Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ, 122...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 201-ՐԴ, 1225-ՐԴ ԵՎ 1226-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0442/02/08  

    դատարանի որոշում                                              2009 թ.  

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/0442/02/08

Նախագահող դատավոր`  Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`          Ա. Խառատյան

                         Վ. Ավանեսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Է. Հայրիյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2008 թվականի որոշման դեմ` ըստ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցի ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց` Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների`ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ինչպես նաև Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների հակընդդեմ հայցի ընդդեմ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների, երրորդ անձ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանն ամբողջությամբ ժառանգական գույք ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգներ ճանաչելու, բնակարանի 4/7-րդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյանները պահանջել են Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքը` Երևանի Ա. Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, բաժանել ժառանգների միջև բաժիններին համապատասխան:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 20.04.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին և Շուշանիկ Սարգսյանին ճանաչել 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրին 1/4-ական բաժիններով:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին և Շուշանիկ Սարգսյանին ճանաչել 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրին 1/7-ական բաժիններով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 09.06.2006 թվականի վճիռը և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճռով հայցը բավարարվել է: Վճռվել է Անժելա Ղազարյանին, Արփիկ և Արմինե Գասպարյաններին և Շուշանիկ Սարգսյանին ճանաչել 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ` յուրաքանչյուրին 1/7-ական բաժիններով:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի որոշմամբ բեկանվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 04.05.2007 թվականի վճիռը, և գործն ուղարկվել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 31.01.2008 թվականի որոշմամբ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների` ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ժառանգների միջև` ըստ բաժինների համաչափ բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:

Հակընդդեմ հայցով Շուշանիկ Սարգսյանը, Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանները պահանջել են 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ամբողջությամբ ճանաչել ժառանգական գույք, իրենց ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգներ, և ճանաչել բնակարանի 4/7-րդ բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2008 թվականի վճռով վճռվել է` «հաստատել, որ Անժելա Ղազարյանը, Արմինե, Արփիկ, Ոսկեհատ, Հրանուշ, Նունե Հովհաննեսի Գասպարյանները և Շուշանիկ Սարգսյանը հավասար` 1/7-րդ բաժնեմասերով հանդիսանում են Հ.Գասպարյանի ժառանգներ, և նրանք ընդունել են Հ.Գասպարյանի անվամբ Երևան քաղաքի Ա.Տիգրանյան փողոցի, 20 շ. 43 բնակարանի նկատմամբ ժառանգությունն ամբողջությամբ»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.11.2008 թվականի որոշմամբ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 08.05.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյանները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ, 53-րդ և 132-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ, 1225-րդ և 1226-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները, այդ թվում` Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի թիվ 1 ժառանգական գործի մուտքի մատյանի գրանցումները, որոնց համաձայն` պատասխանողները օրենքով սահմանված կարգով չեն դիմել նոտարական գրասենյակ և բաց են թողել օրենքով սահմանված ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետը:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածների պահանջները, հիմք է ընդունել նոտարի գրությունն այն մասին, որ պատասխանողը և երրորդ անձինք դիմել են նոտարին, սակայն գործում առկա չէ պատասխանողի և երրորդ անձանց դիմումը, որը հանձնվել է նոտարին և գրանցվել գրանցամատյանում կամ նոտարի կողմից վավերացված դիմում, որը հանձնվել է խորհրդատուին: Տվյալ դեպքում նոտարի գրությունը հակասում է Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի թիվ 1 ժառանգական գործի մուտքի մատյանի քաղվածքին:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը, անտեսելով սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի թիվ 3-1551 (ՎԴ) և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի թիվ 3-1843 (ՎԴ) որոշումների պատճառաբանություններն այն մասին, որ Հովհաննես Գասպարյանի սեփականության իրավունքը Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի նկատմամբ գրանցվել է Անժելա Ղազարյանի հետ համատեղ կյանքի ընթացքում, Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա, սույն գործի քննությամբ կրկին վիճելի գույքը չի համարել համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված: Տվյալ դեպքում Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը պետք է ճանաչվեր Անժելա Ղազարյանի և Հովհաննես Գասպարյանի համատեղ սեփականությունը, և այդ գույքի` Հովհաննես Գասպարյանի 1/2-րդ բաժնի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգներ պետք է ճանաչվեին միայն Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ու Շուշանիկ Սարգսյանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 06.11.2008 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Անժելա Ղազարյանը և Հովհաննես Գասպարյանը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ են գտնվել 1982 թվականից: Նրանց ամուսնությունը ՔԿԱԳ մարմնում գրանցվել է 15.04.1987 թվականին (հատոր 1-ին, գ.թ.8):

2. Երքաղխորհրդի գործկոմի 04.09.1991 թվականի թիվ 16/3 որոշման հիման վրա` 16.12.2002 թվականին Երևանի Ա.Տիգրանյան փողոցի թիվ 20 կոոպերատիվ շենքի թիվ 43 բնակարանը սեփականության իրավունքով գրանցվել է Հովհաննես Գասպարյանի անվամբ (հատոր 1-ին, գ.թ.12-14):

3. Հովհաննես Գասպարյանը մահացել է 04.01.2005 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11):

4. Երևանի Կենտրոն նոտարական գրասենյակի 2005 թվականի ժառանգական գործի գրանցման մուտքի թիվ 1 մատյանի քաղվածքի համաձայն` 04.01.2005 թվականին մահացած Հովհաննես Գասպարյանի ժառանգությունն ընդունելու մասին Անժելա Ղազարյանի դիմումը գրանցվել է նոտարի մոտ (հատոր 1-ին, գ.թ.52-53):

5. Շուշանիկ Հովհաննեսի Սարգսյանին հասցեագրված 22.07.2005 թվականի գրությամբ նոտարը հայտնել է, որ Հովհաննես Գասպարյանի «մահից հետո ժառանգության իրավունքի վկայագիր չենք կարող տալ, քանի որ ժառանգների մեջ կա վիճաբանության խնդիր» (հատոր 1-ին, գ.թ.44), իսկ Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Հովհաննեսի Գասպարյաններին հասցեագրված 15.03.2006 թվականի գրությամբ հայտնել է, որ Հովհաննես Գասպարյանի մահվան օրից` 04.01.2005 թվականից հետո մինչև վեց ամիսը լրանալը դիմել են ժառանգական գործի գրանցման պահանջով, սակայն նոր գործ չի գրանցվել, քանի որ այն արդեն գրանցված է եղել Անժելա Ղազարյանի ներկայացրած փաստաթղթերով: Գասպարյաններին խորհուրդ է տրվել ներկայանալ նոտարական գրասենյակ 04.07.2005 թվականից հետո, երբ կլրանա իրենց հոր մահվան վեցամսյա ժամկետը (հատոր 1-ին, գ.թ.47):

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանը սույն գործով արդեն անդրադարձել է վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերին` նշելով, որ Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը Հովհաննես Գասպարյանի և Անժելա Ղազարյանի համատեղ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք է: Անդրադառնալով ժառանգությունն ընդունած լինելու խնդրին` նշել է, որ ժառանգությունն ընդունված է համարվում, երբ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգը դիմում է հանձնում ժառանգության բացման վայրի նոտարին: Սույն գործով, նոտարի 15.03.2006 թվականի գրության հիման վրա, հաստատվել է Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների կողմից նոտարին դիմելու հանգամանքը, սակայն բացակայում են համապատասխան դիմումները և դրանց ժառանգական գործի գրանցման մուտքի մատյանում գրանցման վերաբերյալ ապացույցները: Հետևաբար, սույն գործով Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների կողմից ժառանգությունն ընդունված համարվել չի կարող (Իրավական հիմնավորումները տե՛ս ըստ Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների հայցի ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, երրորդ անձանց` Ոսկեհատ, Հրանուշ և Նունե Գասպարյանների` ժառանգական գույքը` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանը, ժառանգների միջև` ըստ բաժիններին համապատասխան բաժանելու պահանջի մասին քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատի 14.07.2006 թվականի թիվ 3-1551 (ՎԴ) և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 25.12.2007 թվականի թիվ 3-1843 (ՎԴ) որոշումները):

ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները (այդ թվում` օրենքի մեկնաբանությունները) պարտադիր են դատարանի համար նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

Նշված հոդվածով ուղղակիորեն սահմանվում է Վճռաբեկ դատարանի կողմից տրված իրավական հիմնավորումների պարտադիր բնույթը բոլոր դատարանների համար նույնանման փաստական հանգամանքներով գործեր քննելիս:

Սույն գործով առկա են ոչ միայն նույնանման փաստական հանգամանքներ, այլ խոսքը գնում է նույն գործի մասին, որի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը հստակ արտահայտել է իր իրավական դիրքորոշումը ինչպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի, այնպես էլ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ և 1226-րդ հոդվածների վերաբերյալ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը թույլ է տվել ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի պահանջների խախտում, հետևաբար, ավելորդ է համարում կրկին անդրադառնալ վերոհիշյալ հարցերի մեկնաբանմանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն գործով նախկինում կայացված որոշումների պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.11.2008 թվականի որոշումը բեկանել և այն փոփոխել` հայցը բավարարել, հակընդդեմ հայցը բավարարել մասնակի` Շուշանիկ Սարգսյանի մասով, իսկ մնացած մասով` մերժել:

2. Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ճանաչել Անժելա Ղազարյանի սեփականության իրավունքը, իսկ Հովհաննես Գասպարյանի ժառանգական գույքի` Երևանի Ա.Տիգրանյան փողոցի 20 շենքի թիվ 43 բնակարանի 1/2 բաժնի նկատմամբ ճանաչել Անժելա Ղազարյանի, Արփիկ և Արմինե Գասպարյանների ու Շուշանիկ Սարգսյանի սեփականության իրավունքը` յուրաքանչյուրին 1/8 բաժնով:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Է. Հայրիյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԵԱՔԴ/0442/02/08
Որոշում