Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1215-ՐԴ ՀՈԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1215-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ԿԵՏԻ, 274-ՐԴ, 1217-ՐԴ, 1219-ՐԴ ՀՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1516/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1516/02/08

Նախագահող դատավոր`  Վ. Ավանեսյան

    Դատավորներ`          Ա. Խառատյան

                         Կ. Չիլինգարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Լալագե Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սվետա Հարությունյանի, Գալուբսիկ Սողոմոնյանի ընդդեմ Լալագե Հակոբյանի` ապօրինի զբաղեցրած բնակարանից վտարելու, ունեցվածքի գույքագրումով բնակարանի և ամառանոցի մուտքերի դռները կնքելու, բանալիներն իրենց ի պահ հանձնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սվետա Հարությունյանը և Գալուբսիկ Սողոմոնյանը պահանջել են վտարել Լալագե Հակոբյանին իրենց հանգուցյալ եղբոր միակ ժառանգի` հանգուցյալ Անանիա Սողոմոնյանի` Երևան քաղաքի Ազատության նրբանցք 2-րդ շենք թիվ 65 բնակարանից, և իրենց ներկայությամբ ունեցվածքի գույքագրումով կնքել նշված հասցեում գտնվող բնակարանի և Ձորաղբյուրում գտնվող ամառանոցի մուտքերի դռները, իսկ բանալիները հանձնել իրենց` ի պահ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.09.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.02.2009 թվականի որոշմամբ Դատարանի 12.09.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լալագե Հակոբյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Սվետա Հարությունյանը և Գալուբսիկ Սողոմոնյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ, 1217-րդ, 1219-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ Գալուբսիկ Սողոմոնյանին և Սվետա Հարությունյանին համարել է ժառանգությունն ընդունած ժառանգներ` անտեսելով այն հանգամանքը, որ տվյալ դեպքում առկա է երկրորդ հերթի ժառանգ:

Վերաքննիչ դատարանը անտեսել է այն փաստը, որ հանգուցյալ Անանիա Սողոմոնյանի քույրը` Լալագե Հակոբյանը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն, համարվելով երկրորդ հերթի ժառանգ, օրենքով սահմանված կարգով ընդունել է ժառանգությունը և ստացել ըստ օրենքի ժառանգության վկայական:

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել էական սխալ, ըստ օրենքի երկրորդ հերթի ժառանգի առկայության պայմաններում ըստ օրենքի չորրորդ հերթի ժառանգներին ճանաչել է ժառանգությունն ընդունած ժառանգներ, շեղվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ, 1217-րդ և 1219-րդ հոդվածների պահանջներից` թույլ տալով նյութական իրավունքի նորմի խախտում:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 217-րդ և 220-րդ հոդվածների պահանջները:

Վերաքննիչ դատարանը անտեսելով այն հանգամանքը, որ Լալագե Հակոբյանն օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետի պահպանմամբ ներկայացրել է վերաքննիչ բողոքի պատասխան, իր որոշման մեջ նշել է, որ վերաքննիչ բողոքի դեմ պատասխան չի ներկայացվել:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել առանց վերաքննիչ բողոքի պատասխանում նշված համապատասխան փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումների լիարժեք ուսումնասիրության` դրանով իսկ խախտելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի պահանջը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 12.09.2008 թվականի վճռին:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Լալագե Հակոբյանը որևէ հերթի ժառանգների թվին չի պատկանում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Այսինքն, տարանջատվել են «համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր» և «խորթ եղբայրներ ու քույրեր» հասկացությունները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Ռազմիկ Սողոմոնյանը և Սոնա Հակոբյանը ամուսիններ են, որոնք ամուսնալուծվել են 06.10.1994 թվականին (գ.թ. 9 հ.1-ին):

2. Անանիա Սողոմոնյանի մայրը Սոնա Հակոբյանն է, իսկ հայրը` Ռազմիկ Սողոմոնյանը (գ.թ. 15, հ. 1-ին):

3. Լալագե Հակոբյանի մայրը` Սոնա Հակոբյանն է, իսկ հոր մասին ծննդյան վկայականում որևէ նշում առկա չէ (գ.թ. 5, հ. 1-ին):

4. Սոնա Հակոբյանը մահացել է 02.07.2006 թվականին, իսկ Ռազմիկ Սողոմոնյանը` 20.07.2006 թվականին (գ.թ. 7,10 հ.1-ին):

5. Անանիա Սողոմոնյանը մահացել է 09.10.2007 թվականին (գ.թ. 6, հ.1-ին):

6. Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 09.06.2008 թվականի թիվ 5648 վկայագրի համաձայն` Անանիա Սողոմոնյանի գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել Լալագե Հակոբյանը (գ.թ. 56, հ.1-ին):

7. Գալուբսիկ Սողոմոնյանը և Սվետա Հարությունյանը հանգուցյալ Ռազմիկ Սողոմոնյանի հարազատ քույրերն են (գ.թ. 11,13,14, հ.1-ին):

8. Գալուբսիկ Սողոմոնյանը և Սվետա Հարությունյանը Կենտրոն նոտարական տարածքի նոտարական գրասենյակ 25.03.2008 թվականին հայտարարություն են տվել 09.10.2007 թվականին մահացած Անանիա Սողոմոնյանի ժառանգական գույքը ընդունելու վերաբերյալ (գ.թ.18, հ.1-ին):

9. Կենտրոն նոտարական գրասենյակի նոտար Է. Շաբոյանը 09.06.2008 թվականի գրությամբ խնդրել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանմանը 09.06.2008 թվականին տրված թիվ 5648 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը չգրանցել, չտալ պետական գրանցում և սեփականության իրավունքի վկայական, իսկ 10.06.2008 թվականին գրությամբ հայտնել է, որ 09.06.2008 թվականին տրված թիվ 5648 ժառանգության իրավունքի վկայագիրը համարել է չեղյալ (գ.թ. 16-17, հ.1-ին):

10. Սույն գործում առկա է Լալագե Հակոբյանի 24.11.2008 թվականի վերաքննիչ բողոքի պատասխանը (գ.թ. 49, հ.1-ին):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի համաձայն` երկրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի հարազատ եղբայրները և քույրերը: Ժառանգատուի եղբայրների և քույրերի երեխաները ժառանգում են ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1219-րդ հոդվածի համաձայն` չորրորդ հերթի ժառանգներ են ժառանգատուի ծնողների եղբայրները և քույրերը (հորեղբայրները, հորաքույրերը, քեռիները, մորաքույրերը): Ժառանգատուի հորեղբայրների և հորաքույրերի ու քեռիների և մորաքույրերի երեխաները ժառանգում եմ ներկայացման իրավունքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1215-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր հաջորդ հերթի ժառանգները ժառանգության իրավունք են ձեռք բերում նախորդ հերթի ժառանգների բացակայության, նրանց ժառանգությունից մեկուսացնելու, նրանց կողմից ժառանգությունը չընդունելու կամ ժառանգությունից հրաժարվելու դեպքերում:

Սույն գործով առաջին ատյանի դատարանը հայցը մերժելիս հիմք է ընդունել այն հանգամանքը, որ Անանիա Սողոմոնյանի ժառանգական գույքի նկատմամբ ժառանգ է ճանաչվել նրա միակ համամայր քույր Լալագե Հակոբյանը, իսկ Սվետա Հարությունյանի և Գալուբսիկ Սողոմոնյանի կողմից չեն ներկայացվել ապացույցներ ժառանգական գույքն ընդունելու հանգամանքը հաստատելու վերաբերյալ:

Վերաքննիչ դատարանը, դատական ակտը բեկանելով, հաստատված է համարել, որ Սվետա Հարությունյանը և Գալուբսիկ Սողոմոնյանն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ժառանգությունն ընդունելու մասին դիմում են ներկայացրել ժառանգության բացման վայրի նոտարին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար, սույն քաղաքացիական գործով անհրաժեշտ է պատասխանել հետևյալ իրավական հարցին.

Արդյո՞ք ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով համահայր կամ համամայր քույրերը կամ եղբայրները երկրորդ հերթի ժառանգներ են:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի «բ» կետի համաձայն` արգելվում է ամուսնություն կնքել մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների` ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաև հարազատ և համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր և մորեղբոր զավակների) միջև:

Ամուսնական իրավահարաբերություններում, կարևորելով գենետիկական ներդաշնակության առաջնայնությունը, օրենսդիրը տարանջատել է «հարազատ եղբայրներ ու քույրեր» և «համահայր կամ համամայր եղբայրներ ու քույրեր» հասկացությունները` ամուսնության արգելք սահմանելով նաև համահայր կամ համամայր եղբայրների և քույրերի միջև, ինչը կապված է այս հարաբերությունների խիստ անձնական-ֆիզիոլոգիական բնույթի հետ:

Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի «Ժառանգական իրավունք» բաժնում զետեղված նորմերում որևէ տարանջատում սահմանված չէ «հարազատ քույրեր և եղբայրներ» և «համահայր կամ համամայր քույրեր և եղբայրներ» հասկացությունների միջև, քանի որ այս հարաբերությունները գույքային բնույթի հարաբերություններ են:

Այսինքն, ժառանգական իրավահարաբերություններում անձի ժառանգական իրավունքները սահմանափակված չեն ժառանգատուի հետ համահայր կամ համամայր եղբայր կամ քույր լինելու հանգամանքով: Հետևաբար, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1217-րդ հոդվածի իմաստով ժառանգատուի «հարազատ քույրեր և եղբայրներ» հասկացությունն իր մեջ ներառում է նաև համահայր կամ համամայր քույրերին և եղբայրներին:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգական իրավահարաբերություններում ժառանգատուի հարազատ եղբայրներին և քույրերին հավասարեցված են նաև ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույրերը և եղբայրները:

Այսինքն` անձն երկրորդ հերթի ժառանգ է նաև այն դեպքում, երբ ժառանգատուի հետ համահայր կամ համամայր քույր կամ եղբայր է (տես` Արտավազդ Հովեյանն ընդդեմ Լարիսա Հովեյանի, երրորդ անձ Երևանի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ժառանգության իրավունքի վկայագիրը և դրա հիման վրա տրված սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու, ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջների մասին թիվ ԵԱՆԴ/1823/02/09 գործով Վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Հետևաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Լալագե Հակոբյանը Անանիա Սողոմոնյանի երկրորդ հերթի ժառանգն է:

Հիմք ընդունելով վերոգրյալը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լալագե Հակոբյանը օրենքով սահմանված ժամկետում ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու համար դիմել է նոտարական գրասենյակ, հետևաբար, ընդունել է ժառանգությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գալուբսիկ Սողոմոնյանը և Սվետա Հարությունյանը, որպես ըստ օրենքի չորրորդ հերթի ժառանգներ, Լալագե Հակոբյանի կողմից ժառանգությունն ընդունելու պայմաններում ժառանգության իրավունք ձեռք չեն բերել:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձը, վերաքննիչ բողոքի պատճենն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, իրավունք ունի պատասխան ուղարկելու վերաքննիչ դատարան և գործին մասնակցող այլ անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 217-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` վերաքննիչ դատարանում գործի քննության ընթացքում զեկուցող դատավորը շարադրում է վերաքննիչ բողոքի և վերաքննիչ բողոքի դեմ ներկայացված պատասխանի փաստարկները: Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մասնակցող անձանց:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները, վերաքննիչ բողոք ներկայացրած անձի պահանջը, վերաքննիչ բողոքի պատասխանի առկայության դեպքում` պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները:

Նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրը, սահմանելով գործին մասնակցող անձանց վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքը, ամրագրել է գործի քննության ընթացքում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի իրականացումը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ գործերի քննության ընթացքում պետք է պահպանվեն մրցակցային դատավարության սկզբունքները:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործը այնպիսի պայմաններում, որոնք նրան մյուս կողմի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տես` Անկերլ ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Լալագե Հակոբյանի կողմից 24.11.2008 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոքի պատասխան:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը իր 05.02.2009 թվականի որոշման մեջ նշել է, որ սույն գործով վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, չանդրադառնալով Լալագե Հակոբյանի վերաքննիչ բողոքի պատասխանին և չնշելով պատասխան ներկայացրած անձի դիրքորոշումը և հիմնավորումները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածը, 217-րդ հոդվածի 4-րդ կետը, 220 -րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 12.09.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԵԱՔԴ/1516/02/08
Որոշում