Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ԵՎ 104-ՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 102-ՐԴ ԵՎ 104-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                              ԵՔՐԴ/0512/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԵՔՐԴ/0512/01/08

Նախագահող դատավոր`  Մ. Արղամանյան

    Դատավորներ`          Ա. Դանիելյան

                         Մ. Ռեհանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

    2009թ. օգոստոսի 21-ին                                ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննելով ամբաստանյալ Վալերի Արամայիսի Բաբայանի պաշտպանի վճռաբեկ բողոքը Վ. Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. 2007 թ. նոյեմբերի 8-ին անհայտ անձի կողմից ապօրինի կերպով զենք կրելու և Սայաթ Դավթյանին դիտավորությամբ սպանելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին և 104-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցվել է թիվ 14124007 քրեական գործը:

2. 2007 թ. նոյեմբերի 12-ին Վալերի Բաբայանը ձերբակալվել է:

2007 թ. նոյեմբերի 15-ի որոշմամբ Վալերի Բաբայանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

2008 թ. հոկտեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալ Վ. Բաբայանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:

3. 2008 թ. հոկտեմբերի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի քրեական դատարան:

Երևանի քրեական դատարանի 2009 թ. հունվարի 19-ի դատավճռով Վ. Բաբայանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նա դատապարտվել է ազատազրկման 13 (տասներեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Վ. Բաբայանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 14 (տասնչորս) տարի ժամկետով:

4. Վ. Բաբայանի պաշտպանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թ. մարտի 19-ի որոշմամբ անփոփոխ է թողել Երևանի քրեական դատարանի 2009 թ. հունվարի 19-ի դատավճիռը, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը` մերժել:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. մարտի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Վալերի Բաբայանի պաշտպանը:

5. Վճռաբեկ դատարանը 2009 թ. հունիսի 16-ի որոշմամբ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ուղարկվել:

 

Գործի փաստական հանգամանքները.

6. Վալերի Բաբայանը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել է հետևյալ արարքների համար.

Վ. Բաբայանը 1990 թ. առանց համապատասխան թույլտվության ձեռք է բերել, պահել և կրել հրազեն հանդիսացող «Մակարով» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 9 մմ տրամաչափի ութ փամփուշտ: Գործով չպարզված շարժառիթներով ՀՀ որսորդների միության նախագահ Սայաթ Դավթյանին կյանքից զրկելու նպատակով նախնական հանցավոր համաձայնության գալով Երևանի բնակիչ, գործով մեղադրյալ Անդրանիկ Շառոյանի և այլ անձանց հետ` նրանք 2007 թ. նոյեմբերի 8-ին Երևանի Ազատության և Ադոնցի փողոցների խաչմերուկից հետևել են Սայաթ Դավթյանին, ով ժամը 17-ի սահմաններում իր սեփական «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենայով անցել է «Լամբադա» կամրջով և Կոմիտասի պողոտայով միայնակ գնացել է դեպի շուկայի կողմը: Ա. Շառոյանին պատկանող ԲՄՎ-520 մակնիշի 03 ՍՍ 644 պետհամարանիշի ավտոմեքենայով շարունակելով հետևել Ս. Դավթյանին` Վ. Բաբայանը նկատել է, որ նա մեքենայով մտել է Կոմիտասի 53 հասցեում գտնվող գյուղմթերքների շուկա: Շրջանցելով շուկան և անցնելով Ն. Տիգրանյան ու Մամիկոնյանց փողոցներով` նրանք մեքենան կանգնեցրել են Կոմիտասի 49/4 հասցեում գտնվող բժիշկների կատարելագործման ինստիտուտի շենքի բակում, որտեղից Վալերի Բաբայանը հետիոտն ճանապարհահատվածով մտել է շուկա: Շուկայի ավտոկայանատեղի տարածքում որպես պահեստարան ծառայող «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենայի մոտ ժամը 1730-ի սահմաններում նա նկատել է Սայաթ Դավթյանին և մոտ տարածությունից, իր մոտ եղած «Մակարով» տեսակի ատրճանակից, հետևի կողմից մեկ անգամ կրակել է նրա գլխի ծոծրակային շրջանին, որից վերջինս, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել: Այդ պահին Վ. Բաբայանը ևս երկու անգամ կրակել է Ս. Դավթյանի աջ ականջախեցու շրջանին, դիտավորությամբ նրան զրկել է կյանքից և Ա. Շառոյանի ավտոմեքենայով դիմել փախուստի:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

7. Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Բողոք բերած անձը գտնում է, որ վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Երևանի քրեական դատարանի դատավճիռը, թույլ է տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք հիմք են հանդիսանում վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Մասնավորապես դատարանների հետևությունները հիմնված չեն գործի հանգամանքների օբյեկտիվ և բազմակողմանի գնահատման վրա, որոնց վերլուծությունից հետևում է, որ գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ Ս. Դավթյանի սպանությունը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ: Բողոքում նշվում է, որ գործով ձեռք են բերվել հավաստի ապացույցներ (ականատես վկաների ցուցմունքներ) այն մասին, որ սպանությունը կատարելու պահին Վ. Բաբայանը միայնակ է մտել շուկա, իսկ սպանությունից հետո վազքով հեռացել է դեպքի վայրից, նստել ԲՄՎ մակնիշի մեքենան և միայնակ հեռացել: Նրա հետ որևէ այլ անձնավորություն չի եղել ո՛չ հանցանքը կատարելու պահին և ո՛չ էլ ավտոմեքենայով փախուստի դիմելու ժամանակ: Բացի այդ, Վ. Բաբայանի հանցանքը հիմնավորող մի շարք վկաների ցուցմունքները, ինչպես նաև փորձաքննությունների եզրակացություններն ու իրեղեն ապացույցներ ճանաչելու և քննչական փորձարարությունների վերաբերյալ արձանագրությունները հաստատում են միայն Վալերի Բաբայանի կողմից Ս. Դավթյանին սպանելու և ոչ թե այդ հանցանքը խմբի կողմից կատարելու փաստը:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` բողոք բերած անձը գտել է, որ թե՛ առաջին ատյանի և թե՛ վերաքննիչ դատարանները Վ. Բաբայանի կատարած արարքի քրեաիրավական որակման հարցում հանգել են սխալ եզրակացության: Վ. Բաբայանի արարքը նախաքննության մարմնի կողմից ճիշտ չի որակվել, և նա ենթակա է քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների կատարման համար:

Ելնելով վերոգրյալից` բողոք բերած անձը պահանջել է բեկանել և փոփոխել Երևանի քրեական դատարանի 2009 թ. հունվարի 19-ի և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. մարտի 19-ի դատական ակտերը և Վալերի Բաբայանի նկատմամբ պատիժ նշանակել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

8. Բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ դատարանը գտավ, որ Վալերի Արամայիսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. մարտի 19-ի որոշումը պետք է բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի կիրառումը.

9. ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը քրեական պատասխանատվություն է նախատեսում ծանրացնող հանգամանքներում` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարած սպանության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես չեն պայմանավորվել հանցանքը համատեղ կատարելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցանքը համարվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված, եթե դրան մասնակցել են այնպիսի համակատարողներ, ովքեր նախապես` մինչև հանցագործությունն սկսելը, պայմանավորվել են հանցանքը համատեղ կատարելու համար:

Վերոշարադրյալ հոդվածների վերլուծությունից երևում է, որ սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված, երբ երկու և ավելի անձինք, գործելով սպանություն կատարելուն ուղղված համատեղ դիտավորությամբ, անմիջականորեն մասնակցել են տուժողին կյանքից զրկելու պրոցեսին` նրա նկատմամբ բռնություն կիրառելով, ընդ որում, պարտադիր չէ, որ մահ առաջացնող վնասվածքները պատճառված լինեն նրանցից յուրաքանչյուրի կողմից (օրինակ` մեկը հաղթահարում է տուժողի դիմադրությունը` զրկելով նրան պաշտպանվելու հնարավորությունից, իսկ մյուսը պատճառում է մահացու վնասվածքներ):

Սպանությունը համարվում է մի խումբ անձանց կողմից կատարված նաև այն դեպքում, երբ մի անձի կողմից դիտավորյալ մահ պատճառելուն ուղղված գործողություններ կատարելու պրոցեսում նույն նպատակով նրան է միանում այլ անձ (անձինք):

10. Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանություն համարելով մի խումբ անձանց կողմից սպանություն կատարելը` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետն ըստ էության տարբերություն չի դնում, թե խումբը սպանությունը կատարել է նախնական համաձայնությամբ, թե առանց նախնական համաձայնության:

Ինչպես առանց նախնական համաձայնության, այնպես էլ նախնական համաձայնությամբ խմբի կողմից սպանություն կատարելու դեպքում պարտադիր պայման է երկու կամ ավելի կատարողների` համակատարողների առկայությունը, որոնցից յուրաքանչյուրը պետք է անմիջականորեն լրիվ կամ մասամբ կատարի հանցագործության օբյեկտիվ կողմին բնորոշ գործողություններ:

Սպանության համակատարողներ են այն անձինք, ովքեր սպանության պրոցեսում գործել են համաձայնեցված, նրանց գործողությունները միավորված են միասնական դիտավորությամբ, իսկ հանցագործության օբյեկտիվ կողմը` ներառյալ տուժողի նկատմամբ ֆիզիկական բռնությունը, կատարվել է հանցակիցներից յուրաքանչյուրի կողմից:

Փաստորեն, սպանության համատեղ կատարման տակ պետք է հասկանալ հանցակիցների փոխադարձ համաձայնությամբ հանցագործության օբյեկտիվ կողմի կատարումը: Ընդ որում, համատեղ կատարած սպանության դեպքում պարտադիր չէ, որ համակատարողները կատարեն միևնույն գործողությունները, նրանց գործողությունները կարող են տարբեր լինել:

11. Խմբի կողմից սպանություն կատարելիս օբյեկտի նկատմամբ ոտնձգությունը կատարվում է հանցակիցների համատեղ գործողություններով:

Ելնելով հանցանքը համատեղ կատարելու մասին ունեցած պայմանավորվածությունից` հանցակիցների միջև կարող է կատարվել դերաբաշխում: Այս դեպքում հանցակցի կողմից կատարվող գործողությունների ծավալը կարող է էապես տարբերվել հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող մյուս հանցակցի գործողություններից, սակայն համակատարողների ունեցած մասնակցության աստիճանն արարքի որակման համար նշանակություն չունի: Եթե խմբակային սպանության օբյեկտիվ կողմի կատարման դեպքում համակատարողների միջև կարող է դերաբաշխում կատարվել, ապա այդ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հետ կապված նույնը լինել չի կարող, քանի որ հանցակիցներից յուրաքանչյուրը գիտակցում և խմբի այլ անդամի կամ անդամների հետ համատեղ իրականացնում է հանրորեն վտանգավոր արարքը: Ընդ որում, եթե մի խումբ անձանց կողմից առանց նախնական համաձայնության սպանությունը կարող է կատարվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ, ապա նախնական համաձայնությամբ սպանությունը կատարվում է միայն ուղղակի դիտավորությամբ:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցակազմի համար պարտադիր է ինչպես հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը` երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողությունների կատարումը, այնպես էլ հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշի առկայությունը` սպանությունը միասին կատարելու հանցակիցների գիտակցումը:

12. ՀՀ քրեական օրենսգրքի 37-րդ հոդվածի համաձայն` հանցակցության հասկացությունը սահմանում է, որ հանցակցություն է համարվում երկու կամ ավելի անձանց դիտավորյալ համատեղ մասնակցությունը դիտավորյալ հանցագործությանը:

ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` կատարողի հետ մեկտեղ հանցակիցներ են համարվում կազմակերպիչը, դրդիչը և օժանդակողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կատարող է համարվում այն անձը, ով անմիջականորեն մասնակցել է այլ անձանց (համակատարողների) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այլ այնպիսի անձանց օգտագործելու միջոցով, ովքեր օրենքի ուժով ենթակա չեն քրեական պատասխանատվության կամ հանցանքը կատարել են անզգուշությամբ:

Նկատի ունենալով, որ սպանության դեպքում համակատարողներ են այն անձինք, ովքեր անմիջականորեն մասնակցել են տուժողին մահ պատճառելուն կամ էլ անմիջական ֆիզիկական ներգործություն են ունեցել տուժողի վրա` դրանով իսկ ապահովելով այլ անձի կողմից նրան մահ պատճառելը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այսինքն` խմբի կողմից կատարված սպանություն:

Սպանության համակատարողների հետ հանցավոր խմբի մյուս մասնակիցները կարող են հանդես գալ հանցագործության կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի դերում: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ դեպքում նրանց արարքները ենթակա են որակման ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համապատասխան մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Իսկ եթե սպանությունն անմիջական կատարվել է մեկ անձի կողմից, սակայն դրա կատարմանը մասնակցել են հանցակիցներ` կազմակերպիչներ, դրդիչներ կամ օժանդակողներ, ապա արարքը չի կարող համարվել որպես խմբի կողմից կատարված սպանություն: Նման դեպքում, եթե բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի այլ ծանրացնող հանգամանքները, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կատարողի արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները` ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի համապատասխան մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Եթե հանցագործության կազմակերպիչը, դրդիչը կամ օժանդակողը միաժամանակ հանդիսացել է նաև սպանության համակատարող, ապա նրանց արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, այսինքն` որպես նախնական համաձայնությամբ խմբի կողմից կատարված սպանություն` առանց ՀՀ քրեական օրենսգրքի 38-րդ հոդվածի վրա հղում կատարելու:

Նշված հարցերի հետ կապված Վճռաբեկ դատարանն իր իրավական դիրքորոշումն է արտահայտել Ալիկ Մաթևոսյանի և Ռաֆիկ Հարությունյանի վերաբերյալ գործով (2008 թ. հուլիսի 25-ին կայացված թիվ ՎԲ-48/08 որոշման մեջ):

13. Սպանությունը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով որակելու համար անհրաժեշտ է ճշտել սպանությանը մասնակցած յուրաքանչյուր անձի մասնակցության աստիճանը, բնույթը, պարզել` մասնակիցները գործել են առանց նախնական համաձայնության, թե նախնական համաձայնությամբ, սպանություն կատարելիս դերաբաշխում եղե՞լ է, թե ոչ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Ս. Դավթյանի սպանությունը խմբի կողմից կատարված լինելու մասին վերաքննիչ դատարանի հետևությունները չեն բխում գործի օբյեկտիվ տվյալներից:

Այսպես` նախաքննությամբ և դատական ակտերով հաստատված է համարվել, որ Սայաթ Դավթյանին կյանքից զրկելու նպատակով Վալերի Բաբայանը նախնական հանցավոր համաձայնության է եկել գործով մեղադրյալ Անդրանիկ Շառոյանի և այլ անձանց հետ: 2007 թ. նոյեմբերի 8-ին` ժամը 17-ի սահմաններում, երբ Սայաթ Դավթյանը գնացել է Կոմիտասի փողոցի շուկայի կողմը, նրանք հետևել են տուժողին Անդրանիկ Շառոյանին պատկանող ԲՄՎ-520 մակնիշի ավտոմեքենայով: Այնուհետև Վալերի Բաբայանը հետիոտն ճանապարհահատվածով մտել է շուկա և շուկայի ավտոկայանատեղի տարածքում նկատելով Սայաթ Դավթյանին` «Մակարով» տեսակի ատրճանակից երեք կրակոցով սպանել է նրան, որից հետո Անդրանիկ Շառոյանի ավտոմեքենայով դիմել է փախուստի (տես սույն որոշման 6-րդ կետը):

Փաստորեն դատական ակտերով հաստատված է, որ տուժողն սպանվել է Վ.Բաբայանի արձակած երեք կրակոցով, Ս. Դավթյանին կյանքից զրկելու անմիջական գործողությունները կատարվել են նրա կողմից: Եվ քանի որ վերջինս դատապարտվել է խմբի կողմից կատարված սպանության համար, որը նախատեսում է ոչ պակաս, քան երկու համակատարող, ուստի դատարանը պարտավոր էր պարզել, թե ո՞վ կամ ովքե՞ր են Վ. Բաբայանի հետ մասնակցել տուժողին կյանքից զրկելու անմիջական գործողություններին: Սակայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման սկզբունքի խախտման արդյունքում ոչ միայն չի ճշտվել, թե ովքե՞ր են Վ. Բաբայանի հետ սպանության համակատարողները և կա՞ն արդյոք այդպիսիք, թե ոչ, այլև չեն պարզվել Ա. Շառոյանի և այլ անձանց մասնակցության աստիճանն ու բնույթը կատարված հանցագործությանը, հանցակցության ի՞նչ տեսակներ են առկա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես նախաքննության մարմինը, այնպես էլ դատարանները, խախտելով ապացույցների գնահատումն ամրագրած` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջները, պատշաճ գնահատման չեն ենթարկել Վ. Բաբայանի արարքի ճիշտ որակման համար էական նշանակություն ունեցող վերը նշված հանգամանքները: Դատարանի հետևություններն այն մասին, որ Վ. Բաբայանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով նախատեսված հանցագործություն, չեն համապատասխանում դատարաններում հետազոտված ապացույցներին: Գործի նյութերից երևում է, որ դատարանների կողմից չեն հետազոտվել օբյեկտիվ փաստական տվյալներն այն մասին, որ Ս. Դավթյանի սպանությանը մասնակցել են երկու կամ ավելի համակատարողներ:

Փաստորեն դատարանները խմբի կողմից կատարված սպանության համար Վ. Բաբայանին դատապարտել են` առանց գործի փաստական հանգամանքները հաշվի առնելու: ՈՒստի հիմնավորված ու պատճառաբանված չեն վերաքննիչ դատարանի հետևություններն այն մասին, որ Վ. Բաբայանի արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով ճիշտ է որակված:

Հետևաբար դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. կիրառել են քրեական օրենքի այն հոդվածը, որը ենթակա չէր կիրառման և չեն կիրառել այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Սույն գործով դատական ակտ կայացնելիս դատարանները խախտել են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածում ամրագրված դատավճռի օրինական, հիմնավորված և պատճառաբանված լինելու մասին պահանջները:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: ՈՒստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ կետի հիման վրա բեկանել վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Նոր դատական քննությամբ անհրաժեշտ է վերը շարադրված հարցերի շուրջ կատարել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի պահանջներից ելնելով` պատշաճ գնահատման ենթարկել գործում եղած ապացույցները և հանգել համապատասխան հետևության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Վալերի Արամայիսի Բաբայանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թ. մարտի 19-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.08.2009
N ԵՔՐԴ/0512/01/08
Որոշում