Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 38...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 381-ՐԴ ԵՎ 383-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                                ԼԴ/0001/11/09

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

գործ թիվ ԼԴ/0001/11/09

Նախագահող դատավոր`  Մ. Արղամանյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Դ. Ավետիսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Հ. Ասատրյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Հ. Ղուկասյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

    քարտուղարությամբ                          Մ. Պետրոսյանի

    մասնակցությամբ դատախազ                    Ս. Սարգսյանի

 

    29 հունիսի 2009 թվական                             ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ Ա.Ծատինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ դիմող Ալեքսանդր Սամվելի Ծատինյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

1. Փաստաբան Ա. Ծատինյանը դիմում է ներկայացրել Լոռու մարզի դատախազություն, հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության» Լոռու մարզային կենտրոնի պետը 2008 թվականի հուլիսի 1-ի գրությամբ իրեն վիրավորանք է հասցրել:

2. Թումանյանի քննչական բաժանմունքի քննիչ Ս. Թանդիլյանը փաստաբան Ա. Ծատինյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով 2008 թվականի հոկտեմբերի 20-ին որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին:

3. 2008 թվականի հոկտեմբերի 24-ին Լոռու մարզի դատախազի տեղակալ Ս.Առաքելյանը որոշում է կայացրել քննիչի որոշումը վերացնելու և նյութերը ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժին վերադարձնելու մասին` լրացուցիչ նախապատրաստելու և ընթացքը լուծելու համար:

4. Լոռու մարզի դատախազի տեղակալի 2008 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ Ա. Ծատինյանը 2008 թվականի նոյեմբերի 3-ին բողոք է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել այն:

Առաջին ատյանի դատարանը 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Ա.Ծատինյանի ներկայացրած բողոքը վերադարձրել է:

5. Ա. Ծատինյանի վերաքննիչ բողոքի հիման վրա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 2008 թվականի դեկտեմբերի 22-ի որոշմամբ բեկանել է Առաջին ատյանի դատարանի 2008 թվականի նոյեմբերի 5-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

Նոր քննության արդյունքներով Առաջին ատյանի դատարանը 2009 թվականի հունվարի 27-ի որոշմամբ Լոռու մարզի դատախազի տեղակալի 2008 թվականի հոկտեմբերի 24-ի որոշման դեմ դիմող Ա. Ծատինյանի բողոքը մերժել է:

6. Առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ Ա. Ծատինյանը վերաքննիչ բողոք է բերել:

Վերաքննիչ դատարանը 2009 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ փաստաբան Ա. Ծատինյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ վերջինս, պատշաճ ծանուցված լինելով նշանակված երկու դատական նիստերի մասին, անհարգելի պատճառով չի ներկայացել: Վերաքննիչ դատարանը, ղեկավարվելով «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասով, գտել է, որ բողոքը հետ վերցնելը ոչ միայն բողոք բերած անձի ակտիվ գործողությունն է` ուղղված բողոքը հետ վերցնելուն, այլ նաև այնպիսի պասիվ վարքագիծը, որը ենթադրում է, որ բողոք բերած անձը հետամուտ չէ իր բողոքի հիման վրա գործի վերաքննությանը:

Վերաքննիչ դատարանում գործի քննությանը դիմող Ա. Ծատինյանի երկու անգամ անհարգելի չներկայանալը վերաքննիչ դատարանը դիտել է որպես բողոքից հրաժարում և բողոքը հետ վերցնել:

7. Վերաքննիչ դատարանի 2009 թվականի ապրիլի 23-ի որոշման դեմ դիմող Ա. Ծատինյանը վճռաբեկ բողոք է բերել:

2009 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Վճռաբեկ դատարանը դիմող Ա.Ծատինյանի բողոքն ընդունել է վարույթ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով (Վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

8. Բողոք բերած անձը փաստարկել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական, դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածը, չի կիրառել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածը:

Բողոքի հեղինակը նշել է, որ քրեական դատավարության օրենսգրքով բողոքը հետ վերցնելու պասիվ կարգ նախատեսված չէ, իսկ դատական նիստին ներկայանալն իր իրավունքն է, այլ ոչ թե պարտականությունը: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի համաձայն` դատական նիստին պարտադիր մասնակցում են դատախազը, ամբաստանյալը, նրա շահերի պաշտպանության համար բողոք ներկայացրած պաշտպանը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում, այսինքն` համապատասխան հոդվածով բողոք բերած անձի պարտադիր մասնակցություն չի նախատեսվում:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում գործը քննելուն և դատական ակտ կայացնելուն: Այնինչ, Վերաքննիչ դատարանն անտեսել է նշված հոդվածի պահանջը և իր չներկայանալը համարել է գործի քննության խոչընդոտ:

Բողոքի հեղինակը նշել է նաև, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի համաձայն` դատարանը պետք է շարունակի գանգատի քննությունը, եթե դա է պահանջում Կոնվենցիայով և դրան կից Արձանագրություններով սահմանված իրավունքների հարգումը:

9. Վերոգրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2009 թվականի մարտի 23-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

I. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման իրավաչափությունը.

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի հետևյալ հարցին` իրավաչա՞փ էր արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումն այն դեպքում, երբ բողոք բերող անձը, պատշաճ կերպով ծանուցված լինելով դատական նիստի օրվա և ժամի մասին, չի ներկայանում դատական նիստին:

11. Խնդրո առարկա հարցադրումները Կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ և 390-րդ հոդվածի 1-ին մասերի լույսի ներքո վերլուծելու արդյունքում ձևավորված դիրքորոշումը Վճռաբեկ դատարանն արտահայտել է 2009 թվականի հունիսի 2-ին «Էկոնոմինկասացիա» ԴՊԲԸ գործով կայացված ԵԿԴ/0107/11/08 որոշմամբ. «(...) Իրավունքն անձի հնարավոր թույլատրելի վարքագիծն է` կատարելու այս կամ այն արարքը կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից: Հետևաբար վերաքննիչ բողոք բերելը կամ այն հետ վերցնելը անձի իրավունքն է, որն արտահայտվում է անձի ազատ կամքի դրսևորմամբ:

(...) Վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ փաստի հաստատման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար դատարանը պետք է ունենա բավարար հիմքեր, մասնավորապես այդպիսին կարող է հանդիսանալ բողոք բերած անձի` վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ վերաքննիչ դատարան բերված դիմումը: Բողոքաբերի կողմից բողոքը հետ վերցնելը պետք է կատարվի ակտիվ վարքագիծ դրսևորելով, այսինքն` անձը պետք է իր կամքն արտահայտի բողոքը հետ վերցնելու կապակցությամբ (...) «(տե՛ս նշված որոշման 15-րդ և 16-րդ կետերը):

Մինչդեռ սույն գործի նյութերից երևում է, որ բողոք բերող անձը` Ա. Ծատինյանը, Վերաքննիչ դատարանում մինչև դատական նիստը սկսվելը իր բողոքը հետ չի վերցրել, հետևաբար վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներից:

ՈՒստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս պայմաններում, Վերաքննիչ դատարանը, սխալ կիրառելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը, դատական նիստին չներկայանալը հավասարեցրել է Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթներին, այն է` երբ դիմողը մտադիր չէ հետամուտ լինել իր գանգատին կամ բողոքին, և որոշում է կայացրել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին:

Մինչդեռ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում վարույթը կանոնակարգող ընթացակարգային կանոնները որևէ պարագայում չեն կարող կարգավորել նաև ՀՀ դատարաններում վարույթը:

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը լիազորված է իր նիստերում քննել և լուծել ստացված գործերը և նյութերը: Արդարադատություն իրականացնելուց հրաժարվելն անթույլատրելի է:

Գործի նյութերից երևում է, որ վերաքննիչ բողոք բերած անձի կողմից դատական նիստերին չներկայանալը որակելով որպես վերաքննիչ բողոքից հրաժարում և այդ հիմքով բողոքը թողնելով առանց քննության` վերաքննիչ դատարանն ըստ էության հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց և խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները:

13. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի կողմից «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 37-րդ հոդվածի, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառումը սույն գործով իրավաչափ չէր:

 

II. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու իրավաչափությունը.

14. Սույն գործով Վճռաբեկ դատարանը պետք է պատասխանի նաև հետևյալ հարցին` իրավաչա՞փ էր արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում կայացնելը:

15. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում (...)»:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքը չի համապատասխանում սույն հոդվածով սահմանված պահանջներին, բերել է այն անձը, ով չուներ այդ իրավունքը, կամ բողոքը ժամկետանց է կամ բերվել է այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման կամ բերվել է 375.4-րդ հոդվածի պահանջի խախտմամբ, վերաքննիչ դատարանի որոշմամբ այն թողնվում է առանց քննության:»

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ այլ հոդվածով վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու հիմք նախատեսված չէ, ուստի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բողոքն առանց քննության թողնելու հիմքերի ցանկը սպառիչ է:

Մինչդեռ սույն գործով կայացված` բողոքն առանց քննության թողնելու մասին որոշման հիմքում Վերաքննիչ դատարանը դրել է պատշաճ ծանուցված բողոքաբերի դատարան չներկայանալու հանգամանքը` այն դիտելով որպես բողոքը հետ վերցնել, որպիսին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված չէ:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանը, սույն գործով պատշաճ ծանուցված բողոքաբերի դատարան չներկայանալու հանգամանքը դիտելով որպես բողոքը հետ վերցնել և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասով, որը բողոքը հետ վերցնելու դեպքում նախատեսում է կայացնել որոշում վերաքննիչ վարույթը կարճելու մասին` խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասի և 381-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները և բողոքն առանց քննության թողնելու հիմքերի բացակայության պայմաններում անհիմն որոշում է կայացրել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին:

16. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում, չի գործել որպես Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Նշված հարցի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր դիրքորոշումն արտահայտել է Սոկուրենկոն և Ստրիգունն ընդդեմ ՈՒկրաինայի գործով (20 հուլիսի 2006 թ., գանգատներ թիվ 29458/04 և 29465/04) որոշման մեջ, որում նշվում է, որ այն դատարանը, որը որոշումը կայացրել է օրենքով հստակ սահմանված լիազորությունների սահմանն անցնելով` գանգատարկվող վարույթի կապակցությամբ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման իմաստով, չի կարող համարվել օրենքի հիման վրա ստեղծված դատարան (տե՛ս «Նարեկ» ՍՊԸ գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵԿԴ/0050/11/08 որոշումը, կետ 24):

17. Այսպիսով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով բողոքարկվել է վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտ, որն առանց քննության թողնելու ենթակա չէր: Բողոքը բերվել է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, օրենքով սահմանված կարգով այն հետ չի վերցվել, ուստի Վերաքննիչ դատարանը պարտավոր էր այն ըստ էության քննել:

18. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ և 419-րդ հոդվածների համաձայն` հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննվող բողոքի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 27-ի որոշման դեմ դիմող Ալեքսանդր Սամվելի Ծատինյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի ապրիլի 23-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Դ. Ավետիսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Հ. Ղուկասյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.06.2009
N ԼԴ/0001/11/09
Որոշում