Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՃԵՐ Լ ...

 

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԵՃԵՐ ԼՈՒԾՈՂ ԱՅԼ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն Համաձայնագրի մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր)

հիմնվելով Անկախ Պետությունների Համագործակցության 1993 թվականի հունվարի 22-ի Կանոնադրության, Տնտեսական միության ստեղծման մասին 1993 թվականի սեպտեմբերի 24-ի Համաձայնագրի և Տնտեսական գործունեության հետ կապված վեճերի լուծման կարգի մասին 1992 թվականի մարտի 20-ի Համաձայնագրի վրա.

ձգտելով միջպետական համագործակցության հետագա զարգացմանը և Կողմերի տնտեսվարող սուբյեկտների միջև տնտեսական վեճերով փոխադարձ իրավական օգնության ընդլայնմանը, որպես Համագործակցության շրջանակներում ազատ առևտրի գոտու գործելու և տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտ պայման,

ելնելով մի պետության դատարանների որոշումների` մյուսի տարածքում կատարման ապահովման և տնտեսական վեճերի քննության ընթացքում տնտեսական օրենսդրության և դատավարական նորմերի կիրառման փորձի փոխանակման մեջ ջանքերի միավորման օբյեկտիվ պահանջից,

մեծ նշանակություն տալով տնտեսական օրենսդրության ներդաշնակեցման և դրա կիրառման գծով դատական պրակտիկայի հարցերի լուծման գործում համաձայնեցված մոտեցումներ մշակելու նպատակով համատեղ պարբերական հանդիպումների և դատարանների խորհրդակցությունների անցկացմանը.

գիտակցելով համագործակցության կազմակերպման ամրագրման կարևորությունը դրա կայուն զարգացման ապահովման համար,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կազմավորում են բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների նախագահների խորհուրդ (այսուհետ խորհուրդ):

Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է Կանոնադրության հիման վրա, որը հանդիսանում է սույն Համաձայնագրի անբաժանելի մասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այն ստորագրող Կողմերի` Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

Անհրաժեշտ ընթացակարգերն ուշ կատարած Կողմերի համար սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում համապատասխան փաստաթղթերն ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Համաձայնագրից` այդ մասին ավանդապահին գրավոր ծանուցում ուղարկելով ոչ ուշ, քան երեք ամիս առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերի ընդհանուր համաձայնությամբ սույն Համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` առանձին արձանագրություններով ձևակերպված, որոնք ուժի մեջ են մտնում սույն Համաձայնագրի 2-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Սույն Համաձայնագիրը բաց է այլ պետությունների միանալու համար և նրանց համար համարվում է ուժի մեջ մտած միանալու մասին համապատասխան ծանուցումն ավանդապահին փոխանցելու օրվանից:

Կատարված է Քիշնև քաղաքում 2002 թ. հոկտեմբերի 7-ին մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն Համաձայնագիրը ստորագրած յուրաքանչյուր պետություն կուղարկի դրա հաստատած պատճենը:

Համաձայնագիրը ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը (վերապահումով), Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, ՈՒկրաինան:

 

Հավելված

Բարձրագույն արբիտրաժային,

տնտեսական և տնտեսության

ոլորտում վեճեր լուծող այլ

դատարանների նախագահների

խորհուրդ կազմակերպելու մասին

2002 թվականի հոկտեմբերի 7-Ի

Համաձայնագրի

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսական ոլորտում վեճեր

լուծող այլ դատարանների նախագահների խորհրդի

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) կազմավորվում է արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր լուծող այլ դատարանների (այսուհետ` դատարաններ) միջև համագործակցության կազմակերպական ապահովման համար, որոնց իրավասությունների մեջ է մտնում տնտեսական գործունեության իրականացման հետ կապված վեճերի լուծումը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Խորհրդի հիմնական գործառույթներն են տնտեսական վեճերի լուծման և տնտեսական օրենսդրության կիրառման բնագավառում իրավական տեղեկատվության ակտիվ փոխանակման ապահովումը, այդ ոլորտում համաձայնեցված մոտեցումների և դիրքորոշումների մշակման նպատակով փոխադարձ խորհրդատվությունների անցկացումը` հետևյալ հարցերով.

քաղաքացիական գործերով փոխադարձ իրավական օգնության մասին միջպետական պայմանագրերի կիրառման.

մի պետության դատարանների որոշումների` մյուս պետության տարածքում կատարման,

պայմանավորվող պետությունների տնտեսական և դատավարական օրենսդրության ներդաշնակեցման և այդ օրենսդրության կիրառման փորձի փոխանակման.

դատարանների գործունեության կազմակերպման և փոխգործունեության կատարելագործման, համապատասխան միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի մշակման:

Խորհուրդը անհրաժեշտության դեպքում Պետությունների ղեկավարների խորհրդին, Կառավարությունների ղեկավարների խորհրդին, Միջխորհրդարանական վեհաժողովին, ԱՊՀ այլ մարմիններին ներկայացնում է առաջարկություններ միջպետական համագործակցության վերաբերյալ և տեղեկատվություն դատարանների փոխգործողության և դրա կատարելագործման միջոցների մասին: Եթե տնտեսական օրենսդրության կիրառման խնդիրների քննարկման ընթացքում հարց է առաջանում դրա կատարելագործման և մերձեցման անհրաժեշտության վերաբերյալ, ապա Խորհուրդը համապատասխան նյութերն ուղարկում է Համագործակցության մասնակից պետությունների Իրավական խորհրդատվական խորհրդի քննարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Խորհուրդը տարին մեկ անգամ հերթական նիստեր է անցկացնում` հետևյալ նպատակներով.

նշված ոլորտում հրատապ իրավական խնդիրներով տեղեկատվության և խորհրդատվությունների փոխանակման.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերով համաձայնեցված դիրքորոշումների մշակման.

իրավական հարցերով հանձնարարականների պատրաստման և քննարկման.

դատարանների փոխգործողության կատարելագործմանն առնչվող առաջարկությունների, համաձայնագրերի և այլ փաստաթղթերի նախագծերի քննարկման:

Խորհրդի արտահերթ նիստեր կարող են գումարվել Խորհրդի մեկ կամ մի քանի անդամների նախաձեռնությամբ` Խորհրդի ընդհանուր կազմի ոչ պակաս, քան կեսի համաձայնությամբ: Յուրաքանչյուր այդպիսի նիստ, որպես կանոն անցկացվում է դրա անցկացումը նախաձեռնող պետությունում:

Եթե արտահերթ նիստի վերաբերյալ առաջարկությունը մտցվել է Խորհրդի մի քանի անդամների կողմից, ապա նրանք միմյանց միջև համաձայնեցնում են դրա անցկացման տեղի վերաբերյալ հարցը, որի մասին նշվում է նրանց առաջարկության մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Խորհրդի անդամներ են համարվում Բարձրագույն արբիտրաժային, տնտեսական և տնտեսության ոլորտում վեճեր քննող այլ դատարանների նախագահների խորհուրդ կազմավորելու մասին համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների դատարանների նախագահները կամ նրանց պարտականությունները կատարող անձինք: Խորհրդի անդամը, որը չի կարող ներկայանալ Խորհրդի նիստին, իրավունք ունի այդ նիստին ուղարկել իր ներկայացուցչին` նրան օժտելով համապատասխան լիազորություններով:

Համաձայնագրի մասնակիցներ չհամարվող Համագործակցության մասնակից պետությունների դատարանների նախագահները Խորհրդի անդամների համաձայնությամբ Խորհրդի նիստերին կարող են մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Պետությունների ղեկավարների Խորհրդի` Անկախ Պետությունների Համագործակցության մարմիններում նախագահության կարգի մասին 1999 թ. ապրիլի 2-ի որոշմանը համապատասխան` Խորհրդի նախագահն ընտրվում է Համաձայնագրի մասնակից պետությունների դատարանների նախագահների կողմից` Խորհրդի անդամների թվից` ռոտացիայի սկզբունքի հիման վրա, մեկ տարուց ոչ ավելի ժամանակով: Խորհրդի նախորդ և հաջորդ նախագահները համարվում են Խորհրդի համանախագահներ: Խորհրդի նախագահի ժամանակավոր բացակայության դեպքում նրա պարտականությունները դրվում են նրա համանախագահներից մեկի վրա:

Խորհրդի նախագահը կազմակերպում է Խորհրդի աշխատանքը, Խորհրդի մյուս անդամների համաձայնությամբ սահմանում է նիստի անցկացման ժամը, կազմում է նիստի օրակարգի նախագիծը, կազմում է նիստի օրակարգը, վարում է Խորհրդի նիստը, համակարգում է նյութերի հերթական նիստին նախապատրաստելը, անհրաժեշտության դեպքում ձևավորում է գործադիր խումբ և ժամանակավոր հանձնաժողովներ և ղեկավարում դրանց աշխատանքը:

Նրա ղեկավարությամբ ընթացիկ աշխատանքը կատարում է Խորհրդի քարտուղարը, որին Նախագահը ներկայացնում է Խորհրդի հաստատման համար:

Խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են այն պետության տարածքում, որի դատարանի նախագահը ընտրվել է Խորհրդի Նախագահ: Խորհրդի նիստի նյութերը նրա անդամներին են ուղարկում ոչ ուշ, քան նիստից 30 օր առաջ: Խորհրդի անդամները փաստաթղթերի նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնում են ոչ ուշ, քան նիստի բացումից 10 օր առաջ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Խորհրդի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ԱՊՀ տնտեսական դատարանի նախագահը և կարող են ներկա լինել ԱՊՀ տնտեսական դատարանի անդամները, Համագործակցության այլ մարմինների ղեկավարները և ներկայացուցիչները, ինչպես նաև, Խորհրդի անդամների համաձայնությամբ, Համաձայնագրի մասնակիցներ չհամարվող պետությունների դատաիրավական մարմինների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումները, որպես կանոն, ընդունվում են միաձայնության հիման վրա և կրում են խորհրդատվական բնույթ: Խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավասու է հայտնելու այս կամ այն հարցի շուրջ շահագրգռված չլինելու մասին, որը չի կարող դիտվել իբրև արգելք որոշման ընդունման համար, ինչպես նաև տվյալ որոշմանը հետագայում նրա միանալու համար:

Ընթացակարգային հարցերի վերաբերյալ որոշումները ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Որպես ամփոփող փաստաթղթեր` իր իրավասության մեջ մտնող հարցերով Խորհուրդն ընդունում է որոշումներ, հաղորդագրություններ (կոմյունիկե), հայտարարություններ, դիմումներ և հանձնարարականներ, ինչպես նաև հաստատում է Խորհրդի աշխատակարգը:

Խորհրդի ընդունած փաստաթղթերը ստորագրվում են նիստին մասնակցած Խորհրդի անդամների կողմից, կամ, Խորհրդի հանձնարարությամբ, նրա Նախագահի կողմից, իսկ յուրաքանչյուր նիստի արդյունքում կազմված արձանագրությունները` Խորհրդի Նախագահի կողմից:

Նիստից հետո` 30 օրվա ընթացքում, նիստի նյութերը ուղարկվում են Խորհրդի անդամներին:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Խորհրդի անդամների գործուղման ծախսերը կրում է ուղարկող Կողմը:

Խորհրդի նիստի անցկացման հետ կապված կազմակերպչական-տեխնիկական ծախսերը կրում է այն պետությունը, որի տարածքում կազմակերպվում է նիստը:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Խորհրդի աշխատանքային լեզու համարվում է ռուսերենը:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել Բելառուսի Հանրապետության համար` 21.08.2003 թ., Ռուսաստանի Դաշնության համար` 21.08.2003 թ., Ղրղզստանի Հանրապետության համար` 21.08.2003 թ., Ղազախստանի Հանրապետության համար` 21.08.2003 թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 11.11.2004 թ., ՈՒկրաինայի համար` 1.05.2004 թ., Հայաստանի Հանրապետության համար` 8.12.2004 թ.:

 

 

pin
''
07.10.2002
Միջազգային պայմանագիր