Սեղմել Esc փակելու համար:
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

 

ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

(1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնևում ընդունված)
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Ներածություն

 

Պայմանավորվող կողմերը,

ցանկանալով հնարավորին չափ արդյունավետ և միանման զարգացնել և պահպանել հեղինակների իրավունքներն իրենց գրական և գեղարվեստական ստեղծագործությունների նկատմամբ,

ճանաչելով նոր միջազգային կանոնների կիրառման անհրաժեշտությունը և նոր տնտեսական, սոցիալական, մշակութային և տեխնոլոգիական զարգացումների հետ կապված հարցերին բավարար լուծում տալու համար հստակեցնելու կարևորությունը,

ճանաչելով տեղեկատվության և կապի տեխնոլոգիաների զարգացման և համապատասխանեցման մեծ ազդեցությունը գրական և գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման և օգտագործման վրա,

շեշտելով հեղինակային իրավունքների պաշտպանության կարևորությունը որպես գրական և գեղարվեստական ստեղծագործությունների ստեղծման գործոն,

ճանաչելով հեղինակների իրավունքների և հասարակության շահերի միջև հավասարակշռության պահպանման անհրաժեշտությունը հատկապես կրթության, հետազոտությունների և տեղեկատվության հասանելիության բնագավառներում, ինչպես արտացոլված է Բեռնի Կոնվենցիայում,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Առնչությունը Բեռնի Կոնվենցիայի հետ

 

1) Սույն Պայմանագիրը հատուկ համաձայնագիր է Բեռնի Կոնվենցիայի` գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին 20-րդ հոդվածի իմաստով, որը վերաբերում է այն Պայմանավորվող կողմերին, որոնք հանդիսանում են այդ Կոնվենցիայով հիմնադրված Միության երկրներ: Սույն Պայմանագիրը որևէ կապ չունի այլ պայմանագրերի հետ, բացի Բեռնի Կոնվենցիայից, և չի վնասի այլ պայմանագրերով նախատեսված իրավունքներն ու պարտավորությունները:

2) Սույն Պայմանագիրը որևէ կերպ չի վնասում գոյություն ունեցող այն պարտավորությունները, որոնք Պայմանավորվող կողմերն ունեն միմյանց նկատմամբ` գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի Կոնվենցիայով:

3) Այսուհետ «Բեռնի Կոնվենցիա» նշանակում է` գրական և գեղարվեստական ստեղծագործությունների պաշտպանության մասին Բեռնի Կոնվենցիայի 1971 թ. հուլիսի 21-ի Փարիզյան ակտ:

4) Պայմանավորվող կողմերը կիրառում են Բեռնի Կոնվենցիայի 1-21-րդ հոդվածները և Բեռնի Կոնվենցիայի Հավելվածը:

 

ՀՈԴՎԱԾ 2

Հեղինակային իրավունքների պաշտպանության շրջանակը

 

Հեղինակային իրավունքների պաշտպանությունը տարածվում է արտահայտությունների և ոչ թե գաղափարների, գործընթացների, կատարման մեթոդների կամ մաթեմատիկական հասկացությունների վրա` որպես այդպիսիք:

 

ՀՈԴՎԱԾ 3

Բեռնի Կոնվենցիայի 2-6-րդ հոդվածների կիրառումը

 

Պայմանավորվող կողմերը կիրառում են Բեռնի կոնվենցիայի 2-6-րդ հոդվածների դրույթները mutatis mutandis սույն Պայմանագրով նախատեսված պաշտպանության վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 4

Համակարգչային ծրագրեր

 

Համակարգչային ծրագրերը պաշտպանվում են որպես գրական ստեղծագործություններ` Բեռնի Կոնվենցիայի 2-րդ հոդվածի իմաստով: Այդպիսի պաշտպանությունը կիրառվում է համակարգչային ծրագրերի նկատմամբ` անկախ դրանց արտահայտման եղանակից կամ ձևից:

 

ՀՈԴՎԱԾ 5

Տվյալների բանաքաղում (Տվյալների բազա)

 

Տվյալների կամ այլ նյութերի ցանկացած ձևով բանաքաղումը, որոնք ընտրության կամ տեղաբաշխման պատճառով, իրենց պարունակությամբ ստեղծագործական աշխատանք են, պաշտպանվում են որպես այդպիսիք: Այդ պաշտպանությունը չի տարածվում զուտ տվյալի կամ նյութի վրա և չի վնասում հավաքված տվյալներում կամ նյութերում առկա որևէ հեղինակային իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 6

Տարածելու իրավունք

 

1) Գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներն օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու իրենց ստեղծագործությունների բնօրինակը կամ կրկնօրինակները հանրությանը մատչելի դարձնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցով:

2) Ոչինչ սույն Պայմանագրում չի ազդում Պայմանավորվող կողմերի անկախության վրա` սահմանելու այն պայմանները, եթե այդպիսիք կան, որոնց համաձայն 1-ին կետում նշված իրավունքի դադարեցումը կիրառվում է ստեղծագործության առաջին վաճառքից կամ, հեղինակի թույլտվությամբ, ստեղծագործության բնօրինակի կամ կրկնօրինակի սեփականության իրավունքի փոխանցումից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 7

Վարձակալության տալու իրավունք

 

1) Հեղինակները`

i) համակարգչային ծրագրերի,

ii) կինեմատոգրաֆիկ աշխատանքների, և

iii) ստեղծագործությունների` հնչյունագրերում ամրագրված, ինչպես սահմանված է Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությամբ,

օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու իրենց ստեղծագործությունների բնօրինակները կամ կրկնօրինակները հանրությանը առևտրային նպատակով վարձակալությամբ տալը:

2) 1-ին կետը չի կիրառվում`

i) համակարգչային ծրագրերի դեպքում, երբ ծրագիրն ինքնին վարձակալությամբ տալու հիմնական առարկան չէ, և

ii) կինեմատոգրաֆիկ ստեղծագործությունների դեպքում, եթե այդպիսի ստեղծագործությունների առևտրային նպատակով վարձույթով տալը չի հանգեցրել լայնածավալ վերարտադրման, որը էական վնաս է հասցնում վերարտադրության բացառիկ իրավունքին:

3) Չնայած 1-ին կետի դրույթներին` Պայմանավորվող կողմը, որի նկատմամբ 1994 թ. ապրիլի 15-ի դրությամբ գործում էր և շարունակում է գործել հեղինակների արդարացի վարձատրություն ստանալու կարգը` հնչյունագրերում ամրագրված իրենց ստեղծագործությունների կրկնօրինակները վարձակալությամբ հանձնելու համար, կարող են պահպանել այս կարգը այն դեպքում, երբ հնչյունագրերում ամրագրված ստեղծագործությունների առևտրային նպատակով վարձակալությամբ տալը էական վնաս չի հասցնի հեղինակների` վերարտադրության բացառիկ իրավունքին:

 

ՀՈԴՎԱԾ 8

Հրապարակային հաղորդման իրավունք

 

Առանց վնասելու Բեռնի Կոնվենցիայի 11(1)(ii), 11bis(1)(i), (ii)11ter(1)(ii), 14(1)(ii) և 14bis(1) հոդվածների դրույթները` գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակները օգտվում են բացառիկ իրավունքից` թույլատրելու իրենց ստեղծագործությունները հրապարակայնորեն հաղորդելու հաղորդալարով կամ առանց հաղորդալարի, այնպիսի եղանակով, որ հասարակության ներկայացուցիչներին դրանք մատչելի լինեն անհատապես ընտրած ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 9

Լուսանկարչական ստեղծագործությունների պաշտպանության ժամկետը

 

Լուսանկարչական ստեղծագործությունների առնչությամբ Պայմանավորվող կողմերը չեն կիրառում Բեռնի Կոնվենցիայի 7 (4) հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 10

Սահմանափակումներ և բացառություններ

 

1) Պայմանավորվող կողմերը կարող են, ըստ իրենց ազգային օրենսդրության, սույն Պայմանագրով բացառություններ և սահմանափակումներ տրամադրել գրական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակներին առանձին հատուկ դեպքերում, որոնք վնաս չեն հասցնում ստեղծագործության նորմալ օգտագործմանը և չհիմնավորված կերպով չեն խոչընդոտում հեղինակի օրինական շահերը:

2) Բեռնի Կոնվենցիայի կիրառման դեպքում Պայմանավորվող կողմերը սահմանում են որոշակի սահմանափակումներ և բացառություններ` նախատեսված իրավունքների որոշ հատուկ դեպքերի համար, որոնք վնաս չեն հասցնում ստեղծագործության նորմալ օգտագործմանը և չհիմնավորված կերպով չեն խոչընդոտում հեղինակի օրինական շահերը:

 

ՀՈԴՎԱԾ 11

Տեխնոլոգիական միջոցառումներին վերաբերող պարտավորություններ

 

Պայմանավորվող կողմերը ապահովում են համապատասխան օրենսդրական պաշտպանություն և արդյունավետ օրենսդրական միջոցներ գործող տեխնոլոգիական միջոցառումների շրջանցումների դեմ, որոնք օգտագործվում են հեղինակների կողմից` սույն Պայմանագրով կամ Բեռնի Կոնվենցիայով իրենց իրավունքների իրականացման համար, և որոնք սահմանափակում են գործողություններն իրենց ստեղծագործությունների նկատմամբ, և որոնք թույլատրված չեն հեղինակների կողմից կամ արգելված են օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

Իրավունքների կառավարման տեղեկատվությանը վերաբերող

պարտավորությունները

 

1) Պայմանավորվող կողմերը ապահովում են համապատասխան և արդյունավետ օրենսդրական միջոցներ ցանկացած անձի դեմ, ով գիտակցաբար կատարում է հետևյալ գործողություններից որևէ մեկը` իմանալով կամ քաղաքացիական միջոցների առումով բավականաչափ հիմքեր ունենալով իմանալու, որ այդպիսի գործողությունը կխթանի, կնպաստի, կօգնի, կամ կքողարկի սույն Պայմանագրով կամ Բեռնի Կոնվենցիայով սահմանված որևէ իրավունքի խախտում.

i) առանց թույլտվության հեռացնել կամ փոփոխել իրավունքների կառավարման վերաբերյալ որևէ էլեկտրոնային տեղեկատվություն,

ii) առանց թույլտվության տարածել, տարածման նպատակով ներմուծել, եթերով հեռարձակել կամ հրապարակայնորեն հաղորդել ստեղծագործությունները կամ դրանց կրկնօրինակները` իմանալով, որ իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը հեռացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության:

2) Սույն հոդվածի իմաստով «իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն» նշանակում է` տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը, ստեղծագործության հեղինակին, ստեղծագործության նկատմամբ որևէ իրավունքի իրավատիրոջ կամ ստեղծագործության օգտագործման ժամկետների և պայմանների վերաբերյալ տեղեկատվություն և ցանկացած համար կամ կոդ, որոնցում պարունակվում է այդպիսի տեղեկատվությունը, երբ այդ տեղեկատվության տարրերից ցանկացածը կցված է ստեղծագործության կրկնօրինակին կամ ի հայտ է եկել ստեղծագործությունը հրապարակայնորեն հաղորդելու կապակցությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 13

Այդ ժամանակահատվածում կիրառումը

 

Պայմանավորվող կողմերը կիրառում են Բեռնի Կոնվենցիայի 18-րդ հոդվածի դրույթները սույն Պայմանագրով նախատեսված պաշտպանության բոլոր ձևերի նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 14

Իրավունքների իրականացման վերաբերյալ դրույթները

 

1) Պայմանավորվող կողմերը պարտավորվում են, համաձայն իրենց օրենսդրության, ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ` ապահովելու սույն Պայմանագրի կիրառումը:

2) Պայմանավորվող կողմերը երաշխավորում են, որ իրենց օրենսդրության մեջ կնախատեսվեն այնպիսի միջոցառումներ, որոնք թույլ կտան կատարել արդյունավետ գործողություններ սույն Պայմանագրով տրամադրվող իրավունքների որևէ խախտման դեմ` ներառյալ անհապաղ միջոցները` կանխելու խախտումները, և միջոցները, որոնք կբացառեն հետագա խախտումները:

 

ՀՈԴՎԱԾ 15

Ասամբլեա

 

1) ա) Պայմանավորվող կողմերն ունեն Ասամբլեա:

բ) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ներկայացվում է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդատուներ և փորձագետներ:

գ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը հոգում է այն նշանակող Պայմանավորվող կողմը: Ասամբլեան կարող է դիմել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը (այսուհետ` ՄՍՀԿ)` ֆինանսական աջակցության խնդրանքով, օժանդակելու այն Պայմանավորվող կողմերի պատվիրակների մասնակցությունը, որոնք համարվում են զարգացող երկրներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված պրակտիկայի համաձայն, կամ որոնք գտնվում են շուկայական տնտեսության անցումային փուլում:

2) ա) Ասամբլեան քննարկում է այն հարցերը, որոնք առնչվում են սույն Պայմանագրի պահպանմանը, զարգացմանը, կիրառմանն ու գործողությանը:

բ) Ասամբլեան կատարում է այն գործառույթը, որը դրված է իր վրա 17(2) հոդվածով` նպաստելու համար որոշ միջկառավարական կազմակերպությունների միացմանը սույն Պայմանագրին:

գ) Ասամբլեան որոշում է սույն Պայմանագիրը վերանայելու համար դիվանագիտական համաժողովի նախապատրաստման վերաբերյալ և տալիս է բոլոր անհրաժեշտ հանձնարարականները ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին` նման դիվանագիտական համաժողով նախապատրաստելու համար:

3) ա) Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, որը Պետություն է ներկայացնում, ունի մեկ քվե և քվեարկում է միայն իր անունից:

բ) Ցանկացած Պայմանավորվող կողմ, որը հանդես է գալիս որպես միջկառավարական կազմակերպություն, կարող է մասնակցել քվեարկությանը իր անդամ պետությունների փոխարեն` ձայների այն քանակությամբ, որը հավասար է այն անդամ պետությունների ձայների քանակին, որոնք սույն Պայմանագրի կողմեր են: Ոչ մի նման միջկառավարական կազմակերպություն չի մասնակցի քվեարկությանը, եթե նրա անդամ պետություններից մեկը օգտվում է քվեարկության իր իրավունքից և ընդհակառակը:

4) Ասամբլեան հերթական նիստի է հավաքվում յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ` ՄՍՀԿ Գլխավոր տնօրենի գումարմամբ:

5) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները, ինչպես նաև արտահերթ նիստերի գումարումը, քվորումի պահանջները և, ելնելով սույն Պայմանագրի դրույթներից, տարբեր տեսակի որոշումների ընդունման համար ապահովում է պահանջվող մեծամասնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16

Միջազգային բյուրո

 

ՄՍՀԿ Միջազգային բյուրոն իրականացնում է Պայմանագրին առնչվող վարչական առաջադրանքները:

 

ՀՈԴՎԱԾ 17

Պայմանագրի Կողմ դառնալու իրավունքը

 

1) Ցանկացած ՄՍՀԿ անդամ պետություն կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:

2) Ասամբլեան կարող է որոշում ընդունել ցանկացած միջկառավարական կազմակերպության սույն Պայմանագրի կողմ դառնալու վերաբերյալ, որը հայտարարում է, որ ինքը իրավասու է բոլոր անդամ պետությունների` սույն Պայմանագրի նկատմամբ պարտավորեցնող օրենսդրության մասին, և որ ինքը, համաձայն իր ներպետական ընթացակարգերի, պատշաճ ձևով լիազորվել է` դառնալու սույն Պայմանագրի կողմ:

3) Դիվանագիտական համաժողովում սույն Պայմանագիրն ընդունած Եվրոպական համայնքը հայտարարություն է անում նախորդ կետի վերաբերյալ, որ կարող է դառնալ սույն Պայմանագրի կողմ:

 

ՀՈԴՎԱԾ 18

Պայմանագրով տրամադրվող իրավունքներն ու պարտավորությունները

 

Եթե սույն Պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է օգտվի բոլոր իրավունքներից և ստանձնի սույն Պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները:

 

ՀՈԴՎԱԾ 19

Պայմանագրի ստորագրումը

 

Սույն Պայմանագիրը բաց է ստորագրման համար մինչև 1997 թ. դեկտեմբերի 31-ը` ՄՍՀԿ ցանկացած անդամ պետության և Եվրոպական համայնքի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 20

Պայմանագրի ուժի մեջ մտնելը

 

Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում 30 պետությունների կողմից վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին ի պահ հանձնվելուց 3 ամիս հետո:

 

ՀՈԴՎԱԾ 21

Պայմանագրի ուժի մեջ մտնելու օրը տվյալ պայմանագրի Կողմի համար

 

Սույն Պայմանագիրը պարտադիր է.

i) 20-րդ հոդվածում հիշատակված 30 պետությունների համար` սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից,

ii) յուրաքանչյուր այլ պետության համար` ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին իր վավերագիրն ի պահ հանձնելու օրվանից 3 ամիս անց,

iii) Եվրոպական համայնքի համար` ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին վավերագիրը կամ միանալու մասին իր փաստաթուղթն ի պահ հանձնելուց 3 ամիս հետո, եթե այդ վավերագիրը, 20-րդ հոդվածի համաձայն, ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց 3 ամիս հետո, եթե վավերագիրն ի պահ է հանձնվել սույն Պայմանագիրն ուժի մեջ մտնելուց առաջ,

iv) ցանկացած այլ միջկառավարական կազմակերպության համար, որին թույլատրվել է դառնալ սույն Պայմանագրի կողմ` իր միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց 3 ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 22

Վերապահության անթույլատրելիությունը Պայմանագրում

 

Սույն Պայմանագրի նկատմամբ որևէ վերապահում չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 23

Պայմանագիրը չեղյալ հայտարարելը

 

Ցանկացած Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Պայմանագիրը ՄՍՀԿ Գլխավոր տնօրենին ուղղված ծանուցմամբ: Ցանկացած չեղյալ հայտարարում ուժի մեջ է մտնում ծանուցումը ՄՍՀԿ Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից 1 տարի անց:

 

ՀՈԴՎԱԾ 24

Պայմանագրի լեզուները

 

1) Սույն Պայմանագիրը ստորագրվում է մեկ բնօրինակով` անգլերեն, արաբերեն, չինարեն, ֆրանսերեն, ռուսերեն և իսպաներեն. բոլոր տեքստերը հավասարազոր են:

2) պաշտոնական տեքստն այլ լեզուներով, բացի 1-ին կետում նշված լեզուներից, հաստատվում է ՄՍՀԿ Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ կողմի խնդրանքով, բոլոր շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցելուց հետո: Սույն կետի նպատակներով «շահագրգիռ կողմ» նշանակում է ՄՍՀԿ ցանկացած անդամ պետություն, որի պաշտոնական լեզուն կամ պաշտոնական լեզուներից մեկը ներգրավված է, ինչպես նաև Եվրոպական համայնքը և ցանկացած այլ միջկառավարական կազմակերպություն, որը կարող է սույն Պայմանագրի կողմ դառնալ, եթե նրա պաշտոնական լեզուներից մեկը ներգրավված է:

 

ՀՈԴՎԱԾ 25

Ավանդապահը

 

ՄՍՀԿ Գլխավոր տնօրենը սույն Պայմանագրի ավանդապահն է:

 

ՈՒժի մեջ է մտել 06.03.2005 թ.

 

 

pin
''
20.12.1996
Միջազգային պայմանագիր