Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 24-Ը ՄԱՐՏԻ, ...

 

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՅԱՆ
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ 24-Ը ՄԱՐՏԻ, 1971 ԹՎԱԿԱՆ, 1979 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՓՈՓՈԽՈՒԹՅԱՄԲ

 

Պայմանավորվող կողմերը,

նշելով, որ արտոնագրերի, հեղինակային վկայագրերի, օգտակար մոդելների և օգտակարության մասին վկայագրերի դասակարգման միասնական համակարգի համընդհանուր ընդունումը համապատասխանում է ընդհանուր շահերին և կնպաստի արդյունաբերական սեփականության ոլորտում ավելի սերտ միջազգային համագործակցությանը, ինչպես նաև կաջակցի այդ ոլորտում ազգային օրենսդրությունների ներդաշնակմանը,

ընդունելով 1954 թվականի դեկտեմբերի 19-ի` Գյուտերի միջազգային արտոնագրային դասակարգման մասին Եվրոպական կոնվենցիայի կարևորությունը, որի համաձայն Եվրոպայի խորհուրդը ստեղծել է գյուտերի միջազգային արտոնագրային դասակարգումը,

հաշվի առնելով այդ Դասակարգման ընդհանուր արժևորությունը և դրա կարևորությունը արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից բոլոր երկրների համար,

հաշվի առնելով այդ դասակարգման նշանակությունը զարգացող երկրների համար, ինչը նրանց համար կհեշտացնի ժամանակակից տեխնիկական նվաճումների անընդհատ աճող ծավալների մատչելիությունը,

հաշվի առնելով 1883 թվականի մարտի 20-ին ընդունված և 1900 թվականի դեկտեմբերի 14-ին Բրյուսելում, 1911 թվականի հունիսի 2-ին Վաշինգտոնում, 1925 թվականի նոյեմբերի 6-ին Հաագայում, 1934 թվականի հունիսի 2-ին Լոնդոնում, 1958 թվականի հոկտեմբերի 31-ին Լիսաբոնում և 1967 թվականի հուլիսի 14-ին Ստոկհոլմում վերանայված Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի 19-րդ հոդվածը,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Հատուկ միության ստեղծումը, միջազգային դասակարգման ընդունումը

 

Երկրները, որոնց նկատմամբ կիրառելի է սույն Համաձայնագիրը, կազմում են Հատուկ միություն և ընդունում են գյուտերի արտոնագրերի, հեղինակային վկայագրերի, օգտակար մոդելների և օգտակարության մասին վկայագրերի միասնական դասակարգում: Դասակարգումն անվանվում է Միջազգային արտոնագրային դասակարգում (այսուհետ` Դասակարգում):

 

ՀՈԴՎԱԾ 2

Դասակարգման սահմանումը

 

1) ա) Դասակարգումը ներառում է.

i) տեքստ, որը մշակված է գյուտերի արտոնագրերի Միջազգային դասակարգման մասին 1954 թվականի դեկտեմբերի 19-ի Եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Եվրոպական կոնվենցիա) դրույթների համաձայն, որը ուժի մեջ է մտել և հրապարակվել է Եվրոպական խորհրդի գլխավոր քարտուղարի կողմից 1968 թվականի սեպտեմբերի 1-ին.

ii) մինչև սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելը Եվրոպական կոնվենցիայի 2(2)-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ մտած փոփոխությունները,

iii) 5-րդ հոդվածին համապատասխան` հետագայում մտցված փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտնում 6-րդ հոդվածի դրույթների համաձայն:

բ) Դասակարգման տեքստում ներառված ձեռնարկը և ծանոթագրություններն այդ տեքստի անբաժանելի մասն են:

2) ա) (1)(ա)(i) կետում նշված տեքստը պարունակվում է երկու վավերական օրինակներում, յուրաքանչյուրը` անգլերեն և ֆրանսերեն, որոնք ի պահ են հանձնված` մեկ օրինակը` Եվրոպական խորհրդի Գլխավոր քարտուղարին, մյուս օրինակը` 1967 թվականի հուլիսի 14-ի Կոնվենցիայի հիման վրա ստեղծված Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Գլխավոր տնօրենին (այսուհետ` Գլխավոր տնօրեն և Կազմակերպություն) այն թվականին, երբ սույն Համաձայնագիրը բացվել է ստորագրման համար:

բ) (1)(ա)(ii) կետում նշված փոփոխությունները երկու վավերական օրինակներով, յուրաքանչյուրը` անգլերեն և ֆրանսերեն, ի պահ են հանձնվում` մեկ օրինակը` Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին, մյուս օրինակը` Գլխավոր տնօրենին:

գ) (1)(ա)(iii) կետում նշված փոփոխություններն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին միայն մեկ վավերական օրինակով` անգլերեն և ֆրանսերեն:

 

ՀՈԴՎԱԾ 3

Դասակարգման լեզուները

 

1) Դասակարգումը մշակվում է անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում` երկու տեքստերն էլ հավասարապես վավերական են:

2) Դասակարգման իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և ճապոներեն պաշտոնական տեքստերը, ինչպես նաև այլ լեզուներով, որոնք կորոշի 7-րդ հոդվածում հիշատակված Ասամբլեան, մշակվում են Կազմակերպության Միջազգային բյուրոյի (այսուհետ` Միջազգային բյուրո) կողմից` շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո կամ այդ Կառավարությունների կողմից ներկայացված թարգմանության հիման վրա կամ այլ եղանակով, որը Հատուկ միության կամ Կազմակերպության բյուջեում ֆինանսական հետևանքներ չի առաջացնում:

 

ՀՈԴՎԱԾ 4

Դասակարգման կիրառումը

 

1) Դասակարգումը կրում է բացառապես վարչական բնույթ:

2) Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչությունները իրավունք ունեն Դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ:

3) Հատուկ միության երկրների իրավասու մարմինները ներառում են`

i) իրենց կողմից տրված արտոնագրերում, հեղինակային վկայագրերում, օգտակար մոդելներում և օգտակարության մասին վկայագրերում, ինչպես նաև պահպանության նշված տեսակներին վերաբերող հայտերում` անկախ նրանից` հրապարակվում են այդ նյութերը, թե այդ մարմինների կողմից դրվում են համընդհանուր ծանոթացման, և

ii) i ենթակետում հիշատակված փաստաթղթերի հրապարակման կամ համընդհանուր ծանոթացման դնելու մասին պաշտոնական հրատարակություններում զետեղված ծանուցումներում, Դասակարգման լրիվ ցուցիչները, որը կիրառված է գյուտի նկատմամբ, որին վերաբերում է i ենթակետում նշված փաստաթուղթը:

4) Սույն Համաձայնագիրն ստորագրելիս, վավերագիրը կամ միացման ակտն ի պահ հանձնելիս.

i) ցանկացած երկիր կարող է հայտարարել, որ չի պարտավորվում, ինչպես դա նախատեսված է 3-րդ կետում, նշել Դասակարգման խմբերի և ենթախմբերի ցուցիչները միայն համընդհանուր ծանոթացման դրված հայտերում, ինչպես նաև այդ հայտերին վերաբերող ծանուցումներում, և

ii) ցանկացած երկիր, որը նորության փորձաքննություն չի անցկացնում, լինի դա սովորական կամ հետաձգված փորձաքննություն, և որում արտոնագիր տալու կամ պահպանության այլ ձևերի ընթացակարգը չի նախատեսում տեխնիկայի մակարդակի որոշման համար որոնման անցկացում, կարող է հայտնել, որ ինքը չի պարտավորվում 3-րդ կետում հիշատակված փաստաթղթերում և ծանուցումներում ներառել Դասակարգման խմբերին և ենթախմբերին վերաբերող ցուցիչները: Եթե այդպիսի հանգամանքներ գոյություն ունեն պահպանության միայն որոշ ձևերի կամ տեխնիկայի որոշ բնագավառների նկատմամբ, տվյալ երկիրը կարող է վերապահություն անել միայն այն բանի նկատմամբ, ինչին առնչվում են նշված հանգամանքները:

5) Դասակարգման ցուցիչները, որոնց նախորդում են «Միջազգային արտոնագրային դասակարգում» բառերը կամ այդ բառերի հապավումը, ինչը կորոշվի 5-րդ հոդվածում հիշատակված փորձագետների Կոմիտեի կողմից, տպագրվում են թավատառ կամ այնպես, որ դրանք պարզ երևան (3)(i) կետում հիշատակված յուրաքանչյուր փաստաթղթի սկզբում, որում դրանք պետք է ներառվեն:

6) Եթե Հատուկ միության որևէ երկիր արտոնագիր տալը հանձնարարում է որևէ միջկառավարական մարմնի, նա ձեռնարկում է այդ մարմնի կողմից սույն հոդվածին համապատասխան Դասակարգման կիրառումն ապահովող բոլոր հնարավոր միջոցները:

 

ՀՈԴՎԱԾ 5

Փորձագետների կոմիտե

 

1) Հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր երկիր:

2) ա) Գլխավոր տնօրենը Փորձագետների կոմիտեի նիստերին հրավիրում է` դիտորդների կարգավիճակով մասնակցելու արտոնագրային ասպարեզում մասնագիտացող միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց անդամ երկրներից առնվազն մեկը սույն Համաձայնագրի մասնակից է:

բ) Գլխավոր տնօրենը հրավիրում է այլ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին` մասնակցելու իրենց հետաքրքրող հարցերի քննարկմանը:

3) Փորձագետների կոմիտեն.

i) փոփոխություններ է մտցնում Դասակարգման մեջ.

ii) Դասակարգման օգտագործմանն աջակցելու և դրա միատեսակ կիրառումը զարգացնելու նպատակով հանձնարարականներ է հղում Հատուկ միության երկրներին.

iii) աջակցում է միջազգային համագործակցությանը այն փաստաթղթերի վերադասակարգման հարցերում, որոնք օգտագործվում են գյուտերի փորձաքննության ընթացքում` ուշադրություն դարձնելով, մասնավորապես, զարգացող երկրների կարիքներին.

iv) ձեռնարկում է բոլոր այլ միջոցները, որոնք աջակցում են զարգացող երկրներում Դասակարգման կիրառմանը, Հատուկ միության կամ Կազմակերպության բյուջեում ֆինանսական հետևանքներ չառաջացնելով.

v) իրավունք ունի ստեղծել ենթակոմիտեներ և աշխատանքային խմբեր:

4) Փորձագետների կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները: Այդ կանոնները ապահովում են ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի նիստերին 2-րդ հոդվածի «ա» կետում հիշատակված միջկառավարական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը, որոնք կարող են Դասակարգման կատարելագործման զգալի ծավալի աշխատանքներ կատարել:

5) Դասակարգման փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները կարող են ներկայացվել Հատուկ միության յուրաքանչյուր երկրի իրավասու մարմնի, Միջազգային բյուրոյի, 2-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` Փորձագետների կոմիտեում ներկայացված յուրաքանչյուր միջկառավարական կազմակերպության և այդպիսի առաջարկություններ ներկայացնելու նպատակով Փորձագետների կոմիտեի կողմից հատուկ հրավիրված որևէ այլ կազմակերպության կողմից: Առաջարկություններն ուղարկվում են Միջազգային բյուրո, որը դրանք ուղարկում է Փորձագետների կոմիտեի անդամներին և դիտորդներին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մինչև Փորձագետների կոմիտեի նստաշրջանի սկսվելը, որտեղ նշված առաջարկությունները պետք է քննարկվեն:

6) ա) Փորձագետների կոմիտեի անդամ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն:

բ) Փորձագետների կոմիտեն իր որոշումներն ընդունում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող երկրների ձայների պարզ մեծամասնությամբ:

գ) Յուրաքանչյուր որոշում ընդունելու համար, որը ներկա և քվեարկությանը մասնակցած երկրների ձայների մեկ հինգերորդի կողմից գնահատվում է որպես Դասակարգման հիմնական կառուցվածքի փոփոխության հանգեցնող կամ վերադասակարգման զգալի աշխատանք պահանջող որոշում, պահանջվում է ներկա գտնվող և քննարկմանը մասնակցող երկրների ձայների երեք քառորդ մեծամասնություն:

դ) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում:

 

ՀՈԴՎԱԾ 6

Փոփոխությունների և այլ որոշումների մասին ծանուցելը, ուժի մեջ

մտնելն ու հրապարակելը

 

1) Դասակարգման փոփոխությունների և հանձնարարականների վերաբերյալ Փորձագետների կոմիտեի ընդունած յուրաքանչյուր որոշման մասին Միջազգային բյուրոն ծանուցում է Հատուկ միության երկրների իրավասու մարմիններին: Փոփոխություններն ուժի մեջ են մտնում ծանուցումն ուղարկելու օրվանից վեց ամիս հետո:

2) Միջազգային բյուրոն Դասակարգման մեջ ներառում է ուժի մեջ մտած փոփոխությունները: Փոփոխությունների մասին հաղորդումները հրապարակվում են 7-րդ հոդվածում հիշատակված Ասամբլեայի կողմից որոշված պարբերական հրատարակություններում:

 

ՀՈԴՎԱԾ 7

Հատուկ միության Ասամբլեան

 

1) ա) Հատուկ միությունն ունի Ասամբլեա, որը բաղկացած է Հատուկ միության երկրներից:

բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի Կառավարություն ներկայացված է մեկ պատվիրակով, որը կարող է ունենալ տեղակալներ, խորհրդականներ և փորձագետներ:

գ) Ասամբլեայի նիստերում, իսկ եթե Ասամբլեան որոշի, ապա նաև այնպիսի կոմիտեներում և աշխատանքային խմբերում, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կողմից, 5(2)(ա) հոդվածում հիշատակված ցանկացած միջկառավարական կազմակերպություն կարող է ներկայացված լինել դիտորդի կարգավիճակով:

դ) Յուրաքանչյուր պատվիրակության ծախսերը կատարում է նրան նշանակած Կառավարությունը:

2) ա) Հաշվի առնելով 5-րդ հոդվածի դրույթները` Ասամբլեան.

i) քննարկում է Հատուկ միության պահպանմանն ու զարգացմանը և սույն Համաձայնագրի կիրառմանը վերաբերող բոլոր հարցերը.

ii) վերանայման կոնֆերանսների նախապատրաստման հետ կապված ցուցումներ է տալիս Միջազգային բյուրոյին.

iii) քննարկում և հաստատում է Գլխավոր տնօրենի հաշվետվությունները և գործունեությունը, որոնք վերաբերում են Հատուկ միությանը, և Հատուկ միության իրավասության մեջ մտնող հարցերով նրան տալիս է բոլոր անհրաժեշտ հրահանգները.

iv) որոշում է ծրագիրը, ընդունում է Հատուկ միության եռամյա բյուջեն և հաստատում է նրա ֆինանսական հաշվետվությունները.

v) հաստատում է Հատուկ միության ֆինանսական կանոնակարգը.

vi) որոշում է, թե, բացի անգլերենից, ֆրանսերենից և 3(2)-րդ հոդվածում թվարկված լեզուներից, որ լեզուներով է անհրաժեշտ մշակել Դասակարգման պաշտոնական տեքստերը.

vii) ստեղծում է այնպիսի կոմիտեներ և աշխատանքային խմբեր, որոնք անհրաժեշտ է համարում Հատուկ միության նպատակների իրականացման համար.

viii) հաշվի առնելով 1-ին հոդվածի «գ» կետի դրույթները` որոշում է, թե Հատուկ միության անդամ չհանդիսացող որ երկրներին և որ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպություններին է թույլատրվում դիտորդի կարգավիճակով մասնակցել Ասամբլեայի, ինչպես նաև իր ստեղծած ցանկացած կոմիտեի և աշխատանքային խմբի նիստերին.

ix) Հատուկ միության նպատակներին հասնելու համար իրականացնում է ցանկացած այլ անհրաժեշտ գործողություն.

x) կատարում է սույն Համաձայնագրից բխող բոլոր այլ գործողությունները:

բ) Այն հարցերով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ Միությունների համար, որոնց վարչարարությունն իրականացնում է Կազմակերպությունը, Ասամբլեան որոշումներ ընդունում է` հաշվի առնելով Կազմակերպության Համակարգման կոմիտեի կարծիքը:

3) ա) Ասամբլեայի անդամ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն:

բ) Ասամբլեայի անդամ երկրների կեսը կազմում է քվորումը:

գ) Քվորումի բացակայության դեպքում Ասամբլեան կարող է ընդունել որոշում, սակայն Ասամբլեայի բոլոր այդպիսի որոշումները, բացառությամբ իր սեփական կանոններին վերաբերող որոշումների, ուժի մեջ են մտնում միայն` պահպանելով ներքոհիշյալ պայմանները: Միջազգային բյուրոն հիշյալ որոշումներն ուղարկում է Ասամբլեայի այն անդամ երկրներին, որոնք այնտեղ ներկայացված չեն եղել, և առաջարկում է որոշումներն ուղարկելու թվականից եռամսյա ժամկետում գրավոր հայտնել` իրենք կո՞ղմ են քվեարկում այդ որոշումներին, դե՞մ են դրանց, թե՞ ձեռնպահ են: Եթե այդ ժամկետի ավարտին այդ եղանակով կողմ, դեմ կամ ձեռնպահ քվեարկած անդամների քանակը հասնի առնվազն այն քանակին, որը չէր բավականացնում տվյալ նստաշրջանում քվորում ունենալու համար, այդպիսի որոշումներն ուժի մեջ են մտնում` պայմանով, որ միաժամանակ պահպանված լինի անհրաժեշտ մեծամասնությունը:

դ) Հաշվի առնելով 11(2)-րդ հոդվածի դրույթները` Ասամբլեայի որոշումներն ընդունվում են տրված ձայների երկու երրորդ մեծամասնությամբ:

ե) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում:

զ) Պատվիրակը կարող է ներկայացնել միայն մեկ երկիր և քվեարկել միայն նրա անունից:

4) ա) Ասամբլեայի հերթական նիստը գումարվում է երեք տարին մեկ անգամ` Գլխավոր տնօրենի հրավերով, բացի բացառիկ դեպքերից, նույն ժամանակ և նույն տեղում, ինչ Կազմակերպության Գլխավոր ասամբլեան:

բ) Ասամբլեան հրավիրվում է արտակարգ նստաշրջանի, որը գումարվում է Գլխավոր տնօրենի կողմից` Ասամբլեայի անդամ երկրների մեկ քառորդի պահանջով:

գ) Յուրաքանչյուր նստաշրջանի օրակարգը նախապատրաստում է Գլխավոր տնօրենը:

դ) Ասամբլեան ընդունում է ընթացակարգի իր կանոնները:

 

ՀՈԴՎԱԾ 8

Միջազգային բյուրոն

 

1) ա) Հատուկ միության վարչական խնդիրներն իրականացվում են Միջազգային բյուրոյի կողմից:

բ) Միջազգային բյուրոն նախապատրաստում է, մասնավորապես, նիստերը և կատարում է Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և այնպիսի այլ կոմիտեների և աշխատանքային խմբերի քարտուղարության պարտականությունները, որոնք կարող են ստեղծվել ասամբլեայի կամ փորձագետների կոմիտեի կողմից:

գ) Գլխավոր տնօրենը Հատուկ միության գլխավոր պաշտոնատար անձն է և ներկայացնում է Հատուկ միությունը:

2) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված աշխատակազմի ցանկացած անդամ, առանց ձայնի իրավունքի, մասնակցում են Ասամբլեայի, Փորձագետների կոմիտեի և այնպիսի այլ կոմիտեների և աշխատանքային խմբերի բոլոր նիստերին, որոնք կարող են ստեղծվել Ասամբլեայի կամ Փորձագետների կոմիտեի կողմից: Գլխավոր տնօրենը կամ նրա կողմից նշանակված աշխատակազմի անդամը հանդիսանում է այդ մարմինների ex officio քարտուղարը:

3) ա) Ասամբլեայի ցուցումներին համապատասխան` Միջազգային բյուրոն նախապատրաստում է վերանայման կոնֆերանսներ:

բ) Վերանայման կոնֆերանսներին նախապատրաստվելու հարցերով Միջազգային բյուրոն կարող է խորհրդակցել միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ:

գ) Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակված անձինք վերանայման կոնֆերանսների աշխատանքին մասնակցում են առանց ձայնի իրավունքի:

4) Միջազգային բյուրոն կատարում է իր վրա դրված ցանկացած այլ խնդիր:

 

ՀՈԴՎԱԾ 9

Ֆինանսները

 

1) ա) Հատուկ միությունն ունի բյուջե:

բ) Հատուկ միության բյուջեն ներառում է բուն Հատուկ միության եկամուտները և ծախսերը, նրա վճարումները Միությունների ընդհանուր ծախսերի բյուջե, ինչպես նաև, համապատասխան դեպքերում, հատկացումները Կազմակերպության կոնֆերանսների բյուջեին:

գ) Միությունների համար ընդհանուր են համարվում այն ծախսերը, որոնք չեն վերաբերում բացառապես տվյալ Հատուկ միությանը, այլ միաժամանակ մեկ կամ մի քանի այլ միությունների, որոնց վարչարարությունն իրականացնում է Կազմակերպությունը: Այդ ընդհանուր ծախսերում Հատուկ միության մասնաբաժինը համապատասխանում է տվյալ ծախսերում նրա շահագրգռվածությանը:

2) Հատուկ միության բյուջեն ստեղծվում է` պատշաճ ձևով հաշվի առնելով մյուս Միությունների բյուջեների հետ համակարգման պահանջները, որոնց վարչարարությունն իրականացնում է Կազմակերպությունը:

3) Հատուկ միության բյուջեն ֆինանսավորվում է հետևյալ աղբյուրներից.

i) Հատուկ միության երկրների վճարներից.

ii) Հատուկ միությանը վերաբերող` Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար վճարներից և գանձույթներից.

iii) Միջազգային բյուրոյի` Միությանը վերաբերող հրապարակումների վաճառքից և այդպիսի հրապարակումների իրավունքի փոխանցումից գոյացած մուտքերից.

iv) նվիրատվություններից, կտակած միջոցներից և լրահատկացումներից.

v) վարձավճարներից, տոկոսներից և այլ տարբեր եկամուտներից:

4) ա) (3)(i) կետում նշված վճարի չափը որոշելու համար Հատուկ միության յուրաքանչյուր երկիր դասվում է այն նույն դասին, որին նա պատկանում է Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան միությունում, և իր տարեկան վճարները մուծում է այն նույն միավորների թվի հիման վրա, որը Փարիզյան միությունում հաստատվում է տվյալ դասի համար:

բ) Հատուկ միության յուրաքանչյուր երկրի տարեկան վճարը հավասար է այն գումարին, որը հարաբերվում է բոլոր երկրների կողմից Հատուկ միության բյուջե մուծման ենթակա ընդհանուր վճարների գումարին այնպես, ինչպես նրա միավորների քանակն է հարաբերվում վճարներ մուծող բոլոր երկրների միավորների ընդհանուր քանակին:

գ) Վճարները ենթակա են մուծման յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից:

դ) Այն երկիրը, որը վճարների մուծման պարտք ունի, Հատուկ միության բոլոր մարմիններում կորցնում է ձայնի իրավունքը, եթե նրա պարտքի գումարը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու լրիվ տարիների համար մուծման ենթակա վճարների գումարին: Սակայն Հատուկ միության այդ մարմիններից ցանկացածը կարող է թույլատրել այդպիսի երկրին շարունակել օգտվել ձայնի իրավունքից այդ մարմնում, եթե և քանի դեռ նա համոզված է, որ վճարման ուշացումը կատարվել է բացառիկ և անխուսափելի պայմաններում:

ե) Այն դեպքում, երբ մինչև նոր ֆինանսական ժամանակաշրջանի սկիզբը բյուջեն ընդունված չէ, ֆինանսական կանոնակարգով նախատեսված կարգի համաձայն, գործում է նախորդ տարվա մակարդակի բյուջեն:

5) Հատուկ միության անունից Միջազգային բյուրոյի կողմից մատուցված ծառայությունների համար գանձվող վճարների և գանձույթների չափը սահմանվում է գլխավոր տնօրենի կողմից, որն այդ մասին զեկուցում է Ասամբլեային:

6) ա) Հատուկ միությունն ունի շրջանառու միջոցների ֆոնդ, որը բաղկացած է Հատուկ միության յուրաքանչյուր երկրի կողմից մուծվող միանվագ վճարներից: Եթե շրջանառու միջոցների ֆոնդը դառնում է ոչ բավարար, Ասամբլեան որոշում է ընդունում դրա ավելացման մասին:

բ) Նշված ֆոնդում յուրաքանչյուր երկրի նախնական վճարի չափը կամ այդ ֆոնդի ավելացման նրա մասը համամասնական են այդ երկրի վճարին այն տարվա համար, երբ ստեղծվել է ֆոնդը կամ որոշում է ընդունվել դրա ավելացման մասին:

գ) Այդ համամասնությունը և վճարման պայմանները, Գլխավոր տնօրենի առաջարկությամբ, հաստատվում են Ասամբլեայի կողմից` այն բանից հետո, երբ նա լսում է Կազմակերպության Համակարգման կոմիտեի կարծիքը:

7) ա) Կենտրոնական գրասենյակի մասին համաձայնագրում, որը կնքվում է այն երկրի հետ, որի տարածքում Կազմակերպությունն ունի իր կենտրոնական գրասենյակը, նախատեսվում է, որ այն դեպքերում, երբ շրջանառու միջոցների ֆոնդը կդառնա ոչ բավարար, այդ երկիրը կտրամադրի կանխավճար: Այդ կանխավճարների գումարը և տրամադրման պայմանները յուրաքանչյուր դեպքում հանդիսանում են այդպիսի երկրի և Կազմակերպության միջև հատուկ համաձայնագրի առարկա:

բ) Ինչպես «ա» ենթակետում նշված երկիրը, այնպես էլ Կազմակերպությունը իրավունք ունեն գրավոր ծանուցման միջոցով չեղյալ հայտարարել կանխավճարների տրամադրման մասին պարտավորությունը: Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում այն տարվա ավարտից երեք տարի անց, որում կատարվել է այդ ծանուցումը:

8) Ֆինանսական վերստուգումն իրականացվում է ֆինանսական կանոնակարգի կանոնների համաձայն` Հատուկ միության մեկ կամ մի քանի երկրների, կամ, նրանց համաձայնությամբ, Ասամբլեայի կողմից նշանակված արտաքին վերստուգողների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 10

Համաձայնագրի վերանայումը

 

1) Սույն Համաձայնագիրը ժամանակ առ ժամանակ կարող է վերանայվել Հատուկ միության երկրների հատուկ կոնֆերանսի կողմից:

2) Վերանայման կոնֆերանս գումարելու մասին որոշումն ընդունվում է Ասամբլեայի կողմից:

3) 7-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածների ուղղումները կարող են ընդունվել կամ վերանայման կոնֆերանսում, կամ 11-րդ հոդվածի դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 11

Համաձայնագրի որոշ դրույթների ուղղումները

 

1) 7-րդ, 8-րդ, 9-րդ հոդվածներում և սույն հոդվածում ուղղումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ կարող են արվել Հատուկ միության ցանկացած երկրի կամ Գլխավոր տնօրենի կողմից: Գլխավոր տնօրենն այդպիսի առաջարկություններն ուղարկում է Հատուկ միության երկրներին Ասամբլեայի կողմից դրանց քննարկումից առնվազն վեց ամիս առաջ:

2) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած ուղղում ընդունվում է Ասամբլեայի կողմից, որի համար պահանջվում է տրված ձայների երեք քառորդ մեծամասնություն, սակայն 7-րդ հոդվածի և սույն կետի ցանկացած ուղղում ընդունվում է տրված ձայների չորս հինգերորդ մեծամասնությամբ:

3) ա) 1-ին կետում նախատեսված հոդվածների ցանկացած ուղղում ուժի մեջ է մտնում այն բանից հետո մեկ ամիս անց, երբ այդ ուղղումն ընդունելու մասին յուրաքանչյուր երկրի սահմանադրական ընթացակարգին համապատասխան գրավոր ծանուցումները Գլխավոր տնօրենի կողմից ստացվել են ուղղումն ընդունելու պահին Ասամբլեայի անդամ հանդիսացող երկրների երեք քառորդից:

բ) Նշված հոդվածներում այդ ձևով ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք ուղղումներն ուժի մեջ մտնելու պահին Ասամբլեայի անդամ են. սակայն Հատուկ միության երկրների ֆինանսական պարտավորություններն ավելացնող ցանկացած ուղղում պարտադիր է միայն այն երկրների համար, որոնք ծանուցել են իրենց կողմից այդպիսի ուղղումն ընդունվելու մասին:

գ) «ա» ենթակետի դրույթներին համապատասխան ընդունված ցանկացած ուղղում պարտադիր է բոլոր այն երկրների համար, որոնք Հատուկ միության անդամ են դառնում «ա» ենթակետի դրույթներին համապատասխան նշված ուղղումն ուժի մեջ մտնելու թվականից հետո:

 

ՀՈԴՎԱԾ 12

Համաձայնագրին մասնակցությունը

 

1) Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից ցանկացած երկիր կարող է դառնալ սույն Համաձայնագրի մասնակից`

i) Համաձայնագիրն ստորագրելու, այնուհետև վավերագիրն ի պահ հանձնելու միջոցով, կամ

ii) Համաձայնագրին միանալու ակտն ի պահ հանձնելով:

2) Վավերագրերը կամ միացման ակտերն ի պահ են հանձնվում Գլխավոր տնօրենին:

3) Սույն Համաձայնագրի նկատմամբ կիրառվում են Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի Ստոկհոլմյան ակտի 24-րդ հոդվածի դրույթները:

4) 3-րդ կետը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես Հատուկ միության որևէ երկրի կողմից այն տարածքի վերաբերյալ փաստացի իրավիճակի ճանաչում կամ լռելյայն ընդունում, որի նկատմամբ, նշված կետի համաձայն, սույն Համաձայնագիրը կիրառվում է այլ երկրի կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 13

Համաձայնագրի ուժի մեջ մտնելը

 

1) ա) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն բանից մեկ տարի հետո, երբ վավերագրերը կամ միացման ակտերն ի պահ են հանձնվել`

i) Եվրոպական կոնվենցիայի մասնակից հանդիսացող երկրների երկու երրորդի կողմից` այն թվականին, երբ սույն Համաձայնագիրը բաց է ստորագրելու համար, և

ii) Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից երեք երկրների կողմից, որոնք նախկինում Եվրոպական կոնվենցիայի մասնակից չեն հանդիսացել, և դրանցից առնվազն մեկը մի երկիր է, որտեղ, Միջազգային բյուրոյի հրապարակած վերջին տարեկան վիճակագրական տվյալների համաձայն, արտոնագրերի կամ հեղինակային վկայագրերի հայտերի քանակը գերազանցել է 40 հազարը:

բ) Ցանկացած երկրի նկատմամբ, որը չի մտնում այն երկրների թվի մեջ, որոնց համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում «ա» ենթակետին համապատասխան, Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն թվականից մեկ տարի հետո, երբ Գլխավոր տնօրենի կողմից ծանուցվել է դրա վավերացման կամ միացման մասին, եթե վավերագրի կամ միացման մասին ակտում նշված չի եղել ավելի ուշ թվական: Վերջին դեպքում սույն Համաձայնագիրն այդ երկրի նկատմամբ ուժի մեջ է մտնում նշված թվականին:

գ) Եվրոպական կոնվենցիայի մասնակից երկրները, որոնք վավերացնում են սույն Համաձայնագիրը կամ միանում են դրան, պարտավոր են չեղյալ հայտարարել նշված կոնվենցիան` պայմանով, որ չեղյալ հայտարարումն ուժի մեջ կմտնի ոչ ուշ, քան մինչև այդ երկրների նկատմամբ սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու թվականը:

2) Վավերացումը կամ միացումը ինքնաբերաբար հանգեցնում են սույն Համաձայնագրով սահմանված բոլոր դրույթների ընդունմանը և բոլոր առավելությունների ստացմանը:

 

ՀՈԴՎԱԾ 14

Համաձայնագրի գործողության ժամկետը

 

Սույն Համաձայնագիրն ունի գործողության նույն ժամկետը, ինչ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիան:

 

ՀՈԴՎԱԾ 15

Չեղյալ հայտարարելը

 

1) Հատուկ միության ցանկացած երկիր կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը Գլխավոր տնօրենին ծանուցում ուղարկելու միջոցով:

2) Չեղյալ հայտարարումն ուժի մեջ է մտնում ծանուցումը Գլխավոր տնօրենի ստանալու օրվանից մեկ տարի հետո:

3) Սույն հոդվածով նախատեսված չեղյալ հայտարարելու իրավունքը որևէ երկրի կողմից չի կարող օգտագործվել մինչև այն թվականից հինգ տարին լրանալը, երբ նա դարձել է Հատուկ միության անդամ:

 

ՀՈԴՎԱԾ 16

Ստորագրումը, լեզուները, ծանուցումը, ավանդապահի գործառույթները

 

1) ա) Սույն Համաձայնագիրն ստորագրվում է մեկ օրինակ` անգլերեն և ֆրանսերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարապես վավերական են:

բ) Սույն Համաձայնագիրը ստորագրման համար բաց է Ստրասբուրգում մինչև 1971 թվականի սեպտեմբերի 30-ը:

գ) Սույն Համաձայնագրի բնօրինակը ի պահ է տրվում Գլխավոր տնօրենին այն բանից հետո, երբ այն այլևս բաց չէ ստորագրման համար:

2) Պաշտոնական տեքստերը հաստատվում են Գլխավոր տնօրենի կողմից` շահագրգիռ Կառավարությունների հետ խորհրդակցելուց հետո, իսպաներեն, գերմաներեն, պորտուգալերեն, ռուսերեն և ճապոներեն, ինչպես նաև այն լեզուներով, որոնք կորոշի Ասամբլեան:

3) ա) Գլխավոր տնօրենն իր կողմից պատշաճ կարգով վավերացված սույն Համաձայնագրի ստորագրված տեքստի երկու պատճենները ուղարկում է այն երկրների Կառավարություններին, որոնք դա ստորագրել են, և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության: Գլխավոր տնօրենը իր կողմից պատշաճ կարգով վավերացված մեկ պատճենը ուղարկում է նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

բ) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագրի իր կողմից պատշաճ կարգով վավերացված ցանկացած ուղղման երկու պատճեններն ուղարկում է Հատուկ միության բոլոր Կառավարություններին, և, ըստ հարցման, ցանկացած այլ երկրի Կառավարության: Գլխավոր տնօրենը իր կողմից պատշաճ կարգով վավերացված մեկ պատճենը ուղարկում է նաև Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին:

գ) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագիրն ստորագրած կամ դրան միացած ցանկացած երկրի Կառավարության հարցման հիման վրա տրամադրում է իր կողմից պատշաճ կարգով վավերացված Դասակարգման պատճենը անգլերեն կամ ֆրանսերեն:

4) Գլխավոր տնօրենը սույն Համաձայնագիրը գրանցում է Միավորված ազգերի կազմակերպության Քարտուղարությունում:

5) Գլխավոր տնօրենը Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիայի մասնակից բոլոր երկրների Կառավարություններին և Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարին ծանուցում է.

i) ստորագրումների մասին.

ii) վավերագրերը կամ միացման ակտերն ի պահ հանձնելու մասին.

iii) սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու թվականի մասին.

iv) Դասակարգման օգտագործման վերապահությունների մասին.

v) սույն Համաձայնագրում ուղղումներ կատարելու մասին.

vi) այդպիսի ուղղումներն ուժի մեջ մտնելու թվականի մասին.

vii) չեղյալ հայտարարման վերաբերյալ ստացված ծանուցումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 17

Անցումային դրույթներ

 

1) Սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո` երկու տարվա ընթացքում, Եվրոպական կոնվենցիայի անդամ երկրները, որոնք դեռևս Հատուկ միության անդամներ չեն, եթե ցանկանում են, Փորձագետների կոմիտեում կարող են օգտվել այնպիսի իրավունքներից, ինչպես եթե նրանք լինեին Հատուկ միության անդամներ:

2) 1-ին կետում նշված ժամկետի ավարտից հետո` երեք տարվա ընթացքում, նշված կետում հիշատակված երկրները Փորձագետների կոմիտեի նիստերում, իսկ եթե նշված կոմիտեն որոշի, ապա նաև իր ստեղծած ցանկացած ենթակոմիտեում կամ աշխատախմբում, կարող են ներկայացված լինել որպես դիտորդներ: Նույն ժամանակամիջոցում այդ երկրները, 5(5)-րդ հոդվածին համապատասխան, կարող են փոփոխություններ մտցնել Դասակարգման մեջ և, 6(1)-րդ հոդվածին համապատասխան, պետք է ծանուցվեն Փորձագետների կոմիտեի որոշումների և հանձնարարականների մասին:

3) Սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո` հինգ տարվա ընթացքում, Եվրոպական կոնվենցիայի անդամ երկրները, որոնք դեռ Հատուկ միության անդամներ չեն, կարող են Ասամբլեայի նիստերում, եթե Ասամբլեան որոշի, ապա նաև նրա ստեղծած ցանկացած կոմիտեում կամ աշխատանքային խմբում, ներկայացված լինել որպես դիտորդներ:

 

ՈՒժի մեջ է մտնում 06.12.2005 թ.

 

 

pin
''
24.03.1971
Միջազգային պայմանագիր