Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 332...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 163-ՐԴ, 332-ՐԴ, 1228-ՐԴ, 192-ՐԴ, 195-ՐԴ, 275-ՐԴ, 304- ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական       Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0024/02/08

    դատարանի որոշում                                              2009 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0024/02/08

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Մատինյան  

                       Դ. Խաչատրյան  

                                 

                                 ՈՐՈՇՈՒՄ

                     ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

    նախագահությամբ                            Ս. Սարգսյանի

    մասնակցությամբ դատավորներ                 Վ. Ավանեսյանի

                                              Վ. Աբելյանի

                                              Ս. Անտոնյանի

                                              Ա. Բարսեղյանի

                                              Մ. Դրմեյանի

                                              Ե. Խունդկարյանի

                                              Տ. Պետրոսյանի

                                              Ե. Սողոմոնյանի

 

2009 թվականի նոյեմբերի 6-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Արուսյակ Սեդրակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2009 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արուսյակ Սեդրակյանի ընդդեմ Կենտրոն նոտարական տարածքի նոտարի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշեն տարածքային ստորաբաժանման (այսուհետ` Կադաստր), Արտակ Գալստյանի` ժառանգության ընդունման բաց թողած ժամկետը հարգելի համարելու, ժառանգությունն ընդունած ճանաչելու, 11.11.2005 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցման գրառումը, Կադաստրի կողմից 15.11.2005 թվականի սեփականության իրավունքի պետական գրանցումը, 06.12.2005 թվականի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արուսյակ Սեդրակյանը պահանջել է անվավեր ճանաչել 11.11.2005 թվականին ըստ օրենքի ժառանգության իրավունքի գրանցման գրառումը, Կադաստրի կողմից 15.11.2005 թվականին տրված սեփականության իրավունքի գրանցման թիվ 2115903 վկայականը, Արփենիկ Ղուկասյանի և Արտակ Գալստյանի միջև 06.12.2005 թվականին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կատարված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման գրառումը, հարգելի համարել ժառանգության ընդունման բաց թողած ժամկետը և ճանաչել հոր ժառանգությունն ընդունած ժառանգ:

Երևանի քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.10.2008 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.01.2009 թվականի որոշմամբ Արուսյակ Սեդրակյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Դատարանի 03.10.2008 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արուսյակ Սեդրակյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասը, 219-րդ հոդվածի 1-ին մասը, կիրառել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 332-րդ, 1228-րդ հոդվածի 2-րդ մասը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 192-րդ հոդվածի 1-ին մասը, 195-րդ հոդվածը, 275-րդ հոդվածի 1-ին մասը, 304-րդ հոդվածի 2-րդ մասը, 305-րդ հոդվածը, 306-րդ հոդվածի 1-ին մասը, 1225-րդ հոդվածի 5-րդ կետը, որոնք պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետը:

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ մասի սխալ մեկնաբանման արդյունքում եկել է անհիմն եզրահանգման այն մասին, որ Դատարան չի ներկայացվել որևէ ապացույց, որով կարող է հիմնավորվել, որ հայցվորը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր, իր հաշվին վճարել է ժառանգատուի պարտքերը կամ կատարել ժառանգված գույքի կառավարմանն ուղղված այլ գործողություններ: Մինչդեռ ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված համարվելու համար բավարար պայման է, որ ժառանգը փաստացի տիրապետի ժառանգված գույքը, ինչը և արել է Արուսյակ Սեդրակյանը հոր մահից հետո` բնակվելով վիճելի բնակարանում:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ վիճելի գույքն Արուսյակ Սեդրակյանի տիրապետությունից դուրս է եկել նրա կամքին հակառակ, հետևաբար, այն պետք է վերադարձվի Արուսյակ Սեդրակյանին` անկախ այն հանգամանքից, Արտակ Գալստյանը բարեխիղճ, թե անբարեխիղճ ձեռք բերող է:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2008 թվականի որոշումը և գործն ուղարկել դատարան` նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1. Ջիվան Սեդրակյանի և Արփենիկ Ղուկասյանի ամուսնությունը գրանցվել է 07.09.1981 թվականին (հատոր առաջին գ.թ. 24): Արուսյակ Սեդրակյանը նրանց դուստրն է:

2. Ջիվան Սեդրակյանը մահացել է 13.06.1998 թվականին (հատոր առաջին գ.թ. 30):

3. Երևանի Բաշինջաղյան փողոցի 194 շենքի (198) շենքի թիվ 7 բնակարանը սեփականության իրավունքով գրանցված էր Ջիվան Սեդրակյանի անվամբ (հատոր երկրորդ գ.թ. 23-24):

4. Արփենիկ Ղուկասյանին 11.11.2005 թվականին Երևանի Բաշինջաղյան փողոցի 194 շենքի թիվ 7 բնակարանի 1/2-րդ բաժնի նկատմամբ տրվել է ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայական (հատոր առաջին գ.թ. 30):

5. Արփենիկ Ղուկասյանի և Արտակ Գալստյանի միջև 06.12.2005 թվականին կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, և վերը նշված անշարժ գույքի պայմանագրից ծագող իրավունքը Արտակ Գալստյանի անվամբ գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրում, և 08.12.2005 թվականին տրվել է թիվ 2118046 սեփականության իրավունքի գրանցման վկայական (հատոր առաջին գ.թ. 27-29):

6. Արփենիկ Ղուկասյանը մահացել է 11.05.2006 թվականին (հատոր առաջին գ.թ. 26):

7. «Բաշինջաղյան 198» համատիրության 03.09.2008 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Արուսյակ Սեդրակյանը 1992 թվականից մինչև 31.12.2004 թվականը բնակվել է Երևանի Բաշինջաղյան 198 շենքի 7-րդ բնակարանում (հատոր երկրորդ գ.թ. 75):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը` ներառյալ, երբ ժառանգը միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգությունից կամ հավակնություններից պաշտպանելու համար, իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսերը, իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Նույն օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման:

Վերոնշյալ հոդվածներից հետևում է, որ փաստացի տիրապետման հիմքով ժառանգը կարող է ժառանգությունն ընդունել միայն այն դեպքում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ջիվան Սեդրակյանի մահից հետո նրա դուստրը` Արուսյակ Սեդրակյանը, փաստացի տիրապետել է ժառանգական գույքը վիճելի բնակարանում իր դստեր` Հայկանուշ Կարապետյանի հետ բնակվելով: Հետևաբար, փաստացի տիրապետման եղանակով ընդունել է իր հոր` Ջիվան Սեդրակյանի ժառանգական գույքը: Այսինքն` ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից:

Հիմնավոր է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասի խախտման փաստարկը: Այսպես` ըստ վերոհիշյալ նորմի` եթե գույքը հատուցմամբ ձեռք է բերվել գույքն օտարելու իրավունք չունեցող անձից, որի մասին ձեռք բերողը չգիտեր կամ չէր կարող իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա սեփականատերն իրավունք ունի ձեռք բերողից տվյալ գույքը պահանջել միայն այն դեպքում, երբ գույքը կորցրել է սեփականատերը կամ այն անձը, ում այդ գույքի սեփականատերը հանձնել է տիրապետման, կամ այն հափշտակվել է մեկից կամ մյուսից, կամ նրանց տիրապետումից դուրս է եկել այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Նշված հոդվածի վերլուծությունից հետևում է, որ սեփականատերն իրավունք ունի գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջել հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության պարագայում`

1. գույքը հատուցմամբ ձեռք է բերվել այն օտարելու իրավունք չունեցող անձից,

2. ձեռք բերողը չի իմացել կամ չէր կարող իմանալ դրա մասին,

3. սեփականատերը կամ գույքը տիրապետողը կորցրել են գույքը, կամ այն նրանցից հափշտակվել է, կամ դուրս է եկել նրանց տիրապետումից այլ ճանապարհով` անկախ նրանց կամքից:

Վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է գույքը բարեխիղճ ձեռք բերողից հետ պահանջելու իրավական հարցին: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գույքի բարեխիղճ ձեռք բերող հանդիսանալու հանգամանքն ինքնին հիմք չէ օրենքի պահանջներին հակասող գործարքն անվավեր ճանաչելու և գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջը մերժելու համար, քանի որ գույքի բարեխիղճ ձեռք բերողն օրենքով պաշտպանված չէ սեփականատիրոջ` գույքը վերադարձնելու պահանջից, եթե գույքը վերջինիս տիրապետումից դուրս է եկել անկախ նրա կամքից (իրավական հիմնավորումները տես` ըստ հայցի Լաուրա Ամիրյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի, Գոհար Պողոսյանի` ժառանգությունն ընդունած ժառանգ-սեփականատեր ճանաչելու պահանջի մասին, ըստ հայցի Վիլեն Գաբրիելյանի ընդդեմ Եղիսաբեթ Ալավերդյանի և Գոհար Պողոսյանի` սեփականատիրոջ իրավունքի խախտումը վերացնելու պահանջի մասին, ըստ հայցի Եղիսաբեթ Ալավերդյանի ընդդեմ Լաուրա Ամիրյանի, Վիլեն Գաբրիելյանի, Լիլիթ Սևոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Զեյթուն տարածքային ստորաբաժանման` սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը, դրա հիման վրա կադաստրի միասնական մատյանում կատարված գրանցումը և սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի թիվ 3-1311 (ՎԴ) որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արփենիկ Ղուկասյանը թեև վիճելի գույքն օտարելիս դրա նկատմամբ ունեցել է գրանցված իրավունք, սակայն վիճելի գույքը փաստացի տիրապետելու ուժով դրա նկատմամբ Արուսյակ Սեդրակյանը ձեռք է բերել սեփականության իրավունք: Հետևաբար, Արուսյակ Սեդրակյանի գույքը նրա տիրապետումից դուրս է եկել իր կամքից անկախ պատճառներով, ուստի վերջինս` որպես գույքը փաստացի տիրապետող ժառանգ, իրավունք ունի այն հետ պահանջելու ցանկացած բարեխիղճ ձեռքբերողից:

Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է նաև դատական ակտերի հիմնավորվածության հարցին (տե՛ս Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների` ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 25.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): ՈՒստի, սույն որոշմամբ կրկին չի անդրադառնում տվյալ հարցին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի պատճառաբանությունները դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 23.01.2009 թվականի որոշումը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.01.2009 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`  Ս. Սարգսյան

Դատավորներ` Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
06.11.2009
N ԵԱԴԴ/0024/02/08
Որոշում