ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0630/02/08
դատարանի որոշում 2009 թ.
Քաղաքացիական գործ թիվ ԵՇԴ/0630/02/08
Նախագահող դատավոր` Կ. Հակոբյան
Դատավորներ` Տ. Սահակյան
Տ. Նազարյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Վ. Աբելյանի
մասնակցությամբ դատավորներ` Ա. Բարսեղյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Սիրանուշ Կարապետյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռաֆայել Մկրտչյանի ընդդեմ Սիրանուշ Կարապետյանի` փաստացի տիրապետմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ըստ Սիրանուշ Կարապետյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Ռաֆայել Մկրտչյանի` ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը հետ պահանջելու և տնից վտարելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Ռաֆայել Մկրտչյանը պահանջել է ճանաչել Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 բնակելի տան նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Սիրանուշ Կարապետյանը պահանջել է Ռաֆայել Մկրտչյանի ապօրինի տիրապետումից վերադարձնել Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 բնակելի տունը և Ռաֆայել Մկրտչյանին և նրա ընտանիքին վտարել այդ տնից:
Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 30.07.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.10.2008 թվականի որոշմամբ Դատարանի 30.07.2008 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել նոր քննության:
Դատարանի 29.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:
Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 29.12.2008 թվականի վճիռը բեկանվել է և այն փոփոխվել` հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սիրանուշ Կարապետյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան են ներկայացրել Ռաֆայել Մկրտչյանը և Թագուհի Գրիգորյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
1. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 51-րդ, 53-րդ հոդվածները, որի արդյունքում սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածների պահանջները, ինչպես նաև չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1227-րդ և 1228-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա բոլոր ապացույցները: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ռաֆայել Մկրտչյանի կողմից մատնանշված ապացույցները` մոխրագույն վերարկուն, ակնոցները, փողկապը և թասակը չեն կարող համարվել թույլատրելի ապացույցներ, քանի որ դրանք չեն ներկայացվել նախապատրաստական փուլում և դատաքննության ժամանակ չեն ներկայացվել վկաներին, դրանցից հնարավոր չէ պարզել, որ դրանք պատկանել են հանգուցյալ Ղազար Մկրտչյանին, իսկ գործի քննության ընթացքում վկաները հանգուցյալի հագուստի մասին տվել են իրարամերժ ցուցմունքներ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանի կողմից առանց որևէ հիմքի ապացուցված է համարվել, որ Ռաֆայել Մկրտչյանը, մինչև հոր մահվան մեկ տարին լրանալը պարբերաբար այլցելել է մորը, բնակվել նրա հետ և կատարել որոշակի աշխատանքներ: Մինչդեռ, նշված հանգամանքն ապացուցող փաստաթուղթ գործում առկա չէ:
Ավելին, գործով հիմնավորվել է, որ Ռաֆայել Մկրտչյանը միայն 2003 թվականից հետո է բնակվել Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տանը, հետևաբար հոր մահից հետո վեցամսյա ժամկետում փաստացի չի տիրապետել ժառանգական գույքը:
Վերաքննիչ դատարանը որոշման հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Ռաֆայել Մկրտչյանը հոր մահից հետո պատրաստակամություն է հայտնել վերադարձնելու հոր պարտքը վկա Երվանդ Կարապետյանին, որով ակտիվ գործողություններ է ձեռնարկել` գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար: Մինչդեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ այնպիսի դրույթ, որով ժառանգը ժառանգատուի պարտքը վերադարձնելու կամք դրսևորելով` համարվում է ժառանգությունը փաստացի ընդունած:
2. Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածը, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածը.
Վերաքննիչ դատարանը սույն գործի նկատմամբ ուներ կանխակալ կարծիք, քանի որ Վերաքննիչ դատարանը նույն կազմով իր վերաբերմունքն արդեն իսկ արտահայտել էր իր 01.10.2008 թվականի որոշմամբ: Այսինքն դատարանը նույն կազմով մասնակցել էր տվյալ գործի քննությանը և հայտնել իր կարծիքը:
Հետևաբար, Վերաքննիչ դատարանի սույն գործի քննությանը մասնակցած կազմը պարտավոր էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածով և ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածով ինքնաբացարկ հայտնել:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.12.2008 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վերաքննիչ դատարանը չի խախտել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ, 53-րդ հոդվածները և ճիշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածները:
Հոր` Ղազար Մկրտչյանի մահից անմիջապես հետո Ռաֆայել Մկրտչյանը բնակվել է Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տանը, ինչպես նաև, որպես ժառանգ շարունակել է կրել իր հոր վերարկուն, ակնոցները, գլխարկը, դրանով իսկ փաստացի ընդունել ժառանգությունը:
Բացի այդ, Ռաֆայել Մկրտչյանը ժառանգատուի մահից հետո վիճելի հասցեում իր հաշվին կատարել է բարելավման աշխատանքներ և բնակվելով այդտեղ` հոգ է տարել ժառանգության զանգվածի մեջ մտնող ամբողջ գույքի նկատմամբ, դրանով իսկ միջոցներ ձեռնարկել այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար:
4. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը`
1. ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի Էրեբունի տարածքային ստորաբաժանման 16.04.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 բնակելի տան սեփականատերն է Սիրանուշ Կարապետյանը: Նշված գույքը Սիրանուշ Կարապետյանը ձեռք է բերել Ղազար Մկրտչյանի հետ ամուսնության ընթացքում (գ.թ. 8, 30, հ. 1-ին):
2. Ղազար Մկրտչյանը մահացել է 16.10.1989 թվականին (գ.թ. 18, հ. 1-ին):
3. Ռաֆայել Մկրտչյանը Ղազար Մկրտչյանի որդին է (գ.թ. 7, հ. 1-ին):
4. Երևանի Նոր-Նորք համայնքի «Նոր-Նորք» 02-40 համատիրության 16.04.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Ռաֆայել Մկրտչյանն ընտանիքով 1978 թվականից բնակվել է Երևանի Գայի պողոտայի 1/1 շենքի թիվ 74 բնակարանում, իսկ 2003 թվականից փաստացի բնակվում է Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տանը (գ.թ. 6, հ. 1-ին):
5) Ըստ Ռաֆայել Մկրտչյանի 16.06.2008 թվականի տեղատեսության ժամանակ տրված բացատրության` Երևանի Ներքին Շենգավիթի 4 փողոցի թիվ 55 տան վերանորոգման աշխատանքները կատարել է շուրջ չորս տարի առաջ (հատոր 1, գ.թ. 71):
6) Վկաներ` Երվանդ Կարապետյանի, Լևոն Կարապետյանի, Ամալյա Հովսեփյանի, Անահիտ Ստեփանյանի, Ելենա Սուքիասյանի և Կարինե Բաղդասարյանի հայտարարության համաձայն` հոր` Ղազար Մկրտչյանի կենդանության օրոք կրած վերարկուն նրա մահից հետո կրել է որդին` Ռաֆայել Մկրտչյանը (գ.թ. 48, հ. 1-ին):
7) Վկաներ` Վերգինե Լալայանի, Էլյա Ղազարյանի, Գայանե Պողոսյանի, Աշոտ Կարապետյանի, Օֆիկ Հովսեփյանի, Ռոզա Պետրոսյանի և Եղիշե Թադևոսյանի հայտարարության համաձայն` այն հայտարարությունը, որ Ռաֆայել Մկրտչյանը, հոր մահից հետո հագել և օգտագործել է հոր վերարկուն` չի համապատասխանում իրականությանը (գ.թ. 19, հ. 3-րդ):
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
1) Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է որ,
Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության հիման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են`
1. գրավոր և իրեղեն ապացույցներով,
2. փորձագետների եզրակացություններով,
3. վկաների ցուցմունքներով,
4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգքրի 56-րդ հոդվածի համաձայն` իրեղեն ապացույցներ են այլ առարկաները, որոնք իրենց արտաքին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկանիշներով կարող են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների հաստատման միջոց դառնալ: Իրեղեն ապացույցներ են նաև լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները:
Սույն գործով Դատարանը հաստատված համարելով, որ դատաքննության ընթացքում կողմերի միջնորդություններով, որպես վկա հարցաքննված անձինք տվել են իրարամերժ ցուցմունքներ, հանգել է այն հետևության, որ այդ անձանց կողմից տրված հայտարարությունները չպետք է ընդունվեն և գնահատվեն որպես ապացույց:
Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով գործի քննության ընթացքում հարցաքննված վկաների ցուցմունքները, հաստատված է համարել, որ Ռաֆայել Մկրտչյանը հոր մահից հետո հոգ է տարել և պահպանել ժառանգության զանգվածի մեջ մտած գույքի մի մասը, մասնավորապես` մոխրագույն անձրևանոցը, դեղին թասակը, և հանգել է այն հետևության, որ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքում բարձրացված հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է պարզել արդյո՞ք գործում առկա ապացույցները հնարավորություն են տալիս հաստատված համարելու այն փաստը, որ Ռաֆայել Մկրտչյանն օրենքով սահմանված ժամկետում ընդունել է իր հոր` Ղազար Մկրտչյանի ժառանգությունը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի: Ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Նույն օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:
Սույն գործի փաստերի համադրության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վկաների կողմից տրված հայտարարություններն իրենց բնույթով վերաբերելի և թույլատրելի ապացույցներ են, սակայն դրանցում առկա տեղեկությունների հակասականությունը հնարավորություն չի տալիս հաստատված ճանաչելու Ռաֆայել Մկրտչյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում իր հոր` Ղազար Մկրտչյանի ժառանգության զանգվածի մի մասի, հետևաբար նաև ամբողջ ժառանգության ընդունման փաստը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ վեճի առարկա անձրևանոցի և թասակի վերաբերյալ հայցվոր կողմի պնդումը հաստատված փաստ ճանաչելու համար անհրաժեշտ է դատարանին ներկայացնել պնդումը հիմնավորող առավել արժանահավատ ապացույցներ, օրինակ` անձրևանոցը, այն իր հոր` Ղազար Մկրտչյանի և այնուհետև իր հագին պատկերող լուսանկարներ, տեսաձայնագրություններ և այլն: Միայն այդ պայմաններում դատարանը հնարավորություն կունենար հաստատված ճանաչել Ռաֆայել Մկրտչյանի կողմից օրենքով սահմանված ժամկետում իր հոր` Ղազար Մկրտչյանի ժառանգության զանգվածի մի մասի, հետևաբար նաև ամբողջ ժառանգության ընդունման փաստը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն պատճառաբանությանը, որ Ռաֆայել Մկրտչյանը կատարել է ակտիվ գործողություններ, որոնք ուղղված են ժառանգական զանգվածի մի մասի ընդունմանը, մասնավորապես, հոր` Ղազար Մկրտչյանի պարտքի վճարման վերաբերյալ կամահայտնությունը, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված գործողությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի 3-րդ ենթակետի ուժով` ժառանգատուի պարտքը վճարելու փաստ չէ, հետևաբար նաև ժառանգի կողմից ժառանգության ընդունման հիմք չէ:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:
2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի ինքնաբացարկի հիմքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 91 հոդվածով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորն ինքնաբացարկ է հայտնում իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ:
ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել, եթե նա տեղյակ է այնպիսի փաստերի կամ հանգամանքների մասին, որոնք կարող են ողջամիտ կասկած հարուցել տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Ինքնաբացարկի հիմքերը ներառում են ի թիվս այլոց այն դեպքերը, երբ` դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, իսկ նույն հոդվածի նույն մասի 2-րդ կետի համաձայն` դատավորը կամ նրա ամուսինը կամ նրանց հետ արյունակցական` մինչև 3-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձը ողջամտորեն կհանդիսանա (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) գործին մասնակցող անձ կամ մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր կամ գործին մասնակցող անձ:
Վերը նշված հոդվածներից հետևում է, որ օրենսդիրն ամրագրելով յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքի լիարժեք իրականացումը, սահմանել է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում դատավորը պարտավոր է ինքնաբացարկ հայտնել:
Մասնավորապես, ՀՀ դատական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի ուժով այդ հիմքերն են, երբ
1) դատավորը կանխակալ վերաբերմունք ունի որպես կողմ հանդես եկող անձի, նրա ներկայացուցչի, պաշտպանի, դատավարության այլ մասնակիցների նկատմամբ, կամ
2) դատավորը մասնակցել է տվյալ գործի քննությանը ստորին ատյանում` որպես դատավոր:
Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում արդեն իսկ անդրադարձել է նույն դատարանում նույն գործի քննությանը դատավորների մասնակցության իրավական հարցին:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Սահմանադրության 19-րդ հոդվածով և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված յուրաքանչյուրի` անկողմնակալ դատարանի կողմից իր գործի քննության իրավունքը, արդար դատաքննության բաղկացուցիչ տարրն է:
Վճռաբեկ դատարանը նշել է, որ ցանկացած դատավոր, որի անաչառության վերաբերյալ օրինական կասկածներ կան, պետք է դուրս գա դատարանի կազմից: Նշված կասկածները պետք է ստուգվեն տարբեր ճանապարհներով: Առաջինը` սուբյեկտիվ մոտեցումն է, որը փորձում է պարզել տվյալ դատավորի անձնական համոզմունքները քննվող գործի կապակցությամբ և երկրորդը` օբյեկտիվ մոտեցումը, որը սահմանում է, թե արդյո՞ք դատավորի կողմից առաջարկվող երաշխիքները բավարար են այդ կապակցությամբ առաջացած ցանկացած օրինաչափ կասկած բացառելու համար (տես` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը «Պյերսակն ընդդեմ Բելգիայի» գործով 01.10.1982 թ., կետ 30):
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այդ իրավական նորմերի ընդհանրական մոտեցումը դատարանի կամ դատավորի անաչառության կանխավարկածն է, որը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ նրա աչառությունն ապացուցված չէ (տես` Կարինե Հարությունյանի դիմումը` նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտը վերանայելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի 13.03.2009 թվականի թիվ ԵԱՔԴ/1137/02/08 որոշումը):
Հիմք ընդունելով վերոգրյալը և համադրելով սույն գործի փաստերը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանում դատարանի կազմի մեջ դատավորների ընդգրկված լինելը և նույն գործի քննությանը նրանց մասնակցությունը հիմք չէ նրանց աչառությունը հաստատված համարելու համար:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալով` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 29.12.2008 թվականի վճռին:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. Աբելյան
Դատավորներ` Ա. Բարսեղյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան