Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Մաս 6

Այլ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 73

Պետությունների իրավահաջորդության, պետությունների պատասխանատվության

և ռազմական գործողություններ սկսելու դեպքերը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն կանխորոշում պայմանագրի առնչությամբ որևէ հարց, որը կարող է առաջանալ պետությունների իրավահաջորդության, պետության միջազգային պատասխանատվության կամ պետությունների միջև զինված գործողությունների պատճառով:

 

ՀՈԴՎԱԾ 74

Դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունները և պայմանագրերի

կնքումը

 

Երկու կամ մի քանի պետությունների միջև դիվանագիտական կամ հյուպատոսական հարաբերությունների խզումը չի խոչընդոտում այդ պետությունների միջև պայմանագրեր կնքելուն: Պայմանագիր կնքելն ինքնըստինքյան չի ազդում դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների վիճակի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 75

Ագրեսոր պետության դեպքը

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն վնասում պայմանագրի վերաբերյալ որևէ պարտավորություն, որը կարող է ծագել ագրեսոր պետության նկատմամբ այդ պետության կատարած ագրեսիայի կապակցությամբ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությանը համապատասխան ընդունված միջոցառումների հետևանքով:

 

Մաս 7

Ավանդապահներ, ծանուցումներ, ուղղումներ և գրանցում

 

ՀՈԴՎԱԾ 76

Պայմանագրերի ավանդապահը

 

1. Պայմանագրի ավանդապահը կարող է նշանակվել բանակցություններին մասնակցող պետությունների կողմից կամ հենց պայմանագրով կամ, որևէ ուրիշ կարգով: Ավանդապահ կարող են լինել մեկ կամ մի քանի պետություններ, միջազգային կազմակերպություններ կամ նման կազմակերպության գլխավոր գործադիր պաշտոնյան:

2. Ավանդապահի գործառույթն իր բնույթով միջազգային է, և այդ գործառույթը կատարելու ժամանակ ավանդապահը պարտավոր է գործել անկողմնակալ: Մասնավորապես, այն փաստը, որ պայմանագիրը որոշ մասնակիցների միջև ուժի մեջ չի մտել կամ պետությունների և ավանդապահի միջև ծագել են տարաձայնություններ վերջինիս կողմից իր գործառույթը կատարելու կապակցությամբ, չի ազդում այդ պարտավորությունների կատարման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 77

Ավանդապահի գործառույթները

 

1. Եթե պայմանագրով այլ բան չի նախատեսված, կամ եթե պայմանավորվող պետություններն այլ բանի մասին չեն համաձայնել, ավանդապահի դերը, մասնավորապես, կայանում է հետևյալում.

ա) պայմանագրի բնագրի և ավանդապահին տրված լիազորագրերի պահպանում,

բ) բնագրի հաստատված պատճենների պատրաստում և պայմանագրով նախատեսված այլ լեզուներով պայմանագրի այլ տեքստերի պատրաստում և դրանց առաքում պայմանագրի մասնակիցներին և պայմանագրին մասնակցելու իրավունք ունեցող ուրիշ պետությունների,

գ) պայմանագրի ստորագրությունների ստացում, դրան վերաբերող փաստաթղթերի, ծանուցումների հաղորդագրությունների ստացում և պահպանում,

դ) այն հարցի ուսումնասիրումը, թե պայմանագրին վերաբերող ստորագրությունը, փաստաթղթերը, ծանուցումները կամ հաղորդագրություններն արդյոք պատշաճ ձևով են, և անհրաժեշտության դեպքում համապատասխան պետությանն այդ մասին տեղյակ պահելը,

ե) պայմանագրին վերաբերող փաստաթղթերի, ծանուցումների և հաղորդագրությունների մասին պայմանագրին մասնակցելու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալը,

զ) պայմանագրին մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին տեղեկատվություն տալն այն մասին, թե ստորագրությունների թիվը, վավերագրերը կամ ընդունման, հաստատման կամ միացման մասին փաստաթղթերը, որոնք պետք են պայմանագիրն ուժի մեջ մտնելու համար, երբ են ստացվել և ի պահ հանձնվել,

է) Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում պայմանագրերի գրանցումը,

ը) սույն Կոնվենցիայի այլ դրույթներով նախատեսված այլ գործառույթների կատարումը:

2. Որևէ պետության և ավանդապահի միջև, վերջինիս գործառույթների կատարման կապակցությամբ տարաձայնություններ ծագելու դեպքում ավանդապահն այդ հարցի մասին տեղյակ է պահում պայմանագիրն ստորագրող պետություններին, պայմանավորվող պետություններին կամ համապատասխան դեպքերում շահագրգիռ միջազգային կազմակերպության իրավասու մարմնին:

 

ՀՈԴՎԱԾ 78

Ծանուցում և հաղորդագրություն

 

Եթե պայմանագրով և սույն Կոնվենցիայով այլ բան չի նախատեսված, ցանկացած պետության կողմից արված ծանուցումը կամ հաղորդագրությունը սույն Կոնվենցիայի համաձայն.

ա) եթե ավանդապահ չկա, առաքվում է անմիջապես այն պետությանը, որի համար այն նախատեսված է, իսկ եթե ավանդապահ կա, ապա նրան,

բ) համապատասխան պետության կողմից համարվում է կատարված միայն այն պետության կողմից ստանալուց հետո, որին այն առաքված է, կամ հանգամանքներից ելնելով ավանդապահի ստանալուց հետո,

գ) եթե այն առաքված է ավանդապահին, համարվում է ստացված այն պետության կողմից, որի համար այն նախատեսված է, միայն այն բանից հետո, երբ վերջինս ավանդապահի կողմից տեղյակ է պահվել 77-րդ հոդվածի 1(ե) կետի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 79

Պայմանագրերի տեքստերում կամ հաստատված օրինակներում եղած սխալների

ուղղումը

 

1. Եթե պայմանագրի բնագիր լինելը հաստատվելուց հետո այն ստորագրող պետությունները և պայմանավորվող պետություններն ընդհանուր համաձայնությամբ հավաստում են, որ դրանում սխալ կա, ապա, եթե նրանք չեն որոշում այլ միջոց կիրառել, այդ սխալն ուղղում են հետևյալ ճանապարհով.

ա) տեքստի մեջ համապատասխան ուղղում մտցնելով և պատշաճ ձևով լիազորված ներկայացուցիչների միջոցով այդ ուղղումը նախակնքելով,

բ) սխալն ուղղելու մասին, որը համաձայնել են կատարել, փաստաթուղթ կազմելով կամ նման փաստաթղթեր փոխանակելով, կամ

գ) պայմանագրի ուղղված ամբողջ տեքստը կազմելով նույն կարգով, ինչպես իսկական տեքստը կազմելու ժամանակ:

2. Եթե խոսքը վերաբերում է ավանդապահի պահպանությանը հանձնված պայմանագրին, ապա վերջինս սխալի և այն ուղղելու առաջարկության մասին ծանուցում է պայմանագիրն ստորագրող պետություններին և սահմանում է համապատասխան ժամանակամիջոց, որի ընթացքում կարող է այդ առաջարկության դեմ առարկություն արվել: Եթե մինչև այդ ժամանակի ավարտը.

ա) առարկություն չի կատարվել, ավանդապահն ուղղումը մտցնում է տեքստի մեջ և այդ ուղղումը նախակնքում է, կազմում է տեքստն ուղղելու մասին արձանագրություն և պատճենն ուղարկում է մասնակիցներին և մասնակից դառնալու իրավունք ունեցող պետություններին,

բ) եղել է առարկություն, ավանդապահն այդ առարկության մասին տեղյակ է պահում պայմանագիրն ստորագրող պետություններին և պայմանավորվող պետություններին:

3. 1-ին և 2-րդ կետերում շարադրված կանոնները կիրառվում են նաև այն դեպքերում, երբ տեքստի բնագիր լինելը սահմանվել է երկու կամ մի քանի լեզուներով և տարբեր տեքստերի միջև նկատվել է անհամապատասխանություն, որը պայմանագիրն ստորագրող պետությունների և պայմանավորվող պետությունների ընդհանուր համաձայնությամբ պետք է ուղղվի:

4. ՈՒղղված տեքստը փոխարինում է սխալ պարունակող տեքստին սկզբից ab initio, եթե միայն պայմանագիրն ստորագրող պետությունները և պայմանավորվող պետություններն այլ բան չեն որոշում:

5. Գրանցված պայմանագրի տեքստի ուղղման մասին տեղյակ Է պահվում Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությանը:

6. Եթե սխալը նկատվում Է վավերացված պատճենում, ավանդապահը կազմում է ուղղումը պարունակող արձանագրություն, և պատճենն ուղարկում Է պայմանագիրն ստորագրած պետություններին և պայմանավորվող պետություններին:

 

ՀՈԴՎԱԾ 80

Պայմանագրերի գրանցումը և հրապարակումը

 

1. ՈՒժի մեջ մտնելուց հետո պայմանագիրն ուղարկվում Է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարություն գրանցելու կամ գործերի մեջ պահելու, և ցուցակի մեջ մտցնելու հանգամանքից ելնելով հրապարակելու համար:

2. Ավանդապահ նշանակվելը նրան լիազորում Է կատարել նախորդ կետում նշված գործողությունները:

 

Մաս 8

Եզրափակիչ հոդվածներ

 

ՀՈԴՎԱԾ 81

Ստորագրում

Սույն Կոնվենցիան ստորագրության համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության բոլոր անդամ պետությունների կամ մասնագիտացված հաստատություններից որևէ մեկի անդամների, կամ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և կամ Միջազգային դատարանի ստատուտի մասնակիցների, ինչպես նաև այլ պետությունների համար, որոնք հրավիրված են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից սույն Կոնվենցիայի անդամ դառնալու հետևյալ կերպ, մինչև 1969 թ. նոյեմբերի 30-ը Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարությունում, իսկ այդ ժամկետից հետո և մինչև 1970 թ. ապրիլի 30-ը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության Կենտրոնակայանում:

 

ՀՈԴՎԱԾ 82

Վավերացում

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 83

Միանալը

 

Սույն Կոնվենցիային կարող է միանալ 81-րդ հոդվածում նշված ցանկացած դասին պատկանող պետություն: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 84

ՈՒԺի մեջ մտնելը

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հաշված երեսուներորդ օրը:

2. Երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո Կոնվենցիան վավերացնող կամ դրան միացող յուրաքանչյուր պետության համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո` երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 85

Բնագրային տեքստեր

 

Սույն Կոնվենցիայի բնագիրն անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն է, որի տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

 

Ի ՀԱՎԱՍՏՈՒՄՆ ՈՐԻ իրենց կառավարությունների կողմից պատշաճ ձևով լիազորված ներքոստորագրյալ լիազոր ներկայացուցիչներն ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

ԿԱՏԱՐՎԵԼ է Վիեննայում հազար ինը հարյուր վաթսունինը թվականի մայիսի քսաներեքին:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում և տնօրինում է որակյալ իրավաբաններից կազմված հաշտարար միջնորդների ցուցակը: Այդ նպատակով յուրաքանչյուր պետության, որը Միավորված ազգերի կազմակերպության անդամ է կամ սույն Կոնվենցիայի մասնակից, հրավիրվում է առաջարկելու երկուական հաշտարար միջնորդների թեկնածություններ, և այդ ձևով առաջադրված անձանց ազգանուններից կազմվում է ցուցակ: Հաշտարար միջնորդները, այդ թվում նաև պատահմամբ թափուր մնացած տեղերի համար նշանակված միջնորդները նշանակվում են հինգ տարի ժամկետով, որը կարող է նորոգվել: Հաշտարար միջնորդը, իր նշանակման ժամկետը լրանալուց հետո էլ, համաձայն հաջորդ կետի դրույթների, պետք է շարունակի կատարել ցանկացած գործառույթ, որի համար նա ընտրվել է:

2. Եթե 66-րդ հոդվածի դրույթների համաձայն Գլխավոր քարտուղարին ներկայացվում է խնդրանք, նա վեճը քննարկման է հանձնում հետևյալ կարգով կազմավորված համաձայնեցման հանձնաժողովին: Վեճի մի կողմ հանդիսացող պետությունը կամ պետությունները նշանակում են.

a) այդ պետության կամ այդ պետություններից մեկի քաղաքացի հանդիսացող մեկ հաշտարար միջնորդ, որը կարող է ընտրվել 1-ին կետում նշված անձանցից կամ այլ անձանցից, և

b) այդ պետության կամ այդ պետություններից մեկի քաղաքացին, որն ընտրվում է ցուցակից:

Վեճի մյուս կողմը հանդիսացող պետությունը կամ պետությունները նույն կարգով նշանակում են երկու հաշտարար միջնորդներ: Կողմերի ընտրած չորս հաշտարար միջնորդները պետք է նշանակվեն Գլխավոր քարտուղարի համապատասխան խնդրանքն ստանալու օրվանից հաշվված վաթսուն օրվա ընթացքում:

Այդ չորս հաշտարար միջնորդներն իրենցից վերջինի նշանակման օրվանից հետո վաթսուն օրվա ընթացքում ցուցակում ընդգրկված անձանցից նշանակում են հինգերորդ հաշտարար միջնորդին, որը կլինի նախագահ:

Եթե Նախագահը կամ մյուս հաշտարար միջնորդներից որևէ մեկը նրանց նշանակման համար նշված ժամկետներում չեն նշանակվում, ապա նրանք նշանակվում են Գլխավոր քարտուղարի կողմից համապատասխան ժամկետն անցնելուց հետո վաթսուն օրվա ընթացքում: Գլխավոր քարտուղարը Նախագահին կարող է նշանակել կամ ցուցակում ընդգրկված անձանցից, կա՛մ Միջազգային իրավունքի հանձնաժողովի անդամներից: Նշանակման համար նախատեսված ցանկացած ժամկետ, վեճի կողմերի համաձայնությամբ, կարող է երկարացվել:

Ցանկացած թափուր տեղ պետք է լրացվի նախնական նշանակման համար նախատեսված կարգով:

3. Համաձայնեցման հանձնաժողովն ինքն է սահմանում իր ընթացակարգը: Կողմերի համաձայնությամբ հանձնաժողովը կարող է ցանկացած կողմին առաջարկել ներկայացնելու իր կարծիքը գրավոր կամ բանավոր: Հանձնաժողովը որոշում է ընդունում կամ հանձնարարություն է տալիս իր հինգ անդամների ձայների մեծամասնությամբ:

4. Հանձնաժողովը կարող է վեճի կողմերի ուշադրությունը հրավիրել վեճի հոժարակամ լուծումը թեթևացնող ցանկացած միջոցի վրա:

5. Հանձնաժողովը լսում է կողմերին, քննարկում է պահանջները և առարկությունները և կողմերի քննարկմանն է ներկայացնում վեճի հոժարակամ լուծմանը հասնելու առաջարկություններ:

6. Հանձնաժողովն իր զեկույցը պետք է ներկայացնի իր կազմավորման ժամկետից հաշվված տասներկու ամսվա ընթացքում: Այդ զեկույցն ուղարկվում է Գլխավոր քարտուղարին և տրվում է վեճի կողմերին: Հանձնաժողովի զեկույցը, ներառյալ դրանում պարունակվող փաստերի վերաբերյալ և իրավունքի վերաբերյալ ցանկացած եզրակացություն, կողմերի համար պարտադիր չեն, և միայն վեճի հոժարակամ լուծումը թեթևացնելու նպատակով կողմերին ներկայացվող հանձնարարական են:

7. Գլխավոր քարտուղարը հանձնաժողովին տրամադրում է օգնություն և սպասարկման միջոցներ, որոնց կարիքը նա կարող է ունենալ: Հանձնաժողովի ծախսերը կրում է Միավորված ազգերի կազմակերպությունը:

Հայաստանի Հանրապետությունը Միջազգային պայմանագրերի մասին Վիեննայի կոնվենցիան վավերացրել Է նրա 66-րդ հոդվածի վերաբերյալ հետևյալ վերապահումով. «Հայաստանի Հանրապետությունն իրեն կապված չի համարում Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թ. Վիեննայի կոնվենցիայի 66-րդ հոդվածի դրույթներով և հայտարարում Է, որ Կոնվենցիայի 5-րդ բաժնի ցանկացած հոդվածի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի միջև ցանկացած վեճը Միավորված ազգերի կազմակերպության Միջազգային դատարանի լուծմանը հանձնելու կամ հաշտարար հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու համար յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ Է վեճի բոլոր մասնակիցների պարտադիր համաձայնությունը»:

 

ՈՒժի մեջ է մտել 2005 թ. հունիսի 16-ին

 

 

pin
''
23.05.1969
Միջազգային պայմանագիր