Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-Ր ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ            Վարչական գործ թիվ ՎԴ3/0416/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ3/0416/05/08                              2009 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Պողոսյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության (այսուհետ` Տեսչություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 04.02.2009 թվականի վճռի դեմ` ըստ Տեսչության հայցի ընդդեմ «ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) տնօրեն Գայանե Գասպարյանի` 40.000 ՀՀ դրամ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքի գումարը վճարելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության Արարատի մարզային կենտրոնի (այսուհետ` Մարզային կենտրոն)` վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանի նկատմամբ արձակել վճարման կարգադրություն` 40.000 ՀՀ դրամ վարչական իրավախախտման համար սահմանված տուգանքը վճարելու վերաբերյալ:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանը պահանջել է առոչինչ ճանաչել Մարզային կենտրոնի պետի 13.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2294 որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 04.02.2009 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

1) Դատարանը սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում հանգել է այն հետևության, որ Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 01663/03 հանձնարարագրում նշված չէ ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ հանձնարարագրում որևէ ժամանակաշրջան օբյեկտիվորեն հնարավոր չէ նշել:

 

2) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վարչական ակտն առոչինչ ճանաչելու հիմքում դրել է նաև այն հանգամանքները, որ 30.07.2008 թվականի թիվ 3288 ստուգման ակտը կազմվել է ոչ թե Կազմակերպությունում, այլ Մարզային կենտրոնում, և տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձին չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև այն, որ Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանը ստուգման ակտը ստացել է 08.08.2008 թվականին: Մինչդեռ Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի ոչ մի դրույթով նախատեսված չէ ստուգման ակտը տնտեսվարող սուբյեկտի մոտ կազմելու պարտավորություն, իսկ տնտեսվարող սուբյեկտի պաշտոնատար անձին իր իրավունքներն ու պարտականությունները չբացատրելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումներն իրականությանը չեն համապատասխանում, քանի որ ստուգումն ամբողջությամբ իրականացվել է Կազմակերպության ներկայացուցչի, այդ թվում նաև Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանի ներկայությամբ, նրանց բացատրվել են օրենքով սահմանված իրենց իրավունքներն ու պարտականությունները:

Դատարանը գտել է, որ վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը Գայանե Գասպարյանը չի ստորագրել և չի ստացել, այն վերջինիս սահմանված ժամկետում չի ուղարկվել: Մինչդեռ Գայանե Գասպարյանը սահմանված կարգով և ժամկետում ծանուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել և չի ներկայացրել միջնորդություն գործի քննությունը հետաձգելու մասին, հետևաբար գործի քննությունն իրականացվել է նրա բացակայությամբ, իսկ նշված որոշումը կայացվելուց հետո` հաջորդ օրը, ուղարկվել է Գայանե Գասպարյանին:

 

3) Դատարանը չի կիրառել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասը, որը չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու իրավահարաբերությունների նկատմամբ պետք է կիրառեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի նորմերը, քանի որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն այդ օրենսգրքով նախատեսված առանձնահատուկ վարչական վարույթ է:

 

4) Դատարանը չի կիրառել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը հաշվի չի առել, որ սանիտարական կանոններով սահմանված պահանջները պահպանելու ֆիզիկական և իրավաբանական անձանց պարտականությունը բխում է ոչ թե ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված կանոններից, այլ ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի պահանջներից:

Դատարանն անտեսել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, որով թույլատրվում է օրենքով նախատեսված դեպքերում սանիտարական նորմեր, կանոններ նախատեսել այլ իրավական ակտերով` իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ չսահմանվելու պայմանով:

Դատարանը գտել է, որ ՀՀ առողջապահության նախարարը իրավասու չէ հաստատել սանիտարական կանոններ, քանի որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածով սանիտարական կանոնների մշակումն ու հաստատումն իրականացնում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Մինչդեռ Դատարանն անտեսել է, որ ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպվել է Տեսչության` ՀՀ առողջապահության նախարարության առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով, և Տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը, հետևաբար վերջինս իրավասու է հաստատել սանիտարական կանոններ:

Դատարանն անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածին հակասելու խնդրին, այսինքն` Դատարանը սույն գործի շրջանակներում քննության է առել նշված նորմի սահմանադրականության հարցը, որով դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից և խախտել է ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածը:

 

5) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ, 255-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանը սխալ է կիրառել և մեկնաբանել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը և հանգել է այն հետևության, որ ստուգում իրականացնող անձի կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության կազմումն իրավաչափ չէ, ինչի արդյունքում Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, որը պետք է կիրառեր:

 

6) Դատարանը չի կիրառել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է, որ Գայանե Գասպարյանը վարչական ակտն առ ոչինչ ճանաչելու պահանջով հակընդդեմ հայցը ներկայացրել է 24.12.2008 թվականին, այսինքն` վարչական ակտը բողոքարկելու համար սահմանված տասնօրյա ժամկետի ավարտից մոտ երեք ամիս հետո, հետևաբար նշված վարչական ակտը դարձել է անբողոքարկելի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 04.02.2009 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 01663/03 հանձնարարագրի հիման վրա Կազմակերպությունում 14.07.2008 թվականից մինչև 01.08.2008 թվականն անցկացվել է սանիտարական օրենսդրության, սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման նկատմամբ թեմատիկ ստուգում, որը զուգորդվել է լաբորատոր-գործիքային հետազոտություններով: Ստուգման արդյունքում 30.07.2008 թվականին կազմվել է թիվ 3288 ստուգման ակտը (գ.թ. 4, 5-7):

2) Նշված ստուգման ընթացքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ 01.08.2008 թվականին կազմվել է «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 0663 արձանագրությունը, որով արձանագրվել են ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի ««Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 857 որոշմամբ հաստատված սանիտարական նորմերի և կանոնների մի շարք պահանջների խախտումներ (գ.թ. 8):

2) Մարզային կենտրոնի պետը, ուսումնասիրելով 30.07.2008 թվականի թիվ 3288 ստուգման ակտը, 01.08.2008 թվականի «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 0663 արձանագրությունը, հաստատված համարելով ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի ««Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 857 որոշմամբ հաստատված սանիտարական նորմերի և կանոնների 1.3-րդ, 2.2-րդ, 2.4-րդ, 2.5-րդ, 3.10-րդ, 4.1-րդ, 5.2-րդ, 6.3-րդ, 6.6-րդ, 7.2-րդ, 10.2-րդ կետերի խախտման փաստը, 13.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2294 որոշմամբ Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանին ենթարկել է 40.000 ՀՀ դրամ վարչական տույժի (գ.թ. 9):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի ներածական մասով ամրագրված է, որ նշված օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման իրավական, տնտեսական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև պետության կողմից նախատեսվող այն երաշխիքները, որոնք բացառում են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցությունը և բարենպաստ պայմաններ ապահովում նրա և ապագա սերունդների կենսունակության համար:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրությունը կազմված է նույն օրենքից և դրան համապատասխան ընդունված Հայաստանի Հանրապետության օրենսդրության այլ ակտերից:

Նշված օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները:

Նույն օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը իրականացնում է` պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը սանիտարականխարգելիչ հիմնարկների և մարմինների գործունեությունն է հիվանդությունների կանխարգելման ուղղությամբ` Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման, կանխարգելման միջոցով:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սանիտարական օրենսդրության հիմնական խնդիրը բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումն է, որոնք ուղղված են մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության բացառմանը և մարդու, ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Սանիտարական օրենսդրության բաղկացուցիչ մաս են կազմում սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները, որոնք սահմանում են բնակչության համար շրջակա միջավայրի անվտանգության և ոչ վնասակարության չափանիշներն ու մարդու կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման պահանջները, որոնց ապահովման համար իրավասու պետական մարմինները Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողություն, ինչպես նաև օրենքով սահմանված ստուգումներ և ուսումնասիրություններ` սանիտարական օրենսդրության խախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով:

Սույն գործով Դատարանը գտել է, որ Տեսչության պետի 02.07.2008 թվականի թիվ 01663/03 հանձնարարագիրը կազմվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմամբ, քանի որ հանձնարարագրում նշված է ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանոնների և նորմերի, հակահամաճարակային ռեժիմի պահանջների կատարման ստուգումը կարող է իրականացվել միայն ստուգման պահի դրությամբ: Նման ստուգման նպատակն է արձանագրել վերոհիշյալ կանոնների ու նորմերի պահպանման վիճակը ստուգման պահին: Նման պայմաններում ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը համընկնում է ստուգման պահին (տե՛ս, ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի` 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

 

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` կազմված ակտն ստուգում իրականացնող անձինք երեք օրվա ընթացքում պետք է ներկայացնեն տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին:

Սույն գործով Դատարանը գտել է, որ Մարզային կենտրոնի 30.07.2008 թվականի թիվ 3288 ստուգման ակտը Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանին է ներկայացվել նշված նորմի պահանջների խախտմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ մասով Դատարանի պատճառաբանությունը հիմնավոր է, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` Մարզային կենտրոնի թիվ 3288 ստուգման ակտը կազմվել է 30.07.2008 թվականին, սակայն նշված ակտը Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանին է ուղարկվել 06.08.2008 թվականին, ինչը հավաստվում է գործում առկա թիվ 492 փոստային անդորրագրով (գ.թ. 11), այսինքն` նշված ստուգման ակտը տնտեսվարող սուբյեկտին է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վարչական մարմնի թույլ տված նշված խախտումը չի կարող հիմք հանդիսանալ Մարզային կենտրոնի պետի 13.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2294 որոշումն առ ոչինչ ճանաչելու համար, քանի որ նշված որոշմամբ վարչական տույժը նշանակվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված իրավախախտում կատարելու համար, վարչական իրավախախտման դեպքի առթիվ նույն օրենսգրքով սահմանված կարգով կազմվել է արձանագրություն և իրականացվել է գործի քննություն, որի ժամանակի և վայրի մասին Գայանե Գասպարյանը պատշաճ կարգով տեղեկացվել է, ինչը հաստատվում է գործում առկա ծանուցագրով և ծանուցագիրը ստանալու մասին ստացականով (գ.թ. 10-11), սակայն վերջինս չի ներկայացել, ինչի արդյունքում վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննությունն անցկացվել է նրա բացակայությամբ, իսկ նշված ստուգման ակտը վարչական տույժի ենթարկելու հարցում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության հետ մեկտեղ հանդիսացել է վարչական իրավախախտումը հայտնաբերելու հիմք և ապացույց, հետևաբար այդ ստուգման ակտը սահմանված ժամկետից ուշ ուղարկելու հանգամանքը չի կարող բացառել վարչական իրավախախտման համար պատասխանատվության առաջացումը: Ավելին, սույն գործով Մարզային կենտրոնի 30.07.2008 թվականի թիվ 3288 ստուգման ակտը չի վիճարկվել:

Ինչ վերաբերում է Դատարանի պատճառաբանություններին այն մասին, որ Մարզային կենտրոնը, ստուգման ակտը կազմելով իր գրասենյակում, չի կատարել իր պարտականությունը Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանին իր իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելու առումով, ինչպես նաև այն մասին, որ Գայանե Գասպարյանը չի ստորագրել և չի ստացել վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը, այն վերջինիս չի ուղարկվել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի նշված պատճառաբանություններն անհիմն են, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ստուգման արդյունքներով կազմվում է ստուգման ակտ, որի կազմման վայրի մասին պարտադիր պահանջ սահմանված չէ: Տվյալ դեպքում ստուգումն անցկացվել է Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանի ներկայությամբ, ստուգման արդյունքում կազմված ակտը ուղարկվել է նրան, և վերջինս զրկված չէր տարաձայնություններ ներկայացնելու իրավունքից, սակայն չի իրականացրել օրենքով իրեն երաշխավորված իրավունքը, իսկ վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը Գայանե Գասպարյանին է ուղարկվել այն կայացնելու հաջորդ օրը` 14.08.2008 թվականին, ինչը հաստատվում է գործում առկա թիվ 1225 փոստային անդորրագրով, որը վերջինս ստացել է 16.08.2008 թվականին (գ.թ. 13), հետևաբար վարչական տույժի ենթարկելու մասին որոշումը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով հանձնվել է Գայանե Գասպարյանին:

 

3) Վճռաբեկ բողոքը երրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ այլ օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով առանձին տեսակի վարչական վարույթի առանձնահատկություններ սահմանված լինելու դեպքում կիրառման են ենթակա այդպիսի առանձնահատկություններ սահմանող օրենքների և ՀՀ միջազգային պայմանագրերի դրույթները:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ Մարզային կենտրոնի պետի 13.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2294 որոշումը չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին, քանի որ այն չի պարունակում ակտով լուծվող հարցի նկարագրությունը (նկարագրական մաս), ակտի ընդունման հիմնավորումը (պատճառաբանական մաս):

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ վարչական պատասխանատվության ենթարկելու գործերի վարույթը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին առանձին տեսակի վարչական վարույթ է, որը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության վարույթը կարգավորող նորմերով: Մասնավորապես` վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի քննության ընթացքում ընդունված որոշման բովանդակության համար վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված են այլ պահանջներ, քան «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջները: Այսպես` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քննելով վարչական իրավախախտման գործը, մարմինը (պաշտոնատար անձը) գործի վերաբերյալ որոշում է ընդունում ..., իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` որոշումը պետք է պարունակի այն ընդունած մարմնի (պաշտոնատար անձի) անվանումը, գործի քննության ժամանակաթիվը, տեղեկություններ այն անձի մասին, որի վերաբերյալ քննվում է գործը, գործի քննության ընթացքում հաստատված հանգամանքների շարադրանքը, տվյալ վարչական իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտի նշումը, գործի վերաբերյալ ընդունված որոշումը (տե՛ս, ըստ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցի ընդդեմ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի` 40.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ ա/ձ Տաթևիկ Մնացականյանի հակընդդեմ հայցի ընդդեմ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Արարատի մարզային կենտրոնի` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, թիվ ՎԴ3/0294/05/08 (2009թ.) վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարզային կենտրոնի պետի 13.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2294 որոշումը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

 

4) Վճռաբեկ բողոքը չորրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, նրանց պարտականությունները, ինչպես նաև պատասխանատվության տեսակները, չափերը, պատասխանատվության ենթարկելու կարգը, հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը, ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից վճարվող հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների տեսակները, չափը, վճարման կարգը:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4.1-րդ մասի համաձայն` ֆիզիկական կամ իրավաբանական անձանց` օրենքով նախատեսված իրավունքների կամ պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր (քաղաքաշինական, սանիտարական, հակահրդեհային, հաշվապահական հաշվառման, ստանդարտացման և այլն) օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում և սահմաններում կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով, որոնք չեն կարող պարունակել իրավունքների նոր սահմանափակումներ կամ պարտականություններ:

«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սանիտարական կանոնների կատարումը պարտադիր է բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար: Նշված հոդվածի 3-րդ մասի համաձայն` սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունները, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են կատարել Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները և արտադրական վերահսկողություն իրականացնել դրա նկատմամբ:

Նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև նրանց պարտականությունները սահմանվում են միայն օրենքով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և պարտականությունների իրականացումը կանոնակարգող կանոններ, կարգեր կամ տեխնիկական նորմեր օրենքով ուղղակիորեն նախատեսված չլինելու դեպքում, դրանք կարող են նախատեսվել իրավական այլ ակտերով: Բացի այդ, սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման և կիրարկման կարգի սահմանումը վերապահելով ՀՀ կառավարությանը` օրենքը միաժամանակ սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից այդ կանոնների պարտադիր կատարման պարտականությունը:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է, որ ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի ««Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 857 որոշմամբ հաստատված սանիտարական նորմերը և կանոններն իրենցից ներկայացնում են ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախատեսված պարտականություններ և վատթարացնում են նրանց իրավական վիճակը: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 94-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով նշված սանիտարական նորմերը և կանոններն իրենց ուժն առավելագույնը կարող էին պահպանել մինչև 01.07.2007 թվականը: Փաստորեն տուգանք է սահմանվել այնպիսի կանոնների խախտման համար, որոնք տվյալ պահին օրենքի ուժով չէին գործում:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մարզային կենտրոնի պետի 13.08.2008 թվականի «Տուգանք սահմանելու մասին» թիվ 2294 որոշման համար իրավական հիմք ծառայած ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի ««Նախադպրոցական կազմակերպությունների (հիմնարկների)» N 2.III.1 սանիտարական նորմերը և կանոնները հաստատելու մասին» թիվ 857 որոշմամբ հաստատված սանիտարական նորմերը և կանոններն ըստ էության սահմանում են Հայաստանի Հանրապետության սանիտարական օրենսդրության պահանջները պահպանելու պարտականությանն ուղղված կանոնակարգող կանոններ, իսկ սանիտարական նորմերի և կանոնների կատարման պարտականությունը, ինչպես նաև նման նորմերն ու կանոններն իրավական այլ ակտերով նախատեսելու հնարավորությունն ուղղակիորեն սահմանված է օրենքով, հետևաբար անհիմն է Դատարանի հետևությունն այն մասին, որ սանիտարական կանոնները հաստատվել են «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 83.5-րդ հոդվածի պահանջների խախտմամբ:

Սույն գործով Դատարանը պատճառաբանել է նաև, որ «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել է մինչև ՀՀ Սահմանադրությունը և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, սահմանում է սանիտարական կանոնների պարտադիրությունը բոլորի համար և ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կողմից դրանց մշակման և հաստատման իրավազորությունը, թեև նշված սանիտարական կանոնները հաստատել է ոչ թե ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը, այլ ՀՀ առողջապահության նախարարը: Տվյալ պարագայում ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանը չի բխում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության պահանջներից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ սանիտարական կանոնները մշակում ու հաստատում է ՀՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը: Տվյալ ծառայության իրավահաջորդն է ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող Տեսչությունը, ընդ որում Տեսչությունը կառավարում է ՀՀ առողջապահության նախարարը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ և 113-րդ հոդվածների պահանջները, որոնք նախատեսում են գործի հարուցումը և լուծումը բացառապես հայցի հիման վրա, ինչի արդյունքում դուրս է եկել հայցի շրջանակներից, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի 20.12.2002 թվականի թիվ 857 հրամանի իրավաչափության ստուգման պահանջի բացակայության պայմաններում անդրադարձել է դրա իրավաչափության հարցին և բացառել է դրա իրավական հետևանքներ առաջացնելու հնարավորությունը, այն դեպքում, երբ սույն գործով ՀՀ առողջապահության նախարարի նշված հրամանը չի վիճարկվել, և «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով այն պարտադիր է կատարման բոլոր պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց և քաղաքացիների համար:

 

5) Վճռաբեկ բողոքը հինգերորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 254-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրությունը կազմում է դրա համար լիազորված պաշտոնատար անձը:

 

Սույն գործով Դատարանը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ ստուգում իրականացնող անձինք իրավազոր չեն կազմել արձանագրություն, քանի որ դա նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով, ինչի արդյունքում Դատարանը եզրակացրել է, որ 01.08.2008 թվականի «Սանիտարահիգիենիկ և սանիտարահամաճարակային կանոնների խախտման մասին» թիվ 0663 արձանագրության կազմումն իրավաչափ չէ և չի կարող ապացուցողական ուժ ունենալ` վերջինիս անթույլատրելիության պատճառով:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը վերոնշյալ որոշմամբ արդեն իսկ արտահայտել է իր իրավական դիրքորոշումն այն մասին, որ վարչական իրավախախտման վերաբերյալ գործերի` որպես վարչական վարույթի առանձին տեսակի առանձնահատկությունները սահմանված են ոչ թե «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, այլ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով:

 

6) Վճռաբեկ բողոքը վեցերորդ հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այլ օրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին:

Նշված օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտի առոչինչ լինելը:

Նույն օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` հայցը դատարան կարող է ներկայացվել` ճանաչման հայցի դեպքում` անկախ ժամկետից:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վարչական ակտն առոչինչ ճանաչելու պահանջը ճանաչման հայցի տեսակ է, և այդպիսի պահանջ դատարան կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ, իսկ այլ օրենքներում նշված իրավական նորմի մասով այլ իրավական կարգավորման առկայության դեպքում կիրառման է ենթակա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված դրույթը:

Սույն գործով Կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանը, հակընդդեմ հայցով դիմելով դատարան, պահանջել է վարչական ակտը ճանաչել առոչինչ, հետևաբար տվյալ պահանջով հայցը կարող է ներկայացվել անկախ ժամկետից, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 288-րդ հոդվածը, որը սահմանում է վարչական իրավախախտման վերաբերյալ գործի որոշման դեմ գանգատ տալու տասնօրյա ժամկետ, տվյալ դեպքում կիրառելի չէ, քանի որ այն սահմանում է դատական պաշտպանության այլ ժամկետ, քան ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 04.02.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության հայցը բավարարել` «ՀՀ Արարատի մարզի Արարատ գյուղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գայանե Գասպարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 40.000 ՀՀ դրամ վարչական տուգանքը: Հակընդդեմ հայցը մերժել:

2. Գայանե Գասպարյանից հօգուտ ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բռնագանձել 10.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ՎԴ3/0416/05/08
Որոշում