Սեղմել Esc փակելու համար:
ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

 

ԴՈՊԻՆԳԻ ԴԵՄ ԿՈՆՎԵՆՑԻԱ

 

Նախաբան

 

Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները, Եվրոպական մշակույթի կոնվենցիայի կողմ հանդիսացող մյուս պետությունները և այլ պետություններ, սույնը ստորագրողները,

հաշվի առնելով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է ապահովել ավելի սերտ միություն իր անդամների միջև` իդեալների և սկզբունքների պահպանման և իրագործման նպատակով, որը նրանց ընդհանուր ժառանգությունն է և նպաստում է նրանց տնտեսական և սոցիալական աճին, գիտակցելով, որ սպորտը պետք է կարևոր դեր խաղա առողջության պահպանման, բարոյական և ֆիզիկական դաստիարակության մեջ և խթանի միջազգային փոխըմբռնումը,

մտահոգված լինելով մարզիկների և մարզուհիների` դոպինգային միջոցների ու մեթոդների օգտագործման աճով և մասնակիցների առողջության համար սույնից բխող հետևանքների և սպորտի ապագայի համար,

նկատի ունենալով, որ այս հիմնահարցը վտանգի տակ է դնում բարոյական սկզբունքները և կրթական արժեքները, որոնք ամրագրված են Օլիմպիական խարտիայում, Սպորտի միջազգային խարտիայում և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆիզիկական դաստիարակության մեջ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի (76)41 բանաձևում, որը հայտնի է «Եվրոպական խարտիա. սպորտը բոլորի համար» անվամբ,

հաշվի առնելով միջազգային մարզական կազմակերպությունների կողմից ընդունած հակադոպինգային կանոնակարգը, միջոցները և հայտարարությունները,

տեղյակ լինելով, որ հասարակական մարմինները և կամավորական սպորտային կազմակերպությունները հավելյալ պատասխանատվություն են կրում սպորտում դոպինգի դեմ պայքարում, հատկապես երաշխավորելով վայելուչ պահվածքը` մարզական միջոցառումների ժամանակ ազնիվ խաղի սկզբունքների հիմքի վրա, պաշտպանելու համար առողջությունը, ովքեր մասնակցություն են ունենում դրանցում,

գիտակցելով, որ այս մարմինները և կազմակերպությունները սույն նպատակների իրագործման համար պետք է միասին աշխատեն բոլոր հնարավոր մակարդակներով,

հիշելով դոպինգի վերաբերյալ բանաձևերը, որոնք ընդունել են սպորտի համար պատասխանատու Եվրոպական նախարարների համագումարը, և, մասնավորապես, հմ. 1 բանաձևը, որը ընդունվել է 8-րդ համագումարի ժամանակ, Ռեյկյավիկում` 1989 թվականին,

հիշելով, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն արդեն ընդունել է բանաձև մարզիկների` դոպինգ ընդունելու մասին, հանձնարարական հմ. R(79)8` սպորտում դոպինգի մասին, հանձնարարական հմ. R(84)19` սպորտի համար Եվրոպական հակադոպինգային խարտիայի մասին և հանձնարարական հմ. R(88)12` դոպինգային վերահսկողություն մտցնելու մասին, առանց մրցություններից դուրս նախազգուշացման,

հիշելով դոպինգի մասին հանձնարարական հմ. 5-ը, որը ընդունվել է նախարարների միջազգային համագումարի և ղեկավար պաշտոնյաների կողմից, որոնք պատասխանատու են սպորտի և ֆիզիկական դաստիարակության համար, և որը կազմակերպվել էր 1988 թվականին` Մոսկվայում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից,

այնուամենայնիվ, որոշվեց ձեռնարկել հետագա և ավելի ուժեղ քայլեր, որոնք ուղղված կլինեն սպորտում դոպինգի օգտագործման նվազեցմանը և վերջնական վերացմանը` որպես հիմք ունենալով բարոյական արժեքները և պրակտիկ չափանիշները, որոնք ներառված են այդ փաստաթղթերում,

համաձայնեցին հետևյալի շուրջ.

 

ՀՈԴՎԱԾ 1

Կոնվենցիայի նպատակը

 

Կողմերը, նպատակ ունենալով կրճատել և հետագայում սպորտից ամբողջովին հանել դոպինգը, պարտավորվում են իրենց սահմանադրական հնարավորությունների սահմաններում անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել սույն Կոնվենցիայի դրույթներն իրականացնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

Կոնվենցիայի բնորոշումը և կիրառական դաշտը

 

1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում`

ա) «Դոպինգ սպորտում» ասելով ենթադրվում է մարզիկների կամ մարզուհիների կողմից դոպինգների դասին պատկանող դեղամիջոցների կամ դոպինգ մեթոդների կիրառում.

բ) «Դոպինգ դասի դեղամիջոցներ և դոպինգ մեթոդներ» նշանակում է, համաձայն ներքոնշյալ 2-րդ կետի, այն դեղամիջոցներն ու մեթոդները, որոնք արգելվում են համապատասխան միջազգային մարզական կազմակերպությունների կողմից, և որոնք առկա են մոնիտորինգային խմբի 11.1 «բ» հոդվածի պայմանների համաձայն հաստատված ցուցակում.

գ) «Մարզիկ» և «մարզուհի» նշանակում են այն անձինք, որոնք կանոնավոր կերպով մասնակցում են կազմակերպված մարզական միջոցառումներին:

2. Մինչև դոպինգ դասի արգելված դեղամիջոցների և դոպինգ մեթոդների ցուցակը չհաստատվի մոնիտորինգային խմբի կողմից, համաձայն 11.1 «բ» հոդվածի պայմանների, պետք է կիրառվի սույն Կոնվենցիայի հավելվածի տեղեկատու ցուցակը:

 

ՀՈԴՎԱԾ 3

Ներպետական համակարգում

 

1. Կողմերը պետք է համակարգեն իրենց այն կառավարական մարմինների և այլ հասարակական կազմակերպությունների քաղաքականությունը և գործունեությունը, որոնք շահագրգռված են սպորտում դոպինգի դեմ պայքարով:

2. Նրանք պետք է երաշխավորեն սույն Կոնվենցիայի գործնական կիրառումը, մասնավորապես, 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, անհրաժեշտության դեպքում վստահեցնելով սույն Կոնվենցիայի որոշ դրույթների իրականացվելը նշված կառավարական կամ ոչ կառավարական մարզական մարմինների կամ մարզական կազմակերպությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 4

Արգելված դոպինգների և դոպինգային մեթոդների օգտագործման և

մատչելիության սահմանափակմանն ուղղված միջոցներ

 

1. Կողմերը անհրաժեշտության դեպքում ընդունում են արգելված դոպինգ դեղամիջոցների և դոպինգային մեթոդների մատչելիությունը և օգտագործումը, կիրառումը սպորտում սահմանափակող օրենքներ, կանոններ և վարչական միջոցներ (ներառյալ դրանց վերահսկողությանը, ներմուծմանը, բաշխմանը և վաճառքին վերաբերող կանոնները): Հարցը մասնավորապես վերաբերում է ստերոիդ անաբոլիկներին:

2. Այս նպատակով Կողմերը կամ, անհրաժեշտության դեպքում, իրավասու ոչ պետական կազմակերպությունները իրականացնում են պետական հատկացումների /սուբվենցիաների/ բաշխումը մարզական կազմակերպություններին, որպեսզի նրանք արդյունավետ ձևով կիրառեն հակադոպինգային կանոններ:

3. Կողմերը, բացի վերոհիշյալից

ա) աջակցում են իրենց մարզական կազմակերպություններին` ուղղակի հատկացումներով կամ սուբսիդիաներով ֆինանսավորելու հակադոպինգային վերահսկումը և անալիզների, կամ այդ վերահսկման և անալիզների արժեքը հաշվի է առնվում այն ժամանակ, երբ ամրագրվում են այդ կազմակերպություններին հատկացվելիք ամբողջ սուբսիդիաներն ու հատկացումները.

բ) համապատասխան միջոցներ են ձեռնարկում` մարզումների համար կառավարական միջոցների սուբսիդիաներից զրկելու այն մարզիկներին կամ մարզուհիներին, որոնք դոպինգի հետ կապված խախտումներ են կատարել և որակազրկվել: Այդ գործընթացը պետք է շարունակվի մինչև որակազրկման ավարտը.

գ) աջակցում և անհրաժեշտության դեպքում դյուրացնում են իրենց մարզական կազմակերպությունների կողմից այն դոպինգ վերահսկման իրականացումը, որը պահանջել են իրավասու միջազգային կազմակերպությունները: Դոպինգ ստուգում կարող է կատարվել ինչպես մրցման ընթացքում, այնպես էլ դրանից դուրս, և`

դ) խրախուսում և դյուրացնում են մարզական կազմակերպությունների կողմից այն համաձայնագրերի կնքումը, որոնք թույլ են տալիս իրենց անդամներին ստուգման ենթարկվել այլ երկրներում` պատշաճ լիազորված հակադոպինգային վերահսկման խմբերի կողմից:

4. Կողմերն իրավունք ունեն հակադոպինգային կանոններ ընդունել ու հակադոպինգային ստուգումներ կատարել իրենց իսկ նախաձեռնությամբ և իրենց պատասխանատվությամբ` պայմանով, որ դրանք համապատասխանեն սույն Կոնվենցիայի համապատասխան սկզբունքներին:

 

ՀՈԴՎԱԾ 5

Լաբորատորիաներ

 

1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է`

ա) իր տարածքի վրա ստեղծել հակադոպինգային ստուգման մեկ կամ մի քանի լաբորատորիաներ կամ աջակցել դրանց ստեղծմանը, որոնք կհամապատասխանեն իրավասու միջազգային մարզական կազմակերպությունների կողմից ընդունած և մոնիտորինգային խմբի կողմից հաստատված չափանիշներին, որոնք նշված են 11.1 «բ» հոդվածում.

բ) աջակցել իրենց մարզական կազմակերպություններին` մուտք ունենալու դեպի այլ երկրի տարածքում գտնվող լաբորատորիաներ:

2. Այդ լաբորատորիաները պետք է խրախուսվեն`

ա) համապատասխան միջոցներ ձեռք առնել որակյալ անձնակազմ վարձելու, կազմավորելու, վերապատրաստելու համար.

բ) դոպինգ դասի դեղամիջոցների և օգտագործված կամ օգտագործման ենթակա մեթոդների վերաբերյալ համապատասխան հետազոտություններ և զարգացման ծրագրեր կազմել, նույնատիպ աշխատանքներ կատարել նաև դեղաբանության, կենսաքիմիայի բնագավառներում, որպեսզի ավելի լավ ըմբռնվեն մարդու օրգանիզմի վրա այդ դեղամիջոցների ազդեցությունը և դրանց հետևանքները մարզական նվաճումների վրա.

գ) պատշաճորեն հրատարակել և տարածել այդ հետազոտությունների նոր տվյալները:

 

ՀՈԴՎԱԾ 6

Դաստիարակչություն

 

1. Կողմերը պարտավորվում են մշակել և իրականացնել դաստիարակչական ծրագրեր, տեղեկատվական արշավանքներ, որոնք վեր են հանում առողջությանը պատճառած դոպինգի վնասները և դրա հասցրած վնասները մարզական էթիկայի արժեքներին, այդ հարցում անհրաժեշտության դեպքում համագործակցելով շահագրգիռ մարզական կազմակերպությունների և լրատվական միջոցների հետ: Ծրագրերը, արշավանքները վերաբերում են ինչպես պատանիներին /դպրոցականներ, մարզական ակումբների անդամներ/ և նրանց ծնողներին, այնպես էլ հասուն մարզիկներին և մարզուհիներին, մարզական պատասխանատու անձանց, մարզիչներին: Առողջապահության բնագավառի աշխատողների համար այս դաստիարակչական ծրագրերն ընդգծում են հարգանքը բժշկական էթիկայի նկատմամբ:

2. Կողմերը պարտավորվում են, համագործակցելով մարզային, ազգային և միջազգային մարզական համապատասխան կազմակերպությունների հետ, խրախուսել և զարգացնել ֆիզիոլոգիական և հոգեբանական ծրագրերի մշակմանն ուղղված հետազոտությունների անցկացումը, որոնք հիմնված կլինեն գիտական բազայի վրա և կհարգեն անձի ներդաշնակությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7

Համագործակցություն մարզական կազմակերպությունների հետ վերջիններիս

կողմից ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ

 

1. Կողմերը պարտավորվում են աջակցել իրենց մարզական կազմակերպություններին և վերջիններիս միջոցով` միջազգային մարզական կազմակերպություններին` իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ մշակելու և կիրառելու` սպորտում դոպինգի դեմ պայքարելու համար:

2. Այդ նպատակով նրանք աջակցում են իրենց մարզական կազմակերպություններին` պարզաբանել և ներդաշնակցել իրենց համապատասխան իրավունքներն ու պարտականությունները` մասնավորապես ներդաշնակցելով իրենց`

ա) իրավասու միջազգային մարզական կազմակերպությունների կողմից ընդունված կանոնների հիման վրա ստեղծված հակադոպինգային կանոնները.

բ) արգելված դոպինգ դեղամիջոցների և մեթոդների դեղաբանական դասերի ցուցակները, որոնք հիմնված են միջազգային մարզական իրավասու մարմինների կողմից համաձայնեցված ցուցակների վրա.

գ) հակադոպինգային ստուգման մեթոդները.

դ) կարգապահական (դիսցիպլինար) միջոցները` կիրառելով համաձայնեցված միջազգային իրավական սկզբունքները և երաշխավորելով հարգանքը այն մարզիկների ու մարզուհիների հիմնարար իրավունքների նկատմամբ, որոնց վրա կասկած է ընկնում: Այդ սկզբունքները մասնավորապես հետևյալներն են` 1) հաշվետու մարմինը պետք է տարբեր լինի կարգապահական մարմնից, 2) այդ անձինք ունեն գործի արդար քննության և օգնության կամ ներկայացուցիչ ունենալու իրավունք, 3) պետք է գոյություն ունենան հատուկ դրույթներ` կիրառելի ցանկացած կատարված դատավարության դեմ բողոքարկելու համար.

ե) արդյունավետ սանկցիաների կիրառման ընթացակարգեր` պաշտոնյաների, բժիշկների, անասնաբույժների, մարզիչների, ֆիզիոթերապևտների և այլ պատասխանատու անձանց կամ խախտման մասնակիցների նկատմամբ, որոնք որևէ կապ ունեն մարզիկների կամ մարզուհիների կողմից հակադոպինգային կանոնակարգերի խախտման հետ.

զ) նույն կամ ուրիշ երկրի մարզական այլ կազմակերպությունների կողմից առաջադրված ժամանակավոր որակազրկման (դադարեցման) կամ այլ պատժամիջոցների փոխադարձաբար ճանաչման ընթացակարգեր:

3. Բացի այդ, Կողմերը խրախուսում են իրենց մարզական կազմակերպություններին`

ա) անցկացնել բավարար քանակով հակադոպինգային ստուգումներ ոչ միայն մրցումների ընթացքում, այլև, առանց նախազգուշացման, մրցումներից դուրս` ցանկացած ժամանակ: Այդ ստուգումները պետք է կատարվեն բոլոր մարզիկների ու մարզուհիների համար հավասար պայմաններում և ներառեն ընտրված մարզիկների ստուգում և վերստուգում. անհրաժեշտության դեպքում` նաև պատահականորեն.

բ) այլ երկրների մարզական կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր, որոնք թույլ կտան այդ երկրներից որևէ մեկում մարզվող մարզիկին կամ մարզուհուն ենթարկել հակադոպինգային ստուգման հենց այդ երկրում գործող և պատշաճ լիազորված հակադոպինգային ստուգիչ խմբի կողմից.

գ) պարզաբանել և ներդաշնակցել հակադոպինգային չափանիշներ պարունակող մարզաձևերի և միջոցառումների թույլատրելիությանը վերաբերող կանոնակարգերը.

դ) խթանել մարզիկների և մարզուհիների ակտիվ մասնակցությունը միջազգային մարզական կազմակերպությունների կողմից մղվող հակադոպինգային պայքարում.

ե) 5-րդ հոդվածում նշված լաբորատորիաներում կատարվող հակադոպինգային անալիզի համար ամբողջովին և արդյունավետ կերպով օգտագործել իրենց տրամադրության տակ եղած սարքավորումները` ինչպես մրցումների ընթացքում, այնպես էլ դրանցից դուրս.

զ) ուսումնասիրել մարզական գիտական մեթոդները և գտնել հիմնական սկզբունքները, որոնք նպատակ կունենան պաշտպանել բոլոր տարիքի և բոլոր մարզաձևերի մարզիկներին ու մարզուհիներին:

 

ՀՈԴՎԱԾ 8

Միջազգային համագործակցություն

 

1. Կողմերը համագործակցում են սույն Կոնվենցիայով նախատեսված բոլոր բնագավառներում և խրախուսում են նույնանման համագործակցություն իրենց մարզական կազմակերպությունների միջև:

2. Կողմերը պարտավորվում են`

ա) խրախուսել իրենց մարզական կազմակերպություններին` գործել այնպես, որ խթանեն սույն Կոնվենցիայի դրույթների կիրառելիությունը բոլոր համապատասխան միջազգային մարզական կազմակերպությունների միջև, մասնավորապես` հրաժարվել գրանցել այն տարածաշրջանային և աշխարհի ռեկորդները, որոնց համար չեն ստացվել դոպինգ ստուգման բացասական արդյունքները.

բ) իրենց երկրում զարգացնել 5-րդ հոդվածի համաձայն ստեղծված և գործող հակադոպինգային լաբորատորիաների անձնակազմերի համագործակցությունը.

գ) երկկողմանի և բազմակողմանի համագործակցություն ծավալել իրենց համապատասխան կազմակերպությունների և իրավասու իշխանությունների ու կազմակերպությունների միջև, որի նպատակն է 4.1 հոդվածի առաջադրած նպատակների իրագործումը միջազգային մակարդակով:

3. Այն կողմերը, որոնք ունեն 5-րդ հոդվածին համապատասխան ստեղծված և գործող լաբորատորիաներ, պարտավորվում են օգնել մյուս Կողմերին փորձ և տեխնիկա ձեռք բերելու և իրենց սեփական լաբորատորիաները ստեղծելու հարցում:

 

ՀՈԴՎԱԾ 9

Տեղեկության տրամադրում

 

Յուրաքանչյուր Կողմ Եվրախորհրդի որևէ պաշտոնական լեզուներից մեկով պետք է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին փոխանցի այն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, որոնք կվերաբերեն սույն Կոնվենցիայի պայմաններին հարիր նպատակի համար ձեռնարկված օրենսդրական և այլ միջոցներին:

 

ՀՈԴՎԱԾ 10

Մոնիտորինգային խումբ

 

1. Սույն Կոնվենցիայի շրջանակներում կազմվել է մոնիտորինգային խումբ:

2. Ցանկացած Կողմ կարող է ներկայացնել այն խմբում մեկ կամ մի քանի պատվիրակներ: Ամեն Կողմ ունի մեկ ձայնի իրավունք:

3. 14.1 հոդվածում նշված ցանկացած պետություն, որը սույն Կոնվենցիայի անդամ չէ, կարող է մոնիտորինգային խմբի աշխատանքներին մասնակցել դիտորդով:

4. Մոնիտորինգային խումբը միաձայն որոշմամբ կարող է Եվրախորհրդի ոչ անդամ ցանկացած պետության, որը Կոնվենցիայի Կողմ չէ, կամ ցանկացած շահագրգիռ մարզական կազմակերպություն ու համապատասխան մասնագիտական (պրոֆեսիոնալ) կազմակերպության հրավիրել` որպես դիտորդ մասնակցելու մեկ կամ բազմաթիվ ժողովների:

5. Մոնիտորինգային խումբը հրավիրվում է գլխավոր քարտուղարի կողմից: Այն իր առաջին ժողովն անց է կացնում մոտակա ամենահարմար ժամկետում և, ամեն դեպքում, սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում: Այնուհետև ժողովն ամեն անգամ անց է կացվում անհրաժեշտության դեպքում` գլխավոր քարտուղարի կամ Կողմերից մեկի նախաձեռնությամբ:

6. Մոնիտորինգային խմբի ժողով հրավիրելու համար անհրաժեշտ քվորումը կազմում է Կողմերի մեծամասնությունը:

7. Մոնիտորինգային խումբը ժողովն անց է կացնում դռնփակ:

8. Համաձայն սույն Կոնվենցիայի դրույթների` մոնիտորինգային խումբն ընդունում է իր աշխատակարգը և այն հաստատում կոնսենսուսի հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Մոնիտորինգային խումբը պետք է հետևի սույն Կոնվենցիայի կիրառմանը: Մասնավորապես պետք է`

ա) մշտապես վերանայի Կոնվենցիայի կետերը և քննի անհրաժեշտ փոփոխությունները.

բ) հաստատի 2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ պարբերություններում նշված միջազգային մարզական իրավասու կազմակերպությունների կողմից արգելված դոպինգների և դոպինգային մեթոդների ցուցակը և համապատասխան փոփոխությունները, 5.1 «ա» հոդվածում նշված, սույն կազմակերպությունների կողմից ընդունված լաբորատորիաների ակրեդիտացիայի չափանիշները և փոփոխությունները և սահմանի տվյալ որոշումների ուժի մեջ մտնելու ժամկետները.

գ) անցկացնի խորհրդակցություններ համապատասխան մարզական կազմակերպությունների հետ.

դ) սույն Կոնվենցիայի նպատակների համար ձեռնարկվելիք միջոցառումների կապակցությամբ հանձնարարականներ հղի Կողմերին.

ե) համապատասխան միջոցներ հանձնարարի իրավասու միջազգային կազմակերպություններին` հասարակությանը տեղեկացնելու սույն Կոնվենցիայի շրջանակներում ձեռնարկված գործողությունների մասին.

զ) նախարարների կոմիտեին հանձնարարական ուղարկի սույն Կոնվենցիային միանալու համար հրավիրված Եվրախորհրդի ոչ անդամ պետությունների առնչությամբ.

է) անի առաջարկություններ սույն Կոնվենցիայի արդյունավետության բարձրացման համար:

2. Իր գործառույթների իրականացման նպատակով մոնիտորինգային խումբը կարող է իր սեփական նախաձեռնությամբ նախաձեռնել փորձագետների խմբերի հանդիպումներ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Իր յուրաքանչյուր ժողովից հետո մոնիտորինգային խումբը Եվրախորհրդի նախարարների կոմիտեին ներկայացնում է իր աշխատանքի և Կոնվենցիայի գործունեության մասին հաշվետվություն:

 

ՀՈԴՎԱԾ 13

Փոփոխություններ Կոնվենցիայի հոդվածներում

 

1. Կողմերից մեկը, Եվրախորհրդի նախարարների կոմիտեն կամ մոնիտորինգային խումբը, կարող է սույն Կոնվենցիայի հոդվածներում փոփոխություններ առաջարկել:

2. Փոփոխության ցանկացած առաջարկի մասին Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի կողմից տեղեկացվում են 14-րդ հոդվածում նշված բոլոր այն երկրները, որոնք անդամակցել են կամ հրավիրված են անդամակցելու` համաձայն սույն Կոնվենցիայի 16-րդ կետի պահանջների:

3. Կողմերից որևէ մեկի կամ նախարարների կոմիտեի արած փոփոխության առաջարկության մասին պետք է մոնիտորինգային խումբը տեղյակ պահվի այն ժողովից առնվազն երկու ամիս առաջ, որի ընթացքում պետք է քննարկվի փոփոխությունը: Մոնիտորինգային խումբը պետք է նախարարների կոմիտեին ներկայացնի իր կարծիքը առաջարկված փոփոխության վերաբերյալ` անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով համապատասխան մարզական կազմակերպությունների հետ:

4. Նախարարների կոմիտեն ուսումնասիրում է առաջարկված փոփոխությունը, ինչպես նաև մոնիտորինգային խմբի կողմից ներկայացված ցանկացած կարծիք, և կարող է ընդունել փոփոխությունը:

5. Նախարարների կոմիտեի կողմից սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխության տեքստ տրվում է Կողմերին` ընդունելու համար:

6. Սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ընդունված ցանկացած փոփոխություն ուժի մեջ է մտնում այն օրվանից սկսած մեկ ամիս լրանալուց հետո հաջորդ ամսվա առաջին օրը, երբ բոլոր Կողմերը գլխավոր քարտուղարին հայտնել են նշված փոփոխությունն ընդունելու մասին իրենց որոշումը:

 

ՀՈԴՎԱԾ 14

Եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն Կոնվենցիան կարող են ստորագրել Եվրախորհրդի անդամ երկրները, Եվրոպական մշակութային կոնվենցիայի այլ անդամ երկրներ և անդամ չհանդիսացող այն երկրները, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, որոնք կարող են իրենց համաձայնությունը արտահայտել`

ա) ստորագրելով առանց հաստատման, ընդունման և հավանություն տալու, վերապահում անելու, կամ`

բ) ստորագրելով` հաստատման, ընդունման և հավանություն տալու կամ հետագա հաստատման, ընդունման և հավանություն տալու պայմանով:

2. Հաստատումը, ընդունումը և հավանություն տալը հաստատող փաստաթղթերը կփոխանցվեն Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այն օրվանից սկսած մեկ ամիս անց /հաջորդ ամսվա 1-ից/, երբ հինգ երկիր, որոնցից առնվազն 4-ը` Եվրախորհրդի անդամ, տալիս են Կոնվենցիային միանալու իրենց համաձայնությունը` 14-րդ հոդվածի դրույթի համաձայն:

2. Ցանկացած ստորագրած երկրի համար, որը ավելի ուշ է տվել Կոնվենցիային միանալու իր համաձայնությունը, վերջինս ուժի մեջ է մտնում ստորագրելու կամ փաստաթղթերը հաստատելու, ընդունելու կամ հավանություն տալու նպատակով ներկայացնելու օրվանից հետո մեկամսյա ժամկետը լրանալու ամսվան հաջորդ ամսվա մեկից:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո Եվրախորհրդի նախարարների կոմիտեն, Կողմերի հետ խորհրդակցելուց հետո, կարող է Խորհրդի ոչ անդամ ցանկացած երկրի հրավիրել` անդամակցելու Կոնվենցիային, որի համար անհրաժեշտ է Եվրախորհրդի կանոնակարգի 20-րդ հոդվածում նախատեսված մեծամասնությամբ ընդունած որոշումը և նախարարների կոմիտեում նստելու իրավունք ունեցող երկրների ներկայացուցիչների միաձայն որոշումը:

2. Անդամակցող ցանկացած երկրի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում, երբ լրանում է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին անդամակցելու վերաբերյալ փաստաթղթերը ներկայացնելու մեկամսյա ժամկետը (հաջորդ ամսվա 1-ից):

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Ցանկացած երկիր կարող է ստորագրման կամ վավերացման, ընդունման ու հավանություն տալու համար իր փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ նշել այն տարածքը, որտեղ կիրառվելու է սույն Կոնվենցիան:

2. Ցանկացած Կողմ կարող է հետագայում գլխավոր քարտուղարին հասցեագրված հայտարարությամբ ընդլայնել սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակները այն տարածքի նկատմամբ, որը սահմանված է հայտարարությամբ: Այդ տարածքում Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նշված հայտարարությունը գլխավոր քարտուղարի ստանալուց հետո մեկամսյա ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

3. Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցումով կարելի է հրաժարվել նախորդ 2 կետերի հիման վրա արված` Կոնվենցիայի կիրառման տարածքին վերաբերող հայտարարությունից: Հրաժարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից հետո վեցամսյա ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Ցանկացած Կողմ կարող է ցանկացած ժամանակ հրաժարվել սույն Կոնվենցիայից` այդ մասին ծանուցելով Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Հրաժարումը ուժի մեջ է մտնում գլխավոր քարտուղարի` ծանուցումը ստանալու օրվանից հետո վեցամսյա ժամկետը լրանալու ամսվան հաջորդող ամսվա մեկից:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Եվրախորհրդի անդամ երկրներին, Եվրոպական մշակութային կոնվենցիայի այլ կողմ երկրներին և ոչ անդամ երկրներին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, և յուրաքանչյուր երկրի, որը անդամակցել է կամ հրավիրվել է անդամակցելու, ծանուցում է`

ա) ցանկացած ստորագրման մասին` համաձայն 14-րդ հոդվածի.

բ) վավերացման, հաստատման և ընդունման ներկայացրած փաստաթղթերը հանձնելու մասին` համաձայն 14-րդ կամ 16-րդ հոդվածների.

գ) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ցանկացած ժամկետի մասին` համաձայն 16-րդ և 14-րդ հոդվածների.

դ) 9-րդ հոդվածի համաձայն ուղարկված ցանկացած տեղեկության մասին.

ե) 12-րդ հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած հաշվետվության մասին.

զ) 13-րդ հոդվածի համաձայն արված փոփոխության առաջարկի կամ փոփոխության ընդունման և այդ փոփոխության ուժի մեջ մտնելու օրվա մասին.

է) 17-րդ հոդվածի դրույթներով ձևակերպված ցանկացած հայտարարության մասին.

ը) 18-րդ հոդվածի դրույթների համաձայն արված ցանկացած ծանուցում և հրաժարման ուժի մեջ մտնելու ժամկետի մասին.

թ) սույն Կոնվենցիային վերաբերող ցանկացած այլ ակտի, տեղեկության կամ հաղորդագրության մասին:

Ի հաստատումն սույնի` ներքոստորագրյալները, պատշաճ լիազորված լինելով, ստորագրել են սույն Կոնվենցիան: Կազմվել է Ստրասբուրգում 1989 թվականի նոյեմբերի 16-ին` մեկ բնօրինակով, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով (ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են), որը ի պահ կհանձնվի Եվրախորհրդի արխիվներին: Եվրախորհրդի գլխավոր քարտուղարը Կոնվենցիայի հաստատված պատճենները կուղարկի Եվրախորհրդի անդամ երկրներին, Եվրախորհրդի մշակութային կոնվենցիայի յուրաքանչյուր կողմ երկրի և ոչ անդամ այն երկրներին, որոնք մասնակցել են սույն Կոնվենցիայի մշակմանը, և ցանկացած երկրի, որը հրավիրվել է անդամակցելու սույն Կոնվենցիային:

 

Հավելված

Արգելված դոպինգ դեղամիջոցների և դոպինգ

մեթոդների նոր տեղեկատու ցուցակ (ՈՒժի մեջ

մտնելու ժամկետը` 31 մարտի 2000 թ.)

 

I. Արգելված նյութերի դասեր

 

Ա. Խթանիչներ

 

Արգելված նյութերը «Ա» դասում ներառում են հետևյալ տեսակները. ամինեպտին, ամիֆենազոլ, ամֆետամինս, բրոմանտան, կոֆեին, կարֆեդոն, կոկային, էֆեդրինես, ֆենսամֆամին, մեսոկարբ, պենտետրազոլ, փրփրադոլ, սալբուտամոլ, սալմետերոլ, տերբուտալին և այլ առնչվող դեղամիջոցներ:

 

Բ. Թմրադեղեր

 

Արգելված նյութերը «Բ» դասում ներառում են հետևյալ տեսակները. բիպրենորֆին, դեքսրոմորամիդ, դիամորֆին (հերոին), մեֆադոն, մորֆի, պենտազոսին, փեֆիդին և այլ առնչվող դեղամիջոցներ:

 

Գ. Անաբոլիկներ

 

Արգելված նյութերը «Գ» դասում ներառում են հետևյալ տեսակները.

1. Անաբոլիկ անդրոգենիկ ստերիոդներ

ա) կլոստեբոլ, ֆլիոքսումեստերոն, մեթանդիենոն, մետենոլոն, նանդրոլոն,

19 - նորանդրոստենեդիոլ, 19 - նորանդրոստենեդիոն, օքսանդրոլոն, ստանոզոլոլ և այլ առնչվող նյութեր.

բ) անդրոստենեդիոլ, անդրոստենեդիոն, դեհուդրոեպիանդրոստերոն (DHEA), դիհուդրոտեստոստերոն, տեստրոստերոն և այլ առնչվող նյութեր:

2. Բետա - 2 ագոնիստներ

բամբուտերոլ, քլենբուտերոլ, ֆենոտերոլ, ֆորմուտերոլ, ռեպրոտերոլ, սալբուտամոլ, տեբուտալին և այլ առնչվող նյութեր:

 

Դ. Դյուրետիկներ

 

Արգելված նյութերը «Դ» դասում ներառում են հետևյալ տեսակները. աքետոզոլամիդ, բումետանիդ, քլորֆալիդոն, էֆաքրունիկ թթու, ֆուրոսեմիդ, հիդրոքլորոֆիազիդ, մանիտոլ, մերսալիլ, սփիրոնոլաքտոն, տրիամտերեն և այլ առնչվող նյութեր:

 

Ե. Պեպտիդ հորմոնիաներ, միմետիկներ և փոխարինողներ

 

Արգելված նյութերը «Ե» դասում ներառում են հետևյալ տեսակները, նրանց փոխարինողները և միմետիկները.

1. Քորիոնիկ Գոնադոտրոֆին (HCG) - արգելված է միայն տղամարդկանց համար.

2. Պիտուիտար և սինթետիկ գոնոդոտրոֆինս (LH) - արգելված է միայն տղամարդկանց համար

3. Կորտիկոտրոֆինս (ACTM տետրաքոսաքտիդ).

4. Աճող հորմոն (HGM).

5. Ինսուլին` աճող գործոնի նման (IGF - 1) և բոլոր համապատասխան գործոնները և նրանց փոխարինողները.

6. Էրուֆրոպոետին (EPO).

7. Ինսուլին - թույլատրվում է միայն հաստատված շաքարախտով հիվանդներին: Շաքարախտով հիվանդների գրավոր վկայագիրը պետք է ձեռք բերվի էնդոկրիոնոլոգից կամ բժիշկների խմբից:

 

II. Արգելված մեթոդներ

 

Հետևյալ եղանակները արգելվում են.

1. արյան դոպինգ.

2. արհեստական թթվածնային բացիլակիրների նշանակում կամ պլազմա էքսպանդերներ.

3. դեղագործական, քիմիական և ֆիզիկական խթանիչներ:

 

III. Որոշակի հանգամանքներում արգելված դեղամիջոցների դասեր

 

Ա. Ալկոհոլ

 

Եթե պատասխանատու մարմնի կանոնները նախատեսում են, և պետք է անցկացվեն տեստեր կանաբինոյիդների համար (օրինակ` մարիխուաննա, հաշիշ): Կանաբինոյիդների տեստեր կանցկացվեն օլիմպիական խաղերի ժամանակ: Եթե մեզում 11-նոր-դելտա 9-տետրահիդրոկանաբինոլ, 9-կաբոքսիլիք թթուն գերազանցում է 15 նանոգրամը մեկ միլիմետրի մեջ, հաստատում է դոպինգի առկայությունը:

 

Գ. Տեղային անզգայացումներ

 

Տեղային անզգայացման ներարկումները թույլատրվում են հետևյալ պայմանների առկայությամբ.

ա. կարող են օգտագործվել բուպիվակային, լիդոկային, մեպիվակային, պրոկային և առնչվող դեղամիջոցներ, բայց ոչ կոկաինը: Վասոկոնստրիկտոր դեղամիջոցները կարող են օգտագործվել տեղային անզգայացումների հետ կապված.

բ. միայն տեղային կամ ներհոդային վնասվածքների համար կարող է օգտագործվել.

գ. միայն երբ բժշկական առումով արդարացված է:

Եթե պատասխանատու մարմնի կանոնները նախատեսում են, կարող է անհրաժեշտ լինել դեղի տրման ծանուցումը:

 

Դ. Գլյուկոկորտիկոստերոիդներ

 

Գլյուկոկորտիկոստերոիդների օգտագործումը արգելվում է, երբ թույլտվությունը տրվել է բանավոր կամ ներերակային կամ ներմկանային վնասվածքների համար:

 

Ե. Բետա - բլոքերներ

 

«Ե» դասի արգելված նյութերը ներառում են հետևյալ դեղամիջոցները. ակեբուտորոլ, ալպրենոլոլ, ատենոլոլ, լաբետալոլ, մետապրոլոլ, նադոլոլ, օքսպրենոլոլ, պրոպրանոլոլ, սոտալոլ և այլ առնչվող դեղամիջոցներ:

Եթե պատասխանատու մարմնի կանոնները նախատեսում են, պետք է նախատեսվեն տեստեր բետա-բլոկերների համար:

 

Մեզային բաղադրությունների ամփոփագիր, որի հիման վրա IOC լիազորված լաբորատորիաները պետք է ներկայացնեն գյուտեր յուրահատուկ դեղամիջոցների համար

կոֆեին > 12 միկրոգրամ/միլիլիտր

կարբոքսի > 15 միկրոգրամ/միլիլիտր

կաֆին > 5 միկրոգրամ/միլիլիտր

էֆեդրին> 10 միկրոգրամ/միլիլիտր

էպիտեստոստերոն > 200 նանոգրամ/միլիլիտր

մեֆիլեֆեդրին > 10 միկրոգրամ/միլիլիտր

մորֆի > 1 միկրոգրամ/միլիլիտր

19-նորանդրոստրերոն > 2 նանոգրամ/միլիլիտր տղամարդկանց համար

19-նորանդրոստերոն > 5 նանոգրամ/միլիլիտր կանանց համար

ֆենիլպրոպանոլամին > 25 միկրոգրամ/միլիլիտր

պսեուդեոֆեդրին > 25 միկրոգրամ/միլիլիտր

սուլբատամոլ (մրցութային տեստից դուրս) > 1000 նանոգրամ/ միլիլիտր

T/E հարաբերություն > 6

 

IV. Մրցույթից դուրս տեստեր

 

Եթե առանձնահատուկ ձևով չի պահանջվում պատասխանատու մարմնի կողմից, մրցույթից դուրս տեստ է անցկացվում միմիայն արգելված դեղամիջոցների համար` I. C (անաբոլիկներ), I. D (դյուրետիկներ), I. E (պեպտիդ հորմոնիաներ, պեպտիդներ և փոխարինողներ), և II (արգելված մեթոդներ):

 

Արգելված դեղամիջոցների ցուցակ

 

Զգուշացում: Սա արգելված դեղամիջոցների սպառիչ ցուցակ չէ: Շատ դեղամիջոցներ, որոնք չկան այս ցուցակում, ենթադրվում են «առնչվող նյութեր» հասկացության տակ: Մարզիկները պետք է համոզված լինեն, որ ցանկացած դեղամիջոց, պատվաստում կամ այլ ցանկացած նյութ չի պարունակում որևէ արգելված դեղամիջոց:

 

Խթանիչներ

 

Ամինեպտին, ամֆրեպրանոն, ամիֆենազոլ, ամֆետամին, բամբուտերոլ, բրոմանտան, կաֆեին, կարֆեդոն, կաֆին, կոկաին, կրոպրոպամիդ, կրոտեֆամիդ, էֆադրին, էտամիվան, էտիլամֆետամին, էտիլաֆրին, ֆենսամֆամին, ֆենետիլին, ֆենֆլուրամին, ֆորմատերոլ, հեպտամինոլ, մեֆենորեքս, մեֆենտերմին, մեսոկարբ, մեֆամֆետամին, մեֆաքսիֆենամին, մեֆիլենդիոքսամֆետամին, մեֆիլեֆարդին, մեֆիլֆենիդար, նիկեֆամիդ, նորֆենֆլուրամին, պարահիդրոքսամֆետամին, պեմոլին, պենտետրազոլ, ֆենդիմետրազին, ֆենտեռմին, ֆենիլեֆրին, ֆենիլեպրոպանոլամին, ֆոլեդրին, պիպրադոլ, պրոլինթան, պրոպիլեքսեդրին, փսեուդոեֆեդրին, ռեպրոտերոլ, սալբուտամոլ, սալմետերոլ, սելեգիլին, ստրուչնին, տերբուտալին:

 

Թմրադեղեր

 

Բիֆրենորֆին, դեքստրոմորամիդ, դիամորֆին (հերոին), հիդրոքոդոն, մեֆադոն, մորֆի, պետազոսին, պեֆեդին:

 

Անաբոլիկներ

 

Անդրոստենեդիոլ, անդրոստենեդիոն, բամբուտերոլ, բոլդենոն, քլենբուտերոլ, քլոստեբոլ, դանազոլ, դեհիդրոքլորմեֆիլտեստոտերոն, դեհիդրոեպիսնդրոստերոն (DHEA), դեհիդրոտեստոստերոն, դրոստանոլոն, ֆենոտերոլ, ֆլուքսոմեստերոն, ֆորմեբոլոն, ֆորմոտերոլ, գեստրինոն, մեստերոլոն, մետանդիհենոն, մետենոլոն, մեֆանդրիոլ, մեֆիլտեստոստերոն, միբոլերոն, նանդրոլոն, 19-նորանդրոստենեդիոլ, 19-նորանդրոստենդեդիոն, նորաֆանդդրոլոն, օքսանդրոլոն, օքսիմեստերոն, օքսիմեֆոլոն, ռեպրոտերոլ, սալբուտամոլ, սալմետորոլ, ստանոզոլոլ, տերբուտալին, տեստոստերոն, տրենբոլոն:

 

Դյուրետիկներ

 

Աքետազոլամիդ, բենդրոֆլումեֆիազիդ, բումետանիդ, քանրենոն, քլորտալիդոն, էֆաքրինիդ թթու, ֆոտոսեմիդ, հիդրոքլորաֆիազիդ, ինդամպամիդ, մանիտոլ (ներերակային վնասվածքների կողմից), մերսալիլ, սպիրոնոլաքտոն, տրիամետրին:

 

Դեմքի դեղամիջոցներ

 

Բրոմանտան, դյուրետիկներ (նայիր` վերը), էպիստոստերոն, պրոբենեսիդ:

 

Պեպտիդ հորմոնիաներ, միմետիկներ և փոխարինողներ

 

ACTH, էրիֆրոպոետին (EPO), HCG, hGH, ինսուլին, LH, քլոմիֆեն, սիքլոֆենիլ, տամոքսիֆեն, (արգելվում է միայն տղամարդկանց համար):

 

Բետա բլոքներ

 

Ացեբուտոլ, ալպրենոլ, ատենոլոլ, բետաքսոլոլ, բիսոպրոլոլ, բունոլոլ, քարտելոլ, ցելիպրոլոլ, էսմոլոլ, լաբետալոլ, լեվոբունոլոլ, մետիպրանոլոլ, մետոպրոլոլ, նադոդոլ, օքսեպրենոլոլ, պինդոլոլ, պրոպրանոլոլ, սոտալոլ, տիմոլոլ:

 

Հավելված

 

Սալբուտամոլ

 

Սալբուտամոլը դասակարգվում է և` որպես խթանիչ, և` որպես անաբոլիկ: Մրցույթից դուրս անցկացվող տեստի նպատակն է հայտնաբերել անաբոլիկները: Սալբուտամոլին վերաբերող վերափոխված կանոնները այն համարում են անաբոլիկ, եթե դրա բաղադրությունը բարձր է 500 մոնոգրամ/միլիլիտրից և հաստատվում է էնանտիոմետրիկ անալիզով:

Այնուամենայնիվ, էնանտիոմետրիկ անալիզի անցկացման ընթացքում միայն 1000 մոնոգրամ/միլիլիտրից բարձր բաղադրություն ունեցողները կհամարվեն դրական, այսինքն` անաբոլիկներ, քանի դեռ չկա այլ ծանուցում: ՈՒմ մոտ նշված քանակից քիչ է, նրա մասին չի զեկուցվի համապատասխան մարմիններին` մրցույթից հետո տեստի անցկացման համար: Մրցույթի ժամանակ անցկացվող տեստի նպատակն է հայտնաբերել սալբուտամոլի օգտագործումը թե` որպես անաբոլիկի, թե` որպես խթանիչի: Մրցույթի ժամանակ անցկացված տեստի կարևորագույն նպատակն է, թե հայտնի է դարձել սալբուտամոլի ընդունումը, թե՞ ոչ:

Ինչպես միշտ, համապատասխան մարմինների պարտականությունն է մեկնաբանել լաբորատորիայում հայտնաբերվածը: Որպեսզի չծանրաբեռնեն համապատասխան մարմիններին բժշկական ծանուցումների քանակով, լաբորատորիաները չպետք է ներկայացնեն 100 մոնոգրամ/ միլիլիտրից ցածրերը:

Վերը նշված բաղադրությունները համապատասխանում են ազատ սալբուտամոլին:

 

Էֆեդրինս

 

Անցկացվել են էֆեդրինսի դեղագիտական և մեզային ստուգումներ: Եզրակացությունը այն էր, որ ստուգումը պետք է հայտնաբերի դոպինգի բոլոր դեպքերը, եթե էֆեդրինսը օգտագործվել էր մրցույթի օրը:

 

ՈՒժի մեջ է մտել 01.05.2004 թ.

 

 

pin
''
16.11.1989
Միջազգային պայմանագիր