Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0209/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0209/02/08

Նախագահող դատավոր`  Ս. Միքայելյան

    Դատավորներ`          Ն. Տավարացյան

                         Դ. Խաչատրյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Վ. Աբելյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի օգոստոսի 11-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2009 թվականի որոշման դեմ ըստ դիմումի` Լաուրա Ադամյանի, երրորդ անձ Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի` ձեռքբերման վաղեմության ուժով բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Լաուրա Ադամյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը Երևանի Հալաբյան փողոցի 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 22.03.2008 թվականի որոշմամբ Լաուրա Ադամյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` բեկանվել է Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 25.01.2008 թվականի վճիռը և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2008 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` դիմումը բավարարվել է. ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Լաուրա Ադամյանի սեփականության իրավունքը Երևանի Հալաբյան փողոցի 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Լաուրա Ադամյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Լաուրա Ադամյանը որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանը բարեխիղճ ձեռք բերելու, ինչպես նաև Աջափնյակ թաղային համայնքի կողմից վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ գրանցված է Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը, առավել ևս, որ Աջափնյակ թաղային համայնքը չի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են վկայել վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքից հրաժարվելու մասին:

Մասնավորապես, ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի թիվ 42 որոշման թիվ 1 հավելվածի համաձայն` Աջափնյակ վարչական տարածքի պետական բնակարանային ֆոնդը ճանաչվել է Աջափնյակ թաղային համայնքի սեփականությունը, ինչի հիման վրա նշված բնակարանի նկատմամբ գրանցվել է Աջափնյակ թաղային համայնքի սեփականության իրավունքը:

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել նաև սեփականության իրավունքի թիվ 2450559 վկայականը` հիմք ընդունելով միայն «Հույս» համատիրության կողմից տրված տեղեկանքները:

Բացի այդ, Լաուրա Ադամյանը հայտնել է, որ Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանը Սվետա Ալոյանին հատկացվել էր վարձակալական հիմունքներով, ուստի վերջինս այն չէր կարող օտարել կամ փոխանցել որպես սեփականություն: Փաստորեն վիճելի գույքը Լաուրա Ադամյանը բարեխիղճ չի տիրապետել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 26.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Երևանի Հալաբյան փողոցի 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու դիմումը ներկայացվել է դատարան 24.12.2007 թվականին և այդ պահի դրությամբ գույքը սեփականատեր չի ունեցել: Նշվածը հաստատվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 06.12.2007 թվականի թիվ 7341 տեղեկանքով: Փաստորեն, վիճելի անշարժ գույքը եղել է տիրազուրկ:

Երևանի Աջափնյակի թաղային համայնքի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ գրանցվել է 20.10.2008 թվականին` այն պահին, երբ վիճելի գույքի սեփականության իրավունքը ճանաչելու հարց էր բարձրացվել: Սեփականության իրավունքի գրանցումը նման պայմաններում ինքնին առոչինչ է: Բնակարանը հատկացվել է Սվետա Ալոյանին, որի հետ բանավոր համաձայնության գալով 2700 ԱՄՆ դոլարով գնել է վիճելի բնակարանը: Գումարը վերջինիս հանձնելու պահից Լաուրա Ադամյանը համոզված է եղել, որ գույքը տիրապետում է օրինական հիմքով, ո՛չ Սվետա Ալոյանը և ո՛չ էլ Աջափնյակի թաղապետարանը չեն խոչընդոտել իր կողմից նշված գույքը տիրապետելուն:

Բացի այդ, բնակարան մուտք գործելը եղել է առանց բռնություն գործադրելու, հետևաբար, տիրապետումը պետք է դիտել բարեխիղճ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Սույն քաղաքացիական գործում առկա տվյալների համաձայն` Լաուրա Ադամյանը բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի վարձակալ Սվետա Ալոյանի հետ` նշված բնակարանը գնելու մասին:

2) Երևանի Աջափնյակ թաղային համայնքի ղեկավարի աշխատակազմ համայնքային կառավարչական հիմնարկի 26.07.2006 թվականի թիվ 28/ԼԱ տեղեկանքի, Երևանի Աջափնյակ համայնքի «Հույս» համատիրության կնիքով հավաստված Երևանի Հալաբյան 57-րդ շենքի բնակիչների հայտարարության և նույն համատիրության 17.12.2007 թվականի տեղեկանքի համաձայն` Լաուրա Ադամյանը 1993 թվականից երեխայի հետ գրանցված բնակվում է Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանում, բնակարանի կոմունալ վճարումները կատարվում են վերջինիս կողմից (հատոր առաջին գ.թ. 16, 17, 19):

3) Երևանի Աջափնյակ թաղային համայնքի 25.09.2008 թվականի գրության համաձայն` Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանը, ՀՀ կառավարության 13.03.1997 թվականի 42 որոշման համաձայն, Աջափնյակ թաղային համայնքի սեփականությունն է (հատոր երկրորդ, գ.թ. 47): 20.10.2008 թվականին Աջափնյակ թաղային համայնքին տրվել է թիվ 2450559 սեփականության իրավունքի գրանցման վկայականը (հատոր երկրորդ գ.թ. 71-72):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Վերոնշյալ հոդվածից հետևում է, որ ձեռքբերման վաղեմությունն իրենից ներկայացնում է օրենքով նախատեսված որոշակի ժամկետի լրանալու և որոշակի պայմանների վրա հասնելու ուժով մեկ անձի կողմից սեփականության իրավունքի ձեռքբերման, իսկ մյուսի կողմից այդ իրավունքի դադարման միջոց:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից հետևում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք վավերապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքը անձի փաստացի տիրապետմանը անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն.

2. փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում.

3. տիրապետումը պետք է լինի 10 տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն.

4. տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ «Վիճելի գույքը Լաուրա Ադամյանի փաստացի տիրապետմանն է անցել առանց որևէ բռնության գործադրման: Նշված փաստը հաստատվում է այն հանգամանքով, որ վիճելի բնակարանը դիմողին հատկացվել է Սվետա Ալոյանի կողմից, ում հետ Լաուրա Ադամյանը ձեռք է բերել բանավոր համաձայնություն` բնակարանը 2.700 ԱՄՆ դոլար գումարով գնելու վերաբերյալ»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ գնահատման առարկա չի դարձվել այն հանգամանքը, որ Սվետա Ալոյանը Երևանի Հալաբյան 57-րդ շենքի թիվ 8 բնակարանի վարձակալն էր: Վիճելի գույքի վարձակալ Սվետա Ալոյանը Լաուրա Ադամյանին է փոխանցել վարձակալական գույքը, հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լաուրա Ադամյանի կողմից գույքի տիրապետումը հիմնված չէ այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության:

Վճռաբեկ բողոքին կից ներկայացվել է Աջափնյակի թաղային համայնքի ղեկավարին ուղղված Լաուրա Ադամյանի 31.07.2006 թվականի դիմումը` վիճելի բնակարանը վարձակալությամբ իրեն հատկացնելու վերաբերյալ, որը համայնքի ղեկավարի 15.08.2007 թվականի գրությամբ մերժվել է: Այդ փաստերով հիմնավորվում է, որ Լաուրա Ադամյանը վիճելի բնակարանը տիրապետել է ոչ որպես սեփական գույք և գիտակցել է, որ այն օգտագործում է վարձակալությամբ, իսկ Աջափնյակ թաղային համայնքը կատարել է այնպիսի գործողություններ, որոնք չեն վկայում գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին: Այդ փաստը հիմնավորվել է վիճելի գույքի նկատմամբ պետական գրանցում կատարելով և 20.10.2008 թվականին սեփականության իրավունքի գրանցման վկայական ստանալով:

Այսպիսով, վերը նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 26.03.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.03.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Վ. Աբելյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.08.2009
N ԵԱԴԴ/0209/02/08
Որոշում