Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏ ...

 

 

040.0782.170709

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունիսի 2009 թվականի N 782-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(9-րդ մաս)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ 2010-2013 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

(9-րդ մաս)

 

566. Բնապահպանության ոլորտում օրենսդրությունը մարզպետների համար նախատեսել է գործունեության որոշակի շրջանակ: «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» ՀՀ Նախագահի 1997 թ. մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.20 կետի համաձայն, բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում Սյունիքի մարզպետը`

1) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում

2) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում համապատասխան մարմիններին

3) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը

4) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ:

567. Բնագավառի խնդիրներով զբաղվելու իրավասություններ ունեն նաև տեղական ինքնակառավարման մարմինները: 1996 թվականին ընդունված և մինչև 2002 թվականը գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև բնապահպանության ոլորտը կարգավորող մինչև 2001 թվականն ընդունված ՀՀ օրենսդրական այլ ակտերը հիմնականում չէին պարունակում համայնքներին բնապահպանության ոլորտում համապատասխան լիազորություններով, պարտականություններով և պատասխանատվությամբ օժտող դրույթներ: Սակայն դրանից հետո իրավիճակը շտկվեց: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ նոր օրենքի 32-րդ հոդվածի համաձայն համայնքի ղեկավարը օրենքով կամ կառավարության սահմանած կարգով վարում է համայնքի բնապահպանական կադաստրը, 45-րդ հոդվածի համաձայն` բնության և շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացնում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, շրջակա միջավայրի պահպանության կազմակերպման` պարտադիր, ինչպես նաև պետության կողմից պատվիրակված հետևյալ լիազորությունները

1) վերահսկողություն է իրականացնում բնության պահպանության բնագավառում, կազմակերպում է ընդերքի, անտառային, ջրային և օդային տարածքների, ինչպես նաև բուսական ու կենդանական աշխարհի օգտագործման և պահպանման միջոցառումները

2) ապահովում է հողերի պահպանությունը հողատարումից, ողողումներից, ճահճացումից, քիմիական, ռադիոակտիվ նյութերով և արտադրական թափոններով աղտոտումից:

568. Բնապահպանության ոլորտը Սյունիքում ներկայացված է նաև որոշակի ինստիտուցիոնալ համակարգով: Մարզում բնապահպանությանը հիմնականում առնչվում են հետևյալ կառուցվածքային միավորները`

1) ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունը

2) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը

3) Մարզի անտառտնտեսությունները, որոնք գործում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության գերատեսչական ենթակայության տակ

4) ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության Հարավային ջրավազանային կառավարման տարածքային բաժինը

5) Բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, մարզում գործող Օրհուս կենտրոնները:

569. Այսպիսով մարզում բնապահպանական իրավիճակը կառավարվում է որոշակի օրենսդրական և ինստիտուցիոնալ համակարգերի միջոցով:

 

Անտառներ, կենսաբազմազանություն, բնատարածքներ

 

570. Բնապահպանական առումով Սյունիքի մարզի ուժեղ կողմերից է լեռների ու անտառների առկայությունը: Հայաստանի Հանրապետության անհամաչափ տեղաբաշխված անտառածածկ տարածքները զբաղեցնում են Հանրապետության մակերեսի մոտ 11,2 տոկոսը և երկրում հարաբերականորեն անտառածածկ են համարվում Հյուսիսում` Տավուշի և Լոռու մարզերը, իսկ Հարավում` միայն Սյունիքի մարզը: Սյունիքի ընդհանուր անտառային ֆոնդը կազմում է 94825 հա, ներառյալ 68912 հա անտառները և 25913 հա թփուտները: Սյունիքի մարզի անտառածածկ տարածքները գտնվում են մարզի հարավային հատվածում և դրանց մի մասը ներկայացված է նաև արգելոցների և արգելավայրերի տեսքով: Մարզի դիրքը և ռելիեֆը նպաստել են կենսաբազմազանության մեծ տեսականու, էնդեմիզմի բարձր մակարդակի և հարուստ ագրոկենսաբազմազանության ձևավորմանը: Մարզը Հայաստանի այն տարածքներից է, որոնք ունենալով հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, միաժամանակ ենթարկվում են այն վտանգող մարդածին և տեխնածին մի շարք գործոնների ազդեցությունը: Այդ ազդեցության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի, էկոհամակարգերի և դրանց համակեցությունների տեսակային կազմի փոփոխություն, ընդհուպ առանձին տեսակների ոչնչացում, կենսառեսուրսների գերօգտագործում, աղտոտում: Մարզում ԲՀՊՏ-ը (արգելոցներ, բնության հուշարձաններ) կազմում են Սյունիքի մարզի մակերեսի մոտ 10%-ը: Լանդշաֆտային և կենսաբանական հարուստ բազմազանություն և բնական էկոհամակարգերի վրա անտրոպոգեն ու տեխնոգեն ակտիվ ճնշում ունեցող մարզի համար պահպանվող տարածքների նշված քանակությունը խիստ անբավարար է: ԲՀՊՏ-ում անբավարար են ներկայացված մարզի համար սոցիալ-տնտեսական և բնապահպանական, այդ թվում նաև կենսաբազմազանության պահպանության առումով մեծ նշանակություն ունեցող լեռնային, մարգագետնաարոտավայրային և անտառային էկոհամակարգերը: 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ Սյունիքում գործում են Շիկահողի արգելոցը, Բողաքարի, Գորիսի, «Սև լիճ» և «Սոսու պուրակ» արգելավայրերը (Հավելված 8.1): Սյունիքի մարզի բնության հուշարձանների ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 2008 թ. օգոստոսի 14-ի N 967 որոշմամբ, որը խմբագրվել է ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 8-ի N 53 որոշմամբ: Ըստ նոր խմբագրված տարբերակի մարզում կա ՀՀ բնության 56 հուշարձան, որից` 20-ը` երկրաբանական, 16-ը ջրաերկրաբանական, 13-ը` ջրագրական, 4-ը` բնապատմական, 3-ը` կենսաբանական (Հավելված 8.2):

571. Անտառներով համեմատաբար հարուստ Սյունիքը գտնվում է որոշակի հակասական վիճակում` մի կողմից առկա են հարուստ և գեղատեսիլ անտառներ, իսկ մյուս կողմից` հանքային պաշարներով` մետաղներով, քարերով հարուստ ընդերքը հանքարդյունահանվում է, որը սոցիալ-տնտեսական դրական հետևանքների հետ մեկտեղ մարզում առաջացրել է բնապահպանական բազում խնդիրներ:

572. Գործող հանքարդյունաբերությանը զուգահեռ իրականացվում է նաև հանքային պաշարների հետազոտություն և գնահատում, որը կարող է մարզի տարածքում փոխել հանքարդյունաբերության աշխարհագրությունը: Հանքարդյունաբերության տեղաշարժը, կլուծի բազմաթիվ ռազմավարական հարցեր, բայց էկոլոգիայի տեսանկյունից լուրջ մտահոգությունների պատճառ է, քանի որ` որքան շատանան հանքավայրերը, այնքան կմեծանա շրջակա միջավայրի աղտոտվածությունը, կվտանգվի անտառների ճակատագիրը:

573. Մարզի անտառտնտեսությունների գործունեությունը լուրջ բարեփոխումների խնդիր ունի: Այդ ձեռնարկություններին պետական բյուջեից տրվող սահմանափակ աջակցությունը ստիպում է նրանց նորմալ տնտեսվարելու համար առավելագույն կերպով օգտագործել անտառը, միևնույն ժամանակ չավելացնելով անտառվերականգնման ծախսերը: Անտառում այս իմաստով տնտեսվարելու և՛ հնարավորություն և՛ անհրաժեշտություն չկա, այլ անհրաժեշտ է անտառային օրենսգրքով սահմանված անտառների կայուն կառավարում: Սյունիքի անտառներն այդ «ինքնապահպանման-ինքնածախսածածկման» ներուժը, ռեսուրսներն ու հնարավորությունները չունեն և այս առումով միայն ազգային-պետական աջակցության և ներդրումների շնորհիվ է, որ անտառները կարող են երկար ժամանակաշրջանի ընթացքում պահպանվել, վերականգնվել և փոխանցվել սերունդներին:

574. Որպես եկամտի ստացման աղբյուր անտառը պետք է շահագործվի այնքան, որքան նա կարող է տալ` միաժամանակ պահպանելով իր ինքնավերականգնման հնարավորությունը և ոչ ավելին: Պարզ է, որ փայտանյութի պաշարները որոշակի սահմանից այն կողմ չեն կարող օգտագործվել և այստեղ չափից անցումը անտառի ինքնավերականգնման կարողությանը լուրջ վնաս կարող է հասցնել: Սյունիքի անտառներում բացի փայտանյութից կան նաև բավական քանակությամբ պտղատու ծառեր ու թփուտներ, որոնց պտուղները կարելի է արդյունաբերական ծավալներով օգտագործել պահածոների, հյութերի, դեղաբույսերի արտադրություն կազմակերպելու համար:

575. Սյունիքի անտառները նաև առողջարար և գեղատեսիլ են: Անտառների, որոշակի չափով նաև բուժիչ հանքային ջրերի, պատմամշակութային հուշարձանների, ռելիեֆի այս ձևավորված ամբողջությունը խոսում է մարզում առողջարաններ հիմնելու, ինչպես նաև զբոսաշրջությունը զարգացնելու մեծ ներուժի մասին:

576. Կարևոր է համայնքների, հասարակության լայն շերտերի մասնակցությունը անտառի պահպանության հարցերում: Այստեղ համայնքների, հասարակության և պետության փոխհամաձայնեցված, ներդաշնակ գործունեությունը կարող է ապահովվել միայն տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակության լայն խավերի, հասարակական կազմակերպությունների ակտիվ ներգրավման միջոցով: Օրենսդրական որոշակի բազա կա (ՀՀ Սահմանադրություն, ՀՀ միջազգային պայմանագրեր, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենք, ՀՀ Անտառային օրենսգիրք և այլն), հասարակությանը նույնպես այս գործընթացներում ներգրավելու համար և այդ ներգրավվածությունը որոշակի չափով առկա է, սակայն այն բավարար համարել չի կարելի, քանզի ակնկալվում է ավելի մեծ մասնակցություն այս խնդիրներին: Ինչ-որ տեղ հասարակության անբավարար մասնակցությունն այստեղ հենց մարդկանց մի ստվար հատվածի կրավորական դիրքորոշման արդյունք է:

577. Հասարակության անդամները նաև կոնկրետ համայնքների բնակիչներ են: Մի շարք բնակավայրեր տեղադրված են անտառաշատ տարածքներում և կարծես թե այդ բնակավայրերի բնակչությունը ամենասերտ հոգեկան, ֆիզիկական, փոխներգործուն կապի մեջ է գտնվում տվյալ բնակավայրի անտառի հետ: Այսօր անտառային հարցերով հիմնականում որոշումներն ընդունվում են իշխանության բարձր մակարդակներում, բայց ստացվում է այնպես, որ անտառկառավարմանը վերաբերող մի շարք հարցեր ունեն ոչ միայն ազգային պետական այլ նաև տվյալ համայնքների համար համայնքային նշանակություն: Ցանկալի է, որ այս իրողությունը բոլոր դեպքերում հաշվի առնվի և պրակտիկայում ավելի շատ հնարավորություն ստեղծվի նաև համայնքներում քննարկել անտառկառավարման հարցերը և մասնակցել որոշումների ընդունման գործընթացին:

578. Սյունիքի մարզում համայնքների վարչական սահմաններում գտնվող անտառների կայուն կառավարումն իրականացվում է անտառտնտեսությունների կողմից: Մեկ անգամ չէ, որ քննարկվել են անտառների կայուն կառավարումը տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնելու խնդիրները: Խնդիրը կարևոր նշանակություն ունի և դեռ ենթակա է քննարկումների: Այստեղ մոտեցումը հետևյալն է` եթե համայնքային անտառկառավարումը կարող է նպաստել անտառի պահպանմանը, ինքնավերականգնմանը և ապահովել օպտիմալություն, ապա անտառների մի մասը համապատասխան համայնքների կառավարմանը հանձնելը կարող է արդյունավետ լինել:

579. Սյունիքի անտառներին լուրջ վնաս հասցրեցին 1990-ական թթ. կատարված անտառհատումները, որոնք պայմանավորված էին տնտեսական ու էներգետիկ ճգնաժամով` Էլեկտրաէներգիայի, գազի մատակարարման, կենտրոնացված ջերմամատակարարման բացակայությամբ: Էներգետիկ իրավիճակի բարելավման շնորհիվ անտառհատումները զգալիորեն նվազել են, տեղի է ունենում մարզի բնակավայրերի գազիֆիկացում, որը զգալիորեն կրճատում է բնակչության վառելափայտի պահանջարկը: Գործընթացը հնարավորություն կտա հատկապես անտառներին մոտ գտնվող գյուղերում զգալիորեն կրճատել անտառհատումները և բարձրացնել անտառի ինքնավերականգնման ներուժը:

580. Անտառի պահպանմանը կնպաստեն նաև մարզում աղքատության հաղթահարման խնդիրները, բնապահպանական խնդիրներին բնակչության իրազեկումը, էկոդաստիարակությունը և այլն:

Վերոնշյալ բոլոր հարցերի վերաբերյալ մարզպետարանում պարբերաբար անց են կացվում քննարկումներ, որոնց արդյունքում ձևավորված կարծիքները, առաջարկությունները ներկայացվում են ՀՀ կառավարությանը, իրավասու պետական, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններին, կազմակերպություններին:

 

Ջրային ավազան

 

581. Մարզի տարածքով են հոսում Հանրապետության երեք խոշոր գետեր` Արաքսը (Մեղրիի տարածաշրջանի և Իրանի սահմանով), Որոտանը և Ողջին: Այստեղ են գտնվում նաև Գազանա, Կապույտ, Ալ, Սև փոքր լճերը և Սպանդարյանի, Բալաքի, Տոլորսի, Շամբի, Դավիթ-Բեկի և Գեղիի (շինարարությունն անավարտ է) ջրամբարները:

 

Աղյուսակ 8.1 Հարավային ջրավազանային կառավարման տարածքի գետավազանները

 

.__________________________________________________________________.

|Գետավազան Նկարագիր                                  |    Հոսք     |

|                                                    |(մլն.մ3/տարի)|

|____________________________________________________|_____________|

|Որոտան   |Որոտան գետն իր վտակներով` Գորիս, Վարարակ, |    725      |

|         |Դալի, Լորագետ, Սիսիան, Շաքի և  մանր ու    |             |

|         |միջին այլ վտակներ                         |             |

|_________|__________________________________________|_____________|

|Ողջի     |Ողջի գետն իր վտակներով` Աճանան, Գեղի և    |    502      |

|         |այլ բազմաթիվ փոքր գետեր                   |             |

|_________|__________________________________________|_____________|

|Մեղրի    |Մեղրի գետն իր փոքր գետերի ջրհավաքներով    |    166      |

.__________________________________________________________________.

 

Աղյուսակ 8.2. Սյունիքի խոշոր լճերի և ջրամբարների բնութագրերը

 

.__________________________________.

|Անվանումը       |Ծավալը  |Հայելու |

|                |(մլն.մ3)|մակերեսը|

|                |        |(հա)    |

|________________|________|________|

|Սև  լիճ (27080) |  9.0   |    2   |

|________________|________|________|

|Սպանդարյան (ջր.)|  257   |  1025  |

|________________|________|________|

|Տոլորս          |  96.8  |   480  |

|________________|________|________|

|Քարահունջ       |  1.27  |  18.3  |

|________________|________|________|

|Շամբ            |  13.6  |   112  |

|________________|________|________|

|Դավիթ-Բեկ       |   2.5  |   14   |

|________________|________|________|

|Գեղի            |   15   |   35   |

.__________________________________.

 

582. Արդյունաբերական կեղտաջրերով աղտոտված միակ գետը Ողջին է: Այն հիմնականում աղտոտվում է թափոնակուտակիչներում խոշոր մասնիկներից մաքրված Քաջարանի և Կապանի կոմբինատների տեխնոլոգիական կեղտաջրերով` մարզի հարավ-արևելյան սահմանի մոտակայքում:

583. Արդյունաբերական կեղտաջրերը հիմնականում աղտոտված են պղնձամոլիբդենային հանքաքարի հանքահարստացման (ֆլոտացիայի) ընթացքում օգտագործված ռեագենտների մնացորդներով (քսանտոգենատ, սոլյարայուղ, նատրիումի սուլֆիդ, տեխնիկական յուղեր, կիր և այլն):

584. Թափոններն առաջանում են լեռնահանքային արտադրության ընթացքում և իրենցից ներկայացնում են հանքահանման ժամանակ առանձնացված դատարկ ապարներ, կամ հանքահարստացման արդյունքում առանձնացված վտանգավոր թափոններ` պոչեր: Վերջիններիս ազդեցությունը շրջակա միջավայրի վրա նվազեցնելու նպատակով հատուկ թափուկատարով` (հիմնականում թունելախորշերով անցկացված) տեղափոխվում և կուտակվում են թափոնակուտակիչներում (Քաջարանի, Կապանի և Արծվանիկի): Այդ նպատակով լեռնահանքային ոլորտի արդյունաբերական ձեռնարկությունները ծախսում են զգալի ֆինանսական միջոցներ:

585. Օդային ավազանն աղտոտվում է հիմնականում արդյունաբերական ձեռնարկությունների, ավտոտրանսպորտի արտանետումներից: Մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքներով` Հանրապետության առավել աղտոտված բնակավայրերի ցանկում Սյունիքի քաղաքները բացակայում են (ԿԶԾ կետ 768): Ստացիոնար աղբյուրներից արտանետումների կրճատման համար հեռանկարային լուծումը բնապահպանական տեսակետից նախընտրելի տեխնոլոգիաների ներդրման համար պետության կողմից նպաստավոր միջավայրի քաղաքականության մշակումն է: Մարդկանց առողջության և կյանքի որակի ապահովման համար կարևորվում է նաև քաղաքներում կանաչ տարածքների, ռեկրեացիոն գոտիների պահպանման և համաչափ զարգացման խնդիրը, որը առավել կարևորվում է ամառվա ամիսներին ջերմային սթրեսներին հարմարվելու համար:

586. Մարզում բնապահպանության օրենսդրության խախտումների պատկերը տրված է Աղյուսակ 8.3-ում:

 

Աղյուսակ 8.3. ՀՀ Սյունիքի մարզում բնապահպանության օրենսդրության խախտումները 2008 թվականին

 

._________________________________________________________________.

|Հ.Հ|  Ցուցանիշներ                             |Չափի     |Քանակը  |

|   |                                          |միավորը  |        |

|___|__________________________________________|_________|________|

|1  |Ստուգված օբյեկտների քանակը                |Միավոր   |      37|

|___|__________________________________________|_________|________|

|2  |Հայտնաբերված խախտումների քանակը           |Միավոր   |      51|

|___|__________________________________________|_________|________|

|3  |Վարչական տույժի համար սահմանված գումար    |Հազ. դրամ|    1620|

|___|__________________________________________|_________|________|

|4  |Վարչական տույժի ենթարկվածների քանակը      |Մարդ     |      30|

|___|__________________________________________|_________|________|

|5  |Վնասի հատուցման գումարն ըստ               |Հազ. դրամ|134430.2|

|   |արձանագրությունների                       |         |        |

|___|__________________________________________|_________|________|

|6  |Վնասի հատուցման արձանագրությունների քանակը|Միավոր   |      24|

|___|__________________________________________|_________|________|

|7  |Հայտնաբերված խախտումների քանակը մարզի     |Միավոր   |    33.4|

|   |100000 բնակչի հաշվով                      |         |        |

|___|__________________________________________|_________|________|

|8  |Վարչական տույժի համար սահմանված գումարը   |Հազ. դրամ|      54|

|   |վարչական տույժի ենթարկված մեկ անձի հաշվով |         |        |

|___|__________________________________________|_________|________|

|9  |Վնասի հատուցման գումարն այդ նպատակով      |Հազ. դրամ|  5601.3|

|   |կազմված մեկ արձանագրության հաշվով         |         |        |

._________________________________________________________________.

 

Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ աշխատակազմի Սյունիքի մարզային գործակալության տվյալներ:

 

587. Մարզում բնապահպանության ոլորտը բնութագրող մի շարք ցուցանիշների վերաբերյալ տվյալները ներկայացված են Աղյուսակ 8.4-ում

 

Աղյուսակ 8.4. Բնապահպանության ոլորտում ՀՀ Սյունիքի մարզի իրավիճակը բնութագրող մի քանի ցուցանիշներ (Աղբյուրը` ՀՀ ԱՎԾ տվյալներ)

 

._____________________________________________________________________.

|Հ.Հ|                 Ցուցանիշը                    |  2006 թ.|  2007  |

|___|______________________________________________|_________|________|

|1  |Մթնոլորտային արտանետումներ անշարժ             |    259.1|   258.6|

|   |աղբյուրներից (տոննա)                          |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|2  |Մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի         |    57.5 |    57.4|

|   |քանակը մեկ քառ. կմ-ի հաշվով,                  |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|3  |Մթնոլորտ արտանետված փոշու քանակը (տոննա)      |    124.8|   124.8|

|___|______________________________________________|_________|________|

|4  |Բնապահպանական ընթացիկ ծախսերի իրականացումը    |    161.5|   273.2|

|   |(մլն դրամ)                                    |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|5  |Բնապահպանական հիմնական արտադրական             |   9429.9|  9903.1|

|   |միջոցների փաստացի արժեքները (մլն դրամ)        |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|6  |Բնապահպանական հիմնական արտադրական միջոցների   |  1885981| 2475785|

|   |արժեքները հիմնական արտադրական միջոցներ ունեցող|         |        |

|   |մեկ կազմակերպության հաշվով (հազ. դրամ)        |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|7  |Բնապահպանական հիմնական արտադրական միջոցների   |  26732.4|  111276|

|   |հիմնավերանորոգման համար իրականացվող ծախսերը   |         |        |

|   |(հազ. դրամ)                                   |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|8  |Բնապահպանական և  բնօգտագործման վճարներ        |  2751781|15021.2*|

|   |(հազ. դրամ)                                   |         |        |

|___|______________________________________________|_________|________|

|8.1|Բնապահպանական վճարներ (հազ. դրամ)             |  17976.1| 1892.7*|

|___|______________________________________________|_________|________|

|8.2|Բնօգտագործման վճարներ (հազ. դրամ)             |2733805.1|13128.5*|

._____________________________________________________________________.

 

________________________

(* - Աստղանիշով նշված տվյալները վերցված են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից)

 

8.2 Բնապահպանության ոլորտի խնդիրները և ռազմավարությունը

 

588. Սյունիքի մարզում բնապահպանության ոլորտում անհրաժեշտ է իրականացնել հետևյալը.

1) Մարզի արդյունաբերաբնապահպանական համալիր ծրագրի ընդունում և իրականացում, որը կնպաստի մարզի սոցիալ-տնտեսական հզորացմանը: Մարզում գերակայություն է հատկապես հանքարդյունաբերական և բնապահպանական ռազմավարությունների համադրումը, որը հնարավորություն կտա ապահովել հանքարդյունաբերության վերազինումը ժամանակակից անթափոն, էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաներով, նվազեցնել շրջակա միջավայրի և մասնավորապես` անտառների աղտոտումը: Արդյունաբերական և բնապահպանական ռազմավարության մեջ հնարավոր տարբերակ է ընդհանրապես անտառային կամ դրանց մոտ տարածքներում երկար ժամանակով հանքարդյունահանման արգելումը` մինչև եկող սերունդների կողմից նոր, արդիական տեխնոլոգիաների կիրառումը

2) Տնտեսական աճին զուգընթաց լավագույն, բնապահպանական տեսակետից անվտանգ և ռեսուրսախնայող տեխնոլոգիաների ներդրման խթանում` ապահովելով վնասակար արտանետումներ ունեցող հին տեխնոլոգիաների դուրսմղումը

3) Մարզում ձեռնարկությունների բնապահպանական վարկանշման մեխանիզմների, այդ թվում` միջազգային ISO ստանդարտների մշակույթի կիրառում

4) Տնտեսագիտորեն հիմնավորված` բնօգտագործման վճարների համակարգի կիրառում, որը կապահովի նոր հանքավայրերի խնայողաբար շահագործումը

5) Պոչամբարների և տարբեր պատճառներով լքված և չշահագործվող հանքավայրերի էկոլոգիական իրավիճակի բարելավմանը նպատակաուղղված ռեկուլտիվացիայի ծրագրերի իրականացում, որն անհրաժեշտ է ջրային ռեսուրսների և հողերի հետագա աղտոտումը կանխարգելելու և բնական էկոհամակարգերը վերականգնելու համար: Բնապահպանական վճարների դրույքաչափերի ավելացում` շրջակա միջավայրն աղտոտող ձեռնարկությունների մոտ աղտոտման ծավալների նվազման գծով վարքագծի փոփոխման խթանների ստեղծման համար

6) Բնապահպանական հիմնախնդիրների լուծման մեջ համայնքների մասնակցության ուժեղացում, դրանց լուծման ուղիների վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմինների իրազեկության բարձրացում: Անհրաժեշտ է կազմակերպել միջոցառումներ, որոնք կնպաստեն համայնքների մասնակցության ակտիվացմանը ԲՀՊՏ կառավարման գործընթացներում, քանի որ այդ տարածքների համար սահմանված ռեժիմը համեմատաբար մեծ հնարավորություններ է ստեղծում տնտեսական մեխանիզմների կիրառման համար: Մասնավորապես կարևորելով զբոսաշրջության ոլորտի զարգացումը ընդհանուր տնտեսական զարգացման մեջ, անհրաժեշտ է աջակցել համայնքների նախաձեռնություններին` էկոտուրիզմի զարգացման և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նպատակով

7) Էկոլոգիական կրթության մեջ մարզի կրթական հիմնարկների, հանրակրթական դպրոցների, մարզի բնապահպանական ինստիտուցիոնալ համակարգի ներառում

8) Այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառում

9) Մարզի գազամատակարարման ցանցի ընդլայնում: Շատ բնակավայրերում տնային տնտեսությունների կողմից որպես ջեռուցման հիմնական միջոց է դիտվում վառելափայտը, որը, որպես կանոն, հատվում է այդ բնակավայրերի հարևանությամբ գտնվող անտառներից և դրանով իսկ զգալի վնաս է հասցվում այդ տարածաշրջանների շրջակա միջավայրին: Անտառամերձ գյուղերի գազիֆիկացումը այս առումով պետք է առաջնահերթ համարվի

10) Հողերի որակի և բերրիության չափորոշիչների մշակում. որակյալ մոնիթորինգի, հողօգտագործման նորմավորման, հաշվառման և վերահսկողության համակարգի ձևավորում: Վնասված գյուղատնտեսական և բնական հողատարածքների վերականգնման համար անհրաժեշտ է մշակել խթանման տնտեսական մեխանիզմներ: Վարելահողերի մի մասն ինչպես ամբողջ Հանրապետությունում, այնպես էլ Սյունիքի մարզում չի օգտագործվում` ինչպես ներդրումների, այնպես էլ մեխանիզացիայի, պարարտանյութերի և այլ պարագաների բացակայության պատճառով

11) Արոտավայրերի և խոտհարքների ռացիոնալ կառավարում: Ներկայումս մանր գյուղացիական տնտեսությունները, աղքատության և կազմակերպված կոոպերացիայի բացակայության պատճառով, հիմնականում չեն կարողանում իրենց փոքր հոտերը քշել հեռավոր ամառային արոտավայրեր և ստիպված են օգտագործել միայն գյուղամերձ կերահանդակները: Արդյունքում վերջիններս գտնվում են չափազանց մեծ ծանրաբեռնվածության տակ, իսկ հեռավոր կերահանդակների վիճակը, որպես արոտավայր չօգտագործելու արդյունքում, նկատելիորեն բարելավվում է

12) Բնապահպանական որոշումների կայացման գործում հասարակության մասնակցության ընդլայնում

13) Համայնքային անտառկառավարման կիրառում մարզի անտառամերձ համայնքներում: Հանրապետությունում նախապատրաստվում են փորձնական ծրագրեր, որոնց հետագա գնահատումը հիմք կհանդիսանա համայնքային անտառկառավարման եղանակների և ծավալների սահմանման համար: Այս գործընթացը պետք է ընթանա տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և հասարակական կազմակերպությունների համագործակցության նորարարական մեխանիզմների կիրառման ճանապարհով:

14) Մարզի տարածաշրջաններում որսահանդակների ստեղծում, որը հնարավորություն կտա որսը կազմակերպել միայն սահմանված վայրերում և կնպաստի կենսաբազմազանության պահպանմանը

15) Բնության հատուկ պահպանվող նոր տարածքների ստեղծում: Արդեն ընթացքի մեջ է «Զանգեզուր» պետական արգելավայրի, «Բողաքար» արգելավայրի բազայի հիման վրա «Արևիկ» ազգային պարկի և «Գորիս» արգելավայրի բազայի հիման վրա` «Որոտան» արգելավայրի ստեղծման գործընթացը

16) Կապան, Գորիս, Սիսիան, Մեղրի, Ագարակ քաղաքների` կեղտաջրերի մաքրման կայանների վերակառուցում: Ձեռնարկությունների կողմից նախնական մաքրման համակարգերի ստեղծումը էականորեն կնվազեցնի ջրային ավազանների վրա աղտոտման ճնշումը

17) Կենցաղային կոշտ թափոնների կենտրոնացված աղբավայրերի կառավարման պլանների մշակում և վերամշակման համար բիզնես ծրագրերի մշակում: Մարզի քաղաքներում արտադրական և կենցաղային թափոնների կառավարման` հավաքման, տեսակավորման և կազմակերպված վնասազերծման խնդիրը կարևորվում է ինչպես անմիջական վնասի կանխարգելման, այնպես էլ հողերի ռեսուրսների և ջրային ավազանների աղտոտման հետևանքների վերացման համար հետագայում պահանջվող խոշոր ներդրումների անհրաժեշտությամբ: Գործնականում արդյունաբերական թափոնները և շինարարական աղբը կոշտ կենցաղային թափոնների հետ հեռացվում են քաղաքային և գյուղական աղբյուսներ: Համապատասխան նորմատիվամեթոդական փաստաթղթերի բացակայության պայմաններում աճում է կոշտ աղբի կուտակիչների և աղբավայրերի առկա վիճակի բացասական ազդեցության հավանականությունը բնակչության առողջության և շրջակա բնական միջավայրի, հատկապես` հողի վրա: Ներկայումս Սյունիքում թափոնների հեռացման նպատակով կիրառվող եղանակները համարժեք չեն: Պետական և մասնավոր մի շարք ձեռնարկությունների միջոցով քաղաքապետարանների կողմից մատուցվող աղբահեռացման ապակենտրոնացված ծառայությունների որակի և կարողությունների միջև էական տարբերություններ կան: Աղբահավաքման եղանակները և կիրառվող ենթակառուցվածքը ստանդարտից ցածր են, որի արդյունքում տեղի են ունենում աղբի մեծ կուտակումներ, աղբը հաճախ չի հեռացվում, առաջանում են սանիտարահիգիենիկ անբարենպաստ պայմաններ: Թափոնների հեռացման համակարգի կատարողականության բարելավման համար անհրաժեշտ է մշակել նշված համակարգի արդիականացման ռազմավարական ծրագիր, որը ենթադրում է աշխատանքների իրականացում մի քանի ուղղություններով` խոշոր բնակավայրերի հատակագծերով նախատեսված աղբավայրերի կառավարման պլանների մշակում, առաջնահերթ նվազագույն ներդրումներ պահանջող բարելավման և ցանկապատման աշխատանքների իրականացում, միջհամայնքային աղբավայրերի նախագծում և դրանց շահագործման համար տեխնիկական միջոցների տրամադրում, աղբամշակման գործարանի կառուցում: Միաժամանակ անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը համայնքների տարածքների սանիտարական վիճակի նկատմամբ

18) Օդային և ջրային ավազանի աղտոտվածության քիմիական վերլուծության շրջիկ լաբորատորիայի ձեռքբերում, որը հնարավորություն կտա կատարել մի շարք բնապահպանական վերլուծություններ:

589. Բնապահպանության ոլորտի ֆինանսավորումը ներկայացված է Հավելված 8.3-ում:

 

9. ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

 

9.1 Զբոսաշրջության ոլորտի իրավիճակի վերլուծությունը

 

590. Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից մեկն է, որի զարգացումը նպաստում է կայուն տնտեսական առաջընթացին, շրջակա միջավայրի պահպանությանը, համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, աղքատության հաղթահարմանը, պատմամշակութային ժառանգության և ավանդույթների պահպանությանն ու զարգացմանը, մշակութային արժեքների փոխադարձ արժևորմանը:

591. ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն, վերջին տարիներին մինչև 2008 թվականը համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5%, 2007 թվականին այն անցել է 6%-ի սահմանագիծը, 2008 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների ընթացքում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների աճի տեմպը 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 3.7%, իսկ տարեկան աճի տեմպի կանխատեսումը 2-3% է: Համաշխարհային տնտեսական զարգացումների ներկա սցենարի պահպանման դեպքում 2009 թվականի ընթացքում կանխատեսվում է համաշխարհային զբոսաշրջային այցելությունների մինչև 2% աճ:

592. Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտներից մեկն է և հայտարարված է տնտեսության գերակա ճյուղ: Շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում վարվող պետական քաղաքականության, զբոսաշրջության բնագավառում վերջին տարիներին արձանագրվել է քանակական և որակական աճ: Զգալիորեն զարգացել են ենթակառուցվածքները` ճանապարհները, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայանը, հյուրանոցային տնտեսությունը, սննդի ու զվարճանքի օբյեկտները, բարձրացել է մատուցվող ծառայությունների որակը: Զբոսաշրջությունը երկրում արձանագրել է այցելուների թվի կայուն և դինամիկ աճ: 2001 թվականից ի վեր Հայաստան կատարված միջազգային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմում է 25%, 2007 թվականին միջազգային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է ավելի քան 510 000` 2006 թվականի համեմատ աճելով 33.5%-ով, 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 402000` 2007 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ աճելով 10.1%-ով: Ինչպես համաշխարհային զբոսաշրջային այցելությունները, 2008 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում նույնպես զբոսաշրջային այցելությունների աճի տեմպի նվազում է արձանագրվել: Այնուամենայնիվ զբոսաշրջային այցելությունները Հայաստան շարունակում են աճել, իսկ 2009 թվականին Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի թիրախը 700000-ի սահմանագիծը հատելն է: Վերջին տարիներին զբոսաշրջության ոլորտի մարքեթինգային քաղաքականության շրջանակներում ծրագրային միջոցառումները հիմնականում ուղղված են եղել համաշխարհային շուկայում Հայաստանի, որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրի, նկարագրի ձևավորման շարունակական կատարելագործմանը: 2007 թ. մարտ ամսին Համաշխարհային տնտեսական Ֆորումի կողմից առաջին անգամ հրապարակված «Շրջագայությունների և զբոսաշրջության մրցունակություն» համաթվով Հայաստանը դասակարգված 124 երկրների շարքում զբաղեցնում էր 74-րդ տեղը: Համաձայն կատարված զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության արդյունքների Հայաստանում միջազգային զբոսաշրջիկների կատարած ծախսերը նույնպես դինամիկ աճում են: 2006 թվականին այն կազմել է շուրջ 299 մլն, իսկ 2007 թվականին` 400 մլն ԱՄՆ դոլար: Մոտ 20 հազ. մարդ ուղղակիորեն աշխատում է զբոսաշրջության ոլորտում (ընդհանուր աշխատուժի 1.7%-ը): 2007 թ. հունվար-դեկտեմբերին Հայաստան են այցելել 510287 միջազգային զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 282240 զբոսաշրջիկների դիմաց:

593. Այս ամենին զուգահեռ Սյունիքի մարզում ոլորտի դինամիկան դեռևս համահունչ չէ Հայաստանի զարգացումներին և երկրում ոլորտի զարգացմանը զուգընթաց կարևորվում է Սյունիքում առկա զբոսաշրջային ներուժի հիման վրա զբոսաշրջության զարգացման ապահովումը, որը մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավման հարցում զգալի դեր կխաղա:

 

Սյունիքի զբոսաշրջային ներուժի նկարագրությունը

 

594. Սյունիքի մարզում առկա է զգալի զբոսաշրջային ներուժ, որը Նախկին ԽՍՀՄ օրոք որոշակիորեն օգտագործվում էր: Սյունիքի մարզի տարածքում զբոսաշրջությունն իր զարգացման բարձր մակարդակին էր հասել 1970-1980-ական թվականներին: Այս տարածքով էին անցնում երկու զբոսաշրջային երթուղիներ` թիվ 121 երթուղին «Հայաստանով և Ադրբեջանով» և թիվ 122 երթուղին` «Հարավային Անդրկովկասով»: Այս երթուղիները գործում էին ԽՍՀՄ առկայության պայմաններում: Զբոսաշրջիկների համար իրականացվում էր նաև տեղական 15-օրյա հանգստի կազմակերպում: Բնագավառում գործում էին Կապանի «Սյունիք» տուրիստական-էքսկուրսիոն միավորումը, Գորիսի տուրիստական բազան և Սիսիանի տուրիստական բյուրոն: Ներկայումս վերոնշյալ երթուղիները չեն գործում, իսկ կազմակերպությունները սեփականաշնորհվել և իրենց նշանակությանը չեն ծառայում: Զբոսաշրջության անկումը սկսվեց 1988 թվականից և 1991-1992 թթ. բնագավառը մարզում դադարեց գոյություն ունենալ: Առ այսօր մարզի տարածքում զբոսաշրջության բնագավառում լուրջ ներդրումներ ու աշխատանքներ չեն իրականացվել, իսկ դրան զուգահեռ, այսօրվա շուկայական հարաբերությունները լայն հնարավորություններ են տրամադրում զբոսաշրջության զարգացման շնորհիվ հարստացնելու պետական և տեղական բյուջեները ու նկատելի բարելավելու մարզի սոցիալ-տնտեսական վիճակը:

595. Մարզի զբոսաշրջային ներուժը ներկայացված է Սյունիքի հարուստ, գեղատեսիլ և առողջարար բնությամբ, անտառներով, լեռներով, պատմամշակութային արժեքներով, բնության հուշարձաններով, բուժիչ ջրաղբյուրներով և ենթակառուցվածքներով: Սյունիքը հարուստ է գեղատեսիլ լեռներով: Մարզում են գտնվում ՀՀ երկրորդ լեռնագագաթը` Կապուտջուղը (3904 մ), Խուստուփ լեռը (3214 մ), Բարգուշատի լեռնաշղթայի գեղատեսիլ բարձունքները` Աճանան (Տափասար) լեռը (2393 մ), Կատարը (3012 մ) և այլն:

596. Սյունիքն առատ է նաև ստորերկրյա քաղցրահամ, հանքային թերմալ ջրերով, որոնցից են Սիսիան-ՈՒռուտյան, Լիճք-Տաշտունյան, Քարաշեն-Խոզնավարյան հանքային աղբյուրները, «Քաջարան» թերմալ ջուրը, որը «Ջերմուկի» նմանօրինակն է:

597. Մարզի քաղաքներում գործում են հյուրանոցներ, մասնավոր հյուրանոցատիպ հանգրվաններ, հանրային սննդի օբյեկտներ: Զբոսաշրջության նպատակներին կարող է ծառայել նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հարմարավետ հանգստյան տունը:

598. Մարզը հարուստ է պատմամշակութային և բնության հուշարձաններով, տեսարժան վայրերով: Հայաստանում հայտնի են Սյունիքի մարզի զբոսաշրջային գրավչության բնական օբյեկտները (Հավելված 8.2): Մարզի զբոսաշրջության զարգացման համար նշանակալի և գլխավոր դեր կարող են խաղալ Տաթևի վանական համալիրը, Քարահունջի աստղադիտարանը: Տաթևի վանքը միջնադարյան ճարտարապետության ակնառու հուշարձան է, որն ընդգրկում է Գրիգոր Լուսավորչի, Պողոս-Պետրոս եկեղեցիները (խաչագմբեթային սրահի տեսքով, ընթերասեղաններով 4 անկյուններում և որմնանկարներով, 10-րդ դ.), Սուրբ Աստվածածին եկեղեցին (գմբեթային սրահի տեսքով, 11-րդ դ.), ամենաուշագրավ հուշարձանը` ճոճվող սյունը (904 թ.):

599. Մարզում զբոսաշրջության զարգացման գործընթացում մեծ ներուժով կարող է հանդես գալ մասնավոր հատվածը, որի ընդգրկումն այս բնագավառում անհրաժեշտ և նպատակահարմար է: Գրեթե բոլոր հյուրանոցները և հանրային սննդի օբյեկտները մասնավոր սեփականություն են: Այստեղ առկա սպասարկման ցածր որակը և մատուցվող ծառայությունների պակաս լինելը բացատրվում է սպառողների (պատվերների) սակավությամբ կամ բացակայությամբ: Վերջիններիս առկայության դեպքում մասնավոր հատվածը հանդես կգա իր բոլոր առավելություններով:

600. Զբոսաշրջության զարգացման գործընթացում կարևորվում է հուշանվերների շուկայի առկայությունը և զարգացումը: Մարզում կան շնորհալի վարպետներ, որոնք այսօրվա դրությամբ կատարում են սակավաթիվ պատվերներ կամ էլ իրացնում են իրենց արտադրանքը մայրաքաղաքում և Հանրապետության սահմաններից դուրս: Պահանջարկի առկայության դեպքում հուշանվերների շուկան մարզում շատ արագ կարող է վերականգնվել այս վարպետների և առևտրական կազմակերպությունների միջոցով:

601. Մեծ հետաքրքրություն կարող է առաջացնել մարզի բուսական աշխարհը բժշկության և յուրահատուկ սննդատեսակների առումով:

602. Զբոսաշրջության զարգացման կարևոր բաղադրիչներից է նաև սյունեցու կերպարը. խառնվածքը, հյուրասիրությունը: Սիսիանի պանիրը, Քարահունջի թթի օղին, Կապանի «ժինգյալով հացը», Մեղրու նուռն ու թուզը կարող են դառնալ զբոսաշրջային գրավչության տարրեր:

603. Չնայած ենթակառուցվածքների զարգացած չլինելուն այնուամենայնիվ որոշակի չափով զբոսաշրջիկներ (այդ թվում` մարզի տարածքով դեպի Արցախ և Իրան գնացող) են այցելում Տաթևի վանք, Զորաց Քարեր և մարզի համայնքները կամ դրանց բնակիչները, որոնք կարող են լինել զբոսաշրջիկների պոտենցիալ ծառայություն մատուցողներ, ներկայումս ոչ մի օգուտ չեն քաղում այդ այցելություններից: ՈՒսումնասիրությունները ցույց են տվել, որ տուրիստների 75%-ը բավականին հետաքրքրված է գյուղական կյանքով, բիոսննդով, հայկական լավաշի պատրաստման արարողությամբ, տնական պանրով, կարագով, գինով, չորացրած մրգերով և այլն, գյուղերում առկա են կարողություններ` ցուցադրելու համար զուտ հայկական մշակութային ծեսեր: Այդ ամենը որպես զբոսաշրջիկներին մատուցվող ծառայություններ ներկայացնելու գիտելիքների լուրջ պակաս կա: Բացի դրանից, զարգացած չեն նաև անհրաժեշտ ենթակառուցվածքները (հյուրատներ, հուշանվերների վաճառակետեր, արագ սննդի կետեր, հանգստի վայրեր և այլն): Ակնհայտ է, որ մարզում հյուրատների զարգացումն ունի մեծ ներուժ զբոսաշրջության ոլորտի հզորացման գործում, քանզի այն հնարավորություն է ընձեռում սահմանափակ ռեսուրսներով զգալիորեն խթանել մարզում գիշերելու տեղերի քանակությունը: Հայտնի է, որ ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան զբոսաշրջիկները նախընտրում են հյուրատները, որոնք ավելի հարմար են և էժան:

604. Ներկայումս, համայնքային բյուջեների սղության և ներդրումային ծրագրերի բացակայության պայմաններում, զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման հնարավորությունները շատ ցածր են:

605. Պետական մակարդակով մարզի զբոսաշրջության վերակենդանացման խնդրի լուծումից հետո միայն կարելի կլինի խոսել զբոսաշրջության տարածաշրջանային զարգացման հնարավորությունների մասին, որոնք առաջին հերթին կապված են մարզի զբոսաշրջային ներուժի համակարգված ու տեղական ինքնակառավարման մարմինների արտասահմանյան երկրների հետ ունեցած և հնարավոր կապերի օգտագործման, ինչպես նաև մասնավոր հատվածի ակտիվացման հետ:

606. Այսօր պետական և համայնքային բյուջեների սղության պայմաններում անհրաժեշտ է օգտվել դրանց զգալի համալրման հնարավորությունից, ի հաշիվ Սյունիքի մարզի հարուստ բնական, զբոսաշրջային ռեսուրսների արդյունավետ օգտագործման:

 

Մարզում զբոսաշրջության զարգացման հիմնական խոչընդոտներն են.

 

1) Մարզի հեռավորությունը Երևանից (միջազգային օդանավակայանից (մարզի տարածքով անցնող միջպետական նշանակության մայրուղին միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, Երևան-Մեղրի երկաթուղագծի առկայության և զբոսաշրջության զարգացման համար ենթակառուցվածքներ ստեղծվելու դեպքում, այդ հեռավորությունը կարող է վերածվել զբոսաշրջության զարգացման համար կարևոր գործոնի, քանի որ զբոսաշրջային տեսանկյունից պատմամշակութային և բնության հուշարձանների առումով այն հետաքրքրություն է ներկայացնում և կարող է դառնալ Հայաստանի կարևոր զբոսաշրջային երթուղիներից մեկը)

2) Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ցածր մակարդակը

3) զբոսաշրջային տնտեսության բացակայությունը

4) գործող զբոսաշրջային կազմակերպությունների բացակայությունը

5) զբոսաշրջության կտրվածքով մարզի վերաբերյալ գովազդային նյութերի սակավությունը

6) մասնավոր հատվածի շահագրգռման մեխանիզմների բացակայությունը

7) հստակ վիճակագրական տվյալների բազայի բացակայությունը, ֆինանսական միջոցների սղության պատճառով պատմամշակութային հուշարձանների և այլ գրավչությունների ոչ պատշաճ պահպանությունը

8) միջհամայնքային և ներհամայնքային ճանապարհների, զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների ֆիզիկական և որակական վիճակների անբավարար լինելը

9) Սյունիքում օդային և երկաթուղային տրանսպորտի բացակայությունը

10) զբոսաշրջության բնագավառում ներդրումային ծրագրերի սակավությունը:

 

9.2 Զբոսաշրջության ոլորտի զարգացման ռազմավարությունը

 

607. Կանխատեսումների համաձայն մարզն ամեն տարի կարող է ընդունել և սպասարկել մոտ 6000 և ավելի զբոսաշրջիկ: Եթե մեկ զբոսաշրջիկի սպասարկման համար միջին եկամուտը ընդունենք 200-250 ԱՄՆ դոլար (5-6 օրյա ուղևորություն), ապա զբոսաշրջիկային կազմակերպությունները կարող են ստանալ ընդհանուր առմամբ 1.0-1.3 մլն. ԱՄՆ դոլարի եկամուտ: Շահութաբերության նվազագույն նորմայի դեպքում (40-50%) զուտ եկամուտը կկազմի 0.5-0.65 մլն. դոլար:

608. Մարզի ներկա սոցիալ-տնտեսական վիճակում վերոնշյալ թվերը զգալի են: Մանավանդ, որ Տաթևի վանական համալիրի վերանորոգումից հետո 2011 թվականից սկսած դրանք կբազմապատկվեն:

609. Զբոսաշրջության զարգացման շնորհիվ կլուծվեն մի շարք սոցիալական հիմնախնդիրներ (աշխատատեղերի ստեղծում, շուկայի ընդլայնում և այլն):

610. Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ ռազմավարությամբ.

1) Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրի մշակում, որն իր մեջ կընդգրկի առկա ներուժի ամբողջական ուսումնասիրությունը, իրավիճակի գնահատականը և զարգացման ուղղությունների նախանշումը: Արդյունավետ գործելու դեպքում մարզի տնտեսության մեջ զբոսաշրջության մասնաբաժինը կարելի է հասցնել ցանկալի արդյունքի և այն կարող է առաջնային տեղ զբաղեցնել լեռնահանքային արդյունաբերության. էներգետիկայի և գյուղատնտեսության կողքին

2) Զբոսաշրջության զարգացման համար առաջնահերթ է ենթակառուցվածքների ներդաշնակ զարգացումը` հյուրանոցային համալիրների, հանգստյան տների վերանորոգում, վերակառուցում, կառուցում, մարզում առկա մշակութային ժառանգության` պատմամշակութային հուշարձանների գույքագրում, Տաթևի համալիրի վերանորոգման, Վահանավանքի և մարզի մյուս համալիրների վերանորոգման ավարտում, առանձին համալիրների վերանորոգում, վերակառուցում կամ մասնակի նորոգում, դեպի պատմամշակութային հուշարձաններ տանող ավտոճանապարհների վերանորոգում

3) Մարզի տարածքում Էկոտուրիզմի զարգացման խթանում (ֆինանսավորումը ներկայացված է (Հավելված 9.1-ում)

4) Մարզի` նախկինում գործող օդանավակայանների վերագործարկում, փոքր ավիացիայի օգտագործում

5) Երկաթուղային տրանսպորտով կապի ապահովում Երևանի և արտաքին աշխարհի հետ: (Շուտով կսկսվի Իրան-Հայաստան երկաթուղագծի շինարարությունը)

6) Ակտիվ և արդյունավետ մարքեթինգային քաղաքականության իրականացման միջոցով ՀՀ Սյունիքի մարզի որպես զբոսաշրջության համար բարենպաստ և գրավիչ երկրամասի նկարագրի ձևավորումը և միջազգային շուկայում ներկայացումն ու ամրապնդումը, մարզի ինտերնետային կայքում զբոսաշրջության վերաբերյալ վեբ էջի ստեղծում և էջի արհեստավարժ կառավարում

7) Սփյուռքի հետ կապերի համատեքստում, արտասահմանում գտնվող հայության շրջաններում բարձրացնել Սյունիքի զբոսաշրջային գրավչությունը, ապահովել բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծումը մեր հայրենակիցների համար

8) Զբոսաշրջության զարգացման առաջնային ձևերի կիրառում:

611. Զբոսաշրջության բոլոր տեսակների ուսումնասիրությունը, ինչպես նաև Սյունիքի տարածաշրջանում զբոսաշրջության ներուժի և նախադրյալների առկայությունը հուշում են այս տարածաշրջանում գիտաճանաչողական, տարանցիկ, հետիոտն, գիտական, սպորտային, հանգստի կազմակերպման և բուժաճանաչողական տեսակների զբոսաշրջության զարգացման անհրաժեշտությունը: Ընդ որում, եթե բուժաճանաչողական և հանգստի կազմակերպման զբոսաշրջության տեսակների զարգացման համար տեղավորման հարմարավետությունը, սպասարկման մակարդակը կարևոր գործոններ են, ապա տարանցիկ, հետիոտն, սպորտային (ալպինիզմ) տեսակները պակաս պահանջկոտ են վերը նշված գործոնների նկատմամբ և բացի այդ, տարանցիկ զբոսաշրջությունը յուրահատուկ կայունացնող դեր կարող է խաղալ: Այսպես, մեծ քանակությամբ արտասահմանյան զբոսաշրջիկների անց ու դարձը տարածաշրջանում կարող է մեծ կայունացնող նշանակություն ունենալ Սյունիքի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա: Տարանցիկ զբոսաշրջության զարգացման գործընթացում կարևորվում է մարզի տարածքում զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների համապատասխանեցումը միջազգային ստանդարտներին կամ դրանց կառուցումը նպատակահարմար կետերում: Այս խնդիրը անհրաժեշտ է լուծել պետություն-մասնավոր հատված կապի արդյունավետ օգտագործմամբ: Հատուկ ուշադրության են արժանի գիտական և գիտաճանաչողական զբոսաշրջության տեսակների զարգացման հեռանկարները: Անհրաժեշտ է իրականացնել պեղումներ և նմանատիպ այլ աշխատանքներ, որոնց նպատակահարմարությունը մարզի տարածքում կասկած չի հարուցում:

612. Այս խնդրի լուծումը կարելի է կապել գիտաճանաչողական և գիտական զբոսաշրջության տեսակների զարգացման գործընթացի հետ:

613. Ինչ վերաբերվում է հետիոտն սպորտային (լեռնագնացություն) զբոսաշրջության տեսակներին, ապա այսօր էլ չնչին ներդրումների շնորհիվ կարելի է իրականացնել և հետագայում զարգացնել զբոսաշրջության այս տեսակները: Վերոնշյալ ներդրումները անհրաժեշտ են առաջին հերթին երթուղիների մանրակրկիտ մշակման և միջոցների ձեռք բերման համար:

614. Հանգստի կազմակերպման և բուժաճանաչողական զբոսաշրջության տեսակների զարգացումը ավելի շատ ներդրումներ և ժամանակ է պահանջում: Մարզում զբոսաշրջության առաջնահերթ ձևերի (տարանցիկ սպորտային, հետիոտն) զարգացմանը զուգընթաց կստեղծվի նպաստավոր դաշտ հանգստի կազմակերպման և բուժաճանաչողական զբոսաշրջության տեսակների զարգացման համար:

1) Սյունիքի մարզի գլխավոր զբոսաշրջային գրավչության` Տաթևի վանքի վերանորոգում: «Տաթևի վանքի վերածնունդ և զարգացում» (Տաթև 2020) ծրագիրն արդեն հաստատվել է Ազգային մրցունակության խորհրդի հոգաբարձուների խորհրդի կողմից և իրականացվելու է մասնավոր հատված-պետություն համագործակցության սկզբունքների ներքո: Ծրագրի արժեքը շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար է: Ծրագիրը բաղկացած է երեք փուլից` վանքի վերականգնում, 5 կիլոմետրանոց ճոպանուղու կառուցում և հյուրանոցային համալիրի կառուցում: Ծրագրով ամբողջությամբ վերականգնվելու է Տաթևի վանքի համալիրը: Հարակից բնակավայրերի բնակչության համար ստեղծվելու են երկարատև զարգացման հնարավորություններ` նոր աշխատատեղեր, կրթական համալիր և զբոսաշրջության կենտրոն: Կառուցվելու է ճոպանուղի, որը բավականին լավ հնարավորություն է ստեղծելու զբոսաշրջության զարգացման համար: Ճոպանուղու կառուցման աշխատանքներն սկսվելու են 2009 թվականին: Այն կլինի ՀՀ-ում ամենաերկար ճոպանուղին: Տաթևի համալիրի շուրջ ստեղծվելու է մի փոքր կլաստեր (համախումբ): Ծրագրի իրականացման համար ֆինանսական միջոցների մեծ մասը մասնավոր ներդրումներ են, իսկ մի մասը (էլեկտրամոնտաժային աշխատանքներ, ճանապարհների կառուցում ու բարելավում և այլն) կատարելու է ՀՀ կառավարությունը: Վանքի վերանորոգման ծախսերն ակնկալվում է փակել հյուրանոցի եկամուտներով, իսկ ճոպանուղին կինքնաֆինանսավորվի տոմսերի վաճառքով: Ծրագրի իրականացման աշխատանքները կտևեն մոտ 3 տարի և կավարտվեն 2012 թվականին: Ըստ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հաշվարկների` 2008 թ. Տաթև է այցելել մոտ 7000 զբոսաշրջիկ: Ճոպանուղու առաջացրած հետաքրքրությունը կարող է այդ թիվն առնվազն կրկնապատկել: Տաթևի վանքի վերականգնման ծրագիրը և վերածնունդը, ինչպես նաև վանքի մոտակայքում տուրիստական համալիրի ստեղծումը, Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում զբոսաշրջության զարգացման խթան կհանդիսանա, քանի որ Երևանից մինչև Տաթև զբոսաշրջիկները հնարավորություն կստանան մեկ երթուղու վրա այցելել Խոր Վիրապ, Նորավանք, Զորաց քարերի աստղադիտարան, Տաթև և այլն

2) Հյուրատների և հյուրասիրության ծառայությունների համակարգի զարգացում

3) Համայնքահեն Տուրիզմի (ՀՏ) զարգացման խթանում: Այս բնագավառը չափազանց կարևոր է Սյունիքի մարզի համար, քանզի այն իրենից ներկայացնում է տնտեսական գործունեության մի ձև, որի վրա զգալի թվով ներգրավված տեղական բնակչությունն ունի լուրջ վերահսկողություն, ներգրավվածություն և կառավարում, ինչպես նաև եկամուտների հիմնական մասն էլ մնում է տեղական տնտեսության մեջ: Համայնքի անդամները, անգամ նրանք ովքեր ուղղակի ներգրավված չեն տուրիստական ձեռնարկություններում, ևս որոշակիորեն օգտվում են (հարկերի տեսքով ընդհանուր համայնքի եկամուտներ, բազմապատկիչ էֆեկտ և այլն.):

 

Զբոսաշրջության զարգացման ապահովման համար ձեռնարկվելիք քայլերը.

 

1) Մարզում զբոսաշրջության կենտրոնի ստեղծում

2) Զբոսաշրջության ուղիների և հոսքերի բոլոր հնարավոր տարբերակների ու պարամետրերի որոշում, տարածքի ռեկրեացիոն ծանրաբեռնվածության նորմերի սահմանում

3) Մարզի զբոսաշրջային տնտեսության գույքագրում

4) Բազմաբնույթ գովազդային նյութերի պատրաստում

5) Առավել հարմարավետ առանձնատների և անավարտ օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական բազայի ստեղծում

6) Շուկայի ուսումնասիրություն և գովազդային նյութերի տեղադրում (մարքեթինգ)

7) Համակարգել մասնավոր հատվածի կողմից զբոսաշրջային ենթակառուցվածքային օբյեկտների տեղադրման, կառուցման աշխատանքները

8) Նախատեսել վերակառուցվող և նոր կառուցվող օբյեկտները որպես անկախ էներգիա և ջրամատակարարում, հեռուստառադիո և կապի միջոցներ, մուտքային ճանապարհներ ունեցող և ընդհանրապես միջազգային չափանիշներին համապատասխանող հանգստավայրեր

9) Նախատեսել ըստ զբոսաշրջության տեսակների նրանց տեղաբաշխման միջոցների բազմազան տեսակներ և կարգեր

10) Կազմակերպել համապատասխան կադրերի պատրաստումը և վերապատրաստումը

11) Մարզի զբոսաշրջության զարգացման ծրագիրը համաձայնեցնել մարզի սոցիալ-տնտեսական ծրագրի և ազգային անվտանգության, էկոլոգիական գործոնների հետ

12) Համագործակցություն ՓՄՁ զարգացմանն աջակցող կազմակերպությունների միջև: Ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի վեր հանել ՓՄՁ զարգացման այլ կարիքներ, որոնք կհոգան ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնը և այլ դոնոր կազմակերպություններ` նման կլաստերների ստեղծման և զարգացման հետագա ընթացքում:

 

10. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

 

615. Ծրագրում ընդգրկված քաղաքաշինության բնագավառի հիմնախնդիրները կապված են մարզի և դրանում ընդգրկված բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, հանրակրթական դպրոցների շինարարության և հիմնանորոգման, առողջապահական, մշակութային, մարզական օբյեկտների, բնակֆոնդի և վարչական շենքերի հիմնանորոգման, բնակարանաշինության, բարեկարգման, քաղաքային համայնքներում բազմաբնակարան շենքերի կառավարման գործի բարելավման ու քաղաքաշինական այլ խնդիրների հետ:

 

10.1. Բնակավայրերի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում

 

616. Մարզի բնակավայրերում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգելու, ներդաշնակ և անվտանգ կենսամիջավայրի ստեղծման ու անօրինական շինարարությունը կանխելու նպատակով նախատեսվում է կազմել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեր չունեցող Քաջարան և Դաստակերտ քաղաքների ու մարզի 98 գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը, ինչպես նաև ՀՀ Սյունիքի մարզի տարածքային հատակագծման նախագիծը, որի համար ըստ նախնական հաշվարկների պահանջվող գումարները ներկայացված են Հավելված 10.1, Հավելված 10.2, Հավելված 10.3-ներում:

 

1.2. Հանրակրթական դպրոցների շինարարություն և հիմնանորոգում

 

617. Մարզի 29 համայնքներում (Կապանի N 4, Կապանի N 12, Քաջարանի N 6, Շրվենանցի, Վարդավանքի, Տավրուսի, Դիցմայրիի, Աղվանիի, Նորաշենիկի, Բարգուշատի, Գորիսի N 1 հատուկ, Շուռնուխի, Բարձրավանի, Որոտանի, Տանձատափի, Մեղրիի N 2, Կարճևանի, Սիսիանի N 5, Սիսիանի N 1 հատուկ, Շամբի, Սալվարդի, Շենաթաղի, Հացավանի, Թասիկի, Բնունիսի, Բալաքի, Արևիսի, Լծենի և Գետաթաղի) հանրակրթական ուսուցումը կատարվում է հարմարեցված շենքերում, ակումբներում, իսկ փախստականաբնակ գյուղերում` լքված խարխուլ տներում, հին գրասենյակների շենքերում, որոնք տասնյակ տարիներ չեն նորոգվել, չունեն սանհանգույցներ, սպորտ դահլիճներ կամ հրապարակներ: Ասբոհերձաքարերի ջարդվածության պատճառով անձրևաջրերը լցվում են շենքը և վնասում այն: ՈՒսուցման ընթացքը կազմակերպելու համար բացակայում են տարրական պայմաններ: Կապան քաղաքի Բեխ և Բաղաբուրջ թաղամասերում, որոնք նախկինում հանդիսացել են առանձին գյուղական բնակավայրեր և քաղաքից գտնվում են որոշակի հեռավորության վրա, դպրոցներ չեն գործում` շենքային պայմաններ չլինելու պատճառով: Նշված թաղամասերի երեխաների ուսուցման կազմակերպումը քաղաքի այլ դպրոցներում կապված է լուրջ դժվարությունների հետ: 2006 թվականին սկսվել է Խոզնավար, Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերի դպրոցների նոր շենքերի կառուցումը, ընդ որում Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերի դպրոցների շինարարությունն իրականացվում էր բարեգործական կազմակերպությունների միջոցներով: 2007 թվականին ավարտվել է Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերի դպրոցների նոր շենքերի կառուցումը: ՀՀ 2007 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին սկսվել է Եղեգ և Արավուս գյուղերի դպրոցական շենքերի կառուցման աշխատանքները, շարունակվել Խոզնավար գյուղի դպրոցական շենքի շինարարությունը: Մարզի դպրոցական շենքերը և շինությունները, հատկապես սահմանամերձ, լեռնային և բարձր լեռնային հեռավոր համայնքներում գտնվում են կառավարության և մարզպետարանի ուշադրության կենտրոնում և յուրաքանչյուր տարի ներդրումների ծավալներն ավելացվում է: Այդ նպատակով կառավարությունը 2008 թ. պետբյուջեով Սյունիքի մարզի 15 դպրոցների հիմնանորոգման համար հատկացրել է 855 մլն դրամ (385 մլն դրամ Սյունիքի մարզպետարանին` 9 դպրոցների և 470 մլն դրամ քաղաքաշինության նախարարությանը` 6 դպրոցների հիմնանորոգման համար): ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով շարունակվել է Եղեգ և Արավուս գյուղերի դպրոցական շենքերի կառուցումը, ավարտվել Խոզնավար գյուղի դպրոցի շինարարությունը: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով նախատեսված է շարունակել և ավարտել Եղեգ և Արավուս գյուղերի դպրոցական շենքերի կառուցումը: ՀՀ 2008 թվականի պետական բյուջեով շարունակվել է 2007 թվականին սկսված 9 դպրոցների հիմնանորոգման աշխատանքները: 2009 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 6 դպրոց: Այդ տարիներին մարզում 1 մլրդ. 571 մլն. դրամի շրջանակներում կառուցվել է 6 նոր դպրոց, մեկ դպրոցի շինարարությունը ընթացքի մեջ է, 1 մլրդ. 95 մլն. դրամի շրջանակներում հիմնանորոգվել ու վերանորոգվել է 24 դպրոց:

618. Մարզում դպրոցների կառուցման և հիմնանորոգման գործում զգալի աջակցություն են ցուցաբերում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն, Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը, Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը, «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամը, «Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպությունը: 2006 թվականին Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կողմից 84,8 մլն. դրամ է հատկացվել Լիճք, Վարդանիձոր և Նռնաձոր գյուղերում նոր դպրոցների կառուցման համար: Հայաստանի վերականգնող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի կողմից հատկացված 101,3 մլն. դրամով ջեռուցվել են մարզի 5 գյուղերի դպրոցներ: 2007 թվականին «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի կողմից 22,0 մլն. դրամով ջեռուցվել է Սիսիանի հատուկ գիշերօթիկ դպրոցը: 2008 թվականին ««Օթևան» երիտասարդ մարդկանց քրիստոնեական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից հատկացված 33,4 մլն. դրամով սկսվել է փախստականաբնակ Իշխանասար գյուղի նոր դպրոցի կառուցումը: 2006-2008 թվականներին մի շարք դպրոցների նորոգման նպատակով «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից հատկացվել է 19,1 մլն. դրամ: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ Լծեն գյուղում գնվել է երկհարկանի կահավորված բնակարան և տրվել գյուղի դպրոցին:

619. Մարզի հանրակրթության ոլորտում միայն 2005-07 թթ. իրականացվել են մի շարք ծրագրեր (շենքերի վերանորոգման, գույքի թարմացման, ուսուցիչների, տնօրենների վերապատրաստման ծրագրեր), որոնք անշուշտ դրական ազդեցություն են ունեցել հանրակրթական ծառայությունների որակի վրա:

620. Մարզում «Հայ կրթական հիմնարկություն» ամերիկյան կազմակերպության կողմից (ֆինանսավորվում է հայ բարերարների կողմից) նախատեսվել է 2009 թ. ընթացքում իրականացնել մինչև 10 դպրոցական շենքերի վերանորոգման ծրագրեր:

621. Այնուամենայնիվ, բյուջեով նախատեսվող միջոցները բավարար չեն դպրոցների հիմնանորոգման աշխատանքներն անհրաժեշտ ծավալով կատարելու համար: Մարզում 61 դպրոցներ հիմնանորոգման առաջնահերթ խիստ կարիք ունեն: 19 դպրոցներ վնասվել են ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով:

622. 2010-2013 թթ. նախատեսվում է մարզում կառուցել 13 դպրոցական նոր շենքեր և հիմնանորոգել 61 դպրոց (Հավելված N 5.1.):

 

1.3. Առողջապահական օբյեկտների հիմնանորոգում

 

623. Մարզի համայնքներում առկա 6 բժշկական կենտրոններն ու 11 առողջության առաջնային պահպանման կենտրոնները (այդ թվում` 92 բուժկետերը) տասնյակ տարիներ չեն նորոգվել և դրանց մեծ մասը հիմնանորոգման կարիք ունի:

624. 2003-2008 թվականներին մարզի առողջապահական օբյեկտների նորոգման նպատակով ՀՀ պետական բյուջեով ֆինանսական միջոցներ չեն հատկացվել: ՀՀ 2009 թվականի պետական բյուջեով 65,4 մլն. դրամ է նախատեսվել Մեղրիի բժշկական կենտրոնի նորոգման նպատակով:

625. 2009 թվականի ընթացքում վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել առողջության առաջնային պահպանման կենտրոն Տեղ համայնքում և վերանորոգել Տաթևի առողջության կենտրոնը` իրականացնելով ընդհանուր առմամբ շուրջ 220.000 ԱՄՆ դոլարի ներդրումներ:

626. 2009 թվականին նախատեսվում է նաև հիմնանորոգել Գորիսի բժշկական կենտրոնի հիվանդանոցի մասնաշենքը, ինչպես նաև հիվանդանոցին կից կառուցել նոր եռահարկ շինություն` ընդունարանի ծառայությունների, ծնարանային և վիրահատական բլոկների տեղակայման նպատակով: Շինարարական աշխատանքներին ուղղված ներդրումները կկազմեն շուրջ 1.913.000 ԱՄՆ դոլար: Աշխատանքների ընթացքում հիվանդանոցային ծառայությունները կտեղափոխվեն Գորիսի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի շենք:

627. Առողջապահական օբյեկտների պահպանությունն ու երկարակեցությունը ապահովելու նպատակով անհրաժեշտ է 3 տարում հիմնանորոգել 10 առողջապահական օբյեկտ, որի համար նախատեսվում է 2011 թվականին հատկացնել 407,75 մլն. դրամ, 2012 թվականին` 758,05 մլն. դրամ և 2013 թվականին` 700,0 մլն. դրամ (Հավելված 5.9):

 

1.4. Մշակութային օբյեկտների հիմնանորոգում

 

628. Մշակույթի մի շարք օջախներ վնասվել են ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով, որոնք վերջին տարիների ընթացքում չեն վերանորոգվել և հիմնանորոգման (շենքապահպան աշխատանքների իրականացման) խիստ կարիք ունեն: Նախատեսվում է 2010-2013 թվականներին 1852500,0 հազ. դրամ հատկացնել մշակութային օջախների հիմնանորոգման և կառուցման համար (Հավելված 5.2):

 

1.5. Մարզական օբյեկտների հիմնանորոգում

 

629. ՀՀ Սյունիքի մարզում գործող 13 մարզադպրոցներն ու մարզակառույցները և 11 մարզադաշտերը տասնյակ տարիներ չեն նորոգվել, գտնվում են խիստ անբարվոք վիճակում, ինչը խոչընդոտ է հանդիսանում բնակչության շրջանում սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը:

630. Սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով նախատեսվում է 2010-2013 թվականներին մարզական օբյեկտներում կատարել 404,3 մլն. դրամի հիմնանորոգման և կառուցման աշխատանքներ (Հավելված 5.2):

 

-----------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.06.2009
N 782-Ն
Որոշում