ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Հայաստանի Հանրապետության ԵՔՐԴ/0569/01/08
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
գործ թիվ ԵՔՐԴ/0569/01/08
Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Ս. Համբարձումյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Դ. Ավետիսյանի
մասնակցությամբ դատավորներ` Հ. Ասատրյանի
Ե. Դանիելյանի
Հ. Ղուկասյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Պետրոսյանի
մասնակցությամբ
դատախազ` Ա. Բոշնաղյանի
պաշտպան` Մ. Պողոսյանի
29 հունիսի 2009 թվականի ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշման դեմ ամբաստանյալ Արման Վլադիմիրի Կարախանյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Քրեական գործը հարուցվել է 2008 թվականի մայիսի 29-ին:
2. 2008 թվականի սեպտեմբերի 30-ին Արման Վլադիմիրի Կարախանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
2008 թվականի հոկտեմբերի 13-ին Ա. Կարախանյանը ձերբակալվել է, 2008 թվականի հոկտեմբերի 15-ին` ներգրավվել որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով:
3. Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով ամբաստանյալ Ա. Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով դրամական տուգանքով` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ Ա.Կարախանյանը վերջնականապես դատապարտվել է ազատազրկման 3 (երեք) տարի ժամկետով և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Նույն դատավճռով «Սպանդարյան 1» հարկային տեսչության 514545.1 հազ. ՀՀ դրամի, «Էրեբունու» հարկային տեսչության 137.894.190 ՀՀ դրամի, «Արաբկիրի» հարկային տեսչության 211541.4 հազար ՀՀ դրամի և 151341.3 հազ. ՀՀ դրամի, «Վանաձորի» հարկային տեսչության 17.427.000 ՀՀ դրամի քաղաքացիական հայցերը թողնվել են առանց քննության:
4. Պաշտպանի և մեղադրողի կողմից բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մարտի 20-ի որոշմամբ պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժել է, մեղադրողի վերաքննիչ բողոքը` բավարարել` Երևանի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճիռը քաղաքացիական հայցի մասով ամբողջությամբ բեկանել է: ՀՀ Հարկային տեսչության համապատասխան ստորաբաժանումների (Արաբկիր, Վանաձոր, Էրեբունու) կողմից հարուցված քաղաքացիական հայցերը բավարարել մասնակիորեն, իսկ «Սպանդարյան 1» հարկային տեսչության քաղաքացիական հայցը բավարարել ամբողջությամբ` ամբաստանյալ Ա. Կարախանյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 274.236.700 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քաղաքացիական հայցերը մնացած մասով թողել է առանց քննության, ինչպես նաև առանց քննության է թողել դատավճռի մնացած մասը:
5. Վճռաբեկ բողոքը բերել է ամբաստանյալ Ա. Կարախանյանի պաշտպանը:
2009 թվականի մայիսի 26-ին ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
6. Ամբաստանյալներից Արման Կարախանյանը, հանդիսանալով Արաբկիրի հարկային տեսչությունում հաշվառված, «Սպաուն» ՍՊ ընկերության տնօրենը, 2004-2006 թթ. տարբեր կազմակերպությունների մատակարարել է 193 միլիոն դրամի ապրանքներ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 7-րդ, 10-րդ և 46-րդ, «ԱԱՀ-ի մասին» օրենքի 20-րդ, 23-րդ, 32-րդ և 33-րդ հոդվածների պահանջները` հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 45.748.200 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
2005-2007 թթ., հանդիսանալով «Յուսմե» ՍՊ ընկերության տնօրենը, տարբեր կազմակերպությունների մատակարարել է 452 միլիոն դրամի ապրանքներ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 7-րդ, 10-րդ, «ԱԱՀ-մասին» օրենքի 20-րդ, 23-րդ և 43-րդ, «Եկամտահարկի մասին» օրենքի 20-րդ և 21-րդ հոդվածների պահանջները` հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է անձնապես խոշոր չափերի` 140.445.100 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Բացի այդ, հանդիսանալով «Յուսմե» ՍՊԸ-ի տնօրենը, առանց իրականում ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու, կազմել և «Անդրանիկ-20» ՍՊ ընկերության տնօրեն Գրիշա Դոդոյանին տրամադրել է 24.803.000 դրամի կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի` 5.324.400 դրամի վնաս:
Փաստացի հանդիսանալով «Մոնումենտալ» ՍՊ ընկերության տնօրենը, 2007-2008 թթ. ՀՀ տարածքում զբաղվել է ապրանքների ձեռք բերմամբ և իրացմամբ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 44-րդ,46-րդ և 50-րդ, «ԱԱՀ-ի մասին» օրենքի 32-րդ և 33-րդ, «Եկամտահարկի» մասին օրենքի 20-րդ, 21-րդ, 23-րդ և 37-րդ հոդվածների պահանջները` հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 60.416.100 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Փաստացի հանդիսանալով «Արմալա» ՍՊ ընկերության տնօրենը, 2006-2007 թթ. ՀՀ տարածքում զբաղվել է առևտրամիջնորդական գործունեությամբ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 7-րդ և 10-րդ, «ԱԱՀ-ի մասին» օրենքի 6-րդ, 9-րդ և 20-րդ հոդվածների պահանջները` հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկների, հաշվետվությունների և հարկման հիմք հանդիսացող փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 27.901.200 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
Փաստացի հանդիսանալով «Անտոռիմ» ՍՊ ընկերության տնօրեն, 2006-2008 թթ. ՀՀ տարածքում զբաղվել է ապրանքների ձեռք բերմամբ և իրացմամբ, սակայն խախտելով «Շահութահարկի մասին» օրենքի 46-րդ, «ԱԱՀ մասին» օրենքի 20-րդ, «Եկամտահարկի մասին» օրենքի 21-րդ, «Պարզեցված հարկի մասին» օրենքի 11-րդ հոդվածների պահանջները` պարզեցված հարկի, ավելացած արժեքի հարկի, շահութահարկի հաշվարկ հաշվետվություններ չներկայացնելու միջոցով չարամտորեն խուսափել է խոշոր չափերի` 4.948.700 դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:
7. Այսպիսով, Ա. Կարախանյանը, փաստացի հանդիսանալով «Սպաուն», «Յուսմե», «Արմալա», «Մոնումենտալ» և «Անտոռիմ» ՍՊ ընկերությունների տնօրենը, խուսափել է առանձնապես խոշոր չափերի` 279.459.300 դրամ հարկեր վճարելուց և զբաղվելով կեղծ ձեռնարկատիրությամբ` պետության պատճառել է առանձնապես խոշոր չափերի` 5.324.400 դրամ:
8. Գրիշա Դոդորյանը, հանդիսանալով «Անդրանիկ 20» ՍՊ ընկերության տնօրենը, 2005 թվականի ընթացքում «Յուսմե» ՍՊ ընկերության տնօրեն Ա. Կարախանյանին վճարելով ապրանքների գումարը 8 տոկոսը` վերջինիցս առանց ապրանքների փաստացի մատակարարման ստացել է 15.971.972 դրամի կեղծ հաշիվ ապրանքագրեր, որոնց հիման վրա Գ. Դոդոյանը Վանաձորի հարկային տեսչություն ներկայացվող հարկային հաշվարկներում և հաշվետվություններում ծախսերի վերաբերյալ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով խուսափել է խոշոր չափի 5.324.400 դրամի հարկային պարտավորությունները կատարելուց:
9. Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական դատավարությունում քրեական գործի քննության հետ միասին կարող է հարուցվել և լուծվել միայն հանցագործությամբ անմիջականորեն պատճառված գույքային վնասի հատուցման հետ կապված քաղաքացիական հայցը, մինչդեռ հայցադիմումների հետազոտությունից պարզվել է, որ հայցվորների կողմից հայցապահանջի չափը զգալիորեն գերազանցում է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ծավալում ներառված գումարի չափերը, որի դեմ ամբաստանյալները առարկել են, դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 6-րդ մասով, հարուցված քաղաքացիական հայցերը թողել է առանց քննության` քաղաքացիական հայցվորներին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրանց իրավունքը:
10. Երևանի քրեական դատարանում գործի քննության ընթացքում ամբաստանյալ Ա. Կարախանյանը առարկություն է ներկայացրել կապված այն հանգամանքի հետ, որ հայցապահանջի չափը զգալիորեն գերազանցում է մեղադրանքի ծավալում ներառված գումարի չափերին:
Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
11. Բողոք բերած անձը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ին որոշմամբ որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում` Ա. Կարախանյանից բռնագանձվել է 274.236.300 ՀՀ դրամ, որը սխալ հաշվարկի արդյունք է: Իրականում այդ գումարը պետք էր կազմեր 189.258.200 դրամ և պետք է բռնագանձվեր ոչ թե Ա. Կարախանյանից, այլ նրա կողմից ղեկավարված ՍՊԸ-ներից` խախտելով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի պահանջները:
12. Ըստ բողոքաբերի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 375.1-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջը, որի համաձայն` «(...) այն դեպքում, երբ ամբաստանյալը կամ քաղաքացիական պատասխանողը քաղաքացիական հայցը չի ընդունում, ապա դատարանը քաղաքացիական հայցը թողնում է առանց քննության` քաղաքացիական հայցվորին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայցը ներկայացնելու նրա իրավունքը»:
13. Բողոքաբերը նշում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, որի համաձայն` վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակման օրվանից ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում ուղարկվում է դատապարտյալին, արդարացվածին, նրանց պաշտպաններին և օրինական ներկայացուցիչներին, մեղադրողին, տուժողին և նրա ներկայացուցչին, ինչպես նաև քաղաքացիական պատասխանողին կամ նրանց ներկայացուցիչներին, եթե նրանք մասնակցել են գործի քննությանը վերաքննիչ դատարանում:
Մինչդեռ բողոքաբերը պնդում է, որ պաշտպանին հասցեագրված` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի գրությունը գրվել է 2009 թվականի մարտի 26-ին, փոստային առաքման միջոցով ուղարկվել է 2009 թվականի ապրիլի 1-ին, հասցեատիրոջն է հանձնվել 2009 թվականի ապրիլի 3-ին, այսինքն 12 օր հետո, ինչի արդյունքում Ա. Կարախանյանի պաշտպանը զրկվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտը խորությամբ վերլուծելու հնարավորությունից:
14. Բողոքաբերը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի պահանջը և նկատի ունենալով, որ մինչև Երևանի քրեական դատարանի կողմից դատավճիռ կայացնելը Ա.Կարախանյանը վերականգնել է պետությանը պատճառված` 5.324.400 դրամ վնասը, խնդրել է նրան քրեական պատասխանատվությունից ազատել իրադրության փոփոխման պատճառաբանությամբ:
Բողոքաբերը գտնում է, նաև, որ Ա. Կարախանյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկումը ենթակա էր պայմանականորեն չկիրառման, քանի որ ՀՀ հարկային տեսչության ծառայությունների կողմից ներկայացվել են նոր հայցապահանջներ և նա, գտնվելով կալանքի տակ, հնարավորություն չունի լիովին պաշտպանելու իր շահերը դատարաններում: Ի հիմնավորումն իր պահանջի` բողոքաբերը խնդրել է գնահատման արժանացնել այն հանգամանքը, որ Ա. Կարախանյանը, ինչպես նախնական, այնպես էլ դատական քննության ընթացքում անկեղծորեն զղջացել է իր կատարած արարքի համար, նախկինում արատավորված չի եղել, երիտասարդ է և դեռ չի հասցրել ընտանիք կազմել:
Հիմք ընդունելով իր կողմից վկայակոչված հանգամանքները` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշումը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
I. Վերաքննիչ դատարանի լիազորությունները քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու մասին որոշումները վերանայելիս:
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին. երբ քրեական գործով դատավարության ընթացքում հարուցված քաղաքացիական հայցը Երևանի քրեական դատարանի կողմից թողնվել է առանց քննության, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն իրավասո՞ւ էր արդյոք քաղաքացիական հայցի մասով գործին ըստ էության լուծում տալ և կայացնել նոր դատական ակտ:
16. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` «վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի հիման վրա վերաքննության կարգով գործը քննող դատարանն է»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 385-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ առաջին ատյանի դատարանում հաստատված փաստական հանգամանքները ընդունվում են որպես հիմք, բացառությամբ այն դեպքի, երբ բողոքում վիճարկվում է որևէ փաստական հանգամանք, և վերաքննիչ դատարանը հանգում է այն եզրակացության, որ տվյալ փաստական հանգամանքի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանն ակնհայտ սխալ է թույլ տվել: (...)»
17. Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից բխում է, որ ՀՀ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման իրավասությամբ օժտված դատարան, որն առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է, որպես կանոն, վերջինիս կողմից հետազոտված փաստական տվյալների հիման վրա: Այսինքն, ամբողջ ծավալով գործի քննություն, ինչպես նաև գործով ներկայացված բոլոր ապացույցների հետազոտություն իրականացնելու լիազորություն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին վերապահված չէ, հետևաբար, եթե վերաքննիչ դատարանը փորձում է դուրս գալ իր լիազորությունների շրջանակից, այն սկսում է գործել որպես առաջին ատյանի դատարան, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով անթույլատրելի է:
18. Սույն գործի նյութերից երևում է, որ Երևանի քրեական դատարանը, 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռով, հարուցված քաղաքացիական հայցերը թողել է առանց քննության` քաղաքացիական հայցվորներին բացատրելով քաղաքացիական դատավարության կարգով հայց ներկայացնելու նրանց իրավունքը (տե՛ս սույն որոշման 9-րդ կետը): ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, հարուցված քաղաքացիական հայցերը բավարարելով մասնակիորեն, իսկ «Սպանդարյան 1» հարկային տեսչության քաղաքացիական հայցը` ամբողջությամբ, ամբաստանյալ Ա. Կարախանյանից հօգուտ պետբյուջե բռնագանձել է 274.236.700 ՀՀ դրամ` որպես պետությանը պատճառված նյութական վնասի փոխհատուցում (տե՛ս սույն որոշման 4-րդ կետը):
Սույն գործով վերաքննիչ դատարանը փաստորեն հանդես է եկել որպես առաջին ատյանի դատարան, քանի որ առանց առաջին ատյանի դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքների քննության է առել և բավարարել վերջինիս կողմից ըստ էության չքննված քաղաքացիական հայցը: Այսինքն, սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը դուրս է եկել ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակից և կայացնելով քաղաքացիական հայցն ըստ էություն լուծող որոշում` թույլ է տվել քրեական դատավարության օրենքի խախտում և չի գործել որպես «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան» (Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարան, Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ ՈՒկրաինայի գործը, 20 հուլիսի 2006 թ., գանգատներ թիվ 29458/04 և 29465/04):
19. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իրավասու չէր սույն գործով ներկայացված բողոքի քննության ժամանակ անդրադառնալ քաղաքացիական հայցերի հարցին, քննել և ըստ էության լուծում տալ դրանց, այլ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասով, կարող էր բեկանել առաջին ատյանի դատարանի դատական ակտը և գործն ուղարկել նոր քննության:
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քրեադատավարական օրենքի էական խախտումներ են դատական քննության ժամանակ սույն օրենսգրքի սկզբունքների և այլ ընդհանուր դրույթների խախտումները, որոնք գործին մասնակցող անձանց` օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա»:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել դատավարական իրավունքի խախտումներ: Այդ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` դրանք հիմք են կայացված դատական ակտը մասնակիորեն բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական հայցի մասով առաջին ատյանի դատարանի դատական ակտը օրինական է և հիմնավորված, հետևաբար, այդ մասով բեկանելով վերաքննիչ դատարանի ակտը` անհրաժեշտ է քաղաքացիական հայցի մասով օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի դատավճռին:
II. Վճռաբեկ բողոքում ներկայացված այլ փաստարկներ.
21. Ինչ վերաբերում է բողոքում բարձրացված այն հարցին, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վնասի հատուցման պարտականություն պետք է դներ ոչ թե Ա.Կարախանյանի վրա, այլ համապատասխան ՍՊԸ-ի վրա, որի տնօրենն է հանդիսացել վերջինս, ապա Վճռաբեկ դատարանը դրան չի անդրադառնում, քանի որ կողմերին հնարավորություն է ընձեռել քաղաքացիական հայց ներկայացնել քաղաքացիական դատավարության կարգով, հետևաբար, այդ փաստարկը կքննարկվի համապատասխան առաջին ատյանի դատարանի կողմից:
22. Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ անհիմն է բողոքաբերի այն փաստարկը, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 402-րդ հոդվածի 2-րդ մասը և Ա. Կարախանյանի պաշտպանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ուղարկվել է 12 օր ուշացմամբ, քանի որ գործի նյութերից երևում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պաշտպանին ուղարկելու վերաբերյալ գրության վրա առկա է այն ստանալու մասին նշում` թվագրված 2009 թվականի մարտի 26-ով:
23. Անհիմն են նաև իրադրության փոփոխման հետևանքով Ա. Կարախանյանին քրեական պատասխանատվությունից ազատելու կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին բողոքի փաստարկները (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը):
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետությանը պատճառված վնասից 5.324.400 ՀՀ դրամը հատուցելը, ինչպես նաև հարկային տեսչության ծառայությունների կողմից նոր հայցապահանջներ ներկայացնելը բավարար հիմք չեն նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ կամ 74-րդ հոդվածները կիրառելու համար:
24. ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերի համաձայն` առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձինք և ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված անձինք ազատվում են պատժից:
Հետևաբար, վերոնշյալ կետի հիմքով և «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշման 12-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով Ա. Կարախանյանը ենթակա է պատժից ազատման:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Արման Վլադիմիրի Կարախանյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասով և 205-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 20-ի որոշման քաղաքացիական հայցի մասը բեկանել և այդ մասով օրինական ուժ տալ Երևան քաղաքի քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի դատավճռին:
2. Արման Վլադիմիրի Կարախանյանի նկատմամբ կիրառել «Համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2009 թվականի հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերը և նրան ազատել նշանակված պատժից` երեք տարի ազատազրկումից և նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով տուգանքից:
3. Արման Վլադիմիրի Կարախանյանին անհապաղ ազատել կալանքից:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Դ. Ավետիսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Հ. Ղուկասյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան