Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 10...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 103-ՐԴ ԵՎ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ 1-ԻՆ ՄԱՍԵՐԻ, ԻՆՉՊ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԵԿԴ/0009/11/09

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵԿԴ/0009/11/09

Նախագահող դատավոր`  Ս. Համբարձումյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

    դատախազ                                   Ն. Հարությունյանի

 

    2 հունիսի 2009 թվականի                                 ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումը և դրա հետ կապված իրավունքների սահմանափակումները վերացնելու պահանջի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշման դեմ պաշտպան Ալեքսանդր Ծատինյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2008 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության և «Զվարթնոց» օ/կ գծային բաժնի աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել ՈՒկրաինայի Զապորոժյեի մարզի Շևչենկոյի շրջանի ՆԳԲ կողմից ՈՒկրաինայի քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2007 թվականի հունիսի 22-ից հետախուզման մեջ գտնվող Անդրանիկ Գրիգորի Պողոսյանը:

2008 թվականի սեպտեմբերի 8-ին Ա. Պողոսյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

2. 2008 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ գլխավոր դատախազությունը ՈՒկրաինայի իրավասու մարմիններին գրավոր հայտնել է Հայաստանի Հանրապետությունում Ա. Պողոսյանի հայտնաբերման, ինչպես նաև այն մասին, որ վերջինս հանդիսանում է ՀՀ քաղաքացի: Նույն գրությամբ ՈՒկրաինայի իրավասու մարմիններից պահանջվել է Ա. Պողոսյանի նկատմամբ ՈՒկրաինայում հարուցված քրեական գործը:

3. 2008 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի դատախազ Գ. Տիգրանյանի կողմից որոշում է կայացվել Ա. Պողոսյանի խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին` մինչև ՈՒկրաինայի իրավասու մարմիններից պահանջված քրեական գործի ստացումը:

4. 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Ա. Պողոսյանի պաշտպան Ա. Ծատինյանը ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել դատախազ Գ. Տիգրանյանին: 2008 թվականի դեկտեմբերի 30-ի գրությամբ դատախազ Գ. Տիգրանյանը մերժել է պաշտպանի միջնորդությունը:

5. 2009 թվականի հունվարի 22-ին Ա. Պողոսյանի պաշտպան Ա. Ծատինյանի կողմից դատախազ Գ. Տիգրանյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

2009 թվականի փետրվարի 11-ի որոշմամբ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դատախազ Գ. Տիգրանյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը և դրա հետ կապված իրավունքների սահմանափակումներ հանդիսացող հայտարարված հետախուզումը և քրեական հետապնդումը վերացնելու մասին Ա. Պողոսյանի պաշտպան Ա. Ծատինյանի բողոքը:

6. 2009 թվականի փետրվարի 25-ին պաշտպանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերվել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի որոշումը բեկանվել է, իսկ խափանման միջոց կալանավորումը չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին որոշումը ու դրա հետ կապված իրավունքների սահմանափակումները վերացնելու պահանջի վերաբերյալ փաստաբան Ա. Ծատինյանի կողմից 2009 թվականի հունվարի 19-ին` փոստին հանձնելու միջոցով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը թողնվել է առանց քննության` դատախազի կայացրած որոշման բողոքարկման մինչդատական կարգը պահպանված չլինելու պատճառով:

7. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշման դեմ 2009 թվականի ապրիլի 4-ին պաշտպանը վճռաբեկ բողոք է բերել:

2009 թվականի մայիսի 8-ին ՀՀ Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ») բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. ՈՒկրաինայի Հանրապետությունում 2000 թվականի փետրվարի 15-ին թիվ 2000004 քրեական գործով Ա. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ՈՒՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասով (ներկայումս` ՈՒկրաինայի Հանրապետության քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մաս, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործությանը):

ՈՒկրաինայի Հանրապետության Զապորոժյե քաղաքի Շևչենկոյի շրջանի դատարանի 2000 թվականի հուլիս ամսվա որոշմամբ Ա. Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, փոխարինվել է կալանքով:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքաբերը գտնում է, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ են տվել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա:

Մասնավորապես, առաջին ատյանի դատարանը, վկայակոչելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 15-րդ, 75-րդ, 290-րդ հոդվածների պահանջները, ըստ էության անդրադարձել է և որպես բողոքի մերժման հիմք նշել է Ա.Պողոսյանին մեղսագրվող արարքի նկատմամբ վաղեմության ժամկետների կիրառման խնդիրը: Բացի այդ, դատարանը, հղում կատարելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածներին, գտել է, որ բողոքը ենթակա է մերժման նաև այն հիմքով, որ դատախազի որոշումը բողոքարկվել է դատարան` առանց այն վերադաս դատախազին բողոքարկելու:

Բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հաշվի չառնելով գործի փաստական հանգամանքները, բողոքը մասնակի բավարարելու հիմք է դիտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթը և գտել, որ դատախազ Գ.Տիգրանյանի որոշումը պետք է բողոքարկվեր վերադաս դատախազին և այնուհետև դատարան: Ըստ բողոք բերող անձի, սակայն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում նման դրույթ նախատեսված չէ, ավելին, այդ հոդվածի 1-ին մասը հնարավորություն է տալիս համապատասխան որոշումը բողոքարկել անմիջապես դատական կարգով:

10. Բողոքաբերը նշում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պարտավոր էր գործը քննել բողոքի սահմաններում և իրավունք չուներ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին ներկայացված բողոքը առանց քննության թողնել: Ի հիմնավորումն ասվածի` բողոքաբերը վկայակոչում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածը, որն ամրագրում է ՀՀ վերաքննիչ դատարանի լիազորությունները և պնդում, որ նշված դատարանն իրավասու չէ գործն ըստ էության լուծող և ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում մասնակի բավարարել բողոքը և չբավարարված մասով առանց քննության թողնել ընդհանուր իրավասության դատարան ներկայացված բողոքը:

11. Ըստ բողոք բերող անձի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել նաև քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի խախտում, քանի որ վերաքննիչ դատարանում գործը քննվել է առանց դատախազի մասնակցության:

Հիմք ընդունելով իր կողմից նշված փաստարկները` բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք Ա. Պողոսյանին զրկել են օրենքով երաշխավորված իրավունքներից, խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը վերջինիս համար առաջացրել է ծանր հետևանքներ, քանի որ դրա արդյունքում նա զրկվում է իր իրավունքները սահմանափակող` անհիմն և անօրինական քրեական հետապնդման, քրեական հետախուզման և Գ. Տիգրանյանի 2008 թվականի հոկտեմբերի 16-ին կայացված որոշումը վերացնելու հնարավորությունից: ՈՒստի բողոքաբերը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` այլ կազմով նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը իրավասու էր արդյոք սույն գործով ներկայացված բողոքը քննել ըստ էության:

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն`

«1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ- հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից:

(...)

3. Բողոքը կարող է ներկայացվել վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան` այն մերժելու մասին տեղեկություն ստանալու կամ, եթե դրա վերաբերյալ պատասխան չի ստացվել, բողոք ներկայացնելուց հետո մեկ ամսվա ժամկետը լրանալու օրվանից` մեկ ամսվա ընթացքում:

(...)»:

Վերոշարադրյալ հոդվածի 1-ին մասի վերլուծությունից երևում է, որ մինչդատական վարույթն իրականացնող մարմինների որոշումների ու գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել դատախազին բողոքարկվելուց և ներկայացված բողոքին վերջինիս կողմից բավարարում չտրվելու դեպքում միայն: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասն այս ընթացակարգի առումով որևէ բացառություն չի նախատեսում:

Նշված հոդվածի 3-րդ մասը, ելնելով անձի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության պահանջից, որպես մինչդատական վարույթն իրականացնող մարմինների գործողությունների և որոշումների` դատական կարգով բողոքարկման լրացուցիչ հիմք, նախատեսում է այն, որ բողոքը կարող է վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի դատարան ներկայացվել դատախազի կողմից դրան պատասխանելու մեկամսյա ժամկետը սպառվելուց հետո մեկ ամիս հետո` այն դեպքում, եթե ներկայացված բողոքը դատախազի կողմից որևէ արձագանք չի ստացել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Քննիչի և հետաքննության մարմնի աշխատակցի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, դատախազի որոշումները և գործողությունները` վերադաս դատախազին (...): Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում քրեական հետապնդման մարմնի գործողությունները և որոշումները կարող են բողոքարկվել դատարան»:

Նշված հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունների վերլուծությունից երևում է, որ դատախազի որոշումները, նախքան դատական կարգով բողոքարկվելը, բողոքարկվում են վերադասության կարգով, այսինքն` վերադաս դատախազին:

14. Սույն գործի նյութերից երևում է, որ 2008 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի դատախազ Գ. Տիգրանյանի կողմից որոշում է կայացվել Ա. Պողոսյանի խափանման միջոցը` կալանավորումը, չհեռանալու մասին ստորագրությամբ փոխարինելու մասին: Ա. Պողոսյանի պաշտպանի կողմից 2008 թվականի դեկտեմբերի 10-ին ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացվել դատախազ Գ. Տիգրանյանին, որը վերջինիս կողմից 2008 թվականի դեկտեմբերի 30-ի գրությամբ մերժվել է (տե՛ս սույն որոշման 3-րդ, 4-րդ կետերը): 2009 թվականի հունվարի 22-ին Ա. Պողոսյանի պաշտպան Ա. Ծատինյանի կողմից դատախազի 2008 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բողոքարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Այսինքն սույն գործով քրեական հետապնդման մարմնի որոշումը չէր բողոքարկվել վերադասության կարգով և բողոքարկվել էր միանգամից առաջին ատյանի դատարան:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջները պահպանված չլինելու հիմքով մերժել է ներկայացված բողոքը, սակայն իր որոշման մեջ անդրադարձել և հանգամանորեն քննության է առել նաև բողոքի հիմքերը (գ. թ. 36-38):

Հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը իրավասու չէր սույն գործով ներկայացված բողոքի քննության ժամանակ անդրադառնալ բողոքի հիմքերին, քանի որ այն ներկայացվել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված դատավարական ընթացակարգի խախտմամբ, այն է` դատախազի որոշման դեմ բողոքը ներկայացվել էր դատարան` առանց վերադաս դատախազին բողոքարկելու:

15. Սույն գործով վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասու էր արդյոք մասնակի բավարարել պաշտպան Ա. Ծատինյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` դատախազի որոշման բողոքարկման քրեադատավարական կարգը պահպանված չլինելու հիմքով` առանց քննության թողնելով այն:

16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4 հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության»:

ՀՀ քրեական օրենսգրքի նշված հոդվածի բովանդակությունից երևում է, որ այն սպառիչ թվարկում է վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմքերը:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են առաջին ատյանի դատարանի` հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների (անգործության) դեմ բողոքների կապակցությամբ կայացված որոշումները:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ սույն գործով առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը, այն է` պաշտպան Ա. Ծատինյանի դիմում-բողոքը ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի դատախազ Գ. Տիգրանյանի 16.10.2008 թ. կայացրած որոշումը և դրա հետ կապված իրավունքի սահմանափակումներ հանդիսացող հետախուզումը և քրեական հետապնդումը վերացնելու մասին մերժելու վերաբերյալ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 5-րդ կետի ուժով հանդիսանում է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշում: Հետևաբար ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոքը բերվել է 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջների պահպանմամբ, իրավասու չէր այն թողնել առանց քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պետք է բողոքը վարույթ ընդունելուց հետո պետք է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով մերժեր վերաքննիչ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն որոշման պատճառաբանական մասում առկա մոտեցումները հիմք են տալիս ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:

19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ և 290-րդ հոդվածների 1-ին մասերի, ինչպես նաև 381-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

ՈՒստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն` բեկանել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009 թվականի փետրվարի 11-ի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 24-ի որոշումները և գործն ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.06.2009
N ԵԿԴ/0009/11/09
Որոշում