Սեղմել Esc փակելու համար:
«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 69-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/5547/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/5547/05/08                               2009 թ.

Նախագահող դատավոր`   Ա. Ղազարյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ե. Խունդկարյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Է. Հայրիյան

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 08.01.2009 թվականի վճռի դեմ` ըստ հայցի «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` պետական մարմնի ակտը մասնակի անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 19.06.2008 թվականի թիվ 1038594 ստուգման ակտի 1-ին կետի 1-ին և 2-րդ պարբերությունները:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 08.01.2009 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է` անվավեր է ճանաչվել Տեսչության 19.06.2008 թվականի թիվ 1038594 ստուգման ակտի 1-ին կետի 1-ին և 2-րդ պարբերությունների հիմքով առաջադրված պարտավորությունները:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Դատարանը չի կիրառել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասը, որը պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-29-րդ, 31-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանի` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 31-րդ հոդվածների չխախտման մասին պատճառաբանություններն անհիմն են, քանի որ ապահովագրողի ռիսկերի գնահատման ծախսերը ոչ թե եկամտի ստացման հետ կապված ծախսեր են, այլ հետագա ծախսերի գնահատման կամ կատարման հետ կապված ծախսեր, քանի որ ապահովագրողը եկամուտը ստանում է ապահովագրական պայմանագիրը կնքելիս և ապահովագրական վճարը հավաքագրելիս, այլ ոչ թե հետագայում: «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-29-րդ հոդվածներով սահմանված են հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից նվազեցվող ծախսերը: Միաժամանակ, հաշվի առնելով ապահովագրական գործունեության առանձնահատկությունները, օրենսդիրն ի լրումն նշված հոդվածներով նախատեսված ծախսերի, նույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանել է բացառապես ապահովագրական ընկերություններին վերաբերող հարկման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումների տեսակները: Ընդ որում, այդ հոդվածով նախատեսված ծախսերի ցանկը սպառիչ է և հիմնականում կապված է ոչ թե եկամտի ստացման, այլ ապահովագրական ընկերության գործունեության հետ: Նկատի ունենալով, որ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-29-րդ հոդվածներում նախատեսված ծախսերը պետք է կապված լինեն եկամտի ստացման հետ, իսկ նույն օրենքի 31-րդ հոդվածով բժշկական զննության գծով կատարված ծախսերը նախատեսված չեն, ուստի հարկվող շահույթը որոշելիս այդ ծախսերը համապատասխան եկամտից նվազեցման ենթակա չեն:

Բացի այդ, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները: Ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընկերությունը պարտավոր է ապահովագրության պայմանագրերից ծագող պարտավորությունները կատարելու և հնարավոր ռիսկերը ծածկելու նպատակով ձևավորել տեխնիկական պահուստներ: Տեխնիկական պահուստների տեսակները սահմանված են նույն հոդվածի 2-րդ մասում, իսկ 3-րդ մասի համաձայն` բացի նույն հոդվածի 2-րդ մասում նշված պահուստներից, ընկերությունը կարող է կենտրոնական բանկի համաձայնությամբ ձևավորել նաև այլ պահուստներ:

Քննարկվող դեպքում, եթե անգամ «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված տեխնիկական պահուստների կազմում բացակայում է առողջության ապահովագրման գծով կնքվող պայմանագրերից ծագող հնարավոր ռիսկերը ծածկելու համապատասխան տեխնիկական պահուստի տեսակը, ապա նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` պայմանագրերից ծագող հնարավոր ռիսկերը ծածկելու համար ընկերությանն իրավունք է վերապահված ՀՀ կենտրոնական բանկի համաձայնությամբ ձևավորել նաև այլ պահուստներ, հետևաբար ընկերությանն իրավունք կվերապահվեր համախառն եկամուտը նվազեցնել տեխնիկական պահուստի չափով` «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի համաձայն, ըստ որի` հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն նույն օրենքի 10-29-րդ հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների չափով:

 

2) Դատարանը սխալ է մեկնաբանել «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 27.11.1998 թվականի թիվ 753 որոշման 2-րդ կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Դատարանը գտել է, որ վիճելի իրավահարաբերության համար կիրառելի չէ ՀՀ կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 753 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետը և պատճառաբանել է, որ որոշման 2-րդ կետով սահմանափակումները տրված են միայն այդ որոշման կիրառման նպատակով, այսինքն` ծախսերի որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու նպատակով, իսկ որոշման 3-րդ կետի «գ» ենթակետից ակնհայտ է, որ այդ որոշումը` կադրերի պատրաստման ծախսերի մասով, վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերին:

Դատարանի նշված պատճառաբանությունն անհիմն է, քանի որ «Կադրերի պատրաստման ծախսեր» հասկացությունը սահմանված է ՀՀ կառավարության 1998 թ. նոյեմբերի 27-ի թիվ 753 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով, որի համաձայն` կադրերի պատրաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը` դասընթացի արժեքը: Իսկ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահութահարկը որոշելիս` հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե նույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկություններ:

Բացի այդ, քննարկվող դեպքում չկա Ընկերության և համապատասխան ուսումնական հաստատության միջև կնքված պայմանագիր, որի համաձայն` պետք է իրականացվեին կադրերի պատրաստման աշխատանքները, հետևաբար փոխհատուցման վճարներն Ընկերության համար չէին կարող համարվել որպես եկամտի ստացման նպատակով կատարված անհրաժեշտ ծախսեր:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 08.01.2009 թվականի վճիռը և այն փոփոխել` Ընկերության հայցը մերժել:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և փաստարկները

Բողոք բերած անձի հիմնավորումն անընդունելի է, քանի որ տեխնիկական պահուստներ ձևավորված չլինելու հանգամանքը որևէ առնչություն չունի բժշկական զննության ծախսերն այդպիսին դիտելու համար: Որևէ կերպ հիմնավորված չէ, որ բժշկական զննության ծախսերի մասով պետք է ձևավորել տեխնիկական պահուստ: Բժշկական զննության ծախսը կատարելու նպատակը ոչ թե ապահովագրության պայմանագրից ծագող պարտավորության կատարումը և հնարավոր ռիսկերը ծածկելն է, այլ նախատեսվող ապահովագրության պայմանագրի պայմանները որոշելը, ապահովագրական պատահարի կանխարգելումը, հնարավոր վնասների նվազեցումը: Հնարավոր ռիսկերը ծածկելու նպատակը չի կարող նույնացվել ռիսկերը գնահատելու, հնարավոր վնասները նվազեցնելու նպատակի հետ: Տվյալ դեպքում բացակայում են բժշկական զննության ծախսերի հաշվին տեխնիկական պահուստ ձևավորելու հիմքերը, քանի որ հիմնավորված չեն և այս դեպքով բացակայում են ապահովագրության պայմանագրից ծագող պարտավորության կատարման նպատակը և հնարավոր ռիսկերը ծածկելու նպատակը, իսկ դրանցից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է տեխնիկական պահուստ ձևավորելու պարտականությունը: Տեխնիկական պահուստ ձևավորված չլինելու հանգամանքը չի կարող հիմք հանդիսանալ բժշկական զննության կամ այլ ծախսը շահութահարկի հաշվարկման համար համախառն եկամտից նվազեցնելու ապահովագրական ընկերության իրավունքը բացառելու համար:

Ինչ վերաբերում է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի մասին բողոք բերած անձի պատճառաբանությանը, ապա այն անհիմն է, քանի որ ապահովագրական ընկերության ծախսերը չեն սահմանափակվում միայն դրանում թվարկվածով, և կան բազմաթիվ ծախսեր, որոնք համապատասխանում են նույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված հատկանիշներին:

Բժշկական զննությամբ հնարավոր է դառնում ճշտել ապահովագրվող անձի առողջական վիճակը պայմանագիր կնքելիս, որպեսզի ճիշտ որոշվի ապահովագրության պայմանագրով վճարների չափը, որպեսզի մինչև պայմանագիր կնքելը եղած ապահովագրական պատահարի համար հատուցում չտրվի, որպեսզի գնահատվի ապահովագրական ռիսկը:

ՀՀ կառավարության 27.11.1998թ. թիվ 753 որոշման 2-րդ կետով սահմանումները տրված են միայն այդ որոշման կիրառման նպատակով, այսինքն` ծախսերի որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու նպատակով: Իսկ որոշման 3-րդ կետի «գ» ենթակետից ակնհայտ է, որ այդ որոշումը կադրերի պատրաստման ծախսերի մասով վերաբերում է միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերին: Քննարկվող դեպքում ՀՀ-ից դուրս այդպիսի ծախսեր չեն կատարվել, և վեճը վերաբերում է միայն ՀՀ-ում կատարված կադրերի պատրաստման ծախսերին, հետևաբար ՀՀ կառավարության 27.11.1998 թվականի թիվ 753 որոշումը կիրառելի չէ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետի 06.05.2008 թվականի թիվ 1038594 հանձնարարագրի հիման վրա Ընկերությունում կատարված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգման արդյունքում 19.06.2008 թվականին կազմվել է թիվ 1038594 ակտը, որի 1-ին և 2-րդ կետերով արձանագրված խախտումների հիմքով լրացուցիչ հարկային պարտավորություններ են առաջադրվել շահութահարկի և եկամտահարկի գծով` 21.272.300 դրամի չափով:

2) Ընկերության կողմից վիճարկվում է ստուգման ակտի 1-ին կետի (շահութահարկի գծով) 1-ին և 2-րդ պարբերությունները:

3) Ակտի 1-ին կետի 1-ին պարբերությամբ արձանագրվել է, որ «Ընկերությունը, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը և 31-րդ հոդվածը, 2005, 2006, 2007 թվականների հարկվող շահույթը որոշելիս հարկային տեսչություն համապատասխանաբար 06.05.2006 թ.-ին, 16.04.2007 թ.-ին և 13.05.2008 թ.-ին ներկայացրած շահութահարկի հաշվարկներում համախառն եկամուտն անհիմն նվազեցրել է եկամտի ստացման համար ոչ անհրաժեշտ 55.995.000 դրամ ապահովագրվող ֆիզ. անձանց փոխարեն կատարված բժշկական հետազոտման ծախսերի չափով, այդ թվում` 2005 թ.-ին` 9.085.000 դրամ, 2006 թ.-ին` 7.726.000 դրամ, 2007 թ.-ին` 3.918.400 դրամ»:

4) Ակտի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ արձանագրվել է, որ «Ընկերությունը, խախտելով «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը, 2005, 2006, 2007 թվականների հարկվող շահույթը որոշելիս հարկային տեսչություն համապատասխանաբար ներկայացրած 06.05.2006 թ.-ի, 16.04.2007 թ.-ի, 13.05.2008 թ.-ի շահութահարկի հաշվարկներում համախառն եկամուտը նվազեցրել է եկամտի ստացման համար ոչ անհրաժեշտ աշխատակիցների փոխարեն բուհերում ուսման դիմաց վճարված ուսման վարձերի չափով` 1.006.000 դրամ գումարով, այդ թվում` 2005 թ.-ին` 145.000 դրամ, 2006 թ.-ին` 290.000 դրամ, 2007 թ.-ին` 571.000 դրամ»:

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`

 

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 5-6-րդ և 9-րդ հոդվածների համաձայն` ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը, որը հարկատուի համախառն եկամտի և նույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է: Ընդ որում, հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել նույն օրենքով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ):

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն` հարկվող շահույթը որոշելիս` համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Նշված օրենքի իմաստով ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման: Իսկ անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը նախատեսել է բացառապես ապահովագրական ընկերություններին վերաբերող հարկման նպատակով համախառն եկամտից կատարվող նվազեցումները, որոնք սահմանվել են ի լրումն նույն օրենքի 10-29-րդ հոդվածներում նշված նվազեցումների:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ ապահովագրական ընկերությունները հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը պետք է նվազեցնեն դրա ստացման հետ կապված, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-29-րդ և 31-րդ հոդվածներով նախատեսված ծախսերի չափով, ընդ որում այնպիսի ծախսերի, որոնք` 1. կապված են եկամտի ստացման հետ, 2. անհրաժեշտ են եկամտի ստացման համար և 3. փաստաթղթերով հիմնավորված են:

Սույն գործի փաստերից բխում է, որ ստուգում իրականացրած անձանց կողմից Ընկերության գործունեությունում արձանագրվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի և 31-րդ հոդվածի պահանջների խախտում այն հիմքով, որ 2005-2007 թվականների հարկվող շահույթը որոշելիս Տեսչություններ կայացրած շահութահարկի հաշվարկներում Ընկերությունը համախառն եկամուտն անհիմն նվազեցրել է եկամտի ստացման համար ոչ անհրաժեշտ` ապահովագրվող ֆիզիկական անձանց փոխարեն կատարված բժշկական հետազոտման 55.995.000 դրամ ծախսերի չափով: Նշված բժշկական հետազոտման ծախսերը կատարվել են բժշկական ծառայություն մատուցող կազմակերպության և Ընկերության միջև կնքված պայմանագրի հիման վրա, որով ծառայություն պատվիրողը և դրա դիմաց վճարման պարտավորություն կրողը ապահովագրական ընկերությունն է, իսկ այդ գործողությունները կատարվել են մինչև ֆիզիկական անձանց հետ ապահովագրական պայմանագրերի կնքումը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ապահովագրական ընկերության գործունեությունն ուղղված է ապահովագրավճարների տեսքով եկամուտ ստանալուն, որն իրականացվում է ապահովագրության պայմանագրերի կնքմամբ և դրանց հիման վրա: Իսկ ապահովագրության պայմանագրերի կնքումն ու կատարումը ենթադրում է ապահովագրական ռիսկերի գնահատում, հնարավոր ապահովագրական պատահարների կանխարգելում, ապահովագրության պայմանագրի գործողության սահմանների ճշգրտում:

Նշվածից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առողջության ապահովագրության պայմանագրեր կնքելու և ապահովագրական ռիսկը կառավարելու համար ապահովագրման ենթակա անձանց նախնական բժշկական զննության հետ կապված ծախսերն անհրաժեշտ են, քանի որ դրանով ապահովագրական ընկերությունը հստակ պատկերացում է կազմում ստանձնած ապահովագրական ռիսկի էության մասին, և հիմնվելով բժշկական զննության արդյունքների վրա` տրամադրում համապատասխան ապահովագրական ծածկույթ և ապահովագրական սակագին, կիրառում բացառություններ, ինչի արդյունքում էլ կնքվում է ապահովագրության պայմանագիրը: Ընդ որում, բժշկական զննությամբ հնարավոր է դառնում պայմանագիր կնքելիս ճշտել ապահովագրվող անձի առողջական վիճակը, առողջության հետագա վատթարացման հնարավորությունը, իսկ պարզելու միակ միջոցն էլ բժշկական զննությունն է, որն էլ քննարկվող դեպքում պատվիրվել է ապահովագրական ընկերության կողմից, և Ընկերությունն էլ վճարել է մատուցված ծառայությունների դիմաց` որպես իր պայմանագրային պարտավորությունների կատարում:

Այսպիսով, եթե տվյալ ծախսն անհրաժեշտ է պայմանագրի պայմանները որոշելու համար, այսինքն` պայմանագիր կնքելու համար, քանի որ անվիճելի է, որ պայմանագրի կնքմամբ է ապահովվում Ընկերության եկամուտը` ապահովագրական վճարը, ուստի պայմանագրի կնքմանը նախորդող` ապահովագրվող անձի բժշկական զննության հետ կապված ապահովագրողի կատարած ծախսերը համարվում են եկամտի ստացման համար անհրաժեշտ ծախս:

Ինչ վերաբերում է «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի չկիրառման վերաբերյալ վճռաբեկ բողոքի հիմքին, ապա Վճռաբեկ դատարանն այն գնահատում է անհիմն, քանի որ նշված նորմը կանոնակարգում է տեխնիկական պահուստներ ձևավորելու հարաբերությունները և սույն վեճի (բժշկական զննության ծախսը եկամտի ստացման համար անհրաժեշտ համարելու կամ չհամարելու հարցի վերաբերյալ) նկատմամբ կիրառելի չէ:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` շահութահարկը որոշելիս` հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե նույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկություններ:

Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության «բ» կետի համաձայն` եկամտի ստացման համար անհրաժեշտ ծախսերի թվին են դասվում նաև կադրերի պատրաստման համար հարկատուի ծախսերը: Նշված օրենքով տրված չէ «կադրերի պատրաստման համար հարկատուի ծախսեր» հասկացության սահմանումը:

«Կադրերի պատրաստման ծախսեր»-ի հասկացությունը սահմանված է ՀՀ կառավարության 27.11.1998 թվականի թիվ 753 որոշման 2-րդ կետի «դ» ենթակետով, որի համաձայն` կադրերի պատրաստման ծախսեր են համարվում առկա արտադրական գործընթացներին և ընթացակարգերին, աշխատանքի կազմակերպման եղանակներին կամ մեթոդներին տիրապետելու համապատասխան որակավորում ապահովելու հատուկ դասընթացներին աշխատողների մասնակցության նպատակով հարկատուի կատարած ծախսերը (դասընթացի արժեքը):

Սույն գործի փաստերից բխում է, որ ստուգում իրականացրած անձանց կողմից Ընկերության գործունեությունում արձանագրվել է «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի պահանջի խախտում այն հիմքով, որ 2005-2007 թվականների հարկվող շահույթը որոշելիս Տեսչություններ կայացրած շահութահարկի հաշվարկներում Ընկերությունը համախառն եկամուտն անհիմն նվազեցրել է եկամտի ստացման համար ոչ անհրաժեշտ ծախսով, այն է` Ընկերության աշխատակիցների փոխարեն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման դիմաց վճարված 1.006.000 ՀՀ դրամ ուսման վարձերի տեսքով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քննարկվող դեպքում Ընկերության աշխատակիցների` բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձի վճարումը չի կարող որակվել որպես կադրերի պատրաստման ծախս, որն իր էությամբ կապված է Ընկերության եկամտի ստացման հետ և անհրաժեշտ է Ընկերության եկամտի ստացման համար, առավել ևս, որ սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատության միջև առկա չէ որևէ պայմանագիր, որի համաձայն` բարձրագույն ուսումնական հաստատության կողմից պետք է իրականացվեր Ընկերության կադրերի պատրաստման աշխատանքները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարություն օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վարչական դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու ՀՀ վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի վերը նշված հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից: Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 08.01.2009 թվականի վճռի` ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության բանկերի և վարկային կազմակերպությունների հարկային տեսչության 19.06.2008 թվականի թիվ 1038594 ստուգման ակտի 1-ին կետի 2-րդ պարբերությամբ առաջադրված հարկային պարտավորությունների անվավեր ճանաչման մասը և այդ մասով վճիռը փոփոխել. «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ-ի հայցը` նշված պահանջի մասով, մերժել:

ՀՀ վարչական դատարանի 08.01.2009 թվականի վճռի մնացած մասը թողնել օրինական ուժի մեջ:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Է. Հայրիյանի

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ՎԴ/5547/05/08
Որոշում