Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ԵՎ 63-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 62-ՐԴ ԵՎ 63-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                            ՀՅՔՐԴ3/0109/01/08

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

քրեական գործ թիվ ՀՅՔՐԴ3/0109/01/08

Նախագահող դատավոր`  Ժ. Հովսեփյան

    Դատավորներ`          Ռ. Ազարյան

                         Հ. Տեր-Ադամյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

    քարտուղարությամբ                          Կ. Աբրահամյանի

    մասնակցությամբ պաշտպան                    Վ. Հարությունյանի

    մեղադրող                                  Պ. Պետրոսյանի

    տուժող                                    Ա. Ըխտոյանի

 

    2009 թվականի հունիսի 2-ին                         Երևան  քաղաքում

 

դռնբաց դատական նիստում քննելով պաշտպան Վ.Հարությունյանի և մեղադրող Պ. Պետրոսյանի վճռաբեկ բողոքները ամբաստանյալ Ալեքսան Երեմի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ,

 

ՊԱՐԶԵՑ

 

1.Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2005 թվականի հունիսի 23-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է թիվ 43150505 քրեական գործը:

2008 թվականի մայիսի 27-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 43151508 քրեական գործը:

2008 թվականի հուլիսի 3-ին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 43152108 քրեական գործը:

2008 թվականի հուլիսի 3-ին Ալեքսան Սարգսյանը ձերբակալվել է:

Նախաքննության մարմնի 2008 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ թիվ 43150505 և թիվ 43151508 քրեական գործերը միացվել են թիվ 43152108 քրեական գործին:

2008 թվականի հուլիսի 5-ին Ա.Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմնի 2008 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ Ա. Սարգսյանն արգելանքից ազատվել է, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

2008 թվականի օգոստոսի 30-ին Ա. Սարգսյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

2008 թվականի հոկտեմբերի 17-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Հյուսիսային քրեական դատարան (այսուհետ` Քրեական դատարան):

2. Քրեական դատարանը, կիրառելով դատական քննության արագացված կարգ, 2008 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռով Ա.Սարգսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման 2 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան 2 տարի ժամկետով:

«Ռասկո» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը բավարարվել է, և վճռվել է Ա. Սարգսյանից հօգուտ ընկերության բռնագանձել 1.629.206 ՀՀ դրամ:

3. Տուժողի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` Վերաքննիչ դատարանը 2009 թվականի մարտի 6-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է` Քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճիռը Ա. Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պայմանականորեն չկիրառելու ու 2 տարի ժամկետով փորձաշրջան սահմանելու մասով բեկանվել է և ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը վերացվել:

ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով` Ա. Սարգսյանի անազատության մեջ գտնված 3 օր ժամկետը հաշվակցվել է նրա նկատմամբ նշանակված պատժին, և Ա. Սարգսյանին թողնվել է կրելու ազատազրկում 1 տարի 11 ամիս 27 օր ժամկետով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է օրինական ուժի մեջ:

4. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Ա. Սարգսյանի պաշտպան Վ. Հարությունյանը և մեղադրող Պ. Պետրոսյանը:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ պաշտպանի և մեղադրողի բողոքները վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով («վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ»):

2009 թվականի մայիսի 6-ին Վճռաբեկ դատարան մուտք է եղել Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի գրությունը, որով վերջինս խնդրել է Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ մեղադրող Պ. Պետրոսյանի վճռաբեկ բողոքը չքննարկել և այն վերադարձնել Գեղարքունիքի մարզի դատախազություն:

2009 թվականի հունիսի 1-ին տուժող Արտյոմ Ըխտոյանից ստացվել է վճռաբեկ բողոքների պատասխան, որով նա խնդրել է Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Սարգսյանի պաշտպան Վ. Հարությունյանի և մեղադրող Պ. Պետրոսյանի վճռաբեկ բողոքները մերժել:

2. Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Քրեական վարույթն իրականացնող մարմինը հաստատված է համարել հետևյալը.

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղի բնակիչ Ա. Սարգսյանը, 2003 թվականից գտնվելով ՌԴ Իրկուտսկ քաղաքում, զբաղվել է շինարարական աշխատանքներով: Իր քրոջ որդի Արայիկ Ըխտոյանի խնդրանքով Ա. Սարգսյանը 2004 թվականի գարնանը նրան իր հետ տարել է ՌԴ Իրկուտսկ քաղաք` գումար վաստակելու: Որոշ ժամանակ անց Արայիկ Ըխտոյանը տիրացել է Ա. Սարգսյանի կողմից հիմնած գործին, որի հետևանքով վերջինս հայտնվել է նյութական ծանր վիճակում:

2004 թվականի նոյեմբեր ամսին վերադառնալով գյուղ` Ա. Սարգսյանը վերջնականապես համոզվել է, որ Արայիկ Ըխտոյանի քայլերն իրեն զրկել են աշխատանքից և դրա դիմաց ստանալիք գումարներից, որի պատճառով նրանց հարաբերությունները լարվել են: Նման պայմաններում Ա. Սարգսյանը որոշել է Արայիկ Ըխտոյանին և նրա ընտանիքի անդամներին նյութական վնաս պատճառել:

Ա. Սարգսյանը 2005 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 1-ի սահմաններում, բենզին շաղ տալու միջոցով դիտավորությամբ հրկիզել է Գեղհովիտ գյուղի բնակիչ Արտյոմ Ըխտոյանին պատկանող «Կամազ-53212» մակնիշի 16 LS 232 պետհամարանիշի և «Կռազ-250» մակնիշի 16 LO 857 պետհամարանիշի ավտոմեքենաները` պատճառելով 1.320.000 ՀՀ դրամի վնաս: Ա. Սարգսյանը 2008 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը` ժամը 2-ի սահմաններում, բենզինի և ավտոմեքենայի շարժիչի յուղի խառնուրդը դիտավորությամբ լցրել է «Ահարոն և եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող երկու «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաների սրահների մեջ և հրկիզել է դրանք` պատճառելով 308.000 ՀՀ դրամի վնաս: Բացի այդ, Ա. Սարգսյանը, իմանալով, որ «Ահարոն և եղբայրներ» ՍՊԸ-ին պատկանող «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենան, որը վարում է համագյուղացի Սմբատ Նալբանդյանը, կայանում է համագյուղացի Շամխալ Հակոբյանին պատկանող ավտոտնակում, 2008 թվականի հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել է ավտոտնակի դուռը, բենզինի և ավտոմեքենայի շարժիչի յուղի խառնուրդը դիտավորությամբ լցրել է նշված ավտոմեքենայի սրահ և հրկիզել այն, որի հետևանքով վառվել է Ս. Նալբանդյանին պատկանող «Վազ 21099» մակնիշի ավտոմեքենան, վնասվել է ավտոտնակը ու բնակարանը` պատճառելով 5.541.000 ՀՀ դրամի վնաս:

6. Ա. Սարգսյանը որպես վկա, այնուհետև որպես կասկածյալ հարցաքննվել է 2008 թվականի հուլիսի 3-ին (հատոր 1-ին, գ. թ. 27 և 49), որոնց ժամանակ մանրամասն տվյալներ է հայտնել 2008 թվականի հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերն իր կողմից կատարված հանցագործության մասին, ինչպես նաև բացահայտել է 2008 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը կատարած հանցագործությունը: Բացահայտել է նաև 2005 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերը կատարած բեռնատար ավտոմեքենաների հրկիզման դեպքը, որի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցվել էր` որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի անհայտ լինելու հիմքով (հատոր 1-ին, գ. թ.. 177):

Նույն օրն Ա. Սարգսյանը մատնացույց է արել Շ. Հակոբյանի ավտոտնակի կողպեքի, հանցագործության գործիք հանդիսացող լինգի, լուցկու, ինչպես նաև դեպքի օրն իր հագին եղած հագուստների գտնվելու վայրերը, որոնք նախաքննության մարմնի կողմից առգրավվել են (հատոր 1-ին, գ. թ.. 31-37), ինչպես նաև մատնանշել է իր կողմից կատարված հանցավոր արարքների դեպքերի վայրերը (հատոր 1-ին, գ. թ. 43):

7. Քրեական գործով տուժողներ Ս. Նալբանդյանին և Շ. Հակոբյանին հանցագործությամբ պատճառված նյութական վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է Ա. Սարգսյանի կողմից, որի կապակցությամբ նրանք իրենց ցուցմունքներում հայտնել են, որ Ա. Սարգսյանի նկատմամբ որևէ պահանջ չունեն (հատոր 1-ին, գ. թ. 343 և 410):

8. Քրեական գործով տուժող Ա. Ըխտոյանին, համաձայն քրեական գործում առկա ապրանքագիտական փորձագետի եզրակացությունների (հատոր 1-ին, գ. թ. 110, 272 և 372), հանցագործության արդյունքում պատճառվել է ընդամենը 4.103.000 ՀՀ դրամի վնաս:

9. 2008 թվականի սեպտեմբերի 23-ին «Ռասկո» ՍՊԸ-ի կողմից որպես ապահովագրական փոխհատուցում տուժող Ա. Ըխտոյանի հաշվեհամարին փոխանցվել է 1.629.206 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ. թ. 51):

2008 թվականի նոյեմբերի 19-ին Ա. Սարգսյանը տուժող Ա. Ըխտոյանին որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում վճարել է 10.000 ԱՄՆ դոլար և պարտավորվել 5.000 ԱՄՆ դոլար վճարել մինչև 2008 թվականի նոյեմբերի 25-ը (քրեական գործ հատոր 2-րդ, 143-րդ էջ):

10. 2008 թվականի նոյեմբերի 24-ին տուժող Ա. Ըխտոյանը դիմում է ներկայացրել Քրեական դատարան, որով հայտնել է, որ ամբաստանյալ Ա. Սարգսյանից պարտք ու պահանջ չունի, քանի որ նա վերականգնել է իրեն պատճառված վնասը և խնդրել է 2008 թվականի նոյեմբերի 25-ին նշանակված դատական նիստը անցկացնել առանց իր ներկայության (հատոր 2-րդ, գ. թ. 104):

11. 2009 թվականի փետրվարի 26-ին սույն գործով տուժող Ա. Ըխտոյանին մեկ այլ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով այն բանի համար, որ նա 2008 թվականի նոյեմբերի 11-ին իր ընտանիքի անդամներ Լիպարիտ, Ահարոն, Արայիկ Ըխտոյանների և Սեդա Սարգսյանի հետ գնացել է մորեղբայր Ա. Սարգսյանի բնակարան, որտեղ պահանջել է մինչև հաջորդ օրվա ժամը 10-ն իրեն տալ պահանջված պարտքի գումարը, հակառակ դեպքում սպառնալով սպանել նրան: Ա. Սարգսյանն այդ սպառնալիքն ընդունել է որպես իրական վտանգ, որի մասին հաջորդ օրն առավոտյան հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Մարտունու բաժին:

2008 թվականի նոյեմբերի 12-ին` ժամը 12-ի սահմաններում, Ա. Ըխտոյանը գնացել է Ա. Սարգսյանի տուն, որտեղ տեսնելով ոստիկանության աշխատակից Կ. Ասպատուրյանին և տեղեկանալով, որ Ա. Սարգսյանը դիմել է ոստիկանություն, վերցրել է սեղանին դրված բյուրեղապակյա վազը և փորձել հարվածել Ա. Սարգսյանին, ինչը կանխվել է Կ.Ասպատուրյանի կողմից: Նույն օրը` ժամը 12:15-ի սահմաններում, Ա. Ըխտոյանը, հոր` Լիպարիտ Ըխտոյանի և եղբոր` Արայիկ Ըխտոյանի հետ, Գեղհովիտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին կանգնեցրել են Ա. Սարգսյանի ավտոմեքենան, որի մեջ նստած է եղել ոստիկանության աշխատակից Կ. Ասպատուրյանը, դիտավորյալ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, որը զուգորդվել է իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, սկսել են հայհոյանքներ տալ, քաշքշել և հարվածել Ա.Սարգսյանին:

12. Վերաքննիչ դատարան որոշման մեջ առկա է հետևյալ մոտեցումը. «(...) ամբաստանյալի վարքագիծը վկայում է այն մասին, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի հատուցելու պատճառված նյութական վնասը, ուստի նա կանգնած չէ ուղղման ճանապարհին:

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք չի կարող դիտվել նաև այն հանգամանքը, որ նա համարվում է ընտանիքի միակ կերակրողը, երբ նա չի աշխատել, իսկ ինչպես ամբաստանյալը նշեց դատարանում իր երեք երեխաները չափահաս են»:

 

3. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Ըստ պաշտպանի` Վերաքննիչ դատարանի կողմից օբյեկտիվ չեն գնահատվել Ա. Սարգսյանի օգտին առկա փաստական հանգամանքները, ինչի արդյունքում խախտվել են նյութական իրավունքի նորմերի պահանջները` դատարանն ամբաստանյալ Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառելիության հարցում հանգել է ոչ ճիշտ հետևության:

14. Բողոքի հեղինակը նշել է, որ Ա. Սարգսյանը տուժող Ա. Ըխտոյանին որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում ստացականով վճարել է 10.000 ԱՄՆ դոլար, իսկ այնուհետև ևս 5.000 ԱՄՆ դոլար, որից հետո միայն տուժողը դիմում է ներկայացրել դատարան` հայտնելով, որ որևէ պարտք ու պահանջ չունի: Բացի այդ, «Ռասկո» ԱՍՊԸ-ի կողմից 2008 թվականի սեպտեմբերի 23-ին Ա. Ըխտոյանի հաշվին որպես ապահովագրական փոխհատուցում փոխանցվել է 1.629.206 ՀՀ դրամ, որի մասին իմանալով Ա. Սարգսյանն ընդունել է ընկերության ներկայացրած քաղաքացիական հայցը և նշված գումարը դատարանի վճռով բռնագանձվել է նրանից:

Նշված փաստերը վկայում են այն մասին, որ տուժող Ա. Ըխտոյանին պատճառված նյութական վնասը հատուցվել է փաստացի պատճառված վնասից ավելի չափով, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ամբաստանյալը չի հատուցելու պատճառված նյութական վնասը, ուստի նա կանգնած չէ ուղղման ճանապարհին, չի բխում գործի փաստական հանգամանքներից, հակասում է օբյեկտիվ իրականությանը և արդարացի չէ:

Բողոքաբերը նշել է, որ տուժող Ա. Ըխտոյանը հետապնդում է վրեժխնդրության և լրացուցիչ շահ ստանալու նպատակ:

15. Բողոքաբերը նշել է նաև, որ Ա. Սարգսյանի` ուղղման ճանապարհին կանգնած լինելու մասին է վկայում նաև այն փաստը, որ առաջին իսկ հարցաքննության ժամանակ նա, անկեղծորեն զղջալով, խոստովանել է կատարած արարքները, այդ թվում` 3 տարի առաջ իր կողմից բեռնատար ավտոմեքենաների հրկիզման դեպքը, որի վերաբերյալ նախաքննության մարմնի կողմից որևէ ապացույց ձեռք չի բերվել և միայն ամբաստանյալի խոստովանական ցուցմունքների հիման վրա է նրան մեղադրանք առաջադրվել:

16. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Քրեական դատարանը, գյուղապետարանի և համայնքի ավագանու միջնորդության հիման վրա, որպես Ա. Սարգսյանի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է հաշվի առել նրա` ընտանիքի միակ կերակրողը հանդիսանալը, իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով հանել է այն ամբաստանյալի պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների շարքից` առանց որևէ հիմնավոր ապացույցի կասկածի տակ դնելով նշված միջնորդության իսկությունը:

17. Ըստ մեղադրողի` Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է, չի բխում գործի փաստական հանգամանքներից, դրանում սխալ են մեկնաբանվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 62-րդ, 70-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածները, որի արդյունքում խախտվել են նյութական իրավունքի նորմերի պահանջները:

ՀՀ քրեական օրենսգիրքը, պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտը սահմանելով, չի նախատեսել որևէ սահմանափակում հանցագործության տեսակի, արարքի վտանգավորության աստիճանի և բնույթի, ինչպես նաև անձանց շրջանակի վերաբերյալ, ինչը ենթադրում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքը դատարանի համոզմունքն է այն մասին, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

18. Բողոքաբերը նշել է, որ Քրեական դատարանն Ա. Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս իրավացիորեն հաշվի է առել վերջինիս պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող մի շարք հանգամանքներ, այդ թվում` ամբաստանյալի կողմից հանցագործության բացահայտմանն ակտիվորեն աջակցելը, հասցված վնասը կամովին հատուցելը, իսկ Վերաքննիչ դատարանն անհիմն կերպով եզրահանգել է, որ դրանք չեն բխում գործի փաստական հանգամանքներից:

19. Վերոգրյալի հիման վրա բողոքների հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը և օրինական ուժ տալ Քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

20. Նախքան վճռաբեկ բողոքներում բարձրացված հարցերին անդրադառնալը, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իր իրավական դիրքորոշումը սույն որոշման 4-րդ կետում նշված Գեղարքունիքի մարզի դատախազ Վ. Մարգարյանի գրության վերաբերյալ, որով վերջինս խնդրել է Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշման դեմ մեղադրող Պ. Պետրոսյանի վճռաբեկ բողոքը չքննարկել և այն վերադարձնել Գեղարքունիքի մարզի դատախազություն:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնել այն մինչև վճռաբեկ դատարանում դատական նիստի սկսվելը»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով: Վճռաբեկ բողոքը համարվում է վարույթ ընդունված, եթե դրան կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Վճռաբեկ դատարանին ներկայացրած վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 407-րդ հոդվածի և սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանության հարցը պարզելու և դատարանի վարույթ ընդունելու կամ վերադարձնելու հարցը լուծվում է կոլեգիալ` վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի և առնվազն երեք դատավորի կազմով: Պալատի այդ որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց կողմ է քվեարկել նիստին ներկա դատավորների մեծամասնությունը»:

21. Վերոնշյալ հոդվածների բովանդակությունից երևում է, որ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վերադարձնելու կամ այն վարույթ ընդունելու մասին որոշում է կայացվում Վճռաբեկ դատարանի դատական նիստում: Ընդ որում, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ բողոքի շրջանակներում վերջնական որոշում կայացնելը դառնում է արդարադատության պահանջ: Հետևաբար ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 413-րդ հոդվածի 3-րդ մասի իմաստով բողոք բերած անձն իրավունք ունի այն հետ վերցնել մինչև Վճռաբեկ դատարանի կողմից նույն օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումներից մեկի կայացումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ ՀՀ քրեադատավարական օրենքով Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունված բողոքն այն բերած անձի կողմից հետ վերցնելու դատավարական կարգ նախատեսված չէ:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոք բերած անձին Վճռաբեկ դատարանի որոշմամբ արդեն իսկ վարույթ ընդունած բողոքը հետ վերցնելու իրավական հնարավորություն ընձեռված չէ:

Ինչպես երևում է սույն որոշման 4-րդ կետից, մեղադրող Պ. Պետրոսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի ապրիլի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ բողոքը չքննարկելու և այն վերադարձնելու մասին Գեղարքունիքի մարզի դատախազի գրությունը ներկայացվել է 2009 թվականի մայիսի 6-ին: Հետևաբար այն պետք է թողնվի անհետևանք, իսկ մեղադրողի բողոքի հիման վրա գործի քննության արդյունքներով` կայացվի որոշում:

22. Պաշտպան Վ. Հարությունյանի և մեղադրող Պ. Պետրոսյանի բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` արդյոք Ա. Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելով` Վերաքննիչ դատարանը պահպանե՞լ է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները:

23. Նախորդ կետում նշված հարցին պատասխանելու համար Վճռաբեկ դատարանը նախ քննության է առնում հետևյալ հարցը. Վերաքննիչ դատարանի կողմից սույն որոշման 12-րդ կետում նշված հանգամանքները օբյեկտիվորեն գոյություն ունե՞ն և կարո՞ղ են հանդիսանալ ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ:

Այս հարցի հետ կապված` Վճռաբեկ դատարանը իրավական դիրքորոշում է հայտնել Պ. Բայրամյանի վերաբերյալ գործով ՎԲ-84/07 որոշման մեջ, որի համաձայն` «Դատարանի լայն հայեցողության շրջանակներում է (...) անձի պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների կիրառման հարցը, քանի որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի` պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն նույն հոդվածի առաջին մասում: Այնուհանդերձ, դատարանի այս լիազորությունը բացարձակ չէ, և որպես մեղմացնող հաշվի առնվող հանգամանքները պետք է բավարարեն որոշակի չափանիշների: Դրանք են.

ա) հանգամանքը պետք է իրական լինի, այսինքն` գործով ձեռք բերված ապացույցները պետք է հաստատեն դրա առկայությունը,

բ) այն պետք է ողջամտորեն նվազեցրած լինի անձի կամ նրա կատարած արարքի հանրային վտանգավորությունը,

գ) այն հաստատված ճանաչելիս դատարանը պետք է պահպանի ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները. հանգամանքի առկայությունը հաստատող ապացույցները պետք է վերաբերելի և թույլատրելի լինեն, դրանք պետք է հետազոտված լինեն դատաքննության ընթացքում, ինչպես նաև պետք է պահպանվեն ապացույցների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջները:»

24. Սույն գործով հիմնվելով տուժող Ա.Ըխտոյանի հայտարարության վրա այն մասին, որ ամբաստանյալն իրեն մասնակիորեն հատուցելով հանցագործության արդյունքում պատճառված վնասը, հորդորել է դիմում ներկայացնել դատարան` նշելով, որ պարտք ու պահանջ չունի, իսկ դատավճռի կայացումից հետո հրաժարվել է վճարել պատճառված նյութական վնասի մյուս մասը` Վերաքննիչ դատարանն իր որոշման մեջ եզրահանգել է, որ «ամբաստանյալի վարքագիծը վկայում է այն մասին, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի հատուցելու պատճառված նյութական վնասը, ուստի նա կանգնած չէ ուղղման ճանապարհին»:

25. Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով սույն որոշման 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերում նշված փաստական հանգամանքները, հաստատված է համարում պաշտպանի բողոքում առկա պնդումն այն մասին, որ տուժող Ա. Ըխտոյանին պատճառված նյութական վնասը հատուցվել է փաստացի պատճառված վնասից ավելիի չափով (տե՛ս սույն որոշման 14-րդ կետը): Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից արված հետևությունն այն մասին, որ ամբաստանյալ Ա. Սարգսյանը մասնակիորեն է հատուցել տուժող Ա. Ըխտոյանին պատճառված վնասը և «ամբաստանյալի վարքագիծը վկայում է այն մասին, որ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի հատուցելու պատճառված նյութական վնասը, ուստի նա կանգնած չէ ուղղման ճանապարհին», չի բխում գործի փաստական հանգամանքներից:

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քրեական դատարանը, պահպանելով ապացուցման ընդհանուր քրեադատավարական կանոնները, որպես ամբաստանյալ Ա. Սարգսյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք իրավացիորեն դիտել է նրա կողմից սույն գործով տուժողներին հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կամովին ամբողջությամբ հատուցած լինելու փաստը: Նշված հանգամանքը սույն որոշման 23-րդ կետի «ա)» ենթակետի իմաստով իրական է, իսկ Վերաքննիչ դատարանի հետևություններն անհիմն են և չեն բխում սույն որոշման 23-րդ կետի «գ)» ենթակետում ամրագրված չափանիշից:

27. Սույն գործով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում պատասխանել նաև այն հարցին, թե կարո՞ղ է, արդյոք, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը կապվել ոչ թե անչափահաս, այլ չափահաս երեխաներ ունենալու և պաշտոնապես որևէ տեղ չաշխատելու հանգամանքների հետ:

28. ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, որը որոշվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սահմաններում` հաշվի առնելով Սույն օրենսգրքի Ընդհանուր մասի դրույթները:

Պատժի տեսակը և չափը որոշվում են հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանով և բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում` պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Պատիժ նշանակելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև մեղմացնող այլ հանգամանքներ, որոնք նշված չեն սույն հոդվածի առաջին մասում»:

Սույն գործով Քրեական դատարանը, հիմնվելով Ա. Սարգսյանի բնակության վայրի համայնքապետի և ավագանու միջնորդության վրա, ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել այն, որ նա հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալի նկատմամբ նշանակվող պատիժը անխուսափելիորեն ազդում է նրա ընտանիքի անդամների վրա, և կախված ընտանիքի կյանքում անձի ունեցած դերից, այն կարող է նաև ծանր կացության մեջ դնել վերջիններիս:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ընտանեկան դրությունը` որպես այլ մեղմացնող հանգամանք, անհրաժեշտ է հաշվի առնել ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս, և այդ կապակցությամբ դատարանը յուրաքանչյուր անգամ պետք է անդրադառնա հետևյալ հարցերին`

1. արդյոք ամբաստանյալը հանդիսանում է իր ընտանիքի միակ կերակրողը

2. արդյոք նրա խնամքին գտնվում են անչափահաս երեխան կամ զառամյալ ծնողները:

3. արդյոք առկա են ընտանիքում նրա բացասական վարքագիծը (հարբեցողություն, թմրամոլություն, դաժան վերաբերմունք ընտանիքի անդամների նկատմամբ և այլն) հիմնավորող փաստական տվյալներ:

Ինչպես երևում է վերոգրյալից, ընտանիքի միակ կերակրող հանդիսանալը և խնամքին անչափահաս երեխայի առկայությունը` որպես ընտանիքում անձի ունեցած դերը բնութագրող և հետևաբար նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներ պետք է առանձին գնահատվեն, և մեկի գոյությունը չպետք է կապվի մյուսի հետ, ինչպես դա արվել է Վերաքննիչ դատարանի որոշման մեջ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ամբաստանյալի ընտանիքում չափահաս երեխաների առկայությունը չի կարող միանշանակ բացառել ամբաստանյալի` իր ընտանիքի միակ կերակրող հանդիսանալու հանգամանքը:

Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ այն հանգամանքը, որ Ա. Սարգսյանը որևէ տեղ պաշտոնապես չի աշխատում, չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ նա իր ընտանիքի միակ կերակրողը չի հանդիսանում:

29. ՈՒստի, Վճռաբեկ դատարանն իր անհամաձայնությունն է արտահայտում Վերաքննիչ դատարանի որոշման մեջ առկա այն մոտեցմանը, որի համաձայն` որպես մեղմացնող հանգամանք չի կարող դիտվել այն, որ Ա. Սարգսյանը հանդիսանում է ընտանիքի միակ կերակրողը, քանի որ նա պաշտոնապես որևէ տեղ չի աշխատում, իսկ նրա երեք երեխաները չափահաս են: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Քրեական դատարանի կողմից որպես մեղմացնող դիտված հանգամանքը համապատասխանում է սույն որոշման 23-րդ կետի «ա» ենթակետում և 28-րդ կետի 1-ին ենթակետում ամրագրված չափանիշներին, հետևաբար Քրեական դատարանն այն իրավացիորեն համարել է ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք:

Ամբաստանյալ Ա. Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը

30. Այս առումով Վճռաբեկ դատարանը քննության է առնում հետևյալ հարցը. սույն գործով ամբաստանյալի անձը բնութագրող և նրա պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանգամանքների համակցությունը կարո՞ղ է, արդյոք, հիմք հանդիսանալ նրա նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու համար:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

31. Այս հարցի կապակցությամբ Վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է հայտնել Թ. Տեր-Գրիգորյանի գործով ՎԲ-192/07 որոշման մեջ, որի համաձայն. «Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով, դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանի մասին` համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել` ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

(...) նշանակված պատիժը կրելու նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

(...) օրենսդիրը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք է համարում դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց որոշակի պատժատեսակները ռեալ կրելու:»

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման տեսանկյունից կարևոր է հանցավորի դրսևորած վարքագիծը կատարած հանցագործությունից հետո:

ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքն ընդգրկված է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների շարքում, որի դեպքում հանցագործության հանրային վտանգավորության աստիճանի նվազեցման համար էական նշանակություն ունի պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնված լինելու հանգամանքը:

Գործի տվյալներով հիմնավորված է, որ Ա. Սարգսյանն ամբողջությամբ կամովին հատուցել է տուժողներին հանցագործությամբ պատճառված գույքային վնասը (տե՛ս սույն որոշման 7-րդ և 25-րդ կետերը), ինչն էականորեն նվազեցնում է հանցագործության հանրության համար վտանգավորության աստիճանը:

Ամբաստանյալ Ա. Սարգսյանն ակտիվորեն աջակցել է հանցագործությունները բացահայտելուն, որն արտահայտվել է նախաքննության մարմնին այնպիսի տեղեկություններ հաղորդելով, որոնք հետաքրքրություն են ներկայացրել և մինչ այդ անհայտ են եղել: Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Ա. Սարգսյանը մանրամասն ցուցմունքներ է տվել 2008 թվականի հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերն իր կողմից կատարված հանցավոր արարքի մասին, ինչպես նաև բացահայտել է 2008 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերվա և 2005 թվականի մայիսի 26-ի լույս 27-ի գիշերվա հրկիզման դեպքերը, որոնց վերաբերյալ մինչդատական վարույթն իրականացնող մարմինը որևէ տեղեկատվություն չի ունեցել, իսկ 2005 թվականին տեղի ունեցած բեռնատար ավտոմեքենաների հրկիզման դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի վարույթը կասեցված է եղել` գործով որպես մեղադրյալ ներգրավելու ենթակա անձի անհայտ լինելու հիմքով: Ա. Սարգսյանը մատնանշել է հանցագործության գործիքների գտնվելու տեղերը, ներկայացրել է իրեղեն ապացույցներ, օգնել քննչական փորձարարությունների կազմակերպմանն ու անցկացմանը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը): Արդյունքում բացահայտվել են ևս երկու հանցագործություններ:

32. Ոստի, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքները, հանցավորի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ինչպես նաև պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հանգում է հետևության, որ ամբաստանյալ Ա. Սարգսյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով տվյալ գործով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակներին` սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը: Այն բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության, պատասխանատվության անհատականացման և պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներից:

 

Սույն գործով վերաքննիչ դատարանի թույլ տված նյութական իրավունքի խախտումների բնույթը և իրավական հետևանքները

33. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հանցավորի` գործում առկա և սույն որոշման 12-րդ կետում նշված պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները հիմնազուրկ համարելով և արդյունքում` ամբաստանյալ Ա.Սարգսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելն անթույլատրելի ճանաչելով` Վերաքննիչ դատարանն արդարադատություն իրականացնելիս թույլ է տվել նյութական իրավունքի խախտումներ, որոնց արդյունքում կայացված որոշումը չի համապատասխանում արդարության պահանջներին:

34. ՈՒստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա` սույն գործով Վերաքննիչ դատարանի թույլ տված քրեական օրենքի խախտումները ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու հիմք են: Միևնույն ժամանակ արդարադատության արդյունավետության շահից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է օրինական ուժ տալ սույն գործով Քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքները բավարարել: Ամբաստանյալ Ալեքսան Երեմի Սարգսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 6-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Հյուսիսային քրեական դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 5-ի դատավճռին:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.06.2009
N ՀՅՔՐԴ/0109
Որոշում