Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱ ...

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՌԱԿՈՂՄ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1976 թ. հունիսի 2-ին` իր վաթսունմեկերորդ նստաշրջանին,

նշելով աշխատանքի բնագավառում միջազգային կոնվենցիաներում և հանձնարարականներում գոյություն ունեցող դրույթները, մասնավորապես, «Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին» 1948 թ. Կոնվենցիան, «Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին» 1949 թ. Կոնվենցիան և «Արդյունաբերական ու ազգային մակարդակներով խորհրդակցությունների մասին» 1960 թ. հանձնարարականը, որոնք հաստատում են գործատուների և աշխատողների` ազատ ու անկախ կազմակերպություններ ստեղծելու իրավունքը և միջոցներ են պահանջում ազգային մակարդակով պետական իշխանությունների և գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև խորհրդակցությունների արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև աշխատանքի ոլորտի բազմաթիվ աշխատանքային կոնվենցիաների և հանձնարարականների դրույթները, որոնք նախատեսում են գործատուների և աշխատողների կազմակերպությունների խորհրդակցությունների անցկացում այդ կոնվենցիաների և հանձնարարականների կիրառման համար,

քննարկելով նստաշրջանի օրակարգի չորրորդ կետը, որը վերնագրված է «Աշխատանքի միջազգային նորմերի կիրառմանը աջակցելու համար եռակողմ մեխանիզմի ստեղծում», և որոշում կայացնելով աշխատանքի միջազգային նորմերի կիրառմանը աջակցելու համար ընդունել եռակողմ խորհրդակցությունների վերաբերյալ մի շարք առաջարկություններ,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի հունիսի քսանմեկին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի «Եռակողմ խորհրդակցությունների (աշխատանքի միջազգային նորմեր) մասին» 1976 թ. Կոնվենցիա:

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայում «ներկայացուցչական կազմակերպություններ» եզրույթը նշանակում է` ազատ միավորման իրավունք ունեցող գործատուների և աշխատավորների առավել ներկայացուցչական կազմակերպություններ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

1. Աշխատանքի միջազգային կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացնում է սույն Կոնվենցիան, պարտավորվում է իրականացնել ընթացակարգեր, որոնք կապահովեն կառավարության, գործատուների և աշխատավորների միջև արդյունավետ խորհրդակցությունները ներքոշարադրյալ 5-րդ հոդվածի 1-ին կետում հիշատակված` Աշխատանքի միջազգային կազմակերպության գործունեությանը վերաբերող հարցերով:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված ընթացակարգերի բնույթը և ձևը սահմանվում են յուրաքանչյուր երկրում, ազգային գործելակերպին համապատասխան, ներկայացուցչական կազմակերպությունների հետ, եթե այդպիսիք գոյություն ունեն, խորհրդակցությունից հետո, և եթե այդպիսի ընթացակարգերը դեռևս սահմանված չեն:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացման նպատակների համար գործատուների և աշխատավորների ներկայացուցիչները ազատ ընտրվում են իրենց ներկայացուցչական կազմակերպությունների կողմից, եթե այդպիսիք գոյություն ունեն:

2. Գործատուները և աշխատողները հավասարապես ներկայացված կլինեն այն մարմիններում, որոնց միջոցով կիրականացվեն խորհրդակցությունները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Իրավասու մարմինը պատասխանատվություն է ստանձնում սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի վարչական ապահովման համար:

2. Իրավասու մարմնի և ներկայացուցչական կազմակերպությունների միջև, եթե այդպիսիք գոյություն ունեն, համապատասխան միջոցներ են ձեռնարկվում այդպիսի ընթացակարգերի մասնակիցների անհրաժեշտ ուսուցումը ֆինանսավորելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի նպատակն է խորհրդակցությունների անցկացումը հետևյալ հարցերով.

ա) կառավարության պատասխաններն Աշխատանքի միջազգային խորհրդաժողովի օրակարգի կետերի վերաբերյալ հարցաշարին և կառավարության մեկնաբանությունները Խորհրդաժողովի կողմից քննարկվելիք տեքստերի նախագծերի վերաբերյալ.

բ) Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 19-րդ հոդվածի համապատասխան` կոնվենցիաների և հանձնարարականների ներկայացման հետ կապված` իրավասու մարմնին կամ իրավասու մարմիններին արվելիք առաջարկություններ.

գ) չվավերացված կոնվենցիաների և չկիրարկված հանձնարարականների` համապատասխան պարբերականությամբ վերաքննարկում` անհրաժեշտության դեպքում դրանց վավերացնելը կամ կիրարկելը խթանելու համար ձեռնարկվելիք միջոցները քննարկելու նպատակով.

դ) Աշխատանքի միջազգային կազմակերպության կանոնադրության 22-րդ հոդվածին համաձայն` Աշխատանքի միջազգային բյուրո ներկայացվելիք զեկույցներից ծագող հարցեր,

ե) վավերացված կոնվենցիաների չեղյալ հայտարարման մասին առաջարկություններ:

2. Սույն հոդվածի առաջին կետում հիշատակված հարցերի պատշաճ քննարկումն ապահովելու նպատակով խորհրդակցություններն անցկացվում են համաձայնությամբ որոշված համապատասխան ժամանակահատվածներում, սակայն առնվազն տարին մեկ անգամ:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երբ անհրաժեշտ համարվի, իրավասու մարմինը սույն Կոնվենցիայով նախատեսված ընթացակարգերի իրականացման վերաբերյալ կներկայացնի տարեկան զեկույց ներկայացուցչական կազմակերպությունների հետ, եթե այդպիսիք գոյություն ունեն, խորհրդակցելուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին` Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա`

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 9-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում` այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի.

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած` սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

ՈՒժի մեջ կմտնի 2006 թ. ապրիլի 29-ին

 

 

pin
''
02.06.1976
Միջազգային պայմանագիր