ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական գործերով Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/1693/02/08
վերաքննիչ դատարանի վճիռ 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ 07-2071
Նախագահող դատավոր` Վ. Ավանեսյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Դ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով ըստ հայցի Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության (այսուհետ` Վարչություն)` բնակարան հատկացնելու պահանջի մասին և ըստ լրացուցիչ հայցի Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների ընդդեմ Կոտայքի մարզպետարանի, Վարչության, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Աբովյանի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` նախկին ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության և Օլգա Տերոյանի միջև բնակարանի հատկացման վերաբերյալ 27.12.1995 թվականին կնքված պայմանագիրը, Կոտայքի մարզպետարանի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումը, անշարժ գույքի նկատմամբ Օլգա Տերոյանի և մյուսների անվամբ տրված սեփականության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17 աբ քոթեջը իրենց հատկացնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանների վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են անվավեր ճանաչել Վարչության իրավանախորդ ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության և Տերոյանների միջև Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17 աբ քոթեջի հատկացման վերաբերյալ 27.12.1995 թվականին կնքված պայմանագիրը, դրա հիման վրա Կոտայքի մարզպետարանի 20.11.2003 թվականի թիվ 991 որոշումը` Աբովյան քաղաքի բնակիչ Օլգա Տերոյանի ինը անձից բաղկացած ընտանիքին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով բնակարան հատկացնելու մասին, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17 աբ քոթեջի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիրը և վիճելի քոթեջը հատկացնել երեք անձից բաղկացած իրենց ընտանիքին:
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.11.2004 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռով հայցը մերժվել է:
Դիմելով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)` Մարիետա, Մադլենա, Միքայել Բաբալյանները պահանջել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը:
Դատարանի 24.09.2008 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու մասին դիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի նույն օրվա որոշմամբ թիվ ԵԱՔԴ/1693/02/08 քաղաքացիական գործը Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի թիվ 08-1563 որոշումը վերանայելու պահանջի մասին միացվել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը վերանայելու պահանջի մասին թիվ ԵԱՔԴ/2002/02/08 քաղաքացիական գործին:
Դատարանի 26.01.2009 թվականի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտը վերանայելու պահանջի հիման վրա հարուցված քաղաքացիական գործն ըստ ընդդատության ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան (այսուհետ` Վերաքննիչ դատարան):
Վերաքննիչ դատարանի 13.02.2009 թվականի որոշմամբ, հիմք ընդունելով «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.12.2008 թվականի ՀՀ օրենքի պահանջները, նշված գործն ըստ ընդդատության ուղարկվել է Վճռաբեկ դատարան:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն բողոքը քննվում է նոր երևան եկած հանգամանքների հիմքով ներքոհիշյալ հիմնավորումներով.
Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.
Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի վիճելի թիվ 17աբ քոթեջը ընտանիքի ինը անձից ութին անօրինական սեփականաշնորհվելու փաստն ապացուցվում է Օլգա Տերոյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազությունում տրված 07.09.2005 թվականի բացատրությամբ այն մասին, որ վիճելի քոթեջում Տերոյանների ընտանիքը չի բնակվել` սեփականության իրավունքով այլ բնակարան ունենալու, ՀՀ-ից բացակայելու, ՌԴ քաղաքացի լինելու պատճառներով:
ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշման ուժով Վերաքննիչ դատարանի 15.05.2008 թվականի որոշման հիմքում դրված ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 և 24.10.2006 թվականի թիվ 06-3009 վճիռները չեն կարող նախադատելի նշանակություն ունենալ, քանի որ այդ վճիռները հակասում են տվյալ գործերով ներկայացված ակնհայտ և անառարկելի ապացույցներին:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են նոր երևան եկած հանգամանքներով վերանայել ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռի հիմքում դրվել են նույն դատարանի 30.06.2006 թվականի թիվ 06-2372 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանները հաշվառված չեն եղել Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում, նրանք չեն հանդիսանում պատշաճ կողմ, և նրանց չի պատկանում վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը, ինչպես նաև նույն դատարանի` 24.10.2006 թվականի թիվ 06-3009 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված այն հանգամանքները, որ Օլգա Տերոյանի` 7 անձից բաղկացած ընտանիքի անդամները 23.03.1991 թվականին հաշվառվել են որպես փախստականներ, և 27.12.1995 թվականին կնքված պայմանագրով նրանց հատկացվել է Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջը (գ.թ. 147-150, հ. 2):
2) ՀՀ գլխավոր դատախազության կողմից Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանների ներկայացուցիչ Ռուզաննա Տեր-Վարդանյանին հասցեագրված 01.12.2005 թվականի գրությամբ հայտնվել է, որ նրա դիմումի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ շարադրվել է վկա Օլգա Տերոյանի 07.09.2005 թվականի բացատրությունը, ըստ որի` Օլգա Տերոյանի և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում` 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը` եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել (գ.թ. 84-94, հ. 1):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննելով բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայվում է, եթե բողոք բերած անձն ապացուցում է, որ
1. այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ
2. այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և
3. այդ հանգամանքներն էական նշանակություն ունեն գործի լուծման համար:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, հետևաբար, յուրաքանչյուր գործով նոր երևան եկած հանգամանքների էական լինելը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն վերանայվող գործի բոլոր փաստերը և պարզեն, թե արդյոք այդ հանգամանքներն իրենց բնույթով ազդում են վերանայվող գործի ելքի վրա, թե` ոչ:
Սույն գործով ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռի հիմքում դրվել են նույն դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճռով հաստատված հետևյալ հանգամանքները` Մարիետա, Մադլենա և Միքայել Բաբալյանների Աբովյան քաղաքի բնակարանի կարիք ունեցող փախստականների հերթացուցակում հաշվառված չլինելու փաստը, նրանց պատշաճ կողմ չլինելու և նրանց վիճելի քոթեջը հատկացնելու և մյուս պահանջների իրավունքը չպատկանելու փաստը, ինչպես նաև նույն դատարանի 24.10.2006 թվականի թիվ 06-3009 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հետևյալ հանգամանքները` Օլգա Տերոյանի` 7 անձից բաղկացած ընտանիքի անդամների 23.03.1991 թվականին որպես փախստականներ հաշվառված լինելուն և 27.12.1995 թվականի պայմանագրով նրանց Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանի թիվ 17աբ քոթեջը հատկացված լինելու փաստերը:
Վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի վճռի ուսումնասիրման արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոք բերած անձինք չեն ապացուցել իրենց կողմից վկայակոչված հանգամանքների նոր երևան եկած լինելու փաստը:
Մասնավորապես, բողոք բերած անձինք որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացրել են ՀՀ Գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը, համաձայն որի` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է` հանցակազմի բացակայության և վաղեմության ժամկետն անցնելու հիմքերով: Քրեական գործի վարույթը կարճելու մասին 30.11.2005 թվականի որոշմամբ վկա Օլգա Տերոյանը 07.09.2005 թվականին բացատրություն է տվել այն մասին, որ իր և ՀՀ սոցիալական ապահովության զբաղվածության, բնակչության տեղաշարժի և փախստականների հարցերի նախարարության միջև 27.12.1995 թվականին կնքվել է վիճելի քոթեջն իրեն և իր ընտանիքին հատկացնելու մասին պայմանագիր, նա բնակվել է այդ քոթեջում, հետագայում` 1998 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 1999 թվականի գարունը եղբոր մահվան կապակցությամբ գտնվել է ՌԴ Ռամենսկոյե քաղաքում: 2003 թվականին քոթեջը սեփականաշնորհելու համար դիմում է ներկայացրել մարզպետին և ստացել քոթեջի սեփականաշնորհման վկայականը: Միաժամանակ հայտնել է, որ մարզպետին հասցեագրված դիմումին կից որևէ կեղծ փաստաթուղթ չի ներկայացրել և դրանում նշված փաստերը չի խեղաթյուրել:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված Օլգա Տերոյանի 07.09.2005 թվականի բացատրությունը ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած 30.06.2006 թվականի թիվ 06-2372 վճռով հաստատված հանգամանքների առկայության պայմաններում սույն գործի լուծման համար էական նշանակություն չունի:
Միաժամանակ, սույն գործում առկա չէ ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությունը և դրան կից ներկայացված «Քրեական գործի վարույթը կարճելու մասին» 30.11.2005 թվականի որոշումը բողոք բերողների կողմից իրենցից անկախ պատճառներով գործի քննության ընթացքում չներկայացնելու հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց:
Մասնավորապես, Օլգա Տերոյանի տված 07.09.2005 թվականի բացատրության մասին բողոք բերած անձինք տեղեկացվել են դեռևս ՀՀ գլխավոր դատախազության 01.12.2005 թվականի գրությամբ, այսինքն` թիվ 08-1563 քաղաքացիական գործի քննության ընթացքում բողոք բերած անձանց հայտնի է եղել իրենց վկայակոչած հանգամանքը, սակայն դատարան չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանք վկայակոչված ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն նույնպես նոր երևան եկած հանգամանք չէ հետևյալ պատճառաբանությամբ`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե վերացվել է այն դատական ակտը, դատավճիռը կամ այլ մարմնի որոշումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:
Վճռաբեկ դատարանը իր 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ քննության է առել քաղաքացիական գործն ըստ հայցի «Սանթէ» ՍՊԸ-ի ըննդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների` հողի վարձակալության իրավունքի առուվաճառքի պայմանագիրը լուծելու և հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը վերադարձնել պարտավորեցնելու պահանջների մասին, և որոշել»Սանթէ» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը բավարարել և բեկանել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 08.11.2007 թվականի վճիռը:
Մինչդեռ, Վերաքննի դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճռի հիմքում դրվել են նույն դատարանի` 30.06.2006 թվականի թիվ 06-2372 և 24.10.2006 թվականի թիվ 06-3009 օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված հանգամանքները:
Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի թիվ 3-93(ՎԴ) որոշմամբ բեկանվել է սույն գործի հետ որևէ առնչություն չունեցող Վերաքննիչ դատարանի 08.11.2007 թվականի վճիռը:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի 03.07.2007 թվականի թիվ 07-2071 վճիռը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան