Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԿԵՏԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1693/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ 08-1563

Նախագահող դատավոր`  Լ. Գրիգորյան

    Դատավորներ`          Գ. Մատինյան

                         Ե. Խունդկարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Մ. Դրմեյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության (այսուհետ` Գործակալություն), ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի, Կոտայքի մարզպետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Օլգա Տերոյանի, Վյաչեսլավ, Անուշ, Գուրգեն, Արտուշ, Մարինե, Դիաննա, Օլգա, Էլինե Տերոյանների` 27.12.1995 թվականի բնակարանի հատկացման պայմանագիրն անվավեր ճանաչելու, Կոտայքի մարզպետի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ Օլգա Տերոյանի և մյուսների անվամբ կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, նախկին ՀՀ սոցիալական ապահովության նախարարության անունից կայացված «Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման» հանձնաժողովի 10.11.1999 թվականի թիվ 4 որոշումը մասնակի անվավեր ճանաչելու, հայցվորներին 1988 թվականից բնակարանի կարիքավոր համարելու, դրա հիման վրա ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և նրա կազմում գործող միգրացիոն գործակալությանը հայցվորների հետ` որպես զոհված ազատամարտիկի ընտանիքի, բնակարանի հատկացման պայմանագիր կնքելուն պարտադրելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների վճռաբեկ բողոքը` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են անվավեր ճանաչել Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջի վերաբերյալ 27.12.1995 թվականին կնքված բնակարանի հատկացման պայմանագիրը, Կոտայքի մարզպետի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումը, ինչպես նաև Կադաստրի կողմից Օլգա Տերոյանի և մյուսների անվամբ վերը նշված քոթեջի վերաբերյալ կատարված իրավունքի պետական գրանցումը, մասնակիորեն` իրենց մասով անվավեր ճանաչել «Բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման» հանձնաժողովի 10.11.1999 թվականի թիվ 4 որոշումը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը և Գործակալությանը պարտավորեցնել կնքելու բնակարանի հատկացման պայմանագիր` Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջի և նրան կից հողատարածքի վերաբերյալ:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.05.2007 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 10.05.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը:

Դատարանի 08.08.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու մասին դիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանի 24.09.2008 թվականի որոշմամբ թիվ ԵԱՔԴ/1693/02/08 քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը վերանայելու պահանջի մասին միացվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը վերանայելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2002/02/08 քաղաքացիական գործին:

Դատարանի 26.01.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու պահանջի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է Վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի պահանջները, նշված գործն ըստ ընդդատության ուղարկվել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վիճելի թիվ 17աբ քոթեջը Տերոյանների ընտանիքի ինը անձից ութին անօրինական սեփականաշնորհվելու փաստն ապացուցվում է Օլգա Տերոյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությունում տրված 07.09.2005 թվականի բացատրությամբ այն մասին, որ վիճելի քոթեջում Տերոյանների ընտանիքը չի բնակվել` սեփականության իրավունքով այլ բնակարան ունենալու, ՀՀ-ից բացակայելու, ՌԴ քաղաքացի լինելու պատճառներով:

ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշման ուժով Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի որոշման հիմքում դրված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճիռը չի կարող նախադատելի նշանակություն ունենալ, քանի որ այդ վճիռը հակասում է գործով ներկայացված ակնհայտ և անառարկելի ապացույցներին:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքներով վերանայել Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանները հաշվառված չեն Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում, ինչպես նաև նրանք պատշաճ կողմ չեն և նրանց չի պատկանում վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը (գ.թ. 149-151 հ. 1):

2) ՀՀ գլխավոր դատախազության կողմից Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանների ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանին հասցեագրված 01.12.2005 թվականի գրությամբ հայտնվել է, որ նրա դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ շարադրվել է վկա Օլգա Տերոյանի 07.09.2005 թվականի բացատրությունը ըստ որի` Օլգա Տերոյանի և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում` 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը, եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել (գ.թ. 84-94, հ. 1):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ

1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ

2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և

3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար,յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ:

Սույն գործով Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման հիմքում դրվել են ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հետևյալ հանգամանքները` Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանները հաշվառված չեն Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում, նրանք պատշաճ կողմ չեն, և նրանց չի պատկանում վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը:

Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:

Մասնավորապես, բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել են ՀՀ Գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը, համաձայն որի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ վկա Օլգա Տերոյանը 07.09.2005 թվականին բացատրություն է տվել այն մասին, որ իր և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում` 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը, եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված Օլգա Տերոյանի տված 07.09.2005 թվականի բացատրությունը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճռով հաստատված հանգամանքների առկայության պայմաններում սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի: Միաժամանակ, սույն գործում առկա չէ ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը և դրան կից ներկայացված «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» 30.11.2005 թվականի որոշումը բողոք բերողների կողմից իրենցից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց: Մասնավորապես, Օլգա Տերոյանի տված 07.09.2005 թվականի բացատրության մասին բողոք բերած անձը տեղեկացվել է դեռևս ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությամբ, այսինքն` թիվ 08-1563 քաղաքացիական գործի քննության ընթացքում բողոք բերած անձանց հայտնի է եղել իրենց վկայակոչած հանգամանքը, սակայն դատարան չի ներկայացվել: Ընդ որում, բողոք բերած անձինք չեն նշել որևէ հիմնավորում այն մասին, որ այդ փաստը դատարան չի ներկայացվել իրենց կամքից անկախ պատճառներով:

Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես նոր երևան եկած հանգամանք չէ հետևյալ պատճառաբանությամբ`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը կամ այլ մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

Վճռաբեկ դատարանը իր 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի «Սանթէ» ՍՊԸ-ի ըննդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասին, և որոշել «Սանթէ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել և բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2007 թվականի վճիռը: Մինչդեռ Վերաքննի դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշման հիմքում դրվել են նույն դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները:

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ բեկանվել է սույն գործի հետ որևէ առնչություն չունեցող Վերաքննիչ դատարանի 08.11.2007 թվականի վճիռը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԵԱՔԴ/1693/02/08
Որոշում