Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ, 411...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 369-ՐԴ, 411-ՐԴ ԵՎ 881-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ քաղաքացիական գործերով         Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ/0042/02/08

    վերաքննիչ դատարանի որոշում                                    2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ՀՔԴ/0042/02/08

Նախագահող դատավոր`  Ն. Տավարացյան

    Դատավորներ`          Դ. Խաչատրյան

                         Ս. Միքայելյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Վ. Աբելյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Մ. Դրմեյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի օգոստոսի 11-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով «Արտաշատ» ջուր օգտագործողների ընկերության (այսուհետ` Կազմակերպություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշման դեմ`ըստ հայցի «Սադափ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Կազմակերպության` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է բռնագանձել Կազմակերպությունից 11.482.000 դրամ, որից` 6.253.000 դրամը տույժի գումար:

ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 10.04.2009 թվականի որոշմամբ Դատարանի 23.12.2008 թվականի վճռի` տույժի բռնագանձման մասը, բեկանվել է և այն փոփոխվել է. որոշվել է Կազմակերպությունից հօգուտ Ընկերության բռնագանձել 2.800.000 ՀՀ դրամ` որպես տույժի գումար: Վճռի մնացած մասը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, 411-րդ և 881-րդ հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը մեկնաբանելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասը հանգել է այն հետևության, որ տվյալ հոդվածը վերաբերում է փոխառության տոկոսներին, մինչդեռ` կողմերը կնքել են տուժանքի մասին համաձայնություն: Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը տոկոս և տուժանք հասկացությունները տարանջատել է միմյանցից, չնայած որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում տոկոս բառով պարզապես արտահայտված է տույժի չափը, քանի որ եթե սահմանվում է տույժ, ապա պետք է նախատեսվի նաև դրա չափը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ և 881-րդ հոդվածները սահմանում են քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոց, այն է` տուժանք, քանի որ դրանց կիրառումը պայմանավորված է դրամական պարտավորության խախտման, մասնավորապես` գումարի չվերադարձման կամ կետանցման փաստի առկայության հետ: Տոկոս հասկացությունը 881-րդ և 411-րդ հոդվածների համատեքստում կիրառվում է որպես չափի միավոր, քանի որ, եթե օրենքով կամ պայմանագրով սահմանվում է պատասխանատվության միջոց, ապա պետք է սահմանվի նաև դրա չափը: Դա է պատճառը, որ պրակտիկայում դրամական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ կետանցելու դեպքերում պատասխանատվության չափը սահմանվում է կայուն գումարի տեսքով, կամ տոկոսային արտահայտությամբ` կախված կետանցված գումարի չափից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չառնելով վերը նշվածը եկել է սխալ եզրահանգման, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածն արգելում է կետանցի դեպքում տոկոսներ հաշվարկել, սակայն չի արգելում հաշվարկել տուժանք:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը սխալմամբ հանգել է այն եզրակացության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածով նախատեսված տոկոսներն ոչ մի կապ չունեն տուժանքի հետ և տուժանքը, որպես պարտավորության կատարման ապահովման միջոց, բոլոր դեպքերում կիրառելի է անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի կիրառման առկայությունից կամ բացակայությունից: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողից հիմնական գումարը չի բռնագանձվել, քանի որ հիմնական գումարի պարտք չի ունեցել: Հետևաբար, եթե պատասխանողը պարտք չի ունեցել հայցվորին, ապա տույժը ինչ գումարի վրա է հաշվարկվել և որ ժամանակահատվածի համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 23.12.2008 թվականի վճռին:

 

3. Բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 07.07.2005 թվականի թիվ 1/7 կարճաժամկետ փոխառության պայմանագրի 1.1. կետի համաձայն` Ընկերությունը (այսուհետ` Փոխատու) Կազմակերպությանը (այսուհետ` Փոխառու), հանձնել է օպերատիվ կառավարման 6.400.000 ՀՀ դրամ, ամսական 2 տոկոս տոկոսադրույքով, իսկ Փոխառուն պարտավորվել է վերադարձնել Փոխատուին 6.400.000 ՀՀ դրամ (գ.թ. 10):

2) Նույն Պայմանագրի 1.3 կետով փոխատվության միջոցները տրամադրվել են 08.07.2005 թվականից մինչև 08.09.2005 թվականը, իսկ Պայմանագրի 1.4 կետով սահմանվել է Փոխառուի պարտականությունը փոխատվության միջոցները վերադարձնել 09.09.2005 թվականին կանխիկ կամ անկանխիկ` 6.528.000 ՀՀ դրամի չափով (գ. թ. 10):

3) Նույն Պայմանագրի 3.2. կետի համաձայն` գումարը նշված ժամկետում չվերադարձնելու դեպքում հաշվարկվում է տույժ` օրական 0,2 տոկոսի չափով չվերադարձված գումարի նկատմամբ (գ.թ. 10):

4) 08.07.2005 թվականին Ընկերությունը Կազմակերպությանը վճարման հանձնարարականով վճարել է 6.400.000 ՀՀ դրամ (գ.թ. 12):

5) Գործում առկա վճարման հանձնարարագրերի և դրամարկղային ելքի օրդերների համաձայն` Կազմակերպությունը Ընկերությանը 30.11.2005 թվականից մինչև 08.02.2007 թվականն ընկած ժամանակահատվածում վճարել է 7.390.000 դրամ (գ.թ. 23-44):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 880-րդ հոդվածի համաձայն` փոխառուն պարտավոր է փոխառության պայմանագրով նախատեսված ժամկետում և կարգով փոխատուին վերադարձնել ստացած փոխառության գումարը, իսկ նույն օրենսգրքի 879-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:

Փոխառության պայմանագրով հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե փոխառուն սահմանված ժամկետում չի վերադարձնում փոխառության գումարը, ապա փոխառության պայմանագրով նախատեսված տոկոսները դադարում են, իսկ այդ գումարին ենթակա են վճարման միայն սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետով նախատեսված չափով տոկոսներ, սկսած այն օրվանից, երբ գումարը պետք է վերադարձվեր մինչև գումարը փոխատուին վերադարձնելու օրը:

Փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:

Սույն գործով Դատարանը հայցի մերժման հիմքում դնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասը, հանգել է այն հետևության, որ հայցվոր կողմի կատարած հաշվարկները չեն բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից և չեն կարող հիմք ընդունվել դատարանի համար:

Վերաքննիչ դատարանը հիմք ընդունելով այն հանգամանքը, որ կողմերի միջև 07.07.2005 թվականին կնքված թիվ 1/7 կարճաժամկետ պայմանագրի 3.2 կետով սահմանվել է, որ փոխառության գումարը պայմանագրում նշված ժամկետում չվերադարձնելու դեպքում հաշվարկվում է տույժ` օրական 0.2 տոկոս չվերադարձված գումարի նկատմամբ` հաստատված է համարել, որ փոխառության պայմանագրի պայմանները որոշվել են կողմերի համաձայնությամբ, այն համապատասխանել է կնքելու պահին գործող օրենքով սահմանված` կողմերի համար պարտադիր կանոններին, և հանգել այն հետևության, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 881-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված իմպերատիվ նորմը որևէ կերպ կողմերը չեն խախտել, այլ ձեռք են բերել տուժանքի մասին համաձայնություն` որպես պարտավորությունների կատարումն ապահովող երաշխիք:

Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է փոխառության պայմանագրով տույժ նախատեսելու իրավական հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի և 881-րդ հոդվածի 1-ին մասի իրավական վերլուծությանը, արձանագրել է, որ փոխառության պայմանագրում այլ պայմաններով տոկոսներ վճարելու վերաբերյալ պայմանը, տվյալ դեպքում տույժը, առոչինչ է (տես` «Ֆինքա» բարեգործական հիմնադրամի հայցն ընդդեմ Արմեն Գրիգորյանի, Կարապետ և Հռիփսիկ Վարդանյանների` գումարի բռնագանձման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-241 ՎԴ որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ փոխառության պայմանագրի 3.2-րդ կետով նախատեսված տույժ վճարելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է, հետևաբար այն ենթակա չէ բռնագանձման:

Ինչ վերաբերվում է վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ հիմնական պարտք չունենալու դեպքում տույժ չի բռնագանձվում, ապա փոխառության պայմանագրի 3.2. կետի առոչինչ լինելու պայմաններում Վճռաբեկ դատարանը բողոքի այդ հիմքին չի անդրադառնում:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 10.04.2009 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ հարավային քաղաքացիական դատարանի 23.12.2008 թվականի վճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Վ. Աբելյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.08.2009
N ՀՔԴ/0042/02/08
Որոշում