Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1949 թ. հունիսի 8-ին` իր երեսուներկուերորդ նստաշրջանին,

որոշում կայացնելով աշխատավարձի պաշտպանության մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի յոթերորդ կետն է,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր քառասունինը թվականի հուլիսի մեկին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի Աշխատավարձի պաշտպանության մասին 1949 թվականի Կոնվենցիա:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայում «աշխատավարձ» եզրույթը, անկախ անվանումից և հաշվարկման մեթոդից, նշանակում է` փողով հաշվարկվող և փոխադարձ համաձայնագրով, ազգային օրենսդրությամբ սահմանված ցանկացած վարձատրություն կամ վաստակ, որը գրավոր կամ բանավոր պայմանագրի հիման վրա գործատուն վճարում է աշխատողին կատարած կամ կատարելիք աշխատանքի կամ մատուցած կամ մատուցելիք ծառայությունների համար:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց աշխատավարձ է վճարվում կամ ենթակա է վճարման:

2. Իրավասու մարմինը գործատուների և աշխատողների ուղղակիորեն շահագրգռված կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, եթե այդպիսիք գոյություն ունեն, կարող է սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից ամբողջությամբ կամ մասամբ հանել այն կատեգորիայի անձանց, որոնք աշխատում են այնպիսի հանգամանքներում կամ այնպիսի պայմաններում, որոնց նկատմամբ նշված դրույթների կամ դրանց մի մասի կիրառումը նպատակահարմար չէ, և որոնք զբաղված չեն ֆիզիկական աշխատանքներում կամ զբաղված են տնային կամ համանման աշխատանքներում:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված` սույն Կոնվենցիայի կիրառման մասին իր առաջին տարեկան զեկույցում նշում է բոլոր այն անձանց կատեգորիաները, որոնց ինքը առաջարկում է ամբողջությամբ կամ մասամբ հանել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից` նախորդ կետի դրույթների համաձայն. իր տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող կատարել նմանատիպ բացառություններ` բացի նշված անձանց կատեգորիաներից:

4. Յուրաքանչյուր անդամ, որն իր առաջին տարեկան զեկույցում նշել է այն անձանց կատեգորիաները, որոնց ինքը առաջարկում է ամբողջությամբ կամ մասամբ հանել սույն Կոնվենցիայի կիրառման ոլորտից, իր հետագա զեկույցներում նշում է այն անձանց կատեգորիաները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է սույն հոդվածի 2-րդ կետի դրույթներից օգտվելու իրավունքից, և հայտնում է այն ցանկացած զարգացման մասին, որը կարող է նախաձեռնված լինել այդ կատեգորիայի անձանց նկատմամբ Կոնվենցիան կիրառելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Փողով վճարվող աշխատավարձը վճարվում է միայն օրինական վճարամիջոցով, իսկ հասարակ մուրհակներով, երաշխավորագրերով կամ կուպոններով կամ օրինական վճարամիջոցը ներկայացնող որևէ այլ ձևով վճարումը արգելվում է:

2. Իրավասու մարմինը կարող է թույլ տալ կամ կարգադրել աշխատավարձի վճարում բանկային վճարագրերով կամ փոստային վճարագրերով կամ վճարման հանձնարարականով, եթե հատուկ հանգամանքների դեպքում վճարման այդպիսի ձևը հանդիսանում է ավանդական կամ անհրաժեշտ, կամ եթե դա նախատեսում է կոլեկտիվ պայմանագիրը կամ միջնորդ դատարանի որոշումը, կամ էլ եթե դա չի նախատեսվում, սակայն առկա է շահագրգիռ աշխատողի համաձայնությունը:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Ազգային օրենսդրությունը, կոլեկտիվ պայմանագրերը կամ միջնորդ դատարանի որոշումները կարող են թույլ տալ աշխատավարձի մասնակի վճարում բնեղենով արդյունաբերության այն ճյուղերում կամ այն մասնագիտություններում, որտեղ այդպիսի վճարումը ավանդական է կամ ցանկալի. աշխատավարձի վճարումը ոչ մի դեպքում չի թույլատրվում բարձր ալկոհոլ պարունակող սպիրտային խմիչքների, ինչպես նաև վնասակար թմրադեղերի ձևով:

2. Երբ թույլատրվում է աշխատավարձի մասնակի վճարում բնեղենով, պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ` երաշխավորելու համար, որ.

ա) նման վճարումները պիտանի կլինեն աշխատողի և նրա ընտանիքի անձնական օգտագործման համար և կհամապատասխանեն նրանց շահերին,

բ) նման վճարումներին վերագրելի արժեքը կլինի արդարացի և խելամիտ:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Աշխատավարձը անմիջականորեն վճարվում է շահագրգիռ աշխատողին` բացառությամբ, եթե ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրերով կամ միջնորդ դատարանի որոշմամբ այլ բան նախատեսված չէ, կամ համապատասխան աշխատողը համաձայնել է դրան:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Գործատուներին արգելվում է որևէ ձևով սահմանափակել աշխատողների` աշխատավարձի տնօրինման ազատությունը:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

1. Եթե ձեռնարկություններում գոյություն ունեն աշխատողների համար վաճառքի ենթակա անհրաժեշտ ապրանքների խանութներ, կամ մատուցվում են ձեռնարկության հետ կապված ծառայություններ, տվյալ ձեռնարկության աշխատողները հարկադրված չեն օգտվելու նման խանութներից կամ ծառայություններից:

2. Երբ այլ խանութներից կամ ծառայություններից օգտվելը հնարավոր չէ, իրավասու մարմնի կողմից համապատասխան միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի աշխատավորներին հնարավորություն ընձեռվի գնել ապրանքներ և օգտվել ծառայություններից իրենց համար արդարացի և ողջամիտ գներով, կամ որ գործատուի խանութները կամ մատուցվող ծառայությունները իրականացվեն ոչ թե ձեռնարկությանը շահույթ բերելու նպատակով, այլ համապատասխան աշխատողների շահերին ծառայելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Աշխատավարձերից պահումները թույլատրվում են միայն ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրերով կամ միջնորդ դատարանի որոշումներով սահմանված պայմաններին և չափերին համապատասխան:

2. Աշխատողները իրավասու մարմնի կողմից առավել հարմար դիտվող եղանակով տեղեկացվում են այն պայմանների և չափերի մասին, որոնց սահմաններում կարող են կատարվել այդ պահումները:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Արգելվում է աշխատավարձի ցանկացած պահում աշխատողի կողմից գործատուի կամ նրա ներկայացուցչի կամ որևէ միջնորդի (օրինակ` կապալառուի կամ հավաքագրողի) օգտին` աշխատանք ստանալու կամ այն պահպանելու համար ուղղակի կամ անուղղակի վճարումն ապահովելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Աշխատավարձը կարող է արգելանքի կամ զիջման օբյեկտ լինել միայն ազգային օրենսդրությամբ սահմանված ձևով և սահմաններում:

2. Աշխատավարձը արգելանքից կամ զիջումից պաշտպանվում է այնքանով, որքանով այն անհրաժեշտ է համարվում աշխատողի և նրա ընտանիքի կենսապահովման համար:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սնանկացման կամ դատական կարգով լուծարման դեպքում այդ ձեռնարկությունում զբաղված աշխատողները պետք է համարվեն արտոնյալ պարտատերեր սնանկացմանը կամ դատական կարգով լուծարմանը նախորդող ժամկետում նրանց կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարվելիք աշխատավարձերի կապակցությամբ, ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով, կամ ազգային օրենսդրությամբ սահմանված գումարը չգերազանցող աշխատավարձի կապակցությամբ:

2. Արտոնյալ պարտք հանդիսացող աշխատավարձը պետք է ամբողջապես վճարվի նախքան սովորական պարտատերերի կողմից հիմնական միջոցների որևէ բաժնեմասի նկատմամբ պահանջ ներկայացվելը:

3. Արտոնյալ պարտք հանդիսացող աշխատավարձերի և այլ արտոնյալ պարտքերի հարաբերական առաջնահերթությունը սահմանվում է ազգային օրենսդրությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Աշխատավարձը վճարվում է կանոնավոր կերպով: Բացառությամբ այն դեպքերի, երբ գոյություն ունեն այլ համապատասխան կարգավորումներ, որոնք ապահովում են աշխատավարձի պարբերական վճարումը, աշխատավարձի վճարման պարբերականությունը սահմանվում է ազգային օրենսդրությամբ կամ կոլեկտիվ պայմանագրերով կամ միջնորդ դատարանի որոշումներով:

2. Աշխատանքային պայմանագրի դադարելուց հետո հասանելիք աշխատավարձերի վերջնահաշվարկը իրականացվում է ազգային օրենսդրությանը համապատասխան, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշմամբ կամ, այդպիսի օրենսդրության, պայմանագրի կամ որոշման բացակայության դեպքում, իրականացվում է ողջամիտ ժամկետում` հաշվի առնելով պայմանագրի պայմանները:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Աշխատավարձի կանխիկ վճարումը պետք է իրականացվի միայն աշխատանքային օրերին և աշխատանքի վայրում կամ նրա մոտակայքում, եթե ազգային օրենսդրությամբ, կոլեկտիվ պայմանագրով կամ միջնորդ դատարանի որոշմամբ այլ բան չի նախատեսվում, կամ եթե աշխատավորներին հայտնի միջոցները ավելի նպատակահարմար չեն ճանաչվում:

2. Արգելվում է աշխատավարձի վճարումը իրականացնել գինետներում կամ նմանատիպ հաստատություններում, ինչպես նաև մանրածախ առևտրի խանութներում և խրախճանքի վայրերում, եթե անհրաժեշտ է կանխել չարաշահումը, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատավարձը վճարվում է այդպիսի հաստատություններում աշխատող անձանց:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Անհրաժեշտության դեպքում արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դյուրամատչելի և համապատասխան ձևով աշխատողները տեղեկացվեն.

ա) աշխատավարձի պայմանների մասին, որի համապատասխան նրանք ընդունվել են աշխատանքի նախքան իրենց աշխատանքի ընդունվելը, կամ երբ այդ պայմաններում կատարվել է որևէ փոփոխություն, և

բ) աշխատավարձի յուրաքանչյուր վճարման ընթացքում տվյալ ժամկետի համար նախատեսված աշխատավարձի բաղադրամասերի վերաբերյալ` այնքանով, որքանով դրանք կարող են ենթակա լինել փոփոխման:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Սույն Կոնվենցիայի դրույթները գործողության մեջ դնող օրենսդրությունը պետք է.

ա. տեղեկացվի շահագրգիռ անձանց,

բ. սահմանի այն անձանց, որոնք պատասխանատու են դրա իրականացման համար,

գ. նրա խախտման դեպքում նշանակեն համապատասխան պատժամիջոցներ,

դ. բոլոր համապատասխան դեպքերում սահմանված ձևով և պատշաճ կերպով ապահովի համարժեք գրառումների պահպանումը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող տարեկան զեկույցում ամբողջական տեղեկություններ են բերվում սույն Կոնվենցիայի դրույթների կատարմանն ուղղված միջոցառումների մասին:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Եթե Կազմակերպության անդամի տարածքում գոյություն ունեն մեծ շրջաններ, որտեղ բնակչության ցրվածության և զարգացման մակարդակի հետևանքով իրավասու մարմինը անիրագործելի է համարում սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, այդ մարմինը գործատուների և աշխատողների համապատասխան կազմակերպությունների հետ խորհրդակցելուց հետո, որտեղ այդպիսիք գոյություն ունեն, հանում է այդպիսի շրջանները սույն Կոնվենցիայի կիրառման շրջանակներից կամ ամբողջությամբ, կամ բացառությամբ որոշ ձեռնարկությունների, կամ այն մասնագիտությունների, որոնք ինքը նպատակահարմար է համարում:

2. Յուրաքանչյուր անդամ սույն Կոնվենցիայի կիրառման մասին Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 22-րդ հոդվածին համապատասխան ներկայացված իր տարեկան առաջին զեկույցում նշում է բոլոր այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը պատրաստվում է օգտվելու սույն հոդվածի դրույթներից, ինչպես նաև այն պատճառները, որոնց համար ինքը նպատակ ունի օգտվելու այդ դրույթներից: Իր առաջին տարեկան զեկույցից հետո Կազմակերպության ոչ մի անդամ չի կարող օգտվել սույն հոդվածի դրույթներից` բացառությամբ նշված շրջանների առնչությամբ:

3. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ, գործատուների և աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների հետ խորհրդակցելով, եթե այդպիսիք գոյություն ունեն, վերանայում է 1-ին կետի հիման վրա կիրառման ոլորտից հանված շրջանների վրա սույն Կոնվենցիայի կիրառումը տարածելու հնարավորության հարցը:

4. Սույն հոդվածի դրույթներով նախատեսված իրավունքից օգտվող յուրաքանչյուր անդամ իր հետագա տարեկան զեկույցներում նշում է այն շրջանները, որոնց առնչությամբ ինքը հրաժարվում է օգտվել սույն հոդվածի դրույթներով նշված իրավունքներից, ինչպես նաև նշում է բոլոր այն միջոցները, որոնք ինքը ընդունել է սույն Կոնվենցիայի կիրառումը նման շրջաններում աստիճանաբար տարածելու նպատակով:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներին համապատասխան Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկվող հայտարարություններում նշվում են.

ա) այն տարածքները, որոնց նկատմամբ Կազմակերպության շահագրգիռ անդամը պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները առանց փոփոխությունների,

բ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա պարտավորվում է կիրառել սույն Կոնվենցիայի դրույթները փոփոխություններով, և` այդ փոփոխությունների մանրամասները,

գ) այն տարածքները, որոնց նկատմամբ Կոնվենցիան չի կիրառվի և, նման դեպքերում, չկիրառելու հիմքերը,

դ) այն տարածքները, որոնց նկատմամբ նա իրեն իրավունք է վերապահում որոշում ընդունելու այդ տարածքների վիճակը ավելի խորը ուսումնասիրելուց հետո:

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում հիշատակված պարտավորությունները համարվում են վավերագրի անբաժանելի մասը և ունեն վավերացմանը հավասար ուժ:

3. Ցանկացած անդամ կարող է նոր հայտարարության միջոցով վերացնել սույն հոդվածի առաջին կետի «բ», «գ» կամ «դ» ենթակետերի հիման վրա իր նախորդ հայտարարություններում պարունակվող բոլոր վերապահումները կամ դրանց մի մասը:

4. Ցանկացած անդամ այն ժամկետներում, որոնց ընթացքում սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող է Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի իր սահմանած տարածքների ներկա դրության մասին:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Այն հայտարարություններում, որոնք ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին Աշխատանքի միջազգային կազմակերպության Կանոնադրության 35-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ կետերի դրույթներին համապատասխան, նշվում են, թե սույն Կոնվենցիայի դրույթները նման տարածքում կիրառվելու են փոփոխություններո՞վ, թե առանց փոփոխությունների: Եթե հայտարարությունում նշվում է, որ Կոնվենցիայի դրույթները կիրառվելու են փոփոխություններով, նրանում ճշտվում է նշված փոփոխությունների բովանդակությունը:

2. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ շահագրգիռ միջազգային մարմինը կարող են հետագայում հայտարարության միջոցով ամբողջովին կամ մասնակիորեն հրաժարվել նախորդ որևէ հայտարարությունում նշված որևէ փոփոխությունից օգտվելու իրավունքից:

3. Կազմակերպության շահագրգիռ անդամը կամ անդամները կամ միջազգային մարմինը այն ժամկետներում, երբ սույն Կոնվենցիան կարող է չեղյալ հայտարարվել` 22-րդ հոդվածի դրույթներին համապատասխան, կարող են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին ուղարկել նոր հայտարարություն, որը ցանկացած այլ առումով կփոփոխի ցանկացած նախորդ հայտարարության պայմանները և կհայտնի այդ կոնվենցիայի կիրառման գոյություն ունեցող վիճակի մասին:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին` Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի, հայտարարությունների և չեղյալ հայտարարման վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Այն դեպքում, եթե խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե այդ կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա`

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 22-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում` այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած` սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

ՈՒժի մեջ է մտել 2005 թ. դեկտեմբերի 17-ին:

 

 

pin
''
08.06.1949
Միջազգային պայմանագիր