Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ԵՎ 2...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 296-ՐԴ ԵՎ 298-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1194/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/1194/02/08

Նախագահող դատավոր` Ս. Միքայելյան

    Դատավորներ`        Ն. Տավարացյան

                       Դ. Խաչատրյան  

 

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Ա. Բարսեղյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Վ. Ավանեսյանի

                                              Մ. Դրմեյանի    

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սամվել Հարությունյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Սամվել Հարությունյանի ընդդեմ «Սև Ջուր Ախթամար» ջրօգտագործողների ընկերության (այսուհետ` Ընկերություն)` պատճառված վնասի փոխհատուցման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Սամվել Հարությունյանը պահանջել է բռնագանձել Ընկերությունից 4.500.000 ՀՀ դրամ` որպես պատճառված վնասի գումար:

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 27.02.2009 թվականի վճռով Սամվել Հարությունյանի հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.05.2009 թվականի որոշմամբ Դատարանի 27.02.2009 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սամվել Հարությունյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ, 53-րդ և 130-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի գնահատել գործում առկա ապացույցները:

Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատասխանողը հայցադիմումի պատասխանով ընդունել է պայմանագրի գոյությունը, ավելին` գործում առկա է կողմերի միջև 2008 թվականի մայիսին կնքված և ստորագրված պայմանագրի հավելվածը կազմող ժամանակացույցը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գործում առկա ժամանակացույցը պայմանագրի հավելված լինելու հանգամանքը պատասխանողը նույնպես ընդունել է հայցադիմումի պատասխանով` նշելով, որ կողմերի միջև կնքված պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ:

Բացի այդ, Դատարանը պատասխանողից չի պահանջել իր կողմից վկայակոչված պայմանագիրը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1.»Ջրօգտագործողների ընկերության սպասարկման տարածքի ջրօգտագործողին ջրի մատակարարման» 12.04.2008 թվականի պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի համաձայն` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել Ընկերության տվյալ ենթատարածքի պատասխանատու լիազոր ներկայացուցչի հետ: Նշված պայմանագիրը ստորագրել է միայն Սամվել Հարությունյանը (գ.թ. 10):

2. Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի կողմից Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի հետ կազմվել է պլան-ժամանակացույց (գ.թ. 9):

3. ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետի 29.07.2008 թվականի թիվ 321 տեղեկանքի համաձայն` Սամվել Հարությունյանը 2008 թվականի գարնանը Վարդանաշեն համայնքի բնակիչներից վարձակալել է 2.9 հա հողատարածք (գ.թ. 12):

4. ՀՀ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի գյուղապետարանի կողմից ստեղծված հանձնաժողովի 04.08.2008 թվականի ակտի համաձայն` Սամվել Հարությունյանին ոռոգման ջրով մատակարարումը կատարվել է ոչ պատշաճ, որի հետևանքով ձմերուկի և սորգեի բույսերը չորացել են: Վերոնշյալ մշակաբույսերից սպասվելիք եկամուտը շուկայական գների համաձայն կկազմեր 6.490.000 ՀՀ դրամ (գ.թ. 6):

5. ՀՀ Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի գյուղապետի 26.09.2008 թվականի տեղեկանքի համաձայն` Սամվել Հարությունյանը բնակվում է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում և ցանված 3 հա հողամասը չորանալու հետևանքով վերջինիս 4 շնչից կազմված ընտանիքը հայտնվել է ծանր կացության մեջ (գ.թ. 7):

6. Գործում առկա հայցադիմումի պատասխանով Ընկերությունն ընդունել է, որ կողմերի միջև կնքված պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետի` ջրօգտագործողը պարտավոր է պլան-ժամանակացույցին համապատասխան իր հերթական ջրման ժամկետները և պայմանները ջրումից 4 օր առաջ համաձայնեցնել ընկերության ենթատարածքի պատասխանատուի լիազոր ներկայացուցչի հետ (գ.թ. 37):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Քննելով վճռաբեկ բողոքը վերը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` 1. գրավոր ապացույցներով, 2. փորձագետների եզրակացություններով, 3. վկաների ցուցմունքներով, 4. գործին մասնակցող անձանց ցուցմունքներով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 296-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գրավոր գործարքը պետք է կնքվի փաստաթուղթ կազմելու միջոցով, որն արտահայտում է գործարքի բովանդակությունը և ստորագրված է գործարք կնքող անձի կամ անձանց կամ նրանց կողմից պատշաճ ձևով լիազորված անձանց կողմից:

Նույն օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործարքի հասարակ գրավոր ձևը չպահպանելը վեճի դեպքում կողմերին զրկում է ի հաստատումն գործարքի ու նրա պայմանների` վկաների ցուցմունքներ վկայակոչելու, սակայն նրանց չի զրկում գրավոր և այլ ապացույցներ ներկայացնելու իրավունքից:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը հաստատված համարելով, որ 12.04.2008 թվականի պայմանագիրը ստորագրված է միայն Սամվել Հարությունյանի կողմից, հանգել է այն հետևության, որ սույն քաղաքացիական գործով կողմերը չեն մտել քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ:

Մինչդեռ սույն գործում առկա են Վարդանաշեն ենթատարածքի ջրօգտագործող Սամվել Հարությունյանի և Ընկերության ենթատարածքի հիդրոտեխնիկ Ա.Սարգսյանի միջև կազմված Վարդանաշեն ենթատարածքի 2008 թվականի ոռոգման ջրի մատակարարման համար կազմված պլան-ժամանակացույցը, որով հիմնավորվում է կողմերի միջև մինչ այդ կնքված ջրամատակարարման պայմանագրի առկայությունը: Բացի այդ, Ընկերությունը, հայցադիմումի պատասխանով իր փաստարկների հիմքում դնելով պայմանագրի «Կողմերի պարտավորությունները» բաժնի 4-րդ կետը, ըստ էության ընդունել է կողմերի միջև քաղաքացիաիրավական հարաբերությունների առկայության փաստը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 220-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` Վերաքննիչ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, ինչպես նաև այն օրենքը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը որոշում կայացնելիս:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին:

Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը պետք է նշի ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես` Ռազմիկ Մարությանի հայցն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի` ժառանգական գույքի ընդունման փաստի ճանաչման և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին և Ստեփան և Անահիտ Մարությանների հակընդդեմ հայցի` սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան և հողամասի բաժանման պահանջի մասին Վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի թիվ 3-54(ՎԴ) որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված չեն կողմերի ներկայացված և սույն գործում առկա վերը նշված ապացույցները մերժելու հիմքերը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.05.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Ա. Բարսեղյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ԱՐԴ/1194/02/08
Որոշում