ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վարչական դատարանի վճիռ Վարչական գործ թիվ ՎԴ/7081/05/08
Վարչական գործ թիվ ՎԴ/7081/05/08 2009 թ.
Նախագահող դատավոր` Գ. Ղարիբյան
ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ Վ. Աբելյանի
մասնակցությամբ դատավորներ` Մ. Դրմեյանի
Վ. Ավանեսյանի
Ա. Բարսեղյանի
Է. Հայրիյանի
Տ. Պետրոսյանի
Ե. Սողոմոնյանի
2009 թվականի օգոստոսի 11-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 18.04.2009 թվականի վճռի դեմ` ըստ Գևորգ Ճղլյանի հայցի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` Քաղաքապետարան) ճարտարապետահատակագծային առաջադրանքը տրամադրված ճանաչելու և կառուցապատման իրավունքը ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Գևորգ Ճղլյանը պահանջել է Երևանի քաղաքապետին 25.08.2008 թվականին ներկայացված հայտի հիման վրա ճարտարապետահատակագծային առաջադրանքը ճանաչել իրեն տրամադրված և այդ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա ճանաչել կառուցապատման իրավունքը:
ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 18.04.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը, չի կիրառել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածը, «Ճարտարապետահատակագծային առաջադրանք տալու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.08.2002 թվականի թիվ 1473-Ն որոշմամբ հաստատված կարգը (այսուհետ` Կարգ), որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.
Դատարանը պատճառաբանել է, որ Քաղաքապետարանի կողմից Գևորգ Ճղլյանի դիմումին ընթացք չտալու արդյունքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» կետի ուժով ճարտարապետահատակագծային առաջադրանքը վերջինիս համարվում է տրամադրված: Մինչդեռ, Դատարանի վճիռը չի պարունակում բավարար իրավական հիմնավորումներ ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման համար անհրաժեշտ համապատասխան ճյուղային օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանման վերաբերյալ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 18.04.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. Գևորգ Ճղլյանի հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Գևորգ Ճղլյանը Երևանի Աբովյան փողոցի 1/3 հասցեի 323.16 քմ ոչ բնակելի տարածքի սեփականատերն է (գ.թ. 8-10):
2) 25.08.2008 թվականին Գևորգ Ճղլյանը գրավոր դիմել է Երևանի քաղաքապետին` խնդրելով կառուցապատման իրավունքով 99 տարի ժամկետով սեփականության իրավունքով իրեն պատկանող Երևանի Աբովյան փողոցի 1/3 հասցեում գտնվող նկուղային տարածքին կից 70.0 քմ ստորգետնյա հողատարածքը հասարակական զուգարանների կառուցման համար և այդ նպատակով դեպի իր նկուղային տարածք մուտքի կազմակերպման համար տրամադրել նախագծային աշխատանքների համար հիմք հանդիսացող ճարտարապետահատակագծային առաջադրանք (գ.թ. 11):
3) Գևորգ Ճղլյանի 25.08.2008 թվականի դիմումին պատասխան չի տրվել:
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է մասնակիորեն հետևյալ պատճառաբանությամբ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն` դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմնի կողմից այդ ակտը չընդունվելու դեպքում վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օրենքի վերոհիշյալ դրույթը չի կարող մեկնաբանվել որպես հայցվող ցանկացած ակտի ընդունված լինելը հաստատող նորմ: Հայցվող վարչական ակտը, ինչպես նաև հայցվող իրավունքը պետք է հիմնված լինեն օրենքի հիման վրա, չխախտեն այլոց իրավունքներն ու ազատությունները: Հետևաբար, նշված նորմի բովանդակության մաս պետք է կազմի նաև հայցվող վարչական ակտի իրավաչափությունը, որի առկայությունը հաստատվելուց հետո միայն հնարավոր կլինի փաստել վարչական ակտի և դրա հիման վրա ծագող իրավունքի գոյությունը (տե՛ս, Սերգեյ Գասպարյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` վարչական ակտն ամբողջությամբ վերացնելու, վարչական մարմնին որոշակի գործողություններ կատարելուն պարտավորեցնելու և շինարարություն իրականացնելու իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ ՎԴ/5557/05/08):
Սույն գործով Դատարանը Գևորգ Ճղլյանի հայցը բավարարելիս պատճառաբանել է, որ Քաղաքապետարանը Գևորգ Ճղլյանի դիմումի հիման վրա չի հարուցել վարչական վարույթ և դիմումը չի քննարկել, հետևաբար լրացել է ճարտարապետահատակագծային առաջադրանքի տրամադրման կամ մերժման համար Կարգի 19-րդ կետով սահմանված 20-օրյա ժամկետը, ուստի նշված առաջադրանքը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի «ա» ենթակետի համաձայն, Գևորգ Ճղլյանին համարվում է տրամադրված:
Մինչդեռ, Դատարանը, հայցվող ճարտարապետահատակագծային առաջադրանքը Գևորգ Ճղլյանին տրամադրված ճանաչելով, ինչպես նաև ճանաչելով այդ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հիման վրա Երևանի Աբովյան փողոցի 1/3 հասցեի նկատմամբ նրա կառուցապատման իրականացման իրավունքը, գնահատման առարկա չի դարձրել դրանց իրավաչափության հարցը, հայցվող իրավունքի` օրենքի և նորմատիվ իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանելու, այլոց իրավունքներն ու ազատությունները չխախտելու հանգամանքները:
Վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արդեն իսկ անդրադարձել է դատական ակտերի հիմնավորվածության իրավական խնդրին (տե՛ս` Հայկ Աբրահամյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության` 25.06.2008 թվականի թիվ 1307601 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 17.04.2009 թվականի թիվ ՎԴ /4466/05/08 որոշումը), ուստի սույն որոշմամբ աննպատակահարմար է համարում կրկին անդրադառնալ տվյալ իրավական խնդրին:
Բացի այդ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ Գևորգ Ճղլյանի կողմից ներկայացված հայցապահանջները ենթակա չեն դատարանում քննության հետևյալ պատճառաբանությամբ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որևէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել նույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:
Նույն օրենսգրքի 66-րդ հոդվածի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
Այսպիսով, վերոհիշյալ երկու հոդվածների համեմատական վերլուծությունից հետևում է, որ ճանաչման հայցում, երբ պարտավորեցման հայց ներկայացնել հնարավոր չէ: Մինչդեռ, սույն գործի փաստերի համաձայն` չի բացառվել Քաղաքապետարանից կարող է ներկայացվել այն դեպքին համապատասխան վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հայցի հարուցման հնարավորությունը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտերի վերանայման արդյունքում Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը և կարճում է գործի վարույթն ամբողջովին կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում հայցն ամբողջովին կամ դրա մի մասը:
Վերոնշյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն վարչական գործի վարույթը ենթակա է կարճման` այն Դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 18.04.2009 թվականի վճիռը և գործի վարույթը կարճել:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Վ. Աբելյան
Դատավորներ` Մ. Դրմեյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Է. Հայրիյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան