ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ2/0421/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ2/0421/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Հ. Թորոսյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Ս. Սարգսյանի
մասնակցությամբ դատավորներ` Ե. Սողոմոնյանի
Վ. Աբելյանի
Ս. Անտոնյանի
Վ. Ավանեսյանի
Մ. Դրմեյանի
Ե. Խունդկարյանի
Է. Հայրիյանի
2009 թվականի հուլիսի 24-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Իլյա Մինասյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 23.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ Իլյա Մինասյանի հայցի ընդդեմ ՀՀ Տավուշի մարզի Գետահովիտի համայնքի ղեկավարի (այսուհետ` Համայնքի ղեկավար), երրորդ անձինք Հարազատ Ղարաբեկյանի և Գուրգեն Առաքելյանի` Համայնքի ղեկավարի 10.12.2007 թվականի թիվ 1 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Իլյա Մինասյանը պահանջել է ոչ իրավաչափ ճանաչել Համայնքի ղեկավարի 10.12.2007 թվականի թիվ 1 որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 23.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Իլյա Մինասյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հարազատ Ղարաբեկյանը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը չի կիրառել ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 10-րդ, 13-րդ կետերը, խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 22-րդ, 23-րդ, 24-րդ, 29-րդ, 42-րդ, 99-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին կետը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Դատարանը հայցի մերժումը պատճառաբանել է նրանով, որ բողոք բերած անձի հողամասի և ճանապարհի սահմանակից լինելը չի ապացուցվել:
Մինչդեռ թիվ 2260499 սեփականության իրավունքի վկայականով հաստատվում է, որ բողոք բերած անձի հողամասը 4-5 և 5-1 հատվածներով սահմանակցում է ճանապարհի հետ, որը վերջինիս հողամասին մոտենալու, դրանից օգտվելու հնարավորություն և իրավունք ապահովող միակ ուղին է:
Գործում գտնվում է երրորդ անձ Հարազատ Ղարաբեկյանի դիմումը` թվագրված 12.02.2008 թվականով և հասցեագրված Համայնքի ղեկավարին, որի բովանդակությունը փաստում է, որ Հարազատ Ղարաբեկյանն ինչ-ինչ լուծում է առաջարկում Համայնքի ղեկավարին, որպեսզի «պարտադիր սերվիտուտ» չառաջանա և որպեսզի «ճանապարհի հարցը լուծվի»:
Մինչդեռ նշված փաստը նույնպես Դատարանը չի հետազոտել և չի գնահատել, ինչպես նաև վճռի մեջ չի նշել այդ ապացույցը մերժելու փաստարկները:
Դատարանը չի գնահատել նաև Գուրգեն Առաքելյանի ցուցմունքն այն մասին, որ վիճելի հողամասը ձեռք է բերվել բենզալցակայանի անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև թիվ 2218424 սեփականության իրավունքի վկայականը, որով փաստվում է, որ մայրուղուց սկսվող և մինչև երկաթուղու անօտարելի գոտին ձգվող 4 մետր լայնությամբ ճանապարհ ընդհանրապես գոյություն չունի, նշված վկայականում ամրագրված հողամասն իր հատակագծի 1-2, 2-3, 3-4 հատվածներով պետք է որ սահմանակից լիներ դաշտամիջյան ճանապարհին, սակայն վկայականով ամրագրված է սահմանակցումը ոչ թե դաշտամիջյան ճանապարհի, այլ «ԱԳԼՃԿ»-ի (ավտոգազալիցքավորման ճնշակայան) հետ:
Բողոք բերած անձը միջնորդել է վկա հրավիրել Դատարան, սակայն Դատարանը չի քննարկել միջնորդությունը և այն մերժելու կամ բավարարելու մասին որոշում չի կայացրել:
Դատարանի` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի մեկնաբանությունը սխալ է, քանի որ օրենսդիրը հողամասերի սեփականության իրավունքի փոխանցումն արգելում է` ելնելով ոչ թե այս կամ այն հողամասի նպատակային նշանակությունից, այլ առաջնորդվելով անհատի շահի հանդեպ հանրային շահի գերակայության ու այդ գերակա շահի առաջնահերթ պաշտպանության սկզբունքով:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 23.02.2009 թվականի վճիռը:
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները
Բողոքն անհիմն է, քանի որ դաշտամիջյան չորս մետր լայնությամբ ճանապարհը բողոք բերած անձի հողամաս է մտնում մինչև երկաթգծի անվտանգության գոտին: Բողոք բերած անձն օգտվել է և հիմա էլ կարող է անարգել օգտվել գոյություն ունեցող դաշտամիջյան ճանապարհից, որից օգտվում է նաև գազալցակայանը, այսինքն` պարտադիր սերվիտուտի հարց գոյություն չունի:
Բացի այդ, պարտադիր սերվիտուտը բացառվում է նաև այն պատճառով, որ բողոք բերած անձի տղային պատկանող 112-010, 112-011, 112-013 գյուղատնտեսական նշանակության հողամասերը մուտք ունեն անմիջապես մայրուղուց:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1) Համայնքի ղեկավարի 10.12.2007 թվականի թիվ 1 որոշման քաղվածքի համաձայն` Համայնքի ղեկավարը որոշել է հաստատել 10.12.2007 թվականի աճուրդի արդյունքները` թիվ 1-2 արձանագրության 784 քմ հողատարածքը վաճառելու մասին: Հարազատ Ղարաբեկյանին վաճառել 784 քմ հողատարածքը 232.848 ՀՀ դրամով (կցվում է հատակագիծը): Համայնքի ղեկավարի նույն թվականով թվագրված և նույն համարով մեկ այլ որոշման համաձայն` Համայնքի ղեկավարը որոշել է հաստատել 10.12.2007 թվականի աճուրդի արդյունքները` թիվ 1-2 արձանագրության 640 քմ հողատարածքը վաճառելու մասին: Համայնքի բնակավայրի հասարակական նպատակով հողերից Հարազատ Ղարաբեկյանին վաճառել 640 քմ հողատարածքը 190.080 ՀՀ դրամով (կցվում է հատակագիծը) (գ.թ. 10, 25):
2) Իլյա Մինասյանին 02.03.2007 թվականին տրված թիվ 2160499 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հողամասի հատակագիծը բաժնում վերջինիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը 4-5 և 5-1 հատվածներում` համապատասխանաբար 41.9 մետր և 16.4 մետր երկարությամբ, սահմանակից է ճանապարհին (գ.թ. 17-19):
3) Հարազատ Ղարաբեկյանին և Գուրգեն Առաքելյանին 08.01.2008 թվականին տրված թիվ 2218424 սեփականության իրավունքի գրանցման վկայականի հողամասի հատակագիծը բաժնում վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող հողամասը 8-9, 9-10, 10-11 և 11-1 հատվածներում` համապատասխանաբար 5.6 մետր, 22.4 մետր, 16.4 մետր և 41.9 մետր երկարությամբ, սահմանակից է Իլյա Մինասյանին պատկանող հողամասին (գ.թ. 69-71):
4) Հարազատ Ղամբարյանը Համայնքի ղեկավարին ուղղված 12.02.2008 թվականի դիմումով խնդրել է իրեն պատկանող 112-001 և 112-012 հողամասերի ներքևի մասից 4 մետր լայնությամբ ընդհանուր օգտագործման ճանապարհն անհատույց հատկացնել Իլյա Մինասյանին (սկսած մայրուղուց իր հողամասի ամբողջ լայնությամբ, ինչպես նախատեսված է Իլյա Մինասյանի տղային պատկանող 112-010, 112-011 հողամասերի ճանապարհները, գազալցակայանին կից ճանապարհի փոխարեն), որպեսզի պարտադիր սերվիտուտի անհրաժեշտություն չառաջանա (գ.թ. 12):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ Սահմանադրության 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:
ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը: Սեփականության իրավունքի իրականացումը չպետք է վնաս պատճառի շրջակա միջավայրին, խախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը:
ՀՀ հողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հողամասերի մասնավորեցումը պետության և համայնքների սեփականության ներքո գտնվող հողերից սեփականության իրավունքով հողամասերի տրամադրումն է քաղաքացիներին և իրավաբանական անձանց:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` մասնավորեցվող հողամասի տարածքները պետք է այնպես ճշգրտվեն, որպեսզի առավելագույնս բացառվի սերվիտուտներ սահմանելու անհրաժեշտությունը:
Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ՀՀ հողային օրենսգիրքը համայնքին իրավունք է վերապահում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասերն օտարել քաղաքացիներին և իրավաբանական անձանց, սակայն համայնքի այդ իրավունքն անսահմանափակ չէ, այն չի կարող վնաս պատճառել շրջակա միջավայրին, խախտել այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը: Անձի իրավունքների պաշտպանությունը երաշխավորվում է այնպիսի դրույթի սահմանմամբ, որը համայնքին պարտավորեցնում է մասնավորեցվող հողամասի տարածքները ճշգրտել այնպես, որպեսզի առավելագույնս բացառվի սերվիտուտներ սահմանելու անհրաժեշտությունը, իսկ նշված պահանջների չպահպանման դեպքում անձի իրավունքները ենթակա են պաշտպանության ՀՀ Սահմանադրության ուժով:
Սույն գործով հայցի մերժման հիմքում Դատարանը դրել է այն հանգամանքը, որ դաշտամիջյան ճանապարհը չորս մետր լայնքով պահպանվում է, և բողոք բերած անձը կարող է դրանով անցնել և երկաթգծին հարող ազատ տարածքով մուտք գործել իր հողամաս: Բողոք բերած անձն իր հողամաս կարող է մուտք գործել նաև` դաշտամիջյան ճանապարհից անմիջականորեն մտնելով Հարազատ Ղարաբեկյանին և Գուրգեն Առաքելյանին հատկացված վիճելի հողամաս:
Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Հարազատ Ղարաբեկյանին և Գուրգեն Առաքելյանին հատկացված վիճելի հողամասով իր հողամաս մուտք գործելու պայմաններում բողոք բերած անձի նկատմամբ սահմանվում է սերվիտուտ, որը և Համայնքը, հողամասը օտարելիս, պարտավոր էր առավելագույնս բացառել:
Նշված փաստը հաստատվում է գործում առկա հատակագծով, որի համաձայն` վիճարկվող որոշմամբ հաստատված աճուրդով Հարազատ Ղարաբեկյանին օտարված 748 քմ հողատարածքի սահմաններն ամբողջ երկայնքով սահմանակցում են բողոք բերած անձի հողամասին, ինչի հետևանքով վերջինս զրկված է մայրուղուց եկող դաշտամիջյան ճանապարհից ազատորեն մուտք գործել իր հողամաս:
Բացի այդ, Հարազատ Ղարաբեկյանը, սերվիտուտի բացառման նպատակով Համայնքի ղեկավարին ուղղված դիմումով խնդրելով իրեն պատկանող հողամասից անհատույց ընդհանուր օգտագործման ճանապարհ հատկացնել, նույնպես ընդունել է սերվիտուտ առաջանալու հանգամանքը, որը Դատարանն անտեսել է:
Բողոք բերած անձի հողամասը մյուս երկու կողմերից սահմանակցում է այլ անձանց հողամասերին, ինչը ևս բացառում է այդ հատվածներից ազատորեն հողամաս մտնելու հնարավորությունը: Փաստորեն բողոք բերած անձի հողամաս ազատ մուտք գործելու համար միակ ազատ հատվածը երկաթուղու գոտին է:
ՀՀ հողային օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` տրանսպորտի օբյեկտների կառուցման և սպասարկման համար հողամասեր տրամադրելիս սահմանվում են պաշտպանական գոտիներ, որոնցում սահմանվում է հողերի օգտագործման ու դրա նկատմամբ սահմանափակումների կիրառման հատուկ ռեժիմ:
Մինչդեռ Դատարանը, հաստատված համարելով, որ բողոք բերած անձը դաշտամիջյան ճանապարհով կարող է անցնել և երկաթգծին հարող ազատ տարածքով մուտք գործել իր հողամաս, որևէ կերպ չի անդրադարձել և չի գնահատել նշված հատվածից հողամաս ազատորեն և անվտանգության պահանջների պահպանմամբ մուտք գործելու հնարավորությունը:
Նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանը բողոքի մյուս փաստարկներին չի անդրադառնում:
Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանով բերված փաստարկները:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 23.02.2009 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Սարգսյան
Դատավորներ` Ե. Սողոմոնյան
Վ. Աբելյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ե. Խունդկարյան
Է. Հայրիյան