Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները (այսուհետ` Կողմեր),

ելնելով Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրության նպատակներից և սկզբունքներից,

հաստատելով Մարդու իրավունքների համընդհանուր Հռչակագրի և Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային Դաշնագրի նշանակությունը, որոնք սահմանում են, որ իշխանության նկատմամբ իրավասությունները պետք է հիմնվեն իրական և պարբերական ընտրությունների ընթացքում դրսևորած ժողովրդի կամարտահայտության վրա, ինչպես նաև Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության, Եվրոպայի խորհրդի, այլ միջազգային կազմակերպությունների` ազատ և արդար ընտրությունների անցկացման վերաբերյալ փաստաթղթերի նշանակությունը,

համոզված լինելով, որ մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների ճանաչումը, պահպանումը և պաշտպանումը, ժողովրդական կամարտահայտման ժողովրդական ինստիտուտների զարգացումն ու կատարելագործումը` դրանց իրականացման ընթացակարգերի միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին ու նորմերին համապատասխան` ազգային սահմանադրության և իրավական ակտերի հիման վրա, իրավական պետության նպատակն ու պարտականությունն է, հասարակական կայունության և պետությունների միջև համագործակցության հետագա ամրապնդման անքակտելի պայմաններից մեկը` հանուն ընդհանուր ժողովրդավարական ձեռքբերումներ հանդիսացող նպատակների ու սկզբունքների իրականացման և պաշտպանության,

ձգտելով իրավունքի և օրենքի գերակայության հիման վրա աջակցել ներկայացուցչական կառավարման ժողովրդավարական համակարգերի, ընտրությունների անցկացման ժամանակ ժողովրդի կամարտահայտման ժողովրդավարական ավանդույթների, ժողովրդական իշխանության այլ ձևերի իրականացման հաստատմանն ու կատարելագործմանը` առավելագույնս հաշվի առնելով ազգային և պատմական ավանդույթները,

համոզված լինելով, որ ընտրությունները կայուն քաղաքացիական հասարակության և պետության հաստատուն զարգացման քաղաքական և իրավական միջոցներից մեկն է,

ընդունելով Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների կուտակած` ընտրությունների իրավական կարգավորման ազգային փորձի, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների երաշխիքների արժեքը,

վճռականությամբ լի` ապահովել ընտրությունների հանրաճանաչ չափանիշների և ընտրությունների կարգավորման ազգային նորմերի, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների համակցումը, ինչպես նաև դրանց իրականացման և պաշտպանության երաշխիքները, կյանքի կոչել սույն Կոնվենցիայի դրույթները սահմանադրության ու ազգային օրենսդրության և համապատասխան պետական քաղաքականության հիման վրա,

ձգտելով ամրագրել երաշխիքներ սույն Կոնվենցիայի մասնակից պետություններում ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման համար,

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

Ժողովրդավարական ընտրությունների չափանիշները

 

1. Ժողովրդավարական ընտրությունները ժողովրդի իշխանության և կամքի բարձրագույն անմիջական արտահայտություններից մեկն է, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմինների, ընտրովի պաշտոնատար անձանց հիմքը:

2. Կողմերն ընդունում են, որ ժողովրդավարական ընտրությունների չափանիշներն են պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, ժողովրդավարական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը` ընդհանուր, հավասար, ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ, ընտրողների կամքի ազատ արտահայտումն ապահովող պարբերական ու պարտադիր, արդար, իրական և ազատ ընտրությունների սկզբունքները, ընտրությունների թափանցիկ և հրապարակային բնույթը, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների դատական և այլ պաշտպանության, ընտրությունների հասարակական և միջազգային դիտարկման իրականացումը, ընտրական գործընթացի մասնակիցների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման երաշխիքները:

3. Քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքը ամրագրվում է սահմանադրությամբ և (կամ) օրենքներով, իսկ դրա իրականացման կարգը սահմանվում է օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: Ընտրելու և ընտրվելու իրավունքի, ընտրությունների կարգի (ընտրական համակարգերի) օրենսդրական կարգավորումը, ինչպես նաև ընտրական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չպետք է սահմանափակեն կամ չեղյալ համարեն մարդու և քաղաքացու հանրաճանաչ իրավունքներն ու ազատությունները և դրանով իրականացման սահմանադրական և (կամ) օրենսդրական երաշխիքները կամ կրեն խտրական բնույթ:

4. Ընտրությունների նշանակումը, նախապատրաստումը և անցկացումն իրականացվում է սահմանադրության և օրենքների հիման վրա:

5. Սահմանադրությամբ, օրենքով սահմանված անհրաժեշտ ձայներ ստացած ընտրված անձինք իրենց պաշտոնը ստանձնում են օրենքով սահմանված կարգով և ժամկետներում` դրանով իսկ ընդունելով իրենց պատասխանատվությունն ընտրողների առջև, և պաշտոնավարում են մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կամ մինչև այլ կերպ դրանց դադարումը, որը կարգավորվում է սահմանադրությամբ, օրենքներով` ժողովրդավարական խորհրդարանական և սահմանադրական ընթացակարգերին համապատասխան:

6. Ընտրությունների օրինական և հրապարակային բնույթը ընտրություններին մասնակցող քաղաքացիների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրական իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ու իրականացումը, իրավակիրառ պրակտիկայում ընտրական գործընթացի կազմակերպման սահմանադրական սկզբունքների իրականացումն ապահովվում է դատական, վարչական և պաշտպանության այլ միջոցներով:

7. Օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, շարժումների, միջազգային կազմակերպությունների ուղղակի կամ անուղղակի որևէ մասնակցություն` օժանդակող կամ խոչընդոտող գործունեություն պետական իշխանության և տեղական ինքնակառավարման ընտրովի մարմինների, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմինների ընտրովի պաշտոնատար անձանց ընտրությունների նախապատրաստմանն ու անցկացմանը չի թույլատրվում:

 

ՀՈԴՎԱԾ 2

Ընդհանուր ընտրական իրավունք

 

Ընդհանուր ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է հետևյալը.

ա) Սահմանադրությամբ, օրենքներով սահմանված տարիքը լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընտրելու և ընտրվելու պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում, ընտրովի պաշտոններում` Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պայմաններով և կարգով.

բ) իշխանության, տեղական ինքնակառավարման մարմիններում, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ մարմիններում, ընտրովի պաշտոններում քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքն իրականացվում է` անկախ սեռական, լեզվական, դավանական կամ կրոնական հատկանիշներից, առանց քաղաքական կամ այլ հայացքների, ազգային կամ սոցիալական ծագումի, ազգային փոքրամասնության կամ էթնիկ խմբի պատկանելու, գույքային կամ այլ նմանատիպ հանգամանքների որևէ խտրական բնույթի սահմանափակումների.

գ) ազգային ընտրությունների անցկացման ժամանակ իր պետության սահմաններից դուրս բնակվող կամ գտնվող յուրաքանչյուր քաղաքացի ունի իր պետության մյուս քաղաքացիներին հավասար ընտրական իրավունքներ: Դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները, դրանց պաշտոնատար անձինք աջակցում են քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների իրականացմանը.

դ) յուրաքանչյուր քաղաքացու երաշխավորվում է ընտրողների ցուցակում իրեն ընդգրկելու մասին տեղեկություն ստանալու, դրա ամբողջականությունը և իսկությունն ապահովելու նպատակով այդ տեղեկատվությունը ճշտելու, ընտրողների ցուցակում ընդգրկելու մերժումը օրենսդրությամբ սահմանված կարգով բողոքարկելու իրավունք:

 

ՀՈԴՎԱԾ 3

Հավասար ընտրական իրավունք

 

1. Հավասար ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է հետևյալը.

ա) յուրաքանչյուր քաղաքացի ունի մեկ ձայն կամ մյուս քաղաքացիների հետ հավասար ձայներ և մյուս քաղաքացիների հետ հավասարապես իրավունք ունի` իրականացնելու իր քվեարկելու իրավունքը, ընդ որում` նրա ձայնը (ձայները) ունի նույն ազդեցությունը, ինչ մյուս ընտրողների ձայները, ընդ որում` պետությունում կիրառվող ընտրական համակարգը չպետք է ազդի ընտրողի ձայնի (ձայների) ազդեցության վրա.

բ) միամանդատ և (կամ) բազմամանդատ ընտրական համակարգով քվեարկության անցկացման ժամանակ այդ ընտրատարածքները կազմավորվում են հավասար հիմունքով` այնպես, որ քվեարկության արդյունքները հնարավորինս ճիշտ և լրիվ արտահայտեն ընտրողի կամքը: Հավասարության սկզբունքի չափանիշները կարող են լինել ընտրողների թվի մոտավոր հավասարությունը միամանդատ ընտրատարածքում կամ ընտրողների թվի մոտավոր հավասարությունը մեկ պատգամավորական մանդատին` բազմամանդատ ընտրատարածքում: Ներկայացուցչության միջին նորմայից շեղման հիմք կարող են հանդիսանալ տարածքի դժվար հասանելիությունը և հեռավորությունը, փոքրաքանակ բնիկ ազգությունների կամ այլ ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի բնակության խտությունը:

2. Յուրաքանչյուր ընտրող ազատ քվեարկությանը մասնակցելու իր իրավունքն իրականացնելու համար ունի ընտրական տեղամաս, ինչպես նաև քվեարկության համար հատկացված տարածք մուտք գործելու հավասար և անարգել իրավունք:

3. Քաղաքացուն կարող է հնարավորություն տրվել իրականացնել քվեարկությանը մասնակցելու իր իրավունքը վաղաժամկետ քվեարկություն, քվեարկության համար հատկացված տարածքից դուրս քվեարկություն կազմակերպելու կամ ընտրողների համար քվեարկության առավել հարմար պայմաններ ապահովող ընթացակարգերի միջոցով:

4. Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա հավասար իրավական հնարավորություններ ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու համար:

5. Նոր ժամկետով ընտրովի պաշտոնում առաջադրված թեկնածուների ընտրարշավին մասնակցության առանձնահատկությունների հետ կապված սահմանափակումները կարգավորվում են Սահմանադրությամբ և օրենքներով: Սահմանված սահմանափակումների պահպանումը չպետք է խոչընդոտի պատգամավորների և ընտրովի պաշտոն զբաղեցնող անձանց կողմից իրենց լիազորությունների իրականացմանն ու ընտրողների առջև իրենց ունեցած պարտականությունների կատարմանը:

6. Թեկնածուներն իրավունք չունեն ընտրվելու նպատակով օգտագործել իրենց ծառայողական կամ պաշտոնական դիրքի առավելությունները: Հավասար ընտրական իրավունքի սկզբունքների խախտումների ցանկը և այդպիսի խախտումների համար պատասխանատվության չափը սահմանվում է օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 4

ՈՒղղակի ընտրական իրավունք

 

1. ՈՒղղակի ընտրական իրավունքի սկզբունքի պահպանում նշանակում է, որ ընտրությունների ժամանակ քաղաքացիները քվեարկում են անմիջականորեն` համապատասխան թեկնածուին և (կամ) թեկնածուների ցուցակներին «կողմ» կամ թեկնածուին, թեկնածուներին և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ» կամ բոլոր թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակներին «դեմ»:

2. Ազգային օրենսդիր մարմնի որևէ պալատի պատգամավորական բոլոր մանդատները համաժողովրդական ընտրությունների ընթացքում թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների ազատ մրցակցության օբյեկտն են:

3. Եթե ազգային օրենսդիր մարմինը երկպալատ է և մյուս պալատի պատգամավորական մանդատների մի մասը կամ բոլոր մանդատները համաժողովրդական ընտրությունների ընթացքում թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների ազատ մրցակցության օբյեկտ չեն, ապա դա չի հակասում սույն Կոնվենցիային:

 

ՀՈԴՎԱԾ 5

Գաղտնի քվեարկություն

 

1. Գաղտնի քվեարկության սկզբունքի պահպանումը նշանակում է ընտրողի կամքի արտահայտման նկատմամբ ցանկացած տեսակի վերահսկողության բացառում, ազատ ընտրությունների համար հավասար պայմանների ապահովում:

2. Քաղաքացիների քվեարկելու գաղտնիության իրավունքը ոչ մի կերպ և ոչնչով չի կարող սահմանափակվել:

3. Ընտրություններն անց են կացվում գաղտնի քվեարկության ընթացակարգերի կիրառմամբ:

4. Ընտրական մարմիններն ապահովվում են Սահմանադրությամբ, օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված պայմանների պահպանումը, քվեաթերթիկը լրացնելու նկատմամբ որևէ հսկողության կամ դիտարկման, որևէ մեկի կողմից ընտրողի կամարտահայտման գաղտնիությունը խախտող գործողության իրականացման հնարավորությունը:

 

ՀՈԴՎԱԾ 6

Պարբերական և պարտադիր ընտրություններ

 

1. Պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական այլ ընտրովի մարմիններ, ընտրովի պաշտոնատար անձանց ընտրությունները պարտադիր են և անց են կացվում սահմանադրությամբ և օրենքներով սահմանված ժամկետներում:

2. Ընտրությունները պետք է անցկացվեն Սահմանադրությամբ, օրենքներով սահմանված պարբերականությամբ. այնպես, որ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրովի պաշտոնատար անձանց, ժողովրդական (ազգային) ներկայացուցչական ընտրովի այլ մարմինների հիմքը միշտ լինի ժողովրդի ազատ կամքը:

3. Ընտրովի մարմինների և պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով և կարող են փոփոխվել միայն դրանցով նախատեսված կարգով:

4. Չպետք է ձեռնարկվեն կամ տարածվեն Սահմանադրությանը, օրենքներին համապատասխան նշանակված ընտրությունների ժամկետները, ընտրական գործընթացները և ընթացակարգերը տապալելուն կամ կասեցնելուն կամ հետաձգելուն հարկադրող կամ հարկադրման նպատակ հետապնդող գործողություններ կամ կոչեր:

5. Արտակարգ կամ պատերազմական իրավիճակի պայմաններում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու և սահմանադրական կարգը պաշտպանելու համար, Սահմանադրության, օրենքներին համապատասխան, կարող են սահմանվել իրավունքների և ազատությունների սահմանափակումներ` նշելով դրանց գործողության սահմաններն ու ժամկետները, ինչպես նաև կարող է հետաձգվել ընտրությունների անցկացումը:

 

ՀՈԴՎԱԾ 7

Թափանցիկ և հրապարակային ընտրություններ

 

1. Ընտրությունների նախապատրաստումը և անցկացումն իրականացվում են թափանցիկ և հրապարակայնորեն:

2. Ընտրությունների նշանակման, նախապատրաստման և անցկացման, քաղաքացիների ընտրական իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության վերաբերյալ պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրական մարմինների` իրենց լիազորությունների սահմաններում ընդունված որոշումները պարտադիր կարգով ենթակա են պաշտոնական հրապարակման կամ համընդհանուր ծանոթացման են ներկայացվում այլ ձևով` օրենքներով նախատեսված կարգով և ժամկետներում:

3. Քաղաքացու ընտրական իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող իրավական ակտերը և որոշումները չեն կարող կիրառվել, եթե դրանք պաշտոնապես չեն հրապարակվել համընդհանուր ծանոթացման համար:

4. Ընտրական մարմինը ընտրական օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իր տպագիր մամուլում կամ զանգվածային լրատվության այլ միջոցներում պաշտոնապես հրապարակում է տեղեկատվություն քվեարկության արդյունքների, ինչպես նաև տվյալներ ընտրված անձանց վերաբերյալ:

5. Ընտրությունների թափանցիկության և հրապարակայնության սկզբունքի պահպանումը պետք է ապահովի պայմանների ստեղծում ընտրությունների հրապարակման և միջազգային դիտարկման համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

Ազատ ընտրություններ

 

1. Սահմանադրության գերակայությունը ազատ ընտրությունների անցկացման և առանց որևէ ազդեցության, բռնության, բռնության կիրառման սպառնալիքի կամ այլ անօրինական ներգործության, օրենքով թույլատրված ձևերով և օրինական մեթոդներով ընտրություններին մասնակցելու կամ չմասնակցելու` քաղաքացիների և ընտրական գործընթացի մյուս մասնակիցների` ընտրություն կատարելու հնարավորության ապահովման (չվախենալով պատժից կամ որևէ ազդեցությունից` ինչպիսին էլ լինեն քվեարկության և ընտրության արդյունքները), ինչպես նաև ընտրական ողջ գործընթացի ընթացքում ազատ ընտրությունների սկզբունքի պարտադիր պահպանման իրավական և այլ երաշխիքների հիմքն է:

2. Քաղաքացու մասնակցությունն ընտրություններին ազատ է և կամավոր: Ոչ ոք չի կարող պարտադրել նրան քվեարկել որևէ կոնկրետ թեկնածուին (թեկնածուներին), թեկնածուների կոնկրետ ցուցակին «կողմ» կամ «դեմ», ոչ ոք իրավունք չունի ազդեցություն գործելու քաղաքացու վրա` ընտրություններին մասնակցելուն կամ չմասնակցելուն հարկադրելու նպատակով, ինչպես նաև նրա կամքի ազատ արտահայտման վրա: Ոչ ոք չի կարող հարկադրել ընտրողին հայտարարել, թե ինքը մտադիր է քվեարկելու կամ ինչպես է քվեարկել:

3. Թեկնածուն, քաղաքական կուսակցությունը (դաշինքը) և ընտրական գործընթացի մյուս մասնակիցները պատասխանատվություն են կրում հասարակության և պետության առջև` Սահմանադրությանը և օրենքին համապատասխան: Ոչ մի թեկնածու, ոչ մի քաղաքական կուսակցություն (դաշինք), ոչ մի այլ հասարակական միավորում կամ կազմակերպություն իրավունք չունի օգտագործելու հոգեբանական, ֆիզիկական, կրոնական հարկադրանքի մեթոդներ կամ բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ կամ ցանկացած այլ տեսակի հարկադրանք:

 

ՀՈԴՎԱԾ 9

Իրական ընտրություններ

 

1. Իրական ընտրությունների ժամանակ ապահովում է ժողովրդի կամքի ազատ արտահայտման դրսևորումը և դրա անմիջական իրականացումը:

2. Իրական ընտրությունները հնարավորություն են տալիս ընտրողներին Սահմանադրության և օրենքների հիման վրա ընտրել թեկնածուներին: Իրական ընտրությունների ժամանակ առկա է քաղաքական կուսակցությունների գործունեության միջոցով իրականացվող քաղաքական բազմակարծություն, գաղափարական բազմակարծություն և բազմակուսակցականություն, որոնց օրինական գործունեությունը գտնվում է պետության իրավական պաշտպանության ներքո:

3. Իրական ընտրությունների ժամանակ ընտրողների համար ապահովում է թեկնածուների, թեկնածուների ցուցակների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) և ընտրությունների ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու, իսկ թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին)` զանգվածային լրատվության և հաղորդակցման միջոցների մատչելիության ազատ հնարավորություն:

4. Ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակ օգտագործվում է պետական լեզուն կամ պետական լեզուները, իսկ օրենքներով սահմանված դեպքերում և կարգով` նաև պետության տարածքի բաղկացուցիչ մասերի պաշտոնական լեզուները, ազգերի և ազգությունների, ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի լեզուները` նրանց կենտրոնացված բնակության վայրերի տարածքներում:

5. Ընտրությունների նշանակումն ու ընտրական գործընթացների և ընթացակարգերի անցկացումը պետք է իրականացվեն այն կարգով և ժամկետներում, որոնք հնարավորություն կտան թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին), ընտրական գործընթացի այլ մասնակիցներին ծավալել լիարժեք նախընտրական քարոզարշավ:

6. Իրական ընտրությունները ենթադրում են հավասար և արդար պայմաններ թեկնածուների, թեկնածուների ցուցակների և քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գրանցման համար: Գրանցման պահանջները պետք է լինեն պարզ և չպարունակեն խտրական բնույթի արտոնությունների կամ սահմանափակումների համար հիմք հանդիսացող պայմաններ: Չի թույլատրվում թեկնածուների, թեկնածուների ցուցակների և քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գրանցման մասին նորմերի ինքնակամ կամ խտրական կիրառում:

7. Ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր թեկնածու և յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն (դաշինք) պետք է ճանաչի քվեարկության և ժողովրդավարական ընտրությունների արդյունքները, հնարավորություն ունենա դատական կամ այլ մարմիններում օրենքներով, պետության միջազգային պարտավորություններով նախատեսված կարգով և ժամկետներում բողոքարկել քաղաքացու ընտրական իրավունքներն ու ազատությունները խախտող քվեարկության և ընտրությունների պաշտոնական արդյունքները:

8. Անձինք և մարմինները, որոնց գործունեությունն ուղղված է ձայների հաշվարկման, քվեարկության և ընտրությունների արդյունքները կեղծելուն, քաղաքացու` իր ընտրական իրավունքների ու ազատությունների ազատ իրականացմանը խոչընդոտելուն, այդ թվում` բոյկոտի կամ ընտրությունները բոյկոտելու կոչեր անելու ձևով ընտրական գործողություններ կամ ընտրական ընթացակարգեր կատարելուց հրաժարվելուն, պետք է հետապնդվեն օրենքով:

 

ՀՈԴՎԱԾ 10

Արդար ընտրություններ

 

1. Արդար ընտրությունների սկզբունքի պահպանումը պետք է ապահովի հավասար իրավական պայմանների ստեղծում ընտրական գործընթացի բոլոր մասնակիցների համար:

2. Արդար ընտրությունների անցկացման ժամանակ ապահովվում է`

ա) ընդհանուր և հավասար ընտրական իրավունք.

բ) յուրաքանչյուր թեկնածուի կամ յուրաքանչյուր քաղաքական կուսակցության (դաշինքի) ընտրարշավին մասնակցելու համար հավասար հնարավորություններ, այդ թվում` զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցների մատչելիություն.

գ) ընտրությունների, թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի արդար և հրապարակային ֆինանսավորում.

դ) ազնվություն քվեարկության և ձայների հաշվարկման ժամանակ, ամբողջական և օպերատիվ տեղեկացում քվեարկության արդյունքների վերաբերյալ` ընտրությունների բոլոր արդյունքների պաշտոնական հրապարակմամբ.

ե) ընտրական գործընթացի կազմակերպում թափանցիկ և հրապարակայնորեն աշխատող անկողմնակալ ընտրական մարմինների կողմից` հասարակական և միջազգային դիտարկման ներքո.

զ) դատարանների և իրավասու այլ մարմինների կողմից քաղաքացիների, թեկնածուների և քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրական իրավունքների և ազատությունների խախտումների վերաբերյալ բողոքների արագ և արդյունավետ քննարկում ընտրական գործընթացի համապատասխան փուլերի ժամկետների շրջանակներում, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված կարգով իր ընտրական իրավունքների և ազատությունների պաշտպանության և վերականգնման համար միջազգային դատական մարմիններին դիմելու քաղաքացու իրավունքի ապահովում:

3. Թեկնածուները կարող են առաջադրվել համապատասխան ընտրատարածքի ընտրողների կողմից և (կամ) ինքնառաջադրման կարգով: Թեկնածուները և (կամ) թեկնածուների ցուցակները կարող են առաջադրվել նաև քաղաքական կուսակցությունների (դաշինքների), այլ հասարակական միավորումների և Սահմանադրությամբ, օրենքներում նշված` թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների առաջադրման իրավունք ունեցող այլ սուբյեկտների կողմից:

 

ՀՈԴՎԱԾ 11

Ընտրությունների անցկացումն ընտրական մարմինների (ընտրական

հանձնաժողովների) կողմից

 

1. Ընտրությունների նախապատրաստումը և անցկացումը, քաղաքացիների ընտրական իրավունքների ապահովումն ու պաշտպանությունը, դրանց պահպանման նկատմամբ վերահսկողությունը դրվում է ընտրական մարմինների (ընտրական հանձնաժողովների) վրա, որոնց կարգավիճակը, իրավասությունները և լիազորությունները սահմանվում են սահմանադրությամբ, օրենսդրական այլ ակտերով:

2. Չի թույլատրվում այլ համակարգերի (մարմինների, կազմակերպությունների) ստեղծումը և գործունեությունը, որոնք փոխարինում են ընտրական մարմիններին կամ ամբողջապես կամ մասամբ իրականացնում են նրանց գործառույթները կամ խոչընդոտում են նրանց օրինական գործունեությանը կամ ապօրինաբար միջամտում են նրանց գործունեությանը կամ յուրացնում են նրանց կարգավիճակը և լիազորությունները:

3. Ընտրական մարմինների կազմավորման կարգը, լիազորությունները, գործունեության կազմակերպումը, ինչպես նաև ընտրական մարմնի կազմի լուծարման կամ ընտրական մարմնի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման կարգը, հիմքերը և ժամկետները սահմանվում են օրենքներով: Ընդ որում` ընտրական մարմնի անդամների լիազորությունների` օրենքով նախատեսված հիմքերով, վաղաժամկետ դադարեցման կարգը և ժամկետները, ինչպես նաև դուրս եկած անդամի փոխարեն ընտրական մարմնի նոր անդամի նշանակումը դրա համար լիազորված մարմնի կողմից չպետք է խոչընդոտեն ընտրական մարմնի վրա դրված լիազորությունների իրականացմանը, խախտեն ընտրական գործընթացի ամբողջականությունը, հանգեցնեն ընտրական գործառույթների կատարման ժամկետների, քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների խախտման:

4. Կողմերն ընդունում են թեկնածուին, թեկնածուների ցուցակ առաջադրած քաղաքական կուսակցությանը (դաշինքին)` թեկնածուին (թեկնածուների ցուցակը) գրանցած ընտրական մարմնում և ստորադաս ընտրական մարմիններում` իր նշանակած թեկնածուին, քաղաքական կուսակցությանը (դաշինքին) ներկայացնող ընտրական մարմնի խորհրդակցական ձայնի իրավունքով մեկական անդամ նշանակելու իրավունք ընձեռելու հնարավորությունը` օրենքով նախատեսված կարգով:

5. Ընտրական մարմնի խորհրդակցական ձայնի իրավունքով անդամն իրավունք ունի ելույթ ունենալու ընտրական մարմնի նիստերին, ընտրական մարմնի իրավասություններին վերաբերող հարցերի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և պահանջել տվյալ հարցերով քվեարկության անցկացում, իրավունք ունի բողոքարկելու ընտրական մարմնի գործողությունները (անգործությունը) վերադաս ընտրական մարմնին կամ դատարան, իրականացնելու օրենքներով նախատեսված այլ լիազորություններ:

6. Ընտրական մարմինների իրավասության շրջանակներում ընդունված որոշումները պարտադիր են գործադիր իշխանության մարմինների, պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքական կուսակցությունների և այլ հասարակական միավորումների, նրանց լիազոր ներկայացուցիչների, կազմակերպությունների, պաշտոնատար անձանց, ընտրողների, ստորադաս ընտրական մարմինների համար, օրենքներում նշված այլ անձանց և կազմակերպությունների համար:

7. Կողմերն իրենց օրենքներով պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձանց վրա պարտականություն են դնում աջակցել ընտրական մարմիններին իրենց լիազորությունների իրականացման համար, իսկ ընտրական օրենսդրությամբ նշված հեռուստա- և (կամ) ռադիոեթեր իրականացնող կազմակերպությունների վրա` տրամադրել ընտրական մարմիններին անվճար եթերաժամ, տպագիր տեղեկատվություն տրամադրելու հնարավորություն ընտրողներին ընտրությունների, ընտրարշավի ընթացքի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 12

Ընտրությունների և թեկնածուների, քաղաքական կուսակցությունների

(դաշինքների) ընտրարշավի ֆինանսավորումը

 

1. Ընտրությունների հետ կապված միջոցառումների ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

2. Պետությունները Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով ապահովում են բյուջետային միջոցների հատկացումներ ընտրությունների մասնակցող թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին)` արդար պայմաններով, ինչպես նաև ընտրական մարմնին կից արտաբյուջետային հիմնադրամի կազմավորման կամ ընտրարշավի ֆինանսավորման համար սեփական նախընտրական հիմնադրամի ձևավորման և այդ նպատակով օրենքով նախատեսված չափով և կարգով անձնական միջոցների, ֆիզիկական և (կամ) ազգային իրավաբանական անձանց կամավոր մուծումների օգտագործման հնարավորություն: Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կողմից այլ դրամական միջոցների օգտագործումը, բացառությամբ նշված հիմնադրամներում մուտքագրվածներից, պետք է արգելվի օրենքով և առաջացնի պատասխանատվություն` օրենքներին համապատասխան:

3. Չի թույլատրվում օտարերկրյա որևէ նվիրաբերություն, այդ թվում` օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից, ընտրություններին մասնակցող թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին) կամ այլ հասարակական միավորումներին, հասարակական կազմակերպություններին, որոնք ուղղակի կամ անուղղակի կամ այլ կերպ առնչվում են թեկնածուի, քաղաքական կուսակցության (դաշինքի) հետ կամ գտնվում են նրանց անմիջական ազդեցության կամ հսկողության տակ և նպաստում կամ աջակցում են քաղաքական կուսակցությունների (դաշինքների) նպատակների իրականացմանը:

4. Կողմերն ապահովում են ընտրություններին մասնակցող թեկնածուներին, քաղաքական կուսակցություններին (դաշինքներին) նվիրաբերված բոլոր դրամական միջոցների հրապարակայնությունը և թափանցիկությունը, որպեսզի բացառվեն օրենսդրությամբ արգելված նվիրատվությունները ինչպես թեկնածուներին, այնպես էլ ընտրություններին թեկնածուներ (թեկնածուների ցուցակներ) առաջադրած քաղաքական կուսակցություններին (դաշինքներին):

5. Ընտրություններին մասնակցող թեկնածուները, քաղաքական կուսակցությունները (դաշինքները) օրենքով սահմանված պարբերականությամբ պետք է ընտրական մարմիններ և (կամ) օրենքում նշված այլ մարմիններ ներկայացնեն տեղեկություններ և հաշվետվություններ իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված նվիրաբերությունների, համապատասխան միջոցներ ներդրողների վերաբերյալ, ինչպես նաև ընտրարշավի ֆինանսավորման համար այդ հիմնադրամներից կատարած իրենց բոլոր ծախսերի վերաբերյալ: Ընտրական մարմիններն ապահովվում են նշված տեղեկությունների և հաշվետվությունների հրապարակումը օրենքներում նշված զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով:

6. Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի ֆինանսավորման կանոնների և կարգի հսկողության կամ վերահսկողության իրականացման համար կարող է ստեղծվել հատուկ մարմին (մարմիններ), կամ համապատասխան լիազորությունները կարող են դրվել պաշտոնատար անձանց կամ ընտրական մարմինների վրա:

7. Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) գործունեության ֆինանսավորման, նվիրաբերությունների պայմանների և կարգի խախտումների ցանկը, ինչպես նաև թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ընտրարշավի և ընտրությունների ֆինանսավորման խախտումների դեպքում նախազգուշացման, կանխման կամ խափանման միջոցների ցանկը պետք է սահմանվի օրենքներով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:

 

ՀՈԴՎԱԾ 13

Ընտրությունների և քարոզչական գործունեության պետական տեղեկատվական

աջակցությունը

 

1. Կողմերն ապահովում են ընտրությունների, թեկնածուների վերաբերյալ տեղեկատվության որոնման, հավաքման, տարածման ազատություն, զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով ընտրությունների անկողմնակալ տեղեկատվական լուսաբանում:

2. Զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցները կոչված են` բնակչությանը տեղեկացնելու ընտրությունների, թեկնածուների (թեկնածուների ցուցակների) առաջադրման, նրանց նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) մասին, ընտրարշավի ընթացքի, քվեարկության և ընտրությունների արդյունքների մասին, իրականացնելու իրենց գործունեությունը Սահմանադրության, օրենքների, պետության միջազգային պարտավորությունների շրջանակներում:

3. Օրենսդրությանը համապատասխան` զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցների ներկայացուցիչներն իրավունք ունեն.

ա) ներկա գտնվելու ընտրական մարմինների նիստերին` ապահովելով նրանց գործունեության հրապարակայնությունը և թափանցիկությունը.

բ) ծանոթանալու քվեարկության ու ընտրությունների արդյունքների վերաբերյալ համապատասխան ընտրական մարմինների փաստաթղթերին և նյութերին, պատրաստելու կամ համապատասխան ընտրական մարմնից ստանալու նշված փաստաթղթերի և նյութերի պատճենները, փոխանցել դրանք` զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով հրապարակելու համար.

գ) ներկա գտնվելու հրապարակային քարոզչական միջոցառումներին, լուսաբանելու դրանց անցկացման ընթացքը զանգվածային լրատվության միջոցներով.

դ) ներկա գտնվելու քվեարկության անցկացմանը, ընտրողների ձայների հաշվարկմանը, քվեարկության և ընտրությունների արդյունքների ամփոփմանը:

4. Քաղաքացիներին, թեկնածուներին, թեկնածուներ և (կամ) թեկնածուների ցուցակներ առաջադրած քաղաքական կուսակցություններին (դաշինքներին), այլ հասարակական միավորումներին, հասարակական կազմակերպություններին երաշխավորվում է օրենքով թույլատրելի ցանկացած ձևով և օրինական մեթոդով քարոզչական գործունեության անցկացման ազատություն` օրենքներով նախատեսված կարգով և ժամկետներում, բազմակարծության, գրաքննության բացակայության պայմաններում:

5. Ընտրություններին մասնակցող բոլոր թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) համար, Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան, պետք է ապահովվի զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցներով իրենց նախընտրական քարոզչությունն անցկացնելու, ինչպես նաև իրենց նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) դրույթները շարադրելու հնարավորության հավասար պայմաններ:

6. Քարոզչական գործունեություն իրականացնելու ժամանակ չի թույլատրվում խոսքի ազատության և զանգվածային լրատվության միջոցների ազատության չարաշահում, այդ թվում` իշխանությունը բռնի զավթելու, սահմանադրական կարգը բռնի փոխելու և պետության տարածքային ամբողջականությունը խախտելու կոչեր, պատերազմի, ահաբեկչության, ռասայական, ազգային, էթնիկական, կրոնական ատելություն և թշնամանք հրահրող կոչեր:

7. Սույն կոնվենցիայի մասնակից մի պետության զանգվածային լրատվության և հեռահաղորդակցման միջոցները չեն կարող օգտագործվել մեկ այլ պետության տարածքում ընտրությունների անցկացման ժամանակ քարոզչությանը մասնակցելու նպատակով:

8. Թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կողմից քարոզչության անցկացման պայմանների և կարգի խախտումների ցանկը, ինչպես նաև ընտրարշավի լուսաբանմանը զանգվածային լրատվության միջոցների այնպիսի մասնակցությունը, որը հիմք կհանդիսանա պատասխանատվության առաջացման համար, սահմանվում են օրենքներով:

 

ՀՈԴՎԱԾ 14

Ազգային դիտորդների կարգավիճակը և լիազորությունները

 

1. Յուրաքանչյուր թեկնածու, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն (դաշինք), այլ հասարակական միավորում (հասարակական կազմակերպություն), ընտրողների խումբ, Սահմանադրությամբ, օրենքներում նշված` ընտրությունների այլ սուբյեկտներ իրավունք ունեն օրենքներով կամ ընտրությունները կազմակերպող մարմինների կողմից ընդունվող նորմատիվ ակտերով սահմանված կարգով նշանակել ազգային դիտորդներ, որոնք իրավունք ունեն քվեարկության օրը, այդ թվում` վաղաժամկետ քվեարկության օրը, քվեարկության համար հատկացված տարածքում իրականացնել դիտարկում:

2. Ազգային դիտորդների իրավունքներն ու պարտականությունները պետք է սահմանվեն օրենսդրությամբ:

3. Ազգային դիտորդներին պետք է տրվեն հետևյալ իրավունքները.

ա) ծանոթանալ ընտրությունների մասին օրենքներում նշված ընտրական փաստաթղթերին, տեղեկատվություն ստանալ քվեարկության համար ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների թվի և քվեարկությանը մասնակցած, այդ թվում` վաղաժամկետ և քվեարկության համար նախատեսված տարածքից դուրս քվեարկած ընտրողների թվի վերաբերյալ.

բ) ներկա գտնվել քվեարկության համար նախատեսված տարածքում.

գ) հետևել ընտրողներին քվեաթերթիկների հանձնմանը.

դ) ներկա գտնվել վաղաժամկետ քվեարկության անցկացմանը, քվեարկության համար նախատեսված տարածքից դուրս քվեարկությանը.

ե) քվեաթերթիկների հաշվարկման ընթացակարգի տեսանելիությունն ապահովող պայմաններում հետևել ընտրողների ձայների հաշվարկմանը.

զ) հետևել ընտրական մարմնի կողմից քվեարկության, ընտրությունների արդյունքների արձանագրությունների և այլ փաստաթղթերի կազմմանը, ծանոթանալ քվեարկության արդյունքների վերաբերյալ ընտրական մարմնի արձանագրությանը, այդ թվում կրկնակի կազմվող արձանագրությանը, ազգային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով` համապատասխան ընտրական մարմնից ստանալ նշված արձանագրությունների հաստատված պատճենները.

է) քվեարկության կազմակերպման հարցերի վերաբերյալ առաջարկություններով և դիտողություններով դիմել ընտրական մարմին.

ը) բողոքարկել ընտրական մարմնի, ընտրական մարմնի անդամների որոշումները և գործողությունները (անգործությունը) անմիջական վերադաս ընտրական մարմին կամ դատարան:

4. Օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով` ազգային դիտորդների իրավունքներից կարող են օգտվել նաև թեկնածուների, քաղաքական կուսակցությունների (դաշինքների) վստահված անձինք:

5. Ընտրական մարմինները և (կամ) այլ մարմիններն ու կազմակերպությունները կարող են օժտվել ազգային դիտորդների և ընտրությունների մյուս մասնակիցների համար ժողովրդավարական ընտրական տեխնոլոգիաների հիմունքների, ազգային ընտրական օրենսդրության, միջազգային ընտրական չափանիշների, մարդու և քաղաքացու ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման և պաշտպանության վերաբերյալ ուսուցում կազմակերպելու լիազորություններով:

 

ՀՈԴՎԱԾ 15

Միջազգային դիտորդական կարգավիճակը և լիազորությունները

 

1. Կողմերը հաստատում են, որ միջազգային դիտորդների ներկայությունը նպաստում է ընտրությունների թափանցիկությանը և հրապարակայնությանը, պետությունների միջազգային պարտավորությունների պահպանմանը: Նրանք կձգտեն աջակցել միջազգային դիտորդների մասնակցությանն ավելի ցածր, քան համազգային մակարդակով` ընդհուպ մինչև համայնքային (տեղական) մակարդակով անցկացվող ընտրական գործընթացներին:

2. Միջազգային դիտորդների գործունեությունը կարգավորվում է ընդունող պետության օրենքներով, սույն Կոնվենցիայով, միջազգային այլ փաստաթղթերով:

3. Միջազգային դիտորդները երկրի տարածք մուտք գործելու թույլտվություն են ստանում օրենքով սահմանված կարգով և հավատարմագրվում են համապատասխան ընտրական մարմնի կողմից` համապատասխան հրավերի առկայության դեպքում: Հրավերները կարող են ուղարկվել օրենքով լիազորված մարմինների կողմից ընտրությունների նշանակման մասին որոշման պաշտոնական հրապարակումից հետո: Հրավերների ուղարկման առաջարկները կարող են ներկայացվել Անկախ Պետությունների Համագործակցության հիմնադիր մարմինների կողմից:

4. Կենտրոնական ընտրական մարմինը միջազգային դիտորդին հանձնում է սահմանված նմուշի հավատարմագրման վկայական: Այդպիսի վկայականն իրավունք է տալիս միջազգային դիտորդին իրականացնելու դիտարկում ընտրությունների նախապատրաստման և անցկացման ժամանակահատվածում:

5. Ընդունող երկրի տարածքում միջազգային դիտորդը գտնվում է տվյալ պետության հովանավորության ներքո: Ընտրական մարմինները, պետական իշխանության մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են իրենց իրավասությունների սահմաններում նրանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:

6. Միջազգային դիտորդն իր գործունեությունն իրականացնում է ինքնուրույն և անկախ: Միջազգային դիտորդի գործունեության նյութաֆինանսական ապահովվածությունը կատարվում է դիտորդին ուղարկող կողմի կամ նրա անձնական միջոցների հաշվին:

7. Միջազգային դիտորդներն իրավունք չունեն օգտագործելու իրենց կարգավիճակը ընտրարշավի ընթացքը դիտարկելու հետ առնչություն չունեցող գործունեություն իրականացնելու համար: Կողմերն իրենց իրավունք են վերապահում հավատարմագրումից զրկել այն միջազգային դիտորդներին, որոնք խախտում են օրենքները, միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքները և նորմերը:

8. Միջազգային դիտորդներն իրավունք ունեն`

ա) ստանալ ընտրական գործընթացը կարգավորող բոլոր փաստաթղթերը (ազգային անվտանգության շահերին չառնչվող), ընտրական մարմիններից անհրաժեշտ տեղեկատվություն և ազգային օրենքներում նշված ընտրական փաստաթղթերի պատճենները.

բ) շփվել քաղաքական կուսակցությունների, դաշինքների, թեկնածուների, մասնավոր անձանց, ընտրական մարմինների աշխատակիցների հետ.

գ) ազատ այցելել բոլոր ընտրական տեղամասերը և քվեարկության համար նախատեսված տարածքները, այդ թվում` քվեարկության անցկացման օրը.

դ) հետևել քվեարկության ընթացքին, ձայների հաշվարկմանը և դրանց արդյունքների ամփոփմանը քվեաթերթիկների հաշվարկման ընթացակարգի տեսանելիությունն ապահովող պայմաններում.

ե) ծանոթանալ ընտրությունների մասին օրենսդրության խախտման հետ կապված բողոքների (դիմումների) և գանգատների քննարկման արդյունքներին.

զ) առանց միջամտելու ընտրություններն իրականացնող մարմնի աշխատանքներին` տեղեկացնել ընտրական մարմինների ներկայացուցիչներին իրենց դիտարկումների, առաջարկությունների մասին.

է) քվեարկության ավարտից հետո հրապարակայնորեն շարադրել իրենց կարծիքը ընտրությունների նախապատրաստման և անցկացման մասին.

ը) ընտրությունների կազմակերպիչներին, պետական իշխանության մարմիններին և համապատասխան պաշտոնատար անձանց ներկայացնել ընտրությունների ընթացքի դիտարկման արդյունքների վերաբերյալ իրենց եզրակացությունը:

9. Միջազգային դիտորդները պետք է`

ա) պահպանեն ընդունող երկրի Սահմանադրությունը և օրենքները, սույն Կոնվենցիայի, միջազգային այլ փաստաթղթերի դրույթները.

բ) իրենց մոտ ունենան ընդունող երկրի սահմանած կարգով հանձնված միջազգային դիտորդի հավատարմագրման վկայականը և այն ներկայացնեն ընտրությունների կազմակերպիչների պահանջով.

գ) կատարեն իրենց գործառույթները` ղեկավարվելով քաղաքական չեզոքության, անկողմնակալության սկզբունքներով, հրաժարվելով ընտրական մարմինների, պետական և այլ մարմինների, պաշտոնատար անձանց, ընտրական գործընթացի մասնակիցների վերաբերյալ ցանկացած նախապատվություն կամ գնահատական տալուց.

դ) չմիջամտեն ընտրական գործընթացին.

ե) իրենց բոլոր եզրակացությունները հիմնեն դիտարկման և փաստական նյութերի վրա:

 

ՀՈԴՎԱԾ 16

Բողոքարկումը և պատասխանատվությունը քաղաքացիների ընտրական

իրավունքների և ազատությունների խախտման դեպքում

 

1. Սույն կոնվենցիայում հռչակված ժողովրդավարական ընտրությունների չափանիշների, քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների, ինչպես նաև ընտրությունների մասին օրենքների խախտման դեպքում անձը կամ անձինք, որոնց իրավունքները խախտվել են, պետք է ունենան դատարաններում, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով` նաև ընտրական մարմիններում, բողոքարկելու և իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու իրավունք և հնարավորություն:

2. Օրենքով արգելված գործողությունների (անգործության) համար մեղավոր անձինք պետք է պատասխանատվություն կրեն օրենքներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 17

Ընտրական փաստաթղթեր

 

1. Քվեաթերթիկները, ընտրական մյուս փաստաթղթերը, այդ թվում` ընտրությունների անցկացմանը վերաբերող` պետական իշխանության մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ընտրական մարմինների փաստաթղթերը, կազմվում (հրապարակվում) են պետական լեզվով և պետության տարածքի այն բաղկացուցիչ մասերի պաշտոնական լեզուներով, որտեղ անցկացվում են ընտրությունները, իսկ օրենսդրությամբ նախատեսված կարգով` նաև ազգերի և ազգությունների, ազգային փոքրամասնությունների և էթնիկական խմբերի լեզուներով` նրանց խտացված բնակության վայրերի տարածքներում:

2. Ընտրական փաստաթղթերը, որոնցով հաստատվում են քվեարկության արդյունքները և որոշվում ընտրությունների արդյունքները, խիստ հաշվառման ենթակա փաստաթղթեր են, որոնց պաշտպանվածության աստիճանը սահմանվում է օրենքներով:

 

ՀՈԴՎԱԾ 18

Միջոցներ, որոնք չպետք է համարվեն խտրական

 

1. Քաղաքացիների վերը թվարկված ընտրական իրավունքներն ու ազատությունները կարող են սահմանափակվել Սահմանադրությամբ, օրենքներով և չհամարվեն խտրական, եթե դրանք նախատեսում են`

ա) հատուկ միջոցներ` ընդունող երկրի որևէ բաղադրիչ մասի բնակչության, մասնավորապես, ազգային փոքրամասնությունների և էթնիկ խմբերի համապատասխան ներկայացուցչությունն ապահովելու համար, որոնք իրականում քաղաքական, տնտեսական, կրոնական, սոցիալական, պատմական և մշակութային պայմանների պատճառով զրկված են բնակչության մյուս մասի հետ հավասար` քաղաքական և ընտրական իրավունքներից ու ազատություններից օգտվելու հնարավորությունից.

բ) ընտրելու և ընտրվելու իրավունքի սահմանափակում դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի դատավճռով ազատազրկման վայրերում գտնվող քաղաքացիների նկատմամբ:

2. Թեկնածուներ, թեկնածուների ցուցակներ առաջադրելու համար քաղաքական կուսակցությունների (դաշինքների) ստեղծմանն ու գործունեությանը, քաղաքացիների ընտրական իրավունքներին և ազատություններին վերաբերող սահմանափակումները կարող են կիրառվել սահմանադրական կարգի, ազգային անվտանգության և հասարակական կարգի պահպանման, հասարակական բարեկեցության և բարոյականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանման նպատակով և պետք է համապատասխանեն պետության միջազգային պարտավորություններին:

3. Կողմերը ընտրական գործընթացը ժողովրդավարականացնելու իրենց ձգտմամբ ելնում են նրանից, որ Սահմանադրությամբ, օրենքներով նախատեսված և պետության միջազգային պարտավորություններին չհակասող` ընտրական իրավունքների և ազատությունների իրականացման ժամանակ գոյություն ունեցող սահմանափակումները կամ առավելությունները պատշաճ ազգային պայմաններ ստեղծելուն համընթաց ենթակա են վերացման, որպեսզի ընտրական գործընթացի մասնակիցները ընտրություններին մասնակցելու համար ապահովվեն հավասար իրավական պայմաններով:

 

ՀՈԴՎԱԾ 19

Կոնվենցիայի մասնակից պետությունների պարտավորությունները

 

1. Կողմերը ժողովրդավարական ընտրությունների նախապատրաստման և անցկացման համար ընտրական իրավունքների և ազատությունների երաշխիքների ամրապնդման, սույն Կոնվենցիայի դրույթների իրականացման նպատակով կընդունեն օրենսդրական և այլ միջոցներ: Սույն Կոնվենցիայում հռչակված ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշները կարող են ապահովվել` դրանք Սահմանադրության, օրենսդրական ակտերի մեջ ներառելով:

2. կողմերը պարտավորվում են`

ա) երաշխավորել ընտրական իրավունքի ժողովրդավարական սկզբունքների և նորմերի պաշտպանությունը, ընտրությունների ժողովրդավարական բնույթը, ընտրություններին քաղաքացիների կամքի ազատ արտահայտումը, ընտրությունները կայացած, իրական և օրինական ճանաչելուն ուղղված պահանջների հիմնավորումը.

բ) ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ, որպեսզի ընտրությունների ամբողջ օրենսդրական բազան ընդունվի ազգային օրենսդիր մարմնի կողմից, և ընտրությունների անցկացումն ապահովող իրավական չափորոշիչները չսահմանվեն գործադիր իշխանության ակտերով.

գ) ձգտել, որ համաժողովրդական ուղղակի ընտրությունների ընթացքում ազգային օրենսդիր մարմնի մյուս պալատի պատգամավորական մանդատներն ամբողջությամբ կամ մասնակի` օրենքներով նախատեսված կարգով, լինեն թեկնածուների և (կամ) թեկնածուների ցուցակների ազատ մրցակցության օբյեկտ.

դ) ձգտել քաղաքացիների ընտրական իրավունքներն ու ազատություններն ապահովող իրավական, կազմակերպչական, տեղեկատվական երաշխիքների համակարգի ստեղծմանը ցանկացած մակարդակի ընտրության նախապատրաստման և անցկացման ժամանակ, ձեռնարկել անհրաժեշտ օրենսդրական միջոցներ, որպեսզի, Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված պայմաններին և կարգին համապատասխան, ապահովվեն կանանց արդար և իրական, տղամարդկանց հետ հավասար` ընտրովի մարմիններում, ընտրովի պաշտոններում ինչպես անձամբ, այնպես էլ քաղաքական կուսակցությունների (դաշինքների) կազմում ընտրելու և ընտրվելու իրավունքների իրականացման հնարավորություն, ինչպես նաև ֆիզիկական շեղումներով անձանց (հաշմանդամներին և այլն)` քվեարկությանը մասնակցելու համար ստեղծել լրացուցիչ երաշխիքներ և պայմաններ.

ե) իրականացնել ընտրողների գրանցում (հաշվառում) օրենսդրորեն սահմանված ոչ խտրական և գործող` գրանցման (հաշվառման) այնպիսի չափանիշներ նախատեսող ընթացակարգերի հիման վրա, ինչպիսիք են տարիքը, քաղաքացիությունը, բնակության վայրը, քաղաքացու անձը հաստատող հիմնական փաստաթղթի առկայությունը.

զ) օրենսդրական կարգով ամրագրել ընտրողների մասին տեղեկություն տվող անձանց պատասխանատվությունը` համապատասխան տեղեկությունների հավաստիության, ամբողջության և դրանք ժամանակին փոխանցելու, գաղտնի բնույթի անձնական տվյալների պահպանումը օրենսդրությանը համապատասխան ապահովելու համար.

է) աջակցել քաղաքական կուսակցությունների ձևավորմանը և նրանց օրինական ազատ գործունեությանը, օրենսդրորեն կարգավորել քաղաքական կուսակցությունների և ընտրական գործընթացի ֆինանսավորումը, ապահովել, որպեսզի օրենքները և պետական քաղաքականությունն իրականացնեն կուսակցության և պետության բաժանում, ազատության և արդարության մթնոլորտում ընտրարշավի անցկացում, ինչը կնպաստի նրան, որ կուսակցությունները և թեկնածուները ազատ շարադրեն իրենց հայացքները և գնահատականները, նախընտրական ծրագրերի (պլատֆորմների) դրույթները, իսկ ընտրողները ծանոթանան դրանց, քննարկեն դրանք և ազատ քվեարկեն «կողմ» կամ «դեմ»` չվախենալով պատժից կամ որևէ հետապնդումից.

ը) ապահովել զանգվածային լրատվության միջոցներով, այդ թվում` ինտերնետային ցանցով ընտրարշավի լուսաբանման անկողմնակալությունը երաշխավորող միջոցների ձեռնարկում, իրավաբանական կամ վարչական խոչընդոտների սահմանման անհնարինություն քաղաքական կուսակցությունների և թեկնածուների համար, որ խտրական հիմքով զանգվածային լրատվության միջոցներից օգտվելու համար, ձևավորել ընտրությունների հետ կապված հասարակական կարծիքի հարցումների արդյունքների միասնական տեղեկատվական տվյալների բազա, որի տվյալները պետք է տրամադրվեն ընտրական գործընթացի մասնակիցներին, ինչպես նաև միջազգային դիտորդներին` նրանց հարցումով, ծանոթացման կամ պատճենահանման համար, ներդնել ընտրությունների թափանցիկ բնույթն ապահովող, քվեարկության և ընտրությունների արդյունքների նկատմամբ ընտրողների վստահության մակարդակը բարձրացնող նոր տեղեկատվական տեխնոլոգիաներ.

թ) ընդունել քաղաքացիական կրթության ազգային ծրագրեր և մասնակցել նմանատիպ միջպետական ծրագրերի մշակմանն ու ընդունմանը, պայմաններ ապահովել քաղաքացիներին և ընտրարշավի մյուս մասնակիցների ընտրական ընթացակարգերին և կանոններին ծանոթացնելու և ուսուցանելու, նրանց իրավական մշակույթի և ընտրությունների կազմակերպիչների մասնագիտական որակավորումը բարձրացնելու համար.

ժ) ապահովել օրենսդրությանը և պետության միջազգային պարտավորություններին համապատասխան ժողովրդավարական, ազատ, արդար, իրական և պարբերական ընտրությունների անցկացումը կազմակերպող անկախ, անկողմնակալ ընտրական մարմինների կազմավորում.

ժա) ապահովել հնարավորություն` օրենքով սահմանված անհրաժեշտ քանակի ձայներ ստացած թեկնածուներին պաշտոնը ստանձնել պատշաճ կերպով և պաշտոնավարել մինչև իրենց լիազորությունների ժամկետի ավարտը կամ մինչև օրենքով կարգավորվող այլ ձևով դրանց դադարումը.

ժբ) ձեռնարկել միջոցներ քաղաքացիների իրավունքների և ազատությունների խախտումների, ինչպես նաև բռնության, խաբեության, սպառնալիքի, կեղծիքի կամ այլ միջոցներով քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ազատ իրականացմանը, Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված այլ ընտրական իրավունքների և ազատությունների իրականացմանը խոչընդոտող անձանց քրեական, վարչական կամ այլ պատասխանատվության ենթարկելու կարգի և հիմունքների ցանկը օրենսդրորեն կարգավորելու համար,

ժգ) աջակցել ընտրական օրենսդրության մասին տեղեկատվության, ընտրական գործընթացի մասնակիցների (հաշվի առնելով, որ անձնական տվյալներն ունեն գաղտնի բնույթ), իրավակիրառ և դատական փորձի, ընտրական համակարգի կատարելագործման օրենսդրական առաջարկությունների, ինչպես նաև ընտրական գործընթացի կազմակերպմանը վերաբերող այլ տեղեկատվություն պարունակող միջպետական միասնական տվյալների բազայի ստեղծմանը` տեղեկատվության փոխանակման և համատեղ օգտագործման նպատակով.

ժդ) աջակցել սույն կոնվենցիայի մասնակից պետությունների ընտրական մարմինների համագործակցության զարգացմանը` ներառյալ ընտրական մարմինների գործող միջպետական ընկերակցությունների լիազորությունների ընդլայնմանը և (կամ) ստեղծմանը:

 

ՀՈԴՎԱԾ 20

Սույն Կոնվենցիայից անկախ տրամադրվող իրավունքները

 

1. Սույն Կոնվենցիայում ոչինչ չի խոչընդոտում պետությունների կողմից քաղաքացիների ընտրական իրավունքներին և ազատություններին վերաբերող իրենց միջազգային պարտավորությունների կատարմանը, որոնք ստանձնել են այն միջազգային պայմանագրերին և համաձայնագրերին համապատասխան, որոնց մասնակիցներն են նրանք հանդիսանում:

2. Սույն կոնվենցիայում շարադրված իրավունքների իրականացումը վնաս չի պատճառում բոլոր անձանց կողմից հանրաճանաչ իրավունքների և հիմնական ազատությունների իրականացմանը:

3. Սույն կոնվենցիայում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Անկախ Պետությունների Համագործակցության Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հակասող որևէ գործունեության թույլտվություն:

 

ՀՈԴՎԱԾ 21

Միջպետական ընտրական խորհրդի կարգավիճակը

 

Կողմերն ընդունում են սույն կոնվենցիայի մասնակից պետությունների ընտրական մարմինների հիման վրա Միջպետական ընտրական խորհրդի ստեղծման անհրաժեշտությունը, որը կոչված կլինի աջակցելու սույն Կոնվենցիայի մասնակից պետություններում ընտրությունների դիտարկմանը:

 

ՀՈԴՎԱԾ 22

Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու կարգը

 

1. Սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում Կողմերի` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

2. Այդպիսի ընթացակարգերի կատարման մասին ավանդապահին ավելի ուշ ծանուցում ուղարկած Կողմերի համար Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նման ծանուցումը ավանդապահի ստանալու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 23

Կոնվենցիային միանալու կարգը

 

1. Սույն կոնվենցիան միանալու համար բաց է սույն Կոնվենցիայից բխող պարտականությունները իրենց վրա վերցնելու պատրաստ այլ պետությունների համար:

2. Միացող պետության համար սույն կոնվենցիան ուժի մեջ է մտնում միանալու մասին փաստաթուղթը ավանդապահին ի պահ հանձնելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 24

Կոնվենցիայից դուրս գալու կարգը

 

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն Կոնվենցիայից` այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Կոնվենցիայում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը

 

Սույն կոնվենցիայում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել սույն կոնվենցիայի անբաժանելի մասը հանդիսացող առանձին ձևակերպված արձանագրությամբ, որը ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի 22-րդ հոդվածով նախատեսված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 26

Կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վեճերի լուծումը

 

Սույն կոնվենցիայի կիրառման կամ մեկնաբանման հետ կապված վիճելի հարցերը լուծվում են շահագրգիռ կողմերի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

Կատարված է Քիշնև քաղաքում 2002 թվականի հոկտեմբերի 7-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության Գործադիր կոմիտեում, որը սույն կոնվենցիան ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

Կոնվենցիան ստորագրել են Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանը, Ղրղզստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, ՈՒկրաինան:

Կոնվենցիան ուժի մեջ է մտել Ղրղզստանի Հանրապետության համար` 11.11.2003 թ., Ռուսաստանի Դաշնության համար` 11.11.2003 թ., Տաջիկստանի Հանրապետության համար` 11.11.2003 թ., Մոլդովայի Հանրապետության համար` 14.01.2005 թ., Հայաստանի Հանրապետության համար` 17.03.2005 թ.

 

 

pin
''
17.10.2002
Միջազգային պայմանագիր