Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՆՎԵՆՑԻԱ ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՆՎԵՆՑԻԱ ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԿՈԼԵԿՏԻՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովը,

գումարված Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհրդի կողմից և հավաքված Ժնևում 1981 թ. հունիսի 3-ին` իր վաթսունյոթերորդ նստաշրջանին,

հաստատելով Ֆիլադելֆիայի հռչակագրի դրույթը, որում ճանաչվում է «Աշխատանքի միջազգային կազմակերպության կարևոր պարտավորությունը` նպաստել աշխարհի երկրների կողմից ծրագրերի ընդունմանը, որոնք նպատակ ունեն.... կոլեկտիվ բանակցություններ վարելու իրավունքը արդյունավետ ճանաչել», և նշելով, որ այդ սկզբունքը «ամբողջովին կիրառելի է բոլոր ժողովուրդների համար»,

հաշվի առնելով միջազգային նորմերի հիմնական նշանակությունը, որոնք բովանդակվում են Միավորման ազատության և կազմակերպելու իրավունքի պաշտպանության մասին 1948 թ. Կոնվենցիայում, Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին 1949 թ. Կոնվենցիայում, Կոլեկտիվ պայմանագրերի մասին 1951 թ. Հանձնարարականում, Միջնորդ դատարանի և կամավոր հաշտության մասին 1951 թ. Հանձնարարականում, Պետական ծառայության մեջ աշխատանքային հարաբերությունների մասին 1978 թ. Կոնվենցիայում և 1978 թ. Հանձնարարականում, ինչպես նաև Աշխատանքի հարցերի կարգավորման մասին 1978 թ. Կոնվենցիայում և 1978 թ. Հանձնարարականում,

համարելով, որ ցանկալի է ներդնել առավել ջանքեր այդ նորմերում շարադրված նպատակներին և հատկապես Կոլեկտիվ բանակցություններ կազմակերպելու և վարելու իրավունքի սկզբունքների կիրառման մասին 1949 թ. Կոնվենցիայի 4-րդ հոդվածում և Կոլեկտիվ պայմանագրերի մասին 1951 թ. Հանձնարարականի 1-ին կետով նախատեսված հիմնական սկզբունքներին հասնելու համար,

անհրաժեշտ համարելով այդ նորմերը լրացնել վերոհիշյալ նորմերով հիմնված համապատասխան միջոցներով, որոնք ուղղված են ազատ ու կամավոր կոլեկտիվ բանակցություններին աջակցելուն, և

որոշում կայացնելով կոլեկտիվ բանակցություններին աջակցելու մասին որոշ առաջարկություններ ընդունելու վերաբերյալ, որը նստաշրջանի օրակարգի չորրորդ կետն է,

որոշելով, որ այդ առաջարկությունները պետք է ունենան միջազգային կոնվենցիայի ձև,

հազար ինը հարյուր ութսունմեկ թվականի հունիսի տասնիննին ընդունում է ներքոհիշյալ Կոնվենցիան, որը կանվանվի Կոլեկտիվ բանակցությունների 1981 թ. Կոնվենցիա:

 

ԲԱԺԻՆ 1. Կիրառման և սահմանման ոլորտը

 

ՀՈԴՎԱԾ 1

 

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է տնտեսական գործունեության բոլոր ճյուղերի նկատմամբ:

2. Ազգային օրենսդրությամբ կամ ազգային գործելակերպով կարող է սահմանվել, թե սույն Կոնվենցիայով նախատեսված երաշխիքներն ինչ չափով են տարածվում զինված ուժերի և ոստիկանության վրա:

3. Ազգային օրենսդրությամբ կամ ազգային գործելակերպով պետական ծառայության նկատմամբ կարող է սահմանվել սույն Կոնվենցիայի կիրառման հատուկ կարգ:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը տարածվում է այն բոլոր բանակցությունների վրա, որոնք անց են կացվում գործատուի, գործատուների խմբի կամ գործատուների մեկ կամ մի քանի կազմակերպությունների միջև` մի կողմից, և աշխատողների մեկ կամ մի քանի կազմակերպությունների միջև` մյուս կողմից, հետևյալ նպատակներով`

ա) որոշելու աշխատանքի և զբաղվածության պայմանները, և/կամ

բ) կարգավորելու գործատուների և աշխատողների միջև հարաբերությունները, և/կամ

գ) կարգավորելու գործատուների կամ նրանց կազմակերպությունների և աշխատողների կազմակերպության կամ կազմակերպությունների միջև հարաբերությունները:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

1. Եթե ազգային օրենսդրությունը կամ գործելակերպը ընդունում է աշխատողների ներկայացուցիչների գոյությունը, ինչպես դա սահմանված է Աշխատավորների ներկայացուցիչների մասին 1971 թ. Կոնվենցիայի 3-րդ հոդվածի «բ» կետում, ապա ազգային օրենսդրությունը կամ գործելակերպը կարող են սահմանել, թե սույն Կոնվենցիայի նպատակների համար «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը ինչ չափով է տարածվում նաև այդ ներկայացուցիչների հետ բանակցությունների վրա:

2. Երբ, սույն հոդվածի 1-ին կետի համաձայն, «կոլեկտիվ բանակցություններ» հասկացությունը տարածվում է նաև սույն կետում նշված աշխատողների ներկայացուցիչների հետ բանակցությունների վրա, անհրաժեշտության դեպքում պետք է ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի այդ ներկայացուցիչների ներկայությունը չօգտագործվի աշխատողների շահագրգիռ կազմակերպությունների դիրքերը թուլացնելու նպատակով:

 

ԲԱԺԻՆ 2. Կիրառման մեթոդները

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Սույն Կոնվենցիայի դրույթների կիրառումը, եթե դա չի իրականացվում կոլեկտիվ պայմանագրերով, միջնորդ դատարանի որոշմամբ կամ ազգային գործելակերպին համապատասխանող ցանկացած այլ ձևով, ապահովվում է ազգային օրենսդրությամբ:

 

ԲԱԺԻՆ 3. Կոլեկտիվ բանակցություններին աջակցելը

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու համար ձեռնարկվում են ազգային պայմաններին հարմարեցված համապատասխան միջոցներ:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված միջոցներն ուղղված են այն բանին, որ`

ա) կոլեկտիվ բանակցությունները հնարավոր լինեն գործատուների և աշխատողների բոլոր կատեգորիաների համար գործունեության այն ոլորտներում, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայով,

բ) կոլեկտիվ բանակցությունները աստիճանաբար տարածվեն այն բոլոր հարցերի վրա, որոնք նշված են սույն Կոնվենցիայի 2-րդ հոդվածի «ա», «բ» և «գ» կետերում,

գ) խրախուսվի գործատուների և աշխատողների կազմակերպությունների միջև համաձայնեցված ընթացակարգի կանոնների մշակումը,

դ) կոլեկտիվ բանակցությունները կարգավորող կանոնների բացակայությունը կամ դրանց անբավարարությունը կամ անհամապատասխան բնույթը չխոչընդոտեն կոլեկտիվ բանակցությունների վարմանը,

ե) աշխատանքային վեճերը լուծող մարմինները և ընթացակարգը կազմակերպվեն այնպես, որ աջակցեն կոլեկտիվ բանակցություններին:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Կոնվենցիայի դրույթները չեն խոչընդոտում աշխատանքային հարաբերությունների համակարգի գործունեությանը, որտեղ կոլեկտիվ բանակցությունները անց են կացվում հաշտարարության շրջանակներում և/կամ արբիտրաժային եղանակով կամ մարմիններով, որոնցում կոլեկտիվ բանակցություններ վարող կողմերը մասնակցում են կամավոր:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Կոլեկտիվ բանակցությունների զարգացմանը աջակցելու և խրախուսելու համար պետական մարմինների կողմից կիրառվող մեթոդները հանդիսանում են նախնական խորհրդակցություններ և, երբ դա հնարավոր է, պետական մարմինների և գործատուների ու աշխատողների կազմակերպությունների միջև համաձայնագրեր:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Կոլեկտիվ բանակցություններին աջակցելու նպատակով կիրառվող մեթոդները պետք է մշակվեն կամ կիրառվեն այնպես, որ չսահմանափակեն կոլեկտիվ բանակցությունների ազատությունը:

 

ԲԱԺԻՆ 4. Եզրափակիչ դրույթներ

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Սույն Կոնվենցիան չի վերանայում գոյություն ունեցող որևէ կոնվենցիա կամ հանձնարարական:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Սույն Կոնվենցիայի վավերագրերը գրանցման նպատակով ուղարկվում են Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Սույն Կոնվենցիան պարտադիր է Աշխատանքի միջազգային կազմակերպության միայն այն անդամների համար, որոնց վավերագրերը գրանցված են Գլխավոր տնօրենի կողմից:

2. Այն ուժի մեջ է մտնում Կազմակերպության երկու անդամների վավերագրերը Գլխավոր տնօրենի կողմից գրանցվելու օրվանից տասներկու ամիս հետո:

3. Կազմակերպության յուրաքանչյուր անդամի նկատմամբ հետագայում սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագրի գրանցումից տասներկու ամիս անց:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Սույն Կոնվենցիան վավերացրած յուրաքանչյուր անդամ կարող է նրա ուժի մեջ մտնելու օրվանից տասնամյա ժամկետը լրանալուց հետո այն չեղյալ հայտարարել Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենին գրանցման նպատակով չեղյալ հայտարարման մասին ակտ ներկայացնելու միջոցով: Չեղյալ հայտարարելն ուժի մեջ է մտնում չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտի գրանցումից մեկ տարի հետո:

2. Կազմակերպության յուրաքանչյուր անդամ, որը վավերացրել է սույն Կոնվենցիան, և որը նախորդ կետում նշված տասնամյա ժամանակահատվածը լրանալուց հետո մեկամյա ժամկետում չի օգտվի սույն հոդվածում նախատեսված չեղյալ հայտարարելու իր իրավունքից, պարտավորված կլինի հաջորդ տասնամյա ժամկետում և այնուհետև սույն հոդվածով սահմանված կարգով կկարողանա սույն Կոնվենցիան չեղյալ հայտարարել յուրաքանչյուր տասնամյա ժամկետը լրանալուց հետո:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը Աշխատանքի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին ծանուցում է Կազմակերպության անդամներից իր ստացած վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ բոլոր ակտերի գրանցման մասին:

2. Կազմակերպության անդամներին ծանուցելով իր ստացած 2-րդ վավերագրի գրանցման մասին` Գլխավոր տնօրենը նրանց ուշադրությունը հրավիրում է սույն Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրվա վրա:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Գլխավոր տնօրենը, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 102-րդ հոդվածին համապատասխան, գրանցման համար Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ուղարկում է ամբողջական տեղեկություններ բոլոր վավերագրերի և չեղյալ հայտարարելու վերաբերյալ ակտերի մասին, որոնք իր կողմից գրանցվել են նախորդ հոդվածների դրույթներին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Աշխատանքի միջազգային բյուրոյի Վարչական խորհուրդը ամեն անգամ, երբ անհրաժեշտ է համարում, Գլխավոր խորհրդաժողովին զեկույց է ներկայացնում սույն Կոնվենցիայի կիրառման մասին և քննարկում է խորհրդաժողովի օրակարգում դրա լրիվ կամ մասնակի վերանայման հարցի ընդգրկման նպատակահարմարությունը:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Այն դեպքում, երբ խորհրդաժողովը կընդունի նոր կոնվենցիա, որն ամբողջովին կամ մասնակիորեն կվերանայի սույն Կոնվենցիան, և եթե այդ կոնվենցիայում նախատեսված չլինի հակառակը, ապա`

ա) Կազմակերպության որևէ անդամի կողմից նոր, վերանայող կոնվենցիայի վավերացումը ipso jure, անկախ 12-րդ հոդվածի դրույթներից, առաջ է բերում սույն Կոնվենցիայի անհապաղ չեղյալ հայտարարում` այն պայմանով, որ նոր, վերանայող կոնվենցիան ուժի մեջ մտած լինի,

բ) նոր, վերանայող կոնվենցիայի ուժի մեջ մտնելու թվականից սկսած` սույն Կոնվենցիան փակ է Կազմակերպության անդամների կողմից վավերացվելու համար:

2. Սույն Կոնվենցիան բոլոր դեպքերում ըստ ձևի և բովանդակության մնում է ուժի մեջ Կազմակերպության այն անդամների նկատմամբ, որոնք այն վավերացրել են, բայց վերանայող կոնվենցիան չեն վավերացրել:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Սույն Կոնվենցիայի անգլերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են:

 

ՈՒժի մեջ կմտնի 2006 թ. ապրիլի 29-ին

 

 

pin
''
03.06.1981
Միջազգային պայմանագիր