Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311.1-ՐԴ ԵՎ 200-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 311.1-ՐԴ ԵՎ 200-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                            ՀՅՔՐԴ1/0074/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ՀՅՔՐԴ 1/0074/01/08

Նախագահող դատավոր`  Ժ. Հովսեփյան

    Դատավորներ`          Ռ. Ազարյան

                         Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

    մասնակցությամբ մեղադրող                   Լ. Թադևոսյանի

 

    2 հունիսի 2009 թվականի                                  ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի բերած վճռաբեկ բողոքը Ռուբեն Վաչիկի Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը

1. Արաքսյա Գուրգենի Կյուրեղյանի հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից 2008 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Վարույթն իրականացնող մարմնի 2008 թվականի օգոստոսի 20-ի որոշմամբ Ա. Կյուրեղյանը ճանաչվել է տուժող:

2. Ռուբեն Վաչիկի Ազատյանը 2008 թվականի օգոստոսի 20-ին ձերբակալվել է, իսկ օգոստոսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ:

3. Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի դատավճռով ամբաստանյալ Ռ. Ազատյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 1 (մեկ) տարի ժամկետով:

4. Շիրակի մարզի դատախազության դատախազ Ա.Փանոսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի մարտի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է և Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 8-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ:

5. Վճռաբեկ բողոքը բերել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

2009 թվականի մայիսի 8-ին Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով («բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար») բողոքն ընդունել է վարույթ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

6. Ռ. Ազատյանը աշխատել է առևտրային կազմակերպություն հանդիսացող, տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթ ստացող` «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունում որպես ժամանակավոր կացարանների բնակիչներին սպասարկող ծառայող:

7. Շիրակի մարզի Հովիտ գյուղում հաշվառված Արաքսյա Գուրգենի Կյուրեղյանին պատկանող, Գյումրի քաղաքի թիվ 153 տնակային տարածքում տեղադրված տնակը հաշվառելու և համարակալելու համար Ռ. Ազատյանը 2008 թվականի օգոստոս ամսի կեսերին` իր կառավարչական գործառույթներն իրականացնելու ժամանակ, այցելել է նշված տնակ և շորթման եղանակով, տնակը չհաշվառելու սպառնալիքով Ա. Կյուրեղյանից պահանջել է 45.000 ՀՀ դրամ կաշառք, որից 10.000 ՀՀ դրամը ստացել է նույն պահին, իսկ մնացած 35.000 ՀՀ դրամ գումարը ստացել է 2008 թվականի օգոստոսի 30-ին` ժամը 13-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Շիրակի մարզպետարանի շենքի մոտ և նույն պահին ձերբակալվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի վարչության աշխատակիցների կողմից:

 

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքաբերը գտնում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից Ռ. Ազատյանի արարքը ճիշտ չի որակվել, ինչը հանգեցրել է քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառման, այսինքն` կիրառվել է քրեական օրենքի այն նորմը, որը ենթակա չէր կիրառման, ինչպես նաև սխալ է մեկնաբանվել քրեական օրենքը: Վերոգրյալի արդյունքում թույլ է տրվել դատական սխալ` նյութական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, իսկ կայացված դատական ակտը խաթարում է արդարադատության բուն էությունը:

Ի հիմնավորումն ասվածի` նա նշում է, որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն` համայնքի ղեկավարն իր լիազորություններն իրականացնում է աշխատակազմի, համայնքային բյուջետային հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների միջոցով, իսկ նշված օրենքի 52-րդ հոդվածը լիազորում է համայնքին, բացառապես իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ ստեղծել առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ:

ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

ՈՒստի տեղական ինքնակառավարման մարմնի կողմից առևտրային կազմակերպություն կարող է ստեղծվել բացառապես այդ մարմնի լիազորությունների իրականացման նպատակով, հակառակ դեպքում կխախտվի ոչ միայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի նշված դրույթը, այլև ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը:

Բողոքաբերը նշում է, որ սույն գործով Գյումրու ավագանու 2006 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ հիմնադրվել է «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունն այն պատճառաբանությամբ, որ լուծարվել են սեփական տները սպասարկող թաղային կոմիտեները, բազմաբնակարան շենքերի սպասարկումը իրականացնում են համատիրությունները, իսկ Գյումրու «Բնակարանային տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունը, որը սպասարկել է քաղաքի ժամանակավոր կացարանները, համայնքապատկան հին ֆոնդի տները սնանկ է ճանաչել:

Վերոգրյալից բողոքաբերը եզրակացնում է, որ «Գյումրու բնակարանային սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը ստեղծվել է Գյումրու ավագանու որոշմամբ, գործել է քաղաքապետի հաստատած կանոնադրությամբ, տեղական ինքնակառավարման մարմնի խնդիրների և գործառույթների իրականացման, այդ թվում` ժամանակավոր կացարանների հաշվառման, համարակալման, հասցեավորման նպատակով: Հետևաբար այն փաստարկը, որ «Գյումրու բնակարանային սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է առևտրային կազմակերպություն, ամենևին չի բացառում այդ կազմակերպության և դրա աշխատակիցների կողմից տեղական ինքնակառավարման մարմնին վերապահված առանձին խնդիրների և գործառույթների իրականացումը:

9. Ըստ բողոքի հեղինակի` դատապարտյալի արարքում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշները, և նրա արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով որակելը ակնհայտ սխալ է, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հանցագործության սուբյեկտը պետք է օժտված լինի կազմակերպական-տնօրինչական, կառավարչական, վարչատնտեսական գործառույթներով, մինչդեռ Ռ.Ազատյանը «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունում նման գործառույթներ չի իրականացրել:

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը եզրակացնում է, որ եթե Ռ. Ազատյանը «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացներ կառավարչական գործառույթներ, ապա նա քրեական պատասխանատվության կենթարկվեր ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպություններում կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող անձինք հանդիսանում են պաշտոնատար անձինք և ենթակա են քրեական պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ գլխով նախատեսված հանցագործությունների համար:

10. Բողոքաբերը գտնում է, որ սույն քրեական գործով Վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և բացառել դատարանների կողմից հնարավոր դատական սխալները, ուստի խնդրում է բեկանել Ռ. Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` նոր քննության` Ռ. Ազատյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղավոր ճանաչելու և դատապարտելու համար:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի այն հարցին, թե Ռուբեն Ազատյանը, հանդիսանալով «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերության աշխատակից, իրականացրե՞լ է արդյոք քաղաքացիական աշխատանք և կարո՞ղ է արդյոք պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար քրեական պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով համարվել հանրային ծառայող:

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար, այսինքն` պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալու` վարձատրություն տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելով` այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «(...) հանրային ծառայողներ են համարվում, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի համաձայն, հանրային ծառայություն իրականացնող անձինք»:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի համաձայն` «հանրային ծառայությունը պետությանն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացումն է, որն ընդգրկում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայությունը, ինչպես նաև պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքացիական աշխատանքը»:

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետի համաձայն` քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է վարձու աշխատողների միջոցով:

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Ռ. Ազատյանը հանդիսացել է «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերության աշխատակից 2008 թ. հունվարի 9-ին վերջինիս հետ կնքված թիվ 25 աշխատանքային պայմանագրի հիման վրա, որով նրան հանձնարարվել է սպասարկելու ժամանակավոր կացարանների բնակիչներին:

Ռ. Ազատյանը տեղական ինքնակառավարման մարմնի հետ` ի դեմս Գյումրու քաղաքապետարանի, վերջինիս վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացման համար որևէ պայմանագիր չի կնքել, հետևաբար նա տեղական ինքնակառավարման մարմնի վարձու աշխատող չի հանդիսացել, նրա կատարած աշխատանքը քաղաքացիական աշխատանք չի կարող համարվել:

Հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով Ռուբեն Ազատյանը հանրային ծառայող չէր:

13. Սույն որոշման 11-րդ կետում առաջադրված հարցին բացասական պատասխան տալով` Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև հետևյալ հարցին` Ռուբեն Ազատյանը կարո՞ղ է արդյոք առևտրային կաշառքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի իմաստով համարվել առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայող:

14. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 108-րդ, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածների համաձայն` բաժնետիրական ընկերություն է համարվում առևտրային կազմակերպություն հանդիսացող այն տնտեսական ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է Բաժնետիրական ընկերության նկատմամբ բաժնետերերի պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում առևտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողի, արբիտրի, այդ թվում` օտարերկրյա պետության` արբիտրաժի մասին օրենսդրությանը համապատասխան` գործառույթներ իրականացնող արբիտրի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից շորթմամբ կաշառք ստանալու համար: Ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով առևտրային կաշառք ստանալ է համարվում նշված անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար ապօրինաբար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար, երբ առևտրային կաշառքը պահանջվում է անձի իրավունքը կամ օրինական շահերը չվերականգնելու սպառնալիքով:

Սույն գործի նյութերից երևում է, որ 2006 թ. հուլիսի 7-ին տրված թիվ 03Ա 072601 վկայականի համաձայն` «Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերությունը գրանցված է եղել պետական ռեգիստրի Գյումրու տարածքային բաժնի կողմից, 2912002221 համարի տակ, որպես անժամկետ գործող առևտրային իրավաբանական անձ:

«Գյումրու բնակարանների սպասարկում» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 2.1-րդ կետի համաձայն` ընկերության ստեղծման նպատակն է տնտեսական գործունեություն (այդ թվում նաև` բնակարանների սպասարկում) իրականացնելու նպատակով շահույթի ստացումը:

15. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 52-րդ հոդվածի համաձայն` «Համայնքը իր լիազորությունների իրականացման նպատակով, համայնքի ավագանու որոշմամբ կարող է ստեղծել (...) առևտրային կազմակերպություններ (...)»:

Տվյալ դեպքում գույքի սեփականատերը` համայնքը (Գյումրի քաղաքը), պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, այն փաստացի հանձնել է իր կամքով ստեղծված քաղաքացիական իրավունքի նոր սուբյեկտի` առևտրային կազմակերպության («Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ) կառավարմանը: Սեփականատիրոջ` համայնքի գույքի օգտագործման հիման վրա առևտրային կազմակերպությունը կարող է թողարկել և իրացնել արտադրանք, կատարել աշխատանքներ, մատուցել ծառայություններ: Այլ կերպ` «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ-ն հանդիսացել է քաղաքացիական իրավունքի նոր սուբյեկտ, որի հիմնական նպատակը եղել է շահույթի ստացումը: Այսպիսի առևտրային կազմակերպության իրավական առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն պետք է այնպես կազմակերպի իր գործունեությունը, որպեսզի ստացած շահույթի հաշվին բավարարի և՛ իր, և՛ սեփականատիրոջ շահերը:

16. ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի սուբյեկտը հատուկ է` ի թիվս այլոց, առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայող: ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի հատուկ սուբյեկտին ապօրինաբար դրամ, արժեթղթեր կամ այլ գույք է տրվում կամ նրանց գույքային բնույթի ծառայություններ են մատուցվում, որպեսզի նրանք, իրենց գրաված դիրքի հետ կապված, կաշառք տվողի օգտին կատարեն որոշակի գործողություններ (անգործություն):

17. Սույն գործի նյութերից երևում է, որ Ռ. Ազատյանը հանդիսացել է առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայող, քանի որ ամբաստանյալ Ռ.Ազատյանի կողմից ապօրինաբար դրամ ստանալը (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը) կապված է առևտրային կազմակերպությունում նրա զբաղեցրած դիրքի, ինչպես նաև նրա կողմից իրականացվող հատուկ լիազորությունների շրջանակի հետ: Նրանից է կախված եղել տուժողին պատկանող տնակը հաշվառելու հարցը, վերջինով էլ, իր հերթին, պայմանավորված է եղել տուժողին հետագայում բնակարան հատկացնելու հարցի լուծումը: Հետևաբար, Ռուբեն Ազատյանը հանդիսանում է առևտրային կաշառքի համար քրեական պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի իմաստով առևտրային կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայող:

18. Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ռ. Ազատյանը պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու համար քրեական պատասխանատվություն նախատեսող` ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով հանրային ծառայող չի համարվում, նա հանդիսացել է հանցագործության սուբյեկտ ոչ թե ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 5-րդ մասի, այլ 200-րդ հոդվածի 5-րդ մասի իմաստով, ուստի նրան մեղսագրվող արարքը ենթակա է որակման ՀՀ քրեական օրենսգրքի ոչ թե 311.1-րդ հոդվածի 1-ին, այլ 200-րդ հոդվածի 4-րդ մասով: Դրա համար էլ նա ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի (տես սույն որոշման 3-րդ կետը):

19. ՈՒստի, ստորադաս դատարանի կողմից Ռ.Ազատյանի կատարած արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 311.1 -րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ճիշտ է վերաորակվել ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասի, որի համար էլ վերջինս ենթարկվել է քրեական պատասխանատվության և պատժի:

20. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, ուստի, ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: Ռուբեն Վաչիկի Ազատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 4-րդ մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշման պատճառաբանությունները:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.06.2009
N ՀՅՔՐԴ/0074
Որոշում