Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 5-ՐԴ, 6-ՐԴ, 22-ՐԴ, 25-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՔԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/3881/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/3881/05/08                               2009 թ.

Նախագահող դատավոր`   Ե. Սողոմոնյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ս. Անտոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Է. Հայրիյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով Ռուբեն Բարեղամյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճռի դեմ` ըստ հայցի Ռուբեն Բարեղամյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր)` նախկին պաշտոնում և ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը վերականգնելու, հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով Դատարան` Ռուբեն Բարեղամյանը պահանջել է վերականգնել Կադաստրի Հրազդանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի կադաստրային գնահատման բաժնի պետի պաշտոնում, վերականգնել ՀՀ քաղաքացիական ծառայության երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը և պարտադրել Կադաստրին վճարելու հարկադիր պարապուրդում գտնվելու ընթացքում չվճարված աշխատավարձը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.12.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռուբեն Բարեղամյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 6-րդ, 22-րդ, 25-րդ հոդվածները և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-րդ և 131-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի վճիռն անհիմն է: Բողոքարկվող ակտի հիմքում դրված չէ Ռուբեն Բարեղամյանի կողմից քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումը հաստատող որևէ ապացույց:

Բացի այդ, Դատարանը խախտել է կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքները: Մասնավորապես, Դատարանը պատասխանողից չի պահանջել իր առարկությունների հիմքում ընկած և վեճի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներ` բավարարվելով միայն Կադաստրի աշխատակազմի ղեկավարի կողմից դատարանում տրված բացատրությամբ այն մասին, որ վերջինս տեղյակ է եղել Ռուբեն Բարեղամյանի` քաղաքական ուղղվածություն ունեցող և օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպվող հանրահավաքներին մասնակցելու մասին, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նման բացատրությունը բավարար չէ տվյալ փաստը հաստատված համարելու համար:

Բացի այդ, Դատարանը մերժել է նաև վերոհիշյալ փաստը հաստատելու համար Կադաստրի աշխատակիցներին դատաքննությանը որպես վկա մասնակից դարձնելու Ռուբեն Բարեղամյանի միջնորդությունը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Կադաստրի աշխատակազմի ղեկավարի 03.03.2008 թվականի թիվ 08-79-Ա հրամանի համաձայն` «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի, 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիման վրա Ռուբեն Բարեղամյանն ազատվել է Կադաստրի աշխատակազմի Հրազդանի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի գնահատման բաժնի պետի պաշտոնից (գ.թ. 8):

2. Կադաստրի աշխատակազմի ղեկավարը գործի դատաքննության ընթացքում հայտարարել է, որ ինքը տեղյակ է եղել, որ Ռուբեն Բարեղամյանը մասնակցել է չիրազեկված հանրահավաքներին (գ.թ. 95):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն` դատարանը ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման և գնահատման միջոցով: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Բացի այդ, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե («ex officio»):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք իր կարծիքով էական են վեճի լուծման համար և անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով և գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` քաղաքացիական ծառայողն իրավունք չունի իրականացնել քաղաքացիական ծառայողների քաղաքական զսպվածության սկզբունքի խախտումներ` իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործով վեճի լուծման համար էական նշանակություն ունի Ռուբեն Բարեղամյանի կողմից քաղաքական զսպվածության սկզբունքի խախտման փաստի պարզումը: Մինչդեռ Դատարանը, առանց պարզելու և հաստատված համարելու քաղաքական զսպվածության սկզբունքի խախտման փաստը, հայցը մերժելիս հիմնվել է բացառապես Կադաստրի աշխատակազմի ղեկավարի` դատարանում տրված հայտարարության վրա, որով նա հայտնել է, որ տեղյակ է եղել, որ Ռուբեն Բարեղամյանը մասնակցել է չիրազեկված հանրահավաքներին:

Վճռաբեկ դատարանն իր` նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի ուժով վարչական դատարանի կողմից գործի փաստերի ի պաշտոնե պարզման դատավարական իրավունքին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված վեճի լուծման համար էական փաստերը մատնանշելու և դրանց վերաբերյալ ապացույցներ պահանջելու, անհրաժեշտ ներքին համոզմունք ձևավորելու նպատակով ողջամիտ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ դատավարական գործողությունների իրականացումը թեև Դատարանի իրավունքն է, սակայն Դատարանի այդ իրավունքը սահմանափակված է նույն օրենսգրքի 24-րդ հոդվածով սահմանված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված պատճառաբանված ներքին համոզման հանգելու Դատարանի պարտականությամբ և պետք է բխի արդարության բոլոր պահանջների պահպանման սահմանադրական հիմնադրույթից (տես` ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Աշտարակի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ Ժորա Դանիելովի` 5.670.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին և Ժորա Դանիելովի հակընդդեմ հայցն ընդդեմ Տեսչության` 08.05.2008 թվականի թիվ 2326225 ակտը վերացնելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2008 թվականի թիվ ՎԴ3/0207/05/08 (2008թ.) որոշումը):

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.12.2008 թվականի վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ս. Անտոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Է. Հայրիյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ՎԴ/3881/05/08
Որոշում