ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0738/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՔԴ/0738/02/08
Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան
Դատավորներ` Գ. Մատինյան
Ն. Տավարացյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ` Ե. Խունդկարյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Մարգարիտ Թերզյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2009 թվականի որոշման դեմ` ըստ Նարինե Խաչատրյանի հայցի ընդդեմ Մարգարիտ Թերզյանի` ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Նարինե Խաչատրյանը պահանջել է որպես շինծու գործարք անվավեր ճանաչել Մարգարիտ Թերզյանի և Գառնիկ Կարապետյանի միջև 05.10.2004 թվականին կնքված Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 502 պետհամարանիշով ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը:
Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 27.11.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.03.2009 թվականի որոշմամբ Մարգարիտ Թերզյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 27.11.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Մարգարիտ Թերզյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նարինե Խաչատրյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ հոդվածների պահանջները, չի կիրառել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ավտոմեքենայի գնման պահին հայցվորը չի եղել Ընկերության միակ սեփականատերը և մյուս սեփականատեր Գևորգ Բեշիկչյանը չի տվել իր համաձայնությունը նշված առուվաճառքի վերաբերյալ: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն ընդունել է հայցվորի կողմից շինծու գործարք կնքելու այն հիմնավորումը, որ իբր այդ գործարքով հայցվորը ցանկացել է գնած ավտոմեքենան ապահովագրել հետագայում բիզնեսում ենթադրաբար կրած անհաջողությունների դեպքում հարկային և վարկային պարտավորությունների դիմաց բռնագրավումից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, մատնանշելով մի շարք իրարամերժ նորմեր, կոնկրետ չի նշել, թե ինչպիսի գործարքների թվին է դասվում վիճարկվող գործարքը, և որ իրավական նորմի հիմքով է ճանաչել Նարինե Խաչատրյանի սեփականության իրավունքը ավտոմեքենայի նկատմամբ: Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է օրենքին համապատասխան. ո՛չ Գառնիկ Կարապետյանի, ո՛չ Նարինե Խաչատրյանի հետ կեղծ կամ շինծու գործարք կնքելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չի եղել, իսկ ստացականը գրվել է պայմանագրից շատ ավելի ուշ, խաբեության ազդեցության տակ, և այն իրավաբանական ուժ ունենալ չի կարող: Հետևաբար, Մարգարիտ Թերզյանը նշված ավտոմեքենայի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերել օրենքով սահմանված կարգով:
Վերաքննիչ դատարանը, յուրովի վերլուծության ենթարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածը, եզրահանգում է արել այն մասին, որ ավտոմեքենայի առուվաճառքի մասին բանակցությունները վարել է և գումարը վճարել է ոչ թե Մարգարիտ Թերզյանը, այլ Նարինե Խաչատրյանը: Եթե ինչ-ինչ հանգամանքների բերումով ավտոմեքենայի գումարի մի փոքր մասը վճարվել է Նարինե Խաչատրյանի կողմից, Դատարանը ո՞ր հանգամանքը կամ ապացույցն է հիմք ընդունել եզրակացնելու, որ ավտոմեքենայի արժեքի մնացած մասը նույնպես վճարել է Նարինե Խաչատրյանը, եթե այդ հանգամանքը հիմնավորող որևէ ապացույց Նարինե Խաչատրյանը չի ներկայացրել:
Բացի այդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ պարբերությունը սահմանում է, որ վճռի պատճառաբանական մասում պետք է նշվեն դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են դատարանի հետևությունները, այս կամ այն ապացույցները մերժելու փաստարկները, ինչպես նաև այն օրենքները, միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը վճիռ կայացնելիս: Սույն գործով չպատճառաբանելով և չմեկնաբանելով գործարքի բնույթը և այն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքները` Վերաքննիչ դատարանը, մատնանշելով մի շարք իրարամերժ նորմեր, իրավական անորոշություն է ստեղծել:
2) Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 317-րդ և 335-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը սուբյեկտիվ մոտեցմամբ է մեկնաբանել հայցային վաղեմություն կիրառելու մասին պատասխանողի միջնորդությունը: Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը սահմանում է, որ գործարքն անվավեր է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): Նույն օրենսգրքի 317-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ վիճահարույց գործարքի անվավեր ճանաչման և դրա անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել, եթե գործարքը կնքվել է բռնության կամ սպառնալիքի ազդեցության տակ, դրա դադարման օրվանից կամ այն օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, երբ հայցվորն իմացել էր կամ պարտավոր էր իմանալ գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայող հանգամանքների մասին: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունը սահմանում է, որ հայցային վաղեմության ժամկետի լրանալը, որի կիրառման մասին դիմել է վիճող կողմը, հիմք է դատարանի կողմից հայցը մերժելու մասին վճիռ կայացնելու համար: Սույն գործի քննության ընթացքում հայցվորն ու նրա ներկայացուցիչը բազմիցս հայտարարել են, որ շինծու գործարքը կնքվել է Նարինե Խաչատրյանի անմիջական նախաձեռնությամբ` հարկային հնարավոր ռիսկերից խուսափելու նպատակով: Այսինքն` գործարքի կնքման պահից` 05.10.2004 թ-ից, հայցվորն իմացել է գործարքն անվավեր ճանաչելու հիմք ծառայած հանգամանքների մասին, սակայն դատարանը հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվորը գործարքն անվավեր ճանաչելու համար հիմք ծառայած հանգամանքների մասին իմացել է 2007 թ-ին, երբ դիմել է դատարան ու հայցից հրաժարվելու հիմքով գործի վարույթը 20.08.2007 թ-ին կարճվել է:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.03.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները
Վերաքննիչ դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի համաձայն, գործում առկա յուրաքանչյուր ապացույց գնահատել է գործի բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ, պարզել է վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը, մասնավորապես այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված գործողությունները Մարգարիտ Թերզյանի կողմից չեն կատարվել, ավելին` վաճառողի հետ առուվաճառքի մասին բանակցությունները վարվել են, և գումարը վճարվել է Նարինե Խաչատրյանի կողմից, այնինչ ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրում որպես գնորդ ներկայացվել է Մարգարիտ Թերզյանը, այսինքն` կնքվել է շինծու գործարք, ուստի Մարգարիտ Թերզյանը չի կարող հանդիսանալ ավտոմեքենայի սեփականատեր: Կնքված գործարքը շինծու է, որի նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին պարբերությունը, որը նախատեսում է գործարքի անվավերության հետևանքները:
Իր պատճառաբանությունների և եզրահանգումների արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է հիմնավորված և արդարացի որոշում:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Նարինե Խաչատրյանը Մարգարիտ Թերզյանի որդու` Գևորգ Բեշիկչյանի նախկին կինն է:
2) Մարգարիտ Թերզյանի` որպես գնորդի և Գառնիկ Կարապետյանի` որպես վաճառողի միջև 05.10.2004 թվականին կնքվել է 1992 թվականի արտադրության Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 502 պետհամարանիշի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր:
3) «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Երևանի թիվ 2 հաշվառման քննական բաժանմունքի պետի գրության համաձայն` Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 915 պետհամարանիշի ավտոմեքենան 20.08.2004 թվականին հաշվառված է եղել 03 ԼՏ 502 պետհամարանիշով:
4) 25.08.2004 թվականի ստացականի համաձայն` Գառնիկ Կարապետյանը Նարինե Խաչատրյանից ստացել է 4.000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ մնացած 7.000 ԱՄՆ դոլարը Նարինե Խաչատրյանը պարտավորվել է վճարել 2004 թվականի հոկտեմբերի 25-30-ը` բանկից վարկ ստանալու պայմանով, որից հետո Գառնիկ Կարապետյանը պարտավորվել է ավտոմեքենան վերագրանցել և հանձնել Նարինե Խաչատրյանին:
5) Գառնիկ Կարապետյանի կողմից 16.02.2009 թվականին տրված, նոտարական կարգով վավերացված հայտարարության համաձայն` Գառնիկ Կարապետյանը հայտնել է, որ 2004 թվականի օգոստոսին 4.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կանխավճարով Նարինե Խաչատրյանին վաճառել է Մերսեդես 280 Ե մակնիշի 03 ԼՏ 502 պետհամարանիշի ավտոմեքենան, իսկ մնացած 3.500.000 ՀՀ դրամը Նարինե Խաչատրյանը վճարել է 27.10.2004 թվականին: Ավտոմեքենայի առուվաճառքի 05.10.2004 թվականի պայմանագրում Նարինե Խաչատրյանի խնդրանքով որպես գնորդ հանդես է եկել նրա սկեսուրը` Մարգարիտ Թերզյանը:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել ապրանք (գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը): Նույն օրենսգրքի 501-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ գնորդը պարտավոր է ապրանքի համար վճարել առուվաճառքի պայմանագրով նախատեսված գինը, իսկ 502-րդ հոդվածի համաձայն` գնորդը պարտավոր է վճարել ապրանքի համար այն վաճառողից ստանալուց անմիջապես առաջ կամ հետո, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով, այլ օրենքներով, իրավական ակտերով կամ առուվաճառքի պայմանագրով և չի բխում պարտավորության էությունից:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ առուվաճառքի պայմանագրով կողմերի, այն է` վաճառողի և գնորդի իրական կամաարտահայտությունն ուղղված պետք է լինի վաճառողի համար` առուվաճառքի առարկան ի սեփականություն գնորդին հանձնելու պարտականության և գնորդից առուվաճառքի գինը ստանալու իրավունքի, իսկ գնորդի համար` առուվաճառքի առարկան իրեն ի սեփականություն հանձնելու պահանջի իրավունքի, ինչպես նաև հանձնված գույքի ընդունման պարտականության և առուվաճառքի գինը վաճառողին վճարելու պարտականության սահմանմանը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք): Ընդ որում, վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ կարող են ներկայացնել նույն օրենսգրքում նշված անձինք, իսկ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին պահանջ կարող է ներկայացնել ցանկացած շահագրգիռ անձ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` շինծու գործարքը, այսինքն` մեկ այլ գործարքի քողարկման նպատակով կնքված գործարքը, առոչինչ է:
Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ շինծու գործարքն առկա է այն դեպքում միայն, երբ կողմերի միջև իրականում ծագում են իրավահարաբերություններ, սակայն դրանք իրենց բնույթով այլ են, քան այն իրավահարաբերությունները, որոնք կողմերը ցանկանում են ներկայացնել երրորդ անձանց: Հետևաբար, գրավոր գործարքների նկատմամբ շինծու լինելու հիմքով առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման համար անհրաժեշտ է ապացուցել, որ` 1) գործարքն իրականում կնքվել է ոչ այն ստորագրած անձանց միջև, կամ 2) այն ստորագրած անձանց կամքը չի համապատասխանում պայմանագրում շարադրվածին:
Սույն գործի փաստերի համաձայն` Գառնիկ Կարապետյանի կողմից տրված 25.08.2004 թվականի ստացականով և 16.02.2009 թվականին նոտարական կարգով հաստատված հայտարարությամբ հաստատվում է, որ իրականում ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրով գնորդ է Նարինե Խաչատրյանը, առուվաճառքի գումարը վճարվել է նրա կողմից և հենց նրա խնդրանքով է պայմանագրում որպես գնորդ նշվել Մարգարիտ Թերզյանը:
Վերոնշյալ փաստերի և նշված իրավական նորմերի համադրումից հետևում է, որ առուվաճառքի պայմանագրով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետով գնորդին վերագրվող գործողությունները Մարգարիտ Թերզյանի կողմից չեն կատարվել, այլ վաճառողի հետ առուվաճառքի մասին բանակցությունները վարվել, առուվաճառքի գումարը վճարվել է Նարինե Խաչատրյանի կողմից, հետևաբար քննարկվող պարագայում կիրառելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առոչինչ գործարքի հետևանքները, ըստ որի` շինծու գործարքի նկատմամբ, հաշվի առնելով դրա էությունը, կիրառվում են այն գործարքին վերաբերող կանոնները, որը կողմերն իրականում նկատի են ունեցել շինծու գործարքը կնքելիս: Իսկ սույն գործի փաստերից հետևում է, որ Մարգարիտ Թերզյանի` որպես գնորդի և Գառնիկ Կարապետյանի` որպես վաճառողի միջև կնքված գործարքով իրականում քողարկվել է Նարինե Խաչատրյանի` որպես գնորդի և Գառնիկ Կարապետյանի` որպես վաճառողի միջև կնքված գործարքը:
Վերոգրյալ պատճառաբանություններից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործում առկա ապացույցները գնահատել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի կանոններին համապատասխան:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն` վերաքննիչ բողոքի քննության արդյունքներով Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում: Սույն գործով Վճռաբեկ դատարանի կողմից վերանայման է ենթակա Վերաքննիչ դատարանի 06.03.2009 թվականի որոշումը: Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից չէր կարող պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի պահանջները, քանի որ նշված նորմը կանոնակարգում է առաջին ատյանի դատարանի կողմից կայացվելիք վճռի բովանդակությանը ներկայացվող պահանջները:
Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման մասին վճռաբեկ բողոքի հիմքը, քանի որ նշված նորմը վերաբերում է բաժնետիրական ընկերության և այլ անձանց պատասխանատվությանը, որը քննարկվող իրավահարաբերության նկատմամբ կիրառելի չէ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 331-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմություն է համարվում իրավունքը խախտված անձի հայցով իրավունքի պաշտպանության ժամանակահատվածը: Նույն օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն` հայցային վաղեմության ընդհանուր ժամկետը երեք տարի է: Նույն օրենսգրքի 333-րդ հոդվածը նախատեսում է հայցային վաղեմության հատուկ ժամկետներ` ընդհանուր ժամկետի համեմատությամբ կրճատ կամ ավելի երկար հատուկ ժամկետներ:
Սույն գործով դատարանը պատասխանող կողմի` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելիս որպես հայցային վաղեմության ընթացքի սկիզբ է ընդունել 2007 թվականի օգոստոս ամիսը:
Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 05.10.2004 թվականի ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագրում որպես գնորդ Մարգարիտ Թերզյանի հանդես գալը տեղի է ունեցել Նարինե Խաչատրյանի գիտությամբ, հետևաբար հայցային վաղեմության ժամկետի հոսքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 337-րդ հոդվածի առաջին կետի հիմքով սկսվել է հենց այդ օրվանից:
Այնուհանդերձ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանը պատասխանողի` հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը մերժելով սխալ է հաշվարկել գործարքի անվավերության հետևանքի հայցային վաղեմությունը, որը, սակայն, չի հանգեցրել գործի սխալ լուծման, և հայցը բավարարելով ու առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելով, վեճն ըստ էության ճիշտ է լուծվել, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 317-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է, որ առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման մասին հայցը կարող է ներկայացվել դրա կատարման օրվանից տասը տարվա ընթացքում:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքով վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, սխալ է պատճառաբանված կամ չպատճառաբանված է, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի կողմից հայցային վաղեմության միջնորդության մերժման մասով դատական ակտը սխալ է պատճառաբանված, ուստի Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի սույն հիմքի առկայությունը բավարար չի համարում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.03.2009 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Խունդկարյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Ե. Սողոմոնյան