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և սեփականության իրավունքի վկայականը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքը տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 100 քմ մակերեսով հողամասից 81.72 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով դատական ակտի բեկանման և այդ մասով հայցը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Յուրիկ Սարգսյանը 100 քմ մակերեսով (որի մեջ մտնում է նաև 81.72 քմ հողատարածքը) հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման մասով չի կատարել ապացուցման իր պարտականությունը, որը կրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի ուժով:

Մինչդեռ սույն գործում առկա փաստերի համաձայն` Արարատի մարզի Տափերական գյուղում գտնվող տան և տնամերձ հողամասի համասեփականատերեր են Սաթիկ Սարգսյանը և Արամ Պողոսյանը, Սաթիկ Սարգսյանի բնակելի տանը կից 100 քմ մակերեսով հողամասը շուրջ 30 տարի փաստացի օգտագործվում է նրա կողմից, որտեղ առկա են տնտեսական շինություններ, 24.09.2006 թվականին մահացել է Սաթիկ Սարգսյանը, Յուրիկ Սարգսյանը Սաթիկ Սարգսյանի ըստ օրենքի ժառանգն է, Տափերական գյուղի բնակիչ Յուրիկ Ռաֆիկի Սարգսյանը գյուղապետարանի հետ պարտք ու պահանջ չունի, ի լրացումն 100 քմ մակերեսով հողամասի նկատմամբ, որը 30 տարի շարունակ փաստացի օգտագործում և տնօրինում է որպես սեփականություն, Յուրիկ Սարգսյանն իր կնոջ և դստեր հետ 06.10.2005 թվականին հաշվառվել են Սաթիկ Սարգսյանի ծխում:

1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը նախատեսում է, որ տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործության և բնակելի տան շինարարության ու դրա սպասարկման համար ՀՀ քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոնշյալ փաստերը և 1991 թվականի ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով նախատեսված նորմը Յուրիկ Սարգսյանին հիմք են տվել ենթադրելու, որ նա իր զբաղեցրած 100 քմ մակերեսով հողամասի սեփականատերն է:

Վերոնշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Յուրիկ Սարգսյանը 10 տարի բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տիրապետել է վեճի առարկա հողամասը` որպես իր սեփականը: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությունը, որ սեփականատերերը չեն հրաժարվել վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից, հիմնավոր չէ:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշման` Յուրիկ Սարգսյանի հայցապահանջը մերժելու մասը և այդ մասով օրինական ուժ տալ ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 02.06.2008 թվականի վճռին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2008 թվականի որոշումը մնացած մասով թողնել օրինական ուժի մեջ:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԱՎԴ1/0090/02/08
Որոշում