Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 36-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վարչական դատարանի վճիռ             Վարչական գործ թիվ ՎԴ/7365/05/08

    Վարչական գործ թիվ ՎԴ/7365/05/08                               2009 թ.

Նախագահող դատավոր`   Գ. Ղարիբյան

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ`                Ե. Սողոմոնյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

 

2009 թվականի հուլիսի 24-ին

 

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական դատարանի 26.03.2009 թվականի վճռի դեմ` ըստ «Սլաք» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն)` 23.10.2008 թվականի թիվ 2301017 ակտի 3-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 23.10.2008 թվականի թիվ 2301017 ակտի 3-րդ կետը:

ՀՀ վարչական դատարանի (այսուհետ` Դատարան) 26.03.2009 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը չի կիրառել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» ենթակետը, «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ, 25-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 22.12.2005 թվականի «Սննդի ապահովման ծառայություններին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 2313-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը (այսուհետ` Կանոնակարգ):

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք փաստացի պարզել են, որ Ընկերության հանրային սննդի օբյեկտները համապատասխանում են Կանոնակարգի 5-րդ կետով բարերում իրականացվող գործունեության համար սահմանված պահանջներին, ուստի տվյալ դեպքում վիճարկվող ակտով արձանագրված խախտումն առկա է, քանի որ այն փաստացի հայտնաբերվել է ստուգման պահին:

Դատարանը վճռի հիմքում դրել է նաև այն հանգամանքը, որ Ընկերությանը տրված սերտիֆիկատներով նշված օբյեկտները համարվում են սրճարաններ: Մինչդեռ նշված սերտիֆիկատները տրվել են ավելի վաղ. այսպես` Թումանյան 10 հասցեի համար տրվել է 2005 թվականին, իսկ Նալբանդյան 43, Կորյունի 10 և Տերյան 62-64 հասցեների համար` 2007 թվականին, և հնարավոր է, որ դրանց տրման պահին գործունեությունը համարվել է սրճարանային, սակայն ստուգման պահին գործունեությունը հանդիսացել է բարային: Հետևաբար տվյալ դեպքում հիմք պետք է ընդունել փաստացի գործունեությունը:

Բացի այդ, ստուգման ընթացքում կատարվել են նաև ֆոտոնկարահանումներ, որոնք ևս վկայում են, որ Ընկերության` նշված հասցեներում գործող հանրային սննդի օբյեկտներն իրենց բնույթով և իրականացրած գործունեության տեսակով իրականում բարեր են:

Ինչ վերաբերում է գիշերային ժամերին Ընկերության աշխատելուն, ապա տվյալ հանգամանքը հաստատվում է հսկիչ-դրամարկղային մեքենաների «Z» հաշվետվություններով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Դատարանի 26.03.2009 թվականի վճիռը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության պետի 22.10.2008 թվականի թիվ 2301017 հանձնարարագրի հիման վրա Տեսչության աշխատակիցներն Ընկերությունում իրականացրել են հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների ճշտության ստուգում (գ.թ. 9):

2) Ստուգման արդյունքում 23.10.2008 թվականին կազմվել է թիվ 2301017 ակտը, որի 3-րդ կետով արձանագրվել է, որ Ընկերությունը Տեսչություն է ներկայացրել հանրային սննդի հաստատագրված վճարների ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարություն Տերյան 62-64, Թումանյան 10 և Նալբանդյան 43/24 հասցեների համապատասխանաբար 59 քմ, 77 քմ և 121.5 քմ շինությունների ներսում հուլիս-դեկտեմբեր ամիսների համար` 25.06.2008 թվականին, իսկ Կորյունի 10 հասցեի 136 քմ շինության ներսում սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար` 11.09.2008 թվականին:

Մինչդեռ աշխատելով գիշերային ժամերին` 24:00-ից մինչև 3:00-ը, չի ներկայացրել «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» կետով նախատեսված լրացուցիչ 2.0 գործակիցը, ինչի արդյունքում հաստատագրված վճարի գծով Ընկերությանը լրացուցիչ գանձման է առաջադրվել 4.256.600 ՀՀ դրամ (գ.թ. 6-8):

3) «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն Ընկերությանը տվել է Երևանի Կորյունի 10 հասցեում 24.09.2007 թվականից մինչև 24.09.2010 թվականը գործողության ժամկետով թիվ AST B01.C-0281-2007, Երևանի Տերյան 62-64 հասցեում 03.12.2007 թվականից մինչև 03.12.2010 թվականը գործողության ժամկետով թիվ AST B01.C-0353-2007, Երևանի Թումանյան 10 հասցեում 15.12.2005 թվականից մինչև 15.12.2008 թվականը գործողության ժամկետով թիվ AST B01.C-0289-2005 և Երևանի Նալբանդյան 43 հասցեում 05.03.2007 թվականից մինչև 05.03.2010 թվականը գործողության ժամկետով թիվ AST B01.C-0032-2007 համապատասխանության սերտիֆիկատները, որտեղ վերոնշյալ հանրային սննդի օբյեկտները նշված են որպես սրճարաններ, իսկ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տված 20.02.2008 թվականի թիվ 25/5, 30.07.2008 թվականի թիվ 292/5, 28.11.2008 թվականի թիվ 352/4 և 18.02.2009 թվականի թիվ 25 համապատասխանության հսկողության ակտերի համաձայն` համապատասխանության հսկողության դրական արդյունքների հիման վրա նշված սերտիֆիկատները թողնվել են ուժի մեջ (գ.թ. 10-13, 60, 62, 63, 68):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի «բ» ենթակետի համաձայն` հաստատագրված վճարի հաշվարկման համար ուղղիչ գործակիցներն են` բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (24:00-ից մինչև 6:00) աշխատող բարերի համար լրացուցիչ` 2.0:

Նշված օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք` պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 50 տոկոսի չափով:

«Հարկերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Նշված օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով բյուջե չմուծված կամ պակաս մուծված հարկերի գումարի տասը տոկոսի չափով:

Կանոնակարգի 5-րդ կետի համաձայն` նույն տեխնիկական կանոնակարգում կիրառվում են հետևյալ հասկացությունները`

սրճարան` սպառողների սննդի և հանգստի ապահովման կազմակերպություն, ռեստորանի համեմատությամբ արտադրատեսակի սահմանափակ տեսականիով, որն իրացնում է նաև պատվիրված և ֆիրմային կերակրատեսակներ, արտադրատեսակներ, խմիչք, բար` սննդի ապահովման (հանրային սննդի) կազմակերպություն` հատուկ կանգնակով, որն իրացնում է պատվիրված և ֆիրմային, թունդ ալկոհոլային, թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ակրատներ, խմորեղեն, բուլկեղեն:

Նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ սրճարանը և բարը հանրային սննդի ծառայություններ մատուցող կազմակերպություններ են, որոնք կառուցվածքով և գործառնական նշանակությամբ էականորեն միմյանցից տարբերվում են: Եթե սրճարանը սպառողների սննդի և հանգստի ապահովման կազմակերպություն է, որը մատուցում է ռեստորանի համեմատությամբ արտադրատեսակի սահմանափակ տեսականի, ինչպես նաև պատվիրված և ֆիրմային կերակրատեսակներ, արտադրատեսակներ, խմիչք, ապա բարը միայն սննդի ապահովման կազմակերպություն է, որն ունի հատուկ կանգնակ, իրացնում է պատվիրված և ֆիրմային, թունդ ալկոհոլային, թույլ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, ակրատներ, խմորեղեն, բուլկեղեն:

Ի տարբերություն սրճարանի, բար-վարիետեների, բեմական ցուցադրումներ ունեցող հանրային սննդի այլ վայրերի (օբյեկտների), ինչպես նաև գիշերային ժամերին (24:00-ից մինչև 6:00) աշխատող բարերի հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով ուղղիչ գործակից է սահմանված լրացուցիչ 2.0 գործակիցը: Հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգի պահանջների խախտումը հաստատագրված վճար վճարողի համար առաջացնում է հարկային օրենսդրությամբ սահմանված որոշակի անբարենպաստ հետևանքներ: Հարկային օրենսդրության իմաստով այդպիսի անբարենպաստ հետևանքներ են տույժերի և տուգանքների կիրառումը:

Սույն գործով հայցի բավարարման հիմքում Դատարանը դրել է այն փաստարկները, որ Ընկերության սպառողների սննդի և հանգստի ապահովման բոլոր օբյեկտները սրճարաններ են, և դրանց նկատմամբ հաստատագրված վճարի հաշվարկման համար օրենքով նախատեսված ուղղիչ գործակիցներ չեն կիրառվում: «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն Ընկերությանը տվել է համապատասխանության սերտիֆիկատներ, որոնցով հանրային սննդի օբյեկտները դիտվել են «սրճարաններ», դրանից հետո նշված օբյեկտներում իրականացվել են համապատասխանության հսկողություններ, ծառայության վերլուծություններ, որոնց արդյունքում կազմված համապատասխանության հսկողության ակտերով տեխնիկական պահանջների խախտումներ չեն արձանագրվել:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը որևէ կերպ չի պատճառաբանել նշված համոզմունքի ձևավորումը և Երևանի Տերյան 62-64, Թումանյան 10, Նալբանդյան 43/24 և Կորյունի 10 հասցեներում գործող Ընկերության հանրային սննդի կազմակերպությունների գործունեության տեսակի վերաբերյալ առանց բավարար հիմքերի հանգել է սխալ հետևության, քանի որ վիճարկվող ակտի և գործում առկա լուսանկարների ուսումնասիրությունից հետևում է, որ Ընկերության նշված հասցեներում գործող հանրային սննդի կազմակերպությունների գործունեությունը համապատասխանում է Կանոնակարգի 5-րդ կետով սահմանված բարերի գործունեությանը ներկայացվող պահանջներին` դրանցում ակնհայտ է բարերին բնորոշ կանգնակի առկայությունը, ինչպես նաև խմիչքների տեսականիների բազմազանությունն այն դեպքում, երբ սրճարանը բնորոշվում է ռեստորանի համեմատությամբ արտադրատեսակի սահմանափակ տեսականիով, իսկ այդ օբյեկտների գիշերային ժամերին աշխատելու հանգամանքը հաստատվել է գործում առկա հսկիչ-դրամարկղային մեքենաների «Z» հաշվետվություններով:

Ինչ վերաբերում է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի Ընկերությանը տված համապատասխանության սերտիֆիկատներին, կազմված համապատասխանության հսկողության ակտերին, որոնցով փաստվել է Ընկերության հանրային սննդի օբյեկտների համապատասխանությունը սրճարաններին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև այն հանգամանքին, որ իրականացված համապատասխանության հսկողության արդյունքում տեխնիկական պահանջների խախտումներ չեն արձանագրվել, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի հետևություններն այդ մասով նույնպես անհիմն են, քանի որ Տեսչության վիճարկվող ակտի կայացման համար հիմք է հանդիսացել Ընկերության հանրային սննդի օբյեկտների փաստացի գործունեությունը և ստուգման ընթացքում հայտնաբերված հաստատագրված վճարի հաշվարկման և վճարման կարգի խախտումները, որոնց նկատմամբ հսկողությունը «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով վերապահված է Տեսչությանը:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Դատարանի վճիռը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է ՀՀ Սահմանադրության և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի նույն հոդվածներով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական դատարանի 26.03.2009 թվականի վճիռը և այն փոփոխել. «Սլաք» ՍՊԸ-ի հայցը մերժել:

2.»Սլաք» ՍՊԸ-ից հօգուտ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրք:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ե. Սողոմոնյան

Վ. Աբելյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
24.07.2009
N ՎԴ/7365/05/08
Որոշում