Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 հունվարի 2010 թվականի թիվ 01

 

i

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) 2010 թվականի հունվարի 26-ի դռնբաց նիստում «Բիզնես քարտուղար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ` Ընկերություն) 2010 թվականի հունվարի 13-ի թիվ ԲՔ-10/01 դիմումի (այսուհետ` Դիմում) հիման վրա քննարկեց համակենտրոնացման հայտարարագրման վերաբերյալ պաշտոնական պարզաբանման մասին հարցը:

Դիմումով Ընկերությունը հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցի վերաբերյալ:

1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 8-րդ հոդվածի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում.

ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը.

բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը.

գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` արգելվում է հայտարարագրման ենթակա կամ գերիշխող դիրքի հանգեցնող համակենտրոնացումը գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը` մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:

3. Հանձնաժողովի 2008 թվականի հունվարի 21-ի «Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգի և հայտարարագրի ձևի մասին» թիվ 01-Ն որոշմամբ հաստատված կարգի (այսուհետ` Կարգ) 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համաձայն.

ա) Օրենքի 8-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման կամ միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցման կամ հաշվառման պահից.

բ) Օրենքի 8-րդ հոդվածի «բ» կետով համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների պետական գրանցման պահից.

գ) Օրենքի 8-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված համակենտրոնացումը համարվում է գործողության մեջ դրված համակենտրոնացման մասնակիցների միջև միավորման ձևավորման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` այդ միավորման գրանցման կամ հաշվառման պահից:

Համաձայն Դիմումի` ստացվում է, որ Օրենքով սահմանվում է, որ արգելվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելը, իսկ Կարգով սահմանվում է գործողության մեջ դնելու պահը, այսինքն, արգելվում է այդ պահին հասնելը: Այսինքն, ըստ Դիմումի, «ա» դեպքում արգելվում է միացած տնտեսվարող սուբյեկտ(ներ)ի գործունեության դադարման կամ միաձուլման արդյունքում առաջացած տնտեսվարող սուբյեկտի պետական գրանցումը կամ հաշվառումը, «բ» դեպքում արգելվում է տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերման գործարքի կնքումը, իսկ օրենքով նախատեսված դեպքում` դրանից ծագող իրավունքների պետական գրանցումը, «գ» դեպքում արգելվում է համակենտրոնացման մասնակիցների միջև միավորման ձևավորումը, իսկ օրենքով նախատեսված դեպքում` այդ միավորման գրանցումը կամ հաշվառումը:

Դիմումում նշվել է, որ այս ամենից հետևում է, որ այն համակենտրոնացումները, որոնց ժամանակ դրանք ենթակա են պետական գրանցման կամ հաշվառման («ա» դեպք) կամ դրանից ծագող իրավունքներն են ենթակա պետական գրանցման (»բ» դեպք) կամ այդ միավորումն է ենթակա գրանցման կամ հաշվառման (»գ» դեպք) և համապատասխան գրանցումներն ու հաշվառումները կարգավորող իրավական ակտերը չեն արգելում այդպիսի գրանցումներն ու հաշվառումները (առանց համոզվելու Հանձնաժողովի որոշման առկայության մասին), ապա Օրենքի և այդ իրավական ակտերի միջև առկա է հակասություն և եթե այդ հակասությունն ընդունում ենք, ապա մնացած, դրանից բխող, հարցերը կկարգավորվեն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Մասնավորապես, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով որևէ տեսակի գրանցման ժամանակ չի նախատեսվում ներկայացնել Հանձնաժողովի որոշումը կամ հավաստումը որոշման առկայության մասին կամ հավաստումն այն մասին, որ գործարքը հայտարարագրման ենթակա չէ: Ավելին, պետական գրանցման մերժման հիմքերում (»Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդված) այդ մասին որևէ հիշատակում չկա:

Ընկերությունը խնդրել է Օրենքի 4-րդ գլխի հետ կապված (Ընկերության բարձրացրած հարցի մասով) տալ պաշտոնական պարզաբանում:

Դիմումով Ընկերությունը ներկայացրել է հարցի պարզաբանման հետևյալ տարբերակը.

1. Այն համակենտրոնացումները, որոնք Կարգի 2-րդ կետի համաձայն ենթակա են պետական գրանցման կամ հաշվառման (Օրենքի 8-րդ հոդվածի «ա» դեպք) կամ դրանից ծագող իրավունքներն են Կարգի 3-րդ կետի համաձայն ենթակա պետական գրանցման (Օրենքի 8-րդ հոդվածի «բ» դեպք) կամ այդ միավորումն է Կարգի 4-րդ կետի համաձայն ենթակա գրանցման կամ հաշվառման (Օրենքի 8-րդ հոդվածի «գ» դեպք) և համապատասխան գրանցումներն ու հաշվառումները կարգավորող իրավական ակտերը չեն արգելում այդպիսի գրանցումներն ու հաշվառումները` առանց համոզվելու Հանձնաժողովի որոշման առկայության մասին, ապա Օրենքի և այդ իրավական ակտերի միջև առկա է հակասություն:

2. Այդպիսի հակասությունների դեպքում ղեկավարվել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Եթե «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն գործում են գրանցումներն ու հաշվառումները կարգավորող իրավական ակտերը, ապա այդ հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը (մինչև գործողության մեջ դնելը կամ համակենտրոնացմանը մասնակցելը) չի արգելվում և ենթակա չէ հայտարարագրման:

Քննարկելով դիմումը, Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և գրանցումներն ու հաշվառումները կարգավորող իրավական ակտերը (այդ թվում` «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը) կարգավորում են տարբեր հարաբերություններ: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց այն նպատակաուղղված գործողությունների կամ վարքագծի վրա, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել տնտեսական մրցակցության սահմանափակմանը, կանխմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցության գործողությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ինչպես նաև վնասել սպառողների շահերը, իսկ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարգավորում է իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի իրավասությունները: Ինչպես «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այնպես էլ վերոնշյալ գրանցումներն ու հաշվառումները կարգավորող իրավական ակտերով սահմանված չէ որևէ դրույթ` Օրենքով հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների պետական գրանցման կամ հաշվառման համար Հանձնաժողովի որոշման առկայության անհրաժեշտության կամ այդ որոշման բացակայության դեպքում` գրանցումը կամ հաշվառումը մերժելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ, Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը կամ դրան մասնակցելը, ենթակա է հայտարարագրման, եթե համակենտրոնացումը բավարարում է նույն մասի «ա», «բ», «գ» կամ «դ» կետերից որևէ մեկի պահանջը, հետևաբար, մինչև Կարգի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերում նշված գրանցումները կամ հաշվառումներն իրականացնելը պետք է պահպանվեն Օրենքի 4-րդ գլխով սահմանված պահանջները:

Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» և «թ» կետերը, Հանձնաժողովը` որոշում է.

Պաշտոնապես պարզաբանել, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, համակենտրոնացումների գրանցումների կամ հաշվառումների մասով, չի հակասում այդ գրանցումները կամ հաշվառումները կարգավորող իրավական ակտերին:

 

 

pin
Տնտես. մրցակցության պաշտպանության հ
26.01.2010
N 01
Պաշտոնական պարզաբանում