Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նախաբան

 

Սույն Կոնվենցիան ստորագրող Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները և Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ մյուս պետությունները,

նկատի ունենալով, որ Եվրոպայի խորհրդի նպատակն է հասնել իր անդամների միջև ավելի սերտ միասնության, մասնավորապես, նրանց ընդհանուր ժառանգությունը հանդիսացող իդեալների ու սկզբունքների պահպանման և խթանման նպատակով,

նկատի ունենալով, որ ստեղծագործելու և արտահայտվելու ազատությունն այդ սկզբունքների հիմնարար տարրերն են,

նկատի ունենալով, որ եվրոպական տարբեր երկրների մշակութային բազմազանության պաշտպանությունը Եվրոպական մշակութային Կոնվենցիայի նպատակներից մեկն է,

նկատի ունենալով, որ պետք է ամրապնդվի Եվրոպայում մշակութային բազմազանության ստեղծման և արտահայտման միջոց հանդիսացող կինեմատոգրաֆիական համատեղ արտադրությունը,

վճռական լինելով զարգացնել այդ սկզբունքները և հիշեցնելով կինոյի և լսատեսողական բնագավառի մասին նախարարների կոմիտեի հանձնարարականները, մասնավորապես, Եվրոպայում լսատեսողական արտադրության խթանման մասին n.R/86/3 հանձնարարականը,

ընդունելով, որ Կինեմատոգրաֆիական և լսատեսողական ստեղծագործությունների համատեղ արտադրությանն ու տարածմանն օժանդակող եվրոպական հիմնադրամի` Eurimages, ստեղծումը համապատասխանում է եվրոպական կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության խրախուսման կարիքներին և, այդպիսով, մի նոր խթան է հանդիսանում Եվրոպայում կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացման համար,

լի վճռականությամբ` հասնել այդ մշակութային նպատակին արտադրության աճն ապահովող համընդհանուր ջանքերի շնորհիվ և սահմանել կանոններ, որոնք հարմարեցված կլինեն Եվրոպայում կինեմատոգրաֆիական բազմակողմ համատեղ բոլոր արտադրություններին,

հաշվի առնելով, որ ընդհանուր կանոնների ընդունումը նպատակ ունի նվազեցնելու պարտադրանքն ու նպաստել կինեմատոգրաֆիական համատեղ արտադրանքի բնագավառում եվրոպական համագործակցությանը,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Գլուխ 1
Ընդհանուր դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 1

Կոնվենցիայի նպատակը

 

Սույն Կոնվենցիայի Կողմերը պարտավորվում են խրախուսել եվրոպական կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացումը` համաձայն հետևյալ դրույթների:

 

ՀՈԴՎԱԾ 2

Կիրառման ոլորտը

 

1. Սույն Կոնվենցիան կարգավորում է Կողմերի միջև հարաբերությունները Կողմերի տարածքում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրանքի բնագավառում:

2. Սույն Կոնվենցիան կիրառվում է.

ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր Կողմերում գրանցված առնվազն երեք համատեղ արտադրողի, և

բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի անդամ երեք Կողմերում գրանցված առնվազն երեք համատեղ արտադրողի, ինչպես նաև` այդ Կողմերում չհաստատված մեկ կամ մի քանի արտադրողների նկատմամբ: Կոնվենցիայի Կողմերի կողմից չգրանցված արտադրողների ներդրումը չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը:

Բոլոր դեպքերում սույն Կոնվենցիան կիրառելի է միայն այն պայմանով, որ համատեղ արտադրված ստեղծագործությունը համապատասխանում է ներքոնշյալ 3-րդ հոդվածի 3-րդ կետի` եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործության սահմանմանը:

3. Սույն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի դրույթները կիրառվում են երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ:

Բազմակողմ համատեղ արտադրությունների դեպքում սույն Կոնվենցիայի դրույթները նախապատվություն ունեն Կոնվենցիայի Կողմերի միջև կնքված երկկողմ համաձայնագրերի նկատմամբ: Երկկողմ համատեղ արտադրություններին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մնում, եթե դրանք չեն հակասում սույն Կոնվենցիայի դրույթներին:

4. Սույն Կոնվենցիայի երկու Կողմերի միջև համատեղ արտադրության երկկողմ հարաբերությունները կարգավորելուն ուղղված համաձայնագրի բացակայության դեպքում Կոնվենցիան կիրառվում է նաև երկկողմ համատեղ արտադրությունների նկատմամբ, եթե, 20-րդ հոդվածի դրույթների համաձայն, Կողմերից մեկը վերապահում չի արել:

 

ՀՈԴՎԱԾ 3

Սահմանումները

 

Սույն Կոնվենցիայի իմաստով`

ա) «Կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է` շահագրգիռ Կողմերից յուրաքանչյուրի մոտ գոյություն ունեցող` կինեմատոգրաֆիական արտադրությանը վերաբերող դրույթների համաձայն և կինոթատրոններում ցուցադրվելու համար նախատեսված` ցանկացած տևողության և ցանկացած ձևով հաղորդվող ստեղծագործություն, մասնավորապես, գեղարվեստական, անիմացիոն և փաստագրական ֆիլմեր,

բ) «համատեղ արտադրողներ» հասկացությունը նշանակում է` սույն Կոնվենցիայի Կողմերի կողմից գրանցված կինեմատոգրաֆիական արտադրության ընկերություններ կամ արտադրողներ, որոնք կապված են համատեղ արտադրության պայմանագրով,

գ) «եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործություն» հասկացությունը նշանակում է` սույն Կոնվենցիայի մաս կազմող 2-րդ Հավելվածում նշված պայմանները բավարարող կինեմատոգրաֆիական ստեղծագործություններ,

դ) «բազմակողմ համատեղ արտադրություն» հասկացությունը նշանակում է` վերը նշված 2-րդ հոդվածի 2-րդ կետում սահմանված առնվազն երեք արտադրողների կողմից արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություն:

 

Գլուխ 2
Համատեղ արտադրությունների նկատմամբ կիրառվող կանոնները

 

ՀՈԴՎԱԾ 4

Հավասարեցումը ազգային ֆիլմերին

 

1. Բազմակողմ համատեղ արտադրությամբ իրականացված և սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտում գտնվող եվրոպական կինեմատոգրաֆիական ստեղծագործություններն օգտվում են նշված համատեղ արտադրությանը մասնակցած` սույն Կոնվենցիայի յուրաքանչյուր Կողմում գործող օրենսդրական և նորմատիվ դրույթների համաձայն ազգային ֆիլմերին վերապահվող բոլոր առավելություններից:

2. Յուրաքանչյուր արտադրողին առավելությունները տրվում են այն Կողմ երկրի կողմից, որտեղ նա հաստատված է, և տվյալ Կողմի օրենսդրական և կանոնակարգային դրույթներով նախատեսված պայմաններով ու սահմաններում և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 5

Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու կարգը

 

1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն պետք է ստանա այն Կողմերի իրավասու մարմինների հավանությունը, որտեղ գրանցված են արտադրողները, այդ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո և ըստ 1-ին Հավելվածում նախատեսված կարգի: Նշված Հավելվածը կազմում է սույն Կոնվենցիայի անբաժան մասը:

2. Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու համար դիմումները կազմվում են համապատասխան իրավասու մարմինների հավանությանն արժանանալու նպատակով` 1-ին Հավելվածում նախատեսված դիմումների ներկայացման ընթացակարգի համաձայն: Տրված հավանությունը վերջնական է` բացառությամբ այն դեպքերի, երբ խախտվում են գեղարվեստական, տնտեսական և տեխնիկական բնույթի սկզբնական պարտավորությունները:

3. Ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող, ինչպես նաև բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերը չեն կարող ստանալ համատեղ արտադրության կարգավիճակ:

4. Համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվում են այն արտադրողներին, որոնք ունեն համապատասխան ֆինանսատեխնիկական կազմակերպվածության համբավ, ինչպես նաև բավարար մասնագիտական որակավորում:

5. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ստորագրման կամ վավերագիրը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ տալու ժամանակ համապատասխան հայտարարության միջոցով նշում է այն իրավասու մարմինների անունները, որոնց մասին հիշատակվում է վերոհիշյալ 2-րդ կետում: Այդ հայտարարությունը կարող է հետագայում փոփոխվել ցանկացած պահի:

 

ՀՈԴՎԱԾ 6

Համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ներդրումների համամասնությունը

 

1. Բազմակողմ համատեղ արտադրության դեպքում մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր արժեքի 10%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 70%-ը: Եթե մասնակցության նվազագույն չափը 20%-ից պակաս է, շահագրգիռ Կողմը կարող է կիրառել միջոցներ, որոնք ուղղված են կինոթողարկման համար պետական օգնության մեխանիզմներին դիմելը կրճատելուն կամ վերացնելուն:

2. Երբ սույն Կոնվենցիան 2-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված պայմաններով Կողմերի միջև հանդես է գալիս որպես երկկողմ համաձայնագիր, մասնակցության նվազագույն չափը չի կարող լինել կինեմատոգրաֆիական ստեղծագործության արտադրության ընդհանուր արժեքի 20%-ից պակաս, իսկ առավելագույնը չի կարող գերազանցել 80%-ը:

 

ՀՈԴՎԱԾ 7

Համատեղ արտադրողների իրավունքները

 

1. Համատեղ արտադրության պայմանագիրը յուրաքանչյուր համատեղ արտադրողի պետք է երաշխավորի պատկերի և ձայնի բնօրինակ նեգատիվի համատեղ սեփականությունը: Պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի նեգատիվի բնօրինակը պետք է պահվի համատեղ արտադրողների փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում և դրա հասանելիությունը երաշխավորված լինի:

2. Համատեղ արտադրության պայմանագիրը պետք է նաև յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար երաշխավորի կրկնակ նեգատիվ կամ վերարտադրությունը հնարավոր դարձնող այլ միջոց ունենալու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 8

Տեխնիկական և գեղարվեստական մասնակցություն

 

1. Յուրաքանչյուր համատեղ արտադրողի ներդրումը պարտադիր պետք է ներառի տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն: Սկզբունքորեն և պահպանելով Կողմերին կապող միջազգային պարտավորությունները` համատեղ արտադրողներից յուրաքանչյուրի ստեղծագործական և տեխնիկական կազմի, դերասանների և տեխնիկական արտադրության ներդրումը պետք է համամասնական լինի նրանց ֆինանսական ներդրմանը:

2. Կողմերին կապող միջազգային պարտավորությունների համաձայն և ըստ սցենարի պահանջների` ֆիլմի նկարահանման անձնակազմը պետք է բաղկացած լինի համատեղ արտադրության մասնակից երկրների քաղաքացիներից, և հետնկարահանման փուլը /մոնտաժ, հնչյունային ձևավորում/ սկզբունքորեն պետք է իրականացվի այդ պետություններում:

 

ՀՈԴՎԱԾ 9

Ֆինանսական համատեղ արտադրությունները

 

1. Առանց վնասելու 8-րդ հոդվածի դրույթները և համաձայն Կողմերում գործող օրենսդրական և կանոնակարգային ակտերում նշված առանձնահատուկ դրույթներին և սահմանափակումներին` սույն Կոնվենցիայի ընձեռած առավելություններից կարող են օգտվել հետևյալ պայմաններին համապատասխանող հետևյալ համատեղ արտադրությունները.

ա) համատեղ արտադրության պայմանագրի համաձայն մեկ կամ մի քանի նվազագույն մասնակցության չափ ունեցող արտադրությունները կարող են ֆինանսապես սահմանափակվել` պայմանով, որ յուրաքանչյուրի ազգային մասնակցության չափը չպետք է լինի արտադրության արժեքի 10%-ից պակաս և 25%-ից ավելի,

բ) ունեն մասնակցության առավելագույն մասը ներկայացնող արտադրող, որը տեխնիկական և գեղարվեստական արդյունավետ մասնակցություն է ունենում ֆիլմի թողարկմանը և բավարարում է կինեմատոգրաֆիական ստեղծագործության` իր երկրի ազգային ստեղծագործություն ճանաչվելու պայմանները,

գ) նպաստում է եվրոպական ինքնության հաստատմանը, և

դ) հանդիսանում է համատեղ արտադրության պայմանագրի օբյեկտ, որտեղ կան եկամուտների բաշխմանը վերաբերող դրույթներ:

2. Ֆինանսական համատեղ արտադրության համատեղ արտադրության կարգավիճակը տրվում է իրավասու մարմինների կողմից գործերն առանձին-առանձին քննարկվելուց հետո` համապատասխան թույլտվությամբ, որտեղ հաշվի են առնվում մասնավորապես սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները:

 

ՀՈԴՎԱԾ 10

Փոխանակումների ընդհանուր հավասարակշռությունը

 

1. Կողմերի միջև պետք է պահպանվի կինեմատոգրաֆիական փոխանակումների ընդհանուր հավասարակշռություն, ինչպես ներդրումների ընդհանուր չափի, այնպես էլ համատեղ արտադրությամբ նկարահանված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների գեղարվեստական և տեխնիկական մասնակցության առումով:

2. Այն Կողմը, որը խելամիտ ժամանակահատվածից հետո դեֆիցիտ է հայտնաբերում մեկ կամ մի քանի Կողմերի հետ համատեղ արտադրության իր հարաբերություններում, ելնելով իր մշակութային ինքնության պահպանման նկատառումներից, կարող է հաջորդ համատեղ արտադրության համաձայնությունը ստորադասել հանուն այդ Կողմի կամ Կողմերի հետ իր կինեմատոգրաֆիական հարաբերությունների հավասարակշռության վերականգնման:

 

ՀՈԴՎԱԾ 11

Երկիր մուտք գործելը և կեցությունը

 

Օրենսդրության և կանոնակարգային ակտերի, ինչպես նաև գործող միջազգային պարտավորությունների շրջանակներում Կողմերից յուրաքանչյուրը դյուրացնում է համատեղ արտադրության մասնակից մյուս Կողմերի տեխնիկական և գեղարվեստական կազմերի` իր երկիր մուտք գործելը և կեցությունը, ինչպես նաև իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը: Կողմերից յուրաքանչյուրը նաև թույլ է տալիս սույն Կոնվենցիայի շրջանակներում իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և ցուցադրման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և դուրս բերումն իր երկրից:

 

ՀՈԴՎԱԾ 12

Համատեղ արտադրող երկրների մասին նշումը

 

1. Համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները պետք է ներկայացվեն արտադրող երկրների մասին համապատասխան նշումով:

2. Այդ նշումը պետք է հստակ տեսանելի լինի ֆիլմի տիտրերում, առևտրային գովազդներում և կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների գովազդմանը վերաբերող այլ նյութերում, ինչպես նաև այդ ստեղծագործությունների ներկայացման ժամանակ:

 

ՀՈԴՎԱԾ 13

Արտահանումը

 

Երբ համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը արտահանվում է որևէ երկիր, որտեղ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներմուծումը նորմավորված է, և որտեղ արտադրող Կողմերից մեկը չունի ներմուծող երկրում իր կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ազատ մուտքի իրավունք.

ա) կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը սկզբունքորեն ավելացվում է այն երկրի քվոտային, որի մասնակցության չափն առավելագույնն է,

բ) այն դեպքում, երբ կինեմատոգրաֆիական ստեղծագործության մեջ երկրների մասնակցության բաժինը հավասար է, այն միացվում է այն երկրի քվոտային, որը ներմուծող երկրում ունի արտահանության լավագույն հնարավորությունները,

գ) եթե սույն հոդվածի «ա» և «բ» կետերի դրույթների համաձայն` կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը չի կարելի միացնել այս կամ այն երկրի քվոտային, ապա այն միացվում է այն երկրի քվոտային, որը ներկայացնում է բեմադրիչը:

 

ՀՈԴՎԱԾ 14

Լեզուները

 

Համատեղ արտադրության կարգավիճակ ստանալու ժամանակ Կողմերից մեկի իրավասու մարմինները իրենց երկրում հաստատված համատեղ արտադրողից կարող են պահանջել այդ Կողմի լեզուներից մեկով կինեմատոգրաֆիական ստեղծագործության վերջնական տարբերակը:

 

ՀՈԴՎԱԾ 15

Փառատոները

 

Համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունները միջազգային փառատոներին ներկայացվում են մասնակցության առավելագույն չափը բերած արտադրողի Կողմից, իսկ հավասար ֆինանսական մասնակցության դեպքում, եթե համատեղ արտադրողներն այլ բան չեն որոշել` այն Կողմից, որը ներկայացնում է բեմադրիչը:

 

Գլուխ 3
Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 16

Ստորագրումը, վավերացումը, ընդունումը, հաստատումը

 

1. Սույն Կոնվենցիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների և Եվրոպական մշակութային Կոնվենցիայի անդամ այլ պետությունների ստորագրման համար, որոնք կարող են Կոնվենցիայով պարտավորված լինելու մասին իրենց համաձայնությունը արտահայտել հետևյալ կերպով`

ա) ստորագրմամբ` առանց ընդունման, վավերացման կամ հաստատման պայմանի, կամ

բ) ստորագրմամբ` հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման պայմանով:

2. Վավերագրերը, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 17

ՈՒժի մեջ մտնելը

 

1. Կոնվենցիան ուժի մեջ է մտնում եռամսյա ժամկետի ավարտից հետո` հաջորդ ամսվա 1-ին օրը, եթե հինգ պետություն, որոնց թվում` Եվրոպայի խորհրդի անդամ չորս պետություն, համաձայն 16-րդ հոդվածի դրույթների, հայտնել են Կոնվենցիային միանալու իրենց համաձայնության մասին:

2. Յուրաքանչյուր ստորագրող երկրի համար, որը հետագայում իր համաձայնությունն է հայտնում պարտավորված լինել Կոնվենցիայով, վերջինս ուժի մեջ է մտնում ստորագրվելուց կամ վավերագրերի, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ հանձնվելուց երեք ամիս անց` հաջորդ ամսվա 1-ին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 18

Ոչ անդամ երկրների անդամակցությունը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելուց հետո Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն կարող է հրավիրել Եվրոպայի խորհրդի անդամ չհանդիսացող ցանկացած եվրոպական պետության, ինչպես նաև Եվրոպական տնտեսական հանրությանը` միանալու սույն Կոնվենցիային` Եվրոպայի խորհրդի կանոնադրության 20-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ և նախարարների կոմիտեում տեղի իրավունք ունեցող Պայմանավորվող պետությունների ներկայացուցիչների միաձայն որոշմամբ:

2. Յուրաքանչյուր միացող պետության կամ Եվրոպական տնտեսական հանրության համար, վերջինիս միանալու դեպքում, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին միանալու մասին փաստաթուղթն հանձնելուց երեք ամիս անց` հաջորդ ամսվա 1-ին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 19

Տարածքային պայման

 

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերի, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու պահին կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Կոնվենցիան:

2. Յուրաքանչյուր Կողմ կարող է հետագայում` ցանկացած պահի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարագրի միջոցով սույն Կոնվենցիայի կիրառումը տարածել հայտարարագրում նշված ցանկացած այլ տարածքի նկատմամբ: Այդ տարածքի նկատմամբ Կոնվենցիան ուժի մեջ է մտնում հայտարարագիրը Գլխավոր քարտուղարի ստանալուց երեք ամիս անց` հաջորդ ամսվա 1-ին օրը:

3. Վերոհիշյալ երկու կետերի համաձայն` նշված տարածքների վերաբերյալ արված հայտարարագիրը կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ուղղված համապատասխան հայտարարագիրը ստանալուց երեք ամիս անց` հաջորդ ամսվա 1-ին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 20

Վերապահումներ

 

1. Յուրաքանչյուր պետություն ստորագրման կամ վավերագրերը, ընդունման, հաստատման կամ միանալու մասին փաստաթղթերը ի պահ հանձնելու պահին կարող է հայտարարել, որ 2-րդ հոդվածի 4-րդ կետը չի կիրառվում մեկ կամ մի քանի Կողմերի հետ համատեղ արտադրության իր երկկողմ հարաբերություններում: Բացի այդ` նա կարող է իրեն վերապահել 9-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետում նշվածից այլ` առավելագույն մասնակցության չափ սահմանելու իրավունք: Որևէ այլ վերապահում չի կարող արվել:

2. Յուրաքանչյուր Կողմ, որը նախորդ կետի համաձայն վերապահում է արել, կարող է այն ամբողջովին կամ մասնակիորեն հետ վերցնել Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով: Հետ վերցնելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուն պես:

 

ՀՈԴՎԱԾ 21

Չեղյալ հայտարարելը

 

1. Յուրաքանչյուր Կողմ կարող է ցանկացած պահի չեղյալ հայտարարել սույն Կոնվենցիան Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ուղղված ծանուցման միջոցով:

2. Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր քարտուղարի ստանալուց վեցամսյա ժամկետի ավարտին հաջորդող ամսվա 1-ին օրը:

 

ՀՈԴՎԱԾ 22

Ծանուցումներ

 

Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին, ինչպես նաև սույն Կոնվենցիային միացած կամ դրան միանալու հրավիրված ցանկացած այլ պետության և Եվրոպական տնտեսական հանրությանը ծանուցում է.

ա) յուրաքանչյուր ստորագրման մասին,

բ) յուրաքանչյուր վավերագիր, ընդունման, հաստատման կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթ ի պահ տալու մասին,

գ) 17-րդ, 18-րդ ու 19-րդ հոդվածների համաձայն` սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու յուրաքանչյուր ամսաթվի մասին,

դ) 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արված յուրաքանչյուր հայտարարության մասին,

ե) 21-րդ հոդվածի համաձայն չեղյալ հայտարարելու մասին յուրաքանչյուր ծանուցման մասին,

զ) սույն Կոնվենցիային առնչվող յուրաքանչյուր այլ ակտի մասին ծանուցման կամ հաղորդագրության մասին:

 

Ի հավաստումն որի` լիազորված ներքոստորագրյալները ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Ստրասբուրգում 1992 թվականի հոկտեմբերի 2-ին, մեկ օրինակով, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում` երկու տեքստն էլ հավասարազոր են, որոնք ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը հաստատված պատճեններն ուղարկում է 16-րդ հոդվածի 1-ին կետում նշված պետություններից յուրաքանչյուրին, ինչպես նաև սույն Կոնվենցիային միանալու հրավիրված յուրաքանչյուր այլ պետության և Եվրոպական տնտեսական հանրությանը:

 

Հավելված 1

Դիմումների ներկայացման ընթացակարգը

 

Սույն Կոնվենցիայի Կողմ պետություններում հաստատված համատեղ արտադրողները, Կոնվենցիայի դրույթներից օգտվելու նպատակով, նկարահանումներից երկու ամիս առաջ պետք է դիմում ներկայացնեն համատեղ արտադրության ռեժիմին միանալու մասին` դրան կցելով ստորև նշված փաստաթղթերը: Նշված փաստաթղթերն իրավասու մարմիններին պետք է ներկայացվեն բավարար թվով, որպեսզի դրանք մյուս երկրների մարմիններին հանձնվեն նկարահանման սկզբից ամենաուշը մեկ ամիս առաջ.

- հեղինակային իրավունքի ձեռքբերման պայմանագրի պատճենը կամ ցանկացած այլ փաստաթուղթ, որը հնարավորություն կտա ստուգելու ստեղծագործության տնտեսական շահագործման համար հեղինակային իրավունքի ձեռքբերումը,

- մասնակից երկրների տեխնիկական և գեղարվեստական տվյալները,

- մանրամասն նախահաշիվը և ֆինանսական պլանը,

- կինեմատոգրաֆիական ստեղծագործության աշխատանքային պլանը,

- համատեղ արտադրողների միջև կնքված համատեղ արտադրության պայմանագիրը: Պայմանագրում պետք է համապատասխան դրույթներ լինեն համատեղ արտադրողների միջև եկամուտների և շուկաների բաշխման վերաբերյալ:

Դիմումը և մյուս փաստաթղթերը հնարավորության սահմաններում պետք է ներկայացվեն այն երկրի իրավասու մարմինների լեզվով, որոնց ուղարկվում են:

Տվյալ պետությունների իրավասու մարմինները կփոխանակեն կազմված փաստաթղթերը նրանց հանձնման պահից: Նվազագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իրավասու մարմիններն իրենց համաձայնությունը կտան միայն առավելագույն ֆինանսական մասնակցություն ունեցող Կողմի իշխանությունների պատասխանը ստանալուց հետո:

 

Հավելված 2

 

1. Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը եվրոպական է համարվում 3-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, եթե այն ներքոնշյալ ընդհանուր 19 կետից բաղկացած եվրոպական սանդղակի չափանիշներից պարունակում է առնվազն 15 կետը:

2. Սցենարի պահանջներից ելնելով և համարելով, որ ստեղծագործությունը, այնուամենայնիվ, արտացոլում է եվրոպական ինքնությունը, իրավասու մարմինները, փոխադարձ համաձայնությամբ, կարող են համատեղ արտադրության ռեժիմ տրամադրել նաև 15 կետից պակաս հավաքած ստեղծագործությանը:

 

    Եվրոպական գնահատման չափանիշները               տարրեր

 

Հեղինակների ստեղծագործական խումբ

_______________________________________________________

    Բեմադրիչ                                        3

    Սցենարիստ                                       3

    Կոմպոզիտոր                                      1

_______________________________________________________

Դերասանական ստեղծագործական խումբ

_______________________________________________________

    Առաջին դեր                                      3

    Երկրորդ դեր                                     2

    Երրորդ դեր                                      1

_______________________________________________________

                                                    6

Տեխնիկական և նկարահանող ստեղծագործական խումբ

_______________________________________________________

    Պատկեր                                          1

    Հնչյուն և  հնչյունային ձևավորում                1

    Մոնտաժ                                          1

    Դեկորներ և  հագուստներ                          1

    Ստուդիական նկարահանում կամ նկարահանման վայր     1

    Հետնկարահանման վայր                             1

_______________________________________________________

                                                    6

 

Ծանոթություն:

ա) Առաջին, երկրորդ և երրորդ դերերը գնահատվում են ըստ նկարահանման օրերի թվի:

բ) Ինչ վերաբերում է 8-րդ հոդվածին, ապա «գեղագիտական» տերմինը վերաբերում է «հեղինակների ստեղծագործական խումբ» և «դերասանական ստեղծագործական խումբ» արտահայտություններին, իսկ «տեխնիկական» տերմինը` «տեխնիկական ստեղծագործություն և նկարահանման խումբ» արտահայտությանը:

 

ՈՒժի մեջ է մտել 2005 թ. ապրիլի 1-ին

 

 

pin
''
02.10.1992
Միջազգային պայմանագիր