Սեղմել Esc փակելու համար:
ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈ ...

 

 

ԾԽԱԽՈՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱՆԱԿԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ

(2-րդ մաս)

 

ՄԱՍ VIII. ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 23

Կողմերի համաժողով

 

1. Սույնով հիմնվում է Կողմերի համաժողով: Համաժողովի առաջին նստաշրջանը հրավիրվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ոչ ուշ, քան սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց մեկ տարի անց: Համաժողովը իր առաջին նստաշրջանում կորոշի հաջորդ հերթական նստաշրջանների վայրը և ժամանակը:

2. Կողմերի համաժողովի արտահերթ նստաշրջանները անց են կացվում այլ ժամկետներում, որոնք համաժողովը կհամարի անհրաժեշտ, կամ յուրաքանչյուր Կողմի գրավոր պահանջի հիման վրա, այն պայմանով, որ այդ պահանջի մասին Կոնվենցիայի քարտուղարության կողմից Կողմերին տեղեկատվություն փոխանցելու պահից վեց ամսվա ընթացքում, այն կստանա Կողմերի առնվազն մեկ երրորդի աջակցությունը:

3. Կողմերի համաժողովը իր առաջին նստաշրջանում իր ընթացակարգի կանոնները ընդունում է միաձայնությամբ:

4. Կողմերի համաժողովը միաձայն է ընդունում իր ֆինանսական կանոնները, ինչպես նաև այն կանոնները, որոնք կանոնակարգում են ցանկացած օժանդակ այն մարմինների ֆինանսավորումը, որոնք համաժողովը կարող է ստեղծել, ինչպես նաև քարտուղարության գործառնությունը կանոնակարգող ֆինանսական դրույթները: Յուրաքանչյուր հերթական նստաշրջանում համաժողովը հաստատում է ֆինանսական ժամանակահատվածի բյուջեն մինչև հաջորդ հերթական նստաշրջանը:

5. Կողմերի համաժողովը կանոնավոր կերպով քննարկում է սույն Կոնվենցիայի իրականացումը և ընդունում է որոշումներ, որոնք անհրաժեշտ են Կոնվենցիայի արդյունավետ իրականացմանը աջակցելու համար, և կարող է ընդունել Կոնվենցիայի արձանագրություններ, հավելվածներ և լրացումներ 28-րդ, 29-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան: Այս նպատակով համաժողովը.

ա) աջակցում և դյուրացնում է տեղեկատվության փոխանակումը 20-րդ և 21-րդ հոդվածներին համապատասխան,

բ) աջակցում և կարգավորում է գիտական հետազոտությունների համադրելի մեթոդաբանությունների և տվյալների հավաքման մշակումը և պարբերաբար կատարելագործումը ի լրումն 20-րդ հոդվածում նախատեսվածների, որոնք վերաբերում են սույն Կոնվենցիայի իրականացմանը,

գ) համապատասխան դեպքերում աջակցում է ռազմավարությունների, պլանների և ծրագրերի, ինչպես նաև քաղաքականության, օրենսդրության և այլ միջոցների մշակմանը, իրականացմանը և գնահատմանը,

դ) քննարկում է զեկույցներ, որոնք ներկայացված են Կողմերի կողմից սույն Կոնվենցիայի 21-րդ հոդվածին համապատասխան, և հաստատում է Կոնվենցիայի իրականացման վերաբերյալ կանոնավոր զեկույցներ,

ե) աջակցում և նպաստում է սույն Կոնվենցիայի իրականացման համար ֆինանսական միջոցների հավաքմանը 26-րդ հոդվածին համապատասխան,

զ) հիմնում է այնպիսի օժանդակ մարմիններ, որոնք անհրաժեշտ են սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար,

է) համապատասխան դեպքերում դիմում է ծառայություններ մատուցելու և համագործակցության մասին խնդրանքով, ինչպես նաև իրավասու և համապատասխան կազմակերպությունների և Միավորված ազգերի կազմակերպության համակարգի մարմինների և այլ միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և ոչ կառավարական կազմակերպությունների և մարմինների կողմից տեղեկատվություն տրամադրելու մասին որպես միջոց Կոնվենցիայի իրականացման աշխատանքը ամրապնդելու համար, և

ը) համապատասխան դեպքերում քննարկում է այլ գործողություններ սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար Կոնվենցիայի իրականացման ընթացքում կուտակված փորձի ներքո:

6. Կողմերի համաժողովը սահմանում է իր աշխատանքում դիտորդների մասնակցության չափանիշները:

 

ՀՈԴՎԱԾ 24

Քարտուղարություն

 

1. Կողմերի համաժողովը մշտական քարտուղարություն է նշանակում և ապահովում նրա գործառնության պայմանները: Կողմերի համաժողովը ձգտում է դա անել իր առաջին նստաշրջանում:

2. Մինչև մշտական քարտուղարության նշանակման և հիմնադրման պահը` քարտուղարության գործառույթները, սույն Կոնվենցիային համապատասխան, ապահովում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:

3. Քարտուղարության գործառույթներն են.

ա) Կողմերի համաժողովի և ցանկացած օժանդակ մարմնի նստաշրջանների կազմակերպումը և դրանց ապահովումը անհրաժեշտ ծառայություններով,

բ) այն զեկույցների փոխանցումը, որոնք քարտուղարությունը ստացել է սույն Կոնվենցիային համապատասխան,

գ) օգնության ցուցաբերում Կողմերին, հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին իրենց խնդրանքի համաձայն սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան պահանջվող տեղեկատվության հավաքման և փոխանցման գործում,

դ) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ իր գործունեության մասին զեկույցների պատրաստում սույն Կոնվենցիային համապատասխան և նրանց ներկայացումը Կողմերի համաժողովին,

ե) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպությունների և այլ մարմինների հետ անհրաժեշտ համակարգման ապահովում,

զ) Կողմերի համաժողովի ղեկավարությամբ այնպիսի վարչական կամ կոնտրակտային համաձայնագրերի կնքում, որոնք կարող են պահանջվել իր գործառույթների արդյունավետ իրականացման համար, և

է) Կոնվենցիայում և դրա արձանագրություններից որևէ մեկում նշված քարտուղարության այլ գործառույթների կատարումը, ինչպես նաև այնպիսի այլ գործառույթների կատարումը, որոնք կարող են որոշվել Կողմերի համաժողովի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 25

Կողմերի համաժողովի և միջկառավարական կազմակերպությունների միջև

հարաբերություններ

 

Սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար ֆինանսական և տեխնիկական համագործակցություն ապահովելու նպատակով Կողմերի համաժողովը կարող է համագործակցության խնդրանքով դիմել իրավասու միջազգային և տարածաշրջանային միջկառավարական կազմակերպություններին, ներառյալ` ֆինանսական և զարգացման հարցերով զբաղվող հաստատություններին:

 

ՀՈԴՎԱԾ 26

Ֆինանսական միջոցներ

 

1. Կողմերը ընդունում են սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու գործում ֆինանսական միջոցների կարևոր դերը:

2. Յուրաքանչյուր Կողմ ֆինանսական աջակցություն է ապահովում իր ազգային գործունեությանը, որն ուղղված է սույն Կոնվենցիայի նպատակին հասնելու համար իր ազգային պլաններին, գերակայություններին և ծրագրերին համապատասխան:

3. Կողմերը համապատասխան դեպքերում նպաստում են այն Կողմերի` ծխախոտի դեմ պայքարի բազմաճյուղային համակողմանի ծրագրերի մշակման և ամրապնդման ֆինանսավորման ապահովման համար բազմակողմ, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և այլ բազմակողմ ուղիների օգտագործմանը, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են: Համապատասխանաբար, ազգային մակարդակով մշակվող կայուն զարգացման ռազմավարությունների համատեքստում, հարկ է քննարկել և աջակցել ծխախոտի արտադրության տնտեսապես կենսունակ այլընտրանքները և աջակցել դրանց, ներառյալ` մշակաբույսերի բազմազանությունը:

4. Կողմերը, որոնք ներկայացված են համապատասխան տարածաշրջանային և միջազգային միջկառավարական կազմակերպություններում, ինչպես նաև ֆինանսական և զարգացման հարցերով զբաղվող հաստատություններում, խրախուսում են այդ կազմակերպությունների և հաստատությունների կողմից այն Կողմերին ֆինանսական աջակցության ապահովումը, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են սույն Կոնվենցիայով նախատեսվող իրենց պարտավորությունների կատարման գործում օգնություն ցույց տալու նպատակներով` առանց սահմանափակելու այդ կազմակերպություններում մասնակցելու իրավունքը:

5. Կողմերը համաձայնում են նրանում, որ.

ա) սույն Կոնվենցիայով նախատեսված իրենց պարտավորությունների կատարման գործում Կողմերին օգնություն ցույց տալու համար պետք է հավաքել և ի նպաստ բոլոր Կողմերի, հատկապես զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերի, բոլոր համապատասխան հնարավոր և գոյություն ունեցող միջոցները` ֆինանսական, տեխնիկական կամ այլ, ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, որոնք մատչելի են ծխախոտի դեմ պայքարի միջոցառումների համար:

բ) Քարտուղարությունն խորհուրդ է տալիս Կողմերին, իրենց խնդրանքի համաձայն, որոնք զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ են ֆինանսավորման առկա աղբյուրների մասին` սույն Կոնվենցիայով նախատեսված Կողմերի պարտավորությունների կատարումը դյուրացնելու նպատակով:

գ) Կողմերի համաժողովն իր առաջին նստաշրջանում կանցկացնի քարտուղարության կողմից կատարված հետազոտության հիման վրա օգնության գոյություն ունեցող և հնարավոր աղբյուրների և մեխանիզմների և այլ համապատասխան տեղեկատվության դիտարկում և կքննարկի դրանց համապատասխանությունը:

դ) Այդ դիտարկման արդյունքները հաշվի կառնվեն Կողմերի համաժողովի կողմից գոյություն ունեցող մեխանիզմների ամրապնդման անհրաժեշտությունը որոշելիս կամ կամավոր գլոբալ ֆոնդի կամ այլ համապատասխան ֆինանսական մեխանիզմների ստեղծման ընթացքում` զարգացող և անցումային տնտեսությամբ երկրներ հանդիսացող Կողմերին, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ ֆինանսական միջոցներ տրամադրելու համար սույն Կոնվենցիայի նպատակներին հասնելու գործում Կողմերին օգնություն ցույց տալու նպատակով:

 

ՄԱՍ IX. ՎԵՃԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 27

Վեճերի կարգավորում

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման հետ կապված երկու կամ ավելի Կողմերի միջև վեճ ծագելու դեպքում համապատասխան Կողմերը ձգտում են կարգավորել այն դիվանագիտական ուղիներով` բանակցությունների կամ ցանկացած այլ խաղաղ միջոցներով իրենց ընտրությամբ, ներառյալ բարի ծառայությունները, միջնորդությունը կամ հաշտությունը: Բարի ծառայությունների, միջնորդության կամ հաշտության միջոցով համաձայնության հասնելու անհնարինության դեպքում վեճի կողմերը չեն ազատվում պարտավորությունից շարունակել գտնել վեճի լուծում:

2. Սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման, հաստատման կամ պաշտոնական հավանություն տալու կամ նրան միանալու ընթացքում կամ դրանից հետո ցանկացած ժամանակ պետությունը կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը կարող են ավանդապահին գրավոր հայտարարել, որ կապված այն վեճի հետ, որը չի կարող կարգավորվել սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան նրանք համաձայն են որպես հարկադիր միջոց հատուկ միջնորդ դատավարություն անցկացնել այն ընթացակարգերին համապատասխան, որոնք ենթակա են ընդունման Կողմերի համաժողովի կողմից միաձայնության հիման վրա:

3. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են ցանկացած արձանագրության վերաբերյալ այդ արձանագրության կողմերի միջև վեճի նկատմամբ, եթե նրանում այլ բան նախատեսված չէ:

 

ՄԱՍ X. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՀԵՏԱԳԱ ՄՇԱԿՈՒՄ

 

ՀՈԴՎԱԾ 28

Կոնվենցիայի ուղղումներ

 

1. Ցանկացած Կողմ կարող է սույն Կոնվենցիայի ուղղումներ առաջարկել: Այդ ուղղումները կքննարկվեն Կողմերի համաժողովի կողմից:

2. Կոնվենցիայի ուղղումներն ընդունվում են Կողմերի համաժողովի կողմից: Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող ուղղման տեքստը քարտուղարությունը ուղարկում է Կողմերին առնվազն վեց ամիս առաջ մինչև այն նստաշրջանը, որում այդ ուղղումը առաջարկվում է ընդունել: Քարտուղարությունը առաջարկվող ուղղումները ուղարկում է նաև այն Կողմերին, որոնք ստորագրել են Կոնվենցիան և ավանդապահին` ի գիտություն:

3. Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը Կոնվենցիայի ցանկացած առաջարկվող ուղղման վերաբերյալ միաձայնության հիման վրա համաձայնության հասնելու համար: Եթե միաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառված են, իսկ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա որպես վերջին միջոց ուղղումը ընդունվում է այն Կողմերի երեք քառորդի մեծամասնությամբ, որոնք ներկա են նիստին և մասնակցում են քվեարկությանը: Սույն հոդվածի նպատակների համար նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմեր ասելով ենթադրվում են այն Կողմերը, որոնք մասնակցում են նիստին և քվեարկում են «կողմ» կամ «դեմ»: Ցանկացած ընդունված ուղղում ուղարկվում է քարտուղարության կողմից ավանդապահին, որը, ընդունելու համար, այն ուղարկում է բոլոր Կողմերին:

4. ՈՒղղման ընդունման մասին փաստաթղթերը ի պահ են հանձնվում ավանդապահին: Սույն հոդվածի 3-րդ կետին համապատասխան ընդունված ուղղումը ուժի մեջ է մտնում այն Կողմերի համար, որոնք դա ընդունել են սույն Կոնվենցիայի Կողմերի առնվազն երկու երրորդի կողմից ընդունման մասին փաստաթղթի ավանդապահի ստանալու օրվանից հետո իննսուներորդ օրը:

5. ՈՒղղումը ուժի մեջ է մտնում ցանկացած այլ Կողմի համար նշված ուղղումը ընդունելու մասին տվյալ Կողմի փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից իննսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 29

Կոնվենցիայի հավելվածների ընդունումը և նրանց մեջ ուղղումներ մտցնելը

 

1. Սույն Կոնվենցիայի հավելվածները և դրանցում ուղղումները առաջարկվում, ընդունվում և ուժի մեջ են մտնում 28-րդ հոդվածում սահմանված ընթացակարգին համապատասխան:

2. Սույն Կոնվենցիայի հավելվածները կազմում են նրա անբաժանելի մասը և, եթե այլ բան ուղղակիորեն նախատեսված չէ, ապա հղումը Կոնվենցիային միևնույն ժամանակ հանդիսանում է հղում Կոնվենցիայի ցանկացած հավելվածին:

3. Հավելվածները սահմանափակվում են ընթացակարգային, գիտական, տեխնիկական կամ վարչական հարցերին վերաբերող ցուցակներով, ձևերով և ցանկացած այլ նկարագրական նյութով:

 

ՄԱՍ XI. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 30

Վերապահումներ

 

Սույն Կոնվենցիայի վերաբերյալ ոչ մի վերապահում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 31

Դուրս գալը

 

1. Ցանկացած ժամանակ որևէ Կողմի համար սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվանից երկու տարի անց այդ Կողմը կարող է դուրս գալ Կոնվենցիայից` ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով:

2. Կոնվենցիայից ցանկացած այդպիսի դուրս գալը ուժի մեջ է մտնում դուրս գալու մասին ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից մեկ տարուց հետո կամ այնպիսի ավելի ուշ օր, որը կարող է նշված լինել դուրս գալու մասին ծանուցման մեջ:

3. Սույն Կոնվենցիայից դուրս եկող ցանկացած Կողմ համարվում է նաև դուրս եկած ցանկացած արձանագրությունից, որի Կողմ է նա հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 32

Ձայնի իրավունք

 

1. Սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմ ունի մեկ ձայն, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքի:

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները իրենց իրավասությանը վերաբերող հարցերում օգտագործում են ձայնի իրենց իրավունքը, ունենալով ձայների այն քանակը, որը հավասար է սույն Կոնվենցիայի Կողմեր հանդիսացող անդամ պետությունների քանակին: Այդ կազմակերպությունը չի օգտագործում ձայնի իր իրավունքը, եթե իր անդամ պետություններից որևէ մեկը օգտագործում է իր իրավունքը, և` հակառակը:

 

ՀՈԴՎԱԾ 33

Արձանագրություններ

 

1. Ցանկացած Կողմ կարող է առաջարկել արձանագրություններ: Այդպիսի առաջարկությունները քննարկվում են Կողմերի համաժողովի կողմից:

2. Կողմերի համաժողովը կարող է ընդունել Կոնվենցիայի արձանագրություններ: Այդ արձանագրությունների ընդունման ընթացքում գործադրվում են բոլոր ջանքերը միաձայնության հասնելու համար: Եթե միաձայնության հասնելու բոլոր ջանքերը սպառվել են, իսկ համաձայնություն ձեռք չի բերվել, ապա որպես վերջին միջոց` արձանագրությունն ընդունվում է այն Կողմերի երեք քառորդի ձայների մեծամասնությամբ, որոնք ներկա են նիստին և մասնակցում են քվեարկությանը: Սույն հոդվածի նպատակների համար, նիստին ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող Կողմերի ասելով ենթադրվում են նիստին ներկա գտնվող և «կողմ» կամ «դեմ» քվեարկող Կողմերը:

3. Ցանկացած առաջարկված արձանագրության տեքստը քարտուղարության կողմից ուղարկվում է Կողմերին ոչ ուշ, քան նստաշրջանից վեց ամիս առաջ, որի ընթացքում առաջարկվում է այդ արձանագրության ընդունումը:

4. Արձանագրության կողմեր կարող են լինել միայն սույն Կոնվենցիայի Կողմերը:

5. Սույն Կոնվենցիայի ցանկացած արձանագրություն պարտադիր է միայն համապատասխան արձանագրության կողմերի համար: Այն հարցերով որոշումները, որոնք վերաբերում են բացառապես որևէ արձանագրությանը, ընդունվում են միայն տվյալ արձանագրության կողմերի կողմից:

6. Ցանկացած արձանագրության ուժի մեջ մտնելու պայմանները սահմանվում են այդ արձանագրությունով:

 

ՀՈԴՎԱԾ 34

Ստորագրում

 

Սույն Կոնվենցիան բաց է ստորագրման համար Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ բոլոր պետությունների համար և ցանկացած պետության համար, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ չէ, բայց Միավորված ազգերի կազմակերպության անդամ է և տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների համար` Առողջապահության համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում, Ժնևում, 2003 թ. հունիսի 16-ից 22-ը, իսկ հետագայում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում, Նյու Յորքում, 2003 թ. հունիսի 30-ից մինչև 2004 թ. հունիսի 29-ը:

 

ՀՈԴՎԱԾ 35

Վավերացում, ընդունում, հաստատում, պաշտոնական հավանություն կամ

միացում

 

1. Սույն Կոնվենցիան պետությունների կողմից ենթակա է վավերացման, ընդունման, հաստատման կամ միացման, ինչպես նաև տնտեսական ինտեգրման կազմակերպությունների կողմից պաշտոնական հավանություն տալու կամ միանալու: Սույն Կոնվենցիան բացվում է միանալու համար Կոնվենցիայի ստորագրման համար փակվելու օրվանից հաջորդ օրը: Վավերացման, ընդունման, հաստատման, պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթղթերը հանձնվում են ի պահ ավանդապահին:

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային ցանկացած կազմակերպություն, որը դառնում է սույն Կոնվենցիայի Կողմ, այն դեպքերում, երբ իր անդամ պետություններից ոչ մեկը Կողմ չի հանդիսանում, կրում է Կոնվենցիայով նախատեսվող բոլոր պարտավորությունները: Այն դեպքում, երբ այդ կազմակերպությունների մեկ կամ ավելի անդամ պետությունները Կոնվենցիայի Կողմեր են, այդ կազմակերպությունը և նրա անդամ պետությունները որոշում են ընդունում սույն Կոնվենցիայով նախատեսվող իրենց պարտականությունների կատարման համապատասխան պարտավորությունների վերաբերյալ: Այդ դեպքերում կազմակերպությունը և անդամ պետությունները չեն կարող զուգահեռաբար իրականացնել իրավունքներ, որոնք բխում են Կոնվենցիայից:

3. Պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ իրենց փաստաթղթերում տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունները հայտարարում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերում իրենց իրավասության շրջանակների մասին: Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են ավանդապահին, որն իր հերթին տեղեկացնում է Կողմերին իրենց իրավասության ցանկացած էական փոփոխության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 36

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման, պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ քառասուներորդ փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը:

2. Ցանկացած այն պետության համար, որը վավերացնում, ընդունում կամ հաստատում է սույն Կոնվենցիան կամ միանում է դրան ուժի մեջ մտնելու վերաբերյալ սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը:

3. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային յուրաքանչյուր կազմակերպության համար, որը ի պահ է հանձնում պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը ուժի մեջ մտնելու մասին սույն հոդվածի 1-ին կետում նշված պայմանները կատարելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր կողմից պաշտոնական հավանություն տալու կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթը հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը:

4. Սույն հոդվածի նպատակների համար ցանկացած փաստաթուղթ, որը ի պահ է հանձնվել տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից, չի համարվում հավելյալ այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 37

Ավանդապահ

 

Սույն Կոնվենցիայի և նրա ուղղումների, ինչպես նաև 28-րդ, 29-րդ և 33-րդ հոդվածներին համապատասխան ընդունված արձանագրությունների և հավելվածների ավանդապահ է հանդիսանում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

Նույնական տեքստեր

 

Սույն Կոնվենցիայի բնօրինակը, որի անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

Ի հավաստումն որի, համապատասխան ձևով լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ժնևում երկու հազար երեք թվականի մայիսի քսանմեկին:

 

ՈՒժի մեջ է մտել 2005 թ. փետրվարի 27-ին

 

 

pin
''
21.05.2003
Միջազգային պայմանագիր