Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 204.11-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վճռաբեկ դատարանի որոշում      Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/2610/02/08

    Քաղաքացիական գործ թիվ 3-402 (ՎԴ)                                2009 թ.  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Հաջիյանի, Կարապետ Հաջիյանի, ինչպես նաև Գրիգոր Հաջյանի ներկայացուցիչ Կարապետ Հաջիյանի բողոքը` դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աբրահամ Հաջյանը պահանջել է անվավեր ճանաչել Կարապետ, Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրը և Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 119 հասցեի բնակելի տունը և 585 քմ մակերեսով հողամասը ճանաչել անժառանգ:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2007 թվականի վճռով Կարապետ, Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի անվամբ տրված 25.08.2008 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարվել է, իսկ մնացած մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Դիմելով դատարան` Կարապետ, Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը պահանջել են անվավեր ճանաչել կառույցի նախագիծը, 16.09.1957 թվականի հողի գլխավոր հատակագիծը, 26 կոմիսարների շրջգործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրությունը, 23.05.2007 թվականին Աբրահամ Հաջյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճռով Երևանի Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 117 հասցեում գտնվող բնակելի տան և 585 քմ մակերեսով հողամասի նկատմամբ Աբրահամ Հաջյանի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու մասով հայցը բավարարվել, իսկ մնացած մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.02.2008 թվականի որոշմամբ քաղաքացիական գործերը միացվել են մեկ վարույթում, իսկ 13.03.2008 թվականի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2007 թվականի վճիռը հայցը բավարարելու մասով բեկանվել է և ուղարկվել նոր քննության, իսկ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշմամբ բեկանվել և փոփոխվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.03.2008 թվականի որոշումը. Կարապետ, Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի անվամբ տրված 25.08.2008 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը 310 քմ մակերեսով հողամասի մասով ճանաչվել է անվավեր, Աբրահամ Հաջյանի սեփականության իրավունքի գրանցումը 275 քմ մակերեսով հողամասի մասով ճանաչվել է անվավեր, իսկ որոշման մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Դիմելով Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` Կարապետ, Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանի ներկայացուցիչ Կարապետ Հաջիյանը խնդրել են նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայել Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի 26.12.2007 թվականի և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 16.11.2007 թվականի վճիռները:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2008 թվականի որոշմամբ դիմումը վերադարձվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.12.2008 թվականի որոշմամբ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 01.12.2008 թվականի որոշումը վերացվել է:

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 20.02.2009 թվականի որոշմամբ Սամվել Հաջիյանի, Կարապետ Հաջիյանի, և, որպես Գրիգոր Հաջյանի ներկայացուցիչ Կարապետ Հաջիյանի կողմից ներկայացված` նոր երևան եկած հանգամանքներով ակտերի վերանայման դիմումի հիման վրա կազմված քաղաքացիական գործը փոխանցվել է Վճռաբեկ դատարան:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վճռաբեկ դատարանը 20.06.2008 թվականի որոշման հիմքում դրել է 26 կոմիսարների շրջգործկոմի 27.09.1973 թվականի թիվ 19 արձանագրությունը, որի հետևանքով մասնակի անվավեր է ճանաչվել Կարապետ, Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի անվամբ տրված 25.08.2008 թվականի ժառանգության իրավունքի վկայագիրը և Աբրահամ Հաջյանին է անցել 310 քմ հողամասը: Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի 16.08.2008 թվականի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ հաստատվել է 26 կոմիսարների շրջգործկոմի 27.09.1973 թվականի թիվ 19 արձանագրության կեղծ լինելու հանգամանքը: Հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել է որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու պատճառով:

Վերոնշյալ արձանագրության կեղծ լինելու հանգամանքը հայտնի է դարձել 16.08.2008 թվականի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ: Բացի այդ, նշված փաստը հաստատվում է նաև Կադաստրի Կ/Ղ ԵԼ-801, 802, 925, 961ա գրություններով և Երևանի քաղգործկոմի 27.09.1972 թվականի թիվ 18/8 որոշմամբ: Վերջինիս համաձայն` Նանսենի փողոցը վերանվանվել է Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցք, որը որևէ կապ չունի հիշյալ արձանագրության մեջ նշված Արաբկիր 50 փողոց նո. 2 հասցեի հետ:

Վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված որոշման կայացման ժամանակ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այս հանգամանքները հայտնի չեն եղել, ուստի դրանք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11 հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի իմաստով հիմք են դատական ակտի վերանայման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բավարարել իրենց հայցը` 23.05.2007 թվականին Աբրահամ Հաջյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու և Աբրահամ Հաջյանի սեփականության իրավունքը Վ. Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 117 բնակելի տան` 66,2 քմ տարածքի և 585 քմ հողամասի նկատմամբ դադարեցնելու պահանջի մասով, և մերժել Աբրահամ Հաջյանի հայցը` Կարապետ, Սամվել Հաջիյանների և Գրիգոր Հաջյանի անվամբ տրված ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասով, իսկ մնացած մասերով վճիռները թողնել օրինական ուժի մեջ:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշման հիմքում դրվել է 26 կոմիսարների շրջգործկոմի 27.09.1973 թվականի որոշումը (թիվ 19 արձանագրությունը), համաձայն որի` Աբրահամ Հաջյանին թույլատրվել է Ջանիբեկ Հաջիյանի հողամասից առանձնացնել իր կողմից օգտագործվող 310 քմ մակերեսով հողամասը:

2) Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի 16.08.2008 թվականի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման համաձայն` 04.07.2008 թվականին Կարապետ, Սամվել Հաջիյանները և Գրիգոր Հաջյանը դիմում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որով հայտնել են, որ նախկին 26 կոմիսարների շրջխորհրդի գործադիր կոմիտեի 27.09.1973 թվականի թիվ 19, 12.04.1974 թվականի թիվ 8 և Միկոյանի շրջսովետի գործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրություններում կատարվել են փաստաթղթային կեղծիքներ: Այս փաստի առթիվ հարուցվել է թիվ 14108208 քրեական գործը, և նշանակվել է կրկնակի դատափաստաթղթաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն:

3) Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի 16.08.2008 թվականի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշմամբ հաստատվել է, որ ՀՀ ազգային արխիվի Երևանի քաղաքային մասնաճյուղի անհայտ աշխատակիցը կեղծել է 26 կոմիսարների շրջգործկոմի 27.09.1973 թվականի թիվ 19 և 12.04.1974 թվականի թիվ 8 արձանագրությունները:

4) Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 16.08.2008 թվականին կայացվել է «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշում` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու պատճառով:

5) Կադաստրի 24.02.2009 թվականի թիվ Կ/Ղ ԵԼ-801 և 802 գրությունների համաձայն` Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 117 տան կադաստրային գործում 26 կոմիսարների շրջգործկոմի 27.09.1973 թվականի թիվ 19 արձանագրություն առկա չէ:

6) Կադաստրի 02.03.2009 թվականի թիվ Կ/Ղ ԵԼ-925 գրության համաձայն` Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 117 տան կադաստրային գործում 26 կոմիսարների շրջգործկոմի 16.08.1957 թվականի թիվ 13 արձանագրության բնօրինակը, ինչպես նաև Աբրահամ Հաջյանին հողի հատկացման վերաբերյալ որոշում առկա չէ:

7) Կադաստրի 03.03.2009 թվականի թիվ Կ/Ղ ԵԼ-961ա գրության համաձայն`

Վ. Փափազյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 117 տան կադաստրային գործում Աբրահամ Հաջյանի անվամբ գույքային թերթ առկա չէ:

8) Կադաստրի Արաբկիրի տարածքային ստորաբաժանման ղեկավարի 30.06.2009 թվականի թիվ Կ/Ղ Ել-3002ա գրության համաձայն` Վ.Փափազյան 2-րդ նրբ. 119 հասցեի նկատմամբ Մարինե Վարդազարյանի և նրա ընտանիքի անդամների անվամբ 17.3 քմ և 10.6 քմ բնակելի տարածության օգտագործման իրավունք գրանցված չէ:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի համաձայն` նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք ներկայացրած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել գործին մասնակցող անձանց, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն,

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն,

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կամ դատավորը, գործի քննության հետ կապված, կատարել են հանցավոր արարք, կամ

4) այն դատական ակտի, դատավճռի կամ այլ մարմնի որոշման վերացումը, որը հիմք է ծառայել տվյալ վճռի կայացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն` գործի հանգամանքները, որոնք, օրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաստատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաստատվել այլ ապացույցներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի և 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի վերլուծությունից հետևում է, որ դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հիմքով վերանայման համար պարտադիր նախապայման է վկայի ակնհայտ կեղծ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, փաստաթղթերի կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված լինելու հանգամանքը:

Սույն գործի փաստերի համաձայն` բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացվել է Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի 16.08.2008 թվականի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը, որով հաստատվել է 26 կոմիսարների շրջգործկոմի 27.09.1973 թվականի թիվ 19 արձանագրության կեղծ լինելու հանգամանքը: Ավելին, Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի կողմից 16.08.2008 թվականի «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման կայացման հիմք է հանդիսացել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու հանգամանքը:

Այսպիսով, վերոհիշյալ փաստաթղթի կեղծված լինելը թույլատրելի ապացույցով, այն է` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված չլինելու պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպես նոր երևան եկած հանգամանք ներկայացված որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի հիմքով չի կարող հիմք հանդիսանալ Վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի որոշումը վերանայելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում նույնպես անդրադարձել է սույն իրավական խնդրին (իրավական հիմնավորումները տե՛ս ըստ Գրիգոր Խաչատրյանի հայցի ընդդեմ Թամո Թամոյանի, Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր)` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործով որոշումը):

Ինչ վերաբերում է բողոք բերած անձանց կողմից որպես նոր երևան եկած հանգամանքներ ներկայացված Կադաստրի Կ/Ղ ԵԼ-802, 801, 925, 961ա, 3002ա գրություններին և Երևանի քաղգործկոմի 27.09.1972 թվականի թիվ 18/8 որոշմանը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերջիններս ըստ էության վկայակոչված են ի լրումն վերոնշյալ հանգամանքի և ուղղված են լրացուցիչ հավաստելու հիշյալ արձանագրության կեղծ լինելու հանգամանքը, ուստի և հերքվում են վերոհիշյալ պատճառաբանությամբ: Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ բողոքով չի հիմնավորվել գործի քննության ընթացքում Կադաստրին վերոնշյալ հարցումները ներկայացնելու անհնարինությունը:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.18-րդ, 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վճռաբեկ դատարանի 20.06.2008 թվականի թիվ 3-402(ՎԴ) որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ԵԱՔԴ/2610/02/08
Որոշում