Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 24-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՆԱԽԿԻՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՀՀ ԱՄՈՒՍՆՈՒԹ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    Վարչական դատարանի վճիռ                Վարչական գործ թիվ ՎԴ/1605/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/1605/05/08                               2009 թ.

Նախագահող դատավոր`   Ե. Սողոմոնյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ`                           Վ. Աբելյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Մ. Դրմեյանի

                                              Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆԻ

                                              Ա. Բարսեղյանի

                                              Է. Հայրիյանի

                                              Տ. Պետրոսյանի

 

2009 թվականի օգոստոսի 11-ին

 

դռնբաց դատական նիստում քննելով Կարեն Նուրիջանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 29.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ Գուլչիխտա Նուրիջանյանի հայցի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Մարաշի տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), երրորդ անձ Կարեն Նուրիջանյանի` Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հողամասն ամբողջությամբ Վլադիմիր Նուրիջանյանի անվամբ հաշվառելն անվավեր ճանաչելու և նշված հասցեում գտնվող 288 քմ հողամասի նկատմամբ Գուլչիխտա Նուրիջանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` հայցվորը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող հողամասն ամբողջությամբ Վլադիմիր Նուրիջանյանի անվամբ հաշվառելը, ինչպես նաև պարտավորեցնել Կադաստրին կատարելու նշված հասցեում գտնվող 288 քմ հողամասի նկատմամբ Գուլչիխտա Նուրիջանյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 29.12.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` անվավեր է ճանաչվել Գուլչիխտա Նուրիջանյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 576 քմ հողամասից 288 քմ հողամասը Վլադիմիր Նուրիջանյանի անվամբ կատարված հաշվառումը, իսկ մնացած մասով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Նուրիջանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածը, որի արդյունքում չի կիրառել նախկինում գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 22-րդ հոդվածը, ՀԽՍՀ քաղաքացիական օրենսգրքի 117-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետը, 163-րդ, 274-րդ, 1184-րդ հոդվածները, 1186-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է նախկինում գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 20-րդ, 21-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին կետը, որոնք չպետք է կիրառեր, ինչպես նաև սխալ է մեկնաբանել 15.03.1991 թվականին ուժի մեջ մտած ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի կողմից չի կատարվել ապացույցների լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի հետազոտություն: Դատարանը գտել է, որ վիճելի հողամասը ձեռք է բերվել ամուսիններ Գուլչիխտա և Վլադիմիր Նուրիջանյանների համատեղ ամուսնության ընթացքում, ուստի Գուլչիխտա Նուրիջանյանը վիճելի հողամասի կեսի սեփականատերն է, քանի որ այն հողային օրենսգրքով անհատույց տրվել է Վլադիմիր Նուրիջանյանին այն ժամանակ, երբ վերջինս Գուլչիխտա Նուրիջանյանի հետ գտնվել է օրինական ամուսնական հարաբերությունների մեջ:

Գուլչիխտա Նուրիջանյանը Վլադիմիր Նուրիջանյանի հետ ամուսնացել է 1959 թվականին, իսկ Նորքի 7-րդ փողոց թիվ 9 հասցեի 576 քմ հողամասն օգտագործման իրավունքով 1953 թվականին անհատական կարգով բնակելի շենքի կառուցման համար անժամկետ օգտագործման հողամաս հատկացնելու մասին ակտի համաձայն պատկանել է Վլադիմիր Նուրիջանյանի հորը` Արսեն Նուրիջանյանին, որի մահից հետո գույքը ժառանգել է կինը` Աստղիկ Նուրիջանյանը, որն էլ ամբողջ գույքը կտակել է որդուն` Վլադիմիրին, և նոտարի 05.05.1982 թվականի թիվ 3-707 ըստ կտակի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Վլադիմիր Նուրիջանյանին է ժառանգաբար անցել Նորքի 7-րդ փողոց թիվ 9 հասցեի ամբողջ անշարժ գույքը, այդ թվում` 576 քմ հողամասի օգտագործման իրավունքը:

Դատարանը պատճառաբանել է նաև, որ Վլադիմիր Նուրիջանյանը ժառանգություն է ստացել միայն տունը, ժառանգական զանգվածի մեջ հողամասը չի մտել, ուստի հողամասը ժառանգատուի սեփականությունը չէ: Նշված հիմնավորումներն անհիմն են, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց, ընդ որում ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

Հողի օգտագործման իրավունքը, որպես գույքային իրավունք, ներառվում է ժառանգության զանգվածի մեջ, ուստի Նորքի 7-րդ փողոց թիվ 9 հասցեի հողամասի օգտագործման իրավունքը ժառանգաբար անցել է Վլադիմիր Նուրիջանյանին, հետևաբար 15.03.1991 թվականին ուժի մեջ մտած Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածով միայն Վլադիմիր Նուրիջանյանը, որպես հողամասի նկատմամբ օգտագործման իրավունք ունեցող անձ, իրավունք ուներ դառնալու հողամասի սեփականատեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 29.12.2008 թվականի վճիռը և այն փոփոխել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Երևան քաղաքի Միկոյանի ռայսովետի 20.04.1953 թվականի հողհատկացման ակտի համաձայն` Արսեն Նուրիջանյանին բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է 576 քմ հողամաս Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում: Նշված հողամասի վրա կառուցվել է 119,2 քմ մակերեսով բնակելի տուն, նշված անշարժ գույքը հաշվառվել է Արսեն Նուրիջանյանի անվամբ, իսկ վերջինիս մահից հետո ամբողջ գույքի ժառանգ է հանդիսացել կինը` Աստղիկ Նուրիջանյանը, համաձայն Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի 22.01.1971 թվականի թիվ 48 տոմար 7 գույքային թերթի:

2) Ըստ կտակի ժառանգության իրավունքի 05.05.1982 թվականի վկայագրի համաձայն` Աստղիկ Նուրիջանյանի մահից հետո 05.05.1982 թվականին Վլադիմիր Նուրիջանյանն ընդունել է մոր ժառանգությունը` բաղկացած Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող տնատիրությունից (բնակելի տուն` 52,3 քմ բնակելի մակերեսով, 74,8 քմ օժանդակ մակերեսով, որն էլ զբաղեցնում է 576 քմ հողատարածություն):

3) Անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան 03.10.1988 թվականի տեխնիկական անձնագրի համաձայն` Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող տնատիրությունը և հողամասը հաշվառվել է Վլադիմիր Նուրիջանյանի անվամբ:

4) Վլադիմիր և Գուլչիխտա Նուրիջանյանների ամուսնությունը պետական գրանցում է ստացել 26.10.1959 թվականին:

5) Վլադիմիր Նուրիջանյանը մահացել է 20.08.2007 թվականին, որն իր գույքը կտակել է որդուն` Կարեն Նուրիջանյանին:

6) Կադաստրի 05.09.2007 թվականի թիվ 686 ա տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի (բաղկացած 119,2 քմ բնակելի տնից ու գտնվում է 576 քմ հողամասի վրա) սեփականատեր է Վլադիմիր Նուրիջանյանը:

 

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները, որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, և որոնք չեն պարզվել, որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը, որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:

Վերը նշված նորմերից հետևում է, որ Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզման հանգելու համար պարտավոր է հետազոտել և գնահատել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը, և միայն նշված պահանջների պահպանման արդյունքում որոշել հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ մերժելու հարցը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությամբ չի գնահատել գործում առկա ապացույցները, մասնավորապես` Երևան քաղաքի Միկոյանի ռայսովետի 20.04.1953 թվականի հողհատկացման ակտը, Երևանի քաղսովետի գործադիր կոմիտեի հաշվետեխնիկական բյուրոյի 22.01.1971 թվականի թիվ 48 տոմար 7 գույքային թերթը, ըստ կտակի ժառանգության իրավունքի 05.05.1982 թվականի վկայագիրը, անհատական բնակարանային ֆոնդի բնակելի տան 03.10.1988 թվականի տեխնիկական անձնագիրը:

Գործող ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի առաջին կետի համաձայն` մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված հողամասի նկատմամբ իրավունքներն ունեն իրավաբանական ուժ և ենթակա չեն վերագրանցման:

29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տնամերձ հողամասերը, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ունեցած հողամասերն անհատույց կարգով թողնվում են նրանց որպես սեփականություն:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ տնամերձ, ինչպես նաև այգեգործական (ամառանոցի) և բնակելի տան շինարարության սպասարկման համար օրենքով սահմանված կարգով հատկացված կամ օրենքի ուժով փոխանցված այն հողամասերը, որոնք մինչ 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը

(15.03.1991 թվականը) գտնվել են քաղաքացիների օգտագործման ներքո, նրանց փոխանցվում են ի սեփականություն` անհատույց կարգով:

Աստղիկ Նուրիջանյանի ժառանգության բացման պահին գործող ՀՍՍՀ քաղաքացիական օրենսգրքի 530-րդ հոդվածի համաձայն` ժառանգումն իրականացվում է ըստ օրենքի և ըստ կտակի, ընդ որում ժառանգումն ըստ օրենքի տեղի է ունենում, երբ և որքանով այն չի փոփոխվել կտակով: Նույն օրենսգրքի 549-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը պետք է ընդունի այն, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն` ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա փաստորեն սկսում է տիրապետել կամ կառավարել ժառանգական գույքը, կամ երբ նա ժառանգության բացման վայրի նոտարական մարմնին հայտարարել է ժառանգությունն ընդունելու մասին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Նմանատիպ նորմ էր նախատեսում նաև նախկինում գործող ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 22-րդ հոդվածը, համաձայն որի` մինչև ամուսնանալն ամուսիններին պատկանած գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում նվիրատվությամբ կամ ժառանգման կարգով ստացված գույքը նրանցից յուրաքանչյուրի սեփականությունն է: Իսկ նշված օրենսգրքի 20-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականությունն է հանդիսանում ամուսնության ընթացքում ամուսինների վաստակած գույքը:

Սույն գործի փաստերից հետևում է, որ Երևանի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 576 քմ հողամասը բնակելի տան շինարարության համար անժամկետ օգտագործման իրավունքով հատկացվել է Վլադիմիր Նուրիջանյանի հորը` Արսեն Նուրիջանյանին, որը նշված հողամասի վրա կառուցել է 119,2 քմ մակերեսով բնակելի տուն: Արսեն Նուրիջանյանի մահից հետո ամբողջ գույքը համապարփակ իրավահաջորդությամբ անցել է կնոջը` Աստղիկ Նուրիջանյանին: Ըստ կտակի ժառանգության իրավունքի 05.05.1982 թվականի վկայագրի համաձայն` Աստղիկ Նուրիջանյանի մահից հետո 05.05.1982 թվականին Վլադիմիր Նուրիջանյանն ընդունել է մոր ժառանգությունը` բաղկացած Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 119,2 քմ բնակելի տնից, որն էլ զբաղեցնում էր 576 քմ հողատարածություն:

Վերոնշյալ փաստերի և նշված իրավական նորմերի համադրումից հետևում է, որ Երևան քաղաքի Նորքի 7-րդ փողոցի թիվ 9 հասցեում գտնվող 119,2 քմ բնակելի տունը ժառանգությամբ փոխանցվել է Վլադիմիր Նուրիջանյանին, ընդ որում այդ ժառանգական տան սպասարկման համար հատկացված 576 քմ հողամասն էլ, հետևելով բնակելի տան ճակատագրին, օրենքի ուժով փոխանցվել է Վլադիմիր Նուրիջանյանի օգտագործմանը, այսինքն` բնակելի տան սպասարկման համար նախատեսված հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը` որպես գույքային իրավունք, համապարփակ իրավահաջորդությամբ ևս անցել է Վլադիմիր Նուրիջանյանին: ՈՒստի մինչ 29.01.1991 թվականին ընդունված ՀՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը

(15.03.1991 թվականը) նշված 576 քմ հողամասը հանդիսանալով ժառանգական իրավունքի ուժով Վլադիմիր Նուրիջանյանի «ունեցածը», ուստի և իր օգտագործման ներքո գտնվողը, նշված օրենսգրքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի ուժով անհատույց կարգով անցել է Վլադիմիր Նուրիջանյանին` որպես միանձնյա սեփականություն:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վարչական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար,գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս` Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 29.12.2008 թվականի վճռի` հայցը բավարարելու մասը, և այն փոփոխել. Գուլչիխտա Նուրիջանյանի հայցն այդ մասով մերժել: Վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Վ. Աբելյան

Դատավորներ` Մ. Դրմեյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.08.2009
N ՎԴ/1605/05/08
Որոշում