Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ3/0415/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0415/05/08                              2009 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանի` 80.000 ՀՀ դրամ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքի գումարը վճարելու պահանջի մասին, և ըստ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի (այսուհետ` Մարզային կենտրոն)` վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանի նկատմամբ արձակել վճարման կարգադրություն` 80.000 ՀՀ դրամ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքը վճարելու վերաբերյալ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանը պահանջել է առոչինչ ճանաչել Մարզային կենտրոնի պետի 05.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2112 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում հանգել է այն հետևության, որ Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 2364-510/03 հանձնարարագրում նշված չէ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, մինչդեռ Դատարանն անտեսել է, որ հանձնարարագրում որևէ ժամանակաշրջան օբյեկտիվորեն հնարավոր չէ նշել:

 

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաստատված է համարել, որ ուսումնասիրության հանձնարարագրի հիման վրա հայցվորն իրականացրել է ոչ թե ուսումնասիրություն, այլ ստուգում, մինչդեռ անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանին պատկանող գեղեցկության սրահում իրականացվել է ոչ թե սանիտարական կանոնների և նորմերի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում, այլ 23.04.2008 թվականի թիվ 2364 ստուգման ակտով տրված հանձնարարականների կատարման ընթացքի ուսումնասիրություն:

Դատարանը վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու հիմքում դրել է նաև այն հանգամանքները, որ 24.07.2008 թվականի թիվ 3284 ստուգման ակտը կազմվել է ոչ թե Տաթևիկ Մնացականյանի գեղեցկության սրահում, այլ Մարզային կենտրոնում, և տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձին չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները: Մինչդեռ Դատարանի նշված եզրահանգումն իրականությանը չի համապատասխանում, քանի որ ուսումնասիրությունն ամբողջությամբ իրականացվել է տնտեսվարող սուբյեկտի ներկայացուցչի, այդ թվում նաև` Տաթևիկ Մնացականյանի ներկայությամբ, նրանց բացատրվել են օրենքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականությունները: Բացի այդ, Տաթևիկ Մնացականյանն անձամբ մասնակցել է 05.08.2008 թվականին կայացած վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությանը և լիարժեք հնարավորություն է ունեցել պաշտպանելու սեփական իրավունքները և արտահայտելու իր դիրքորոշումը:

 

3) Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ տուգանք սահմանելու մասին 05.08.2008 թվականի թիվ 2112 որոշումը չի պարունակում գործի քննության ժամանակաթիվը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, մինչդեռ ընդունված որոշումը պարունակում է և՛ գործի քննության ժամանակաթիվը, և՛ գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

Դատարանը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն այդ օրենսգրքով նախատեսված առանձնահատուկ վարչական վարույթ է:

 

4) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ սանիտարական կանոններով սահմանված պահանջները պահպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունը բխում է ոչ թե ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կանոններից, այլ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներից:

Դատարանն անտեսել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որով թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում սանիտարական նորմեր, կանոններ նախատեսել այլ իրավական ակտերով` իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ չսահմանվելու պայմանով:

Դատարանը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարն իրավասու չէ հաստատել սանիտարական կանոններ, քանի որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումն իրականացնում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպվել է Տեսչության` ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, և Տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը, հետևաբար վերջինս իրավասու է հաստատել սանիտարական կանոններ:

Դատարանն անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածին հակասելու խնդրին, այսինքն` Դատարանը սույն գործի շրջանակներում քննության է առել նշված նորմի սահմանադրականության հարցը, որով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և խախտել է ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածը:

 

5) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և հանգել է այն հետևության, որ ստուգում իրականացնող անձի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումն իրավաչափ չէ, ինչի արդյունքում Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, որը պետք է կիրառեր:

 

6) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Տաթևիկ Մնացականյանը վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը ներկայացրել է վարչական ակտը բողոքարկելու համար սահմանված տասնօրյա ժամկետի ավարտից հետո, հետևաբար նշված վարչական ակտը դարձել է անբողոքարկելի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.02.2009 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 2364-510/03 ուսումնասիրության հանձնարարագրի հիման վրա` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանի գեղեցկության սրահում 21.07.2008 թվականից մինչև 24.07.2008 թվականն անցկացվել է 23.04.2008 թվականի թիվ 2364 ստուգման ակտով Տեսչության կողմից տրված հանձնարարականների կատարման ուսումնասիրություն: ՈՒսումնասիրության արդյունքում 24.07.2008 թվականին կազմվել է թիվ 3284 ստուգման ակտը (գ.թ. 4, 5-6):

2) Նշված ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ 24.07.2008 թվականին կազմվել է «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 3081 արձանագրությունը, որով արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի ««Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 804 որոշմամբ հաստատված սանիտարական կանոնների մի շարք պահանջների խախտումներ (գ.թ. 8):

3) Մարզային կենտրոնի պետը, ուսումնասիրելով 24.07.2008 թվականի թիվ 3284 ստուգման ակտը, 24.07.2008 թվականի «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 3081 արձանագրությունը, հաստատված համարելով ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի ««Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 804 որոշմամբ հաստատված սանիտարական կանոնների 2.2-րդ, 3.2-րդ կետերի խախտման փաստը, 05.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2112 որոշմամբ Տաթևիկ Մնացականյանին ենթարկել է 80.000 ՀՀ դրամ վարչական տույժի (գ.թ. 7):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի ներածական մասով ամրագրված է, որ նշված օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է նույն օրենքից և դրան համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերից:

Նշված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է` պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սանիտարական օրենսդրության հիմնական խնդիրը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, որոնք ուղղված են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության բացառմանը և մարդու, ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Սանիտարական օրենսդրության բաղկացուցիչ մաս են կազմում սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները, որոնք սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները, որոնց ապահովման համար իրավասու պետական մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն, ինչպես նաև օրենքով սահմանված ստուգումներ և ուսումնասիրություններ` սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Սույն գործով Դատարանը գտել է, որ Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 2364-510/03 հանձնարարագիրը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ հանձնարարագրում նշված է ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը նախկինում արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման պահի դրությամբ: Նման ստուգման նպատակն է արձանագրել վերոհիշյալ կանոնների ու նորմերի պահպանման վիճակը ստուգման պահին: Նման պայմաններում ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը համընկնում է ստուգման պահին (տե՛ս, ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի` 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի 8-րդ պարբերության համաձայն` ուսումնասիրություն է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմինների, ինչպես նաև գյուղատնտեսության նախարարության տեսչական մարմինների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ստուգումից հետո տրված հանձնարարականների կատարման ճշտման ընթացակարգը:

Սույն գործով Դատարանը գտել է, որ ուսումնասիրության հանձնարարագրի հիման վրա` Տեսչությունն իրականացրել է ոչ թե ուսումնասիրություն, այլ ստուգում, ինչը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում է:

Մինչդեռ սույն գործի նյութերից հետևում է, որ Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 2364-510/03 ուսումնասիրության հանձնարարագրի հիման վրա` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանի գեղեցկության սրահում անցկացվել է ոչ թե ստուգում, այլ 23.04.2008 թվականի թիվ 2364 ստուգման ակտով Տեսչության կողմից տրված հանձնարարականների կատարման ուսումնասիրություն, որի արդյունքում 24.07.2008 թվականին կազմվել է թիվ 3284 ստուգման ակտը, ինչի վերաբերյալ նշում է արվել նշված ակտում:

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության համաձայն` ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` երկու օրինակից, եթե տնտեսավարող սուբյեկտն ունի պետական բաժնեմաս` երեք օրինակից, խախտումներ և թերություններ չհայտնաբերելու դեպքում կազմվում է տեղեկանք, որում արձանագրվում են տեղեկանքը կազմելու ամսաթիվն ու տեղը, ստուգումն իրականացնող համապատասխան պետական մարմնի և տնտեսավարող սուբյեկտի անվանումները, ստուգող պաշտոնատար անձանց կազմը, ստուգման նպատակը, ժամկետը, արդյունքները, ակտի դեպքում` տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների բացատրությունները (հատուկ կարծիքը), օրինակների քանակը և հերթական համարը:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Մարզային կենտրոնը, ստուգման ակտը կազմելով իր գրասենյակում, չի կատարել իր պարտականությունը Տաթևիկ Մնացականյանին իր իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելու առումով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով ստուգման ակտի կազմման վայրի մասին պարտադիր պահանջ սահմանված չէ: Տվյալ դեպքում ստուգումն անցկացվել է Տաթևիկ Մնացականյանի ներկայությամբ, ստուգման արդյունքում կազմված ակտն ուղարկվել է նրան, և վերջինս զրկված չէր տարաձայնություններ ներկայացնելու իրավունքից, սակայն չի իրականացրել օրենքով իրեն երաշխավորված իրավունքը:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի` այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը. տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը. գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը. գործի վերաբերյալ ընդունված որոշումը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այլ օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկություններ սահմանված լինելու դեպքում կիրառման են ենթակա այդպիսի առանձնահատկություններ սահմանող օրենքների և ՀՀ միջազգային պայմանագրերի դրույթները, տվյալ դեպքում` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթները:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Մարզային կենտրոնի պետի 05.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2112 որոշումը չի համապատասխանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի պահանջներին, քանի որ այն չի պարունակում գործի քննության ժամանակաթիվը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, ինչպես նաև»Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, քանի որ այն չի պարունակում ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս), ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով: Մասնավորապես` վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները: Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում ..., իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը (տե՛ս, ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի` 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009 թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարզային կենտրոնի պետի 05.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2112 որոշումը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին` այն պարունակում է գործի քննության ժամանակաթիվը և գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը:

 

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև նրանց պարտականությունները սահմանվում են միայն օրենքով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու դեպքում, դրանք կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով: Բացի այդ, սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգի սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը` օրենքը միաժամանակ սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից այդ կանոնների պարտադիր կատարման պարտականությունը:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի ««Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 804 որոշմամբ հաստատված սանիտարական կանոններն իրենցից ներկայացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված պարտականություններ և վատթարացնում են նրանց իրավական վիճակը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նշված սանիտարական կանոններն իրենց ուժն առավելագույնը կարող էին պահպանել մինչև 01.07.2007 թվականը: Փաստորեն տուգանք է սահմանվել այնպիսի կանոնների խախտման համար, որոնք տվյալ պահին օրենքի ուժով չէին գործում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարզային կենտրոնի պետի 05.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2112 որոշման համար իրավական հիմք ծառայած ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի ««Գեղեցկության սրահներին ներկայացվող» N 2-III-2.2.3 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 804 որոշմամբ հաստատված սանիտարական կանոններն ըստ էության սահմանում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները պահպանելու պարտականությանն ուղղված կանոնակարգող կանոններ, իսկ սանիտարական նորմերի և կանոնների կատարման պարտականությունը, ինչպես նաև նման նորմերն ու կանոններն իրավական այլ ակտերով նախատեսելու հնարավորությունն ուղղակիորեն սահմանված է օրենքով, հետևաբար անհիմն է Դատարանի հետևությունն այն մասին, որ սանիտարական կանոնները հաստատվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է նաև, որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է մինչև ՀՀ Սահմանադրությունը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, սահմանում է սանիտարական կանոնների պարտադիրությունը բոլորի համար և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից դրանց մշակման և հաստատման իրավազորությունը, թեև նշված սանիտարական կանոնները հաստատել է ոչ թե ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը, այլ ՀՀ առողջապահության նախարարը: Տվյալ պարագայում ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջներից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ սանիտարական կանոնները մշակում ու հաստատում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Տվյալ ծառայության իրավահաջորդն է ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող Տեսչությունը, ընդ որում Տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ և 113-րդ հոդվածների պահանջները, որոնք նախատեսում են գործի հարուցումը և լուծումը բացառապես հայցի հիման վրա, ինչի արդյունքում դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի 29.11.2002 թվականի թիվ 804 հրամանի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է դրա իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը, այն դեպքում, երբ սույն գործով ՀՀ առողջապահության նախարարի նշված հրամանը չի վիճարկվել և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այն պարտադիր է կատարման բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

 

5) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը:

Սույն գործով Դատարանը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ստուգում իրականացնող անձինք իրավազոր չեն կազմել արձանագրություն, քանի որ դա նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ինչի արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ 24.07.2008 թվականի «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 3081 արձանագրության կազմումն իրավաչափ չէ և չի կարող ապացուցողական ուժ ունենալ` վերջինիս անթույլատրելիության պատճառով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի` որպես վարչական վարույթի առանձին տեսակի առանձնահատկությունները սահմանված են ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, այլ`Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով: ՈՒստի սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ իրավական խնդրին:

 

6) Վճռաբեկ բողոքը վեցերորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

Նշված օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտի առ ոչինչ լինելը:

Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` ճանաչման հայցի դեպքում` անկախ ժամկետից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջը ճանաչման հայցի տեսակ է, և այդպիսի պահանջ դատարան կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ, իսկ այլ օրենքներում նշված իրավական նորմի մասով այլ իրավական կարգավորման առկայության դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթը:

Սույն գործով անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանը, հակընդդեմ հայցով դիմելով Դատարան, պահանջել է վարչական ակտը ճանաչել առոչինչ, հետևաբար տվյալ պահանջով հայցը կարող է ներկայացվել անկախ ժամկետից, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ տալու տասնօրյա ժամկետ, տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ այն սահմանում է դատական պաշտպանության այլ ժամկետ, քան ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.02.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցը բավարարել` անհատ ձեռնարկատեր Տաթևիկ Մնացականյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 80.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը: Հակընդդեմ հայցը մերժել:

2. Տաթևիկ Մնացականյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ՎԴ3/0415/05/08
Որոշում