Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԾՈՎԱՅԻՆ ՆԱՎԱԳՆԱՑՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՈՒՂՂՎԱԾ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,

նկատի ունենալով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության նպատակները և սկզբունքները, որոնք վերաբերում են միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանն ու պետությունների միջև համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացմանը,

ճանաչելով, մասնավորապես, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, ինչպես նշված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում և Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում,

խորապես մտահոգված լինելով աշխարհում բոլոր ձևերի ահաբեկչական գործողությունների ծավալների աճով, որոնք վտանգում կամ խլում են անմեղ մարդկանց կյանքը, սպառնալիքի տակ են դնում հիմնական ազատությունները և լրջորեն վիրավորում են մարդկային արժանապատվությունը,

գտնելով, որ ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունները սպառնում են անձանց և գույքի անվտանգությանը, լրջորեն վնասում են ծովային հաղորդակցությունը և խաթարում են աշխարհի ժողովուրդների հավատը ծովային նավագնացության անվտանգության նկատմամբ,

ենթադրելով, որ նման գործողությունները համարվում են ողջ համաշխարհային հանրության հոգածության առարկա,

համոզված լինելով պետությունների միջև միջազգային համագործակցության հետևողական զարգացման անհրաժեշտության մեջ` ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելման ու դրանք կատարող անձանց հետապնդման ու պատժման նպատակով արդյունավետ և գործնական միջոցների մշակման և ընդունման ուղղությամբ,

վկայակոչելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 1985 թ. դեկտեմբերի 9-ին ընդունված 40/61 բանաձևը, որը, inter alia, «հետևողականորեն կոչ է անում բոլոր պետություններին միակողմանի կարգով և այլ պետությունների, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության համապատասխան մարմինների հետ համագործակցելով` աջակցել միջազգային ահաբեկչության հիմքում ընկած պատճառները աստիճանաբար վերացնելու գործում և առանձնակի ուշադրություն դարձնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային և կոպիտ խախտումների հետ կապված բոլոր իրավիճակներին, ներառյալ ռասիզմը, գաղութատիրությունը և այն իրավիճակները, որոնք կապված են մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների զանգվածային և կոպիտ խախտումների հետ, ինչպես նաև այն իրավիճակները, որոնք առաջացել են օտարերկրյա բռնազավթման հետևանքով, որոնք կարող են առաջ բերել միջազգային ահաբեկչություն և սպառնալ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը»,

այնուհետև վկայակոչելով նաև, որ 40/61 բանաձևը «անվերապահորեն հանցավոր է ճանաչում ահաբեկչության բոլոր գործողությունները, մեթոդները և պրակտիկան` որտեղ և ում կողմից էլ դրանք կատարված լինեին, այդ թվում` այնպիսիք, որոնք սպառնալիքի տակ են դնում պետությունների միջև բարեկամական հարաբերությունները և նրանց անվտանգությունը»,

վկայակոչելով նաև, որ 40/61 բանաձևում Ծովային միջազգային կազմակերպությանը առաջարկվում է «ուսումնասիրել ծովային նավերի վրա կամ դրանց դեմ կատարվող ահաբեկչական գործողությունների հիմնախնդիրը` համապատասխան միջոցների վերաբերյալ հանձնարարականներ ընդունելու նպատակով»,

նկատի ունենալով Ծովային միջազգային կազմակերպության վեհաժողովի 1985 թ. նոյեմբերի 20-ի A. 584 (14) բանաձևը, որը կոչ է անում միջոցներ մշակել նավերի և դրանց ուղևորների ու անձնակազմի անվտանգությանը սպառնացող անօրինական գործողությունների կանխարգելման համար,

նշելով, որ սույն Կոնվենցիան չի տարածվում անձնակազմի այն գործողությունների վրա, որոնք կարգավորվում են նավի վրա սովորական կարգապահության պահպանման նորմերով,

հաստատելով նավերի և դրանց վրա գտնվող անձանց դեմ ուղղված անօրինական գործողությունների կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին վերաբերող նորմերի և չափանիշների ստուգումների իրականացման ցանկալի լինելը` դրանց նորացման նպատակով, երբ դա անհրաժեշտ է, և այդ կապակցությամբ գոհունակությամբ ի գիտություն ընդունելով Ծովային միջազգային կազմակերպության` ծովում անվտանգության հարցերով կոմիտեի կողմից երաշխավորված` նավերի վրա ուղևորների և անձնակազմի դեմ անօրինական գործողությունների կանխարգելմանն ուղղված միջոցները,

այնուհետև հաստատելով, որ սույն Կոնվենցիայով չկարգավորվող հարցերը շարունակում են կարգավորվել ընդհանուր միջազգային իրավունքի նորմերով և սկզբունքներով,

ընդունելով ծովային նավագնացության դեմ ուղղված անօրինական գործողությունների դեմ պայքարում բոլոր պետությունների կողմից ընդհանուր միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների խստիվ պահպանման անհրաժեշտությունը,

պայմանավորվեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «նավ» նշանակում է` ցանկացած նավ, որը մշտապես ամրակցված չէ ծովի հատակին. ներառյալ պահպանման շարժական սկզբունքով գործող նավերը, ստորջրյա ապարատները և բոլոր այլ լողացող միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Կոնվենցիան չի կիրառվում`

ա) ռազմանավի, կամ

բ) պետությանը պատկանող կամ նրա կողմից շահագործվող նավի նկատմամբ, երբ այն օգտագործվում է ռազմական օժանդակման կամ մաքսային կամ ոստիկանական նպատակներով, կամ

գ) շահագործումից հանված կամ նավամատույցում կայանած նավի նկատմամբ:

2. Ոչինչ սույն Կոնվենցիայում չի շոշափում ռազմանավերի կամ այլ պետական նավերի անձեռնմխելիությունը, որոնք շահագործվում են ոչ առևտրային նպատակներով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Որևէ անձ հանցագործություն է կատարում, եթե նա կանխամտածված և ապօրինի`

ա) զավթում է նավը կամ ուժով կամ ուժի սպառնալիքով կամ վախեցնելու որևէ այլ ձևով վերահսկողություն է իրականացնում նավի նկատմամբ, կամ

բ) նավի վրա գտնվող անձի դեմ բռնության ակտ է կատարում, եթե այդ ակտը կարող է սպառնալ տվյալ նավի անվտանգ նավարկությանը, կամ

գ) ավերում է նավը կամ վնաս է պատճառում նավին կամ դրա բեռին, որը կարող է սպառնալ տվյալ նավի անվտանգ նավարկությանը, կամ

դ) որևէ ձևով նավի վրա սարքավորում կամ նյութ է տեղադրում կամ այն տեղադրելու նպատակով կատարում է գործողություն, որը կարող է ավերել այդ նավը, վնաս պատճառել այդ նավին կամ դրա բեռին, որը սպառնում է կամ կարող է սպառնալ տվյալ նավի անվտանգ նավարկությանը, կամ

ե) ավերում է ծովային նավագնացության սարքավորումը կամ դրան լուրջ վնաս է պատճառում կամ դրա շահագործման լուրջ խոչընդոտներ է ստեղծում, եթե ցանկացած այդպիսի գործողություն կարող է սպառնալ նավի անվտանգ նավարկությանը, կամ

զ) ակնհայտ կեղծ տեղեկություններ է հայտնում` դրանով սպառնալիք ստեղծելով նավի անվտանգ նավարկության համար, կամ

է) վիրավորում է որևէ անձի կամ սպանում է նրան «ա»-»է» ենթակետերում նշված որևէ հանցագործության կատարման կամ դրա կատարման փորձի առնչությամբ:

2. Որևէ անձ հանցագործություն է կատարում նաև, եթե`

ա) փորձում է կատարել 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկը, կամ

բ) դրդում է 1-ին կետում նշված հանցագործություններից որևէ մեկի կատարմանը, որը կատարվում է որևէ անձի կողմից, կամ որևէ այլ կերպ հանդիսանում է այդպիսի հանցագործություն կատարող անձի հանցակիցը, կամ

գ) պայմանով կամ առանց դրա սպառնում է, ինչպես նախատեսված է ազգային օրենսդրությամբ, նպատակ ունենալով հարկադրել ֆիզիկական կամ իրավաբանական անձին կատարել որևէ գործողություն կամ ձեռնպահ մնալ դրա կատարումից, կատարել 1-ին կետի «բ», «գ», «ե» ենթակետերում նշված հանցագործություններից որևէ մեկը, եթե այդ սպառնալիքը կարող է վտանգել այն նավի անվտանգ նավարկությանը, որի մասին նշվում է:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է, եթե նավը նավարկություն է կատարում, կամ նրա երթուղին ընդգրկում է նավարկություն որևէ մի պետության տարածքային ծովի արտաքին սահմաններից դուրս գտնվող ջրերը, ջրերով կամ ջրերից դուրս կամ հարակից պետությունների հետ նրա տարածքային ծովի կողային սահմաններից դուրս:

2. Այն դեպքում, երբ սույն Կոնվենցիան 1-ին կետին համապատասխան չի կիրառվում, ապա դա, այնուամենայնիվ, կիրառվում է, եթե հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը գտնվում է 1-ին կետում նշված պետությունից դուրս` որևէ ուրիշ մասնակից պետության տարածքում:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն համապատասխան պատիժներ է նախատեսում 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների համար` հաշվի առնելով այդ հանցագործությունների ծանրության աստիճանը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար, երբ հանցագործությունը կատարվել է`

ա) հանցագործությունը կատարելու ժամանակ տվյալ պետության դրոշի ներքո նավարկող նավի դեմ կամ դրա վրա, կամ

բ) տվյալ պետության տարածքում. ներառյալ նրա տարածքային ծովը, կամ

գ) տվյալ պետության քաղաքացու կողմից:

1. Մասնակից պետությունը կարող է նաև իր իրավասությունը հաստատել ցանկացած նման հանցագործության նկատմամբ, երբ`

ա) այն կատարվել է քաղաքացիություն չունեցող անձի կողմից, որը սովորաբար բնակվում է տվյալ պետությունում, կամ

բ) դրա կատարման ժամանակ տվյալ պետության քաղաքացին զավթվել է, սպառնալիքի է ենթարկվել, վիրավորվել կամ սպանվել է, կամ

գ) այն կատարվել է տվյալ պետությանը որևէ գործողություն կատարելու կամ դրա կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու փորձ անելով:

3. Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը հաստատել է 2-րդ կետում նշված իրավասությունը, այդ մասին ծանուցում է Ծովային միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարին (այսուհետ` Գլխավոր քարտուղար): Եթե այդպիսի մասնակից պետությունը հետագայում հրաժարվում է նման իրավասությունից, ապա նա այդ մասին ծանուցում է Գլխավոր քարտուղարին:

4. Յուրաքանչյուր մասնակից պետություն ընդունում է այնպիսի միջոցներ, որոնք անհրաժեշտ են 3-րդ հոդվածում նշված հանցագործության նկատմամբ իր իրավասությունը հաստատելու համար` այն դեպքերում, երբ ենթադրյալ հանցագործը գտնվում է նրա տարածքում, և նա նրան չի հանձնում մասնակից այն պետություններից որևէ մեկին, որոնք հաստատել են իրենց իրավասությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերին համապատասխան:

5. Սույն Կոնվենցիան չի բացառում ազգային օրենսդրության համապատասխան իրականացվող որևէ քրեական իրավասություն:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Համոզվելով, որ հանգամանքները դա են պահանջում, յուրաքանչյուր մասնակից պետություն, որի տարածքում է գտնվում հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրության համապատասխան` նրան ձերբակալում է կամ ձեռնարկում է այլ միջոցներ, որոնք կապահովեն նրա ներկայությունը այն ժամանակի ընթացքում, որն անհրաժեշտ է նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու կամ հանձնման գործողություններ ձեռնարկելու համար:

2. Այդպիսի պետությունը, իր օրենսդրության համապատասխան, անհապաղ իրականացնում է այդ փաստերի նախնական քննություն:

3. Ցանկացած անձ, ում նկատմամբ իրականացվում են 1-ին կետում նշված միջոցները, իրավունք ունի`

ա) անհապաղ կապվել այն պետության մոտակա համապատասխան ներկայացուցչի հետ, որի քաղաքացին է ինքը, կամ որը այլ կերպ իրավասու է այդպիսի կապ հաստատելու, կամ, եթե նա հանդիսանում է քաղաքացիություն չունեցող անձ` այն պետության ներկայացուցչի հետ, որի տարածքում ինքը սովորաբար բնակվում է,

բ) այդ պետության ներկայացուցչի կողմից այցելության:

4. Իրավունքները, որոնք նշված են 3-րդ կետում, իրականացվում են այն պետության օրենքներին և կանոններին համապատասխան, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը` պայմանով, որ նշված օրենքները և կանոնները պետք է հնարավորություն տան լիովին իրականացնելու այն նպատակները, որոնց համար նախատեսված են 3-րդ կետին համաձայն տրամադրվող իրավունքները:

5. Երբ մասնակից պետությունը սույն հոդվածին համապատասխան ձերբակալել է անձին, ապա նա 6-րդ հոդվածի առաջին կետին համապատասխան իրավասությունը հաստատած պետություններին, իսկ եթե նպատակահարմար գտնի` ցանկացած այլ շահագրգիռ պետություններին անհապաղ հայտնում է այն մասին, որ այդպիսի անձը ձերբակալված է, և այն հանգամանքների մասին, որոնք նրա ձերբակալման պատճառ են դարձել: Սույն հոդվածի 2-րդ կետում նշված նախնական քննություն իրականացնող պետությունը դրա արդյունքների մասին անհապաղ հայտնում է նշված պետություններին և նշում` մտադի՞ր է ինքը իրավասություն իրականացնել, թե ոչ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Մասնակից պետության նավի (դրոշի պետություն) նավապետը մասնակից որևէ այլ պետության (ընդունող պետություն) իրավասու մարմիններին կարող է հանձնել ցանկացած անձի, ում նկատմամբ իր մոտ խելամիտ հիմքեր կան համարելու, որ նա կատարել է 3-րդ հոդվածում նշված հանցագործություններից որևէ մեկը:

2. Դրոշի պետությունը ապահովում է, որ իր նավի նավապետը, որի վրա գտնվում է որևէ անձ, որին նա մտադիր է 1-ին կետի համաձայն փոխանցել, պարտավոր լինի, երբ դա գործնականորեն իրականանալի է ու նաև` հնարավորության դեպքում, նախքան նավի` ընդունող պետության տարածքային ծով մուտք գործելը ծանուցել ընդունող պետության իրավասու մարմիններին նման անձին փոխանցելու մտադրության և փոխանցման պատճառների մասին:

3. Ընդունող պետությունը ընդունում է փոխանցվող անձին, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմքեր ունի կարծելու, որ սույն Կոնվենցիան չի կիրառվում այն գործողությունների նկատմամբ, որոնք առաջացնում են այդպիսի փոխանցում, և վարվում է 7-րդ հոդվածի դրույթներին համապատասխան: Փոխանցվող անձին ընդունելու ցանկացած մերժում ուղեկցվում է մերժման պատճառների մասին հայտնելով:

4. Դրոշի պետությունը ապահովում է, որ իր նավի նավապետը պարտավոր լինի տրամադրել ընդունող պետության իրավասու մարմիններին ենթադրյալ հանցագործությանն առնչվող և իր տրամադրության տակ գտնվող ապացույցները:

5. Ընդունող պետությունը, որը փոխանցվող անձին ընդունել է 3-րդ կետի համաձայն, իր հերթին կարող է դիմել դրոշի պետությանը` տվյալ անձի փոխանցումը ընդունելու խնդրանքով: Դրոշի պետությունը քննարկում է ցանկացած նման խնդրանք և եթե բավարարում է այն, ապա գործում է նաև 7-րդ հոդվածի համապատասխան: Եթե դրոշի պետությունը մերժում է խնդրանքը, ապա նա ընդունող պետությանը հայտարարություն է ներկայացնում` շարադրելով մերժման պատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում որևէ կերպ չի շոշափում միջազգային իրավունքի այն նորմերը, որոնք վերաբերում են պետությունների` իրենց դրոշի տակ չնավարկող նավերի վրա հետաքննություն իրականացնելու կամ հարկադիր միջոցներ կիրառելու իրավասությանը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Մասնակից պետությունը, որի տարածքում գտնվում է հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, այն դեպքերում, երբ կիրառվում է 6-րդ հոդվածը, եթե նա նրան չի հանձնում, ապա պարտավոր է, առանց բացառության և անկախ նրանից` հանցագործությունը իր տարածքում է կատարվել, թե ոչ, գործն անհապաղ փոխանցել իր իրավասու մարմիններին` իր օրենսդրությանը համապատասխան քննություն անցկացնելու միջոցով` քրեական հետապնդման նպատակով: Այդ մարմինները ցանկացած այլ ծանր բնույթ ունեցող հանցագործության դեպքում որոշում են կայացնում այդ պետության օրենսդրությամբ նախատեսված կարգով:

2. Ցանկացած անձի, որի նկատմամբ քննություն է իրականացվում 3-րդ հոդվածում նշված որևէ հանցագործության կապակցությամբ, երաշխավորվում է արդարացի վերաբերմունք քննության բոլոր փուլերում, այդ թվում` բոլոր իրավունքներից և երաշխիքներից օգտվելը, որոնք այդպիսի քննության համար նախատեսված են այն պետության օրենսդրությամբ, որի տարածքում նա գտնվում է:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Հանցագործությունները, որոնք նշված են 3-րդ հոդվածում, համարվում են ենթակա ներառման մասնակից պետությունների միջև գոյություն ունեցող հանձնման մասին ցանկացած պայմանագրում նախատեսված հանձնում առաջացնող հանցագործությունների ցանկում: Մասնակից պետությունները պարտավորվում են այդ հանցագործությունները` որպես հանձնում առաջացնող հանցագործություններ, ներառել հանձնման մասին իրենց միջև կնքվելիք բոլոր պայմանագրերում:

2. Եթե մասնակից պետությունը, որը հանձնումը պայմանավորում է պայմանագրի առկայությամբ, այլ մասնակից պետության կողմից հանձնման մասին խնդրանք է ստանում, որի հետ նա հանձնման մասին պայմանագիր չունի, ապա հայցվող կողմը, իր հայեցողությամբ, կարող է սույն Կոնվենցիան դիտարկել որպես հանձնման համար իրավաբանական հիմք 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների առնչությամբ: Հանձնումն իրականացվում է հայցվող մասնակից պետության օրենսդրությամբ նախատեսված այլ պայմաններին համապատասխան:

3. Մասնակից պետությունները, որոնք հանձնումը չեն պայմանավորում պայմանագրի առկայությամբ, միմյանց միջև հարաբերություններում 3-րդ հոդվածում նշված հանցագործությունները դիտարկում են որպես հանձնում առաջացնող հանցագործություն` հայցվող պետության օրենսդրությամբ նախատեսված պայմանների պահպանումով:

4. Եթե անհրաժեշտ է, 3-րդ հոդվածում նշված հանցագործությունները հանձնման նպատակով մասնակից պետությունների կողմից քննարկվում են այնպես, որպես թե դրանք կատարվել են ոչ միայն հանցագործության կատարման վայրում, այլ նաև հանձնման խնդրանքով դիմած մասնակից պետության իրավասության շրջանակներում գտնվող որևէ վայրում:

5. Մասնակից պետությունը, որը մեկից ավելի խնդրանք է ստանում 6-րդ հոդվածի համաձայն իրավասություն հաստատած պետությունների կողմից, և որը որոշում է կայացնում քրեական հետապնդում չհարուցելու մասին, պետությանը ընտրելիս, որին պետք է հանձնվի հանցագործը կամ ենթադրյալ հանցագործը, պատշաճ կերպով հաշվի է առնում մասնակից այն պետության շահերն ու պարտականությունները, որի դրոշը նավը կրել է հանցագործության կատարման ժամանակ:

6. Սույն Կոնվենցիային համապատասխան` ենթադրյալ հանցագործին հանձնելու խնդրանքը քննարկելու ժամանակ հայցվող պետությունը պատշաճ ուշադրություն է դարձնում այն հարցին, թե հայցող պետությունում կարո՞ղ են արդյոք իրականացվել ենթադրյալ հանցագործի` 7-րդ հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքները:

7. Ինչ վերաբերում է սույն Կոնվենցիայում նշված հանցագործություններին, ապա մասնակից պետությունների միջև հանձնման մասին բոլոր պայմանագրերի և համաձայնագրերի դրույթները մասնակից պետությունների միջև հարաբերություններում ենթակա են փոփոխման այնքանով, որքանով դրանք անհամատեղելի են սույն Կոնվենցիային:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Մասնակից պետությունները միմյանց ցույց են տալիս հնարավորինս առավելագույն օգնություն 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների վերաբերյալ սկսված քրեական հետապնդման կապակցությամբ. ներառյալ իրենց մոտ առկա քննության համար անհրաժեշտ ապացույցներ ստանալուն աջակցելը:

2. Մասնակից պետությունները 1-ին կետի առնչությամբ իրենց պարտավորությունները կատարում են փոխադարձ իրավական օգնության մասին ցանկացած պայմանագրի համաձայն, որը կարող է գոյություն ունենալ նրանց միջև: Նման պայմանագրի բացակայության դեպքում մասնակից պետությունները միմյանց օգնություն են ցույց տալիս իրենց ազգային օրենսդրության համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Մասնակից պետությունները համագործակցում են 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների կանխարգելման բնագավառում, մասնավորապես, հետևյալ ուղիներով`

ա) ձեռնարկելով գործնականորեն իրականացվելիք բոլոր միջոցները` իրենց համապատասխան տարածքների սահմաններում կամ դրանցից դուրս հանցագործության նախապատրաստումը կանխարգելելու ուղղությամբ,

բ) իրենց ազգային օրենսդրության համապատասխան տեղեկատվության փոխանակման և, երբ անհրաժեշտ է, վարչական և այլ միջոցների համակարգման` 3-րդ հոդվածում նշված հանցագործությունների կատարման կանխարգելման նպատակով:

2. Երբ 3-րդ հոդվածում նշված որևէ հանցագործության կատարման արդյունքում նավի երթուղին հետաձգվում կամ ընդհատվում է, ապա մասնակից ցանկացած պետություն, որի տարածքում գտնվում են նավը, ուղևորներն ու անձնակազմը, պարտավոր է ձեռնարկել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի խուսափի նավի ուղևորների, անձնակազմի կամ բեռի անհիմն ուշացումից կամ պահումից:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Յուրաքանչյուր մասնակից պետություն, որը հիմքեր ունի ենթադրելու, որ կկատարվի 3-րդ հոդվածում նշված որևէ հանցագործություն, իր ազգային օրենսդրության համապատասխան, որքան հնարավոր է արագ, իր մոտ առկա ցանկացած համապատասխան տեղեկատվություն տրամադրում է այն պետություններին, որոնք, իր կարծիքով, հանդիսանում են 6-րդ հոդվածին համապատասխան իրավասությունը հաստատած պետություններ:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Յուրաքանչյուր մասնակից պետություն, իր ազգային օրենսդրության համապատասխան, հնարավորինս սեղմ ժամկետում Գլխավոր քարտուղարին հայտնում է իր մոտ առկա ցանկացած տեղեկատվություն, որը վերաբերում է`

ա/ հանցագործության հանգամանքներին,

բ/ 13-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան ձեռնարկված գործողություններին,

գ/ հանցագործի կամ ենթադրյալ հանցագործի նկատմամբ ձեռնարկված միջոցներին և, մասնավորապես, հանձնման կամ այլ իրավական ցանկացած գործողության արդյունքներին:

2. Մասնակից պետությունը, որի տարածքում ենթադրյալ հանցագործը քրեական հետապնդման է ենթարկվում, իր ազգային օրենսդրության համապատասխան, Գլխավոր քարտուղարին հայտնում է քննության վերջնական արդյունքների մասին:

3. Տեղեկատվությունը, որը փոխանցվել է 1-ին և 2-րդ կետերին համապատասխան, Գլխավոր քարտուղարի կողմից հաղորդվում է Ծովային միջազգային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) մասնակից բոլոր պետություններին, այլ շահագրգիռ պետություններին և համապատասխան միջազգային միջկառավարական կազմակերպություններին:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Սույն Կոնվենցիայի կիրառման և մեկնաբանման վերաբերյալ երկու կամ ավելի մասնակից պետությունների միջև յուրաքանչյուր վեճ, որը ողջամիտ ժամկետում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, նրանցից մեկի խնդրանքով փոխանցվում է արբիտրաժ: Եթե արբիտրաժի մասին խնդրանքով դիմելու օրվանից վեց ամսվա ընթացքում կողմերը չեն կարող պայմանավորվել արբիտրաժի կազմավորման մասին, ապա, այդ կողմերից յուրաքանչյուրի խնդրանքով, վեճը կարող է փոխանցվել Միջազգային դատարան` Դատարանի կանոնադրության համապատասխան:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, ընդունման կամ հաստատման կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարություն անել այն մասին, որ իրեն պարտավորված չի համարում 1-ին կետի որևէ դրույթով կամ բոլոր դրույթներով: Մյուս մասնակից պետությունները այդպիսի դրույթներով պարտավորված չեն լինի ցանկացած մասնակից պետության նկատմամբ, որն այդպիսի վերապահում է արել:

3. Ցանկացած պետություն, որը, 2-րդ կետին համապատասխան, վերապահում է արել, Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով կարող է հանել այդ վերապահումը:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Կոնվենցիան ստորագրման համար բաց է 1988 թվականի մարտի 10-ից Հռոմում` ծովային նավագնացության անվտանգության դեմ ուղղված անօրինական ակտերի դեմ պայքարի վերաբերյալ միջազգային համաժողովին մասնակցող պետությունների համար և Կազմակերպության նստավայրում` բոլոր պետությունների համար 1988 թվականի մարտի 14-ից մինչև 1989 թվականի մարտի 9-ը: Դրանից հետո Կոնվենցիան բաց կլինի միանալու համար:

2. Պետությունները սույն Կոնվենցիան իրենց համար պարտադիր լինելու վերաբերյալ համաձայնությունը կարող են արտահայտել`

ա) ստորագրմամբ` առանց վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու, կամ

բ) ստորագրմամբ` վավերացման, ընդունման կամ հաստատման վերապահումով, որին հետևում է վավերացումը, ընդունումը կամ հաստատումը, կամ

գ) միանալու միջոցով:

3. Վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալը իրականացվում են համապատասխան փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմտնի այն ամսաթվից 90 օր անցնելուց հետո, երբ տասնհինգ պետություններ կամ ստորագրել են այն` առանց հետագա վավերացման, ընդունման կամ հաստատման վերաբերյալ վերապահում անելու, կամ ի պահ են հանձնել վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին համապատասխան փաստաթղթերը:

2. Այն պետությունների համար, որոնք սույն Կոնվենցիայի վավերացման, ընդունման կամ հաստատման կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ են հանձնել Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ պայմանները կատարելուց հետո, վավերացումը, ընդունումը, հաստատումը կամ միանալը ուժի մեջ կմտնեն ի պահ հանձնելուց 90 օր անց:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Սույն Կոնվենցիայի գործողությունը կարող է դադարեցվել յուրաքանչյուր մասնակից պետության կողմից, ցանկացած ժամանակ` այդ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվից մեկ տարի անցնելուց հետո:

2. Գործողության դադարեցումը իրականացվում է գործողությունը դադարեցնելու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

3. Գործողության դադարեցումը ուժի մեջ է մտնում գործողությունը դադարեցնելու մասին փաստաթուղթը Գլխավոր քարտուղարի ստանալու ամսաթվից մեկ տարի անցնելուց կամ ավելի երկար ժամկետն անցնելուց հետո, որը կարող է նշված լինել գործողությունը դադարեցնելու մասին փաստաթղթում:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Կազմակերպությունը սույն Կոնվենցիայի վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով կարող է հրավիրել համաժողով:

2. Կոնվենցիայի վերանայման կամ դրանում փոփոխություններ կատարելու նպատակով Գլխավոր քարտուղարը, մասնակից պետությունների 1/3-ի կամ 10 մասնակից պետությունների խնդրանքով` ելնելով նրանից, թե որն ավելի մեծ թիվ կկազմի, հրավիրում է սույն Կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողով:

3. Վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին յուրաքանչյուր փաստաթուղթ, որն ի պահ է հանձնվել սույն Կոնվենցիայի փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, դիտվում է որպես Կոնվենցիային առնչվող` դրանում կատարված փոփոխություններով հանդերձ:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Սույն Կոնվենցիան ի պահ է հանձնվում Գլխավոր քարտուղարին:

2. Գլխավոր Քարտուղարը`

ա) բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Կոնվենցիան կամ միացել են դրան, ինչպես նաև Կազմակերպության բոլոր անդամներին տեղեկացնում է`

i) Կոնվենցիայի յուրաքանչյուր նոր ստորագրման կամ վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու փաստաթղթի մասին` դրանց ամսաթվի նշումով,

ii) սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,

iii) սույն Կոնվենցիայի գործողության դադարեցման մասին յուրաքանչյուր փաստաթուղթ ի պահ հանձնելու մասին` նշելով դրա ստանալու ամսաթվի, ինչպես նաև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելու տարվա, ամսվա և ամսաթվի մասին,

iv) սույն Կոնվենցիային համապատասխան արված յուրաքանչյուր հայտարարություն և ծանուցում ստանալու մասին:

բ) սույն Կոնվենցիայի բնօրինակի հաստատված պատճենները ուղարկում է այն բոլոր պետություններին, որոնք ստորագրել են սույն Կոնվենցիան կամ միացել են դրան:

3. Հենց որ սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնի, ավանդապահի կողմից բնօրինակի հաստատված պատճենը կփոխանցվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին` ՄԱԿ-ի Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան այն գրանցելու և հրապարակելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Սույն Կոնվենցիան կազմված է մեկ բնօրինակից` անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն. ընդ որում` բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:

 

Ի հավաստումն որի` ներքոստորագրյալները, իրենց համապատասխան կառավարությունների կողմից պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

 

Կատարված է Հռոմում` հազար ինը հարյուր ութսունութ թվականի մարտի տասին:

 

ՈՒժի մեջ է մտնում 2005 թ. սեպտեմբերի 6-ին:

 

 

pin
''
10.03.1988
Միջազգային պայմանագիր