Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 29...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 290-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                               ԵԿԴ/0020/11/09

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Նախագահող դատավոր`  Ռ. Ազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2009 թվականի սեպտեմբերի 16-ին                          ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշման դեմ դիմող Ա. Սաղաթելյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ գլխավոր դատախազի 2000 թ. մարտի 1-ի որոշմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Հայկի Սաղաթելյանի կողմից կաշառք ստանալու վերաբերյալ նյութերով, ՀՀ 1961 թ. քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է թիվ 62201100 քրեական գործը: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ Ա. Թարվերդյանին: Վերջինս 2000 թ. մարտի 1-ի որոշմամբ գործն ընդունել է վարույթ և ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը:

2. 2000 թ. հունիսի 22-ին ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություն է ներկայացրել ՀՀ արդարադատության խորհուրդ` խնդրելով քննության առնել Ա. Սաղաթելյանին քրեական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու համար ՀՀ նախագահին առաջարկ ներկայացնելու հարցը:

2000 թ. օգոստոսի 21-ին ՀՀ արդարադատության խորհուրդը որոշել է ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդությունը մերժել:

3. 2000 թ. սեպտեմբերի 1-ին ՀԿԳ քննիչ Ա. Թարվերդյանը որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին:

4. ՀՀ նախագահի 2004 թ. ապրիլի 30-ի հրամանագրով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Անահիտ Հայկի Սաղաթելյանի լիազորությունները դադարեցվել են:

5. 2008 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 62216908 քրեական գործը:

6. 2008 թ. հոկտեմբերի 3-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը որոշում է կայացրել թիվ 62201100 քրեական գործով վարույթը վերսկսելու մասին:

Նույն օրը ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը որոշում է կայացրել վերոհիշյալ քրեական գործը և 2008 թ. հոկտեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 2-րդ մասի և 38-314-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված թիվ 62216908 քրեական գործը միացնել մեկ վարույթում:

Ա. Մինասյանի 2008 թ. նոյեմբերի 14-ի որոշմամբ Ա. Սաղաթելյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 38-312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

7. 2008 թ. նոյեմբերի 24-ին Ա. Սաղաթելյանը ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի գործողությունները և որոշումները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով բողոքարկել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ընդհանուր իրավասության դատարանի 2008 թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ա. Սաղաթելյանի բողոքը մերժվել է:

Վերոնշյալ որոշումը Ա.Սաղաթելյանի կողմից բողոքարկվել է վերաքննության կարգով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թ. հունիսի 15-ի որոշմամբ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թ. դեկտեմբերի 22-ի որոշումը թողել է օրինական ուժի մեջ:

8. 2008 թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճելու և Անահիտ Սաղաթելյանի, Մյասնիկ Ավետիսյանի ու Զաբելա Զարոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին` նրանց մեղսագրված հանցանքների համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

2009 թ. հունվարի 19-ին Ա. Սաղաթելյանը և Մ. Ավետիսյանը բողոք են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի 2008 թ. դեկտեմբերի 29-ի որոշումը:

2009 թ. հունվարի 30-ին ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Զ. Թադևոսյանի գրությամբ Ա. Սաղաթելյանին և Մ. Ավետիսյանին տրվել է պատասխան, ըստ որի` քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումը վերացնելու հիմքեր չկան:

9. 2009 թ. մարտի 4-ին Ա.Սաղաթելյանը բողոք է բերել առաջին ատյանի դատարան` խնդրելով վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի 2008 թ. դեկտեմբերի 29-ի որոշումը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2009 թ. մարտի 16-ին որոշում է կայացրել Ա. Սաղաթելյանի բողոքը մերժելու մասին:

10. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թ. դեկտեմբերի 22-ի և 2009 թ. մարտի 16-ի որոշումների դեմ Ա. Սաղաթելյանի կողմից բերված երկու վերաքննիչ բողոքները ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. մայիսի 5-ի որոշմամբ միացվել են մեկ վարույթում և նշանակվել քննության:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշմամբ առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ որոշումները թողնվել են օրինական ուժի մեջ:

11. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշման դեմ 2009 թ. հուլիսի 11-ին Ա. Սաղաթելյանի կողմից վճռաբեկ բողոք է բերվել:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար»), 2009 թ. օգոստոսի 19-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

12. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թ. դեկտեմբերի 22-ի որոշմամբ Ա. Սաղաթելյանի կողմից ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի գործողությունների և որոշումների դեմ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի կարգով ներկայացված բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված` բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի, որպեսզի քրեական գործ հարուցելու մասին որոշումը լինի դատական կարգով բողոքարկման առարկա, պետք է պարզել, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը արդյո՞ք խախտում է անձի իրավունքներն ու օրինական շահերը: Քննության արդյունքում դատարանը գտել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի խախտել Ա. Սաղաթելյանի իրավունքները և ազատությունները, կայացված որոշումները հիմնավոր են, իսկ բողոքարկված գործողությունները կատարվել են օրենքին համապատասխան:

13. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թ. մարտի 16-ի որոշմամբ Ա. Սաղաթելյանի բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նա դատախազի մերժումը ստանալուց հետո այն դատարան չի բողոքարկել 7 օրվա ընթացքում, այսինքն` չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, և բացի այդ, մինչև քննիչի կողմից վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշման կայացումը Ա. Սաղաթելյանը հնարավորություն է ունեցել առարկելու դրա դեմ, սակայն այդ կապակցությամբ որևէ առարկություն չի ներկայացրել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը փոփոխել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թ. մարտի 16-ի որոշման պատճառաբանությունները` արձանագրելով, որ բողոքաբերի կողմից պահպանվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածով սահմանված ժամկետները, սակայն քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումն ըստ էության օրինական է, և այն վերացնելու հիմքեր չկան:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

14. Ըստ բողոքաբերի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշումն անօրինական է և կայացվել է դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով:

Ի հիմնավորումն վերոգրյալի` բողոքաբերը նշում է, որ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը: Բողոք բերած անձը գտնում է, որ ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է քննել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածում նշված սուբյեկտների յուրաքանչյուր որոշման և գործողության դեմ բերված բողոք` պատճառաբանելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորման համաձայն` քրեական դատավարության մինչդատական փուլում դատական վերահսկողությունը չի կարող սահմանափակվել:

15. Ըստ բողոքաբերի` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը սխալ եզրահանգման է եկել այն մասին, որ ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը քրեական գործը հարուցել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ինչպես նաև վերաքննիչ դատարանն անհիմն է արձանագրել այն փաստը, որ Ա. Սաղաթելյանի իրավունքներն ու ազատությունները սահմանափակող որևէ ապօրինի գործողություն ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի կողմից չի կատարվել:

Ի հիմնավորումն վերոնշյալ պնդման` բողոքաբերը նշում է, որ բացի այն, որ իր վերաբերյալ գործով ընդհանրապես բացակայում է հանցագործության դեպքը, ինչպես նաև իր արարքի մեջ հանցակազմ չկա, քրեական գործ հարուցելու պահին առնվազն ակնհայտ էր, որ անցել են իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու` ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված վաղեմության ժամկետները, ինչից բողոք բերող անձը հետևություն է անում այն մասին, որ թիվ 62216908 քրեական գործի հարուցումն ինքնին անօրինական է եղել, քանի որ հարուցվել է իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պարագայում: Բողոքաբերը պնդում է նաև, որ ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման մեջ չի կարողացել նշել քրեական գործի հարուցման առիթը, քանի որ այն հարուցել է առանց օրինական առիթի ու հիմքի:

16. Ըստ բողոք բերող անձի, քննիչ Ա. Մինասյանը քրեական գործում կեղծ տեղեկություններ է մտցրել այն մասին, որ ինքը հրաժարվում է ցուցմունք տալ, առերես հարցաքննվել, արձանագրությունների տակ ստորագրել, չի կողմնորոշվում պաշտպան ունենալու հարցում:

17. Բողոքի հեղինակը գտնում է նաև, որ ապօրինի է թիվ 62216908 քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ 2008 թ. դեկտեմբերի 29-ի որոշումը: Իր պնդումը բողոքաբերը հիմնավորում է նրանով, որ քրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը կայացվել է ապօրինի հարուցված քրեական գործի շրջանակներում, ինչպես նաև վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների կոպիտ խախտում, որոնց համաձայն` քրեական գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը:

Բողոքի հեղինակի պնդմամբ, ինքը բազմիցս` թե' հեռախոսով, թե' անձնական հանդիպումների ժամանակ, քննիչ Ա.Մինասյանին հայտնել է, որ համաձայն չէ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով գործի վարույթի կարճմանը:

18. Բողոքի հեղինակը նշում է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը պատշաճ գնահատական չի տվել այն հարցին, որ ինքը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թ. մարտի 16-ի դատական նիստի մասին չի ծանուցվել:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրում է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն հետևյալ պատճառաբանություններով.

 

I. Քրեական գործի վարույթի կարճումը և քրեական հետապնդման դադարեցումը քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով

19. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե մինչդատական վարույթն իրականացնող մարմինն իրավասո՞ւ էր արդյոք կարճել քրեական գործի վարույթը և Ա. Սաղաթելյանի նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով այն պարագայում, երբ նա այդ կապակցությամբ իր համաձայնությունը չէր տվել:

20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` «Քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե անցել են վաղեմության ժամկետները»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածի առաջին մասի 6-րդ և 13-րդ կետերում նշված հիմքերով գործի վարույթի կարճում և քրեական հետապնդման դադարեցում չի թույլատրվում, եթե դրա դեմ առարկում է մեղադրյալը: Այս դեպքում գործի վարույթը շարունակվում է սովորական կարգով»:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 6-րդ մասի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Մյասնիկ Հարութիկի Ավետիսյանի վերաբերյալ գործով 2009 թ. հունիսի 29-ին կայացված թիվ ԵԿԴ/0019/11/09 որոշման մեջ և արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը` «(...) չժխտելով, որ անձի կատարած արարքն իր մեջ պարունակում է հանցակազմի հատկանիշներ, վարույթն իրականացնող մարմինը կարող է նրան ազատել քրեական պատասխանատվությունից` հիմք ընդունելով այն, որ կատարված արարքը կորցրել է իր վտանգավորության աստիճանը: ՀՀ քրեադատավարական օրենքն այս հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելու պարտադիր նախապայման է դիտում նրա համաձայնությունը, որի բացակայությունը ենթադրում է վարույթի շարունակում ընդհանուր կարգով (...)»:

22. Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալ դատողությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով սույն քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Սաղաթելյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելով` քննիչը դուրս է եկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի կիրառման թույլատրելի շրջանակներից, քանի որ գործի նյութերից երևում է, որ մեղադրյալը` Ա.Սաղաթելյանը, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական գործի վարույթի կարճման կապակցությամբ համաձայնություն չի տվել:

 

II. Քրեական գործ հարուցելու մասին որոշման` դատական կարգով բողոքարկման հնարավորությունը

23. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև այն հարցին, թե մինչդատական վարույթն իրականացնող մարմնի` քրեական գործ հարուցելու մասին որոշումը ենթակա՞ էր արդյոք բողոքարկման մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում:

24. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` սույն օրենսգրքով նախատեսված որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կասկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մասնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և օրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից»:

25. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումներն ընդունելուց, քրեական գործ հարուցելուց հետաքննության մարմնի, քննիչի և դատախազի հրաժարվելը, ինչպես նաև քրեական գործը կասեցնելու, կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Վալերի Գրիգորյանի վերաբերյալ գործով 2008 թ. հուլիսի 25-ին կայացված թիվ ԵԿԴ/0031/11/08 որոշմամբ, որում իրավական դիրքորոշում է արտահայտել քրեական գործ հարուցելու մասին որոշման` մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության առարկա հանդիսանալու հարցի վերաբերյալ:

Վերոնշյալ որոշման մեջ Վճռաբեկ դատարանն այն տեսակետն է արտահայտել, որի համաձայն` «(...) Եթե հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածում ամրագրված` դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են դատական կարգով բողոքարկման:

Քանի որ քրեական գործ հարուցելու մասին որոշումը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված բողոքարկման ենթակա որոշումների շարքում, ուստի, որպեսզի մինչդատական վարույթի ընթացքում քրեական գործ հարուցելու մասին որոշումը լինի դատական բողոքարկման առարկա, ապա պետք է պարզել, թե քրեական գործ հարուցելու մասին որոշումը խախտում է անձի իրավունքները և օրինական շահերը, թե` ոչ:

(...)

ՀՀ քրեական դատավարության օրենսդրության իմաստով քրեական գործ հարուցելու նպատակը ոչ թե անձին դատավարական կարգավիճակ տալն է, այլ օրինական քննության համար քրեադատավարական հիմք ստեղծելն է, որը հնարավորություն է տալիս արդյունավետ քննություն իրականացնելու նպատակով օգտագործել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված բոլոր իրավական գործիքները (...)»:

26. Սույն գործի նյութերի և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի դատական ակտի ուսումնասիրությունից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դատական ստուգման ընթացքում հետազոտված նյութերի և գործի փաստական հանգամանքների վերլուծությամբ իրավացիորեն եկել է այն համոզման, որ քննիչ Ա. Մինասյանի գործողությունները բխել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից: Քրեական գործ հարուցելու մասին քննիչի կողմից կայացված որոշմամբ ըստ էության չեն խախտվել Ա. Սաղաթելյանի իրավունքները, իսկ հարուցված քրեական գործը քննիչի կողմից կարճվել է այն պատճառաբանությամբ, որ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները, և այդ ընթացքում ևս քննիչի կողմից Ա. Սաղաթելյանի նկատմամբ որևէ ապօրինի գործողություն չի կատարվել:

27. Հետևաբար, նկատի ունենալով, որ քրեական գործ հարուցելու մասին որոշմամբ չեն խախտվել Ա. Սաղաթելյանի իրավունքները և օրինական շահերը, քննիչի կողմից նրա նկատմամբ ապօրինի գործողություններ չեն կատարվել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թ. դեկտեմբերի 22-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասով նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշումն օրինական են, հիմնավորված և պատճառաբանված, իսկ բողոքի հեղինակի փաստարկները հիմնավոր չեն:

28. Ինչ վերաբերում է բողոքաբերի փաստարկներին այն մասին, որ ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը կեղծ տեղեկություններ է մտցրել քրեական գործում (տե՛ս սույն որոշման 16-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ա. Սաղաթելյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2008 թ. նոյեմբերի 14-ի որոշումը քննիչ Ա. Մինասյանը նույն օրը հայտարարել է Ա. Սաղաթելյանին, նրան պարզաբանել է ինչպես մեղադրանքի էությունը, այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով նախատեսված` մեղադրյալի իրավունքները և պարտականությունները:

Քննիչի կողմից 2008 թ. նոյեմբերի 14-ին` ժամը 14:36-ին, Ա. Սաղաթելյանին է հանձնվել նաև որպես մեղադրյալ ներգրավելու մասին 2008 թ. նոյեմբերի 14-ի որոշման պատճենը` իրավունքների և պարտականությունների ցանկի հետ միասին, և այդ մասին կազմվել է համապատասխան արձանագրություն, որի մեջ առկա է Ա. Սաղաթելյանի ստորագրությունը (տե՛ս քրեական գործ հատոր 3-րդ, 184-187-րդ էջեր): Այնուհետև քննիչ Ա. Մինասյանը Ա. Սաղաթելյանին բացատրել է պաշտպան ունենալու իրավունքը, իսկ Ա. Սաղաթելյանը հայտարարել է, որ պաշտպան ունենալու կամ չունենալու հարցում դեռևս չի կողմնորոշվել, և առանց որևէ պատճառաբանության հրաժարվել է ստորագրել քննիչի կազմած արձանագրությունը, հրաժարվել է նաև ցուցմունք տալուց, որի մասին 2008 թ. նոյեմբերի 14-ին` ժամը 14:40-14:44-ին, քննիչ Ա. Մինասյանի կողմից կազմվել է արձանագրություն (տե՛ս քրեական գործ հատոր 3-րդ, 188-189-րդ էջեր):

29. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհիմն է նաև բողոքաբերի պնդումն այն մասին, որ ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանը քրեական գործ հարուցելու վերաբերյալ որոշման մեջ չի կարողացել նշել քրեական գործի հարուցման առիթը, քանի որ այն հարուցել է առանց օրինական առիթի ու հիմքի:

Նշված հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀԿԳ քննիչ Ա. Մինասյանի կողմից 2008 թ. հոկտեմբերի 1-ին կայացված` քրեական գործ հարուցելու մասին որոշման բովանդակությունից երևում է, որ քրեական գործի հարուցման առիթը քաղաքացի Սոս Մելքոնյանի հաղորդումն է եղել:

30. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ սույն գործով չի հիմնավորվում բողոքի հեղինակի պնդումն այն մասին, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. մարտի 16-ի դատական նիստի մասին ինքը պատշաճ չի ծանուցվել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այդ հարցին պատշաճ գնահատական չի տվել:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2009 թ. մարտի 16-ին նշանակված դատական նիստի մասին Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը պատշաճ կարգով ծանուցել է Ա.Սաղաթելյանին և գործի նյութերում առկա է հանձնման ծանուցումը` 2009 թ. մարտի 13-ի ստացման ստորագրությամբ (տե՛ս նյութեր 130-րդ էջ):

Այսպիսով, հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ներկայացված բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թ. մարտի 16-ի որոշման և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշման մասով սույն գործը պետք է ուղարկվի Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Անահիտ Հայկի Սաղաթելյանի վերաբերյալ` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թ. մարտի 16-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշումը բեկանել և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. հունիսի 15-ի որոշման մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
16.09.2009
N ԵԿԴ/0020/11/09
Որոշում